ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
18 նոյեմբերի 2009 թ. |
N 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2009 թ. նոյեմբերի 18-ի N 36-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոններով սահմանվում են Երևան քաղաքի (այսուհետ՝ Երևան) կանաչ տարածքների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
2. Կանաչ տարածքներ են համարվում Երևանի ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ունեն կանաչ տնկարկներ (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն) կամ բուսածածկ հատվածներ (զբոսայգիները, պուրակները, զբոսապուրակները, այգիները, պարտեզները, ծառուղիները, ճեմելիքները կամ բուլվարները, սիզամարգերը, մայթեզրերի բուսածածկ տարածքները, ինչպես նաև կանաչապատ կամ բուսածածկ այլ տարածքները) կամ հանդիսանում են հողաշերտ, որը նախատեսված է կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար։
(2-րդ կետը լրաց. 19.03.20 N 204-Ն)
3. Կանաչ տարածքներում կանաչ տնկարկների և բուսածածկի պահպանումն ու վերարտադրությունը ներառում է դրանց հաշվառումը, պահպանումը, գնահատումը, խնամքը, տեղափոխումը և վերականգնումը նոր համարժեք կանաչ տարածքների կամ բուսածածկի ստեղծման միջոցով։
4. Կանաչ տարածքների ստեղծումը, ավելացումը և պահպանումը կատարվում է Երևան քաղաքի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 19.03.20 N 204-Ն)
5. Կանաչ տարածքների թույլատրված օգտագործումն իրականացվում է իրավական ակտերով և (կամ) պայմանագրով սահմանված կարգով՝ դրանց նպատակային և գործառնական նշանակության (ներառյալ իրավունքները և սահմանափակումները) պահպանմամբ:
2. Սույն կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազորված մարմինը
6. Սույն կանոնների նկատմամբ հսկողությունը և դրանց կատարման ապահովումը իրականացնող լիազորված մարմինը կամ պաշտոնատար անձը (անձինք) սահմանվում են Երևանի քաղաքապետի կողմից (այուհետ` լիազորված մարմին):
7. Լիազոր մարմնի կողմից կանաչ տարածքների հաշվառումը նպատակ ունի ապահովելու անհրաժեշտ տեղակատվության ստեղծումը և ապահովելու կանաչ տարածքների կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ դրանց քանակի համապատասխանեցումը քաղաքաշինական և սանիտարական նորմերին: Ընդ որում՝ կանաչ տարածքների հաշվառումը կատարվում է ըստ դրանց տեսակների կամ խմբերի:
3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները
8. Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ` պետական անտառային գոտիների, որոնց պահպանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության՝ համապատասխան մարմինների կողմից։
9. Կանաչ տարածքներում քաղաքաշինական, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունը պետք է համապատասխանի իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով սահմանված պահպանման պահանջներին:
10. Կանաչ տարածքների օգտագործումը կամ դրանցում որևէ գործունեության իրականացումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։
(10-րդ կետը խմբ. 19.03.20 N 204-Ն)
11. Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է իրավական, կազմակերպչական և տնտեսական միջոցառումների համակարգեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանությանը և վերարտադրությանը: Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են կանաչ տարածքները վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելուն:
4. Ծառերի, թփերի էտում, հատում, բուսաշերտի տեղահանում և հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինում
(գլուխը խմբ. 19.03.20 N 204-Ն)
12. Ծառերի, թփերի էտումը, հատումը, բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումը թույլատրվում է հետևյալ դեպքերում`
1) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության.
2) սանիտարական էտումների կամ հատումների իրականացման կամ կանաչ գոտու վերաձևավորման կամ փոփոխության ենթարկման.
3) սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա՝ բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.
4) վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում` կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգման (հետագա վերականգնման պայմանով).
5) չորացած կամ տապալման ենթակա ծառերի կամ թփերի հեռացման:
13. Ծառերի կամ թփերի էտումը կամ հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում։
5. Փոխհատուցվող կանաչապատում
14. Փոխհատուցվող կանաչապատումը պարտադիր գործողություն է վնասված կամ ոչնչացված կանաչ տարածքների վերարտադրման ու վերականգման գործընթացում։
15. Կանաչ տարածքների ոչնչացման դեպքում փոխհատուցվող կանաչապատումը կատարվում է նույն հողատարածքում կամ լիազորված մարմնի կողմից առաջարկված մեկ այլ տարածքում հաստատված կանաչապատման նախագծի համաձայն՝ որում ամրագրվում են վերականգնվող կանաչ տարածքների և բուսածածկի ծավալներն ու տեսականին:
16. Փոխհատուցվող և վերականգնվող կանաչապատման նախագծերը կազմվում և Երևանի քաղաքապետի հաստատմանն են ներկայացվում լիազոր մարմնի կողմից, որոնք պարտադիր նշագրում է Երևանի գլխավոր դենդրոլոգը։
17. Փոխհատուցվող կանաչապատումն իրականացվում է կանաչ գոտուն վնաս հասցրած անձի կողմից և նրա միջոցների հաշվին։
6. Կանաչ տարածքների օգտագործման պայմանները
18. Կանաչ տարածքներում արգելվում է՝
1) կանաչ տնկարկների կամ բուսածածկ տարածքների վնասումը կամ ոչնչացումը.
2) տերևների, չոր խոտի այրումը և այլ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծող գործողությունների իրականացումը.
3) ավտոտրանսպորտային կամ այլ տեխնիկայի երթևեկությունը կամ կանգառը.
4) տարբեր բեռների կամ շինությունների պահեստավորումը, ինչպես նաև թափոնների կուտակումը.
5) ավտոտրանսպորտային միջոցների լվացումը, նորոգումը, հեղուկների և այլ վնասակար նյութերի թափումը.
6) թունավոր կամ վնասակար նյութերի օգտագործում, ինչպես նաև տարածքի աղտոտում կամ այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը, ոչնչացմանը կամ հողի աղտոտմանը.
7) կանաչ տարածքներին վնաս հասցնող իրավական ակտերով արգելված այլ գործողությունների կատարումը:
8) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.20 N 204-Ն)
(18-րդ կետը խմբ., փոփ. 19.03.20 N 204-Ն)
19. Կանաչ տարածքների վարձակալները և անհատույց օգտագործողները ստանձնում են դրանց պահպանությունն ու խնամքը, ինչն ամրագրվում է համապատասխան իրավական ակտով և պայմանագրով։
7. Կանաչ տարածքների հատուկ նպատակներով օգտագործում
20. Սույն կանոնների 1-ին գլխով նախատեսված նպատակին չհամապատասխանող յուրաքանչյուր օգտագործում համարվում է հատուկ նպատակներով օգտագործում։
21. Հատուկ նպատակներով օգտագործումը կարող է իրականացնել միայն լիազորված մարմնի թույլտվությամբ։
22. Լիազորված մարմինը կարող է հատուկ նպատակներով օգտագործման թույլտվություն տալ, երբ դա բխում է հանրային շահերից։
23. Հատուկ նպատակներով օգտագործման թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով և կարող է պարունակել վերապահումներ։
24. Հատուկ օգտագործման թույտվություն ստացողը պարտավոր է լիազոր մարմնի պահանջով իր հաշվին վերացնել հատուկ օգտագործման արդյունքում կանաչ տարածքում առաջացած վնասները։
8. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում կանաչ տարածքների պահպանումը
25. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է կանաչ տարածքների պահպանման պահանջներին համապատասխան։
26. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունից հետո։
27. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արգելվում է պայթյունավտանգ, հրդեհավտանգ և թունավոր նյութերի օգտագործում, տարածքի աղտոտում և այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը և (կամ) ոչնչացմանը։
9. Վնասի հատուցում
(գլուխը խմբ. 19.03.20 N 204-Ն)
28. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման։ Հատուցման չափը որոշվում է՝ ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից։
29. Վնասի հատուցման նպատակով գնահատումը կատարվում է՝
1) կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում
2) ծառերի կամ թփերի էտման կամ հատման դեպքում, եթե էտումը կամ հատումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով
3) բուսաշերտի տեղափոխման դեպքում, եթե տեղափոխումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով
4) հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում, եթե փոխարինումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով
5) հողի աղտոտման դեպքում։
30. Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:
31. Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազորված մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա՝ սույն կանոնների 5-րդ գլխով սահմանված կարգով։
32. Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված՝ լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից կամ գումարը Երևանի բյուջե մուտքագրվելուց հետո:
9. Չհատուցվող վնաս
(գլուխն ուժը կորցրել է 19.03.20 N 204-Ն)
10. Պատասխանատվությունը սույն կանոնների խախտման համար
36. Սույն կանոնների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
(հավելվածը լրաց., խմբ. 16.03.12 N 409-Ն, խմբ. 19.03.13 N 623-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.03.20 N 204-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2020, N 204-Ն | 13.04.2020, N 36-Ն | |
19.03.2013, N 623-Ն | 13.04.2013, N 36-Ն | |
16.03.2012, N 409-Ն | 07.04.2012, N 36-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|