Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2020-04.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի, 2020 թ. N 27

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 2-ի:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 2-ի համաձայն սահմանված՝ տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել սույն որոշման hավելված N 3-ով սահմանված՝ «Կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնների» պահպանման պարագայում:

4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝

1) ապահովել սույն որոշման Հավելված N 1-ի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այդ թվում՝ սույն որոշման 5-րդ կետի պահանջով տրամադրված տեղեկատվության հիման վրա:

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

5. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին և ՀՀ ոստիկանությանը տրամադրել ընթացիկ տեղեկատվություն տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ:

6. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման Հավելված N 2-ի պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

7. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

8. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Պարետի 2020 թվականի մարտի 28-ի N 21 որոշումը.

2) Պարետի 2020 թվականի մարտի 27-ի N 19 որոշումը.

3) Պարետի 2020 թվականի մարտի 26-ի N 18 որոշումը.

4) Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 16 որոշումը.

5) Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ պարետի 2020 թվականի

Մարտի 31-ի N 27 որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

2. Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։

3. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

4. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերից բացառություն են կազմում՝

1) Հավելված N 2-ի համաձայն չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատող անձանց` աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը, ինչի համար անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանքի (թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրված կամ սքանավորված) և անձը հաստատող փաստաթղթի առկայություն։ Այս ենթակետի գործողության սկիզբ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի ժամը 23:59-ը:

Ստորև նշված մարմինների դեպքում գործատուի տեղեկանքը կարող է փոխարինվել ծառայողական վկայականով, մասնավորապես՝

ՀՀ կառավարության անդամներ

ՀՀ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ

ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ

ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներ

ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Անկախ և ինքնավար մարմինների նախագահներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ենթակա մարմնի անձնակազմ

ՀՀ պաշտպանության նախարարության և ենթակա մարմնի անձնակազմ

ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմ

ՀՀ ոստիկանության անձնակազմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անձնակազմ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անձնակազմ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անձնակազմ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անձնակազմ

ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի անձնակազմ

Բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը՝ վկայականի կամ անվանաքարտի (բեյջ) առկայության դեպքում:

Պետական կառավարման մարմինները, որոնք աշխատողների թվաքանակով պայմանավորված չեն կարողանա ապահովել գործատուի թերթիկի տրամադրումը, այդ մարմինների համար սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետ է համարվում 2020 թվականի ապրիլի 3-ի ժամը 14:00-ն:

2) Պարետի ցուցումով՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերն ու ելքերը:

3) Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող կամ վերադարձող անձանց տեղաշարժը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը ժամը 23:59:

4) Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝

1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

2) Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

6. Սույն հավելվածով սահմանված դեպքերում թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) առավելագույնը 1 ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։

7. Սույն հավելվածի 6-րդ կետի սահմանափակման արգելքը կիրառելի չէ՝

1) երեխաների փոխադրման դեպքում.

2) ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայում երթևեկելու դեպքում՝ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով։ Սույն կետի իմաստով ընտանիքի անդամներ են ամուսինը, կինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը.

3) նույն գործատուի մոտ աշխատողների փոխադրման դեպքում:

 

Ձև N 1

 

Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի

 

Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք

 

Տրված՝ « ..... » ապրիլի, 2020 թ.

 

Աշխատողի անուն, ազգանուն ____________________________________________

 

Ընկերության անվանում ________________________________________________

 

Աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համար________________________

 

Աշխատողի զբաղեցրած պաշտոնը ________________________________________

 

Աշխատանքի սկզբի և ավարտի ժամեր ____________________________________

 

Տեղեկանքի գործողության ժամկետը (օր) __________________________________

 

Գործատուի ստորագրություն՝ __________

 

Ձև N 2

 

Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի

 

Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ

 

« ..... » ապրիլի, 2020 թ.

 

Անուն, Ազգանուն

 

Ելքի ժամը

 

Ելքի հասցե

 

Այցելության վայրի հասցե և անվանում

 

Այցելության նպատակը

 

Վերադարձի ակնկալվող ժամը

 

 

Ստորագրություն՝ ________________

 

 

Հավելված N 2

ՀՀ պարետի 2020 թվականի

Մարտի 31-ի N 27 որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:

2. ՀՀ պարետի պահանջով կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Պարետին ներկայացրած առաջարկությամբ, ինչպես նաև՝ ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ կարող է թույլատրվել սույն որոշման Աղյուսակ 1-ով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարին կամ ՀՀ առողջապահության նախարարին ներկայացված դիմում-հայտը:

3. Աղյուսակ 1-ով չսահմանափակված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ կանոնները.

1) Աղյուսակ 1-ի «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով.

2) Աղյուսակ 1-ի ցանկի «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) Աղյուսակ 1-ի ցանկի «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:

4. Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում են հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.

2) Հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.

3) Ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում․

4) Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ

(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)

 

Անվանում

Կոդ

Թույլատրված

Կոդ

Արգելված

(A)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

 

(A) հատվածը մեծամասամբ թույլատրվում է, բացառությամբ՝ արգելված տեսակների

01.62.0

Անասնաբուծության բնագավառում օժանդակ գործունեություն

 

01.7

Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով և ծառայությունների մատուցում

 

02.4

Անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում

(B)

ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

Ամբողջությամբ թույլատրվում է

 

-

(C)

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

10

Սննդամթերքի արտադրություն

 

(C) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

11

Խմիչքների արտադրություն

 

16.29.9

Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրություն

 

17.11

Թաղանթանյութի արտադրություն

 

17.12

Թղթի և ստվարաթղթի արտադրություն

 

17.21

Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

 

17.22

Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

 

17.23

Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

 

17.29

Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

 

18.11

Թերթերի տպագրություն

 

18.12

Այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների, պիտակների, ծանույցների, չեկերի և այլ արժեթղթերի, տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության ինտելեկտուալ քարտերի տպագրություն

 

20.11

Արդյունաբերական գազերի արտադրություն

 

20.14.9

Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

 

20.4

Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

 

22.22

Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

 

21

Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

 

23.13

Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

 

23.52

Կրի, գիպսի և գաջի արտադրություն

 

24

Հիմնական մետաղների արտադրություն

 

25.92.0

Թեթև մետաղներից փաթեթանյութերի արտադրություն

 

25.4

Զենքի և զինամթերքի արտադրություն

 

26.6

Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

 

28.9

Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

 

30.4

Մարտական մեքենաների արտադրություն

 

32.5

Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

 

32.99.1

Դագաղների արտադրություն

 

33.12.1

Մեքենաշինության արտադրանքի նորոգում

 

33.13.1

Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ, նավագնացական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

 

33.13.2

Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

 

(D)

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Ամբողջությամբ թույլատրվում է

 

-

(E)

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

 

Ամբողջությամբ թույլատրվում է

 

-

(F)

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

43.12.2

Պայթեցման աշխատանքներ

 

(F) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

43.12.3

Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման համար

 

43.13

Հետախուզական հորատում և գայլիկոնում

 

43.2

Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

 

(G)

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ

45.2

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

 

(G) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

45.32

Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր

 

45.40.4

Մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուր

 

45.40.5

Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում

 

46.11

Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

 

46.12

Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

 

46.17

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

 

46.2

Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր

 

46.3

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

 

46.44.2

Մաքրող միջոցների մեծածախ առևտուր

 

46.45

Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր

 

46.46

Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր

 

46.49

Այլ կենցաղային ապրանքների մեծածախ առևտուր

 

46.5

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտուր

 

46.7

Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր

 

47.11

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

 

47.2

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.3

Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.62

Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում՝ միայն թերթերի մասով

 

47.73

Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում

 

47.74

Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.76

Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.78.3

Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.78.4

Զենքի և զինամթերքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում մասնագիտացված խանութներում

 

47.78.8

Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

 

47.78.9

Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում՝ միայն գյուղատնտեսական նշանակության գործիքների և սարքավորանքի մասով

 

47.81

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

 

47.9

Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս (ինտերնետով կամ փոստով)

 

(H)

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Մեծամասամբ թույլատրվում է

49.31

Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

(I)

ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ

55.1

Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

 

(I) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար, պատվերների և առաքման եղանակներով

56.21

Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեություն

 

56.29.1

Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ

 

56.30.4

Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք

 

(J)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊ

58.13

Թերթերի հրատարակություն

 

(J) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

60

Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

 

61

Հեռահաղորդակցություն

 

63

Տեղեկատվական ծառայությունների մատուցում

 

(K)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Ամբողջությամբ թույլատրվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով և անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով

 

-

(L)

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

68.32.1

Համատիրությունների գործունեություն

 

(L) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

(M)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

69.10

Բացառապես փաստաբանական գործունեության մասով

 

(M) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

69.2

Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ ծառայություններ (աուդիտ), խորհրդատվական ծառայություններ հարկադրման հարցերով՝ այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակված չէ սույն որոշմամբ

 

71.20.1

Ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում

 

71.20.3

Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողություն

 

71.20.4

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

 

71.20.5

Անասնաբուժական, բուսասանիտարական հսկողություն և սննդամթերքի արտադրության վերահսկում

 

71.20.6

Արտադրատեսակների հավաստագրում

 

71.20.7

Ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկում

 

71.20.9

Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ այլ բնագավառներում

 

75

Անասնաբուժական գործունեություն

 

(N)
ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

77.1

Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ

 

(N) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

77.31

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

 

77.35

Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

 

78

Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն` բացառապես հեռավար կամ առցանց եղանակով

 

79.1

Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

79.9

Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

80

Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում

 

81.1

Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

 

81.2

Մաքրման աշխատանքներ

 

82.30.2

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի շուկաների մասով

 

(O)

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

Թույլատրված է՝ համաձայն սույն հավելվածի 4-րդ կետի

 

-

(P)

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

-

 

(P) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

(Q)
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

Ամբողջությամբ թույլատրվում է

 

-

(R)

ՄՇԱԿՈՒՅԹ

ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆԳԻՍՏ

92.00.5

Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

 

(R) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

(S)

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

94.91.2

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

 

(S) հատվածը մեծամասամբ արգելվում է, բացառությամբ՝ թույլատրված տեսակների

Արգելված տեսակները հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

94.92

Քաղաքական կազմակերպությունների գործունեություն՝ հավաքների ժամանակ պահպանելով 20 հոգուց ավելի անձանց համաժամանակյա ներկայության սահմանափակման կանոնը

 

96.03

Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ

 

(T)

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

 

-

 

Ամբողջությամբ արգելվում է

(U)

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Ամբողջությամբ թույլատրվում է

 

-

 

 

Հավելված N 3

ՀՀ պարետի 2020 թվականի

Մարտի 31-ի N 27 որոշման

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են հետևյալ հիմնական կանոններով՝

1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:

3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:

4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):

9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

10. Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։

11. Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։

12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։

13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

14. Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

 

Աշխատանքի կազմակերպումը

1. Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։

2. Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:

3. Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։

4. Առևտրի իրականացման վայրերում և/կամ առևտրի օբյեկտներում՝

1) բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

2) վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով.

3) յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

5. Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, այդ թվում՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

9) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

 

Աշխատողների իրազեկման տեղեկատվական թերթիկ

- Ի՞նչ է վիրուսը

Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:

 

- Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

 

- Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

 

- Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանապարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

 

- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

2) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր,

3) Քրոնիկ հիվանդություններով անձինք,

4) Մանկահասակ երեխաներ և նորածիններ:

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 00:01-ին:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան