Գլխավոր տեղեկություն
Համար
N 993-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.03.2020-09.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.906
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 993-Ն

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.11.15 N 1403-Ն)

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.11.15 N 1403-Ն)

1. Սահմանել սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 19
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 993-Ն որոշման




ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 26.11.15 N 1403-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների (այսուհետ` սպանդային կենդանիներ) սպանդի կազմակերպման հետ կապված հարաբերությունները և սպանդին ներկայացվող պահանջները:

(1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

2. Սպանդային կենդանիներ են համարվում 14 օրականից բարձր հասակի առողջ, այդ թվում` անբավարար բտված, թերզարգացած, ստերջ, ամորձատված, ոչ մթերատու, տարերային աղետի արդյունքում անկման վտանգված, ինչպես նաև խոտանված` աճեցման և բտման համար ոչ պիտանի, մեխանիկական չվերականգնվող վնասվածքներով, արատներով, ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդ և նորմայի սահմաններում մարմնի ջերմաստիճան ունեցող տավարը, գոմեշը, եղջերուն, ուղտը, ոչխարը, այծը, խոզը, ձին, էշը, ջորին, կուղբը, ջրաքիսը, ճագարը, հավը, սագը, բադը, հնդկահավը, ջայլամը, խայտահավը և լորը:

3. Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ շարժական կամ մոդուլային կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում:

(3-րդ կետը լրաց. 05.03.20 N 264-Ն)

3.1. Սպանդանոցները պետք է ապահովված լինեն, ըստ կենդանու տեսակի, սպանդի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով:

(3.1-ին կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

3.2. Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի` սպանդանոցները լինում են`

1) խոշոր` հերթափոխում 300-ից ավելի սպանդային միավոր հզորությամբ.

2) միջին` 30-300 սպանդային միավոր հզորությամբ.

3) փոքր` մինչև 30 սպանդային միավոր հզորությամբ:

(3.2-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

3.3. Սպանդային միավոր է համարվում սպանդի ենթարկված 6 ամսականից բարձր հասակի տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի մեկական, վերջինիս մինչև 6 ամսական հասակի, ոչխարի և այծի` 3-ական, թռչնի` 20-ական, ճագարի, կուղբի, ջրաքիսի` 10-ական գլուխը:

(3.3-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

3.4. Տավարի և գոմեշի սպանդի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացվել նաև ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի սպանդ: Թռչնի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացնել միայն թռչնի, իսկ ճագարի, ջրաքիսի, կուղբի համար նախատեսված սպանդանոցում` միայն այդ կենդանատեսակների սպանդ:

(3.4-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

3.5. Ըստ իրականացվող մորթի քանակության` փոքր սպանդանոցները լինում են հերթափոխում 3, 6, 12 կամ 18, 24, 30 սպանդային միավոր հզորությամբ:

(3.5-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

4. Սույն կարգի դրույթները տարածվում են միս արտադրող, մթերող և վերամշակող կազմակերպությունների վրա։

5. Սպանդի ենթակա չեն սիբիրախտով, խշխշան պալարով, ժանտախտով, չարորակ կատառային տենդով, սպունգանման էնցեֆալոպաթիայով, կատաղությամբ, կարկամախտով, չարորակ այտուցով, բրադզոտով, էնտերոտոքսեմիայով, ոչխարի սկրեպիով, տուլյարեմիայով, բոտուլիզմով, միասմբակավորների խլնախտով, համաճարակային լիմֆանգոիտով, խոզերի և միասմբակավորների աֆրիկական ժանտախտով, մելիոիդոզով, ձիերի զուգավորման հիվանդությամբ, հպավարակային մետրիտով, վիրուսային հոդաբորբով, ճագարների միքսոմատոզով, վիրուսային արյունահոսային հիվանդությամբ, թռչունների գրիպով, օրնիտոզով, Նյու-Քասլով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող, մալեինիզացիայի չենթարկված, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, սատկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիները:

6. Կենսապատրաստուկներ, հակաբիոտիկներ, հորմոններ, հակամակաբուծային դեղամիջոցներ ստացած կամ դրանցով արտաքին մակաբույծների նկատմամբ մշակված սպանդային կենդանիները ենթակա են սպանդի այդ պատրաստուկների օգտագործման հրահանգով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

7. Սպանդային կենդանիներն սպանդանոց ուղարկվելուց առաջ մաքրվում են և անասնաբույժի կողմից ենթարկվում են զննման:

(7-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

7.1. Սպանդանոց տեղափոխվում են համաճարակային և անասնահամաճարակային տեսակետից ապահով կամ կենդանիների և մարդկանց առողջության պահպանման նկատառումներից ելնելով կենդանիների շարժի սահմանափակում կամ արգելում չունեցող տնտեսությունների սպանդային կենդանիները:

(7.1-ին կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

8. Ձկով, խեցգետնով կամ դրանց մնացորդներով, ձկնալյուրով կերակրված գյուղատնտեսական կենդանիներն սպանդի են ենթարկվում վերջին կերակրումից հետո 30 օր, իսկ թռչունները` 10 օր հետո:

9. Սպանդային կենդանիներին խմելու ջուրը տրվում է անսահմանափակ և դադարեցվում է սպանդից 3 ժամ առաջ:

10. Առողջ, հիվանդ կամ խոտանված սպանդային կենդանիները տեղափոխվում են առանձնացված:

11. Սպանդանոցի անասնաբազայում սպանդային կենդանիները բեռնաթափվում են ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի առկայության դեպքում` 2 ժամվա ընթացքում: Ընդունված գլխաքանակը ենթարկվում է նախասպանդային զննման և ջերմաչափման, որոնց արդյունքներն սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից գրանցվում են համապատասխան գրանցամատյանում:

11.1. Նախասպանդային զննումը ներառում է՝

1) կենդանիների նույնականացումը՝ համարակալման միջոցով ճանաչումը բացահայտելը.

2) կենդանիների անասնաբուժական զննումը և ըստ անհրաժեշտության՝ այլ հետազոտություններ, որոնք բացահայտում են, որ՝

ա. առկա են շեղումներ սովորական պահվածքից՝ առանձին-առանձին կամ խմբովի ցուցաբերում են այնպիսի պահվածք, որը ցույց է տալիս հիվանդության առկայությունը կամ դրա հնարավորությունը,

բ. ակներև են հիվանդությանը բնորոշ կամ ընդհանուր նշաններն ու ախտանշանները, որի հետևանքով հիվանդությունը կարող է փոխանցվել կենդանիներին կամ մարդկանց` կենդանիների, կենդանիների սպանդից գոյացած մթերքի և հումքի հետ շփման կամ օգտագործման միջոցով, կամ այդ կենդանիների սպանդից ստացված մթերքը և հումքը մարդկանց կողմից սպառման համար կարող են ճանաչվել ոչ պիտանի,

գ. կենդանիների աճեցման ընթացքում օգտագործվել են չթույլատրված նյութեր և աղտոտիչներ, կամ գերազանցվել են մնացորդային նյութերի սահմանված առավելագույն թույլատրելի քանակները.

3) կենդանիների բուծման և աճեցման ընթացքում անասնաբուժական միջամտությունների և անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ գրանցումների ու փաստաթղթերի՝ ներառյալ ուղեկցող անասնաբուժական ձևաթղթերի առկայությունը:

(11.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

12. Եթե սպանդային կենդանիների խմբում հայտնաբերվում է վարակիչ հիվանդություն, հոգեվարքի վիճակ, հարկադիր սպանդի ենթարկված կամ անկած կենդանիների դիակներ, գլխաքանակի անհամապատասխանություն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթում նշված տվյալներին, խումբը 3 օրվանից ոչ ավելի ժամկետով տեղափոխվում է կարանտինային մասնաշենք` մինչև հիվանդության ախտորոշումը կամ անհամապատասխանության բացահայտումը։

13. Սպանդանոցում հայտնաբերված անկած կենդանիները չեն բեռնաթափվում: Սիբիրախտի առկայությունը բացառելուց հետո դիակներն ուղարկվում են ոչնչացման կամ օգտահանման` անասունների թաղման կամ ոչնչացման համար հատկացված վայրում: Դիակների փոխադրումն իրականացնում է սպանդային կենդանիների տերը:

14. Սպանդանոց ընդունված կենդանիներն սպանդանոցի տարածքից դուրս չեն հանվում:

15. Սպանդային կենդանիների մորթն իրականացվում է նախասպանդային պահվածքից հետո 5 ժամվա ընթացքում:

16. Խոտանված, հպավարակային թոքաբորբով, տուբերկուլոզով, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած, լեյկոզով, ձիերի վարակիչ սակավարյունությամբ, էնցեֆալոմիելիտով, խոզերի դասական ժանտախտով, թռչունների պաստերելոզով, ծաղիկ-դիֆթերիտով, լարինգոտրախեիտով, մարսողական համակարգի հիվանդություններով, թարախային բորբոքումներով, թարախային մեռուկացած վերքերով, կրծի բորբոքումով, մատղաշի պորտի և հոդերի բորբոքումով հիվանդ սպանդային կենդանիները ենթակա են սանիտարական սպանդի, որոնց սպանդը կազմակերպվում է նախապես սահմանված սանիտարական օրերին: Այդ օրերին սպանդը կազմակերպվում է առողջ կենդանիների սպանդի իրականացումից հետո` սպանդի սրահից հեռացնելով սպանդային ամբողջ մթերքը՝ կատարելով մանրակրկիտ մեխանիկական մաքրում և ախտահանություն:

17. Սպանդանոցի կառուցումը և շահագործումն իրականացվում են զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների պահպանմամբ:

1) սպանդանոցը բացառությամբ շարժական սպանդանոցները պետք է ունենա`

ա. արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման ապահովվածություն` նախքան կեղտաջրերը կոյուղու կոլեկտոր ուղարկելը, արտադրական կոյուղաջրերի կուտակման և մաքրման փակ տարողություններ, որոնցում կուտակված կեղտաջրերը մեխանիկական մաքրումից հետո վնասազերծվում և պարբերաբար հեռացվում են,

բ. մեկուսացված, բետոնապատ հրապարակ՝ կենդանիների արտաթորանքի և մարսողական ուղիների պարունակության հավաքման` 30 օրից ոչ պակաս տևողությամբ պահելու և կենսաջերմային եղանակով վնասազերծելու համար,

գ. կենդանիներ տեղափոխող մեքենաների մաքրման և սանիտարական մշակման հրապարակ,

դ. կենդանիների ընդունման համար` բաց կամ ծածկապատ շինություն` ապահովված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով,

ե. անջրաթափանց սալիկներով 1.8 մ բարձրությամբ երեսապատված պատեր, քիմիապես կայուն նյութերով պատված հատակներ, իսկ շաղախով սվաղված և հարթեցված պատերի ու առաստաղների դեպքում դրանք պետք է պատված լինեն խոնավակայուն ներկերով բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում,

զ. դեպի ներս բացվող և ճանճապահպան ցանցերով պատված արտադրական շենքերի պատուհաններ բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում.

2) սպանդի իրականացման գործընթացում օգտագործել միայն առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված, սպանդային մթերքի հետ շփվող նյութեր:

(17-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն, 05.03.20 N 264-Ն)


II. ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


18. Սպանդանոցում սպանդի գործընթացը կազմակերպվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության առկայության դեպքում.

1) Սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելուց հետո, սպանդանոցը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վարվող «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակում:

(18-րդ կետը փոփ. 26.11.15 N 1403-Ն, խմբ. 05.03.20 N 264-Ն)

19. Սպանդը կատարվում է սպանդային սրահում կամ մասնաշենքում` ըստ կենդանատեսակների, հերթափոխերով:

20. Սպանդի կազմակերպման գործընթացում պետք է բացառվի`

ա) սպանդային մթերքի շփման հնարավորությունը հումքի և թափոնների, սպանդային կենդանիների հետ,

բ) առողջ կենդանիների շփման հնարավորությունը կարանտինացման ենթակա, մեկուսարան տեղափոխվող կամ սանիտարական սպանդի ենթակա կենդանիների հետ:

գ) այնպիսի ջրի օգտագործումը, որը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին,

դ) կեղտաջրերի արտահոսքը սպանդի տարածքից դուրս:

(20-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)

21. Սպանդի տեխնոլոգիական գործընթացներն են` կենդանիների նախասպանդային պահվածքը և սպանդը, սպանդային մթերքի դրոշմակնքումը, կշռումը, պահեստավորումը և վերամշակումը, իսկ սպանդի գործընթացը ներառում է նախասպանդային և հետսպանդային զննման կենդանու շշմեցման կենդանու ուղղաձիգ բարձրացման և կախման, արյունաքամության, ներքին օրգանների հեռացման, մաշկահանման, մսեղիքի առաջնային մասնատման` կիսման և քառատման, մսեղիքի մաքրման և հարդարման և անասնաբուժասանիտարական փորձաքննության փուլերը:

(21-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն, 26.11.15 N 1403-Ն)

22. Սպանդից առաջ սպանդային կենդանիները ենթարկվում են շշմեցման` էլեկտրական հոսանքով, որը բացառում է կենդանու մահը: Անհրաժեշտության դեպքում սպանդային կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակվում է անշարժացման միջոցով:

23. Սպանդային կենդանիների շշմեցումը և մորթը կատարվում է կենդանու տվյալ տեսակի համար նախատեսված միջոցներով:

24. Մորթից հետո կենդանու հետագա մշակումը կատարվում է անասնաբուժական ծառայություն մատուցող անձի կողմից:

25. Մսեղիքից ներքին օրգանների հեռացման աշխատանքները կատարվում են կենդանու շշմեցումից 45 րոպե կամ արյունաքամության ավարտից հետո` 30 րոպեի ընթացքում:

26. Բժշկական, կենսաբանական նպատակներով ներզատիչ և արտազատիչ գեղձերի, արյան հավաքը պետք է կատարվի միայն առողջ կենդանիներից` պահպանելով մանրէազերծության պայմանները:

27. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիվանդություններով հիվանդ, ինչպես նաև այդպիսի հիվանդությամբ հիվանդ կենդանիների արյան հետ խառնված առողջ կենդանիների արյունը ենթակա է վարակազերծման 1000 C ջերմաստիճանում` 2 ժամ տևողությամբ:

28. Տուբերկուլոզով, բրուցելոզով, լիստերիոզով, լեյկոզով, խոզերի ժանտախտով, կարմրախտով, Աուեսկիով, ատրոֆիկ ռինիտով հիվանդ կամ այդ հիվանդություններով վարակվածությամբ կասկածվող կենդանիների սպանդից հավաքված արյունը կարելի է եփելու միջոցով վերամշակել անասնակերի` 2 ժամ տևողությամբ զանգվածի խորքում ապահովելով 800 C ջերմաստիճանը:

29. Մորթից հետո մսեղիքի առաջնային մասնատման համար որոճողների, միասմբակավորների մսեղիքը բաժանվում է կիսամսեղիքների և քառանդրիների, որոնք համարակալվում են` միևնույն մսեղիքին պատկանելությունը հաստատելու համար: Միևնույն համարով համարակալվում են նաև տվյալ մսեղիքին պատկանող ներքին պարենքիմատոզ օրգանները, ստամոքսաղիքային համակարգի օրգանները, մաշկը, գլուխը: Մորթից հետո թռչունները բաց են թողնվում փետրազերծված:

30. Սպանդանոցում գործում են անասնաբուժասանիտարական փորձաքննության օրգանոլեպտիկ զննման հոսքագծի տեղեր` ըստ կենդանատեսակի`

ա) տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).

բ) ոչխարի, այծի համար` 3 տեղ (ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).

գ) խոզի համար` 5 տեղ (ենթածնոտային ավշային հանգույցների (սիբիրախտի նկատմամբ), գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).

դ) միասմբակավորների համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).

ե) թռչունների համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում).

զ) ճագարի, կուղբի, ջրաքիսի համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում):

Եզրափակիչ տեղն իրենից ներկայացնում է պահեստային կախովի ուղի կամ մսեղիքի մշակման վերջնափուլում գտնվող առանձին տեղ, որտեղ կատարվում է լաբորատոր հետազոտություն, անասնաբուժասանիտարական արդյունքների ամփոփում, որի հիման վրա տրվում է եզրակացություն և կատարվում է մսի անասնաբուժական դրոշմակնքում:

31. Անասնաբուժական զննումը կարելի է կատարել հարմարեցված սեղանների կամ կախարանների վրա՝ սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից անասնաբուժասանիտարական փորձաքննության հոսքագիծ ապահովելու անհնարինության մասին եզրակացության առկայության դեպքում:

32. Մինչև անասնաբուժական զննման ավարտը, որը ներառում է նաև խոզի մսեղիքի տրիխինելոսկոպիան, սպանդից ստացված մթերքը` բացառությամբ մաշկի, խոշոր եղջերավորների ոտքերի և ականջների, մանր եղջերավորների գլխի և ոտքերի, պետք է մնա սպանդի արտադրամասում կամ սրահում:

33. Անասնաբուժական զննման նախապատրաստումը կատարվում է՝

ա) խոշոր եղջերավորներից, ուղտի գլուխն անջատվում է մսեղիքից և կախվում կախիչից կամ տեղավորվում սեղանին, որից հետո լեզուն կտրվում է բերանի խոռոչի վերնամասից ու կողերից այնպես, որ չվնասվի և ազատ դուրս ընկնի միջծնոտային տարածությունից, պահպանվում են զննման ենթակա բոլոր ավշային հանգույցները,

բ) միասմբակավորների գլուխն անջատվում է մսեղիքից, և լեզուն դուրս բերելուց հետո սղոցվում է քթի միջնապատը` պահպանելով նրա ամբողջականությունը,

գ) խոզի գլուխը մակաճեղքվում է և թողնվում է մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,

դ) հորթի, այծի, ոչխարի գլուխներն անջատվում են ծոծրակ-ատլասային հոդի հատվածում, թողնվում են մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,

ե) մսեղիքից անջատված սիրտը, թոքերը շնչափողի հետ, լյարդը պետք է լինեն միմյանց միացած բնական կապով: Որոճողների փայծաղը կարող է լինել բնական կապի մեջ կտրիչի հետ կամ առանձնացված, վերջինիս դեպքում այն ներկայացվում է անասնաբուժական զննման ներքին պարենքիմատոզ օրգանների հետ միասին,

զ) ստամոքսաղիքային համակարգը և սեռական օրգանները, կուրծը տեղավորվում են հոսքային գծի կամ սեղանի վրա,

է) մսեղիքը կախվում է աքիլլեսյան ջլից կամ տեղավորվում սեղանին,

ը) մաշկի զննումից առաջ ներքին օրգաններն անջատվում են մսեղիքից:

33.1. Հետսպանդային զննումը կատարվում է սպանդից հետո անմիջապես՝ մսեղիքի և ներքին օրգանների նկատմամբ, որպեսզի հայտնաբերվեն՝

1) կենդանիների վարակիչ՝ ինֆեկցիոն և մակաբուծային հիվանդությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերը կամ աղտոտիչները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության մանրէաբանական, որակական չափանիշներին անհամապատասխանությունը.

4) օտար մարմիններ, մակաբույծներ, ուռուցքներ, վերքեր, ոչ վարակիչ բնույթի ախտահարումներ, որոնցից ելնելով, որոշվում է մսի պիտանիությունը մարդու կողմից սպառման համար, կամ սահմանափակվում է այդպիսի մսի օգտագործումը:

(33.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.2. Հետսպանդային զննման ընթացքում՝

1) ուսումնասիրվում են ներքին օրգանների արտաքին մակերեսները՝ ուշադրություն դարձնելով կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կամ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերմանը.

2) շոշափվում ու կտրվում են մսեղիքը և ներքին օրգանները.

3) կատարվում է նմուշառում.

4) միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աղտոտումը բացառվի կամ հասցվի նվազագույնի:

(33.2-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.3. Նմուշառումը կատարվում է՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով աղտոտումը և հիվանդությունների տարածումը, նմուշները պատշաճ կերպով մշակվում և ուղարկվում են հետազոտության՝

1) կենդանիների վարակիչ հիվանդությունների և դրանց հարուցիչների հսկողության ու մոնիթորինգի.

2) սպունգանման էնցեֆալոպաթիայի ախտորոշման.

3) չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերի կամ աղտոտիչների հայտնաբերման և հսկողության.

4) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ներառված կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման.

5) մանրէաբանական սահմանված ցուցանիշների շեղումների հայտնաբերման նպատակներով:

(33.3-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.4. Սպանդանոցում վեց ամսականից բարձր տարիքի ընտանի միասմբակավորների, խոշոր եղջերավոր կենդանիների և չորս շաբաթականից բարձր տարիքի ընտանի խոզերի մսեղիքը հետսպանդային զննման ներկայացվում են ողնաշարի երկարությամբ կիսված: Ելնելով անհրաժեշտությունից՝ հետսպանդային զննման համար գլուխը ևս երկարությամբ կիսվում է:

(33.4-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.5. Վեց շաբաթականից փոքր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է՝

1) գլխի և կոկորդի տեսողական զննում. հետըմպանային ավշային հանգույցների հատում և զննում: Բերանի խոռոչի զննում, լեզվի շոշափում, նշագեղձերի հեռացում.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում, բրոնխիալ և միջընդերային (մեդիաստենալ) ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները կտրվում են երկայնքով, իսկ թոքերը հատվում են իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Նման հատումն անհրաժեշտ չէ, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման համար.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Սիրտը հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի և ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում: Լյարդի և նրա ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

8) երիկամների տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտային հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկը զննելու նպատակով:

(33.5-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.6. Վեց շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի և կոկորդի տեսողական զննում. ենթածնոտային, հետըմպանային և հարականջային ավշային հանգույցների հատում և զննում.

2) արտաքին ծամիչ մկանի զննում, որի համար կատարվում է ստորին ծնոտին զուգահեռ երկու հատում և ներքին ծամիչ մկանների զննում, որոնք հատվում են մեկ հարթության ուղղությամբ.

3) լեզվի զննում՝ տեսողական զննման և շոշափման միջոցով, լեզուն հանվում է բերանի խոռոչի մանրակրկիտ հետազոտումը հնարավոր դարձնելու համար: Նշագեղձերը հեռացվում են.

4) շնչափողի և կերակրափողի զննում, թոքերի տեսողական զննում և շոշափում: Բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատվում են երկարությամբ, թոքերը հատվում են իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

6) ստոծանու տեսողական զննում.

7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում: Լեղածորանների զննման համար կատարվում է հատում լյարդի ստամոքսային մակերեսի և կաուդալ բլիթի հատվածում.

8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

9) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` շոշափում.

10) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.

11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` շոշափում և հատում: Կովերի դեպքում կրծի յուրաքանչյուր կեսը բացել մինչև կաթնային խոռոչները հասնող երկար, խոր հատումով, իսկ կրծի ավշային հանգույցները հատել` բացառությամբ այն դեպքերի, երբ կուրծը չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով:

(33.6-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.7. Ոչխարների և այծերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է՝

1) մաշկազերծումից հետո գլխի, իսկ կասկածի դեպքում նաև կոկորդի, բերանի, լեզվի և հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների տեսողական զննում: Այս զննումն անհրաժեշտ չէ, եթե գլուխը լեզվի և ուղեղի հետ միասին չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Կասկածի դեպքում այս օրգանները հատել և ստուգել.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Կասկածի դեպքում սիրտը հատել և ստուգել.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ավշային հանգույցների տեսողական զննում, լյարդի և լյարդի ավշային հանգույցների շոշափում, լյարդի ստամոքսային մակերեսի հատում՝ լեղածորաններն ստուգելու նպատակով.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում.

7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

8) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում.

12) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով:

(33.7-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.8. Ընտանի միասմբակավորների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի տեսողական զննում, լեզուն անջատելուց հետո կոկորդի տեսողական զննում և շոշափում, անհրաժեշտության դեպքում՝ ստործնոտային, հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների զննում, շոշափում և հատում.

2) լեզվի՝ բերանից դուրսհանում` բերանի խոռոչի մանրակրկիտ տեսողական զննման համար, որից հետո լեզվի տեսողական զննում և շոշափում.

3) նշագեղձերի հեռացում և զննում.

4) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում և անհրաժեշտության դեպքում բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատել երկարությամբ, իսկ թոքերը հատել իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

6) ստոծանու տեսողական զննում.

7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.

9) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.

10) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).

13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` ավշային հանգույցների հատում.

14) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով.

15) բոլոր մոխրագույն կամ սպիտակ ձիերի զննում՝ բացահայտելու համար մելանոզների և այլ նորագոյացությունների առկայությունը, որը կատարվում է ուսի միացումը թուլացնելուց հետո թիակոսկրի կռճիկային մասի տակի մկանների և ավշային հանգույցների զննման միջոցով.

16) երիկամների հեռացում, զննում` հատելով ամբողջ երկայնքով:

(33.8-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.9. Խոզերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`

1) գլխի և կոկորդի տեսողական զննում, ենթածնոտային ավշային հանգույցների հատում և զննում, բերանի խոռոչի ու կոկորդի տեսողական զննում.

2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Շնչափողը և բրոնխների մեծ ճյուղավորումները բացել երկարությամբ և թոքերը հատել իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.

3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.

4) ստոծանու տեսողական զննում.

5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, ինչպես նաև լյարդի և դրա ավշային հանգույցների շոշափում.

6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստամոքսային և միջընդերային ավշային հանգույցների հատում.

7) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության՝ հատում.

8) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.

9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.

10) սեռական օրգանների տեսողական զննում՝ բացառությամբ առնանդամի, եթե այն նախապես հեռացվել է.

11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում: Էգերի վերկրծային ավշային հանգույցների հատում.

12) երիտասարդ կենդանիների պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում պորտի հատվածը հատել, իսկ հոդերը բացել:

(33.9-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.10. Թռչունների հետսպանդային զննումը ներառում է՝

1) նշանակալից թվով թռչունների ներքին օրգանների և մարմնի խոռոչների ամենօրյա զննում, որը կապահովի կատարվածի և ստացված արդյունքների երաշխավորված հավաստիությունը.

2) պատահականորեն ընտրված յուրաքանչյուր տեսակի թռչնի մանրակրկիտ զննում և հետսպանդային ստուգման արդյունքների հիման վրա մարդկանց կողմից սպառման համար ոչ պիտանի ճանաչված՝ միևնույն ծագում ունեցող թռչնի կամ նրա մասերի մանրակրկիտ զննում.

3) անհրաժեշտ հետագա այլ հետազոտություններ, եթե կասկած կա, որ տվյալ թռչնամիսը կարող է ոչ պիտանի լինել մարդկանց կողմից սպառման համար:

(33.10-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.11. Բուծվող վայրի կենդանիների հետսպանդային զննումը սահմանափակվում է մսեղիքի ընդհանուր տեսքի տեսողական զննմամբ և շոշափմամբ, իսկ մսեղիքի մասեր կամ օրգաններ հատվում և զննվում են ախտաբանաանատոմիական և հյուսվածքային ախտահարման կամ այլ կասկած հարուցող դեպքերում: Բուծվող վայրի կենդանիների համապատասխան տեսակների համար կիրառելի են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և թռչունների հետսպանդային զննման ձևերը:

(33.11-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.12. Սպանդանոցներում ապահովվում է նաև ռիսկային՝ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների հսկողությունը, որը ներառում է՝

1) եղջերավորների հետազոտումն սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ.

2) 6 շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մեջ ցիստիցերկոզի բացահայտման նպատակով իրականացվող հետսպանդային զննումը, որի ժամանակ կարելի է կիրառել նաև շճաբանական թեստ: Ցիստիցերկներ հայտնաբերելու նպատակով պետք է կատարել առնվազն երկուական զուգահեռ կտրվածքներ ծամող, պարանոցի առջևի մասի, կրծքավանդակի, արմունկաթիակային հոդի, մեջքի, գոտկի, սրբանի, կոնքի, վերջավորությունների և ստոծանու մկանների վրա: Մսեղիքի, սրտի, գլխի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 4 և ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) պիտանի չեն սննդում օգտագործելու համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով, իսկ ներքին և արտաքին ճարպը հալեցումից հետո կարող է օգտագործվել սննդի մեջ՝ առանց սահմանափակումների: Մսեղիքի, գլխի, սրտի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 3-ից ոչ ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) ենթակա են սննդում օգտագործման՝ վարակազերծելուց հետո, եփած տեսակի երշիկների և պահածոների արտադրությունում: Վարակազերծումը կատարվում է սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն.

3) տրիխինելոզի նկատմամբ զգայուն ընտանի խոզերի, վայրի կենդանիների, բուծվող վայրի կենդանիների, ընտանի միասմբակավորների և այլ կենդանիների մսեղիքի զննումը, որի արդյունքների հիման վրա՝ տրիխինելոզով ախտահարված միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.

4) ընտանի միասմբակավորների հետազոտումը՝ խլնախտի՝ գեղձատապի բացահայտման նպատակով, որի դեպքում պետք է մանրամասն զննել շնչափողի, կոկորդի, քթի խոռոչների, սինուսների և նրանց ճյուղավորումների լորձաթաղանթները` գլուխը միջին (մեդիալ) հարթությամբ կիսելուց և քթի միջնապատը հեռացնելուց հետո: Գեղձատապով ախտահարված ձիերի միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.

 5) տուբերկուլինի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ տուբերկուլյոզով վարակված լինելու հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիները պետք է սպանդի ենթարկել մյուս կենդանիներից առանձին՝ բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե սպանդի ենթարկված կենդանիների մի շարք օրգաններում կամ մսեղիքի մի շարք հատվածներում հայտնաբերվել են տուբերկուլյոզով տեղային ախտահարումներ, ապա ամբողջ մսեղիքը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով: Եթե տուբերկուլյոզով ախտահարում հայտնաբերվել է միայն մի օրգանի ավշային հանգույցներում կամ մսեղիքի մի մասում, ապա մարդկանց կողմից սպառման համար պիտանի չէ միայն ախտահարված օրգանը կամ մսեղիքի հատվածն ու կապակցված ավշային հանգույցը.

6) բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ հիվանդությունը կասկածելու այլ հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիներն սպանդի են ենթարկվում մյուս կենդանիներից առանձին՝ բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե հետսպանդային ստուգման ժամանակ հայտնաբերվել է բրուցելյոզով սուր ախտահարում, ապա սպանդի ենթարկված կենդանու ամբողջ միսը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար: Բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կուրծը, միզասեռական համակարգը և արյունը պիտանի չեն մարդու կողմից սպառման համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով:

(33.12-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

33.13. Սպանդից գոյացած՝ կենդանական ծագում ունեցող կողմնակի արտադրանքը տնօրինվում՝ պահպանվում, օգտագործվում, օգտահանվում (վերամշակվում), ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:

(33.13-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)

34. Սպանդային մթերքն սպանդանոցից դուրս է բերվում անասնաբուժական ուղեկցող համապատասխան փաստաթղթի և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության առկայության դեպքում:

 

III. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(գլուխը լրաց. 05.03.20 N 264-Ն)

 

35. Շարժական սպանդանոցը կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։

36. Նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը հատկացված վայրում, տրանսպորտային միջոցին կից, առանձնացնում է տարածք՝ շարժական պարսպով։

37. Շարժական սպանդանոցում նախասպանդային և հետսպանդային զննումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:

(հավելվածը լրաց. 22.05.08 N 483-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.11.15 N 1403-Ն, լրաց., խմբ. 05.03.20 N 264-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան