ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 359-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:
2. Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Ընդ որում, տնտեսավարողների աշխատակիցների քանակի և աշխատավարձի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը, ավելացված աշխատավարձային ֆոնդը:
3. Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:
4. Միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՉ=(ԱՀ:ԱՔ)*(ԱՔ:5)
որտեղ՝
ԱՉ – պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է
ԱՀ – կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձերի հանրագումարն է
ԱՔ – կազմակերպության աշխատողների քանակն է
Ընդ որում (ԱՔ:5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև:
5. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բանաձևը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին.
2) 5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը, այսինքն՝ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |