ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 328-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.
2) որոշման հավելվածում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը,
գ) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանիչը, սուրդոթարգմանիչն ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձն ընտրվում են մրցութային կարգով:
6. Մրցույթը հայտարարվում է իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի) կողմից` տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տարածելու միջոցով: Հայտարարության մեջ նշվում են պահանջվող ծառայությունը, ծառայություն մատուցող անձին ներկայացվող մասնագիտական պահանջները, թարգմանիչ ներգրավվելու դեպքում` համապատասխան լեզուն, ծառայությունների մատուցման գինը, պայմանագրի բովանդակության համառոտ շարադրանքը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրվանից:»,
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.6-րդ կետերով՝
«6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելը:
6.2. Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
6.3. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
6.4. Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
6.5. Եթե սահմանված ժամկետում հայտեր չեն ներկայացվում կամ ներկայացված հայտերը չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` նույն ընթացակարգով:
6.6. Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:»,
ե) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի): Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 23 Երևան |