ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 433-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-487-25.02.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-487-25.02.2020-ՄԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար՝ ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք կունենան:
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասում նախագծով լրացվող 5-րդ կետի ձևակերպումից առաջարկում ենք հանել «ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ իրենց» բառերը, որպեսզի նախատեսվող կարգավորումը չտարածվի միայն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել այլ կրոնի հետևորդներ, որոնց մեծամասնությունը հնարավոր է չհանդիսանա Հայաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ (օր.՝ հինդուիզմ, բուդդայականություն և այլն):
2. Գտնում ենք, որ անհրաժեշտ է կիրառել ոչ թե «պատմական տարեթվերը», այլ «հիշատակի օրեր» ձևակերպումը՝ հաշվի առնելով, որ նման հասկացություն սահմանված չէ, և տվյալ եզրույթը բավականին ընդգրկուն է այն առումով, որ որևէ ազգի պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն ինքնին պատմական տարեթիվ կարող է համարվել: Առաջարկում ենք դիտարկել «պատմական տարեթվեր» բառերը «հիշատակի օրեր» եզրով փոխարինելու տարբերակը:
3. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 5-րդ կետում առաջարկում ենք լրացնել հետևյալ նախադասությունը.
«Սույն կետով նախատեսված արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում:»:
4. Միաժամանակ նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի պահանջներին: Մասնավորապես՝
1) առաջին էջի վերևի աջ անկյունում լրացնել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը.
2) նախագծով առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է շարադրել հերթական համար ունեցող հոդվածի տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.
3) նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի» բառերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ և 18-րդ հոդվածի 3-րդ մասերը.
4) նախագծի 1-ին հոդվածում «1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով`» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր 5-րդ կետ.» ձևակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը.
5) նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձևակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|