Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 29.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 201-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. փետրվարի 28

Երևան

 

          

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

    

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․

1) հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 380-րդ և 381-րդ հոդվածների կիրառության իմաստով, ՀԴՄ-ի տեղադրման պարտադիր պայմանները սահմանված են առևտրի օբյեկտում և առևտրի իրականացման վայրի վաճառատեղում՝ մանրածախ առևտրի համար, իսկ բնակչությանը ծառայությունների մատուցման մասով նման պայմաններ սահմանված չեն, հայտնում ենք, որ պատվիրատուի նշած հասցեում ծառայությունների մատուցման մասով օրենսգրքում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է.

2) տրանսպորտային միջոցով շրջիկ առևտուր իրականացնելու դեպքում ՀԴՄ-ի կիրառությունը հնարավոր ենք համարում՝ պայմանով, որ պարտադիր պահանջ սահմանվի՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի անվանումը և ապրանքային դիրքն արտացոլելու համար։ Նշվածն առանձնահատուկ կերպով կարևորվում է՝ գործարքների թափանցիկության ապահովման, իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը վերացնելու և արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից.

3) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված է «շրջիկ առևտրի կետեր» հասկացությունը, որը ներառում է ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակները, մոտոկրպակները, ավտոսայլակները, մոտոսայլակները, ավտոցիստեռնները, ինչպես նաև «առևտրի օբյեկտ» հասկացությունը, որը ներառում է խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը։ Միաժամանակ, օրենքով հստակ սահմանված է «շրջիկ առևտուր» հասկացությունը, որը ենթադրում է առևտրի օբյեկտներից դուրս՝ շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք։ Շարադրվածով պայմանավորված՝ հայտնում ենք, որ նախագծում կիրառվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքով սահմանված հասկացություններին։ Միաժամանակ հայտնում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի «առևտրի կետեր» հասկացության կիրառությունը, քանի որ օրենքով հստակ սահմանված են այն վայրերը, որտեղ կարելի է իրականացնել առևտուր.

4) առաջարկում ենք հանել նախագծի 2-րդ հոդվածը, քանի որ օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս ՀԴՄ-ն որպես օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու սարք օգտագործելու կարգավորմանը: Նշված մասն ուժը կորցրած ճանաչելու պարագայում հնարավոր չի լինի ապահովել օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը (մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով գնորդի պահանջով հարկային հաշիվ կամ հաշիվ- վավերագիր դուրս գրելը):

Առցանց վաճառքի փաստաթղթավորման հետ կապված՝ հեղինակի կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայումս մշակվում են ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակ) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման դեպքերում վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների կիրառմամբ ֆիզիկական անձանց հետ կատարվող գործարքների՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոններով փաստաթղթավորման կառուցակարգերը, որոնց ներդրման համար համապատասխան օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է սահմանված կարգով առաջիկայում դնել շրջանառության մեջ։ Այս առումով նախատեսվում է, որ նշված համակարգի ներդրման արդյունքում կտրվեն առցանց վաճառքի փաստաթղթավորման հետ կապված խնդիրների ավելի համապարփակ լուծումներ, քան նախագծով առաջարկվող լուծումներն են:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք նախագծից հանել առցանց առևտրի փաստաթղթավորմանը վերաբերող կարգավորումները, իսկ շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները խմբագրել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների:

Հայտնում ենք նաև, որ նախագծի ընդունմամբ կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան