Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1506
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.04/16(1571) Հոդ.195
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

18 փետրվարի 2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍՈՎ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` ոստիկանության ծառայողին կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի հուլիսի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2002 թվականի հուլիսի 30-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ից։

Օրենքի` «Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները» վերտառությամբ 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը սահմանում է.

«1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի`

….

7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի օգոստոսի 15-ի` թիվ ՎԴ/11599/05/18 գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով Օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերելի այլ ակտերի համապատասխան դրույթները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղումներ կատարելով Սահմանադրության 41, 78 և 79-րդ հոդվածներին, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի համապատասխան դրույթները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային պրակտիկան, վերլուծելով Օրենքի վիճարկվող նորմերով նախատեսված իրավակարգավորումը և համադրելով այն Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ նորմերի հետ՝ դիմողը գտնում է, որ Օրենքի վիճարկվող նորմում «կրոնական կազմակերպության անդամ» եզրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, «թյուրըմբռնման ու տարամեկնաբանման տեղիք է տալիս»։ Ըստ դիմողի՝ «կրոնական կազմակերպության անդամ» հասկացությունը Օրենքով սահմանված չէ, պարզ չէ, թե անձի կողմից ակտիվ կամ պասիվ ո՞ր գործողության դրսևորումն է, որ կարող է հանգեցնել կրոնական կազմակերպության անդամ հանդիսանալուն, սահմանված չէ կրոնական կազմակերպությանը «անդամակցություն» հասկացությունը։ Հետևաբար, կանխորոշված չեն այն սահմանները, որոնցում անձը պետք է դրսևորի իր վարքագիծը, և «կրոնական կազմակերպության անդամակցության արգելքի վերաբերյալ իրավանորմը չի կարող համարվել որոշակի վերացական բովանդակություն ունեցող նորմ, որը բավարար հստակությամբ պետք է մեկնաբանվի և կիրառվի պրակտիկայում»։ Դիմողը նաև գտնում է, որ «կրոնական կազմակերպության անդամ» հանդիսանալու արգելքն անձի և անաչառ դիտորդի համար չի ապահովում կանխատեսելիություն և որոշակիություն։ Դիմումում հարց է բարձրացվում, թե անձի կողմից կրոնական կազմակերպության կազմակերպած որևէ միջոցառմանը մեկ կամ մի քանի անգամ մասնակցելը համարվու՞մ է արդյոք անդամակցություն, արդյո՞ք էական նշանակություն ունի կրոնական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառման բնույթը, անձի մասնակցության նպատակը, մասնակցության դրսևորման ձևը, հաճախականությունը և այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ։

Ըստ դիմողի եզրահանգման՝ հիմնական իրավունքի` Օրենքով նախատեսված սահմանափակումը իրավաչափ չէ, «նույնանման կատեգորիայի անձանց նկատմամբ տարբերակված է և չունի օբյեկտիվ հիմնավորում, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» և հակասում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափության սկզբունքին, հետևաբար` «հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական ազատության իրավունքին, սահմանափակումը համաչափ չէ և նորմի իրավական որոշակիության (res judicata) համընդհանուր սկզբունքի պահանջներին համահունչ չէ»։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին։ Մասնավորապես, հղում կատարելով միջազգային մի շարք փաստաթղթերի ու դրանցում ամրագրված սկզբունքներին, վկայակոչելով ՄԻԵԴ պրակտիկան, ինչպես նաև մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ պատասխանողը գտնում է, որ «կրոնի ազատությունը բացարձակ իրավունք չէ», և «որոշ հանգամանքներում պետությունը կարող է միջամտել կրոնի «դավանմանը»` սահմանափակելով կրոնի ազատության իրավունքը»։

Ըստ պատասխանողի՝ Օրենքի վիճարկվող իրավակարգավորումն «անորոշություն չի պարունակում և բավարար չափով հստակ է», քանի որ ուղղակիորեն արգելում է ոստիկանության ծառայողների անդամակցությունը որևէ կրոնական կազմակերպության և պայմանավորված է հասարակական անվտանգության ապահովման հիմքով, բխում է «հասարակական շահերից և ընդհանուր արդարություն, այդ թվում` անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունից»։

Պատասխանողը շեշտում է, որ ոստիկանության ծառայողները, կամավոր կերպով ընդունվելով ծառայության, գիտակցում են հավատքի ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը։ Այդ սահմանափակումը հետապնդում է օրինական նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության ծառայողի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման համար, քանի որ «օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ ոստիկանի անդամակցությունը կրոնական կազմակերպությանը կարող է ողջամիտ կասկած առաջացնել նրա անկողմնակալության վերաբերյալ»։

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված բացարձակ արգելքը համապատասխանում է, մասնավորապես, կրոնի ազատության արտահայտման և միավորումների ազատության սահմանափակումների հիմքերին:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 41 և 45-րդ հոդվածների տեսանկյունից։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այն մարդու հիմնական իրավունք է և ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրվում են կրոնի ազատության թույլատրելի սահմանափակումները: Ըստ այդմ՝ կարող է սահմանափակվել միայն կրոնի ազատության արտահայտումը, ընդսմին՝ միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Մտքի, խղճի, կրոնի ազատությունը երաշխավորված է նաև միջազգային-իրավական մի շարք ակտերով (Մարդու և քաղաքացու իրավունքների համընդհանուր հռչակագիր (18-րդ հոդված), Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա (9-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (18-րդ հոդված), Կրոնի կամ համոզմունքների հենքի վրա ամեն տեսակ անհանդուրժողականության և խտրականության չեզոքացման մասին հռչակագիր (6-րդ հոդված), Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա (8-րդ հոդված) և այլն)։

Այս ազատությունն օրենքով իրացնելու արդյունավետ ընթացակարգերի երաշխավորումն ունի ոչ միայն զուտ իրավական նշանակություն, այլև ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ու զարգացման կարևոր նախապայման է։

Միաժամանակ, Սահմանադրությունը և վերը նշված միջազգային-իրավական ակտերը, երաշխավորելով մտքի, խղճի և կրոնի ազատությունը, հանրային իշխանության մարմիններին սկզբունքորեն պարտավորեցնում են այդ իրավունքի իրացումն ապահովել իրավական այնպիսի նախապայմանների շրջանակներում, համաձայն որոնց՝ հանրային իշխանությունը չպետք է միջամտի այդ ազատությունների իրականացմանը, ինչպես նաև պետք է սահմանի արդյունավետ իրավական և այլ կառուցակարգեր՝ ապահովելու համար այդ ազատություններն ամեն տեսակ ոչ իրավաչափ միջամտություններից։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթը վերաբերում է ոչ միայն կրոնի ազատության արտահայտման սահմանափակմանը, այլև Սահմանադրության 45-րդ հոդվածում ամրագրված՝ միավորումների ազատության սահմանափակմանը, քանի որ արգելում է ոստիկանության ծառայողին անդամակցելու որևէ կրոնական կազմակերպության, որը միավորման տարատեսակ է: Ընդ որում, միավորումների ազատության սահմանափակման սահմանադրական հիմքերը նույնական են կրոնի ազատության սահմանափակման հիմքերի հետ (Սահմանադրության 45-րդ հոդվածի 3-րդ մաս):

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև հատուկ նշել, որ, ի տարբերություն նույնպես միավորման տարատեսակ հանդիսացող կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու հիմնական իրավունքի (Սահմանադրության 46-րդ հոդված), որը սահմանափակվում է Սահմանադրության մեջ ուղղակիորեն նշված սուբյեկտային կազմի համար (դատավորներ, դատախազներ և քննիչներ), կամ Սահմանադրության մեջ հիշատակվում են այլ սուբյեկտներ, որոնց համար օրենքով կարող են սահմանվել այդ իրավունքի սահմանափակումներ (զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներ), կրոնական կազմակերպությանն անդամակցելու որևէ հատուկ՝ սուբյեկտային սահմանափակում Սահմանադրությունում ամրագրված չէ:

Այս հայեցակարգային լուծմանը համահունչ է նաև ՄԻԵԴ պրակտիկան: Այսպես, օրինակ, ըստ ՄԻԵԴ-ի՝ դատարանի վերահսկողության ինտենսիվությունը կախված է միավորման տեսակից և գործունեության բնույթից, ժողովրդավարական հասարակությունում դրա ունեցած դերից: Հաշվի առնելով այն, որ քաղաքական կուսակցությունները և ոչ քաղաքական միավորումները ժողովրդավարության համար նույն կարևորությունը չունեն, միայն առաջին դեպքում է, որ միավորումներ կազմելու իրավունքի սահմանափակումների անհրաժեշտությունը պետք է ենթարկվի առավել խիստ վերահսկողության (Vona v. Hungary, app. 35943/10, Judgment 09/07/2013, § 58; Les Authentiks and Supras Auteuil 91 v. France, nos. 4696/11 et 4703/11, §§ 74, 84, 27 October 2016):

Իսկ ոստիկանության ծառայողների միավորումների ազատության առնչությամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ նրանց չեզոքության և զսպվածության պարտականությունը խիստ կարևոր է, քանի որ ժողովրդավարական հասարակությունում նրանց դերն է աջակցել կառավարությանը՝ իրականացնելու իր գործառույթները (Trade Union of the Police in the Slovak Republic and Others v. Slovakia, app. 11828/08, Judgment 25/09/2012, § 57): Այնուհետև ՄԻԵԴ-ը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ իրավաչափ է ոստիկանության ծառայողներից պահանջել, որ նրանք իրենց տեսակետներն արտահայտելիս լինեն անաչառ, որպեսզի նրանց հուսալիությունը և վստահությունը հասարակության մոտ պահպանվի (նույն տեղում՝ §§ 67-70):

Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ կրոնական կազմակերպություններին անդամակցելը՝ որպես կրոնի ազատության արտահայտման ձև և միաժամանակ միավորման ազատության իրականացման եղանակ, կախված չէ որևէ ռազմականացված մարմնում ծառայելու փաստից, այդ թվում՝ ոստիկանությունում: Ուստի սոսկ ոստիկանությունում ծառայելու փաստը ինքնին չի կարող լինել կրոնական կազմակերպությանն անդամակցության արգելքի հիմք, նման արգելքի համար անհրաժեշտ են ավելի լուրջ նախադրյալներ, առնվազն՝ Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ և 45-րդ հոդվածի 3-րդ մասում նշված նախադրյալներից որևէ մեկի առկայությունը և դրա գերակայությունը ոստիկանության ծառայողի կրոնի ազատության արտահայտման և միավորման ազատության նկատմամբ:

Սահմանադրական դատարանը վերստին հարկ է համարում անդրադառնալ այն փաստին, որ Սահմանադրությունը ոստիկանությունում ծառայողների համար, ի թիվս այլ ռազմականացված մարմիններում ծառայողների, նախատեսել է օրենքով սահմանափակում սահմանելու իրավական հնարավորություն, մինչդեռ ոստիկանության և ռազմականացված այլ մարմիններում ծառայողների այլ հիմնական իրավունքների կամ ազատությունների սահմանափակման նման հնարավորություն չի նախատեսել:

Սահմանադրության հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ սահմանադիրն ամրագրել է քաղաքական չեզոքության ապահովման տարբերակված հիմքեր՝ դատավորների, դատախազների և քննիչների համար սահմանելով կուսակցություն ստեղծելու և դրան անդամագրվելու ուղղակի արգելք՝ Սահմանադրության մակարդակում, իսկ ռազմականացված մարմիններում, այդ թվում՝ ոստիկանությունում ծառայողների համար թույլատրելով օրենսդրին՝ սուբյեկտային կազմի հիմքով սահմանելու սահմանափակումներ: Հետևապես, եթե սահմանադրի համար ռազմականացված մարմիններում ծառայողների համար կրոնական կամ այլ միավորմանն անդամակցելու ազատությունը սահմանափակելու ուղղակի անհրաժեշտություն առաջացած լիներ, սահմանադիրը կանդրադառնար նաև այդ հարցին՝ առնվազն նման սուբյեկտների համար օրենսդրին թույլատրելով հենց այդ հիմքով սահմանափակումներ նախատեսելու հատուկ հնարավորություն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն փաստը, որ սահմանադիրը կրոնի ազատության արտահայտման և միավորման ազատության սահմանափակումները չի պայմանավորել որևէ սուբյեկտի կարգավիճակով կամ նրա ծառայության առանձնահատկություններով, ուղղակիորեն հաստատում է, որ սահմանադիրը չի տարբերակել կրոնի ազատության և կրոնական կազմակերպություններին անդամակցելու իրավունքի սուբյեկտներին՝ ըստ նրանց կարգավիճակի կամ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքի կամ առանձնահատկությունների: Ուստի ոստիկանությունում ծառայողների քաղաքական չեզոքությունը կարող է ապահովվել օրենքով ամրագրված տարբեր ինտենսիվությամբ սահմանափակումներ սահմանելու միջոցով, ընդսմին՝ այս խմբի ծառայողների համար ուղղակի արգելքի բացակայությունը Սահմանադրության տեքստում նշանակում է, որ սահմանափակումները չպետք է պարտադիր ձևակերպվեն առավել խիստ միջոցի՝ արգելքի ընտրությամբ, իսկ դավանաբանական չեզոքությունը պետք է ապահովվի, եթե առկա են կրոնի ազատության արտահայտման և կրոնական կազմակերպություններին անդամակցելու ընդհանուր սահմանափակումների իրավաչափ ամրագրման նախադրյալներ:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոստիկանության ծառայողի՝ որևէ կրոնական կազմակերպության անդամակցելու արգելքի սահմանադրականությունն անհրաժեշտ է գնահատել Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ մասում և 45-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված՝ բոլորի համար ընդհանուր սահմանափակումների տեսանկյունից:

4.2. Մտքի, խղճի և կրոնի ազատության սահմանադրական բովանդակության բացահայտման տեսանկյունից՝ հաշվի առնելով դիմող կողմի հարցադրումները, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ այդ իրավունքն ընդգրկում է.

1) անձի` համոզմունք, մասնավորապես` կրոնական համոզմունք ունենալու ազատությունը, որը սահմանադրական մակարդակով երաշխավորված բացարձակ իրավունք է և ենթակա չէ որևէ սահմանափակման,

2) կրոնական համոզմունքներն արտահայտելու, ի ցույց դնելու ազատությունը, որը, ի տարբերություն այդպիսիք ունենալու ազատության՝ բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով՝ Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հիմքերով։

Եթե կրոնական համոզմունքներ ունենալու ազատությունն ինքնին կրոնական համոզմունքներ ընտրելու, ինչպես նաև դրանք ազատ արտահայտելու իրավունքի դրսևորում է, ապա այդ համոզմունքներ արտահայտելու ազատությունը դրսևորվում է այլոց հետ կրոնական միություն կազմելու, կրոնական միությանը, կազմակերպությանն անդամակցելու և դրանց շրջանակներում իր կրոնական համոզմունքներին համահունչ գործունեություն ծավալելու (քարոզչություն իրականացնելու) ազատության տեսքով։

Օրենքի վիճարկվող նորմի և վերջինիս հետ փոխկապակցված՝ այլ օրենսդրական կարգավորումների բովանդակության համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենքով կրոնական ազատության արտահայտման սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային ծառայության մի շարք այլ բնագավառներում։ Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» (1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» (43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ), «Քրեակատարողական ծառայության մասին» (37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ), «Փրկարար ծառայության մասին» (39-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ), «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» (30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ) օրենքներում առկա են հիշյալ բնագավառների ծառայողների` կրոնական կազմակերպություններին անդամակցության հիմքով սահմանափակումներ` ելնելով հանրային ծառայության այդ մարմինների առջև դրված խնդիրների առանձնահատկություններից։ Այսինքն, կրոնական կազմակերպության անդամ լինելը (կրոնական կազմակերպությանն անդամակցելը), ըստ հիշյալ կարգավորումների, համապատասխան հանրային ծառայության հետ ինքնին անհամատեղելի է և տվյալ հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «անդամ» («անդամակցություն») եզրույթի իրավական բովանդակության բացահայտման խնդրին՝ նպատակ ունենալով պարզել.

1) անձի` այս կամ այն կրոնական կազմակերպության անդամությամբ պայմանավորված կարգավիճակի էությունը,

2) մի կողմից` կրոնական կազմակերպության անդամության և, մյուս կողմից՝ դրանով պայմանավորված` անձի վարքագծի միջև ենթադրյալ պատճառահետևանքային կապի առկայությունն անձի՝ որպես կրոնական կազմակերպության անդամի, և միաժամանակ հանրային ծառայողի, գործողությունների իրավագնահատման հնարավորության տեսանկյունից։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ («ե» կետ), 6-րդ, 7-րդ («գ» և «դ» կետեր), 18-րդ և 19-րդ հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ.

1) կրոնական կազմակերպության «անդամ» եզրույթը չունի անձի որոշակի կարգավիճակով պայմանավորված կառուցակարգային նշանակություն, և այդ պատճառով այդ կազմակերպությանն անդամակցող անձի՝ ներկազմակերպական իրավունքների և պարտականությունների բովանդակությունը կարող է լիովին տարբեր լինել և չի կարող լինել միատեսակ, ուստի կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմք կարող է ծառայել ոչ թե բուն անդամակցությունը որևէ կրոնական կազմակերպության, այլ կրոնի ազատության այնպիսի այլ արտահայտումը, որն անհամատեղելի կլինի հանրային ծառայողի կողմից այլոց և հանրային իշխանության հանդեպ կրոնական, դավանաբանական չեզոքություն դրսևորելու պահանջի հետ,

2) կրոնական կազմակերպության «անդամ» եզրույթն առավելապես հետապնդում է տվյալ կազմակերպության` որպես կրոնական լինելու կազմակերպական-իրավական տեսակը հատկորոշելու, դրան որպես իրավաբանական անձ պետական գրանցում տալու նպատակ:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «կրոնական կազմակերպության անդամ» եզրույթը, ըստ օրենսդրական կարգավորման տրամաբանության, չունի իրավական այնպիսի բովանդակություն ու նշանակություն, որն ինքնին հիմք կհանդիսանար կրոնական համոզմունքներ ունեցող անձ-հանրային ծառայողի պաշտոնեական գործունեությունը հանրային ծառայության տվյալ բնագավառում անհամատեղելի որակելու համար:

4.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ կրոնի ազատության սահմանափակման (արգելքի) հիմք կարող է լինել ոչ թե համոզմունքներ ունենալու ազատությունը, այլ կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատությունը, եթե այդ սահմանափակումը պայմանավորված է պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ինչպես նշվեց, նույնաբովանդակ սահմանափակումներ են նախատեսված նաև միավորումների ազատության սահմանափակման համար:

Հետևապես, մինչև կրոնի ազատության արտահայտման սահմանափակման համաչափության գնահատումը Սահմանադրական դատարանի գնահատման առարկան առաջին հերթին այդպիսի սահմանափակման հիմքերի առկայության ստուգումն է:

Սույն գործի շրջանակներում համադրելով Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ մասում և 45-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ համապատասխանաբար՝ կրոնի ազատության արտահայտման և միավորումների ազատության սահմանափակման նույնաբովանդակ հիմքերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոստիկանության ծառայողի կողմից կրոնական կազմակերպությանն անդամակցելն ինքնին չի կարող աղերսվել հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է պետական անվտանգությանը, ապա այդպիսի անդամակցությունը խնդրահարույց կարող է լինել, նախ՝ այնպիսի կրոնական կազմակերպությունների մասով, որոնց գործունեությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով կասեցվել կամ արգելվել է դատարանի որոշմամբ՝ Սահմանադրության 45-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

Ոստիկանության ծառայողի անդամակցությունը կարող է խնդրահարույց լինել պետական անվտանգության տեսանկյունից նաև այնպիսի կրոնական կազմակերպություններին անդամակցության դեպքում, որոնք ստեղծվել են ոչ իրավաչափ կերպով:

Բացի դրանից, անդամակցելու փաստի ուժով իրենց անդամների համար կանոնադրական կամ ընթացիկ՝ ոստիկանության ծառայողի պարտականությունների կամ ծառայության շահերի հետ ի սկզբանե անհամատեղելի պարտականություններ սահմանող կրոնական կազմակերպություններին անդամակցելը, ինչը կարող է խաթարել ոստիկանության ծառայողի կրոնական, դավանաբանական չեզոքությունը, կարող է հանգեցնել նման դեպքերում ոստիկանությունում ծառայության անցնելու իրավունքի սահմանափակման: Հիշյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի է նաև հանրային ծառայության այլ բնագավառներին, ինչպես նաև մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներում աշխատանքային գործունեությանը:

Մնացյալ դեպքերում կրոնական կազմակերպությանն անդամակցելը չի կարող սահմանափակվել, առավել ևս արգելվել a priori` օրենքով՝ զուտ հանրային ծառայության տեսակի առանձնահատկությունների բերումով:

Միևնույն ժամանակ, ցանկացած հանրային ծառայող՝ Սահմանադրության 17-րդ հոդվածի ուժով, աշխարհիկ պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր ծառայողական գործառույթները կատարելիս պահպանել կրոնական, դավանաբանական չեզոքություն, ուստի այսպիսի օրենսդրական պահանջի ամրագրումն ինքնին իրավաչափ կլինի: Իսկ որպես մասնավոր անձ՝ նա ունի կրոնի ազատության արտահայտման իրավունք՝ բոլոր մյուս անձանց հետ հավասար հիմունքներով: Ուստի՝ կրոնական, դավանաբանական չեզոքության պահանջի կոնկրետ խախտումներն արդեն իրավակիրառ պրակտիկայում գնահատվող հանգամանքներ են:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում ոստիկանության և այլ հանրային ծառայողի կրոնական, դավանաբանական չեզոքության պահանջը պահպանելու փաստը ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգով գնահատման այդ ազատության իրացման կոնկրետ դրսևորման (դրսևորումների), տվյալ ծառայողի կողմից այդ ազատության արտահայտմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու տեսանկյունից, որպիսիք կարող են անհամատեղելիության հիմքով տվյալ հանրային ծառայողի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավաչափ հիմք հանդիսանալ։

Հետևապես՝ վերոնշյալ բացառիկ դեպքերից զատ, երբ անդամակցության փաստը վկայում է կրոնական, դավանաբանական չեզոքության պահպանության անհնարինության կամ առավել հավանական խախտման մասին, միայն ոստիկանության ծառայողի վարքագծի փաստացի դրսևորումը կարող է նրա պաշտոնավարման համատեղելիության գնահատման հիմք հանդիսանալ։

Սահմանադրական դատարանը, փաստելով, որ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` ոստիկանության ծառայողն իրավունք չունի «.…իր ծառայողական դիրքն օգտագործել .… կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս .… կրոնական գործունեություն իրականացնել», նշում է, որ Օրենքում սահմանված նման սահմանափակումն իրավաչափ է, և կրոնական կազմակերպությանն անդամակցելու պատճառով ոստիկանության ծառայողն իրավասու չէ այդ կազմակերպության առջև ստանձնել այնպիսի պարտականություններ, որոնք կարող են հակասել նրա ծառայողական պարտականություններին, իսկ նման դեպքերում կրոնական կազմակերպությանն անդամակցությունը պահպանելը կարող է անհամատեղելի դառնալ հանրային ծառայության հետ:

Եթե հիշյալ սահմանափակումը բավարար չէ ոստիկանության ծառայողի կրոնական, դավանաբանական չեզոքությունն ապահովելու համար, ապա օրենսդիրն իրավասու է ընտրել նաև այլ օրենսդրական լուծումներ՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` ոստիկանության ծառայողի համար ինքնին որևէ կրոնական կազմակերպությանն անդամակցելու և անդամակցության համար վարքագծի կոնկրետ դրսևորումներով չպայմանավորված բացարձակ արգելք սահմանելու մասով, ճանաչել Սահմանադրության 41-րդ հոդվածին և 45-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

18 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1506