Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1997-31.12.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.12/22.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը և կանոնակարգում է բյուջետային գործընթացը:

 

Հոդված 2. Պետական և համայնքի բյուջեները

 

1. Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են:

2. Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը բաղկացած է պետական և համայնքների բյուջեներից (այսուհետ նաև` բյուջեներ):

2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է`

- բյուջեների նախագծերը կազմելու.

- բյուջեների եկամուտների (մուտքերի) և ծախսերի բյուջետային դասակարգման.

- հաշվառման.

- հաշվետվություն ներկայացնելու.

- բյուջեների կատարման ընդհանուր սկզբունքների վրա:

 

Հոդված 4.  Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն

 

Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն` պետական և համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի հանրագումարն է:

 

Հոդված 5. Բյուջետային հիմնարկը

 

1. Բյուջետային հիմնարկ են պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձինք, որոնց պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են համապատասխան բյուջեների միջոցների հաշվին:

2. Պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է համայնքի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է կառավարման վերադաս մարմնի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Բյուջետային գործընթացը

 

1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն):

4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքով սահմանված ժամկետում և ավարտվում` տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 7.  Բյուջետային հարաբերությունների կարգավորումը

 

1. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը` բյուջետային համակարգի կազմակերպման, դրա կառուցվածքի սահմանման, բյուջեների միջև եկամուտների բաշխման, բյուջետային դասակարգման և բյուջեներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացվող գործունեությունն է:

2. Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված բյուջեների միասնականության, ինքնուրույնության, հաշվեկշռվածության, հրապարակայնության սկզբունքներով:

 

Հոդված 8. Բյուջետային համակարգի միասնականությունը և բյուջեների ինքնուրույնությունը

 

1. Բյուջետային համակարգի միասնականությունն ապահովվում է ընդհանուր իրավական հիմքով, բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքներով, բյուջետային դասակարգմամբ, բյուջետային հաշվառման, հաշվետվության և բյուջեների կատարման միասնական մեթոդաբանությամբ ու դրամական համակարգով:

2. Բյուջեների ինքնուրույնությունն ապահովվում է օրենքով ամրագրված եկամտի սեփական աղբյուրների առկայությամբ և այդ բյուջեները հաստատող մարմինների կողմից իրենց լիազորությունների սահմաններում բյուջետային ծախսերի ուղղությունները որոշելու իրավունքով:

 

Հոդված 9. Բյուջեների դրամական մուտքերը և ծախսերը

 

1. Բյուջեների դրամական մուտքերը ներառում են տվյալ բյուջեի համար օրենքով սահմանված եկամուտները, փոխառու և ներգրավված այլ միջոցներ:

Բյուջեների ծախսերը բաժանվում են կապիտալ և ընթացիկ ծախսերի:

2. Կապիտալ ծախսերը ներառում են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են հիմնական միջոցների, պահուստների ստեղծման նպատակով ապրանքային արժեքների ձեռքբերմանը կամ դրանց արժեքի ավելացմանը:

Ընթացիկ ծախսերը ներառում են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

 

Հոդված 10. Բյուջետային վարկերը և փոխատվությունները
 

1. Բյուջետային վարկերը տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց պետական բյուջեից վերադարձելիության, ժամկետայնության և վճարովիության սկզբունքով տրվող միջոցներն են:

2. Բյուջետային փոխատվությունները պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին առանց վճարովիության սկզբունքի տրվող և տվյալ բյուջետային տարում վերադարձման ենթակա առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրվող միջոցներն են:

3. Բյուջետային վարկերի և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 11. Բյուջետային երաշխիքները

 

1. Բյուջետային երաշխավորագիրը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխավորագիր ստացող անձի նկատմամբ պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:

3. Բյուջետային երաշխավորագրերի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:

4. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը: Նշված կարգով հաշվարկված չափաքանակը յուրաքանչյուր հաջորդ տարի կարող է ավելացվել մինչև 5 տոկոսով` բացառությամբ նախորդ տարվա նկատմամբ հարկային եկամուտների նվազման դեպքերի:

 

Հոդված 12. Բյուջեների հավելուրդը, պետական բյուջեի դեֆիցիտը

 

1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ծախսերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:

3. Պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է պետական բյուջեի դեֆիցիտը:

Պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների հաշվին:

Տվյալ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պետական բյուջեի դեֆիցիտի (հավելուրդի) չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

Բյուջետային տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել տվյալ տարվա համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը:

 

Հոդված 13. Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

1. Տվյալ տարվա բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեների կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որն առաջանում է`

ա) հավելուրդով հաստատված բյուջեների կատարմամբ.

բ) բյուջեներով սահմանված ծախսերի կատարման համեմատ` տարեկան մուտքերի գերակատարմամբ.

գ) բյուջեներով սահմանված մուտքերի կատարման համեմատ` տարեկան ծախսերի թերակատարմամբ:

2. Բյուջեների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեի մուտքն է:

 

Հոդված 14. Բյուջեների միջոցների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը

 

1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգով սահմանվում են`

ա) ծախսերի կատարման իրավական հիմքը` պետական կապիտալ ներդրումների ծրագրի, նպատակային ծրագրերի, գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.

բ) ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկատնտեսական չափանիշները, նախագծանախահաշվային փաստաթղթերը.

գ) ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.

դ) օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը.

ե) բյուջեների նախագծերում և բյուջեների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ ծախսերի կատարման արտացոլման ձևը.

զ) բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի կատարման այլ դրույթներ:

2. Բյուջեների կապիտալ ծախսերն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կարող են ներդրումներ պարունակել, որոնք այդ իրավաբանական անձանց գույքի համարժեքային մասի նկատմամբ առաջացնում են պետության կամ համայնքների սեփականության իրավունք:

3. Պետական կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված` պետական սեփականություն համարվող գույքը հանձնվում է պետական համապատասխան մարմնի կառավարմանը կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի տնօրինմանը:

4. Պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի շահագործումից, կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված գույքի օտարումից կամ վարձակալությունից ստացված միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 15. Բյուջեների կատարումը

 

1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր եկամուտների (մուտքերի) մուտքագրումը և ծախսերի կատարումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միասնական գանձապետական հաշվով:

3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`

ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.

բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.

գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.

դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.

ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, սեկվեստորի և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.

զ) սույն օրենքի 23 և 33 հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.

է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.

ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:

5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, նրա տեղական գանձապետական բաժանմունքներն իրականացնում են`

ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.

բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի եկամուտներին և ծախսերի ուղղություններին համապատասխան.

գ) պետական դրամական միջոցների` ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները, համախմբումը միասնական գանձապետական հաշվում.

դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.

ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.

զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.

է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

6. Բյուջեների մուտքերը կուտակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միասնական գանձապետական հաշվում:

7. Պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններ իրականացնող մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ծախսերն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և նրա տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և նրա տեղական գանձապետական բաժանմունքները` վերջիններիս սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն:

9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա բյուջետային հիմնարկները կարող են բանկային հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Բյուջեների կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում գործադրվում է ծախսերի սահմանափակման (սեկվեստորի) մեխանիզմը: Սահմանափակումը բյուջետային տարվա տվյալ ժամանակահատվածում բյուջեներով նախատեսված ծախսերի տնտեսագիտական բոլոր հոդվածներով` օրենքով սահմանված կարգով և չափով համամասնական նվազեցումն է, բացառությամբ պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման (այսուհետ նաև` համահարթեցում) սկզբունքով տրվող դոտացիաների և օրենքով պաշտպանված այլ ծախսերի: Բյուջեների պաշտպանված ծախսատեսակները սահմանվում են տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով:

11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:

12. Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 16. Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը

 

1. Պետական բյուջեի նախագիծը ներառում է`

ա) կառավարության բյուջետային ուղերձը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

2. Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է`

ա) կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը,

բ) պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումն առաջիկա երեք տարվա համար,

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագիրը:

3. Բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարին ընդգրկող հաջորդ եռամսյա ժամանակաշրջանի բյուջետային ցուցանիշների կանխատեսումները.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային, ոչ հարկային և այլ եկամտատեսակների.

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները.

զ) պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

-իրավական հիմքը.

-բովանդակությունը.

-խնդիրները և նպատակները.

-կատարման փուլերը և ժամկետները.

է) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը` նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ը) կառավարության պահուստային ֆոնդի և պետական պահուստների ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

թ) տեղեկություններ` բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված և Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հատկացումների հետ կապված համաձայնեցումների արդյունքների մասին.

ժ) տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին` օրենքով սահմանված կարգով տրամադրվող հատկացումների մասին.

ժա) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմնավորումը.

ժբ) տեղեկություններ` պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին, և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ` փաստացի աշխատողների թվաքանակի մասին.

ժգ) այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնավորման համար:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է`

ա) պետական բյուջեի եկամուտները և ծախսերը` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

բ) պետական բյուջեի դեֆիցիտը (հավելուրդը)` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

գ) օրենքով սահմանված այլ դրույթներ և ցուցանիշներ:

 

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

 

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները դասակարգվում են`

ա) հարկային եկամուտներ և տուրքեր,

բ) ոչ հարկային եկամուտներ,

գ) եկամուտներ` կապիտալի գործառնություններից,

դ) մուտքեր` պաշտոնական տրանսֆերտներից:

2. Հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտահարկը` 85 տոկոսի չափով.

ե) գույքահարկը` 5 տոկոսի չափով.

զ) հողի հարկը` 5 տոկոսի չափով.

է) հաստատագրված վճարները.

ը) մաքսային տուրքը.

թ) պետական տուրքը` բացառությամբ սույն օրենքի 28 հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներ մուտքագրվող պետական տուրքի տեսակների.

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի:

3. Ոչ հարկային եկամուտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) դիվիդենտները և շահաբաժինները.

գ) պետական ձեռնարկությունների և գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարները.

դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքերը.

զ) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

է) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտները:

4. Կապիտալի գործառնություններից եկամուտներ են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը.

բ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից մուտքերը.

գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող հողի և ոչ նյութական ակտիվների վաճառքից մուտքերը:

5. Պաշտոնական տրանսֆերտներ են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտները.

բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:

 

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

 

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) պետական բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր, այդ թվում`

- կառավարության պահուստային ֆոնդ.

- համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ.

- համայնքների բյուջեներին պատվիրակված լիազորությունների համար տրամադրվող հատկացումներ.

- համայնքների կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 19. Կառավարության պահուստային ֆոնդը

 

1. Պետական բյուջեում նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուրն է: Պետական բյուջեի ծախսային մասում` կառավարության պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

2. Կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը:

3. Պահուստային ֆոնդի միջոցներից ծախսերը կատարվում են կառավարության որոշումների հիման վրա:

 

Հոդված 20. Համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ:

2. Պետական բյուջեում համայնքներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 25 տոկոսը:

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով տրված հարկային արտոնությունները:

3. Համայնքների բյուջեներն համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հատկացման կարգը սահմանվում է ֆինանսական համահարթեցման մասին օրենքով:

 

Հոդված 21. Պետական բյուջեի նախագծի կազմումը

 

1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետներում:

2. Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 31 հոդվածին համապատասխան, խորհրդակցում է կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ:

3. Պետական բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացման կարգը:

4. Պետական կառավարման մարմիններն իրենց և համակարգի բյուջետային ֆինանսավորման հայտերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ը:

Բյուջետային ֆինանսավորման հայտին կցվում է նախատեսվող ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորումներով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հաշվարկում և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը:

6. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար:

7. Սույն օրենքով սահմանված ժամկետներում բյուջետային ֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

8. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետը բյուջետային տարվան գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն:

Արձանագրության մեջ նշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված ծախսերը մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորելու համաձայնություն տալու կամ հայտն ամբողջությամբ մերժելու մասին տեղեկությունը: Հայտով ներկայացված ծախսերի ֆինանսավորումը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու դեպքում նշվում են դրա պատճառները:

Արձանագրությունները ստորագրում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, նրա կողմից լիազորված նախարարի տեղակալը: Դրանք հայտատուներին ուղարկվում են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:

10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտերի համապատասխան օրինակները ներկայացվում են նաև Ազգային ժողով:

11. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

12. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն:

13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն վաթսուն օր առաջ:

 

Հոդված 22. Պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը

 

1. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Եթե պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:

3. Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը

 

1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա:

2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարները կարող են պետական բյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով սահմանված չափաքանակը:

3. Ազգային ժողովի հաստատած պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական բյուջեում փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են օրենքով:

4. Պետական բյուջեի հաստատումից հետո կառավարությունը սահմանում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:

5. Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է:

6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո քառասուն օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Ազգային ժողով` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հոդված 24. Պետական բյուջեի կատարման հսկողությունը և վերահսկողությունը

 

1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է կառավարությունը` իր սահմանած կարգով:

2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում`

ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ:

 

Հոդված 25.

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

 

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.

բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

գ) տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

դ) տեղեկություններ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացությունը բովանդակում է`

ա) պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատության գնահատականը.

բ) հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման գնահատականը:

4. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

 

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

 

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում այն հրատարակում է մամուլում` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

գ) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում.

դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական` բյուջեի եռամսյակային կատարման մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

 

Հոդված 27. Համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքները

 

Համայնքների բյուջեների ձևավորման հիմնական սկզբունքներն են`

ա) համայնքի զարգացման եռամյա ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.

բ) պահուստային ֆոնդի ստեղծումը` որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չնախատեսված, ինչպես նաև վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ծախսերի աղբյուրի և կապիտալ ծախսերի ֆինանսավորման հիմնական երաշխիք.

գ) համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը, յուրաքանչյուր բյուջետային տարվա համար համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեով նախատեսված եկամուտների (մուտքերի) հանրագումարին.

դ) խնայողականությունը, երբ կատարված ծախսին համապատասխանում է դրան համարժեք նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում.

ե) արդյունավետությունը, երբ ապահովվում է կատարված ծախսի և համայնքի համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը.

զ) հավաստիությունը և հստակությունը, որը հնարավորություն է ընձեռում ապահովել բյուջեի կատարման և բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը` բյուջեի հոդվածների հիմքում դրվող հստակ հաշվարկների միջոցով.

է) հրապարակայնությունը, որն ապահովում է համայնքի բյուջեի ձևավորման և կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկությունը:

 

Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը, եկամուտները և ծախսերը

 

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի.

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը պետք է հաշվեկշռված լինի:

3. Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`
I. Եկամուտների գծով`

համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

- հարկային եկամուտները և տուրքերը.

- ոչ հարկային եկամուտները.

- պաշտոնական տրանսֆերտները:
1.1. Հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) հողի հարկը` 95 տոկոսի չափով.

բ) գույքահարկը` 95 տոկոսի չափով.

գ) եկամտահարկը` 15 տոկոսի չափով.

դ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից կատարվող մասհանումները.

ե) պետական տուրքը, այդ թվում`

- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.

- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

զ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով պետական բյուջե մուտքագրվող հարկերի գծով հաշվարկվող տուգանքների և տույժերի.

է) տեղական տուրքերը.

ը) համայնքի բյուջե օրենքով մուտքագրվող այլ հարկերը:
1.2. Ոչ հարկային եկամուտներ են`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից եկամուտները.

դ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարները:
1.3. Պաշտոնական տրանսֆերտներ` հատկացումներ են`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:
II. Ծախսերի գծով`

օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը, այդ թվում`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն և ապահովագրություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերության և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ.

ժգ) համայնքի բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր:

4. Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`
I. Մուտքերի գծով`

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաները).

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման այլ աղբյուրներից նպատակային հատկացումները.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

դ) համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` տիրազուրկ, ժառանգության իրավունքով կամ նվիրատվության ձևով տեղական ինքնակառավարման մարմնի, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկի տնօրինմանն անցած գույքի օտարումից մուտքերը.

ե) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցները, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

զ) վարչական բյուջեից (պահուստային ֆոնդից) կատարվող հատկացումները.

է) բաժնետիրական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, բանկերի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դիմաց ստացվող շահաբաժինները` ներդրված դեպոզիտների դիմաց դիվիդենտների ձևով ստացվող եկամուտները:
II. Ծախսերի գծով`

օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կապիտալ ծախսերը, այդ թվում`

ա) կապիտալ շինարարության ծախսերը.

բ) կապիտալ վերանորոգման ծախսերը.

գ) վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների մարման ծախսերը.

դ) ապրանքանյութական արժեքների պահուստների ձևավորման ծախսերը:

5. Համայնքների բյուջեներից` տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

6. Պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29. Համայնքների բյուջեների պահուստային ֆոնդը

 

1. Համայնքների բյուջեներում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որը համայնքի տվյալ տարվա բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե) կատարվող հատկացումների, համայնքների բյուջեների կողմից վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ստանձնած պարտքային պարտավորությունների կատարման ապահովման ֆինանսական աղբյուր է: Համայնքների բյուջեների պահուստային ֆոնդն առանձին հոդվածով ներկայացվում է վարչական մասում (վարչական բյուջեում):

2. Համայնքի պահուստային ֆոնդի և համայնքի բյուջեի վարչական մասի (վարչական բյուջեի) հաշվարկային եկամուտների հարաբերակցությունը` չափը, սահմանվում է համայնքի տվյալ տարվա բյուջեով և չի կարող գերազանցել տվյալ բյուջետային տարվա համայնքի բյուջեի վարչական մասի (վարչական բյուջեի) հաշվարկային եկամուտների 30 տոկոսը:

3. Համայնքի պահուստային ֆոնդից վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների օգտագործման դիմաց վճարների (տոկոսների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա պահուստային ֆոնդի միջոցների 20 տոկոսը:

4. Պահուստային ֆոնդի միջոցներից` համայնքի բյուջեում չկանխատեսված ծախսերի գծով ֆինանսավորումն իրականացվում է համայնքի ավագանու որոշումների հիման վրա:

 

Հոդված 30. Համայնքների բյուջեներին պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները

 

Համայնքների բյուջեների վարչական մասում (վարչական բյուջեում), որպես եկամտի առանձին տեսակ նախատեսվում են պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները:

 

Հոդված 31. Համայնքի բյուջեի նախագծի կազմումը

 

1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման եռամյա ծրագրով` տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

3. Կառավարության կամ նրա լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը:

4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը`

- աշխատակազմի համապատասխան ծառայություններին, բյուջետային հիմնարկներին տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվարկման ու ներկայացման համար.

- մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը ապահովում է եկամուտների ու ծախսերի հաշվարկման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած համապատասխան ձևերով:

5. Բյուջետային հիմնարկները մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

6. Համայնքի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները, կազմում` համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը:

7. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի նախագիծն ըստ բաղկացուցիչ մասերի, ըստ եկամտատեսակների ու ծախսերի ուղղությունների` գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան` երեք տարվա կտրվածքով, այդ թվում` նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային և կանխատեսվող տարվա համապատասխան ցուցանիշներով,

բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին,

գ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային (հաստատված) ցուցանիշների հետ,

դ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

- իրավական հիմքը.

- բովանդակությունը.

- խնդիրները և նպատակները.

- կատարման փուլերը և ժամկետները.

ե) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

զ) բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

է) տեղեկություններ` պետական բյուջեից համայնքի բյուջեին օրենքով տրամադրվող հատկացումների մասին.

ը) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմնավորումը.

թ) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ փաստացի աշխատողների թվաքանակի մասին.

ժ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի հիմնավորման համար:

 

Հոդված 32. Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից

 

1. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում կամ մինչև պետական բյուջեի հաստատումը: Համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու նիստում ներկայացնում է համայնքի ղեկավարը:

3. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի մասին որոշման նախագծի քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

4. Քննարկումներից հետո համայնքի ղեկավարը կարող է մինչև մեկ շաբաթ ժամանակ վերցնել` ներկայացված նախագծի մեջ անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է համայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը:

6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը:

Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո 3 օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:

Մարզպետը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող` մարզի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ մարզպետի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն քսան օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 33. Համայնքի բյուջեի կատարումը

 

1. Համայնքի բյուջեի հաստատումից հետո համայնքի ղեկավարը սահմանում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, հաստատում` բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:

2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին,

բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը,

գ) աջակցում է հարկային մարմիններին` համայնքի բյուջե հարկերի մուտքագրման գործում,

դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված չափաքանակները:

4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացքը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:

5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:

6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է:

 

Հոդված 34. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը

 

1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

3. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողության հիմնական խնդիրներն են`

ա) եկամուտների կանխատեսումների և բյուջետային ծախսերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը,

բ) բյուջետային միջոցների, վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգումը,

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատումը,

դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը,

ե) բյուջետային գործընթացի նկատմամբ սույն օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովումը:

4. Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձինք համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող անձանց պարտականությունների կատարումը խոչընդոտելու, կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

 

1. Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին:

2. Համայնքի ղեկավարը բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին ներկայացնում է բյուջետային տարին ավարտվելուց հետո` հաջորդ տարվա բյուջեի եռամսյակային կատարման վերաբերյալ հաղորդման հետ միասին:

3. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ` մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը:

4. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

5. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

6. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև,

բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով,

գ) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ,

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

 

Հոդված 36. Համայնքների բյուջեների հրապարակայնությունը

 

Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար`

ա) համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում: Միաժամանակ պատրաստվում և հրատարակվում են բյուջեի հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ ներառող տեղեկատուներ և գրքույկներ,

բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում հրապարակվում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամսյակային կատարման մասին,

գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում,

դ) համայնքների ղեկավարները պայմաններ են ստեղծում, որպեսզի համայնքի բյուջեի նախագծին, տարեկան հաշվետվությանը ծանոթանալու և ուսումնասիրելու ցանկություն ունեցող համայնքի անդամները դյուրությամբ ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 37. Բյուջետային դասակարգման կազմը

 

1. Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների եկամուտների ու ծախսերի միասնական դասակարգման:

2. Բյուջետային դասակարգումը պետական և համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի խմբավորումն է ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:

3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) բյուջեների եկամուտներ և պաշտոնական տրանսֆերտներ,

բ) բյուջեների ծախսեր և վարկավորում` հանած մարումը,

գ) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ և բյուջեների պարտքեր:

 

Հոդված 38. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները

 

1. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները դասակարգվում են եկամուտների ձևավորման` օրենքով սահմանված աղբյուրների հիման վրա:

2. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները դասակարգվում են`

- ընդամենը եկամուտներ,

- պաշտոնական տրանսֆերտներ:

3. Ընդամենը եկամուտները դասակարգվում են`

- ընթացիկ եկամուտներ,

- կապիտալի գործառնություններից եկամուտներ:

4. Ընթացիկ եկամուտները բյուջեների հարկային եկամուտների և տուրքերի, ինչպես նաև ոչ հարկային եկամուտների ամբողջությունն են:

5. Բյուջեների հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) ավելացված արժեքի հարկը, այդ թվում`

- ավելացված արժեքի հարկ` ձեռնարկություններից, կազմակերպություններից.

- ավելացված արժեքի հարկ` անհատ ձեռներեցներից,

բ) շահութահարկը, այդ թվում`

- շահութահարկ պետական ձեռնարկություններից.

- շահութահարկ ոչ պետական ձեռնարկություններից.

- շահութահարկ օտարերկրյա իրավաբանական անձանցից.

- շահութահարկ ֆինանսավարկային կազմակերպություններից,

գ) եկամտահարկը, այդ թվում`

- եկամտահարկ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից.

- եկամտահարկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից.

- եկամտահարկ փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից,

դ) ակցիզային հարկը, այդ թվում`

- ակցիզային հարկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրությունից.

- ակցիզային հարկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից,

ե) գույքահարկը, այդ թվում`

- գույքահարկ ձեռնարկություններից և կազմակերպություններից,

- գույքահարկ անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից,

զ) հողի հարկը, այդ թվում`

- հողի հարկ գյուղատնտեսական նշանակության հողերից.

- հողի հարկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից,

է) մաքսատուրքը, այդ թվում`

- մաքսատուրք ներմուծվող ապրանքների արժեքից.

- մաքսատուրք արտահանվող ապրանքների արժեքից.

ը) պետական տուրքը, այդ թվում`

- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքերը,

թ) հաստատագրված վճարները, այդ թվում`

- հաստատագրված վճարներ առևտրական գործունեությունից.

- հաստատագրված վճարներ հասարակական սննդի ոլորտից.

- հաստատագրված վճարներ սպասարկման ոլորտից.

ժ) բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարները.

ժա) օրենքով սահմանված և բյուջեներ մուտքագրող այլ հարկային եկամուտները:

6. Բյուջեների ոչ հարկային եկամուտներ են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները, այդ թվում`

- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարները.

- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության դիմաց գանձվող վարձավճարները.

- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար վճարները,

գ) դիվիդենտները և շահաբաժինները, այդ թվում`

- պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող արժեթղթերի շրջանառությունից ստացվող շահաբաժինները.

- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված շահութաբաժինները, դիվիդենտները.

- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտները.

դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները), այդ թվում`

- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները.

- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները.

ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի իրացումից մուտքերը.

զ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անցկացվող վիճակախաղերից ստացվող եկամուտները.

է) իրավախախտումների համար գործադիր, դատական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից մուտքերը.

ը) բյուջեներ մուտքագրող` օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ ոչ հարկային եկամուտները:

7. Կապիտալի գործառնություններից եկամուտներ են`

ա) պետական, համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը.

բ) բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից մուտքերը.

գ) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող հողի, ինչպես նաև պետական, համայնքային սեփականության ոչ նյութական ակտիվների վաճառքից մուտքերը:

8. Պաշտոնական տրանսֆերտներ են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտները, այդ թվում`

- ընթացիկ տրանսֆերտները.

- կապիտալ տրանսֆերտները.

բ) այլ աղբյուրներից տրամադրված տրանսֆերտները, այդ թվում`

- ընթացիկ տրանսֆերտները.

- կապիտալ տրանսֆերտները.

գ) համայնքների բյուջեներին` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

դ) համայնքների բյուջեներին` պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները` սուբվենցիաները:

 

Հոդված 39. Բյուջեների ծախսերը և վարկավորում` հանած մարումը

 

1. Բյուջեների ծախսերը և վարկավորում` հանած մարումը` (այսուհետ` բյուջեների ծախսեր) դասակարգվում են ըստ`

- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.

- գերատեսչական և տարածքային բաշխվածության.

- ծախսերի տնտեսագիտական բովանդակության:

2. Բյուջեների ծախսերի ֆունկցիոնալ (գործառնական) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է:

3. Բյուջեների ծախսերի գործառնական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը.

ա) ընդհանուր բնույթի պետական, համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային-կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) այլ տնտեսական ծառայություններ.

ժդ) հիմնական խմբին չդասվող ծախսեր:

4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:

5. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը.

ա) ընդամենը ծախսեր.

բ) վարկավորում` հանած մարումը:

6. Բյուջեների ընդամենը ծախսերը բաղկացած են`

- ընթացիկ ծախսերից,

- կապիտալ ծախսերից:

7. Բյուջեների ընթացիկ ծախսերն են`

ա) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը.

բ) տոկոսավճարները, այդ թվում`

- տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց.

- տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց.

գ) սուբսիդիաները, այդ թվում`

- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

- ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ.

դ) ընթացիկ տրանսֆերտները, այդ թվում`

- պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ.

- թոշակներ.

- կրթաթոշակներ.

- նպաստներ.

- այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ.

ե) ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը, այդ թվում`

1) ապրանքների ձեռքբերում`

- գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր.

- դեղորայք և վիրակապային նյութեր.

- սննդամթերք.

- այլ ծախսեր.

2) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ.

3) տրանսպորտային ծառայությունների վճար.

4) կապի ծառայությունների վճար.

5) կոմունալ ծառայությունների վճար.

6) այլ ծախսեր:

8. Բյուջեների կապիտալ ծախսերը բաղկացած են`

- կապիտալ ներդրումների ծախսերից.

- կապիտալ նորոգումների ծախսերից:

9. Բյուջեների ծախսերի վարկավորում` հանած մարումը բաղկացած է`

ա) ներքին վարկավորում` հանած մարումը, այդ թվում`

- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.

- ֆինանսական կազմակերպություններին.

- ոչ ֆինանսական կազմակերպություններին.

- այլ ներքին վարկավորում` հանած մարումը.

բ) արտաքին վարկավորում` հանած մարումը, այդ թվում`

- օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին.

- այլ արտաքին վարկավորում` հանած մարումը:

10. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:

11. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան.

ե) Հայաստանի Հանրապետության դատական համակարգ.

զ) Հայաստանի Հանրապետության դատախազություն.

է) Հայաստանի Հանրապետության նախարարություններ, գերատեսչություններ, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններ (առանձին տողերով):

12. Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի խմբավորումն է ըստ Հանրապետության վարչատարածքային միավորների` մարզերի և համայնքների:

 

Հոդված 40. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները և բյուջեների պարտքերը

 

1. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների դասակարգումը դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված փոխառու միջոցների խմբավորումն է:

2. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) ներքին, այդ թվում`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցներ.

- Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի միջոցներ.

- պետական արժեթղթեր.

- պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից մուտքեր.

- այլ ներքին աղբյուրներ.

բ) արտաքին, այդ թվում`

- միջազգային կազմակերպությունների միջոցներ.

- օտարերկրյա պետությունների միջոցներ.

- այլ արտաքին աղբյուրներ:

3. Բյուջեների պարտքերի դասակարգումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային պարտավորությունների խմբավորումն է ըստ դրանց տեսակների:

4. Բյուջեների պարտքերը դասակարգվում են`

ա) ներքին պարտք, այդ թվում`

- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ.

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ.

- Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի նկատմամբ.

- պետական բյուջեի երաշխիքներ.

- այլ ներքին պարտք.

բ) արտաքին պարտք, այդ թվում`

- միջազգային կազմակերպությունների նկատմամբ.

- օտարերկրյա պետությունների նկատմամբ.

- այլ արտաքին պարտք:

 

Հոդված 41. Բյուջետային դասակարգման մանրամասնումը

 

1. Սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման առավել մանրամասնումը` ըստ յուրաքանչյուր հոդվածի, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

2. Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում յուրաքանչյուր հիսուն միլիոն դրամը գերազանցող ծախսատեսակները ներկայացվում են առանձին տողով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտման համար պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններ իրականացնող իրավաբանական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 43. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի պահանջները, ժամկետների առումով, չեն տարածվում 1996 թվականի պետական և տեղական բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունները կազմելու և հաստատելու գործընթացների վրա:

2. Սույն օրենքի 11, 28, 29 և 30 հոդվածներն ուժի մեջ են մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 15 հոդվածի 10-րդ կետը գործում է ծախսերի սահմանափակման (սեկվեստորի) մասին համապատասխան օրենքն ընդունելուց հետո:

3. Մինչև պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով:

4. Մինչև ֆինանսական համահարթեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը համայնքների բյուջեներին դոտացիաների հատկացման կարգը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
21 հուլիսի 1997 թ.
ՀՕ-137