ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
24 հունիսի 1997 թ.
«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի առաջին մասը «պայման» բառից հետո լրացնել «(ներառյալ գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը գրավառուին և գրավի առարկայի իրացման կարգը գրավառուի կողմից)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 46 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 46.
Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու, գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու և գրավի առարկան իրացնելու կարգը
Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում է դատարանի վճռով` գրավատուի կամ գրավառուի հայցադիմումի հիման վրա:
Առանց դատարանի վճռի, գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը և գրավառուի կողմից գրավի առարկայի իրացման կարգը գրավի մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գրավի առարկայի իրացման իրավունքը նոտարական կարգով փոխանցվում է գրավառուին:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումից հետո պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
փոխհատուցվում են գրավի առարկայի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը.
բավարարվում են գրավառուի պահանջները:
Մնացած միջոցները վերադարձվում են գրավատուին»:
Հոդված 3. Օրենքի 47 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկայի մրցութային վաճառքը (աճուրդը) հայտարարվում է չկայացած, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`
ա) անցկացնել կրկնակի աճուրդ կամ վաճառել գրավի առարկան կոմիսիոն հիմունքներով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.
բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:
Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկան 30 օրվա ընթացքում կոմիսիոն հիմունքներով չի վաճառվում, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`
ա) երկարաձգել կոմիսիոն վաճառքի ժամկետը ևս 30 օրով կամ վաճառել գրավի առարկան աճուրդով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.
բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գրավի առարկայի գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է գրավի պայմանագրով նախատեսված գնի կամ վերջին աճուրդում առաջարկված գնի կամ վերջին կոմիսիոն գնի 10 տոկոսով, եթե գրավի պայմանագրով գնի իջեցման այլ չափ սահմանված չէ»:
Հոդված 4. Օրենքի 51 հոդվածը հանել:
Այդ կապակցությամբ օրենքի 52, 53 և 54 հոդվածները համապատասխանաբար համարել օրենքի 51, 52 և 53 հոդվածներ:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|