Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.26/14(1569) Հոդ.172
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2020 թվականի N 168-Ն

 

 «ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 24-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04846) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.01325 հասցեն, քաղ. Երևան, Աբովյան 64):

2. Սահմանել, որ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքները և պարտականությունները նրան են անցնում փոխանցման ակտին համապատասխան:

3. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

4. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

1) ժողովրդական ստեղծագործության և ավանդական ժողովրդական արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը և հանրահռչակումը.

2) ժողովրդական ստեղծագործություններին ու մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը.

3) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը.

4) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ.

5) իրականացնում է գիտահետազոտական աշխատանք:

5. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հրատարակչական գործունեություն.

2) հուշանվերների պատրաստում և իրացում.

3) ժողովրդական վարպետների ստեղծագործությունների առևտրային ցուցահանդեսների կազմակերպում:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,

բ. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը,

գ. «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:

7. Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 8-րդ կետը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

2020 թ. փետրվարի 14

Երևան