Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2020-12.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2020 թվականի N 412-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 30-ի N 412-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ՝ Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Շահառու):

2. Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2) հանրային սննդի ծառայություններ.

3) զբոսաշրջային ծառայություններ.

4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.

5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:

3. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

4. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսավարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

5. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող՝ Շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

6. Վարձու աշխատողները Շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

7. Աջակցությունը տրամադրվում է միանվագ հետևյալ չափերով՝

1) եթե վարձու աշխատողի 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, ապա վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.

2) եթե վարձու աշխատողի 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից, ապա վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով.

3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

8. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

9. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

10. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը՝ հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:

11. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է առանձին որպես վարձու աշխատող և առանձին որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով՝ հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան