Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1513
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.11/19(1574) Հոդ.239
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.03.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

3 մարտի 2020 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի «Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.2-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը սահմանում են.

«7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ»:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը լրացվել է 19.05.14 ՀՕ-21-Ն օրենքով, փոփոխվել, լրացվել, խմբագրվել 21.12.15 ՀՕ-184-Ն և խմբագրվել 16.12.16 ՀՕ-241-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԵԴ/0217/02/19 գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի մի շարք դրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է. «Դատական վարույթի ինչպես հրապարակային, արդար, այնպես էլ՝ արդյունավետ դատարանի բնութագրիչները, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացների իրացման ժամանակ դատավորը բախվում է նյութաիրավական նորմերի՝ պաշտպանվող արժեքի ենթադրյալ խախտման դեպքում ոչ համարժեք և ոչ ողջամիտ սահմանափակումների, մասնավորապես՝ երբ օրենսդրորեն այդ իրավունքի էությանը համարժեք ընթացքը չի ապահովվում՝ անհամաչափորեն սահմանափակելով դատարանի լիազորությունները և անհամաչափորեն դիմողի վրա դնելով պաշտպանվող արժեքի հետ ոչ համաչափ պահանջ կամ այդ արժեքին Պետության կողմից կատարված միջամտության արդյունքում խախտված իրավունքը վերականգնելու համար անհամաչափ բեռ»:

Անդրադառնալով Սահմանադրության 61-րդ հոդվածին՝ դիմողը նշում է, որ անձի ազատության իրավունքը երևակայական կլինի, եթե իրավական համակարգը թույլ չտա դատարանին այդ իրավունքի խախտման դեպքերում սահմանել համարժեք փոխհատուցման արդյունավետ միջոցներ, երբ դատարանն իրականում հնարավորություն չունի «երկուհազարապատիկից ավել փոխհատուցման չափ սահմանելու, եթե չի հիմնավորվել ծանր հետևանքը, սակայն առկա է հետևանք», այն է՝ անձը, օրինակ, 5, 10, 15, 20 տարի զրկված է եղել ազատությունից, որն ինքնին պետք է համարվի հանրահայտ փաստ, այլ ոչ թե դեռ ապացուցման ենթակա փաստ, ինչպիսի իմպերատիվ պահանջ նախատեսում է գործող օրենքը:

Դիմողի պնդմամբ՝ օրենսդրորեն առաջադրված կարգավորմամբ շարժվելով՝ դատարանը ստիպված է լինում արձանագրել, որ խախտված իրավունքը կրողը, օրինակ, չի ապացուցել ծանր հետևանքները, որոնք առաջացել են «ապօրինի ազատությունից զրկելու արդյունքում՝ անկախ անձի կրած անօրինական պատժի տևողությունից կամ ստիպված է լինում սահմանել այնպիսի փոխհատուցման չափ, որն, իր համոզմամբ, հետևանքների առաջացման տեսանկյունից (խոսքը ծանր հետևանքների մասին չէ), արդարացված չէ՝ սահմանափակված լինելով ընդամենը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի առավելագույն շեմով»:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթները «պետք է ի չիք չդարձնեն գործին մասնակցող և հիմնարար իրավունքների հնարավոր խախտման համար փոխհատուցում՝ արդարացի պատասխանատվություն պահանջող անձանց պաշտպանության իրավունքները՝ թույլ տալով Դատարանին ինքնուրույն որոշել, թե որքան փոխհատուցման չափ սահմանել և (կամ) թույլ տալ դատարանին սահմանել ավելի մեծ փոխհատուցման չափ՝ ավելացնելով փոխհատուցման առավելագույն շեմը և (կամ) ազատությունից զրկված լինելու տևողությունից կախված ինքնին համարել, որ առաջացել են ծանր հետևանքներ՝ առանց լրացուցիչ փաստակազմի միջոցով դա հիմնավորելու»:

Հղում կատարելով Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասին՝ դիմողը գտնում է, որ այն ամրագրում է ազատությունից ապօրինի զրկելու արդյունքում այդ իրավունքի պաշտպանության կոնկրետ հիմք-նպատակ, որի կիրառման կարգը պետք է սահմանվի օրենքով: Այդ դեպքում համաչափության սահմանադրական սկզբունքն օրենսդրին թելադրում է, որ տվյալ դեպքում անձնական ազատության սահմանափակման արդյունքում փոխհատուցում ստանալու անձի իրավունքը երաշխավորող օրենսդրական միջոցներն ընտրելիս դրանք լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Օրենսդրի կողմից ընտրված միջոցը պետք է համարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության նշանակությանը:

Ելնելով վերոգրյալից՝ դիմողը խնդրում է որոշել վիճարկվող դրույթների՝ «ամբողջությամբ կամ այնքանով, որքանով դրանք նախատեսում են փոխհատուցման խիստ նվազ առավելագույն չափեր կամ առհասարակ սահմանում են նման չափեր, չեն սահմանում իրավունքի խախտման տևողությունից ելնելով փոխհատուցման կոնկրետ չափեր՝ անկախ որևէ հետևանքի առկայությունն ապացուցելու պահանջի, ինչպես նաև փոխհատուցման չափի առավելագույն շեմից ավելին փոխհատուցում սահմանելու դեպքերի համար պահանջում են լրացուցիչ փաստակազմի առկայություն՝ ծանր հետևանքների ապացուցում», ՀՀ Սահմանադրության 3, 23, 27, 61, 62, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Հղում կատարելով Սահմանադրության համապատասխան հոդվածներին, Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (Կոնվենցիա), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված դիրքորոշումներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներին՝ պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթների շրջանակներում վնասների փոխհատուցում ստանալու և արդար դատաքննության իրավունքն իրացնելու անձի հնարավորությունը սահմանափակված չէ:

Պատասխանողի կարծիքով՝ օրենսդրի կողմից հստակ սահմանվել են ոչ նյութական վնասների փոխհատուցման կարգն ու չափանիշները, որոնց միջոցով անձն ստանում է ողջամիտ և արդարացի փոխհատուցում: «Ընդ որում, անձի փոխհատուցման իրավունքը ապահովված է որոշակիության բավարար աստիճանով, որը բխում է ելնելով մարդու իրավունքների երաշխավորման, և իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»:

Պատասխանողը նշում է, որ Օրենսգրքով նախատեսված է դրույթ, որի շնորհիվ անարդարացի դատապարտված անձը կարող է ստանալ օրենքով սահմանված վնասի փոխհատուցման առավելագույն չափը գերազանցող փոխհատուցում՝ պայմանով, որ վերջինս կներկայացնի բավարար ապացույցներ առ այն, որ անարդարացի դատապարտման արդյունքում իր համար առաջացել են ծանր հետևանքներ: Պատասխանողի կարծիքով նման բացառությունը ինքնանպատակ չէ և չպետք է հիմնված լինի ենթադրությունների և հավանականությունների վրա, ուստի դատարանը, հանդիսանալով արդարադատություն իրականացնող մարմին, ելնելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներից, պետք է իրականացնի գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն՝ հաշվի առնելով կողմերի վկայակոչած հանգամանքների հիմնավորվածությունը փաստող ապացույցները:

Վերոհիշյալը հիմք ընդունելով՝ պատասխանողը գտնում է, որ դատարանի կողմից օրինական և հիմնավորված վճիռ կայացնելու կապակցությամբ կարևորվում է անձի՝ ապացույցներ ներկայացնելու պարտավորությունը, քանի որ անորոշությունն ու կասկածը պետք է դուրս մնան կայացված վճռի հիմնավորումների շրջանակից: Հետևաբար, անձի՝ ոչ նյութական վնասի չափը որոշելիս դատարանը չի կարող հաշվի չառնել անձի ներկայացրած պահանջի հիմնավորվածության մակարդակը, քանի որ միայն այդ դեպքում դատարանը կկարողանա սահմանել վնասի համաչափ և արդարացի փոխհատուցում:

Ինչ վերաբերում է ներպետական օրենսդրությամբ սահմանված ոչ նյութական վնասի չափերը եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին համապատասխանեցնելուն, ապա պատասխանողը նշում է, որ նման տարբերությունը չի կարող հանգեցնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականությանը, քանի որ եվրոպական երկրների օրենսդրական փորձը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջները ենթադրում են ոչ թե ներպետական օրենսդրությամբ վնասի փոխհատուցման նույնական չափեր սահմանելը, այլ նպատակ են հետապնդում ապահովել յուրաքանչյուր անձի վնասի փոխհատուցման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումը, հետևաբար, ներպետական օրենսդրությամբ պետք է սահմանվեն վնասի փոխհատուցման այնպիսի չափեր, որոնց շնորհիվ անձը հնարավորություն կունենա ստանալ իր կրած ոչ նյութական վնասների համարժեք և արդարացի փոխհատուցում:

Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

 Նկատի ունենալով, որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթներով ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն չափերի սահմանման սահմանադրականության հարցը՝ հաշվի առնելով, որ այդ չափերից ավելի հատուցում տրամադրելու հնարավորությունը նախատեսված է միայն բացառիկ դեպքերում, երբ առաջացել են ծանր հետևանքներ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյոք ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն չափեր սահմանելն ապահովում է Սահմանադրության 62-րդ հոդվածով նախատեսված անձի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը, ինչպես նաև չի խոչընդոտում անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը.

- արդյոք վիճարկվող դրույթներով ոչ նյութական վնասի հատուցման չափերին վերաբերող իրավակարգավորումները համահունչ են Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության ու համաչափության սկզբունքներին, և արդյոք դրանցով նախատեսված սահմանափակումները գերազանցում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

Օրենսգրքի 17-րդ հոդվածը համապատասխան վնասների շարքին է դասում նաև ոչ նյութական վնասը, որը ենթակա է հատուցման՝ օրենքով նախատեսված դեպքերում: Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման հարցերին՝ Սահմանադրական դատարանը 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը վկայում է այն մասին, որ բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից: Այսպես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը»:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային իշխանության ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ներառում է նաև ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը:

Հաշվի առնելով ոչ նյութական վնասի հատուցման կարևորությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշումը՝ Օրենսգիրքն օրենսդրի կողմից լրացվել է 162.1-ին և 1087.2-րդ հոդվածներով, որոնցով սահմանվել են ոչ նյութական վնասի հատուցման կարգին և պայմաններին, ինչպես նաև չափերին վերաբերող դրույթներ:

Անդրադառնալով հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը վերաբերող իրավակարգավորումներին՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը.

նախ՝ ի տարբերություն նյութական վնասի՝ ոչ նյութական վնասի չափը անհնար է ճշգրիտ որոշել: Քանի որ ոչ նյութական վնասն անձի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքն է, ապա առաջին հերթին անձն ինքը պետք է հնարավորություն ունենա գնահատել այդ տառապանքի դիմաց հատուցման դրամական չափը,

երկրորդ՝ ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին, ինչը ենթադրում է, որ հատուցման չափը որոշելիս հաշվի են առնվում նաև պետության կամ համայնքի ֆինանսական հնարավորությունները,

երրորդ՝ ոչ նյութական վնասի՝ դրամական հատուցման վերջնական չափը որոշում է դատարանը՝ հիմք ընդունելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքները, ինչպես նաև հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառված վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները և այլ վերաբերելի հանգամանքներ,

չորրորդ՝ ոչ նյութական վնասի դրամական հատուցման համար նախատեսված է առավելագույն սահման, որով կաշկանդված են հատուցում պահանջող անձը և դատարանը (որոշակի վերապահումով կամ բացառությամբ)։

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանելուց բացի իրավակարգավորման է ենթարկել նաև այդ վնասի դրամական հատուցման առավելագույն չափը։

Այսպես՝ կյանքի իրավունքի կամ խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի խախտման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններով, ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն չափ է ընդունվել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ անձնական ազատության և անձեռնամխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնամխելիության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, հավաքների և միավորման ազատության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը և սեփականության իրավունքը խախտելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը։

Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ ոչ նյութական վնասի հատուցման պայմանները և կարգը կոնկրետացնող իրավակարգավորումների հետ ամբողջության մեջ այդ վնասի դրամական հատուցման առավելագույն չափ սահմանելը չի խոչընդոտում կամ չի սահմանափակում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը։ Այս առումով Օրենսգրքում առկա կարգավորումները միտված են մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված պաշտպանությանը, իսկ օրենքով ամրագրված ընդհանուր չափորոշիչները թույլ են տալիս գնահատել և որոշել հատուցման ենթակա ոչ նյութական վնասի դրամական արտահայտությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքով առկա փաստական հանգամանքների համակցությունը։

Սահմանադրական դատարանն իր՝ 07.11.2017 թ. ՍԴՈ-1383 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «… օրենսդիրը դատարանին է վերապահել յուրաքանչյուր կոնկրետ գործով ոչ նյութական վնասի հատուցման համարժեք չափի սահմանումը` միևնույն ժամանակ ամրագրելով այն առավելագույն չափանիշները (հատուցման առավելագույն չափը), որոնցով պետք է առաջնորդվի դատարանը վնասի հատուցման վերաբերյալ գործ քննելիս: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոչ նյութական վնասի հատուցման «համարժեք չափի» կոնկրետ բովանդակությունը, ելնելով Սահմանադրության 62-րդ հոդվածի իրավակարգավորումից, պետք է բացահայտվի իրավակիրառ գործունեության արդյունքում»:

4.2. Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ վիճարկվող դրույթներով ոչ նյութական վնասի հատուցման չափերին վերաբերող իրավակարգավորումներն անձի համար ընդհանուր առմամբ նախատեսում են դրամական հատուցում ստանալու իրավունքի երկու հիմնական սահմանափակում՝ խախտված հիմնարար իրավունքի տեսակը և հատուցման չափի առավելագույն դրամական արտահայտությունը (որոշակի վերապահումով կամ բացառությամբ)։

Այդ սահմանափակումներն իրենց բնույթով և բովանդակությամբ, հիմքերով ու ծավալով, կոնկրետության աստիճանով և առաջացնող հետևանքների առումով չեն խաթարում պատճառված վնասի համար հատուցում ստանալու իրավունքի էությունը, չեն նսեմացնում դրա արժեքը կամ նշանակությունը, ինչպես նաև թույլ են տալիս այդ իրավունքը կրողին և հասցեատիրոջը դրսևորել համապատասխան վարքագիծ։

Այս առումով հարկ է նշել, որ Կոնվենցիային կից Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից»: Այսինքն՝ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում հատուցման կարգն ու չափը, ուստի վնասի հատուցման առավելագույն չափ նախատեսելը գտնվում է պետության իրավազորության և հայեցողության շրջանակներում։

4.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ հատուցման ենթակա ոչ նյութական վնասի առավելագույն չափը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկով և երեքհազարապատիկով սահմանափակելով հանդերձ՝ Օրենսգիրքը բացառիկ դեպքերում նախատեսել է ավելի մեծ չափով հատուցում տրամադրելու հնարավորություն, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս հատուկ կարգավորման ուժով Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասն անձի համար, ի թիվս իր կրած վնասը հիմնավորելու ընդհանուր պահանջների (այս կամ այն իրավունքի խախտման փաստը, պահանջ ներկայացնելու ժամկետը, հատուցման չափը հիմնավորելը), հատուցման առավելագույն սահմանը գերազանցող չափ պահանջելու դեպքում նախատեսել է նաև ապացուցման լրացուցիչ պարտականություն, այն է՝ ըստ էության հիմնավորել տվյալ դեպքի բացառիկությունը և ծանր հետևանքների առկայությունը։ Ընդ որում, հատկանշական է, որ օրենսդրորեն չեն բացահայտվում, թե որո՞նք են բացառիկ դեպքերը, և ո՞ր հետևանքները կարող են դիտարկվել որպես ծանր:

Սույն գործով վիճարկվող դրույթներն իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից դիտարկելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ դիրքորոշումներին: Մասնավորապես, 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 25.11.2008 թ. ՍԴՈ-780 որոշման մեջ արձանագրել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել։ Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում։

Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված «բացառիկ դեպքերում» և «ծանր հետևանքներ» եզրույթների վերլուծությունը և դրանց համադրումը նույն հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորման հետ ցույց է տալիս, որ որոշակի դեպքեր պետք է ունենան «արտասովոր» կամ «արտակարգ» բնույթ, որպեսզի դրանցով տրամադրվող ոչ նյութական վնասի հատուցման չափը կարողանա գերազանցել Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանը:

Նման իրավակարգավորման պայմաններում դատարանն անձի պահանջի լույսի ներքո, նախ՝ պետք է գնահատի տվյալ դեպքի բացառիկությունը, այնուհետև՝ պատճառված վնասի արդյունքում ծանր հետևանքների առաջացումը և դրանց վերաբերյալ դրական եզրահանգման գալուց հետո միայն որոշի, թե ոչ նյութական վնասի հատուցման չափն Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը որքանով կարող է գերազանցել:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ժողովրդավարական և իրավական պետությունում հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հաստատված ցանկացած դեպք ինքնին պետք է գնահատվի որպես բացառիկ, իսկ դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջող յուրաքանչյուր անձի համար այն բացառիկ է յուրովի։ Այս հիմքով ոչ նյութական վնասի հատուցման որևէ դեպք չի կարող մյուսի նկատմամբ բացառիկ համարվել։ Ուստի, այն չպետք է անձի համար իր կրած ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի «արտասովորությունը» հիմնավորելու լրացուցիչ պարտականություն նախատեսի։ Նույն պատճառով դատարանը չպետք է կոնկրետ դեպքի հանգամանքները գնահատի ինքնին կամ այլ դեպքի վերաբերելի հանգամանքների հետ բացառիկության տեսանկյունից և չպետք է իր կողմից կայացվելիք որոշման հիմքում դնի այդ անորոշ չափանիշը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման այս կամ այն դեպքի բացառիկությունը հիմնավորելու անորոշ պարտականություն սահմանելն անձի համար առաջացնում է իր խախտված իրավունքի վերականգնմանը խոչընդոտող անհամաչափ բեռ, որը նրան զրկում է իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։

4.4. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ անձի կողմից ոչ նյութական վնասի դրամական հատուցման համար օրենքով նախատեսված առավելագույն սահմանը գերազանցող պահանջ ներկայացնելու դեպքում հավելյալ իրավական շեմեր հաղթահարելու անհրաժեշտությունը համաչափ է պետության կողմից պաշտպանվող արժեքին։

Նույնանման իրավունքի խախտման պարագայում այլ անձի համեմատ ավելի մեծ դրամական հատուցում ստանալու հավակնության դեպքում անձը պետք է ապացուցի որոշակիորեն տարբերվող կամ իրենց բնույթով մյուս դեպքերի հետ չնույնացող հանգամանքները (որոնք կարող են լինել կամ գնահատվել որպես ծանր հետևանքներ)։ Նման հանգամանքները ողջամտորեն կարող են հիմք հանդիսանալ ոչ նյութական վնասի հատուցման՝ օրենքով նախատեսված առավելագույն սահմանը գերազանցելու համար, օրինակ, ի տարբերություն այլ դեպքերի՝ անարդարացի դատապարտման հետևանքով անձը կարող է ստանալ հաշմություն կամ առողջության այլ վնաս, իսկ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելիս կարող են հրապարակվել նաև անձի անձնական կյանքին վերաբերող տվյալներ։

Հետևաբար, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «ծանր հետևանքներ» հասկացությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է գնահատման դատարանի կողմից՝ ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից: Գործը քննող դատարանն է իրավասու որոշել, թե արդյոք տվյալ անձին պատճառված վնասի արդյունքում առաջացած հետևանքները ծանր են, թե ոչ։

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման՝ օրենքով նախատեսված առավելագույն սահմանը գերազանցող հատուցման չափին, ապա այն դատարանի կողմից որոշվելու է՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով ամրագրված չափանիշները։

Վերոնշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը (գանգատ թիվ 22999/06, 12.06.2012 թ.), որով Եվրոպական դատարանը սահմանել է հետևյալը. «…Դատարանը գտնում է, որ Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլ նաև արդարադատության ոչ պատշաճ իրականացման հետևանքով դատապարտված անձին ցանկացած ոչ նյութական վնասի մասով, օրինակ՝ տագնապի, անհանգստության, անհարմարության և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար փոխհատուցման տրամադրումն է: Այնուամենայնիվ, սույն գործում նման փոխհատուցում չի տրամադրվել դիմումատուին»:

 Բացի դրանից, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից Թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցում, որը Թիվ 7 արձանագրության դրույթների մեկնաբանությունն է, նշված է, որ բոլոր դեպքերում, երբ Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի նախապայմանները բավարարվում են, փոխհատուցումը վճարվում է ներպետական օրենսդրության կամ պրակտիկայի համաձայն: Դա չի նշանակում, որ փոխհատուցում չի վճարվում, եթե օրենքում կամ պրակտիկայում նախատեսված չէ այդպիսի փոխհատուցում: Դա նշանակում է, որ ներպետական օրենսդրությունը կամ պրակտիկան պետք է նախատեսի փոխհատուցման վճարում այն բոլոր դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է այդ հոդվածը: Զեկույցի 25-րդ կետում նշված է նաև. «Ենթադրվում է, որ պետությունները պարտավորված կլինեն փոխհատուցում վճարել անհատներին միայն բացահայտ դատական սխալի դեպքերում, այն իմաստով, որ համապատասխան անձը կճանաչվի բացահայտ անմեղ: Այս հոդվածը նպատակ չունի ապահովելու հատուցման իրավունքներ, եթե բոլոր նախապայմանները չեն պահպանվել, օրինակ, երբ վերաքննիչ դատարանը բեկանել է մեղադրական դատավճիռը, քանի որ հայտնաբերվել է փաստ, որը հանգեցրել է մեղադրյալի մեղավորության վերաբերյալ ողջամիտ կասկածի, և որը բաց է թողնված եղել 1-ին ատյանի դատավորի կողմից»1:

Ակնհայտ է, որ Կոնվենցիային կից Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը գործնականում կարող է ապահովվել ոչ միայն այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը կսահմանի փոխհատուցման որոշակի չափանիշներ, այլև փոխհատուցման չափի դատական հայեցողությամբ ձևավորած պրակտիկայի արդյունքում: Զեկույցի 25-րդ պարբերությամբ ևս նշվել է, որ որևէ օրենսդրական խոչընդոտ չպետք է առկա լինի փոխհատուցում տրամադրելիս, որն ուղղակի վերաբերում է նաև փոխհատուցման չափը որոշելուն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասի «բացառիկ դեպքերում» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

________________________

1 Explanatory Report to the Protocol No. 7 to the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms, Strasbourg, 22.XI.1984, Commentary on Article 3, p. 5-6.

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1513

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան