Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6284/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/6284/05/14
2017 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան  

Դատավորներ՝

Ա. Աբովյան
Ա. Սարգսյան
Գ. Ղարիբյան
 

Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ռ. հակոբյանի

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Գ. հակոբյանի

 

 

Տ. Պետրոսյանի

   

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱնԻ

   

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի փետրվարի 24-ին,

քննարկելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Հարություն Մարությանը, Արմեն Տեր-Հովհաննիսյանը, Մարիամ Ստեփանյանը, Մարիանա Աղաջանյանը, Նարեկ Սահակյանը և Գայանե Ասոյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Նելլի Հարությունյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, այդ որոշման հիման վրա թիվ 78 տարածքի նկատմամբ կատարած Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, այդ գրանցման հիման վրա Քաղաքապետարանի կողմից 14.06.2012 թվականին հայտարարված աճուրդը և այդ աճուրդի արդյունքում Երևան համայնքի և քաղաքացի Նելլի Հարությունյանի միջև 18.07.2012 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին` միաժամանակ միջնորդելով վերականգնել նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Մելքումյան, դատավորներ` Ա. Ավագյան, Կ. Ավետիսյան, Ռ. Խանդանյան, Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 19.11.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.01.2016 թվականի որոշմամբ Հարություն Մարությանի, Արմեն Տեր-Հովհաննիսյանի, Մարիամ Ստեփանյանի, Մարիանա Աղաջանյանի, Նարեկ Սահակյանի և Գայանե Ասոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» թիվ ՎԴ/6284/05/14 որոշումը մասնակիորեն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի (դիմումի) ընդունումը՝ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժելու մասով վերացնել: ՀՀ վարչական դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» թիվ ՎԴ/6284/05/14 որոշումը մնացած՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք թիվ 78 տարածքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, այդ գրանցման հիման վրա Քաղաքապետարանի կողմից 14.06.2012 թվականին հայտարարված աճուրդը և այդ աճուրդի արդյունքում Երևան համայնքի և քաղաքացի Նելլի Հարությունյանի միջև 18.07.2012 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներով հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարություն Մարությանի, Արմեն Տեր-Հովհաննիսյանի, Մարիամ Ստեփանյանի, Մարիանա Աղաջանյանի, Նարեկ Սահակյանի և Գայանե Ասոյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը, 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 193-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու պահանջ ներկայացնելու համար սահմանված են դատավարական ժամկետներ, մասնավորապես՝ այն դեպքում, երբ վիճարկվում է իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտ, իսկ տվյալ դեպքում վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կիրառված չէ հայցվորների (դիմողների) նկատմամբ, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում չորսամսյա ժամկետը հաշվարկվում է այն օրվանից հետո, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը մտել է ուժի մեջ: Այսինքն` տվյալ դեպքում հայցվորների (դիմողների) կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտը մտել է ուժի մեջ 08.06.2009 թվականին, հետևաբար չորսամսյա ժամկետը հաշվարկվում է այդ ամսաթվից և ստացվում է, որ վիճարկման համար վերջնաժամկետ է հանդիսացել 08.10.2009 թվականը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է դիտվեր այն օրվա հաջորդ օրը, երբ հայցվորների (դիմողների) պնդմամբ վերջիններս իմացել են վիճարկվող նորմատիվ ակտի կիրառմամբ անհատական իրավական ակտի՝ վարչական ակտի ընդունման, այն է՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենքի թիվ 78 տարածքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի 08.07.2010 թվականի պետական գրանցման մասին, անհիմն է:

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին համարվել են փոխանցված (հանձնված)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը: Նշված որոշմամբ հստակ հասցեներով չի սահմանվել, թե կոնկրետ որ գույքն է համարվում փոխանցված Երևան քաղաքին, ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումն ուղղակիորեն դրույթ չի պարունակում Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի վերաբերյալ:

Հայցվորները (դիմողները) օբյեկտիվորեն զրկված չեն եղել օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու իրենց իրավունքն իրացնելու համար իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, մինչդեռ դրսևորել են անգործություն, ինչի հետևանքները պետք է կրեն հայցվորները (դիմողները):

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերաքննիչ բողոքը բավարարելու մասով վերացնել Վերաքննիչ դատարանի 08.01.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված են եղել բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել այն փաստը հաստատված համարելու համար, որ հայցվորները (դիմողները) ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման կիրառման մասին իրազեկվել են 11.08.2014 թվականին, իսկ Կադաստրից համապատասխան փաստաթղթերը հայցվորների (դիմողների) ներկայացուցիչն ստացել է 16.09.2014 թվականին, հետևաբար հայց ներկայացնելու համար սահմանված չորսամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 16.09.2014 թվականից, այլ ոչ թե ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահից, այն է` 08.06.2009 թվականից: Իրազեկումը 11.08.2014 թվականին տեղի ունենալու, դրա հիման վրա Կադաստրի կողմից 16.09.2014 թվականին անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները տրամադրվելու հանգամանքը հիմք է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության 193-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության համար:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման հարցի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի, 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 193-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս, օրինակ, Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով ՄԻԵԴ 21.11.2001 թվականի վճիռը, պարբ. 53): Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս, Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով ՄԻԵԴ 09.10.1979 թվականի վճիռը, պարբ. 26):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել անձին վիճարկելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերը՝ միաժամանակ տարանջատելով այդպիսի հնարավորության ծագման համար հետևյալ հիմքերը.

վիճարկվող նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ կիրառվել է անհատական իրավական ակտով կամ ռեալ ակտով, ինչի արդյունքում խախտվել են վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իրավունքները,

նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ չի կիրառվել, սակայն դրանով կամ դրա դրույթով կարող են խախտվել վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «անձի նկատմամբ նորմատիվ իրավական ակտի՝ անհատական իրավական ակտով կիրառում» և «նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ ընդունված անհատական իրավական ակտ» հասկացություններն առերևույթ նման լինելով հանդերձ ունեն բովանդակային տարբերություն:

 Այսպես, առաջին իրավիճակն առկա է այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի անհատական իրավական ակտ, այսինքն՝ անհատական իրավական ակտը տվյալ դեպքում հանդիսանում է նորմատիվ իրավական ակտի կիրառման ապահովման միջոցը: Այս դեպքում անձի իրավունքների խախտման պարագայում քննարկման առարկա է հանդիսանում նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը: Մինչդեռ երկրորդ դեպքում անհատական իրավական ակտն ընդունվում է որևէ հարց կարգավորելու նպատակով, որի համար կիրառվում է նորմատիվ իրավական ակտը: Այսինքն՝ այդ դեպքում անհատական իրավական ակտը չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոց, այլ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ է պայմանավորվում այն հարցի լուծումը, որի համար ընդունվում է անհատական իրավական ակտը: Հետևաբար այս դեպքում անձի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է ոչ թե կիրառված նորմատիվ իրավական ակտի, այլ նորմատիվ իրավական ակտի կիրառման իրավաչափությամբ:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, այն է՝ երբ նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ չի կիրառվել, սակայն դրանով կամ դրա դրույթով կարող են խախտվել վերջինիս իրավունքները, վարչական դատարան դիմելու համար սահմանվել է չորսամսյա ժամկետ՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

Միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին:

Նշված համատեքստում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանով սահմանված չորսամսյա ժամկետը վերաբերում է այն դեպքերին, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ կիրառվել է անհատական իրավական ակտով կամ ռեալ ակտով, սակայն անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին, կամ չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին: Այսպիսի դեպքերի համար վարչական դատարան դիմելու չորսամսյա ժամկետը սկսում է հոսել այն օրվանից հետո, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները կիրառելի են այն դեպքերի համար, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ կիրառվել է անհատական իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության միջոցով, սակայն վերջինս անհատական իրավական ակտի կամ գործողության կամ անգործության մասին չի իմացել կամ չի իրազեկվել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

 Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

 Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, օրինակ, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը):

 Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, մասնավորապես, նշված որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին են համարվում փոխանցված (հանձնված)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման կողմից տրված թիվ 2705469 սեփականության իրավունքի գրանցման պետական գրանցման վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի հիման վրա 08.07.2010 թվականին Երևանի քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի թիվ 78 տարածքի նկատմամբ գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30-32):

Հարություն Մարությանը, Արմեն Տեր-Հովհաննիսյանը, Մարիամ Ստեփանյանը, Մարիանա Աղաջանյանը, Նարեկ Սահակյանը և Գայանե Ասոյանը 12.11.2014 թվականին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Նելլի Հարությունյանի, Կադաստրի` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, այդ որոշման հիման վրա թիվ 78 տարածքի նկատմամբ կատարած Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, այդ գրանցման հիման վրա քաղաքապետարանի կողմից 14.06.2012 թվականին հայտարարված աճուրդը և այդ աճուրդի արդյունքում Երևան համայնքի և քաղաքացի Նելլի Հարությունյանի միջև 18.07.2012 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին` միաժամանակ միջնորդելով վերականգնել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը` հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակի կողմից վիճելի հասցեի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները տրամադրվել են 16.09.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-9):

Դատարանը, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ 14.06.2012 թվականին հայտարարված՝ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի, այդ թվում՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի թիվ 78 տարածքի օգտագործման տրամադրելու և օտարելու վերաբերյալ աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվել է «Ազգ» օրաթերթում, իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով աճուրդի մասին հրապարակային ծանուցման միջոց է հանդիսանում զանգվածային լրատվության միջոցում աճուրդի մասին հայտարարության հրապարակումը: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշման հիման վրա կատարված` խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին հայցվորները պարտավոր էին իմանալ «Ազգ» օրաթերթի հայտարարությունից, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել աճուրդի մասին հայտարարությունը «Ազգ» օրաթերթում հրապարակվելու պահից` 14.06.2012 թվականից:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող իրավահարաբերության մասնակիցների շրջանակը ձևավորվում է հրապարակային սակարկությունների միջոցով օտարվող գույքի, գույքային իրավունքների ձեռք բերման հավակնություն ունեցող անձանց այդ հարաբերություններին մասնակցելու ազատ կամաարտահայտության հիման վրա, և գտել է, որ գույքի, գույքային իրավունքների հրապարակային սակարկություններով օտարելու մասին զանգվածային լրատվության միջոցով հայտարարությունը կարող է վերաբերել այն անձանց շրջանակին, որոնք իրենց ազատ կամաարտահայտության հիման վրա այդ գույքը, գույքային իրավունքը ձեռք բերելու հավակնություն են ունեցել (կարող էին ունենալ) և որևէ կերպ չի կարող կրել համատարած բնույթ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ աճուրդի մասին հայտարարությունը չի կարող վկայել այն մասին, որ աճուրդով օտարվող գույքը, գույքային իրավունքը ձեռք բերելու իր ազատ կամաարտահայտության վրա հիմնված հավակնություն չունեցող անձը պարտավոր էր նման եղանակով գույքը, գույքային իրավունքն օտարելու վերաբերյալ հրապարակված ծանուցման փաստով իմանալ գույքը, գույքային իրավունքն օտարող անձի անվամբ այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ վարչական ակտի ընդունման մասին:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ անհատական իրավական ակտի հասցեատերը հանդիսացել է Երևան համայնքը, իսկ դիմողները դրա մասին չեն իրազեկվել, գտել է, որ սույն գործով կիրառման ենթակա են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավարական ժամկետները, և եզրակացրել է, որ որպես նորմատիվ իրավական ակտի վիճարկման դիմումը ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկի սկիզբ, պետք է դիտվեր այն օրվան հաջորդող օրը, երբ դիմողների պնդմամբ վերջիններս իմացել են վիճարկվող նորմատիվ ակտի կիրառմամբ անհատական իրավական ակտի՝ վարչական ակտի՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենք թիվ 78 տարածքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի 08.07.2010 թվականի պետական գրանցման, ընդունման մասին, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակից 11.09.2014 թվականին ներկայացված դիմումին ի պատասխան դիմողները Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի թիվ 78 տարածք հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները ստացել են 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմողների կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտը վիճարկելու նպատակով վարչական դատարան դիմում ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չորսամսյա դատավարական ժամկետը բաց չի թողնվել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ, գտնում է, որ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը դիմողների նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտ է, քանի որ նշված որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, իսկ որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը վերաբերվում է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ պետության իրավունքները Երևան քաղաքին փոխանցելուն, ընդ որում, հստակ հասցեներով չեն սահմանվել, թե որ հողամասերն են փոխանցվել Երևան քաղաքին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոք բերած անձի այն փաստարկները, որ վիճարկվող որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենքի հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով չի պարունակում որևէ դրույթ, որի անվավերությամբ կվերականգնվեր դիմողների իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը վիճարկելու համար նախատեսված չորսամսյա ժամկետը պետք է հաշվարկվի նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորների կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտը մտել է ուժի մեջ 08.06.2009 թվականին, հետևաբար դրա վիճարկման համար վերջնաժամկետ է հանդիսացել 08.10.2009 թվականը:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման վերաբերյալ և ըստ այդմ, սույն գործով դատարան դիմելու ժամկետի հաշվարկի սկիզբն այն օրվա հաջորդ օրը դիտարկելը, երբ հայցվորներն (դիմողները) իմացել են Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի թիվ 78 տարածքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի 08.07.2010 թվականի պետական գրանցման մասին, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները կիրառելի են այն դեպքերի համար, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն անձի նկատմամբ կիրառվել է անհատական իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության միջոցով, սակայն վերջինս անհատական իրավական ակտի կամ գործողության կամ անգործության մասին չի իմացել: Մինչդեռ տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց վերը, ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը դիմողների նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտ է:

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը դիմողների նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտ լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու համար վերջիններս պետք է ապացուցեին, որ օրենքով սահմանված՝ վիճարկվող որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով բաց են թողել օրենքով նախատեսված դատավարական ժամկետները:

 

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Դատարանը սխալ է պատճառաբանել բաց թողնված դատավարական ժամկետը մերժելու վերաբերյալ իր որոշումը՝ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման վերաբերյալ հայցվորների իրազեկման հնարավորությունը պայմանավորելով Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի թիվ 78 տարածքն օգտագործման տրամադրելու և օտարելու վերաբերյալ աճուրդի մասին հայտարարությունը «Ազգ» օրաթերթում հրապարակվելու պահով, այն դեպքում, երբ հայտարարությունը նախ տեղեկություն չի պարունակում նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ ընդունված անհատական իրավական ակտի մասին, ավելին՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ հայցվորների կողմից ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը վիճարկելու համար նախատեսված չորսամսյա ժամկետը պետք է հաշվարկվի նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, այդուհանդերձ ճիշտ եզրահանգման է եկել գործի դատավարական ելքի վերաբերյալ՝ նկատի ունենալով նաև այն, որ հայցվորները բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունում չեն ներկայացրել բավարար փաստարկներ և հիմնավորումներ՝ ՀՀ կառավարության նշված որոշումը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը (քննարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո չորս ամիս) հարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չեն եղել բավարար հիմքեր Դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը՝ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտա 48-րդ շենքի հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, անվավեր ճանաչելու պահանջով, մերժելու մասով վերացնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման` ՀՀ վարչական դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը մասնակիորեն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի (դիմումի) ընդունումը՝ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, անվավեր ճանաչելու պահանջով, մերժելու մասով վերացնելու մասը և կայացնել նոր դատական ակտ` ՀՀ վարչական դատարանի 19.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի (դիմումի) ընդունումը՝ ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի 48-րդ շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժելու մասով թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

ռ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան