ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՔԴ/0086/11/17 |
ԵԱՔԴ/0086/11/17 |
Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` | ||
դատախազ | Հ. Թադևոսյանի | |
դիմողի ներկայացուցիչ | Ա. Ղարագյոզյանի |
2019 թվականի ապրիլի 11-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ դիմող Լաուրա Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի ապրիլի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը (այսուհետ` նաև Քննիչ) որոշում է կայացրել Լաուրա Կարոյի Զաքարյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:
1.1 Վերոհիշյալ որոշման դեմ դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին, որը 2017 թվականի մայիսի 3-ի որոշմամբ մերժվել է:
2. 2017 թվականի հունիսի 2-ին դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2017 թվականի մայիսի 3-ի որոշումները և ճանաչել Լ.Զաքարյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:
Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է և վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշումը:
3. Դատախազ Հ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը՝ մերժելով դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Լ.Զաքարյանը 2017 թվականի մարտի 21-ին դիմել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությանը և հաղորդում ներկայացրել այն մասին, որ 2017 թվականի մարտի 18-ին գտնվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակում ու մասնակցել Արթուր Սարգսյանին Երևանի՝ «Եռաբլուր» կոչվող գերեզմանատանը հուղարկավորելու նպատակով անցկացվող հավաքին: Որոշ ժամանակ անց, հավաքված անձանց կողմից կազմակերպվել է երթ դեպի ՀՀ կառավարության շենք: Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, պահանջելով խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծ, սկսել են սեղմել ժողովրդին, որի ընթացքում առաջացած հրմշտոցի ժամանակ ինքը վայր է ընկել և ստացել աջ ուսագլխի տեղաշարժով կոտրվածք, ինչպես նաև մարմնի տարբեր հատվածներում սալջարդի տեսքով մարմնական վնասվածքներ: Դիմող Լ.Զաքարյանը հաղորդմամբ պահանջել է պատժել նշված օրն այդ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին1:
5.1 Դիմող Լ.Զաքարյանի հանցագործության մասին հաղորդումը «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից 2017 թվականի մարտի 21-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն2:
6. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման համաձայն՝ «(…) [Մ]արդկանց մեջ առաջացած իրարանցման հետևանքով Լ.Զաքարյանի վայր ընկնելն ու մարմնական վնասվածքներ ստանալը տեղի է ունեցել ոչ թե ոստիկանության ծառայողների կամ ներկա գտնվող քաղաքացիների մեղավորությամբ կատարված գործողությունների, այլ՝ պատահարի արդյունքում: Ոստիկանության ծառայողները կատարել են իրավաչափ գործողություններ, որոնք միտված են եղել ապահովելու (…) ճանապարհային երթևեկության վերականգմանն ու հասարակական կարգի ապահովմանը, ուստի բացակայում են (…) հանցագործությ[ան] հատկանիշները (…)»3:
7. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը, նշել է. «(…) Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, քրեական պատասխանատվությունը բացառելու դեպքում, յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով նախ պետք է բացահայտվի ենթադրյալ կոնկրետ հանցավոր արարքը` դրա արտաքին դրսևորումը, այն կատարող ենթադրյալ անձը, այդ անձի ներքին, հոգեբանական վերաբերմունքը այդ ենթադրյալ հանցավոր արարքի նկատմամբ, որից հետո միայն քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի բացակայության դեպքում որոշում կայացվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևության հանգելու համար անհրաժեշտ է հաստատել կամ բացառել կոնկրետ արարքի փաստական հատկանիշների և քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշների միջև եղած նույնությունն ու իրավաբանական որակումը: Հակառակ պարագայում, եթե չկա կոնկրետ ենթադրյալ հանցավոր արարք, այն ենթադրաբար կատարած անձ, ապա հետևությունն առ այն, որ արարքում բացակայում է հանցակազմը, իրավաչափ համարվել չի կարող:
Դատարանը փաստում է, որ Լ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա Քննիչը, չբացահայտելով ենթադրյալ հանցավոր արարքը, ենթադրաբար այն կատարած անձին, որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ նշված որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների խախտմամբ, ուստի դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը պետք է բավարարել և վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը:
Ինչ [վերաբերում է] քննարկվող բողոքի հիմքում դրված հիմնավորումներին, ապա Դատարանը գտնում է, որ դրանց հնարավոր կլինի անդրադառնալ սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո (…)»4:
8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) Լաուրա Զաքարյանի հաղորդման շուրջ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու տեղեկությունները կոնկրետ դեպքում բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը տվյալ դեպքում բացակայում են: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս՝ Քննիչի կողմից, թույլ չի տրվել նյութական և դատավարական օրենսդրության պահանջների այնպիսի խախտումներ, որպիսիք կարող էին էական ազդեցություն ունենալ կայացված որոշման օրինականության հարցում և կհանգեցնեին դիմողի իրավունքների ու ազատությունների խախտման կամ անհամաչափ սահմանափակման:
Վերը նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի որոշումն այն դեպքում, երբ գործի նյութերում առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեև Առաջին ատյանի դատարանը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի որոշումը, այնուամենայնիվ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության վերաբերյալ հետևության չի հանգել: Նշվածը հիմք է տալիս համաձայնելու նաև վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ վիճարկվող որոշումը որևէ հիմնավորում չի պարունակում առ այն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ բերված բողոքի դատական ստուգման արդյունքում պարզվել են քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը:
(…)
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ Քննիչը չբացահայտելով ենթադրյալ հանցավոր արարքը, ենթադրաբար այն կատարած անձին, որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ Քննիչը չի բացահայտել ենթադրյալ հանցավոր արարքը անհիմն է։ Քննիչի վիճարկվող որոշումից երևում է, որ դրանում Քննիչը փաստել է Լաուրա Զաքարյանի մարմնական վնասվածք ստանալու դեպքի առկայությունը և հանգամանքները։ Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ արարքը կատարած անձի բացահայտված չլինելուն, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշվածը կոնկրետ դեպքում արարքում հանցակազմի բացակայությունը փաստելու համար որևէ էական նշանակություն ունենալ չէր կարող (…)»5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 17-րդ, 290-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է ոչ պատշաճ և թերի քննություն, չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված միջոցները` քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:
9.1 Բողոքաբերը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ տուժողը բացատրություն է տվել դեղերի և ցավի ազդեցության տակ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում միայն Լ.Զաքարյանից բացատրություն վերցնելով՝ հնարավոր չէր պարզել առերևույթ հանցանքի առկայությունը կամ բացակայությունը:
9.2 Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ վարույթն իրականացնող մարմինը չի զննել մամուլում հրապարակված տեսանյութը, և գտել է, որ նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են գալու այն եզրահանգման, որ բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը:
9.3 Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը որևէ պատճառաբանություն չի պարունակում ինչպես դեպքի օրը ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից համաչափ և օրինական գործողություններ կատարելու, այնպես էլ` վարույթն իրականացնող մարմնի կողմից «վատ վերաբերմունք»-ի ենթադրյալ փաստարկների վերաբերյալ արդյունավետ քննություն իրականացնելու մասին, ուստի դատարանի այդ հետևությունն առավել քան անորոշ է:
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունվարի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը և (կամ) քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայության հիմքերի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) բացակայում է հանցագործության դեպքը.
2) արարքի մեջ հանցակազմ չկա. (…)»:
⚖13.1 Քրեական գործով վարույթը և (կամ) քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում իր իսկ կողմից ձևավորված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի՝
ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով,
բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով6:
13.2 Ընդ որում, կախված քրեական գործով վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու՝ օրենքով նախատեսված հիմքի բովանդակությունից, շահագրգիռ անձանց համար տարբեր իրավական հետևանքներ են առաջանում: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս կամ գործի վարույթը կարճելիս անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ստանում է նաև անօրինական կամ չհիմնավորված քրեական հետապնդման արդյունքում իր խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք: Մինչդեռ, քրեադատավարական օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս անձն արդարացվածի կարգավիճակ չի ստանում, հետևաբար չի ստանում նաև դատավարական այդ կարգավիճակից բխող այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն:
13.3 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ, նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովելու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք՝ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայմանավորված է.
ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով՝ քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ,
բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում՝ արդարացման հիմքի մասով բողոքարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործողության ապահովման անհրաժեշտությամբ7:
14. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործով վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է այդ որոշման մեջ արձանագրի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, պայմանավորված այդ հիմքերի՝ արդարացնող կամ ոչ արդարացնող բնույթով և անգամ արդարացնող հիմքերի տարբեր իրավական նշանակությամբ՝ դրանց սխալ կիրառումը կարող է հանգեցնել անձի համար անբարենպաստ իրավական հետևանքների։
15. Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը, ինչպես նաև վերջիններիս խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում8։ Քրեական գործ հարուցելու փուլի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության բաղկացուցիչ մասն է, հետևաբար, ունի այն նույն ընդհանուր նպատակը և խնդիրները, ինչ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը։ Ըստ այդմ, քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է պարզի`
ա) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելիս պահպանվել են արդյո՞ք քրեադատավարական օրենսդրության պահանջները, եթե ոչ, ապա
բ) դրանց չպահպանման հետևանքով խախտվել են արդյո՞ք անձի իրավունքներն ու ազատությունները9։
16. Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ է կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն հիմքը և խախտում հայտնաբերելու դեպքում իր որոշմամբ արձանագրի վարույթը բացառող հանգամանքի սխալ կիրառման փաստը՝ հիմքեր ստեղծելով անձի խախտված իրավունքը վերականգնելու համար:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը և (կամ) քրեական հետապնդումը բացառող հիմքերից` հանցագործության դեպքի բացակայությունը և արարքում հանցակազմի բացակայությունը թեև միմյանց հետ սերտորեն փոխկապված են, սակայն քրեադատավարական օրենքով դրանց տրված նշանակությունը և հետևանքները տարբեր են:
Քրեական գործով վարույթը և (կամ) քրեական հետապնդումը բացառող հիմքերից արարքում հանցակազմի բացակայությունը ենթադրում է քննության առարկան կազմող արարքի անհամապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ հանցակազմի օրենսդրական նկարագրությանը:
18. Սույն գործի փաստերից հետևում է, որ Քննիչի՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողները կատարել են իրավաչափ գործողություններ, որոնք միտված են եղել ճանապարհային երթևեկության վերականգմանն ու հասարակական կարգի ապահովմանը, իսկ Լ.Զաքարյանի վայր ընկնելն ու մարմնական վնասվածքներ ստանալը տեղի է ունեցել ոչ թե ոստիկանության ծառայողների կամ ներկա գտնվող քաղաքացիների մեղավորությամբ կատարված գործողությունների, այլ՝ պատահարի արդյունքում10։
Դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանը, դատական ստուգման ենթարկելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, առանց անդրադառնալու բողոքում բարձրացված փաստարկներին, գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը, որոշում կայացնելով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, թույլ է տվել դատավարական նորմերի խախտում, քանի որ արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար պետք է բացահայտվի ենթադրյալ կոնկրետ արարքը` դրա արտաքին դրսևորումը, այն կատարող ենթադրյալ անձը, այդ անձի ներքին, հոգեբանական վերաբերմունքն այդ ենթադրյալ արարքի նկատմամբ, և եթե չկա կոնկրետ ենթադրյալ հանցավոր արարքը, այն ենթադրաբար կատարած անձ, ապա հետևությունն առ այն, որ արարքում բացակայում է հանցակազմը, իրավաչափ համարվել չի կարող11։
Վերաքննիչ դատարանը բեկանել ու փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` մերժելով դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը՝ փաստելով, որ Լ.Զաքարյանի հաղորդման շուրջ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու տեղեկությունները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը տվյալ դեպքում բացակայում են: Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ ենթադրյալ արարքը կատարած անձի բացահայտված չլինելը նշված կոնկրետ դեպքում արարքի հանցակազմի բացակայությունը փաստելու համար որևէ էական նշանակություն չէր կարող ունենալ12։
19. Սույն որոշման 13-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով նշված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչը, արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով այն պարագայում, երբ նույն որոշման մեջ փաստել է, որ Լ.Զաքարյանի վայր ընկնելն ու մարմնական վնասվածքներ ստանալը տեղի է ունեցել պատահարի արդյունքում, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները, քանի որ կիրառել է քրեական գործի վարույթը բացառող՝ իր որոշման պատճառաբանությունից չբխող հիմք:
20. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն առ այն, որ առանց փաստելու ենթադրյալ արարքի առկայությունը, Քննիչի կողմից որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, իրավաչափորեն արձանագրել է Քննիչի կողմից վարույթը բացառող հանգամանքի սխալ կիրառման փաստը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, հիշյալ փաստն անտեսել է:
21. Անդրադառնալով Լ.Զաքարյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու վերաբերյալ հարցին, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այն քննարկման առարկա կարող է դարձվել իր որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո13: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Լ.Զաքարյանի հաղորդման շուրջ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու տեղեկությունները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը տվյալ դեպքում բացակայում են14: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, չանդրադառնալով դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքում բարձրացված հարցերին, անհամաչափորեն սահմանափակել է դիմողի դատական պաշտպանության իրավունքը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի՝ սույն որոշման 9.1-9.3-րդ կետերում ներկայացված այն փաստարկներին, որ Քննիչի կողմից չի իրականացվել Լ.Զաքարյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
22. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և դիմող Լ.Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 185-րդ հոդվածներով նախատեսված պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով վարույթը բացառող հանգամանքի սխալ կիրառման փաստը և վերացնելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին Քննիչի` 2017 թվականի ապրիլի 4-ին որոշումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի, անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
23. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ տվյալ դեպքում նախաքննության մարմինը հարուցված քրեական գործով վարույթի շրջանակում պետք է համարժեք անդրադարձ կատարի դիմողի բարձրացրած՝ սույն որոշման 9.1-9.3-րդ կետերում ներկայացված փաստարկներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Լաուրա Զաքարյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի` բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 11-13:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 14:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 19:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 128-129:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 47-48:
6 Տե՛ս Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 15-րդ կետը:
7 Տե՛ս Գևորգ Խնուսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-17-րդ կետերը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
9 Տե՛ս, mutatis mutandis, Դավիթ Վարոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշումը։
10 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը:
11 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:
12 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան