ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՔԴ/0201/01/14 |
ԵԱՔԴ/0201/01/14 . |
Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի | |
| ||
պաշտպան` | Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
ամբաստանյալ` | Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ |
2019 թվականի ապրիլի 11-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Արթուր Արշալույսի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 14126714 քրեական գործը:
2. 2014 թվականի հուլիսի 31-ին Արթուր Արշալույսի Հարությունյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Ա.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
3. Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Ա.Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 118-րդ հոդվածով:
4. 2014 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
5. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Ջուվանովան գործի դատաքննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու կամ այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Ջուվանովայի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
7. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը` մասնակի բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի և վերջինիս նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը1:
8. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Հարությունյանին կալանքի տակ պահելու 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Ա.Հարությունյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը2:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանը, քրեական գործի դատական քննության ժամանակ քննարկելով ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին պաշտպան Ա.Ջուվանովայի միջնորդությունը, 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժել է այն՝ նշելով, որ. «(…) [Ա]մբաստանյալ Արթուր Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու նոր հիմքեր ի հայտ չեն եկել, դեռևս առկա է և չի վերացել Ա.Հարությունյանին կալանքի տակ պահելու հիմքերից մեկը, այն է` քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելը: (…) [Ի]սկ գրավի երաշխիքով վերջինիս ազատ արձակելն անթույլատրելի [է], քանի որ վերը շարադրվածի պայմաններում այն ի զորու չէ երաշխիք հանդիսանալ ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար, ուստի ամբաստանյալ Արթուր Արշալույսի Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Ա.Ջուվանովայի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման (…)»3:
11. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ արձանագրել է. «(…) [Դ]ատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (գրավը մերժելու առնչությամբ բերված) պատճառաբանությունները, թեև անհրաժեշտ, սակայն ներկայումս արդեն իսկ բավարար չեն ամբաստանյալ Արթուր Հարությունյանի (կոնկրետ դեպքում, գործի քննության ներկա փուլում) նկատմամբ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու համար:
Հարկ է նշել նաև, որ գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով, վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, տվյալ դեպքում, այլընտրանքային երաշխիքն (սույն գործով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավի չափ սահմանելու պայմաններում) ի զորու է կանխել ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագիծը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է վիճարկվող դատական ակտը մասնակի` այդ մասով (գրավի կիրառումը մերժելու մասով) բեկանելու, փոփոխելու և պաշտպանության կողմի ներկայացված միջնորդությունը գրավի կիրառման առնչությամբ բավարարելու առումով նոր դատական ակտ կայացնելու համար (…)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերանայելու Ա.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը։ Բողոքաբերի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննության է առնվել այն պայմաններում, երբ այն ենթակա չէր քննության։
12.1. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի և 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
12.2. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, Ա.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ճանաչել անթույլատրելի և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց թողնել կալանավորումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաս՞ու էր արդյոք Վերաքննիչ դատարանը վերանայելու Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործի դատական քննության ընթացքում ներկայացված միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը։
14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (...)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
(…)
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու (…) որոշումները.
(…)»։
⚖Վճռաբեկ դատարանը Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները։ Այլ կերպ՝ քրեադատավարական օրենքը չի նախատեսում ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու (ներառյալ՝ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու) մասին առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (այլ կերպ՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության համապատասխան մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն։ (…) [Հ]ակառակ մոտեցումը մի կողմից կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության հետագա ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով նաև առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը, մյուս կողմից՝ պարունակում է վերադաս դատարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ (հաշվի առնելով դատական քննության ընթացքում այդպիսի միջնորդություններ ներկայացնելու քանակի տեսանկյունից որևէ արգելքի բացակայությունը, ուստիև դրանց քննարկման արդյունքում կայացված համապատասխան որոշումների՝ վերադասության կարգով անընդմեջ և անսահմանափակ բողոքարկման հնարավորությունը)։
(…) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) փաստել է, որ նշյալ նորմը չի պարտավորեցնում պայմանավորվող պետություններին երաշխավորելու երկրորդ ատյանի դատարանի կողմից կալանավորման օրինականությունը ստուգելու և անձին ազատ արձակելու միջնորդությունը քննության առնելու ընթացակարգեր։ Ըստ Եվրոպական դատարանի՝ վերջինիս խնդիրը չէ պարզել, թե դատական վերանայման ինչպիսի եղանակն է ամենահարմար ձևը։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցը պետք է լինի բավարար չափով որոշակի, իսկ կալանքի օրինականությունը պետք է ստուգվի ողջամիտ պարբերականությամբ։
(…)
(…) [Գ]ործը քննող դատարանի կողմից կալանավորման օրինականությունը պարբերաբար ստուգելու, ինչպես նաև քննարկվող որոշման՝ հետաձգված կարգով բողոքարկման հնարավորության պայմաններում օրենսդիրը չի նախատեսել այդ որոշման՝ վերաքննության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավունք»5:
15. Սույն գործի փաստերից հետևում է, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Ջուվանովան գործի դատական քննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժվել է6:
15.1 Վերաքննիչ դատարանն իր հերթին, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի կողմից ներկայացված բողոքը, բեկանել է այն, ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի և վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը7:
15.2 Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Հարությունյանին կալանքի տակ պահելու 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը` և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով8:
16. Այսպիսով, 15-15.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավակարգավորումների և ներկայացված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննության առնելու Ա.Ջուվանովայի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և վերանայելու ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին գործի դատական քննության ընթացքում ներկայացված միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի և 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։ Խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար։
Սակայն հաշվի առնելով, որ Ա.Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին կայացվել է մեղադրական դատավճիռ, որով նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցվել է Ա.Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը և խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում է կայացվել, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, ամբաստանյալ Ա.Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արթուր Արշալույսի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 32-33:
2 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՔԴ/0201/01/14 քրեական գործը:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 27-28:4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 45-47:
5 Տե՛ս, Լևոն Սողոմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0279/01/15 որոշման 11-13-րդ կետերը:
6 Տե՛ս, սույն որոշման 5-րդ, 6-րդ կետերը:
7 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
8 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան