Գլխավոր տեղեկություն
Համար
N 979-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.02.2020-10.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.08.02/8(25) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 979-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պետական մարմիններից ստացված տեղեկատվության տրամադրման գծով ծախսերի` սույն որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն փոխհատուցման համար վճարվող գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Այլ եկամուտներ» հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված չվճարված գումարների մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվում է միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորված տեղեկատվության մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 20
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 979-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են այն հանրային տվյալների բազաների ցանկը, որոնցից տվյալներ են տրամադրվում վարկային բյուրոյին, այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները:

2. Սույն իրավական ակտում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստներով:

 

II. ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվում են տվյալներ հետևյալ տեսակների տվյալների բազաներից`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական համակարգերից.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված կամ կառավարվող սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայից և սոցիալական ապահովության պետական ծառայության պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման (այսուհետ` անձնավորված հաշվառում) բազայից.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված կամ կառավարվող հարկ վճարողների տեղեկատվական համակարգից.

4) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից:

(3-րդ կետը փոփ. 13.02.20 N 158-Ն)

 

III. ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղեկատվական համակարգից տրամադրվում են անձի անձնագրի համարը, սերիան, տրամադրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, տրամադրող մարմնի համարը, անձնագրի վավերականության ժամկետը, անձի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը, բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեն: Նոր անձնագրի տրամադրման դեպքում տրամադրվում են նոր անձնագրի՝ սույն կետում նշված տվյալները: Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական համակարգից տրամադրվում է իրավախախտման համար նշանակված և ժամկետում չվճարված (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուգանքը վճարելու համար նախատեսված ժամկետների վերջին օրվան հաջորդող օրվա դրությամբ չվճարված) տուգանքների մասին տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը ներառում է տուգանքի ենթարկված անձի անձնագրի համարը, սերիան, անունը, ազգանունը, վարորդական վկայականի համարը, տալու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, չվճարված տուգանքի չափը, չվճարման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

(4-րդ կետը փոփ. 13.02.20 N 158-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված կամ կառավարվող սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայից տրամադրվում են անձի սոցիալական քարտի համարը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, սերիան: Սույն կետով սահմանված տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված կամ կառավարվող հարկ վճարողների տեղեկատվական համակարգից տրամադրվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, ինչպես նաև հարկային հաշվարկներում (հաշվետվություններում) ներառված տեղեկատվությունը։ Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով։

(6-րդ կետը խմբ. 13.02.20 N 158-Ն)

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տրամադրում է անձի կողմից կամ նրա համար կատարված սոցիալական ապահովության վճարների չափը` ըստ անձնավորված հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվության: Այդ տեղեկատվությունը ներառում է նաև անձնագրի համարը, սերիան, անունը, ազգանունը, վճարման ժամանակահատվածը:

8. Սույն իրավական ակտի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվությունը ներառում է անձի մահվան պետական գրանցման մասին և անձի անվան փոփոխման մասին տեղեկությունները:

9. Սույն իրավական ակտի 4-րդ կետով սահմանված տվյալների տրամադրման պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, 5-րդ և 7-րդ կետերով սահմանված տվյալների տրամադրման պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 6-րդ կետով նախատեսված տվյալների պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, իսկ 8-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման համար պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Նշված մարմինները պարտավոր են տվյալների տրամադրման ժամանակ տվյալներն ապահովել ոչնչացումից, տվյալների խեղաթյուրումից, բացահայտումից և տվյալների չթույլատրված մուտքից կամ այլ չթույլատրված օգտագործումից:

(9-րդ կետը փոփ. 13.02.20 N 158-Ն)

10. Սույն իրավական ակտում նշված տվյալները տրամադրվում են վարկային բյուրոյի կողմից կոնկրետ անձի կամ անձանց վերաբերյալ համապատասխան հարցում կատարելու միջոցով՝ բացառությամբ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից անձի մահվան պետական գրանցման մասին և անձի անվան փոփոխման մասին տեղեկությունների, որոնք տրամադրվում են անկախ վարկային բյուրոյի հարցումներից: Հարցման մեջ պետք է հստակ նշվեն անձին վերաբերող այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու անձին (այսուհետ` հարցում): Հարցման պատասխանը տվյալ իրավասու մարմինը տրամադրում է հարցումն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հարցումը, հարցման պատասխանը, ինչպես նաև սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված տեղեկությունները տրվում են էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ և գաղտնագրված։

12. Վարկային բյուրոյի կողմից հարցումների ուղարկման և հարցումների պատասխանների տրամադրման, էլեկտրոնային ստորագրության կիրառման և գաղտնագրման կարգը սահմանվում են վարկային բյուրոյի և համապատասխան պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:

13. Վարկային բյուրոյի կողմից հարցման արդյունքում ստացված տվյալների փոփոխման դեպքում համապատասխան պատասխանատու մարմինը պարտավոր է այդ փոփոխության մասին տվյալն ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրել տվյալ վարկային բյուրոյին` առանց վարկային բյուրոյի հարցման:

 

IV. ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

14. Վարկային բյուրոն պետք է փոխհատուցի սույն իրավական ակտի 3-րդ կետով նախատեսված պատասխանատու մարմինների կողմից համապատասխան տվյալների տրամադրման հետ կապված ծախսերը՝ բացառությամբ սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրման դեպքի: Այդ ծախսերը չպետք է գերազանցեն համապատասխան պատասխանատու մարմնի կողմից այդ աշխատանքի կատարման հետ կապված գումարը: Նշված հարցերը կարգավորվում են վարկային բյուրոյի և համապատասխան պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:

(հավելվածը փոփ., խմբ. 13.02.20 N 158-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան