ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՐԴ/0003/11/17 |
ԱՐԴ/0003/11/17 |
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` | ||
դատախազներ` | Ա. Հարությունյանի | |
Մ. Տիգրանյանի | ||
դիմող` | Ա. Գալստյանի |
2019 թվականի ապրիլի 11-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Աշոտ Վարազդատի Գալստյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հարուցվել է թիվ 11824114 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նշված գործով Հայկ Միրզախանի-Մալխասյանը ճանաչվել է տուժող:
2015 թվականի մարտի 5-ին որոշում է կայացվել քրեական գործն ըստ ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն ուղարկելու մասին:
2017 թվականի մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս.Խաչատրյանը որոշում է կայացրել Ղուկաս Միշայի Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 20.075.000 (քսան միլիոն յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ խաբեությամբ հափշտակելու մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, Ղ.Ավագյանի և Հ.Մալխասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության և հետաքննիչի չվերացված որոշման առկայության հիմքով, Ա.Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Որոշվել է նաև թիվ 11824114 քրեական գործի վարույթը կարճել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերի հիմքով:
Վերոհիշյալ որոշման դեմ դիմող Հ.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի բողոքը Արմավիրի մարզի դատախազի՝ 2017 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ մերժվել է:
2. 2017 թվականի մայիսի 30-ին դիմող Հ.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանը բողոք է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել տուժող Հ.Մալխասյանի իրավունքների խախտումը, այն է` պարտավորեցնել Արմավիրի մարզի դատախազին Ղ.Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասով վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Ս.Խաչատրյանի՝ 2017 թվականի մարտի 14-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ դիմող Հ.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի բողոքը մերժել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
3. Դիմող Հ.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու քննիչ Ս.Խաչատրյանի՝ 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ թույլ տրված՝ դիմող Հ.Մալխասյանի իրավունքների խախտումները:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Ա.Գալստյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ինքը, Հ.Մալխասյանը և Ղ.Ավագյանը գործ սկսելու համար Ղ.Ավագյանի անունով գրավադրել են ընդհանուր գույք և վերցրել 39.000.000 (երեսունինը միլիոն) ՀՀ դրամ վարկ: 2013 թվականի սկզբին, ցանկանալով վարկը ժամանակից շուտ մարել, ինքը 22.075.000 (քսաներկու միլիոն յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ գումար է առձեռն տվել Ղ.Ավագյանին, սակայն վերջինս իր տված գումարից ոչինչ չի մուծել վարկի մարման համար, հրաժարվել է վերադարձնել գումարը և հերքել իր կողմից նրան գումար հանձնելու փաստը1:
6. Նախաքննության մարմինը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ Ղ.Ավագյանի, Հ.Մալխասյանի և Ա.Գալստյանի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ և դրանցից ծագած բոլոր գույքային վեճերը ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով, ուստի քրեական գործով ինչպես Ղ.Ավագյանի, այնպես էլ Հ.Մալխասյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը2։
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման համաձայն. «(…) Սույն գործի շրջանակներում դատարանը հանգեց այն հետևության, որ դիմում-բողոքը պետք է մերժվի, քանի որ նախաքննական մարմ[նի] իրականացրած բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հնարավոր չի եղել հանգել հիմնավոր հետևության այն մասին, որ Ղուկաս Ավագյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել գումարները, բացի այդ չի հիմնավորվել նաև Ղուկաս Ավագյանի կողմից մետաղական կոնստրուկցիաներ ներկրելու համար Հայկ Միրզախանի-Մալխասյանին առձեռն 40.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու փաստը: Ավելին սույն գործի նախաքննության շրջանակներում հիմնավորվել է, որ Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախան-Մալխասյանի և Աշոտ Վարազդատի Գալստյանի միջև առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և դրանից ծագած բոլոր գույքային վեճերը ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով: (…)»3։
8. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 31-ի որոշման համաձայն. «(…) Քրեական գործի նյութերի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել մի շարք գործողություններ և չեն ձեռք բերվել մի շարք տվյալներ, որոնք իրենց հերթին համադրելով գործով ձեռք բերված մնացած ապացույցների հետ հնարավոր կլիներ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
Խոսքը տվյալ դեպքում դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում նշված հանգամանքների, մասնավորապես` հետևյալի մասին է.
Գործում առկա ցուցմունքների առնչությամբ արձանագրված էական հակասությունների առնչությամբ քննիչի կողմից նշվել է, որ նախկինում կատարվել են երկու առերեսումներ, սակայն հաշվի չի առնվել, որ խոսքը վերաբերել է նախաքննությունն ավարտելուց հետո դեռևս առկա էական հակասություններին:
Նախաքննության մարմինը չի ճշտել հողամասերի ձեռք բերման բոլոր հանգամանքները: Ֆերմայի ընթացիկ ծախսերի վերաբերյալ գրառումների պատճենները կցվել են գործին, սակայն դրանց բովանդակության առնչությամբ պատշաճ քննություն չի իրականացվել, այլ ընդամենը վիճակագրական տվյալներ են կցվել գործին:
Ղ.Ավագյանի կողմից գնվել է գարի, եգիպտացորեն, թեփ, կաթ, հնձվորին տրամադրվել է 20լ դիզվառելիք և 15.000 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ, այնինչ նախաքննության մարմինը բավարարվել է միայն գարու և կաթի գների մասին տվյալներ արձանագրելով:
Հաշվի առնելով վերոգրյալը և բազմակողմանի ուսումնասիրության ենթարկելով նախաքննության մարմնի, Դատարանի որոշումները, ինչպես նաև գործում առկա մնացած նյութերը, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ղուկաս Ավագյանի գործողություններում խարդախության հանցակազմի բացակայության վարկածները նախաքննության մարմնի կողմից առաջ քաշելու պայմաններում, վարույթն իրականացնող մարմինն ամբողջական և բազմակողմանի քննություն չի կատարել, ինչի արդյունքում հիմնավոր չէ վերջինի եզրահանգումն այն մասին, որ կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ և դրանք ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով, հետևաբար` նախաքննության մարմնի 14.03.2017թ. որոշումը հիմնավոր չէ և դրանով խախտվել են դիմող կողմի իրավունքներն ու օրինական շահերը: (…)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի, Լաուրա Զարյանի, Լիա Ավետիսյանի և այլ գործերով որոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը հակասում է այդ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
9.1 Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ վերացական կերպով անդրադառնալով ցուցմունքներում առկա հակասությունները պարզելու ուղղությամբ քննիչի դրսևորած անգործությանը և որևէ կերպ չնշելով, թե որոնք են այդ հակասությունները, որքանով են դրանք էական, ինչպես նաև` թե այդ ուղղությամբ քննության չկատարումը որքանով կարող էր հանգեցնել տուժողի իրավունքների խախտմանը:
Բողոքաբերի կարծիքով վարույթն իրականացնող մարմինը կատարել է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյունքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ` Ղ.Ավագյանի կողմից առերևույթ խարդախություն կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, հիմնավորվել է, որ Ա.Գալստյանի և Հ.Մալխասյանի միջև առկա են համատեղ տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած գույքային հարաբերություններ, որոնց կապակցությամբ առաջացած վեճը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով:
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Հ.Մալխասյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»։
Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»5։
⚖13. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի6:
14. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ7:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով ինչպես Ղ.Ավագյանի, այնպես էլ Հ.Մալխասյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը8։
Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ գործով չի հիմնավորվել Ղ.Ավագյանի մոտ ի սկզբանե խարդախության միջոցով գումարներ հափշտակելու նպատակի առկայության հանգամանքը9։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի խախտված իրավունքներն այն հիմնավորմամբ, որ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել մի շարք գործողություններ և ձեռք չեն բերվել մի շարք տվյալներ, որոնք համադրելով գործով ձեռք բերված մնացած ապացույցների հետ՝ հնարավոր կլիներ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Արդյունքում, ըստ Վերաքննիչ դատարանի, հիմնավոր չէ այն եզրահանգումը, որ կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ և դրանք ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով10։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով դիմողի ներկայացուցչի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումները, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ վիճարկվող որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր են։
16.1 Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Հ.Մալխասյանի և Ղ.Ավագյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, ձևավորվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա։ Ընդ որում, այդ մասին հայտնել է հենց Հ.Մալխասյանը` նախաքննության ընթացքում որպես տուժող տված իր ցուցմունքում նշելով, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում գումարներ է ներդրել Ղ.Ավագյանի և Ա.Գալստյանի հետ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար11: Բացի այդ, գործում բացակայել են ապացույցներ առ այն, որ Ղ.Ավագյանը մինչև դիմող Հ.Մալխասյանի հետ գործարք կնքելը նպատակ է ունեցել վերջինիս կողմից ներդրված գումարները հափշտակելու, ինչը խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է12:
16.3 Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը վկայում է, որ Հ.Մալխասյանի և Ղ.Ավագյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այդ փաստական տվյալները, ավելին՝ մատնանշել է վարույթն իրականացնող մարմնի կողմից պարզման ենթակա հանգամանքների որոշակի շրջանակ, որոնք վեճի առարկա իրավահարաբերության՝ քաղաքացիաիրավական բնույթի պայմաններում, գործի համար էական նշանակություն ունենալ չեն կարող:
17. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ այն չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող պատճառաբանվածության չափանիշին13:
17.1 Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու եզրահանգումը հիմնավորել է այն հանգամանքով, որ «ցուցմունքների առնչությամբ արձանագրված էական հակասությունների առնչությամբ քննիչի կողմից նշվել է, որ նախկինում կատարվել են երկու առերեսումներ, սակայն հաշվի չի առնվել, որ խոսքը վերաբերել է նախաքննությունն ավարտելուց հետո դեռևս առկա էական հակասություններին:
Նախաքննության մարմինը չի ճշտել հողամասերի ձեռք բերման բոլոր հանգամանքները: Ֆերմայի ընթացիկ ծախսերի վերաբերյալ գրառումների պատճենները կցվել են գործին, սակայն դրանց բովանդակության առնչությամբ պատշաճ քննություն չի իրականացվել, այլ ընդամենը վիճակագրական տվյալներ են կցվել գործին14»:
Նշված դատողությունը համադրելով գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով գործում առկա հակասությունների և նախաքննության մարմնի կողմից դրանք պարզելու ուղղությամբ որոշ լրացուցիչ գործողություններ չկատարելու մասին, չի պատճառաբանել թե այդ հակասություններն որքանով են էական եղել գործի լուծման համար, և թե բացի կատարված առերեսումներից վարույթն իրականացնող մարմնի կողմից ինչ միջոցներ կարող էին ձեռնարկվել այդ հակասությունները հաղթահարելու համար: Ինչ վերաբերում է լրացուցիչ գործողություններ կատարելու հանգամանքին, ապա Վերաքննիչ դատարանը չի նշել, թե դրանց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող էին պարզվել:
18. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն դիմող Հ.Մալխասյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
19. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Հ.Մալխասյանի իրավունքների խախտման փաստն արձանագրելով և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 358-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմող Հ.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի բողոքը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Հայկ Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 9:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-19:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 81-82:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 54-55:
5 Տե՛ս Մանվել և Լիդա Հովհաննիսյանների վերաբերյալ թիվ ԱՐԱԴ/0001/11/14 գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի որոշման 13-րդ կետը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը։
7 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը։
8 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-19:
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
11 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 9-10:
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 24-ի և Վահան Մաթևոսյանի վերաբերյալ ի թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշումները:
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով 2010 թվականի մարտի 26-ի որոշման 18-20-րդ կետերը, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ թիվ ԵԷԴ/0030/01/12 գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0016/11/15 գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0224/01/14 2016 թվականի հունիսի 24-ի որոշման 17.1-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|