Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 29.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 202-Լ

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2020 թ. փետրվարի 28

Երևան

 

    

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ     

      

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

«Քաղաքացիական օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության սկզբունքի վրա»:

«Քաղաքացիական օրենսգրքի» 2-րդ հոդվածի համաձայն՝

«2. Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

 «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենքի) 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը», որը կարող է տրամադրվել օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված սուբյեկտներին և կոնկրետ դեպքերում, որոնց ցանկում չկա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքը: Ավելին՝ օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝

«6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց`

ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.

եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ»:

Բացահայտելով իրավաբանական օգնության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշման մեջ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (նախկին խմբագրությամբ) 20-րդ հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ, որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորություն, և երկրորդ, պետության պարտականությունը՝ ապահովելու այդպիսի անվճար օգնություն՝ կարիք ունեցող անձանց համար...»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք…»

Սույն իրավունքի իրացման համատեքսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է մի շարք նախադեպային որոշումներ՝ իրավաբանական անվճար օգնության տրամադրումը դիտարկելով որպես արդար դատաքննության իրավունքի իրացման տարրերից մեկը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անվճար իրավաբանական օգնության տրամադրումը պայմանավորում է գործի հատուկ հանգամանքներով (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 61, McVicar-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 48): Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք, բոլոր հանգամանքների լույսի ներքո, իրավաբանական օգնության բացակայությունը դիմումատուին կզրկի արդարացի լսումների իրավունքից (նույն տեղում, « 51):

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանում է նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հետևյալ պայմանները ՝

այն արժեքի կարևորությունը, ինչը դիմումատուի համար վտանգված է (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 61, P.-ն, C.-ն և S.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 100),

համապատասխան օրենքի կամ ընթացակարգի բարդությունը (Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, « 24),

 դիմումատուի՝ իրեն արդյունավետորեն ներկայացնելու կարողությունը (McVicar-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «« 48-62, Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 61),

 իրավաբանական ներկայացուցչություն ունենալու՝ օրենքով նախատեսված պահանջի առկայությունը (Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, « 26, Gnahorռ-ն ընդդեմ Ֆրանսիայի, « 41 in fine (վերջում):

Այնուամենայնիվ, նշված իրավունքը բացարձակ չէ և, հետևաբար, կարող է թույլատրելի լինել իրավաբանական օգնություն շնորհելու պայմանների սահմանափակում, մասնավորապես, դատավարության մասնակցի ֆինանսական վիճակի հիման վրա (Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 62):

Այս առումով հարկ է անդրադառնալ նաև հանրային պաշտպանի ինստիտուտի էությանն ու դրա ներդրման օրենսդրի նպատակներին: Մասնավորապես, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ իրավաբանական անվճար օգնության տրամադրումն օրենսդիրը նախատեսել է հասարակության խոցելի մասի համար և առավելապես կապել նրանց ֆինանսական դրության հետ: Այսինքն՝ հանրային պաշտպանի ինստիտուտի էությունն անվճարունակ անձանց իրավաբանական օգնություն ստանալու, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման ապահովումն է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով նախագծին՝ հարկ ենք համարում նշել, որ հանրային պաշտպան տրամադրվում է որոշակիորեն խոցելի անձանց, որոնց գործի բնույթը կամ սոցիալական վիճակը կանխատեսում է, որ վերջիններս արդյունավետ չեն կարող իրականացնել իրենց պաշտպանությունը: Մինչդեռ ձեռնարկատիրական գործունեությունը շահույթ ստանալու նպատակ հետապնդող, մասնագիտացված գործունեություն է, որի մասնակիցներից պահանջվում է որոշակի պրոֆեսիոնալիզմ, հատկապես եթե վերջիններս ներգրավվում են նաև միջազգային մասնավոր հարաբերություններին (մասնավորապես, պայմանագրեր են կնքում ԵԱՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտների հետ): Գտնում ենք, որ ինքնին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներին հանրային պաշտպանից օգտվելու հնարավորություն տալն է խնդրահարույց (ինչն էլ սահմանափակվել է գործող օրենքի 6-րդ հոդվածով), հետևաբար ավելի խնդրահարույց է օտարերկրյա ռեզիդենտներին նման հնարավորություն տալը հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ գործարարները նման իրավունք չունեն:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների վերաբերյալ կարգավորումներ նախատեսող նորմերում պետք է պահպանվի նրանց իրավահավասարության սկզբունքը: Մինչդեռ նախագծով նախատեսված կարգավորումը հակասում է նաև քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների իրավահավասարության սկզբունքին, քանզի արտոնություն է սահմանվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա անձանց համար՝ նման հնարավորություն չընձեռելով քաղաքացիական իրավահարաբերության այլ սուբյեկտներին և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ գործարարներին:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ապա դրանցում նույնպես որպես այդ իրավունքի տրամադրման սահմանափակում նշվում է անձի ֆինանսական վիճակը՝ այսինքն անձի վճարունակ լինելու փաստը: Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամրագրել է, որ օտարերկրյա իրավաբանական անձանց իրավաբանական օգնության տրամադրումը մերժելը չի հակասում 6-րդ հոդվածին (Granos Օrganicos Nacionales S.A.-ն ընդդեմ Գերմանիայի, «« 48-53):

Ընդ որում, նախագծով չի հիմնավորում նաև, թե ինչու է այդ իրավունքը տրվում բացառապես ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող՝ մինչև 50 մլն դրամ և արտարժույթով արտահայտված նշված գումարին համարժեք չափին համապատասխանող քաղաքացիաիրավական գործեր ունեցող ԵԱՏՄ մասնակից պետությունների ռեզիդենտ համարվող անձանց՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը միջազգային պրակտիկայում նույնպես ընդունված չէ: Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնությունը երաշխավորվում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, կենսաթոշակառուներին, Ֆրանսիայում իրավաբանական աջակցություն ստանալու համար միայնակ ապրող դիմումատուն պետք է ունենա ամսական 936 --ից պակաս եկամուտ, Իտալիայում իրավաբանական աջակցություն կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր ստանում են տարեկան 10,776 --ից պակաս եկամուտ, Բելգիայում իրավաբանական աջակցության համար միայնակ ապրող դիմումատուն պետք է ունենա ամսական 942 --ից պակաս եկամուտ:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան