Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-111
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.1997-06.12.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/61(585)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 ապրիլի 1997 թ.

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և սերտիֆիկացման իրավական հիմքերը, դրանց մասնակիցների իրավասությունը ու պատասխանատվությունը, ինչպես նաև պետության շահերի և սպառողների իրավունքների պաշտպանության նորմերը:

 

Հոդված 2. Ստանդարտացման և սերտիֆիկացման հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և սերտիֆիկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ

 

Հոդված 3. Ստանդարտացումը և դրա օբյեկտները

 

1. Ստանդարտացումը գործունեության տարբեր բնագավառներում որոշակի հարաբերությունների կարգավորման նպատակներով կանոնների, բնութագրերի և պահանջների սահմանման գործունեությունն է:

2. Ստանդարտացման օբյեկտներն են ստանդարտացման ենթակա առարկաները` արտադրանքը, աշխատանքը (այսուհետ` նաև գործընթացը), ծառայությունը:

 

Հոդված 4. Ստանդարտացման նպատակը

 

Ստանդարտացման նպատակն է ապահովել`

ա) շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և գույքի պահպանման համար արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգությունը.

բ) տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը.

գ) արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի բարձրացումը.

դ) չափումների միասնականությունը.

ե) ռեսուրսախնայողությունը.

զ) արտակարգ իրավիճակներում կառույցների և շինությունների անվտանգությունը.

է) պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները:

 

Հոդված 5. Ստանդարտացման ազգային համակարգը

 

Ստանդարտացման ազգային համակարգը ստանդարտացման ընթացակարգերի, կանոնների և ստանդարտացման մասնակիցների, ինչպես նաև դրանց փոխհարաբերությունների ամբողջությունն է:

 

Հոդված 6. Ստանդարտացման մասնակիցները

 

1. Ստանդարտացման մասնակիցներն են` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), պետական այլ մարմինները և տնտեսավարող սուբյեկտները:

2. Պետական այլ մարմինները ստանդարտացման գործընթացին մասնակցում են իրենց իրավասության սահմաններում:

3. Տնտեսավարող սուբյեկտները ստանդարտացման գործընթացում իրենց գործունեությունն իրականացնում են սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 7. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը

 

1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով (այսուհետ` նորմատիվ փաստաթղթեր) սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր որոշակի գործունեության կամ դրա արդյունքների վերաբերյալ:

Նորմատիվ փաստաթղթերն են` ստանդարտները, տեխնիկական պայմանները, կանոնների հավաքածուները, կանոնակարգերը, տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները, ստանդարտացման կանոնները և նորմերը:

2. Ստանդարտով սահմանվում են գործունեության տարբեր ձևերին կամ դրանց արդյունքներին վերաբերող համընդհանուր օգտագործման կանոնները, ընդհանուր սկզբունքները և բնութագրերը (այսուհետ` պահանջներ):

Գործողության ոլորտից և հաստատման մակարդակից կախված տարբերակվում են ազգային, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և ձեռնարկության ստանդարտները:

3. Տեխնիկական պայմաններով սահմանվում են տեխնիկական պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ստանդարտացման օբյեկտը:

4. Կանոնների հավաքածուով սահմանվում են սարքավորումների, կառուցվածքների, արտադրանքի նախագծման, պատրաստման, տեղակայման, տեխնիկական սպասարկման և շահագործման կանոնները կամ ընթացակարգերը:

5. Կանոնակարգով սահմանվում են իրավական նորմերը:

6. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգչով սահմանվում են դասակարգման օբյեկտների ու դրանց ենթաբազմության կոդերը և (կամ) անվանումների հավաքածուները:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության ստանդարտները (այսուհետ` ազգային ստանդարտներ).

բ) սահմանված կարգով կիրառվող` միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտները, ստանդարտացման կանոններն ու նորմերը.

գ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ).

դ) տեխնիկական պայմանները.

ե) ձեռնարկության ստանդարտները:

2. Նորմատիվ փաստաթղթերի պահանջները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին:

 

Հոդված 9. Ազգային ստանդարտները և դասակարգիչները

 

1. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ` ստանդարտացման օբյեկտի անվտանգության, սանիտարական վիճակի, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, փոխադրելու, պահելու, օգտագործելու և օգտահանելու վերաբերյալ:

Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման), տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, ստանդարտացման օբյեկտի որակի ապահովման, միջոցների օգտագործման, թույլտվածքներին և նստեցվածքներին վերաբերող պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ ընդհանուր տեխնիկական կանոններ:

Ազգային ստանդարտներով կարող են սահմանվել նաև հեռանկարային, առաջընթացային պահանջներ:

2. Շրջակա միջավայրի, կյանքի, առողջության, գույքի պահպանման համար ստանդարտացման օբյեկտի անվտանգության ապահովման, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, սպառողների իրավունքների պաշտպանության, փորձարկման մեթոդների և մակնշման միակերպության վերաբերյալ ազգային ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները (այսուհետ` պարտադիր պահանջներ) պարտադիր են պահպանման պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների կողմից:

Ստանդարտացման օբյեկտներին վերաբերող ազգային ստանդարտների մյուս պահանջները տնտեսավարող սուբյեկտների կողմից ենթակա են պարտադիր պահպանման, եթե դրանք նշված են իրենց կողմից կնքված պայմանագրում կամ արտադրանք արտադրողի (իրացնողի), աշխատանքներ կատարողի և ծառայություններ մատուցողի տեխնիկական փաստաթղթերում:

3. Դասակարգիչները մշակվում և հաստատվում են սահմանված կարգով և կիրառվում են տնտեսության մեջ դասակարգչի կիրառման ոլորտին համապատասխան:

4. Ազգային ստանդարտները, դասակարգիչները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

5. Ազգային ստանդարտները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն:

 

Հոդված 10. Տեխնիկական պայմանները և ձեռնարկության ստանդարտները

 

1. Տեխնիկական պայմանները տնտեսավարող սուբյեկտները մշակում և հաստատում են որոշակի արտադրանքի (մոդելի) կամ որոշակի աշխատանքի, ծառայության համար: Տեխնիկական պայմանների պարտադիր պահանջները պետք է համապատասխանեն ազգային ստանդարտների պահանջներին: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

2. Ձեռնարկության ստանդարտները մշակում և հաստատում են տնտեսավարող սուբյեկտները` ելնելով սույն օրենքի պահանջների կատարման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով դրանց կիրառման անհրաժեշտությունից:

Ձեռնարկության ստանդարտների պահանջները կարող են կիրառվել տնտեսավարող մյուս սուբյեկտների կողմից, եթե նրանց կողմից կնքված պայմանագրում նշված է այդ մասին:

Ձեռնարկության ստանդարտները չպետք է հակասեն ազգային ստանդարտների պարտադիր պահանջներին:

 

Հոդված 11. Նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրատարակումը

 

1. Մշակվող և ընդունված ազգային ստանդարտների և դասակարգիչների մասին պետք է տրվի պաշտոնական տեղեկատվություն:

2. Ազգային ստանդարտների, դասակարգիչների, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, այլ պետությունների ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի, ինչպես նաև ստանդարտացման բնագավառում միջազգային և միջպետական պայմանագրերի կիրառման մասին պետք է տրվի պաշտոնական տեղեկատվություն:

3. Նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության և դրա կիրառումն ապահովելու նպատակով ստեղծվում է նորմատիվ փաստաթղթերի ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, միջազգային տարածաշրջանային միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ինչպես նաև ստանդարտացման կանոններ և այլն:

4. Ազգային ստանդարտների և դասակարգիչների հրատարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պետական մարմինները և տնտեսավարող սուբյեկտներն իրենց կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և (կամ) տրամադրումը իրականացնում են պայմանագրային հիմունքներով:

 

Հոդված 12. Նորմատիվ փաստաթղթերի կիրառումը

 

1. Նորմատիվ փաստաթղթերը կիրառվում են պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության բոլոր փուլերում:

2. Տնտեսավարող սուբյեկտները, որոնք իրականացնում են պայմանագրային գործունեություն, պարտավոր են իրենց կողմից կնքված պայմանագրերում ամրագրել պարտադիր պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթղթերը:

3. Տնտեսավարող սուբյեկտները, որոնք իրականացնում են պայմանագրային գործունեություն, արտահանման նպատակով նորմատիվ փաստաթղթերի կիրառման անհրաժեշտությունը որոշում են իրենց կողմից կնքված պայմանագրերով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ

 

Հոդված 13. Սերտիֆիկացումը, դրա օբյեկտները և տեսակները

 

1. Սերտիֆիկացումը գործունեություն է, որն իրականացնում է ոչ արտադրողին, ոչ սպառողին ներկայացնող երրորդ կողմը և, որի արդյունքում հավաստիացվում է արտադրանքի, աշխատանքի, ծառայության, որակի համակարգի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

2. Սերտիֆիկացման օբյեկտներն են` արտադրանքը, աշխատանքը, ծառայությունը, որակի համակարգը:

3. Որակի համակարգը տնտեսավարող սուբյեկտի կազմակերպչական կառուցվածքի, ընթացակարգերի, գործընթացների և անհրաժեշտ միջոցների համախումբ է, որն անհրաժեշտ է որակին ներկայացվող պահանջները բավարարելու համար:

4. Սերտիֆիկացումը կարող է լինել պարտադիր և կամավոր:

 

Հոդված 14. Սերտիֆիկացման նպատակը

 

Սերտիֆիկացման նպատակն է`

ա) ապահովել արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգությունը շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և գույքի պահպանման համար.

բ) ապահովել ապրանքային շուկաներում, միջազգային և գիտատեխնիկական համագործակցության բնագավառներում տնտեսավարող սուբյեկտների գործունեություն ծավալելու հնարավորությունը.

գ) աջակցել սպառողներին արտադրանքի, աշխատանքի, ծառայության ճիշտ ընտրությանը և դրանց մասին օբյեկտիվ տեղեկատվությանը.

դ) ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը.

ե) իրականացնել սերտիֆիկացման արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության հսկողությունը.

զ) իրականացնել արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակական ցուցանիշների համապատասխանության հավաստումը նորմատիվ փաստաթղթերին:

 

Հոդված 15. Սերտիֆիկացման ազգային համակարգը

 

1. Սերտիֆիկացման ազգային համակարգը սերտիֆիկացման ենթահամակարգերի, ընթացակարգերի, կանոնների, սերտիֆիկացման մասնակիցների, ինչպես նաև դրանց փոխհարաբերությունների ամբողջությունն է:

2. Սերտիֆիկացման ենթահամակարգերով սահմանվում է այնպիսի արտադրանքի, աշխատանքի և ծառայության համապատասխանության հավաստումը, որոնց համար կիրառվում են միևնույն նորմատիվ փաստաթղթերը և միևնույն ընթացակարգերը:

3. Սերտիֆիկացման ենթահամակարգերը ենթակա են պետական գրանցման:

4. Սերտիֆիկացման ազգային համակարգը պետք է ունենա համապատասխանության սերտիֆիկատ և համապատասխանության նշան:

 

Հոդված 16. Համապատասխանության սերտիֆիկատը և համապատասխանության նշանը

 

1. Համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` սերտիֆիկատ) սերտիֆիկատացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան տրված փաստաթուղթ է, որը հավաստում է տվյալ արտադրանքի, աշխատանքի, ծառայության կամ որակի համակարգի համապատասխանությունը որոշակի նորմատիվ փաստաթղթին:

2. Համապատասխանության նշանն օրենքով պաշտպանված նշան է, որը հավաստում է տվյալ արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանությունը որոշակի նորմատիվ փաստաթղթի պահանջներին:

3. Սերտիֆիկատը և համապատասխանության նշանը ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 17. Պարտադիր սերտիֆիկացումը

 

1. Պարտադիր սերտիֆիկացումը արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության հավաստումն է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին:

2. Պարտադիր սերտիֆիկացման ենթակա, բայց սերտիֆիկատ չունեցող արտադրանքի, աշխատանքի, ծառայության գովազդն արգելվում է:

3. Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի, աշխատանքի և ծառայության ցանկերը և պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 18. Պարտադիր սերտիֆիկացման մասնակիցները

 

1. Պարտադիր սերտիֆիկացման մասնակիցներն են` լիազորված մարմինը, նրա կողմից հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները, ինչպես նաև արտադրանք արտադրողը և (կամ) իրացնողը, աշխատանք կատարողը, ծառայություն մատուցողը (այսուհետ` հայտատու):

2. Հավատարմագրումը լիազորված մարմնի կողմից սերտիֆիկացման գործընթացին մասնակցող իրավաբանական կամ ֆիզիկական անձի տեխնիկական իրավասության ճանաչումն է:

3. Սերտիֆիկացման մարմինն իրավաբանական անձ է, որը սահմանված կարգով հավատարմագրված է սերտիֆիկացման նպատակների իրականացման համար:

4. Փորձարկման լաբորատորիան իրավաբանական անձ է, որը սահմանված կարգով հավատարմագրված է կատարել արտադրանքի, աշխատանքի, ծառայության փորձարկումներ սերտիֆիկացման բնագավառում:

5. Հայտատուն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որը կրում է պատասխանատվություն սերտիֆիկացված արտադրանքի, աշխատանքի, ծառայության անվտանգության և որակի համար:

6. Սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 19. Պարտադիր սերտիֆիկացման մասնակիցների իրավունքները և պարտականությունները

 

1. Սերտիֆիկացման մարմինը.

ա) իրավունք ունի`

կատարել արտադրանքի նմուշառում սերտիֆիկացման նպատակով,

իրականացնել արտադրանքի, աշխատանքի, ծառայության սերտիֆիկացում և տալ սերտիֆիկատ.

բ) պարտավոր է`

դադարեցնել կամ կասեցնել իր կողմից տրված սերտիֆիկատի գործողությունը, եթե արտադրանքը, աշխատանքը, ծառայությունը չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին,

իրականացնել իր կողմից սերտիֆիկացված արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության հսկողություն,

տրամադրել սերտիֆիկացման վերաբերյալ տեղեկատվություն հայտատուի պահանջով:

2. Փորձարկման լաբորատորիան կատարում է արտադրանքի, աշխատանքի, ծառայության փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է փորձարկման արձանագրություն ու կրում է պատասխանատվություն` փորձարկումների արդյունքների համար, ինչպես նաև վարում է փորձարկման համար ներկայացված նմուշների հաշվառում:

3. Հայտատուն.

ա) իրավունք ունի`

դիմել սերտիֆիկացման ցանկացած մարմին արտադրանքի, աշխատանքի, ծառայության կամ որակի համակարգի սերտիֆիկացման համար,

ներկայացնել նորմատիվ փաստաթղթերին արտադրանքի, աշխատանքի, ծառայության և որակի համակարգի համապատասխանության մասին հայտարարագիր.

բ) պարտավոր է`

իրացնել պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքը, աշխատանքը, ծառայությունը միայն սերտիֆիկատի առկայության դեպքում,

ապահովել իր կողմից արտադրվող, իրացվող արտադրանքի, կատարված աշխատանքի, մատուցված ծառայության համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

ապահովել սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության նշանով մակնշումը,

տալ տեղեկություններ սպառողին սերտիֆիկացման և այն նորմատիվ փաստաթղթերի մասին, որոնց պահանջներին պետք է համապատասխանեն արտադրանքը, աշխատանքը, ծառայությունը,

դադարեցնել կամ կասեցնել սերտիֆիկացված արտադրանքի արտադրումը, իրացումը, աշխատանքի կատարումը, ծառայության մատուցումը, եթե` այն չի համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, լրացել է սերտիֆիկատի գործողության ժամկետը, կամ սերտիֆիկացման մարմինը, դադարեցրել կամ կասեցրել է սերտիֆիկատի գործողությունը,

ապահովել սերտիֆիկացման մարմնի կողմից իրականացվող հսկողության համար անհրաժեշտ պայմանները,

տեղեկացնել սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերի կամ սերտիֆիկացված արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացներում կատարված փոփոխությունների մասին:

 

Հոդված 20. Պարտադիր սերտիֆիկացման գործընթացում համապատասխանության հսկողությունը

 

1. Պարտադիր սերտիֆիկացման գործընթացում համապատասխանության հսկողությունն արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության գնահատումն է` որոշելու համար տվյալ պահին դրանց համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

Սերտիֆիկացված արտադրանքի, աշխատանքի, ծառայության, ինչպես նաև սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համապատասխանության հսկողությունը սերտիֆիկացման գործունեության մասն է և իրականացվում է սերտիֆիկացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Համապատասխանության հսկողության իրականացման համար սերտիֆիկացման մարմինը պայմանագրային հիմունքներով կարող է ներգրավել համապատասխան իրավասու մասնագետներ և (կամ) կազմակերպություններ:

 

Հոդված 21. Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ներմուծումը

 

1. Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող լիազորված մարմնի կամ սերտիֆիկացման մարմնի կողմից տրված սերտիֆիկատը և (կամ) համապատասխանության նշանը:

2. Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22. Կամավոր սերտիֆիկացումը

 

1. Արտադրանքը, աշխատանքը, ծառայությունը, որակի համակարգը ներկայացվում են կամավոր սերտիֆիկացման հայտատուի նախաձեռնությամբ` նրա կողմից ընտրված նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:

Կամավոր սերտիֆիկացման հետ կապված աշխատանքների կատարման պայմանների և վճարման կարգի վերաբերյալ հայտատուի և սերտիֆիկացման մարմնի միջև կնքվում է պայմանագիր:

2. Կամավոր սերտիֆիկացման մասնակիցները, նրանց իրավունքները և պարտականությունները, սերտիֆիկացման գործընթացում համապատասխանության հսկողությունը սահմանվում են սերտիֆիկացման ազգային համակարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 23. Ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական կառավարումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:

2. Լիազորված մարմինը`

ա) իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում.

բ) ստեղծում է ստանդարտացման և սերտիֆիկացման ազգային համակարգերը.

գ) իրականացնում է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների պահպանման պետական վերահսկողությունը.

դ) ընդունում է ազգային ստանդարտները և դասակարգիչները.

ե) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, այլ պետությունների ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի կիրառման կարգը.

զ) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման և սերտիֆիկացման աշխատանքներին.

է) կազմակերպում է կադրերի մասնագիտացումը և վերապատրաստումը.

ը) կազմակերպում է ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պաշտոնական տեղեկատվությունը և իրականացնում է դրանց վերաբերյալ նյութերի հրապարակումը.

թ) ստեղծում և վարում է փաստաթղթերի ֆոնդը.

ժ) կազմակերպում է պարտադիր սերտիֆիկացման աշխատանքները.

ժա) սահմանում է համապատասխանության նշանների կիրառման կարգը.

ժբ) իրականացնում է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը.

ժգ) սահմանում է օտարերկրյա սերտիֆիկատների, համապատասխանության նշանների և փորձարկումների արդյունքների ճանաչման կանոնները.

ժդ) ապահովում է պաշտոնական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգի և համապատասխանության նշանի մասին միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների սերտիֆիկացման կազմակերպություններին.

ժե) սահմանում է սերտիֆիկացման կանոնների պահպանման և սերտիֆիկացված արտադրանքի, աշխատանքի, ծառայության և որակի համակարգի համապատասխանության հսկողության կարգը.

ժզ) նախապատրաստում է միջազգային, տարածաշրջանային սերտիֆիկացման համակարգերին միանալու առաջարկություններ և կնքում է նրանց հետ համաձայնագրեր.

ժէ) տալիս է սերտիֆիկատներ և համապատասխանության նշան կիրառելու լիցենզիաներ.

ժը) քննարկում է սերտիֆիկացման հարցերին վերաբերող գանգատները.

ժթ) սահմանում է նորմատիվ փաստաթղթերի, սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման ենթահամակարգերի, սերտիֆիկատների և համապատասխանության նշանների գրանցման կարգը, իրականացնում և վարում է ստանդարտացման և սերտիֆիկացման պետական գրանցումների մատյանները:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

Հոդված 24. Պետական վերահսկողության ոլորտը

 

1. Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացվում է արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ:

2. Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական վերահսկողության իրականացման համար:

 

Հոդված 25. Պետական վերահսկողության մարմինները

 

1. Ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Պետական այլ մարմինների կողմից վերահսկողությունն իրականացվում է իրենց իրավասությունների սահմաններում:

2. Պետական վերահսկողությունն իրականացնում են լիազորված մարմնի պետական տեսուչները իրենց լիազորությունների սահմաններում:

3. Լիազորված մարմնի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):

 

Հոդված 26. Պետական տեսուչները, նրանց իրավունքները և պարտականությունները

 

1. Պետական տեսուչներն իրավունք ունեն սահմանված կարգով`

ա) մուտք գործել տնտեսավարող սուբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասերը.

բ) տնտեսավարող սուբյեկտներից ստանալ պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.

գ) օգտագործել տնտեսավարող սուբյեկտի տեխնիկական միջոցները և օգտվել նրա մասնագետների ծառայություններից.

դ) կատարել արտադրանքի նմուշների ընտրություն և նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին` դրանց համապատասխանության ստուգում.

ե) արգելել նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ստուգված արտադրանքի խմբաքանակի առաքումը և իրացումը.

զ) ներկայացնել առաջարկություններ գլխավոր պետական տեսչին ստուգման ընթացքը խանգարող հանգամանքների վերացման, ինչպես նաև ստուգված արտադրանքի իրացման, օգտագործման (շահագործման), աշխատանքի կատարման և ծառայության մատուցման արգելման և կասեցման վերաբերյալ:

2. Պետական տեսուչները պարտավոր են`

ա) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարներին ներկայացնել իրենց ծառայողական վկայականը և ստուգման վերաբերյալ առաջադրանքները վերահսկողություն իրականացնելու մասին.

բ) պաշտպանել սպառողների, տնտեսավարող սուբյեկտների և պետության օրինական շահերը.

գ) չհրապարակել պետական և ծառայողական գաղտնիքներ պարունակող նյութերը:

3. Պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, լիազորությունները չարաշահելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 27. Գլխավոր պետական տեսչի իրավունքները

 

Գլխավոր պետական տեսուչն իրավունք ունի`

ա) ընդունել որոշումներ պետական տեսուչների առաջարկությունների վերաբերյալ.

բ) կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված պատժամիջոցներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ` նրանց կողմից նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների խախտման դեպքերում.

գ) արգելել կամ կասեցնել արտադրանքի արտադրումը (իրացումը), օգտագործումը (շահագործումը), աշխատանքի կատարումը, ծառայության մատուցումը, եթե արտադրանքը, աշխատանքը և ծառայությունը չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին.

դ) արգելել նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ներմուծված արտադրանքի իրացումը և ծառայության մատուցումը, եթե դրանք չեն համապատասխանում տրված սերտիֆիկատներին:

 

Հոդված 28. Գլխավոր պետական տեսչի և պետական տեսուչների գործողությունների գանգատարկումը

 

1. Գլխավոր պետական տեսչի գործողությունները կարող են գանգատարկվել դատարան:

Գլխավոր պետական տեսչի գործողությունների գանգատարկումը չի կասեցնում նրա ընդունած որոշման կատարումը:

2. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել լիազորված մարմին կամ դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 29. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթների խախտման համար

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 30. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել`

ազգային ստանդարտների և դասակարգիչների հրատարակման կարգը,

պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի, աշխատանքի և ծառայության ցանկերը ու պարտադիր սերտիֆիկացման ենթակա աշխատանքների վճարման կարգը,

պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ներմուծման կարգը,

նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների պահպանման պետական վերահսկողության իրականացման և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի կողմից որոշումների ընդունման և պատժամիջոցների կիրառման կարգերը.

բ) մինչև 1997 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, գործող օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

Երևան
27 մայիսի 1997 թ.
ՀՕ-111

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան