Գլխավոր տեղեկություն
Համար
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2020-31.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1271-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1271-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի կիրառման իմաստով դեբետային գումարներ են համարվում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):

(1-ին կետը լրաց. 12.03.20 N 282-Ն)

(12.03.20 N 282-Ն որոշումն ունի 1-ին կետին վերաբերող ծանուցում)

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններին և դեբետային գումարներին համապատասխանող՝ մինչև 2018 թվականը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի վրա:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին համապատասխան՝ բացառությամբ «գերավճար» և «գերավճարից տարբերվող գումար» հասկացությունների, որոնք կիրառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանումներին համապատասխան:

4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Ընդ որում՝

1) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

2) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվից՝ առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու).

3) (ենթակետն ուժը կորցրել է 12.03.20 N 282-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 12.03.20 N 282-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 12.03.20 N 282-Ն)

6) 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորություններ չեն մարվում:

(4-րդ կետը խմբ. 06.03.18 N 242-Ն, փոփ. 12.03.20 N 282-Ն)

(12.03.20 N 282-Ն որոշումն ունի 4-րդ կետին վերաբերող ծանուցում)

4.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները՝

1) վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

2) հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում):

(4.1-ին կետը լրաց. 12.03.20 N 282-Ն)

(12.03.20 N 282-Ն որոշումն ունի 4.1-ին կետին վերաբերող ծանուցում)

5. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջանների (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող հարկի (վճարի) գումարները, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարները, շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) և մարվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով, ընդ որում՝

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով` հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման ամսաթվով.

2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ).

3) 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը (ներառյալ).

4) 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը (ներառյալ):

(5-րդ կետը լրաց. 06.03.18 N 242-Ն, 12.03.20 N 282-Ն)

(12.03.20 N 282-Ն որոշումն ունի 5-րդ կետին վերաբերող ծանուցում)

6. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի վճարումների վերջնաժամկետը սահմանվում է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ):

7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված)՝

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով.

2) առաջացող շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարների գումարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով, իսկ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից 2017 թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու դեպքում շահութահարկի կանխավճարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով.

3) վերահաշվարկված մնացորդներն անձնական հաշվի քարտում հաշվառվում են հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվելու ամսաթվով.

4) առաջացած հարկի (վճարի) գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով՝

ա. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը տույժերը հաշվարկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով,

բ. 2018 թվականի հունվարի 1-ից տույժերը հաշվարկվում են օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով (առկա գերավճարները հաշվի չեն առնվում),

գ. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից շարունակվում է 0.075 տոկոսով՝ մինչև հաշվարկման 365-րդ օրը լրանալը:

8. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողություններ շարունակվում են, և դրանց արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

9. 2017 թվականի ընթացքում հաշվարկված շահութահարկի, ռոյալթիի կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը մինչև տույժերի հաշվարկման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը չի դադարում, եթե այդ պարտավորությունները չեն մարվել:

(9-րդ կետը լրաց. 06.03.18 N 242-Ն)

10. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջաններին (տարի, եռամսյակ, ամիս) վերագրվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող տուգանքի գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:

(10-րդ կետը լրաց. 06.03.18 N 242-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 06.03.18 N 242-Ն, լրաց., փոփ. 12.03.20 N 282-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2021, N 808-Ն 31.05.2021, N 1271-Ն
12.03.2020, N 282-Ն 21.03.2020, N 1271-Ն
06.03.2018, N 242-Ն 22.03.2018, N 1271-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան