Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.04/16(1571) Հոդ.210
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/5896/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/5896/05/16
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

Դատավորներ՝

Ք. Մկոյան
 

Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

Նախագահող և զեկուցող

Ռ. հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ԷՅ ՓԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի յսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը վերացնելու և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ վերացնել Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 28.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.03.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագիրը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թղթի ներմուծման դեպքում ապրանք ներմուծողը կարող է ազատվել մաքսատուրքի վճարումից ոչ թե ցանկացած նպատակով (օրինակ՝ վաճառքի), այլ միայն «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված նպատակով ներմուծման դեպքում: Նշվածն ուղղակիորեն բխում է «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22.11.1950 թվականի համաձայնագրի բովանդակությունից, որից երևում է, որ այն կնքելիս կողմերի կամքն ուղղված է եղել գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակման իրականացմանը, որն ի կատար ածելու նպատակով է նախատեսված ներմուծման արտոնություններ: Մինչդեռ, տվյալ դեպքում Ընկերության կողմից ներմուծված նյութերը վաճառվել են մանրածախ և մեծածախ եղանակներով՝ խախտելով «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված ներմուծման պայմանները, այն է՝ ապրանքների օգտագործման նպատակային նշանակությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.03.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել տպագրական աշխատանքների համար նախատեսված որոշակի ապրանքներ՝ ըստ հետևյալ աղյուսակի (հատոր 2-րդ, գ.թ. 5-7, 9-18).

 

 

Ներմուծման ամսաթիվ

Մաքսային հայտարարագիր

Ապրանք

1.

29.04.2015 թվական

C 11643

բազմաշերտ ստվարաթուղթ

2.

29.04.2015 թվական

C 11646

կավճապատ թուղթ

3.

16.06.2015 թվական

C 17091

բազմաշերտ ստվարաթուղթ

4.

22.09.2015 թվական

C 28036

բազմաշերտ ստվարաթուղթ

5.

09.10.2015 թվական

C 30234

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

6.

07.12.2015 թվական

C 37128

բազմաշերտ ստվարաթուղթ

7.

14.12.2015 թվական

C 38131

բազմաշերտ ստվարաթուղթ

8.

04.04.2016 թվական

C 8253

ինքնակպչուն թուղթ

9.

11.04.2016 թվական

C 8972

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

10.

27.04.2016 թվական

C 10850

բազմաշերտ ստվարաթուղթ

11.

12.03.2016 թվական

C 6101

բազմաշերտ ստվարաթուղթ

 

2) ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 26-33).

3) Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտի համաձայն՝ վերը նշված թիվ 11 մաքսային հայտարարագրերով 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձևակերպվել են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ համաձայն Համաձայնագրի և ՀՀ կառավարության 05.02.2015 թվականի թիվ 112-Ն որոշման: Մաքսային ձևակերպումները կատարվել են՝ հիմք ընդունելով վերոգրյալ համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված համապատասխան եզրակացությունները: Ընդ որում, այդ եզրակացությունները ստանալու համար ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացված դիմումներում Ընկերությունը նշել է, որ իր կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունն է «կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների տպագրությունը»:

Մինչդեռ Ընկերության տնօրենի 01.02.2016 թվականի և 29.06.2016 թվականի հայտարարությունների համաձայն՝ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են, ինչպես նաև հայտարարությունը ներկայացնելու օրվա դրությամբ առկա արտոնությամբ ներմուծված ապրանքանյութական արժեքների միջոցները հետագայում իրացվելու են: Ստուգման ընթացքում հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգումից պարզվել է, որ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են՝ ինչպես արտագնա մաքսային ստուգումից առաջ, այնպես էլ ստուգման իրականացման ընթացքում՝ մանրածախ և մեծածախ եղանակներով: Հետևաբար Ընկերության կողմից 2015 թվականին և 2016 թվականին վերը նշված թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակներով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

Նշված իրավախախտման համար Ընկերության նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ պարտավորություններ՝ 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով (հատոր 1-ին, գ.թ. 21-26).

4) Վարչության պետի 13.07.2016 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0005-Ո-1 որոշմամբ կատարվել են համապատասխան փոփոխություններ Ընկերության կողմից 2015-2016 թվականների ընթացքում ներկայացված վերոգրյալ թիվ 11 մաքսային հայտարարագրերում՝ լրացուցիչ հաշվարկելով և գանձելով Ընկերության կողմից ապրանքների ներմուծման համար առաջացող մաքսատուրքերը և ԱԱՀ-ի գումարները (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում սույն որոշման մեջ նշված Համաձայնագրի Արձանագրության «Ը» հավելվածի առարկա ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո դրանց նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ կիրառելու պարտադիր պայմանների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Մինչև 10.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Մինչև 10.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են: Վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

Դատարանը մերժել է Ընկերության հայցը՝ գտնելով, որ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտն ընդունվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, ուստի առկա չէ որևէ հիմք վերոհիշյալ ակտն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով Ընկերության կողմից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների խախտման մասին Դատարանի իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը համապատասխանում է Համաձայնագրի պահանջներին, իսկ վերոհիշյալ վճարներից չազատելը կհանգեցներ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմանը՝ բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել է՝ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտը ճանաչել է անվավեր և որպես հետևանք՝ անվավեր է ճանաչել նաև Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Ընկերության կողմից ապրանքները ներմուծելու ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը (…):

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

Հայաստանի Հանրապետության համար 23.08.2010 թվականից ուժի մեջ մտած «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22.11.1950 թվականի Նյու-Յորքյան համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության համար 23.02.2011 թվականից ուժի մեջ մտած արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող պետությունները պարտավորվում են նույն Արձանագրության Ա, Բ, Դ և Ե, ինչպես նաև Գ.I, Զ, Է և Ը հավելվածներում թվարկված նյութերը, եթե նշված հավելվածները ստորև նշված 16(ա) կետի համաձայն արված հայտարարության առարկա չեն, ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից, ինչպես սահմանված է Համաձայնագրի I հոդվածի 1-ին կետով` պայմանով, որ այդ նյութերը բավարարեն այս հավելվածներով սահմանված պայմանները և հանդիսանան այլ Պայմանավորվող պետության արտադրանք:

Արձանագրության 8-րդ հոդվածի 14(ա) կետի համաձայն` (…) նույն Արձանագրության, ինչպես նաև 18-րդ կետում նշված արձանագրության մեջ գործածվող «պետություն» կամ «երկիր» հասկացությունները վերաբերում են նաև, եթե դա պահանջվում է համատեքստով, մաքսային կամ տնտեսական միություններին, իսկ դրանց իրավասության շրջանակում գտնվող, նույն Արձանագրության գործողության շրջանակին առնչվող բոլոր հարցերի մասով` դրանց անդամ պետությունների տարածքներին ամբողջությամբ, այլ ոչ թե այդ երկրներից յուրաքանչյուրի տարածքին: Հասկանալի է, որ նույն Արձանագրության Պայմանավորվող կողմի տարածքում այդ մաքսային կամ տնտեսական միությունները նույնպես կկիրառեն Համաձայնագրի դրույթները Արձանագրության նկատմամբ նույն հիմքով, ինչ նախատեսված է նախորդ կետում:

Արձանագրության «Ը» հավելվածի վերնագիրն է` «Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութերը և մեքենաները», բովանդակությունը` «i) Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութեր (ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն):

ii) Ցելյուլոզային զանգվածի և թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև տպագրական և կազմարարական մեքենաներ` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում»:

Նշված նորմերի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերը նշված միջազգային պայմանագրով 23.02.2011 թվականից պարտավորություն է ստանձնել մաքսային տուրք և ներմուծման հետ կապված այլ վճարներ չկիրառելու Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ստորև նշված հետևյալ ապրանքների համար`

 ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն, ինչպես նաև ցելյուլոզային զանգվածի և թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև տպագրական և կազմարարական մեքենաներ` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում,

հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) եթե դրանք օգտագործվում են գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար,

2) 1-ին կետում նշված ապրանքները հանդիսանում են այլ Պայմանավորվող պետության արտադրանք:

 

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված միջազգային պայմանագիրը, 05.02.2015 թվականին ընդունել է «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» թիվ 112-Ն որոշումը, որի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմնին վերապահվել է վերը նշված ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու իրավունք` նույն որոշման 3-րդ կետով այդ եզրակացությունը համարելով ներմուծման մաքսատուրքից ազատվելու հիմք:

Ընկերության կողմից ապրանքները ներմուծելու ժամանակ գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային ստուգումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ստուգելու համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը անձանց կողմից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մաքսային ստուգումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ ստուգման ենթարկվող անձանց նկատմամբ (մոտ), որոնք ստեղծվել և (կամ) գրանցվել են Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Ստուգման ենթարկվող անձինք ասելով ենթադրվում են՝

հայտարարատուն. (…):

Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների կողմից ստուգվում է պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ և գտնվում են մաքսային հսկողության տակ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները համարվում են պայմանականորեն բաց թողնված մինչև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ վճարման ենթակա գումարների վճարման պարտավորությունը դադարելու պահը, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ մաքսային մարմինն իրականացնում է մաքսային ստուգում` նպատակ ունենալով ստուգելու նաև հայտարարատուների կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետություն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվել են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ, որոնց դեպքում վերը նշված միջազգային պայմանագրի ուժով տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ` զուգակցված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով, այսինքն` այդ ապրանքները կարող են օգտագործվել բացառապես արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով, ապա մաքսային մարմինը ստուգում է դրանց օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը հայտարարատուների կողմից, քանի որ այդ ապրանքները համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին:

Վարչության աշխատակիցների կողմից 14.04.2016 թվականի թիվ 0005 հանձնարարականի հիման վրա Ընկերությունում իրականացվել է արտապլանային արտագնա ստուգում: Ստուգման արդյունքում 13.07.2016 թվականին կայացվել է թիվ 0005-Ա արտագնա ստուգման ակտը, որի համաձայն՝ Ընկերության կողմից 2015 և 2016 թվականներին թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, և Ընկերությունից լրացուցիչ գանձման է ենթակա 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով, և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով:

Վարչության պետը, հիմք ընդունելով ստուգման ակտը, 13.07.2016 թվականին կայացրել է թիվ 0005-Ո-1 որոշումը մաքսային վճարների և մաքսային մարմիններ վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում և գանձում կատարելու վերաբերյալ:

 

Այսինքն` մաքսային մարմինը, նպատակ ունենալով ստուգելու Ընկերության կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, ստուգմամբ բացահայտել է, որ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերը նշված ապրանքների մի մասը, որոնք հանդիսացել են պայմանականորեն բաց թողնված, և որոնց համար վերը նշված միջազգային պայմանագրի ուժով տրամադրվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, չեն զուգակցվել այդ ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումներով, այսինքն` դրանք չեն օգտագործվել բացառապես արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով` չեն օգտագործվել գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար, այլ` վաճառքի եղանակով օտարման միջոցով փոխանցվել են երրորդ անձանց:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից Ընկերությանն ազատելը համապատասխանում է Համաձայնագրի պահանջներին, իսկ վերոհիշյալ վճարներից չազատելը կհանգեցներ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմանը չի բխում ինչպես վերը նշված իրավական ակտերի վերաբերյալ հայտնված դիրքորոշումներից, այնպես էլ սույն գործի փաստերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը` ստուգելով դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ այդ պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի 28.03.2017 թվականի վճիռը բեկանելու համար, քանի որ սույն գործով վիճարկվող վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ պայման էր, որ գործի քննությամբ հաստատված համարվեր, որ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ու դրանցով խախտվել են Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որպիսի փաստերը վերը նշված դիրքորոշումների պարագայում Վճռաբեկ դատարանը հաստատված չհամարեց:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ, հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումները, անհրաժեշտ է պարզել` թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներից որքանն է վաճառվել և նոր միայն հետևություն անել վիճարկվող վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու կամ հայցը մերժելու մասին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան
 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

25.12.2019 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5896/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.12.2019 թվականին քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԷՅ ՓԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը վերացնելու և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը վերացնելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ վերացնել Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 28.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.03.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխել՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագիրը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թղթի ներմուծման դեպքում ապրանք ներմուծողը կարող է ազատվել մաքսատուրքի վճարումից ոչ թե ցանկացած նպատակով (օրինակ՝ վաճառքի), այլ միայն «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված նպատակով ներմուծման դեպքում: Նշվածն ուղղակիորեն բխում է Համաձայնագրի բովանդակությունից, որից երևում է, որ այն կնքելիս կողմերի կամքն ուղղված է եղել գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակման իրականացմանը, որն ի կատար ածելու նպատակով է նախատեսված ներմուծման արտոնություններ: Մինչդեռ տվյալ դեպքում Ընկերության կողմից ներմուծված նյութերը վաճառվել են մանրածախ և մեծածախ եղանակներով՝ խախտելով Համաձայնագրով սահմանված ներմուծման պայմանները, այն է՝ ապրանքների օգտագործման նպատակային նշանակությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.03.2017 թվականի վճռին:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել տպագրական աշխատանքների համար նախատեսված որոշակի ապրանքներ՝ ըստ հետևյալ աղյուսակի (հատոր 2-րդ, գ.թ. 5-7, 9-18).

 

 

Ներմուծման ամսաթիվ

Մաքսային հայտարարագիր

Ապրանք

1.

29.04.2015 թվական

C 11643

բազմաշերտ ստվարաթուղթ

2.

29.04.2015 թվական

C 11646

կավճապատ թուղթ

3.

16.06.2015 թվական

C 17091

բազմաշերտ ստվարաթուղթ

4.

22.09.2015 թվական

C 28036

բազմաշերտ ստվարաթուղթ

5.

09.10.2015 թվական

C 30234

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

6.

07.12.2015 թվական

C 37128

բազմաշերտ ստվարաթուղթ

7.

14.12.2015 թվական

C 38131

բազմաշերտ ստվարաթուղթ

8.

04.04.2016 թվական

C 8253

ինքնակպչուն թուղթ

9.

11.04.2016 թվական

C 8972

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

10.

27.04.2016 թվական

C 10850

բազմաշերտ ստվարաթուղթ

11.

12.03.2016 թվական

C 6101

բազմաշերտ ստվարաթուղթ

 

2. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին: Վերոհիշյալ եզրակացությունները չեն սահմանում ՀՀ տարածքում նպատակային նշանակությամբ օգտագործման պայմաններ կամ այլ սահմանափակումներ (հատոր 2-րդ, գ.թ. 26-33):

3. Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտի համաձայն՝ վերը նշված 11 մաքսային հայտարարագրերով 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձևակերպվել են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ համաձայն Համաձայնագրի և ՀՀ կառավարության 05.02.2015 թվականի թիվ 112-Ն որոշման: Մաքսային ձևակերպումները կատարվել են՝ հիմք ընդունելով վերոգրյալ համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված համապատասխան եզրակացությունները: Ընդ որում, այդ եզրակացությունները ստանալու համար ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացված դիմումներում Ընկերությունը նշել է, որ իր կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունն է «կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների տպագրությունը»:

Մինչդեռ Ընկերության տնօրենի 01.02.2016 թվականի և 29.06.2016 թվականի հայտարարությունների համաձայն՝ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են, ինչպես նաև հայտարարությունը ներկայացնելու օրվա դրությամբ առկա արտոնությամբ ներմուծված ապրանքանյութական արժեքների միջոցները հետագայում իրացվելու են: Ստուգման ընթացքում հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգումից պարզվել է, որ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են՝ ինչպես արտագնա մաքսային ստուգումից առաջ, այնպես էլ ստուգման իրականացման ընթացքում՝ մանրածախ և մեծածախ եղանակներով: Հետևաբար, Ընկերության կողմից 2015 թվականին և 2016 թվականին վերը նշված թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրով սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակներով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

Նշված իրավախախտման համար Ընկերության նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ պարտավորություններ՝ 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով և 1.561.758 դրամ՝ ԱԱՀ-ի գծով (հատոր 1-ին, գ.թ. 21-26):

4. Վարչության պետի 13.07.2016 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0005-Ո-1 որոշմամբ կատարվել են համապատասխան փոփոխություններ Ընկերության կողմից 2015-2016 թվականների ընթացքում ներկայացված վերոգրյալ 11 մաքսային հայտարարագրերում՝ լրացուցիչ հաշվարկելով և գանձելով Ընկերության կողմից ապրանքների ներմուծման համար առաջացող մաքսատուրքերը և ԱԱՀ-ի գումարները (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում սույն որոշման մեջ նշված Համաձայնագրի Արձանագրության «Ը» հավելվածի առարկա ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո դրանց նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ կիրառելու պարտադիր պայմանների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վկայակոչելով Ընկերության կողմից ապրանքները ներմուծելու ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

Հայաստանի Հանրապետության համար 23.08.2010 թվականից ուժի մեջ մտած Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության համար 23.02.2011 թվականից ուժի մեջ մտած արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող պետությունները պարտավորվում են նույն Արձանագրության Ա, Բ, Դ և Ե, ինչպես նաև Գ.I, Զ, Է և Ը հավելվածներում թվարկված նյութերը, եթե նշված հավելվածները ստորև նշված 16(ա) կետի համաձայն արված հայտարարության առարկա չեն, ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից, ինչպես սահմանված է Համաձայնագրի I հոդվածի 1-ին կետով` պայմանով, որ այդ նյութերը բավարարեն այս հավելվածներով սահմանված պայմանները և հանդիսանան այլ Պայմանավորվող պետության արտադրանք:

Արձանագրության 8-րդ հոդվածի 14(ա) կետի համաձայն` (…) նույն Արձանագրության, ինչպես նաև 18-րդ կետում նշված արձանագրության մեջ գործածվող «պետություն» կամ «երկիր» հասկացությունները վերաբերում են նաև, եթե դա պահանջվում է համատեքստով, մաքսային կամ տնտեսական միություններին, իսկ դրանց իրավասության շրջանակում գտնվող, նույն Արձանագրության գործողության շրջանակին առնչվող բոլոր հարցերի մասով` դրանց անդամ պետությունների տարածքներին ամբողջությամբ, այլ ոչ թե այդ երկրներից յուրաքանչյուրի տարածքին: Հասկանալի է, որ նույն Արձանագրության Պայմանավորվող կողմի տարածքում այդ մաքսային կամ տնտեսական միությունները նույնպես կկիրառեն Համաձայնագրի դրույթները Արձանագրության նկատմամբ նույն հիմքով, ինչ նախատեսված է նախորդ կետում:

Արձանագրության «Ը» հավելվածի վերնագիրն է` «Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութերը և մեքենաները», բովանդակությունը` « i) Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութեր (ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն):

ii) Ցելյուլոզային զանգվածի և թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև տպագրական և կազմարարական մեքենաներ` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում»:

Նշված նորմերի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերը նշված միջազգային պայմանագրով 23.02.2011 թվականից պարտավորություն է ստանձնել մաքսային տուրք և ներմուծման հետ կապված այլ վճարներ չկիրառելու Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ստորև նշված հետևյալ ապրանքների համար`

 ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն, ինչպես նաև ցելյուլոզային զանգվածի և թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև տպագրական և կազմարարական մեքենաներ` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում,

հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) եթե դրանք օգտագործվում են գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար,

2) 1-ին կետում նշված ապրանքները հանդիսանում են այլ Պայմանավորվող պետության արտադրանք:

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված միջազգային պայմանագիրը, 05.02.2015 թվականին ընդունել է «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» թիվ 112-Ն որոշումը, որի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմնին վերապահվել է վերը նշված ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու իրավունք` նույն որոշման 3-րդ կետով այդ եզրակացությունը համարելով ներմուծման մաքսատուրքից ազատվելու հիմք:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Ընկերության կողմից ապրանքները ներմուծելու ժամանակ գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 3-րդ մասի 3-րդ կետի, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի մեկնաբանությունից բխում է, որ մաքսային մարմինն իրականացնում է մաքսային ստուգում` նպատակ ունենալով ստուգելու նաև հայտարարատուների կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետություն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվել են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ, որոնց դեպքում վերը նշված միջազգային պայմանագրի ուժով տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ` զուգակցված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով, այսինքն` այդ ապրանքները կարող են օգտագործվել բացառապես արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով, ապա մաքսային մարմինը ստուգում է դրանց օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը հայտարարատուների կողմից, քանի որ այդ ապրանքները համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին:

Վարչության աշխատակիցների կողմից 14.04.2016 թվականի թիվ 0005 հանձնարարականի հիման վրա Ընկերությունում իրականացվել է արտապլանային արտագնա ստուգում: Ստուգման արդյունքում 13.07.2016 թվականին կայացվել է թիվ 0005-Ա արտագնա ստուգման ակտը, որի համաձայն՝ Ընկերության կողմից 2015 և 2016 թվականներին թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, և Ընկերությունից լրացուցիչ գանձման է ենթակա 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով, և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով:

Վարչության պետը, հիմք ընդունելով ստուգման ակտը, 13.07.2016 թվականին կայացրել է թիվ 0005-Ո-1 որոշումը մաքսային վճարների և մաքսային մարմիններ վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում և գանձում կատարելու վերաբերյալ:

Այսինքն` մաքսային մարմինը, նպատակ ունենալով ստուգելու Ընկերության կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, ստուգմամբ բացահայտել է, որ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերը նշված ապրանքների մի մասը, որոնք հանդիսացել են պայմանականորեն բաց թողնված, և որոնց համար վերը նշված միջազգային պայմանագրի ուժով տրամադրվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, չեն զուգակցվել այդ ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումներով, այսինքն` դրանք չեն օգտագործվել բացառապես արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով` չեն օգտագործվել գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար, այլ` վաճառքի եղանակով օտարման միջոցով փոխանցվել են երրորդ անձանց:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ անհիմն է Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի այն հիմքը, որ ներմուծած ապրանքներն Ընկերությունը չի օգտագործել Համաձայնագրով նախանշված պայմաններին համապատասխանող նպատակներով, և արտոնության կիրառման անհրաժեշտությունը կախված է ներմուծված նյութերի (ապրանքների) բնույթից և (կամ) նպատակային նշանակությունից, այլ ոչ թե ներմուծողի կողմից դրանց օգտագործման նպատակից, չի բխում ինչպես վերը նշված իրավական ակտերի վերաբերյալ հայտնված դիրքորոշումներից, այնպես էլ սույն գործի փաստերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի, 27-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ և նշված նորմերի վերլուծության վերաբերյալ թիվ ՎԴ5/0029/05/14 և թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործերով համապատասխանաբար 27.11.2015 թվականի և 07.04.2017 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը` ստուգելով դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրել է, որ այդ պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու համար, քանի որ սույն գործով վիճարկվող վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ պայման էր, որ գործի քննությամբ հաստատված համարվեր, որ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ու դրանցով խախտվել են Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որպիսի փաստերը վերը նշված դիրքորոշումների պարագայում Վճռաբեկ դատարանը հաստատված չի համարել:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Գտնում եմ, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները կիրառելի են արդյո՞ք հետևյալ դեպքերում.

1) ներկրված ապրանքն օգտագործվել է անմիջականորեն ներմուծողի կողմից իր նպատակային նշանակությամբ,

2) ներկրված ապրանքն օգտագործվել է անմիջականորեն ներմուծողի կողմից, սակայն ոչ իր նպատակային նշանակությամբ,

3) ներկրված ապրանքը ներմուծողի կողմից օտարվել է այլ անձանց, որոնք այդ ապրանքը հետագայում օգտագործել են իր նպատակային նշանակությամբ,

4) ներկրված ապրանքը ներմուծողի կողմից օտարվել է այլ անձանց, որոնք այդ ապրանքը հետագայում չեն օգտագործել իր նպատակային նշանակությամբ:

 

5.2. Համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 23.08.2010 թվականին) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հետևյալ նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր և այլ վճարներ.

ա) գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր, որոնք նշված են նույն Համաձայնագրին կից Ա հավելվածում.

բ) նույն Համաձայնագրին կից «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներում թվարկված և Պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսացող՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութեր՝ այդ հավելվածներում նշված պայմանների պահպանման պայմանով:

 «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 23.05.1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.06.2005 թվականից) «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների՝ դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո:

 «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից և նպատակներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համապատասխան և իրականացվում է միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով սահմանված կարգով:

 

5.3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով միջազգային իրավական ակտերի մեկնաբանման կանոններին, նշել է, որ համաձայն Վիեննայի Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պայմանագրի նախաբանը հանդիսանում է դրա անբաժանելի մասը: Ավելին, կոնկրետ միջազգային իրավական ակտը մեկնաբանելիս՝ նախաբանը, որպես կանոն, շատ օգտակար է դրա «առարկան» և «նպատակը» պարզելու համար (տե՛ս Golder v. United Kingdom of Great Britain (4451/70) գործով Եվրոպական դատարանի 14.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Համաձայնագրի նախաբանի համաձայն՝ պայմանավորվող պետությունները, համարելով, որ գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակումը և ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձևերի առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի և միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետևաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար, համարելով, որ այդ փոխանակումներն իրականացվում են առաջին հերթին գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով, (...) ընդունում են, որ այդ նպատակների իրականացմանն արդյունավետ կծառայի կրթական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների և նյութերի ազատ տարածմանն աջակցող միջազգային համաձայնագիրը (...):

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ գտնում եմ, որ Համաձայնագրի նպատակը բացահայտելու համար առաջնային նշանակություն ունի դրա նախաբանը: Համաձայնագրով սահմանված դրույթները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել Համաձայնագրով հետապնդվող նպատակի շրջանակներից դուրս, հետևաբար պայմանավորվող պետությունների կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները հետապնդվող նպատակների լույսի ներքո չմեկնաբանելը և չկիրառելը կհանդիսանան միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում, ոչ բարեխիղճ կատարում:

Այս դեպքում Համաձայնագրի նպատակների բացահայտման տեսանկյունից առավել իմաստալից նշանակություն ունի նախաբանի այն մասը, որում այն ստորագրած կողմերը հայտարարում են, որ «(...) գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակումը և ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձևերի առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի և միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետևաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար (...:

Վերոգրյալի արդյունքում կարելի է արձանագրել, որ Համաձայնագիրը նպատակ է հետապնդում բոլոր ուղղակի և անուղղակի միջոցներով նպաստել գիտական, կրթական և մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների և նյութերի հնարավորինս լայնածավալ տարածմանը՝ ի թիվս այնի, 1-ին հոդվածով նախատեսված նյութերի ներմուծման համար մաքսատուրքեր և ներմուծման հետ կապված այլ վճարներ չկիրառելու պոզիտիվ պարտականություն նախատեսելով պայմանավորվող Պետությունների համար: Նույն հոդվածի «բ» կետը ներմուծման համար գանձվող մաքսատուրքի (և ներմուծման հետ կապված այլ վճարների) գծով այդ արտոնության կիրառման համար նախատեսում է 2 պայման.

1) ներկրվող կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութը պետք է թվարկված լինի Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում,

2) ներկրվող կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութը պետք է հանդիսանա այլ պետության արտադրանք:

 

5.4. Հարկ է արձանագրել, որ պայմանավորվող պետությունները Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով ստանձնել են միջազգային պարտավորություն՝ ազատել մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից Համաձայնագրի հավելվածներում թվարկված նյութերը ներմուծողին՝ պայմանով, որ այդ նյութերը բավարարեն հավելվածներով սահմանված պայմանները և հանդիսանան այլ պայմանավորվող պետության արտադրանք: Համաձայնագրով ամրագրված սկզբունքները հետապնդում են գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու նպատակ: Այդ նպատակին պետք է ծառայի նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի՝ կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներ առավել դյուրին և մատչելի կերպով մուտք գործելու հնարավորության ստեղծումը: Դա էլ իր հերթին արտահայտվում է Համաձայնագրում նշված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծման դեպքում մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու՝ պայմանավորվող Պետության պոզիտիվ պարտավորության անվերապահ կատարմամբ: Ընդ որում, Համաձայնագրով թվարկված՝ կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու նպատակը կարող է գործնականում կյանքի կոչվել ինչպես այն դեպքում, երբ տպագրական գործունեությունն իրականացվում է հենց այդ նյութերը ներմուծողի կողմից, այնպես էլ՝ երբ տպագրական գործունեությունն իրականացվում է ներմուծողից տարբերվող այլ սուբյեկտի կողմից: Տվյալ դեպքում ներմուծողը միջնորդի դերակատարություն ունի գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու հարցում:

Այսպիսով, գտնում եմ, որ Համաձայնագրի անդամ պետությունն ունի Համաձայնագրով սահմանված չափանիշներին բավարարող՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու պոզիտիվ պարտավորություն՝ այն պայմանով, որ այդ նյութերը պետք է վերջիվերջո օգտագործվեն տպագրական գործունեության մեջ: Այդ պարտավորությունը բխում է Համաձայնագրով մատնանշված հայեցակարգից առ այն, որ Համաձայնագիրն արդյունավետ միջոց է գաղափարների և գիտելիքների փոխանակումը խոչընդոտող մաքսային արգելքների նվազեցման և տնտեսական բնույթի այլ սահմանափակումների կրճատման համար:

 

5.5. Համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 05.02.2015 թվականին ընդունված թիվ 112-Ն որոշմամբ մշակվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը (այսուհետ` Կարգ), որը կարգավորում է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման հետ կապված հարաբերությունները:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ եզրակացություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինը (...) տրամադրում է Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունը` իր իրավասությունների շրջանակներում:

Կարգի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները, լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են ներմուծման մաքսատուրքից:

ՀՀ կառավարության վկայակոչված որոշմամբ սահմանված իրավակարգավորումներից ևս հետևում է, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ նյութերը օգտագործվում են նպատակային նշանակությամբ՝ տպագրական գործունեության մեջ: Այս եզրահանգման համար հիմք եմ ընդունում այն կարգավորումը, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ լիազոր մարմինը տրամադրում է եզրակացություն կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների նպատակային նշանակության վերաբերյալ: Այսինքն՝ այդ ապրանքների նպատակային նշանակությունը կարևորվում է նաև լիազոր մարմնի կողմից համապատասխան եզրակացություն տրամադրվելու փուլում:

 

5.6. Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ Համաձայնագրով նախատեսված՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերը չեն հանդիսանում պայմանականորեն բաց թողնված այնպիսի ապրանքներ, որոնց դեպքում մաքսատուրքերի և այլ վճարների համար սահմանված արտոնությունները զուգակցված են անմիջականորեն ներմուծողի կողմից այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:

Այսպես՝ իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի (ընդունվել է 27.11.2009 թվականին, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է 02.01.2015 թվականից, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի համաձայն) 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝

1) տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.

2) օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներն առնչվում են ապրանքների բացթողումից հետո նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Արգելված է նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների փոխանցումը երրորդ անձանց, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքների ներմուծման սահմանափակումները սահմանված են՝ կապված այդ ապրանքների որակի ստուգման և անվտանգության հետ, ապա արգելված է ցանկացած ձևով դրանց օգտագործումը (շահագործումը, սպառումը):

Իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից, եթե մաքսային մարմին են ներկայացվել լիցենզիաներ, հավաստագրեր, թույլտվություններ և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նույն օրենսգրքին և Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքների բացթողման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ապրանքների բացթողումից հետո:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում արձանագրում եմ, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է պայմանականորեն բաց թողնված ապրանքների տեսակները:

Այդպիսի ապրանքներից են, մասնավորապես, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված այն ապրանքները, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են մաքսատուրքերի և հարկերի գծով արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Այդ ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Փաստորեն, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ներմուծողին տրամադրված արտոնությունը զուգակցված է եղել ներմուծված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Մինչդեռ, եթե նման սահմանափակումներ նախատեսված չեն եղել, ապա Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կիրառելի չի կարող լինել: Նշված հիմքով կիրառելի չի կարող լինել նաև վկայակոչված հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը, այն է՝ ապրանքները միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով օգտագործելու պահանջը:

Մյուս կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այդ ապրանքների նկատմամբ առկա են օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ, որոնք առնչվում են ապրանքների բացթողումից հետո նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ:

Գտնում եմ, որ Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերը, որոնց ներմուծման դեպքում կիրառվում են մաքսատուրքերի և այլ վճարների գծով արտոնություններ, չեն համարվում պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ ենթակետերի իմաստով:

 

5.7. Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ըստ Համաձայնագրի՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնություն տրամադրելու իրավական հնարավորությունը պայմանավորված է բացառապես ներկրված նյութը Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում թվարկված լինելու և պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսանալու հանգամանքով: Այլ կերպ՝ Համաձայնագիրը նշված նյութերի ներմուծման համար մաքսային արտոնության կիրառելիությունը որևէ կերպ չի զուգակցել (չի պայմանավորել) դրանք ներմուծող սուբյեկտի կողմից անմիջականորեն նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ չօգտագործելու հանգամանքով: Այստեղ կարևորն այն է, որ նշված նյութերը վերջիվերջո օգտագործվեն իրենց նպատակային նշանակությամբ՝ տպագրական գործունեության մեջ: Ընդ որում, այդ նյութերը կարող են իրենց նպատակային նշանակությամբ (տպագրական գործունեության մեջ) օգտագործվել ոչ միայն անմիջականորեն դրանք ներմուծող սուբյեկտի, այլ նաև ուրիշ տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք այդ ապրանքները ձեռք են բերել ներմուծողից:

 

5.8. Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ հանգում եմ այն եզրակացության, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ներկրվող ապրանքը վերջիվերջո որևէ սուբյեկտի (կամ ներմուծողի, կամ այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից) կողմից օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ, թե՝ ոչ:

Այսպիսով, ելնելով Համաձայնագրով հետապնդվող նպատակից՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները կիրառելի են հետևյալ դեպքերում.

1) ներկրված ապրանքն օգտագործվել է անմիջականորեն ներմուծողի կողմից իր նպատակային նշանակությամբ,

2) ներկրված ապրանքը ներմուծողի կողմից օտարվել է այլ անձանց, որոնք այդ ապրանքը հետագայում օգտագործել են իր նպատակային նշանակությամբ:

Մյուս կողմից, կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները կիրառելի չեն հետևյալ դեպքերում.

1) ներկրված ապրանքն օգտագործվել է անմիջականորեն ներմուծողի կողմից, սակայն ոչ իր նպատակային նշանակությամբ,

2) ներկրված ապրանքը ներմուծողի կողմից օտարվել է այլ անձանց, որոնք այդ ապրանքը հետագայում չեն օգտագործել իր նպատակային նշանակությամբ:

 

5.9. Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին:

Վարչության աշխատակիցների կողմից 14.04.2016 թվականի թիվ 0005 հանձնարարականի հիման վրա Ընկերությունում իրականացվել է արտապլանային արտագնա ստուգում: Ստուգման արդյունքում 13.07.2016 թվականին կայացվել է թիվ 0005-Ա արտագնա ստուգման ակտը, որի համաձայն՝ Ընկերության կողմից 2015 և 2016 թվականներին թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, և Ընկերությունից լրացուցիչ գանձման է ենթակա 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով, և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով:

Վարչության պետը, հիմք ընդունելով ստուգման ակտը, 13.07.2016 թվականին կայացրել է թիվ 0005-Ո-1 որոշումը մաքսային վճարների և մաքսային մարմիններ վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում և գանձում կատարելու վերաբերյալ:

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

Դատարանը մերժել է Ընկերության հայցը՝ գտնելով, որ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտն ընդունվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, ուստի առկա չէ որևէ հիմք վերոհիշյալ ակտն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով Ընկերության կողմից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների խախտման մասին Դատարանի իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը համապատասխանում է Համաձայնագրի պահանջներին, իսկ վերոհիշյալ վճարներից չազատելը կհանգեցներ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմանը՝ բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել է՝ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտը ճանաչել է անվավեր և որպես հետևանք՝ անվավեր է ճանաչել նաև Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

 

5.10. Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտերի կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների օգտագործման նպատակը չի համապատասխանել արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանած պայմաններին: Մինչդեռ պետք է ընդգծել, որ անհիմն է վարչական մարմնի այն պնդումը, համաձայն որի՝ Ընկերությունը, մեծածախ առևտրի ճանապարհով օտարելով ներկրված ապրանքը, օգտագործել է վերոհիշյալ ապրանքն արտոնությունների տրամադրման պայմաններին չհամապատասխանող նպատակներով, քանի որ մաքսատուրքից ազատված լինելն ուղղակիորեն նպաստում է շուկայում ներկրված ապրանքի անհամեմատ ցածր գին ունենալուն, ինչ էլ իր հերթին նպաստում է գիտական, կրթական և մշակութային բնույթի հրատարակությունների առավել լայնածավալ տարածմանը, այլ կերպ ասած՝ Համաձայնագրի նպատակներին:

Սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ ո՛չ Համաձայնագրով, ո՛չ Նախարարության կողմից տրված՝ ՀՀ տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային ապրանքների հավաստման մասին եզրակացությամբ սահմանված չէ անմիջականորեն ներմուծողի կողմից թղթի օգտագործման պարտադիր նպատակ՝ որպես արտոնությունից օգտվելու պայման: Այսինքն՝ ապրանքների բնույթի հավաստումը դեռևս չի նշանակում, որ դրանց համար նախատեսված են անմիջականորեն ներմուծողի կողմից տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ: Հետևաբար, Ընկերությանը չէր կարող վերագրվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, քանի որ մաքսատուրքի կամ ներմուծման հետ կապված այլ վճարների գծով Ընկերությանը տրամադրված արտոնությունը զուգակցված չի եղել ներմուծված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Այսպիսով Ընկերության կողմից ներմուծված ապրանքները չեն կարող որակվել որպես պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Համաձայնագրի նպատակն այն է, որ մաքսային արտոնությամբ ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները վերջիվերջո օգտագործվեն իրենց նպատակային նշանակությամբ՝ տպագրական գործունեության մեջ: Ընդ որում, այդ նյութերը կարող են իրենց նպատակային նշանակությամբ (տպագրական գործունեության մեջ) օգտագործվել ոչ միայն անմիջականորեն դրանք ներմուծող սուբյեկտի, այլ նաև ուրիշ տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք այդ ապրանքները ձեռք են բերել ներմուծողից:

Հետևաբար, տվյալ դեպքում կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները կիրառելի չէին լինի, եթե ներկրված ապրանքն Ընկերության կողմից այլ անձանց օտարվելուց հետո օգտագործվեր ոչ իր նպատակային նշանակությամբ (չօգտագործվեր տպագրական գործունեության մեջ): Սույն գործով վիճարկվող վարչական ակտերը կարող էին իրավաչափ համարվել, եթե վարչական մարմինը դրանցում հիմնավորեր և սույն գործի քննության ընթացքում ապացուցեր, որ ներկրված ապրանքն Ընկերության կողմից այլ անձանց օտարվելուց հետո օգտագործվել է ոչ իր նպատակային նշանակությամբ: Մինչդեռ սույն գործով բացակայում է որևէ փաստարկ, հիմնավորում կամ ապացույց այն մասին, որ ներկրված ապրանքն Ընկերության կողմից այլ անձանց օտարվելուց հետո օգտագործվել է ոչ իր նպատակային նշանակությամբ (չի օգտագործվել տպագրական գործունեության մեջ):

Փաստորեն, սույն գործով վարչական մարմնի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել Ընկերության կողմից ներմուծված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքն այլ նպատակային նշանակությամբ, քան հռչակված է Համաձայնագրում, օգտագործված լինելու փաստը: Իսկ այդ ապրանքն այլ անձի օտարված լինելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար ապացուցողական հենք ունենալ հաստատելու համար այն փաստը, որ այդ ապրանքն օգտագործվել է ոչ իր նպատակային նշանակությամբ:

 

5.11. Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և անվավեր ճանաչելով վիճարկվող վարչական ակտերը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավոր՝

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

25.12.2019 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5896/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.12.2019 թվականին քննելով Պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԷՅ ՓԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի յսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը վերացնելու և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը վերացնելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Նախշուն Տավարացյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ վերացնել Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 28.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.03.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագիրը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թղթի ներմուծման դեպքում ապրանք ներմուծողը կարող է ազատվել մաքսատուրքի վճարումից ոչ թե ցանկացած նպատակով (օրինակ՝ վաճառքի), այլ միայն «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված նպատակով ներմուծման դեպքում: Նշվածն ուղղակիորեն բխում է «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22.11.1950 թվականի համաձայնագրի բովանդակությունից, որից երևում է, որ այն կնքելիս կողմերի կամքն ուղղված է եղել գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակման իրականացմանը, որն ի կատար ածելու նպատակով է նախատեսված ներմուծման արտոնություններ: Մինչդեռ, տվյալ դեպքում Ընկերության կողմից ներմուծված նյութերը վաճառվել են մանրածախ և մեծածախ եղանակներով՝ խախտելով «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված ներմուծման պայմանները, այն է՝ ապրանքների օգտագործման նպատակային նշանակությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.03.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել տպագրական աշխատանքների համար նախատեսված որոշակի ապրանքներ՝ ըստ հետևյալ աղյուսակի (հատոր 2-րդ, գ.թ. 5-7, 9-18).

 

 

Ներմուծման ամսաթիվ

Մաքսային հայտարարագիր

Ապրանք

1.

29.04.2015 թվական

C 11643

բազմաշերտ ստվարաթուղթ

2.

29.04.2015 թվական

C 11646

կավճապատ թուղթ

3.

16.06.2015 թվական

C 17091

բազմաշերտ ստվարաթուղթ

4.

22.09.2015 թվական

C 28036

բազմաշերտ ստվարաթուղթ

5.

09.10.2015 թվական

C 30234

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

6.

07.12.2015 թվական

C 37128

բազմաշերտ ստվարաթուղթ

7.

14.12.2015 թվական

C 38131

բազմաշերտ ստվարաթուղթ

8.

04.04.2016 թվական

C 8253

ինքնակպչուն թուղթ

9.

11.04.2016 թվական

C 8972

ոչ կավճապատ թուղթ (օֆսեթ)

10.

27.04.2016 թվական

C 10850

բազմաշերտ ստվարաթուղթ

11.

12.03.2016 թվական

C 6101

բազմաշերտ ստվարաթուղթ

 

2) ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950 թվականի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին: Վերոհիշյալ եզրակացությունները չեն սահմանում ՀՀ տարածքում նպատակային նշանակությամբ օգտագործման պայմաններ կամ այլ սահմանափակումներ (հատոր 2-րդ, գ.թ. 26-33).

3) Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտի համաձայն՝ վերը նշված թիվ 11 մաքսային հայտարարագրերով 2015-2016 թվականների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձևակերպվել են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ համաձայն Համաձայնագրի և ՀՀ կառավարության 05.02.2015 թվականի թիվ 112-Ն որոշման: Մաքսային ձևակերպումները կատարվել են՝ հիմք ընդունելով վերոգրյալ համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված համապատասխան եզրակացությունները: Ընդ որում, այդ եզրակացությունները ստանալու համար ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացված դիմումներում Ընկերությունը նշել է, որ իր կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունն է «կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների տպագրությունը»:

Մինչդեռ Ընկերության տնօրենի 01.02.2016 թվականի և 29.06.2016 թվականի հայտարարությունների համաձայն՝ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են, ինչպես նաև հայտարարությունը ներկայացնելու օրվա դրությամբ առկա արտոնությամբ ներմուծված ապրանքանյութական արժեքների միջոցները հետագայում իրացվելու են: Ստուգման ընթացքում հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգումից պարզվել է, որ վերը նշված մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքները վաճառվել են՝ ինչպես արտագնա մաքսային ստուգումից առաջ, այնպես էլ ստուգման իրականացման ընթացքում՝ մանրածախ և մեծածախ եղանակներով: Հետևաբար Ընկերության կողմից 2015 թվականին և 2016 թվականին վերը նշված թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22.11.1950 թվականի համաձայնագրով սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակներով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի (կետի) պահանջները:

Նշված իրավախախտման համար Ընկերության նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ պարտավորություններ՝ 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով (հատոր 1-ին, գ.թ. 21-26).

4) Վարչության պետի 13.07.2016 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0005-Ո-1 որոշմամբ կատարվել են համապատասխան փոփոխություններ Ընկերության կողմից 2015-2016 թվականների ընթացքում ներկայացված վերոգրյալ թիվ 11 մաքսային հայտարարագրերում՝ լրացուցիչ հաշվարկելով և գանձելով Ընկերության կողմից ապրանքների ներմուծման համար առաջացող մաքսատուրքերը և ԱԱՀ-ի գումարները (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ներկրվող ապրանքը հետագայում օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ անմիջականորեն այն ներմուծողի կողմից, թե իրացվել է այլ անձանց:

Համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 23.08.2010 թվականին) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հետևյալ նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր և այլ վճարներ.

ա) գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր, որոնք նշված են նույն Համաձայնագրին կից Ա հավելվածում.

բ) նույն Համաձայնագրին կից «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներում թվարկված և Պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսացող՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութեր՝ այդ հավելվածներում նշված պայմանների պահպանման պայմանով:

 «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 23.05.1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.06.2005 թվականից) «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների՝ դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո:

 «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից և նպատակներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համապատասխան և իրականացվում է միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով միջազգային իրավական ակտերի մեկնաբանման կանոններին, նշել է, որ համաձայն Վիեննայի Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պայմանագրի նախաբանը հանդիսանում է դրա անբաժանելի մասը: Ավելին, կոնկրետ միջազգային իրավական ակտը մեկնաբանելիս՝ նախաբանը, որպես կանոն, շատ օգտակար է դրա «առարկան» և «նպատակը» պարզելու համար (տե՛ս Golder v. United Kingdom of Great Britain (4451/70) գործով Եվրոպական դատարանի 14.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Համաձայնագրի նախաբանի համաձայն՝ պայմանավորվող պետությունները, համարելով, որ գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակումը և ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձևերի առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի և միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետևաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար, համարելով, որ այդ փոխանակումներն իրականացվում են առաջին հերթին գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով, (...) ընդունում են, որ այդ նպատակների իրականացմանն արդյունավետ կծառայի կրթական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների և նյութերի ազատ տարածմանն աջակցող միջազգային համաձայնագիրը (...):

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ գտնում ենք, որ Համաձայնագրի նպատակը բացահայտելու համար առաջնային նշանակություն ունի դրա նախաբանը: Համաձայնագրով սահմանված դրույթները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել Համաձայնագրով հետապնդվող նպատակի շրջանակներից դուրս, հետևաբար պայմանավորվող պետությունների կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները հետապնդվող նպատակների լույսի ներքո չմեկնաբանելը և չկիրառելը կհանդիսանան միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում, ոչ բարեխիղճ կատարում:

Այս դեպքում Համաձայնագրի նպատակների բացահայտման տեսանկյունից առավել իմաստալից նշանակություն ունի նախաբանի այն մասը, որում այն ստորագրած կողմերը հայտարարում են, որ «(...) գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակումը և ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձևերի առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի և միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետևաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար (...:

 Վերոգրյալի արդյունքում արձանագրում ենք, որ Համաձայնագիրը նպատակ է հետապնդում բոլոր ուղղակի և անուղղակի միջոցներով նպաստել գիտական, կրթական և մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների և նյութերի հնարավորին լայնածավալ տարածմանը՝ ի թիվս այլնի, 1-ին հոդվածով նախատեսված նյութերի ներմուծման համար մաքսատուրքեր և ներմուծման հետ կապված այլ վճարներ չկիրառելու պոզիտիվ պարտականություն նախատեսելով պայմանավորվող Պետությունների համար: Նույն հոդվածի «բ» կետը ներմուծման համար գանձվող մաքսատուրքի (և ներմուծման հետ կապված այլ վճարների) գծով այդ արտոնության կիրառման համար նախատեսում է 2 պայման.

ներկրվող կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութը պետք է թվարկված լինի Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում,

ներկրվող կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութը պետք է հանդիսանա այլ պետության արտադրանք:

Նշված հոդվածի պայմանները սպառիչ են, և Համաձայնագիրը դրա կիրառելիությունը չի պայմանավորում նյութերի ներկրումից հետո դրանք ներմուծող սուբյեկտի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործվելու կամ չօգտագործվելու հանգամանքի հետ:

Այսպես՝ հարկ է արձանագրել, որ պայմանավորվող պետությունները Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով ստանձնել են միջազգային պարտավորություն՝ ազատել մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից Համաձայնագրի հավելվածներում թվարկված նյութերը ներմուծողին՝ պայմանով, որ այդ նյութերը բավարարեն հավելվածներով սահմանված պայմանները և հանդիսանան այլ պայմանավորվող պետության արտադրանք: Իսկ նշված չափանիշներին բավարարող նյութերը ներմուծող սուբյեկտին մաքսատուրքերի և այլ վճարների վճարումից ազատելու համար դրանք հետագայում ներմուծողի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանի սահմանումը կհանգեցնի միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման: Այդ իրավիճակը կհանգեցնի նաև Համաձայնագրով ամրագրված սկզբունքների խախտման, քանի որ այդ սկզբունքները հետապնդում են գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու նպատակ: Այդ նպատակին պետք է ծառայի նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի՝ կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներ առավել դյուրին և մատչելի կերպով մուտք գործելու հնարավորության ստեղծումը: Դա էլ իր հերթին արտահայտվում է Համաձայնագրում նշված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծման դեպքում մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու՝ պայմանավորվող Պետության պոզիտիվ պարտավորության անվերապահ կատարմամբ: Ընդ որում, Համաձայնագրով թվարկված՝ կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու նպատակը կարող է գործնականում կյանքի կոչվել ինչպես այն դեպքում, երբ հրատարակչական գործունեությունն իրականացվում է հենց այդ նյութերը ներմուծողի կողմից, այնպես էլ՝ երբ հրատարակչական գործունեությունն իրականացվում է ներմուծողից տարբերվող այլ սուբյեկտի կողմից: Տվյալ դեպքում ներմուծողը միջնորդի դերակատարություն ունի գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակմանը և տարածմանը նպաստելու հարցում:

Այսպիսով, գտնում ենք, որ Համաձայնագրի անդամ պետությունն ունի Համաձայնագրով սահմանված չափանիշներին բավարարող կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու պոզիտիվ պարտավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե այդ նյութերը ներմուծողի կողմից անմիջականորեն օգտագործվում են հրատարակչական գործունեության մեջ, թե օտարվում են այլ սուբյեկտների: Այդ պարտավորությունը բխում է Համաձայնագրով մատնանշված հայեցակարգից առ այն, որ Համաձայնագիրն արդյունավետ միջոց է գաղափարների և գիտելիքների փոխանակումը խոչընդոտող մաքսային արգելքների նվազեցման և տնտեսական բնույթի այլ սահմանափակումների կրճատման համար:

Համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 05.02.2015 թվականին ընդունված թիվ 112-Ն որոշմամբ մշակվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը (այսուհետ` Կարգ), որը կարգավորում է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման հետ կապված հարաբերությունները:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ եզրակացություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինը (...) տրամադրում է Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունը` իր իրավասությունների շրջանակներում:

Կարգի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները, լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են ներմուծման մաքսատուրքից:

ՀՀ կառավարության վկայակոչված որոշմամբ սահմանված իրավակարգավորումներից ևս հետևում է, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը որևէ կերպ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե այդ նյութերը ներմուծողի կողմից անմիջականորեն օգտագործվում են հրատարակչական գործունեության մեջ, թե օտարվում են այլ սուբյեկտների:

Հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունները՝ գտնում ենք, որ Համաձայնագրով նախատեսված՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերը չեն հանդիսանում պայմանականորեն բաց թողնված այնպիսի ապրանքներ, որոնց դեպքում մաքսատուրքերի և այլ վճարների համար սահմանված արտոնությունները զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:

Այսպես՝ իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի (ընդունվել է 27.11.2009 թվականին, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է 02.01.2015 թվականից, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի համաձայն) 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝

1) տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.

2) օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներն առնչվում են ապրանքների բացթողումից հետո նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Արգելված է նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների փոխանցումը երրորդ անձանց, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքների ներմուծման սահմանափակումները սահմանված են՝ կապված այդ ապրանքների որակի ստուգման և անվտանգության հետ, ապա արգելված է ցանկացած ձևով դրանց օգտագործումը (շահագործումը, սպառումը):

Իրավահարաբերության պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից, եթե մաքսային մարմին են ներկայացվել լիցենզիաներ, հավաստագրեր, թույլտվություններ և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նույն օրենսգրքին և Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքների բացթողման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ապրանքների բացթողումից հետո:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում արձանագրում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է պայմանականորեն բաց թողնված ապրանքների տեսակները:

Այդպիսի ապրանքներից են, մասնավորապես, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված այն ապրանքները, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են մաքսատուրքերի և հարկերի գծով արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Այդ ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Փաստորեն, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ներմուծողին տրամադրված արտոնությունը զուգակցված է եղել ներմուծված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Մինչդեռ, եթե նման սահմանափակումներ նախատեսված չեն եղել, ապա Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կիրառելի չի կարող լինել: Նշված հիմքով կիրառելի չի կարող լինել նաև վկայակոչված հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը, այն է՝ ապրանքները միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով օգտագործելու պահանջը:

Մյուս կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այդ ապրանքների նկատմամբ առկա են օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ, որոնք առնչվում են ապրանքների բացթողումից հետո նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ըստ Համաձայնագրի՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնություն տրամադրելու իրավական հնարավորությունը պայմանավորված է բացառապես ներկրված նյութը Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում թվարկված լինելու և պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսանալու հանգամանքով: Այլ կերպ՝ Համաձայնագիրը նշված նյութերի ներմուծման համար մաքսային արտոնության կիրառելիությունը որևէ կերպ չի զուգակցել (չի պայմանավորել) դրանք ներմուծող սուբյեկտի կողմից անմիջականորեն նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ չօգտագործելու հանգամանքով: Բացի այդ՝ Համաձայնագիրը կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների նկատմամբ չի սահմանում օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ հանգում ենք այն եզրակացության, որ Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերը, որոնց ներմուծման դեպքում կիրառվում են մաքսատուրքերի և այլ վճարների գծով արտոնություններ, չեն համարվում պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ ենթակետերի իմաստով: Հետևաբար Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերը ներմուծվելուց հետո դրանք անմիջականորեն ներմուծողի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործվելու կամ այլ անձանց օտարվելու հանգամանքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այդ նյութերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքի և ներմուծման հետ կապված այլ վճարների գծով արտոնության կիրառելիության համար: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված չէ այն հանգամանքով, թե ներկրվող ապրանքը հետագայում օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ անմիջականորեն այն ներմուծողի կողմից, թե իրացվել է այլ անձանց:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից Ընկերությանը տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնք հավաստում են առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների՝ մշակութային բնույթ ունենալու մասին: Վերոհիշյալ եզրակացությունները չեն սահմանում ՀՀ տարածքում նպատակային նշանակությամբ օգտագործման պայմաններ կամ այլ սահմանափակումներ:

Վարչության աշխատակիցների կողմից 14.04.2016 թվականի թիվ 0005 հանձնարարականի հիման վրա Ընկերությունում իրականացվել է արտապլանային արտագնա ստուգում: Ստուգման արդյունքում 13.07.2016 թվականին կայացվել է թիվ 0005-Ա արտագնա ստուգման ակտը, որի համաձայն՝ Ընկերության կողմից 2015 և 2016 թվականներին թվով 11 մաքսային հայտարարագրերով մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն օգտագործվել են արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանված պայմաններին չհամապատասխանող նպատակով՝ խախտելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, և Ընկերությունից լրացուցիչ գանձման է ենթակա 7.808.800 ՀՀ դրամ՝ մաքսատուրքի գծով, և 1.561.758 ՀՀ դրամ՝ ԱԱՀ-ի գծով:

Վարչության պետը, հիմք ընդունելով ստուգման ակտը, 13.07.2016 թվականին կայացրել է թիվ 0005-Ո-1 որոշումը մաքսային վճարների և մաքսային մարմիններ վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում և գանձում կատարելու վերաբերյալ:

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և որպես հետևանք՝ Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

Դատարանը մերժել է Ընկերության հայցը՝ գտնելով, որ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտն ընդունվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, ուստի առկա չէ որևէ հիմք վերոհիշյալ ակտն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով Ընկերության կողմից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջների խախտման մասին Դատարանի իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը համապատասխանում է Համաձայնագրի պահանջներին, իսկ վերոհիշյալ վճարներից չազատելը կհանգեցներ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմանը՝ բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել է՝ Վարչության 13.07.2016 թվականի թիվ 0005-Ա ակտը ճանաչել է անվավեր և որպես հետևանք՝ անվավեր է ճանաչել նաև Վարչության պետի 13.07.2016 թվականի 0005-Ո-1 որոշումը:

 

Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտերի կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների օգտագործման նպատակը չի համապատասխանել արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանած պայմաններին: Մինչդեռ պետք է ընդգծել, որ անհիմն է վարչական մարմնի այն պնդումը, համաձայն որի՝ Ընկերությունը, մեծածախ և մանրածախ առևտրի ճանապարհով օտարելով ներկրված ապրանքը, օգտագործել է վերոհիշյալ ապրանքն արտոնությունների տրամադրման պայմաններին չհամապատասխանող նպատակներով, քանի որ մաքսատուրքից ազատված լինելն ուղղակիորեն նպաստում է շուկայում ներկրված ապրանքի անհամեմատ ցածր գին ունենալուն, ինչ էլ իր հերթին նպաստում է գիտական, կրթական և մշակութային բնույթի հրատարակությունների առավել լայնածավալ տարածմանը, այլ կերպ ասած՝ Համաձայնագրի նպատակներին:

Սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ ո՛չ Համաձայնագրով, ո՛չ ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված՝ ՀՀ տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային ապրանքների հավաստման մասին թիվ 01/131/2213 եզրակացությամբ, ո՛չ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ապրանքների պահպանության գործակալության կողմից տրված՝ առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող մշակութային բնույթի ապրանքների հավաստման մասին եզրակացությունով սահմանված չէ ներմուծողի կողմից թղթի օգտագործման պարտադիր նպատակ՝ որպես արտոնությունից օգտվելու պայման: Ըստ Համաձայնագրի՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնություն տրամադրելու իրավական հնարավորությունը պայմանավորված է բացառապես ներկրված նյութը Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում թվարկված լինելու և պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսանալու հանգամանքով: Ընդ որում, Համաձայնագիրը նշված նյութերի ներմուծման համար մաքսային արտոնության կիրառելիությունը որևէ կերպ չի պայմանավորել դրանց ներկրման նպատակային նշանակությամբ օգտագործման կամ չօգտագործման փաստերով:

Այսպիսով, գտնում ենք, որ ապրանքների բնույթի հավաստումը դեռևս չի նշանակում, որ դրանց համար նախատեսված են տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ:

Անդրադառնալով սույն գործով վիճարկվող վարչական ակտերով Ընկերությանը իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի խախտում վերագրելուն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավանորմը, տվյալ դեպքում, կիրառելի չէ, քանի որ մաքսատուրքի կամ ներմուծման հետ կապված այլ վճարների գծով Ընկերությանը տրամադրված արտոնությունը զուգակցված չի եղել ներմուծված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Հետևաբար կիրառելի չէ նաև վկայակոչված հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը: Միաժամանակ, քննարկվող դեպքի նկատմամբ կիրառելի չէ նաև իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, քանի որ այդ ապրանքների նկատմամբ առկա չեն օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ, որոնք առնչվում են ապրանքների բացթողումից հետո նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ:

Այսպիսով Ընկերության կողմից ներմուծված ապրանքները չեն կարող որակվել որպես պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ ենթակետերի իմաստով, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր

Ռ. հակոբյան

Դատավոր

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Դատավոր

Ստ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան