Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.26/14(1569) Հոդ.166
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0745/02/17

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0745/02/17
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան
 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2019 թվականի դեկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գեղեցիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կիրակոս Զաքարյանի` 180.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 180.000 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 450-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 983-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ և 74-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարան է ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր՝ «իսկականի հետ ճիշտ է» նշումով, որը կատարվել է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն Դատարանը չի պահանջել դրանց բնօրինակը: Միաժամանակ Դատարանը չի նշել, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Այսինքն, թե՛ գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ որոշման մեջ և թե՛ վճռով Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմքով Դատարանը չի կարողացել ապացուցված համարել վկայագրի պատշաճ վավերացված պատճենի միջոցով Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կողմերի միջև առկա են պայմանագրային իրավահարաբերություններ, սակայն Կիրակոս Զաքարյանը պատահարից անմիջապես հետո չի տեղեկացրել Ընկերությանը, ինչի արդյունքում էլ Ընկերությունը ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենի համաձայն՝ Վկայագիրը գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի կողմից ստորագրված չէ, առկա է միայն Ընկերության «իսկականի հետ ճիշտ է» մակագրությունը և կնիքը (հատոր 1-ին, գ.թ. 12):

 2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի տեսուչ Գ. Ծառուկյանի 24.12.2014 թվականի եզրակացության պատճենի համաձայն` 10.12.2014 թվականին ժամը 19:00-ի սահմաններում Կիրակոս Զաքարյանը «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի 34SC260 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 համարանիշով ավտոմեքենային, որի հետևանքով Կիրակոս Զաքարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Պատահարի վերաբերյալ հարցաթերթիկի պատճենի համաձայն` Կիրակոս Զաքարյանը Ընկերությանը զանգել է 10.12.2014 թվականին ժամը 20:16-ին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Ընկերության ավտոտրանսպորտային միջոցի պատճառված վնասի գնահատման թիվ Գ-0125/15 հաշվետվության համաձայն` Անդրանիկ Մխիթարյանի «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 h/h ավտոմեքենային պատճառված վնասի շուկայական արժեքը 19.01.2015 թվականի դրությամբ կազմել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

5) 21.01.2015 թվականի թիվ 0127 որոշման պատճենի և թիվ 756 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Անդրանիկ Մխիթարյանին վճարվել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9, 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

Սույն գործի փաստերի համաձայն՝ 10.12.2014 թվականին ժամը 19:00-ի սահմաններում Կիրակոս Զաքարյանը «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի 34SC260 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 համարանիշով ավտոմեքենային: Պատահարի մասին Կիրակոս Զաքարյանը Ընկերությանը զանգել է 10.12.2014 թվականին ժամը 20:16-ին: Ընկերության ավտոտրանսպորտային միջոցի պատճառված վնասի գնահատման թիվ Գ-0125/15 հաշվետվության համաձայն` Անդրանիկ Մխիթարյանի «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի շուկայական արժեքը 19.01.2015 թվականի դրությամբ կազմել է 180.000 ՀՀ դրամ: 21.01.2015 թվականի թիվ 0127 որոշման պատճենի և թիվ 756 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Անդրանիկ Մխիթարյանին վճարվել է 180.000 ՀՀ դրամ: Ընկերության կողմից Դատարան ներկայացված Վկայագրի պատճենի համաձայն՝ Վկայագիրը գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի կողմից ստորագրված չէ, առկա է միայն Ընկերության «իսկականի հետ ճիշտ է» մակագրությունը և կնիքը:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, նշել է, որ Ընկերության և պատասխանողի միջև 29.07.2014 թվականին կազմված` «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը չի համապատասխանում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 3-րդ կետի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի և 998-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին, քանի որ դրանում բացակայում է գործարքը կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց ստորագրությունները, որպիսի պարագայում թիվ SA385073 վկայագիրը չի կարող քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանել, փոփոխել կամ դրանք դադարեցնել:

Ինչ վերաբերում է թիվ SA385073 վկայագրում առկա Ընկերության` «իսկականի հետ ճիշտ է», մակագրությանը և դրված կնիքին, ապա Դատարանն արձանագրել է, որ նշված հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ թիվ SA385073 վկայագիրը ի սկզբանե պարունակել է կողմերի ստորագրությունները, սակայն դրա պատճենահանման կամ այլ եղանակով կրկնօրինակման արդյունքում այն վերացել է: Ավելին, «իսկականի հետ ճիշտ է» արտահայտությունը գործարար շրջանակներում և իրավակիրառ պրակտիկայում արվում է այն դեպքում, երբ փաստաթղթից պատճենահանվում է նույնությամբ մեկ այլ օրինակ և արվում է նշված մակագրությունը` դրա իսկությունը հաստատելու համար` առանց բովանդակային փոփոխության:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Ընկերության կողմից ներկայացված թիվ SA385073 վկայագրի ուսումնասիրությունից երևում է, որ այն ներկայացվել է պատճենի տեսքով, որի վրա Ընկերության կողմից արվել է մակագրություն՝ կնիքի տեսքով, նշելով, որ այն իսկականի հետ ճիշտ է, մինչդեռ դրա վրա բացակայում են Ընկերության և Կիրակոս Զաքարյանի ստորագրությունները: Հետևաբար այն ստորագրված չլինելու պայմաններում ապացույց չի կարող հանդիսանալ:

Անդրադառնալով այն փաստարկին, որ Դատարանը անհրաժեշտության դեպքում պետք է պահանջեր բնօրինակ փաստաթուղթը, ինչը, սակայն, չի արել, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը, 12.09.2017 թվականի «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշմամբ որոշելով գործով ապացուցման առարկան և բաշխելով բեռը, Ընկերության վրա դրել է պարտականություն` ապացուցել Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստը: Հետևաբար Ընկերությունը, ապացուցման պարտականություն կրելով, պետք է հանգեր հետևության, որ նշված փաստը Դատարանի համար վիճելի և չապացուցված է: Նման պայմաններում չներկայանալով Դատարան և համապատասխան ապացույց չներկայացնելով՝ կրել է փաստի չապացուցման անբարենպաստ հետևանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր «իսկականի հետ ճիշտ է» նշումով, սակայն Դատարանը ինչպես ներկայացված ապացույցների, այնպես էլ Կիրակոս Զաքարյանի՝ որպես ապահովադրի, պատահարից 1 ժամ 16 րոպե անց Ընկերությանը զանգահարելու, 10.12.2014 թվականի վթարից հետո Անդրանիկ Մխիթարյանի կողմից Ընկերությունից 180.000 ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցում ստանալու հանգամանքների վերաբերյալ դատական ակտում որևէ դիրքորոշում չի հայտնել և գնահատման չարժանացնելով հիշյալ հանգամանքները, Կիրակոս Զաքարյանի կամահայտնությունը կասկածի տակ է դրել և եզրահանգել, որ կողմերի միջև բացակայում է ապահովագրական իրավահարաբերությունների առկայությունը: Այսպիսով, Դատարանը, ճիշտ չգնահատելով վերը նշված ապացույցները, դրանք համարել է վիճելի, իրավահարաբերության նկատմամբ ոչ թույլատրելի, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն՝ գործում առկա բոլոր ապացույցների համակցության մեջ գնահատելու և պարզելու ապահովագրական հարաբերությունների առկայությունը:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա Ընկերության դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
  Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ3/0745/02/17 քաղաքացիական գործով 02.12.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գեղեցիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կիրակոս Զաքարյանի` 180.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ե. Խունդկարյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 02.12.2019 թվականին թիվ ՇԴ3/0745/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 180.000 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետը, 450-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 983-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ և 74-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարան են ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր՝ «իսկականի հետ ճիշտ է» նշումով, որը կատարվել է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն Դատարանը չի պահանջել դրանց բնօրինակը: Միաժամանակ Դատարանը չի նշել, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Այսինքն, թե՛ գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ որոշման մեջ և թե՛ վճռով Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմքով Դատարանը չի կարողացել ապացուցված համարել վկայագրի պատշաճ վավերացված պատճենի միջոցով Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կողմերի միջև առկա են պայմանագրային իրավահարաբերություններ, սակայն Կիրակոս Զաքարյանը պատահարից անմիջապես հետո չի տեղեկացրել Ընկերությանը, ինչի արդյունքում էլ Ընկերությունը ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք»:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենի համաձայն՝ Վկայագիրը գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի կողմից ստորագրված չէ, առկա է միայն Ընկերության «իսկականի հետ ճիշտ է» մակագրությունը և կնիքը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի տեսուչ Գ. Ծառուկյանի 24.12.2014 թվականի եզրակացության պատճենի համաձայն` 10.12.2014 թվականին ժամը 19:00-ի սահմաններում Կիրակոս Զաքարյանը «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի 34 SC 260 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «ՕՊԵԼ» մակնիշի 34 ZS 427 համարանիշով ավտոմեքենային, որի հետևանքով Կիրակոս Զաքարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Պատահարի վերաբերյալ հարցաթերթիկի պատճենի համաձայն` Կիրակոս Զաքարյանը Ընկերությանը զանգահարել է 10.12.2014 թվականին ժամը 20:16-ին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Ընկերության ավտոտրանսպորտային միջոցի պատճառված վնասի գնահատման թիվ Գ-0125/15 հաշվետվության համաձայն` Անդրանիկ Մխիթարյանի «ՕՊԵԼ» մակնիշի 34 ZS 427 h/h ավտոմեքենային պատճառված վնասի շուկայական արժեքը 19.01.2015 թվականի դրությամբ կազմել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

5) 21.01.2015 թվականի թիվ 0127 որոշման պատճենի և թիվ 756 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Անդրանիկ Մխիթարյանին վճարվել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9, 19):

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գրավոր ապացույցի ներկայացման ձևի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` նույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ապահովագրության վկայագիրը պետք է ներառի ապահովադրի ստորագրությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9831-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն ապահովագրական հարաբերությունների ծագումը պայմանավորել է ապահովագրության պայմանագրի կամ այդպիսի պայմանագրի՝ սահմանված էական պահանջները բովանդակող վկայագրի առկայությամբ: Ընդ որում, գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Միաժամանակ օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է, որ ապահովագրության վկայագիրը պետք է ներառի ապահովադրի ստորագրությունը: Վերոգրյալից հետևում է, որ ապահովագրության հարաբերությունների առկայությունը բացառապես կարող է հիմնավորվել պայմանագրի կամ վկայագրի առկայությամբ՝ հաշվի առնելով ապացույցների գնահատմամբ քաղաքացիադատավարական կանոնները:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: (…) Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն՝ դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: [Իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե´ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները՝

- վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,

- դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը,

- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,

- ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը: [Իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տե°ս, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016թ. որոշումը):

[Իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում էին բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում էին այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող էին հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով: Ընդ որում՝ բնօրինակը փաստաթղթի սկզբնական, իսկական օրինակն է (բնագիրը), իսկ պատճենը գրավոր ապացույցի բնօրինակի՝ էլեկտրագրաֆիկական կամ լուսանկարչական սարքավորումներով կատարված այնպիսի վերարտադրություն է, որի արդյունքում ստացված փաստաթղթում ճշգրիտ նույնությամբ արտացոլվում են ոչ միայն բնօրինակի բովանդակությունը, այլ նաև կիրառված գրանշանների ձևը, չափը, դասավորվածությունը, հաջորդականությունը, ինչպես նաև բնօրինակի այլ տարրերը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ` հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ իր և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիրը, որով ապահովագրվել է «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված ավտոմեքենայի մասնակցությամբ 10.12.2014 թվականին տեղի է ունեցել ապահովագրական պատահար: ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության եզրակացության համաձայն` պատահարը պայմանավորվել է նույն ավտոմեքենայի վարորդ Կիրակոս Զաքարյանի ոչ իրավաչափ գործողություններով: Ընկերությունը տուժող «OPEL ASTRA» մակնիշի 34 ZS 427 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Անդրանիկ Մխիթարյանի դիմումի հիման վրա հատուցել է վերջինիս 180.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը: Սույն գործով Ընկերությունը, պատճառաբանելով, որ Կիրակոս Զաքարյանի կողմից չի կատարվել 29.07.2014 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագրով և վերջինիս անբաժանելի մասը կազմող Պայմաններով նախատեսված պարտավորությունը, այն է` ապահովագրական պատահարի մասին Ընկերությանը հայտնվել է սահմանված ժամկետի ուշացումով` դրանից 1 ժամ 16 րոպե անց, ինչի հիման վրա Ընկերությունը ձեռք է բերել վերը նշված գումարը դատական կարգով պահանջելու իրավունք, պահանջել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենը, որի վրա բացակայում են Ընկերության անունից հանդես եկող ապահովագրական գործակալ Անի Իսրայելյանի ստորագրությունը և Ընկերության կնիքը ու ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը. նշված վկայագրի վրա առկա է նշում «իսկականի հետ ճիշտ է»:

Դատարանը 11.07.2017 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին»` նախնական դատական նիստ հրավիրելով 12.09.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1):

Ընկերության ներկայացուցիչը և պատասխանող Կիրակոս Զաքարյանը չեն ներկայացել հրավիրված նախնական դատական նիստին:

12.09.2017 թվականին հրավիրված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստը կողմերի բացակայությամբ շարունակելու մասին, պարզել է հայցի հիմքը և առարկան, որոշել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը` դրա մեջ ներառելով միայն հետևյալ փաստերը`

«1) կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության փաստը,

2) պատասխանողի պատճառած վնասն Ընկերության կողմից ապահովագրական պատահար ճանաչելու և այն հատուցելու փաստը,

3) ապահովագրական պատահարը տեղի ունենալիս պատասխանողի կողմից Ընկերությանն անհապաղ չհայտնելու փաստը»:

Ընդ որում, Դատարանը վկայակոչված փաստերի ապացուցման բեռը դրել է Ընկերության վրա: Միաժամանակ Դատարանը որոշել է «կողմերի` դատական նիստին ներկայացած չլինելու պատճառաբանությամբ ապացուցման առարկան նշել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մեջ, այն բաշխել կողմերի միջև և մինչև դատաքննության սկսվելը ժամանակ տրամադրել, որպեսզի վերջիններս ներկայացնեն համապատասխան ապացույցներ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 44, 64):

Դատարանը 12.09.2017 թվականին որոշում է կայացրել «Գործը դատաքննության նշանակելու մասին», դրա մեջ նշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, այն կողմին, ում վրա դրել է նշված փաստերի ապացուցման պարտականությունը (Ընկերությունն է), ինչպես նաև ապացույց ներկայացնելու ժամկետը: Նշված որոշումն ուղարկվել է նաև Ընկերությանը, որը 19.09.2017 թվականին ստանալով այդ որոշումը, 17.10.2017 թվականին միջնորդություն է հարուցել Դատարան` վեճն իր բացակայությամբ լուծելու մասին այն հիմքով, որ «հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ բավարար են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, Ընկերությունն այլ փաստաթղթեր ներկայացնելու միջնորդություններ չունի, իսկ հայցը հիմնավորվում է հայցադիմումին կից նյութերով...» (հատոր 1-ին, գ.թ. 45, 46, 52, 56):

Գործի դատաքննությանը կողմերը չեն ներկայացել, դատարանը գործի դատաքննությունը շարունակել է կողմերի բացակայությամբ:

Դատարանը 01.11.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «Ընկերության և Պատասխանողի միջև 29.07.2014 թվականին կազմված` «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը չի համապատասխանում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 3-րդ կետի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի և 998-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին, քանի որ դրանում բացակայում է գործարքը կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց ստորագրությունները, որպիսի պարագայում թիվ SA385073 վկայագիրը չի կարող քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանել, փոփոխել կամ դրանք դադարեցնել», «ինչ վերաբերում է թիվ SA385073 վկայագրում առկա Ընկերության` «իսկականի հետ ճիշտ է», մակագրությանը և դրված կնիքին, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ թիվ SA385073 վկայագիրը ի սկզբանե պարունակել է կողմերի ստորագրությունները, սակայն դրա պատճենահանման կամ այլ եղանակով կրկնօրինակման արդյունքում այն վերացել է:

Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը, «Գործը դատաքննության նշանակելու մասին» 12.09.2017 թվականին կայացված որոշմամբ որոշելով գործով ապացուցման առարկան և բաշխելով բեռը, Ընկերության վրա դրել է պարտականություն` ապացուցելու Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստը, Ընկերությունը 19.09.2017 թվականին ստանալով որոշումը, չի ներկայացել Դատարան և չի ներկայացրել ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի բնօրինակ փաստաթուղթը, մինչդեռ օբյեկտիվորեն զրկված չի եղել ներկայանալու հնարավորությունից, իսկ ապացուցման պարտականություն կրելով, պետք է հանգեր հետևության, որ նշված փաստը Դատարանի համար վիճելի և չապացուցված է: Նման պայմաններում չներկայանալով Դատարան և համապատասխան ապացույց չներկայացնելով` կրել է փաստի չապացուցման անբարենպաստ հետևանքները»:

 

Գտնում ենք, որ սույն գործով ստորադաս դատարանները հանգել են հիմնավոր և իրավաչափ եզրահանգման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի քննությունն իրականացվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի կանոններով, որի շրջանակներում Դատարանը, ղեկավարվելով գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի կանոններով, հրավիրել է նախնական դատական նիստ: Դատարանը, հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, իրավաչափորեն ապացուցման առարկայի մեջ ներառել է ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության փաստը, միևնույն ժամանակ այդ փաստի ապացուցման պարտականությունը դնելով հայցվոր կողմի վրա: Թե° հայցվորի ներկայացուցիչը, թե° պատասխանողը չեն ներկայացել նախնական դատական նիստին, որպիսի հանգամանքն իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական կանոնների համաձայն՝ չէր կարող խոչընդոտել նախնական դատական նիստի անցկացմանը, համապատասխանաբար՝ դրա շրջանակներում գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված այնպիսի գործողությունների իրականացմանը, ինչպիսին՝ ապացուցման առարկայի սահմանումը և ապացուցման պարտականության բաշխումն են: Ավելին, Դատարանը, նկատի ունենալով, որ գործին մասնակցող անձինք չեն ներկայացել նախնական դատական նիստին, ապացուցման առարկայի սահմանումը և ապացուցման պարտականության բաշխումը ներառել է գործը դատաքննության նշանակելու մասին որոշման տեքստում՝ հնարավորություն ընձեռելով կողմերին մինչև դատաքննությունը ներկայացնել իրենց ապացուցման պարտականությունից բխող համապատասխան ապացույցները: Ընկերությունը, ստանալով նշված որոշումը, միջնորդություն է ներկայացրել վեճն իր բացակայությամբ լուծելու մասին՝ միաժամանակ հայտնելով, որ «հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ բավարար են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, Ընկերությունն այլ փաստաթղթեր ներկայացնելու միջնորդություններ չունի, իսկ հայցը հիմնավորվում է հայցադիմումին կից նյութերով...»: Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ Ընկերության դատական պաշտպանության իրավունքի իրացումը լիարժեք ապահովելու ուղղությամբ, մինչդեռ Ընկերությունը, բավարար գնահատելով իր կողմից ներկայացված ապացույցները, անհրաժեշտ չի համարել որևէ այլ ապացույց ներկայացնել:

Հարկ է նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում էր, որ գրավոր ապացույցները պետք է ներկայացվեն բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով: Պատճենը, ինչպես արդեն իսկ նշվեց, գրավոր ապացույցի բնօրինակի՝ էլեկտրագրաֆիկական կամ լուսանկարչական սարքավորումներով կատարված վերարտադրությունն է, որը ճշգրիտ նույնությամբ արտացոլվում է բնօրինակի բովանդակությունը, կիրառված գրանշանների ձևը, չափը, դասավորվածությունը, հաջորդականությունը, ինչպես նաև բնօրինակի այլ տարրերը: Տվյալ պարագայում ի հավաստումն կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության՝ Ընկերությունը ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենը, որում բացակայում է գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը: Ելնելով պատճենի վերոգրյալ բնորոշումից՝ գործում է այն կանխավարկածը, որ թիվ SA385073 վկայագրի բնօրինակ փաստաթուղթը ևս չէր կարող բովանդակել ապահովագրության ենթադրյալ հարաբերությունների մասնակիցների ստորագրությունները (քանի որ փաստաթղթի բնօրինակը և դրանից արված պատճենը չեն կարող ունենալ բովանդակային և ռեկվիզիտային տարբերություններ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված նորմից հետևում է, որ օրենսդիրը գրավոր գործարքի կնքումը պայմանավորել է գործարքը կնքող անձի կամ անձանց կողմից համապատասխան փաստաթուղթ կազմելու և այն ստորագրելու փաստով: Հետևաբար գրավոր փաստաթղթում գործարքի կողմերի ստորագրությունների բացակայության պարագայում գործարքի կնքված լինելու մասին հետևություն արվել չի կարող: Նման պայմաններում թե Դատարանը, և թե Վերաքննիչ դատարանն իրավաչափ եզրահանգման են եկել՝ պատճառաբանելով, որ գործում առկա թիվ SA385073 վկայագրի պատճենը չի կարող քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանել, փոփոխել կամ դրանք դադարեցնել, իսկ ինչ վերաբերում է թիվ SA385073 վկայագրի պատճենի վրա առկա Ընկերության` «իսկականի հետ ճիշտ է», մակագրությանը և դրված կնիքին, ապա նշված հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ թիվ SA385073 վկայագրի բնօրինակն ի սկզբանե պարունակել է կողմերի ստորագրությունները, սակայն դրա պատճենահանման կամ այլ եղանակով կրկնօրինակման արդյունքում այն վերացել է:

 

Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արձանագրել, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Հատուկ կարծիքը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Ընկերությունը նախապես վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք էր համարել լուծված:

 

6. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

4-րդ և 5-րդ կետերում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը` համարվեր լուծված:

 

Դատավորներ՝  

Ե. Խունդկարյան

Ռ. Հակոբյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ3/0745/02/17 քաղաքացիական գործով 02.12.2019 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

02.12.2019 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2019 թվականի դեկտեմբերի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գեղեցիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կիրակոս Զաքարյանի` 180.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 180.000 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշման օրինականության ստուգման հարցում դրել է վճռաբեկ բողոքի հետևյալ հիմքերը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 450-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 983-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ և 74-րդ հոդվածները»:

Որպես բողոք բերած անձի նշված պնդման պատճառաբանություններ` վկայակոչվել են հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարան են ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր՝ «իսկականի հետ ճիշտ է» նշումով, որը կատարվել է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն Դատարանը չի պահանջել դրանց բնօրինակը: Միաժամանակ Դատարանը չի նշել, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Այսինքն, թե՛ գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ որոշման մեջ և թե՛ վճռով Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմքով Դատարանը չի կարողացել ապացուցված համարել վկայագրի պատշաճ վավերացված պատճենի միջոցով Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կողմերի միջև առկա են պայմանագրային իրավահարաբերություններ, սակայն Կիրակոս Զաքարյանը պատահարից անմիջապես հետո չի տեղեկացրել Ընկերությանը, ինչի արդյունքում էլ Ընկերությունը ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք»:

 

Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ կայացնել նոր դատական ակտ:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«1) 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենի համաձայն՝ Վկայագիրը գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի կողմից ստորագրված չէ, առկա է միայն Ընկերության «իսկականի հետ ճիշտ է» մակագրությունը և կնիքը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի տեսուչ Գ. Ծառուկյանի 24.12.2014 թվականի եզրակացության պատճենի համաձայն` 10.12.2014 թվականին ժամը 19:00-ի սահմաններում Կիրակոս Զաքարյանը «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի 34SC260 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 համարանիշով ավտոմեքենային, որի հետևանքով Կիրակոս Զաքարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Պատահարի վերաբերյալ հարցաթերթիկի պատճենի համաձայն` Կիրակոս Զաքարյանը Ընկերությանը զանգել է 10.12.2014 թվականին ժամը 20:16-ին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Ընկերության ավտոտրանսպորտային միջոցի պատճառված վնասի գնահատման թիվ Գ-0125/15 հաշվետվության համաձայն` Անդրանիկ Մխիթարյանի «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 h/h ավտոմեքենային պատճառված վնասի շուկայական արժեքը 19.01.2015 թվականի դրությամբ կազմել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

5) 21.01.2015 թվականի թիվ 0127 որոշման պատճենի և թիվ 756 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Անդրանիկ Մխիթարյանին վճարվել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9, 19)»:

 

4. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.

Վճռաբեկ դատարանը`

1) վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը,

2) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում,

3) ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, 290-րդ հոդվածի 1-ին կետի և 298-րդ հոդվածի 1-ին կետի վկայակոչմամբ վերը նշված խախտումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր «իսկականի հետ ճիշտ է» նշումով, սակայն Դատարանը ինչպես ներկայացված ապացույցների, այնպես էլ Կիրակոս Զաքարյանի՝ որպես ապահովադրի, պատահարից 1 ժամ 16 րոպե անց Ընկերությանը զանգահարելու, 10.12.2014 թվականի վթարից հետո Անդրանիկ Մխիթարյանի կողմից Ընկերությունից 180.000 ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցում ստանալու հանգամանքների վերաբերյալ դատական ակտում որևէ դիրքորոշում չի հայտնել և գնահատման չարժանացնելով հիշյալ հանգամանքները, Կիրակոս Զաքարյանի կամահայտնությունը կասկածի տակ է դրել և եզրահանգել, որ կողմերի միջև բացակայում է ապահովագրական իրավահարաբերությունների առկայությունը: Այսպիսով, Դատարանը, ճիշտ չգնահատելով վերը նշված ապացույցները, դրանք համարել է վիճելի, իրավահարաբերության նկատմամբ ոչ թույլատրելի, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն՝ գործում առկա բոլոր ապացույցների համակցության մեջ գնահատելու և պարզելու ապահովագրական հարաբերությունների առկայությունը»:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա Ընկերության դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ»:

Դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ` կապված Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը վերը նշված պատճառաբանությամբ բեկանելու շարժառիթների հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

Նախ կարծում եմ, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնար ոչ թե Դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, և սույն գործով վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վարույթ ընդունելը պայմանավորեր ոչ թե Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությամբ, այլ պետք է անդրադառնար Դատարանի վարույթում գտնվելու ժամանակ գործած Նախկին օրենսգրքի ստորև նշվելիք այն կարգավորումներին և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումներին, որոնք վերաբերում են գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանի կողմից պարտադիր իրականացվելիք գործողությունների շրջանակին, և սույն գործով վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վարույթ ընդունելը պայմանավորեր հենց այդ կարգավորումները սահմանող Նախկին օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությամբ, քանի որ տվյալ դեպքում, իմ կարծիքով, թույլ է տրվել ոչ թե դատավարական իրավունքի նորմերի խախտում Դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման առումով, այլ վերջինիս կողմից գործը դատաքննության նախապատրաստելիս պարտադիր իրականացման ենթակա ոչ բոլոր գործողություններն իրականացնելու առումով:

Այսպես`

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Միաժամանակ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար, գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: (…) Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով նաև վկայակոչված նորմի բովանդակությանը, արձանագրել է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` արձանագրում եմ հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ` հայցի հիմքում դնելով նաև այն, որ իր և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիրը, որով ապահովագրվել է «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված ավտոմեքենայի մասնակցությամբ 10.12.2014 թվականին տեղի է ունեցել ապահովագրական պատահար: ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության եզրակացության համաձայն` պատահարը պայմանավորվել է նույն ավտոմեքենայի վարորդ Կիրակոս Զաքարյանի ոչ իրավաչափ գործողություններով: Ընկերությունը տուժող «OPEL ASTRA» մակնիշի 34 ZS 427 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Անդրանիկ Մխիթարյանի դիմումի հիման վրա հատուցել է վերջինիս 180.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը: Այժմ, Ընկերությունը, պատճառաբանելով, որ Կիրակոս Զաքարյանի կողմից չի կատարվել 29.07.2014 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագրով և վերջինիս անբաժանելի մասը կազմող Պայմաններով նախատեսված պարտավորությունը, այն է` ապահովագրական պատահարի մասին իրեն հայտնվել է սահմանված ժամկետի ուշացումով` դրանից 1 ժամ 16 րոպե անց, ինչի հիման վրա Ընկերությունը ձեռք է բերել վերը նշված գումարը դատական կարգով պահանջելու իրավունք, խնդրել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 65-72):

Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենը, որի վրա բացակայում են Ընկերության անունից հանդես եկող ապահովագրական գործակալ Անի Իսրայելյանի ստորագրությունը և Ընկերության կնիքը ու ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը. նշված վկայագրի վրա առկա է նշում «իսկականի հետ ճիշտ է» (հատոր 1-ին, գ.թ. 12):

Դատարանը 11.07.2017 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին»` նախնական դատական նիստ հրավիրելով 12.09.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1):

Կիրակոս Զաքարյանը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել, ինչպես նաև չի ներկայացել հրավիրված նախնական դատական նիստին:

12.09.2017 թվականին հրավիրված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստը կողմերի բացակայությամբ շարունակելու մասին, պարզել է հայցի հիմքը և առարկան, որոշել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը` դրա մեջ ներառելով միայն հետևյալ փաստերը`

«1) կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության փաստը,

2) պատասխանողի պատճառած վնասն Ընկերության կողմից ապահովագրական պատահար ճանաչելու և այն հատուցելու փաստը,

3) ապահովագրական պատահարը տեղի ունենալիս պատասխանողի կողմից Ընկերությանն անհապաղ չհայտնելու փաստը»:

Ընդ որում, Դատարանը վկայակոչված փաստերի ապացուցման բեռը դրել է Ընկերության վրա: Միաժամանակ Դատարանը որոշել է «կողմերի` դատական նիստին ներկայացած չլինելու պատճառաբանությամբ ապացուցման առարկան նշել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մեջ, այն բաշխել կողմերի միջև և մինչև դատաքննության սկսվելը ժամանակ տրամադրել, որպեսզի վերջիններս ներկայացնեն համապատասխան ապացույցներ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 44, 64):

Դատարանը 12.09.2017 թվականին որոշում է կայացրել «Գործը դատաքննության նշանակելու մասին», դրա մեջ նշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, այն կողմին, ում վրա դրել է նշված փաստերի ապացուցման պարտականությունը (Ընկերությունն է), ինչպես նաև ապացույց ներկայացնելու ժամկետը: Նշված որոշումն ուղարկվել է նաև Ընկերությանը, որը 19.09.2017 թվականին ստանալով այդ որոշումը, 17.10.2017 թվականին միջնորդություն է հարուցել Դատարան` վեճն իր բացակայությամբ լուծելու մասին այն հիմքով, որ «հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ բավարար են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, Ընկերությունն այլ փաստաթղթեր ներկայացնելու միջնորդություններ չունի, իսկ հայցը հիմնավորվում է հայցադիմումին կից նյութերով, ինչպես նաև` Պատասխանողի կողմից հայցադիմումի դեմ որևէ առարկություն չի ներկայացվել» (հատոր 1-ին, գ.թ. 45, 46, 52, 56):

Գործի դատաքննությանը կողմերը չեն ներկայացել, դատարանը գործի դատաքննությունը շարունակել է կողմերի բացակայությամբ:

Դատարանը 01.11.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «Ընկերության և Պատասխանողի միջև 29.07.2014 թվականին կազմված` «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը չի համապատասխանում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 3-րդ կետի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի և 998-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին, քանի որ դրանում բացակայում է գործարքը կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց ստորագրությունները, որպիսի պարագայում թիվ SA385073 վկայագիրը չի կարող քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանել, փոփոխել կամ դրանք դադարեցնել», «ինչ վերաբերում է թիվ SA385073 վկայագրում առկա Ընկերության` «իսկականի հետ ճիշտ է», մակագրությանը և դրված կնիքին, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ թիվ SA385073 վկայագիրը ի սկզբանե պարունակել է կողմերի ստորագրությունները, սակայն դրա պատճենահանման կամ այլ եղանակով կրկնօրինակման արդյունքում այն վերացել է», 01.11.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը` վերաքննիչ բողոքի հիմքում դնելով նաև այն, որ`

1) «Դատարանը մինչև դատաքննություն նշանակելը, ինչպես նաև դատաքննության ընթացքում Հայցվորից չի պահանջել վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ հայցվորը չգիտեր և չէր կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական իրավահարաբերությունների առկայության փաստի ապացուցումը հայցվորի վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը»,

2) «սույն քաղաքացիական գործով Դատարան են ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր՝ «իսկականի հետ ճիշտ է» նշումով: Հիշյալ նշումը կատարվում է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն անհայտ պատճառներով Դատարանը մյուս բոլոր ապացույցների մասին որևէ նկատառում չունեցավ և չարձանագրեց: Միաժամանակ, Դատարանը չնշեց, չանդրադարձավ և չվերլուծեց, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Ստացվում է, որ Ընկերությունը ներկայացրել է մի շարք «իսկականի հետ ճիշտ է» նշումով պատշաճ վավերացված պատճեններ՝ գրավոր ապացույցներ, որոնցից միայն վկայագիրն է դրվել անհիմն և չպատճառաբանված կասկածի տակ»,

3) «Դատարանը պետք է ապացույցներն ուսումնասիրեր նաև արժանահավատության տեսակետից, իսկ եթե գտներ, որ ապացույցներից մեկը կամ մի քանիսն անարժանահավատ են, ապա պետք է նախ՝ պատճառաբաներ ինչու և ինչ հիմքով է այս կամ այն ապացույցն անարժանահավատ և ապա՝ հեռացներ տվյալ ապացույցը ապացույցների շարքից, ինչը Դատարանի կողմից չի կատարվել» (հատոր 1-ին, գ.թ. 79-85):

Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը, «Գործը դատաքննության նշանակելու մասին» 12.09.2017 թվականին կայացված որոշմամբ որոշելով գործով ապացուցման առարկան և բաշխելով բեռը, Հայցվոր ընկերության վրա դրել է պարտականություն` ապացուցելու Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստը, Ընկերությունը 19.09.2017 թվականին ստանալով որոշումը, չի ներկայացել Դատարան և չի ներկայացրել ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի բնօրինակ փաստաթութղը, մինչդեռ օբյեկտիվորեն զրկված չի եղել ներկայանալու հնարավորությունից, իսկ ապացուցման պարտականություն կրելով, պետք է հանգեր հետևության, որ նշված փաստը Դատարանի համար վիճելի և չապացուցված է: Նման պայմաններում չներկայանալով Դատարան և համապատասխան ապացույց չներկայացնելով` կրել է փաստի չապացուցման անբարենպաստ հետևանքները»:

Այժմ, սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը` որպես վճռաբեկ բողոք բերելու հիմք նշելով նաև այն, որ Դատարանն Ընկերությունից չի պահանջել վերը նշված վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ Ընկերությունը չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստի ապացուցումն Ընկերության վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ այդ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը:

 

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ընկերությունն իր հայցի հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ իր և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիրը, որով ապահովագրվել է «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված փաստը հաստատելու նպատակով Ընկերությունն ի սկզբանե իր հայցադիմումին կից ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը` պատճենի տեսքով, որի վրա բացակայում են Ընկերության անունից հանդես եկող ապահովագրական գործակալ Անի Իսրայելյանի ստորագրությունը, Ընկերության կնիքը և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը. նշված վկայագրի վրա առկա է նշում «իսկականի հետ ճիշտ է»:

Կիրակոս Զաքարյանն իր և Ընկերության միջև 29.07.2014 թվականին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիր կնքված լինելու փաստը չի վիճարկել (վերջինս ո´չ հայցադիմումի պատասխան է ներկայացրել, ո´չ էլ դատական նիստերին է ներկայացել):

Դատարանը, գործի քննությունն իրականացնելով դատաքննության նախապատրաստական փուլով, 12.09.2017 թվականին հրավիրված նախնական դատական նիստում, որին կողմերը չեն մասնակցել, որոշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը` դրա մեջ չներառելով այն փաստերը, որոնց վերաբերյալ իբրև Ընկերության կողմից ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ հետագայում մերժել է հայցը:

Դատարանն ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ ներառել է նաև «կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության» փաստը, և նշված փաստի ապացուցման պարտականությունը դրել է Ընկերության վրա: Դատարանն այդ օրը հրավիրված նախնական նիստից հետո այլ նախնական դատական նիստ չի հրավիրել: Նույն օրը նշանակված նախնական դատական նիստում Դատարանը, գործը համարելով դատաքննության նախապատրաստված, անմիջապես գործը նշանակել է դատաքննության` նույն որոշմամբ Դատարան ապացույց ներկայացնելու ժամկետ սահմանելով մինչև դատաքննության սկսվելը, և այդ մասին տեղեկացրել է նաև Ընկերությանը:

 Գործի դատաքննությունն սկսվել է և ավարտվել կողմերի բացակայությամբ: Գործի դատաքննության փուլում Դատարանը հետազոտել է նաև ի սկզբանե հայցադիմումին կից ներկայացված` Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագրի պատճենը: Դատարանն Ընկերությունից չի պահանջել նշված փաստաթղթի` սահմանված ձևով կազմված ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա պատշաճ վավերացված պատճենը: Այդուհանդերձ, Դատարանը վերը նշված պատճառաբանությամբ հայցը մերժել է:

Կարծում եմ, որ Դատարանը, նախնական դատական նիստում գործը համարելով դատաքննության նախապատրաստված, և անմիջապես գործը նշանակելով դատաքննության, Ընկերությանը զրկել է ինչպես մինչև գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը ապացուցում պահանջող փաստերի շրջանակի, այնպես էլ այդ փաստերի վերաբերյալ Նախկին օրենսգրքով սահմանված ժամկետում ապացույց ներկայացնելու, և ի սկզբանե հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը պատշաճ ապացույցների տեսքով փոխարինելու և դրանք Դատարան ներկայացնելու հնարավորությունից` չնայած նման պահանջ Դատարանի կողմից Ընկերությանը չի էլ առաջադրվել:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը 07.06.2018 թվականի որոշումը կայացրել է` անտեսելով, որ Դատարանը ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ չի ներառել այն փաստերը, որոնց վերաբերյալ իբրև Ընկերության կողմից ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ հետագայում Դատարանը մերժել է հայցը,այդ փաստերի ապացուցման պարտականությունը չի դրել Ընկերության վրա, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում վերը նշված վկայագիրը հետազոտելիս Ընկերությունից չի պահանջել այդ վկայագրի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը: Այսինքն` Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան փաստերը չներառելով ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ, ընդունելով Ընկերության կողմից ներկայացված վերը նշված վկայագրի պատճենը, գործի դատաքննության ընթացքում հետազոտել է այն, սակայն հայցը մերժել է վերը նշված պատճառաբանությամբ:

Դրա հետևանքով, կարծում եմ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել Նախկին օրենսգրքի վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքում նշված հիմքի առակայությունը, որ «Դատարանն Ընկերությունից չի պահանջել վերը նշված վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ Ընկերությունը չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստի ապացուցումն Ընկերության վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ այդ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը», վերը նշված դիրքորոշումների համատեքստում բավարար է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ առկա են գործի քննության ժամանակ գործած` վկայակոչված դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ, իսկ Վերաքննիչ դատարանը, նման դիրքորոշում արտահայտելով վերը նշված վերաքննիչ բողոքի հիմքերին, անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները:

 

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի 02.12.2019 թվականի որոշման եզրափակիչ մասի հետ` գտնում եմ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ ամբողջ ծավալով քննություն իրականացնելու համար:

 

Դատավոր՝  

Գ. Հակոբյան