Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-13.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (կցվում է):

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

7 հունվարի 1997 թ.

ՀՕ-99

 

 

Հաստատված է
Ազգային ժողովի
1996 Թվականի դեկտեմբերի 3-Ի օրենքով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

Սույն Կանոնագիրքը սահմանում է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը:

Ներքին ծառայության կանոնադրությամբ ղեկավարվում են ՀՀ ԶՈւ զորամասերի, շտաբների, վարչությունների, հիմնարկների և ռազմական ուսումնական հաստատությունների բոլոր զինծառայողները: Կանոնագրքի մեջ չնշված պաշտոնատար անձանց պարտականությունները սահմանվում են համապատասխան կանոնադրություններով, հրահանգներով և ուղեցույցներով*:

Կանոնագրքի դրույթները տարածվում են ՀՀ զինված ուժերի, այդ թվում նաև` ներքին զորքերի, սահմանապահ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և պետական մարմինների այլ զինծառայողների վրա:

Պատերազմական ժամանակ դաշտային պայմաններում և խաղաղ ժամանակ զորավարժությունների ու զինծառայողներին մարտական գործողությունների ուսուցման պարապմունքների ընթացքում ներքին ծառայությունը կարգավորվում է մարտական կանոնադրություններով, ռազմական գործողությունների ապահովման հրահանգներով, ինչպես նաև սույն Կանոնագրքով:

 

___________________

* Այսուհետև համառոտության համար անվանվելու են «զորամասեր»:

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում
27 դեկտեմբերի 1991 թ. քաղ. Երևան Հ.Ն.-0500-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

Ե Ր Դ ՈՒ Մ Ը

 

Ես` _____________________________________________________,

 

ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ`

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

 

Ստորագրություն 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան:

Ներքին ծառայությունը նախատեսված է զորամասի ներքին կարգուկանոնի և զինվորական կարգապահության պահպանման համար, որոնք ապահովում են նրա մշտական մարտական պատրաստականությունը, անձնակազմի ուսուցումը, առօրյա կյանքում նրանց կողմից այլ խնդիրների կազմակերպված կատարումը և զինծառայողների առողջության պահպանումը: Այն կազմակերպվում է սույն Կանոնագրքի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրության անշեղ պահպանումով:

 

Հոդված 2. Ներքին ծառայությունը պահանջում է խստորեն կազմակերպված գործողություններ` անկախ յուրաքանչյուր զինծառայողի անձնական ցանկություններից:

Ներքին ծառայության պահանջների կատարումը զինծառայողների մեջ զարգացնում է պատասխանատվության զգացում, դաստիարակում է ճշտապահություն, բարեխղճություն և ինքնուրույնություն: Փոխըմբռնումը, բարյացակամությունը և միմյանց օգնելու պատրաստակամությունը նպաստում են զինվորական ընկերականության ամրապնդմանը և զինվորական կոլեկտիվների համախմբմանը, հնարավորություն են ընձեռում ոչ միայն լուծել առօրյա գործունեության խնդիրները, այլև մարտական իրադրության մեջ դիմանալ ծանր փորձությունների:

 

Հոդված 3. Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իմանալ և բարեխղճորեն կատարել ներքին ծառայության պահանջները:

Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները:

 

Հոդված 4. Ներքին ծառայության ղեկավարումը զորամասում իրականացնում է զորամասի հրամանատարը, իսկ ստորաբաժանման տարածքում` ստորաբաժանման հրամանատարը: Նույն շինության ներսում մի քանի ստորաբաժանում տեղաբաշխելու դեպքում, որոնց հրամանատարներն ընդհանուր անմիջական պետ չունեն, զորամասի հրամանատարի հրամանով ներքին ծառայությունը ղեկավարում է այդ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը: Զորամասում ներքին ծառայության անմիջական կազմակերպիչը շտաբի պետն է, իսկ վաշտինը` վաշտի ավագը:

Ենթակա զորքերում ներքին ծառայության վիճակի համար պատասխանատվությունը դրվում է բոլոր անմիջական պետերի վրա: Նրանք պարտավոր են ենթակա զորամասերին և ստորաբաժանումներին օգնություն ցույց տալ ներքին ծառայության կազմակերպման, դրա պահանջների կատարման գործում և պարբերաբար ստուգել դրա վիճակը:

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 5. Հայրենիքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Զինվորական ծառայությունը պետական ծառայության առանձնահատուկ տեսակ է: Զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթից ելնելով` որոշվում է նրա գերակայությունը պետական ծառայության ուրիշ ձևերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այլ գործողության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ են սպաները, ենթասպաները, ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, սերժանտները, ավագները և զինվորները, որոնք զինվորական ծառայություն են կատարում:

Առաջին անգամ զինվորական ծառայության զորակոչված կամ կամավոր կերպով ծառայության մտած քաղաքացիները սահմանված կարգով ընդունում են զինվորական երդումը (Հավելված 1):

Յուրաքանչյուր զինծառայողի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում (Հավելված 4):

 

Հոդված 6. Զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով:

Զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ և զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողությունները, ինչպես նաև նրա իրավունքների ոտնահարումը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 7. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք օգտվում են հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ սահմանված զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները: Նրանց վրա դրվում են սահմանադրական, այլ համաքաղաքացիական պարտականություններ, ինչպես նաև ընդհանուր, ծառայության և հատուկ պարտականություններ` սահմանված զինվորական ծառայության պայմաններով:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 8. Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ:

Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող:

Որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարող չեն ճանաչվում այն զինծառայողները, որոնք կատարում են քրեական օրենսդրությամբ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ:

Անհրաժեշտության դեպքում հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը պարտավոր է զինվորական ծառայության պարտականությունների կատարմանն անցնել ցանկացած ժամանակ:

Զինվորական ծառայության կատարման ժամանակ զինծառայողները համարվում են պետական իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության տակ:

 

Հոդված 9. Զինծառայողների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը, զինծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնագրքով:

Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

 

Հոդված 10. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:

Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 11. Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զինծառայողի կողմից զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են սույն Կանոնագրքով:

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

- պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

- հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

 

Հոդված 12. Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում, մեկուսարանից զինված կամ փոխադրամիջոցների օգտագործումով փախուստի դեպքում, ինչպես նաև գիշերով կամ սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում փոխադրական միջոցների շարժման պահին դրանցից փախուստի, ինչպես նաև այլ իրական սպառնալիքի դեպքում:

Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում զինծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:

Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով:

Զինծառայողը պարտավոր է`

- հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները.

- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.

- մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.

- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը.

- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.

- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել զորամասի մարտական դրոշը.

- բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.

- պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված.

- լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը:

 

Հոդված 14. Զինծառայողը պետք է պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը, թանկ գնահատի զինված ուժերի, իր զորամասի պատիվն ու մարտական փառքը և իր զինվորական կոչման պատիվը:

 

Հոդված 15. Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:

Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար:

 

Հոդված 16. Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ, կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին:

Զինծառայողի հետ պատահած ամեն ինչի մասին, որ ազդում է նրա պարտականությունների կատարման վրա, և իրեն արված դիտողությունների մասին նա պարտավոր է զեկուցել իր անմիջական պետին:

Զինծառայողների միջև զինվորական կանոնադրություններով սահմանված փոխհարաբերությունների խախտման դեպքում նա պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոն հաստատելու համար, ինչպես նաև այդ մասին զեկուցել իր անմիջական պետին:

 

Հոդված 17. Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:

 

Հոդված 18. Ծառայության հարցերով զինծառայողը պարտավոր է դիմել իր անմիջական պետին և հետո միայն, նրա թույլտվությամբ` կոչումով հաջորդ ավագ պետին:

Անձնական հարցերով ևս զինծառայողը պետք է դիմի անմիջական պետին, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` ավագ պետին:

Առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) դեպքում զինծառայողը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության դրույթներով:

 

Հոդված 19. Զինծառայողը պարտավոր է գիտենալ և անշեղորեն պահպանել ռազմական գործողություններ վարելու, վիրավորների, հիվանդների և ռազմական գործողությունների շրջանի ազգաբնակչության, ինչպես նաև ռազմագերիների հետ վարվեցողության միջազգային կանոնները:

 

Հոդված 20. Մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից (ստորաբաժանումից) կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը:

Իսկ եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար: Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

Գերի վերցված, ինչպես նաև չեզոք երկրներում ներկալված զինծառայողների համար պահպանվում է զինծառայողների կարգավիճակը: Զինվորական հրամանատարությունը և նման լիազորություններ ունեցող պետական մարմինները պարտավոր են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված զինծառայողների իրավունքների պաշտպանության և Հայրենիք վերադարձնելու համար:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 21. Յուրաքանչյուր զինծառայող ունի պաշտոնեական պարտականություններ, որոնք որոշում են նրա զբաղեցրած պաշտոնին համապատասխան իրեն հանձնարարված դերի ու խնդիրների գործնական կատարման ծավալն ու սահմանները: Պաշտոնեական պարտականություններն օգտագործվում են միայն ի շահ ծառայության:

Այդ պարտականությունները սահմանվում են զինվորական կանոնադրություններով, հրահանգներով, կանոնակարգերով, ինչպես նաև սույն Կանոնագրքի կիրարկման ուղղությամբ ուղղակի պետերի գրավոր հրամաններով:

 

Հոդված 22. Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա և կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով և, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողներն օժտվում են նաև հատուկ իրավունքներով` կապված զինվորական կարգապահության և իրավակարգի պահպանման, անձնակազմի, մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների և ուրիշ ռազմական ու պետական օբյեկտների պաշտպանության հետ, այդ թվում` զենքի գործադրմամբ:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 23. Բոլոր զինծառայողները, անկախ զինվորական կոչումից ու պաշտոնից, հավասար են օրենքի առնչությամբ և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված պատասխանատվություն` հաշվի առնելով նրանց իրավական վիճակի առանձնահատկությունները:

 

Հոդված 24. Հասարակական ներգործության միջոցներ կարող են գործադրվել զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտման հետ կապված զանցանքների համար: Զանցանքների քննարկումը կատարվում է. ենթասպաներինը` ժողովներում, սպաներինը` սպայական ժողովներում: Բացի դրանից, սպաների զանցանքները կարող են քննարկվել պատվո դատարանների կողմից:

 

Հոդված 25. Կարգապահական պատասխանատվություն զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով` զինվորական կարգապահության խախտման համար:

 

Հոդված 26. Վարչական պատասխանատվություն զինծառայողները կրում են ընդհանուր հիմունքներով` վարչական իրավախախտումների մասին օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 27. Քաղաքացիաիրավական պատասխանատվություն զինծառայողները կրում են քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները չկատարելու կամ անբարեխիղճ կատարելու, պետությանը, իրավաբանական անձանց, քաղաքացիներին վնաս հասցնելու և օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 28. Նյութական պատասխանատվություն զինծառայողները կրում են զինվորական ծառայության կատարման ժամանակ պետությանը հասցված նյութական վնասի համար` զինծառայողների նյութական պատասխանատվության մասին կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 29. Քրեական պատասխանատվություն զինծառայողները կրում են հանցագործություն կատարելու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 30. Թույլ տված իրավախախտումների համար զինծառայողները, որպես կանոն, ենթարկվում են մեկ տեսակի պատասխանատվության:

Իրավախախտում թույլ տալու կապակցությամբ կարգապահական տույժի ենթարկված զինծառայողները չեն ազատվում այդ իրավախախտման համար քրեական պատասխանատվությունից:

Նյութական վնաս պատճառելու հետ կապված իրավախախտում թույլ տալու դեպքում զինծառայողները հատուցում են վնասը, անկախ պատասխանատվության այլ ձևերի ենթարկվելուց կամ հասարակական ներգործության միջոցների գործադրումից:

Զինծառայողների նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կարող են կիրառվել զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտումների հետ կապված զանցանքների համար:

Պատասխանատվության ենթարկելիս չի թույլատրվում վիրավորել զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԻԱՆՁՆՅԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐ (ՊԵՏԵՐ) և ԵՆԹԱԿԱՆԵՐ

ԱՎԱԳՆԵՐ և ԿՐՏՍԵՐՆԵՐ

 

Հոդված 31. Միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար:

Միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:

Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն:

 

Հոդված 32. Իրենց ծառայողական դիրքով և զինվորական կոչումով զինծառայողներից ոմանք մյուսների նկատմամբ կարող են լինել պետեր կամ ենթականեր:

Պետն իրավունք ունի ենթակային հրամաններ տալ և պահանջել դրանց կատարումը: Պետը ենթակայի համար պիտի լինի պատվի և զսպվածության օրինակ և չպիտի թույլ տա ո´չ տնավարություն, ո´չ էլ կանխատրամադրվածություն: Ենթակայի մարդկային արժանապատվությունը ստորացնող գործողությունների համար պետը պատասխանատվություն է կրում:

Ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել պետի հրամանները: Հրամանը կատարելով` նա կարող է բողոքել, եթե կարծում է, թե իր նկատմամբ ճիշտ չեն վարվել:

 

Հոդված 33. Պետերը, որոնց զինծառայողները ենթարկվում են ծառայության բերումով, թեկուզ և ժամանակավորապես, ուղղակի պետեր են համարվում:

Ենթակային ամենամոտ ուղղակի պետը կոչվում է անմիջական պետ:

 

Հոդված 34. Իրենց զինվորական կոչման բերումով պետեր են զինվորական ծառայության մեջ գտնվող`

- գեներալ-գնդապետները` ավագ և կրտսեր սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

- գեներալները, գնդապետները` կրտսեր սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

- փոխգնդապետի, մայորի կոչումով ավագ սպաները` ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

- կրտսեր սպաները` սերժանտների, զինվորների համար.

- ենթասպաները` իրենց հետ նույն զորամասի սերժանտների, զինվորների համար.

- սերժանտները` նույն զորամասի զինվորների համար:

 

Հոդված 35. Այն զինծառայողները, ովքեր ըստ իրենց ծառայողական դիրքի և զինվորական կոչման (հոդված 33, 34) մյուս զինծառայողների նկատմամբ պետեր կամ ենթականեր չեն, կարող են լինել ավագներ կամ կրտսերներ:

Ավագությունը որոշվում է զինծառայողների զինվորական կոչումներով:

Զինվորական կոչումով ավագները կրտսերների կողմից զինվորական կարգապահության, հասարակական կարգի և վարքի կանոնների, զինվորական համազգեստ կրելու և զինվորական ողջույնի կատարման խախտումների դեպքում պետք է նրանցից պահանջեն վերացնել այդ խախտումները: Կոչումով կրտսերները պարտավոր են անառարկելիորեն կատարել ավագների այդ պահանջները:

 

Հոդված 36. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողները ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները չի որոշել հրամանատարը (պետը), նրանցից պաշտոնով ավագը, իսկ հավասար պաշտոնների դեպքում` զինվորական կոչումով ավագը դառնում է պետ:

 

ՀՐԱՄԱՆ (ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ), ԴՐԱ ԱՐՁԱԿՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 37. Հրամանը հրամանատարի (պետի) կարգադրություն է` ուղղված ենթականերին, որ պահանջում է որոշակի գործողություններ կատարել, այս կամ այն կանոնը պահպանել, սահմանում է ինչ-որ կարգ, դիրք:

Հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի տեխնիկական միջոցներով` մեկ զինծառայողի, զինծառայողների խմբին կամ զորամասին (ստորաբաժանմանը):

Գրավոր հրամանը զինվորական կառավարման հիմնական կարգադրիչ, պաշտոնական փաստաթուղթ է (իրավական ակտ), որ միանձնյա ղեկավարման իրավունքով հրապարակում են զորամասերի հրամանատարները (հիմնարկների պետերը): Բանավոր հրամաններ տալիս են բոլոր հրամանատարները (պետերը):

 

Հոդված 38. Կարգադրությունը հրամանատարի (պետի) կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է: Կարգադրությունը տրվում է գրավոր կամ բանավոր: Գրավոր կարգադրությունը պաշտոնեական պարտադրող փաստաթուղթ է, որ շտաբի պետը հրապարակում է զորամասի հրամանատարի անունից կամ կայազորի զինվորական պարետը` կայազորի պետի անունից:

Հրամանը (կարգադրությունը) պետք է համապատասխանի օրենքների և զինվորական կանոնադրությունների պահանջներին:

 

Հոդված 39. Հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար: Նա պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:

Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն և չպետք է կասկածներ հարուցի ենթակայի մեջ:

 

Հոդված 40. Հրամանները տրվում են ենթակայության կարգով: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ավագ պետը կարող է հրաման տալ ենթականերին` շրջանցելով նրա անմիջական պետին: Նման դեպքում նա անմիջական պետին հաղորդում է այդ մասին կամ ենթակային հրամայում է, որ ինքը զեկուցի նրան:

 

Հոդված 41. Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում: Զինծառայողը, ստանալով հրամանը, պատասխանում է «Լսում եմ» և հետո կատարում այն:

Անհրաժեշտության դեպքում, տրված հրամանի ճիշտ ընկալումը ստուգելու նպատակով հրամանատարը (պետը) կարող է պահանջել նրա համառոտ կրկնությունը, իսկ զինծառայողը, ստանալով հրամանը, դիմել հրամանատարին (պետին) այն կրկնելու խնդրանքով:

Ստացված հրամանի կատարման մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրաման տված պետին և իր անմիջական պետին:

Զինծառայողին այնպիսի հրամաններ ու կարգադրություններ չեն կարող տրվել, որոնք առաջադրում են զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող խնդիրներ կամ օրենքի խախտման հակում ունեն:

 

Հոդված 42. Եթե հրաման կատարող զինծառայողը ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով առավել բարձր ուրիշ պետից ստանում է նոր հրաման, որը խոչընդոտում է նախորդի կատարմանը, նա այդ մասին զեկուցում է երկրորդ հրաման տվողին և հրամանի կրկնության դեպքում կատարում վերջինը:

Նոր հրաման տվողն այդ մասին հաղորդում է առաջին հրամանը տվողին:

 

Հոդված 43. Զինծառայողն իր առջև դրված խնդրի հաջող կատարման նպատակով պիտի ցուցաբերի խելացի նախաձեռնություն: Դա առանձնապես անհրաժեշտ է, երբ տրված հրամանը չի համապատասխանում կտրուկ փոփոխված իրադրությանը, իսկ պայմաններն այնպիսին են, որ ժամանակին նոր հրաման ստանալն անհնար է:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ

 

Հոդված 44. Զինվորական ողջույնը զինծառայողների ընկերական համախմբվածության մարմնացումն է, նրանց փոխադարձ հարգանքի և ընդհանուր բարեկրթության վկայությունը:

Բոլոր զինծառայողները պարտավոր են հանդիպման կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար` խստիվ պահպանելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային ծառայության կանոնադրությամբ սահմանված կանոնները:

Ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները առաջինն են ողջունում, իսկ հավասար դիրքում գտնվողներից` առավել քաղաքակիրթը:

 

Հոդված 45. Զինծառայողները, բացի դրանից, պարտավոր են ողջունել (հարգանք մատուցել)`

- անհայտ զինվորի գերեզմանին.

- հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.

- Հայաստանի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.

- զորամասի մարտական դրոշին.

- զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին:

 

Հոդված 46. Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են`

- Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին).

- գեներալ-գնդապետներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև զորամասի (ստորաբաժանման) տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց:

Շարքի մեջ, տեղում գտնվելիս, նշված անձանց ողջունելու համար ավագ հրամանատարը տալիս է «Զգա~ստ: Հավասարությունը դեպի Աջ, (Ձախ, Կենտրոն)» հրամանը, դիմավորում է նրանց, զեկույց տալիս: Օրինակ` «Պարոն գեներալ-մայոր, 110-րդ մոտոհրաձգային գունդը ընդհանուր երեկոյան գնդային ստուգման համար շարված է: Գնդի հրամանատար` գնդապետ Հովհաննիսյան»:

Զորամասը մարտական դրոշով շարելիս (զորահանդեսի, շարային ստուգատեսի, զինվորական երդման ժամանակ և այլ դեպքերում) զեկույցի մեջ նշվում է զորամասի լրիվ անվանումը` թվարկելով նրան շնորհված բոլոր պատվավոր անվանումներն ու շքանշանները:

Շարքով շարժման պահին ողջունելիս` պետը միայն հրաման է տալիս:

 

Հոդված 47. Զորամասերն ու ստորաբաժանումները հրամանով ողջունում են (հարգանք են մատուցում) նաև`

- անհայտ զինվորի գերեզմանին.

- հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.

- Հայաստանի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.

- զորամասի մարտական դրոշին.

- զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին.

- միմյանց հանդիպելիս:

 

Հոդված 48. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), շարքով տեղում կանգնած ժամանակ, զինվորական ողջույնն ուղեկցվում է նվագախմբերի կատարած քայլերգով և պետական օրհներգով:

Զորամասերի իրենց զորամասի հրամանատարին և ավելի բարձր ուղղակի պետերին, ինչպես նաև տեսչական ստուգման համար նշանակված անձանց ողջունելիս` նվագախումբը կատարում է միայն քայլերգը:

 

Հոդված 49. Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրամաններով:

 Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց:

Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվորական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե´ր» հրամանը:

«Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած զինծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները, գլխարկ դրած դեպքում, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս:

Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է «Ազա~տ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ» դիրքը կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով:

 

Հոդված 50. «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրամանները և հրամանատարին (պետին).

զեկույցը տրվում է տվյալ օրը զորամաս կամ ստորաբաժանում կատարած նրա միայն առաջին այցելության դեպքում:

Ավագ հրամանատարի (պետի) ներկայությամբ կրտսերին զինվորական ողջույնի համար հրաման և զեկույց չի տրվում:

Լսարանային պարապմունքների ժամանակ «Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրաման տրվում է յուրաքանչյուր պարապմունքի սկզբին և ավարտին:

«Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ», «Պարոնայք սպանե´ր» հրամանը հրամանատարին (պետին) զեկուցելուց առաջ տրվում է այն ժամանակ, եթե այդ պահին ներկա են ուրիշ զինծառայողներ: Նրանց բացակայության ժամանակ հրամանատարին (պետին) միայն զեկույց է տրվում:

 

Հոդված 51. Պետական օրհներգի կատարման ժամանակ շարքում գտնվող զինծառայողները, շարային կեցվածք են ընդունում առանց հրամանի, իսկ ստորաբաժանումների հրամանատարները սկսած դասակից և ավելի բարձր, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին:

Շարքից դուրս գտնվող զինծառայողները օրհներգի կատարման ժամանակ ընդունում են շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելու դեպքում` ձեռքը հպում դրան:

 

Հոդված 52. Զորամասերին կամ ստորաբաժանումներին զինվորական ողջույնի կատարման հրաման չի տրվում`

- զորամասը կամ ստորաբաժանումը տագնապով վերկացի, երթի, ինչպես նաև տակտիկական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ.

- կառավարման կետերում, կապի հանգույցներում և մարտական հերթապահության վայրերում.

- կրակագծում և կրակային (ելման) դիրքերում` հրաձգության (հրթիռարձակման) ժամանակ.

- օդանավակայաններում թռիչքների ժամանակ.

- շինարարական, տնտեսական կամ ուսումնական բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև արհեստանոցներում, հավաքակայաններում, անգարներում, լաբորատորիաներում անցկացվող պարապմունքների ու աշխատանքների ժամանակ.

- մարզական մրցումների և խաղերի ժամանակ.

- սնվելու ժամանակ և «Ավարտ» ազդանշանից հետո մինչև «Ոտքի´» ազդանշանը.

- հիվանդների համար նախատեսված շինություններում:

Թվարկված դեպքերում պետը կամ ավագը ժամանած հրամանատարին միայն զեկույց է տալիս: Օրինակ` «Պարոն մայոր´»: Երկրորդ մոտոհրաձգային վաշտը կատարում է վարժական հրաձգության երկրորդ վարժությունը: Վաշտի հրամանատար` կապիտան Հովհաննիսյան»:

Հուղարկավորման թափորին մասնակցող ստորաբաժանումները զինվորական ողջույն չեն տալիս:

 

Հոդված 53. Զորամասում անցկացվող հանդիսավոր ժողովներում, կոնֆերանսներում, ինչպես նաև ներկայացումներում, համերգներում և կինոյում զինվորական ողջույնի համար հրաման չի տրվում և հրամանատարին (պետին) զեկույց չի տրվում

Անձնակազմի ընդհանուր ժողովներում զինվորական ողջույնի համար տրվում է «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրաման և հրամանատարին (պետին) զեկույց է տրվում:

Օրինակ` «Պարոն փոխգնդապե´տ, գումարտակի անձնակազմը ընդհանուր ժողովի համար ներկայացավ: Գումարտակի շտաբի պետ` մայոր Հովհաննիսյան»:

 

Հոդված 54. Անհատ զինծառայողներին պետի կամ ավագի դիմելու դեպքում այդ զինծառայողները, բացառությամբ հիվանդների, շարային կեցվածք են ընդունում և նշում իրենց պաշտոնը, զինվորական կոչումը և ազգանունը: Ձեռքով բարևելիս` ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Եթե ավագը առանց ձեռնոցի է, կրտսերը ձեռքսեղմումից առաջ իր աջ ձեռքից հանում է ձեռնոցը: Առանց գլխարկի զինծառայողները ձեռքսեղմումն ուղեկցում են գլխի թեթև խոնարհումով:

 

Հոդված 55. Պետի կամ ավագի ողջույնին («Ողջույն ձեզ») շարքում կամ շարքից դուրս եղած բոլոր զինծառայողները պատասխանում են. «Ողջույն, պարոն կապիտան (գնդապետ)»: Եթե պետը կամ ավագը հրաժեշտ է տալիս («Ցտեսություն, պարոնա´յք»), ապա զինծառայողները պատասխանում են «Ցտեսությու~ն», ավելացնելով «պարոն» և զինվորական կոչումը, առանց ծառայությունը կամ զորատեսակը նշելու:

Օրինակ` սերժանտներին, ենթասպաներին և սպաներին պատասխանելիս` «Ողջույն, պարո´ն կրտսեր սերժանտ», «Ցտեսությու´ն, պարոն ավագ», «Ողջույն, պարո´ն կապիտան», «Ցտեսությու´ն, պարոն լեյտենանտ» և այլն:

 

Հոդված 56. Եթե հրամանատարը (պետը) ծառայության կարգով շնորհավորում է զինծառայողին կամ շնորհակալություն հայտնում նրան, ապա զինծառայողը պատասխանում է հրամանատարին (պետին)` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Եթե հրամանատարը (պետը) շնորհավորում է զորամասին (ստորաբաժանմանը), ապա վերջինս պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա~»-յով, իսկ եթե հրամանատարը (պետը) շնորհակալություն է հայտնում, ապա զորամասը (ստորաբաժանումը) պատասխանում է` «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ (ՊԵՏԵՐԻՆ) և ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵԿԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 57. Զորամաս եկած ավագ հրամանատարին (պետին) ներկայանում է միայն զորամասի հրամանատարը: Մյուս անձինք ներկայանում են միայն ավագ հրամանատարի (պետի) անմիջապես նրանց դիմելու դեպքում` նշելով իրենց պաշտոնը, զինվորական կոչումը և ազգանունը:

 

Հոդված 58. Զինծառայողները իրենց անմիջական պետերին են ներկայանում`

- զինվորական պաշտոնի նշանակվելիս,

- զինվորական պաշտոնը հանձնելիս,

- զինվորական կոչումը շնորհելիս,

- շքանշանով կամ մեդալով պարգևատրվելիս,

- գործուղման, բուժման կամ արձակուրդ մեկնելիս և վերադառնալիս:

Անմիջական պետին ներկայանալով` զինծառայողը նշում է իր զինվորական պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը և ներկայանալու պատճառը:

Օրինակ` «Պարո´ն մայոր: Առաջին մոտոհրաձգային վաշտի հրամանատար` կապիտան Հովհաննիսյան: Ներկայանում եմ ինձ կապիտանի զինվորական կոչում շնորհելու առիթով»:

 

Հոդված 59. Գնդում նոր նշանակում ստացած սպաներն ու ենթասպաները ներկայանում են գնդի հրամանատարին, ապա նրա տեղակալներին, իսկ վաշտում նշանակում ստանալիս` գումարտակի հրամանատարին, վաշտի հրամանատարին և նրանց տեղակալներին:

Գնդի հրամանատարը նոր ժամանած սպաներին գնդի սպայական կազմին է ներկայացնում սպաների մոտակա խորհրդակցությունում կամ գնդի շարքում:

 

Հոդված 60. Զորամասի տեսչական ստուգման ժամանակ նրա հրամանատարը ներկայանում է տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձին, եթե նա զինվորական կոչումով հավասար է զորամասի հրամանատարին կամ բարձր է նրանից: Իսկ եթե ստուգողը զինվորական կոչումով ցածր է զորամասի հրամանատարից, ապա նա ներկայանում է զորամասի հրամանատարին:

Նախքան տեսչական ստուգումը զորամասի հրամանատարը տեսչին (ստուգողին) ներկայացնում է ստուգման ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին:

 

Հոդված 61. Ստուգողի (տեսչի)` ստորաբաժանումներ այցելելու դեպքում այդ ստորաբաժանումների հրամանատարները դիմավորում են նրան և զեկույց տալիս:

Եթե տեսուչը (ստուգողը) ստորաբաժանում է ժամանում զորամասի հրամանատարի հետ, ապա ստորաբաժանման հրամանատարը տեսչին (ստուգողին) զեկույց է տալիս այն դեպքում, եթե նա կոչումով հավասար է զորամասի հրամանատարին կամ բարձր է նրանից:

Եթե տեսչական ստուգման ժամանակ ժամանում է ավագ հրամանատար (պետ), ապա նրան զեկույց է տալիս զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը, իսկ ստուգողը (տեսուչը) ներկայանում է:

 

Հոդված 62. Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալների զորամաս ժամանման դեպքում զորամասի հրամանատարը դիմավորում, զեկույց է տալիս և ուղեկցում է այդ անձանց, իսկ հրավերով ժամանած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակիցներին, զինված ուժերի վետերաններին, գիտության, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներին, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների և այլ պատվավոր անձանց զորամասի հրամանատարը դիմավորում է և ներկայանում առանց զեկույց տալու:

Զորամաս ժամանած պատվավոր այցելուներին որպես հիշատակ համապատասխան գրառումներ կատարելու համար տրվում է պատվավոր այցելուների գիրքը (հավելված 4):

 

Հոդված 63. Ավագ հրամանատարների (պետերի) առանձին ծառայողական հանձնարարություններ կատարելու համար զինծառայողների` զորամաս (ստորաբաժանում) ժամանելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ներկայանում է միայն կոչումով իրենից ավագին: Մնացած դեպքում ժամանողներն իրենք են ներկայանում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին և զեկուցում իրենց գալու նպատակի մասին:

 

Հոդված 64. Տեսուչների (ստուգողների) կամ ավագ հրամանատարների ծառայողական հանձնարարությունները կատարող զինծառայողների բոլոր ցուցումները հաղորդվում են զորամասի հրամանատարի միջոցով: Նշված անձինք պարտավոր են զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին հաղորդել տեսչական ստուգման կամ իրենց վրա դրված ծառայողական հանձնարարությունների կատարման արդյունքների մասին:

Զորամասի (ստորաբաժանման) զինծառայողներին հարցում կատարելիս ստուգողները ղեկավարվում են 8-րդ հավելվածի պահանջներով:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 65. Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես:

Զինծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Ծառայության հարցերով նրանք պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով: Անձնապես դիմելու դեպքում զինվորական կոչումներն անվանվում են առանց զորատեսակի կամ ծառայության նշման:

Պետերը և ավագները (մեծերը) ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն» բառը:

Օրինակ` «Շարքային Հովհաննիսյան», «Պարո´ն շարքային», «Սերժա´նտ Աբրահամյան», «Պարոն սերժանտ» և այլն:

Ռազմական ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք չունեն սերժանտական կամ ավագային կազմի և ենթասպաների զինվորական կոչում, ինչպես նաև ուսումնական զորամասերի (ստորաբաժանումների) սովորողներին դիմելու դեպքում անվանում են «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն ուսանող»:

Ենթականերն ու կրտսերները, դիմելով պետերին և ավագներին, անվանում են նրանց զինվորական կոչումը` կոչումից առաջ ավելացնելով «պարոն» բառը:

Օրինակ` «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն Հովհաննիսյան»:

Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս, սպաները միմյանց կարող են դիմել ոչ միայն զինվորական կոչումով, այլև ազգանունով: Առօրյա կյանքում սպաներին թույլատրվում է օգտագործել «սպայի խոսք» հաստատական արտահայտությունը և միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն թույլատրելի է ասել` «Պատիվ ունեմ»:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական անձանց դիմելիս զինծառայողները նրանց անվանում են զինվորական պաշտոնով` դրանից առաջ ավելացնելով «պարոն» բառը:

Զինվորական կոչումների աղավաղումը, անպարկեշտ արտահայտությունների, մականունների և ծաղրանունների գործածությունը, կոպտությունն ու արհամարհական վերաբերմունքն անհամատեղելի են զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ:

 

Հոդված 66. Շարքից դուրս հրաման տալիս կամ ստանալիս` զինծառայողները պարտավոր են ընդունել շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելիս` ձեռքը հպել նրան և թողնել:

Զեկուցելիս կամ զեկույց ընդունելիս զինծառայողը ձեռքը իջեցնում է զեկույցն ավարտելուց հետո: Եթե զեկույցից առաջ տրվել է «Զգա´ստ» հրաման, ապա զեկուցողը պետի «Ազա´տ» հրամանի դեպքում կրկնում է այն և ձեռքն իջեցնում գլխարկից:

 

Հոդված 67. Հրամանատարի (պետի) կամ ավագի (մեծի) ներկայությամբ այլ զինծառայողի դիմելու դեպքում պետք է ստանալ պետի թույլտվությունը:

Օրինակ` «Պարո´ն գնդապետ, թույլ տվեք դիմել կապիտան Հովհաննիսյանին»:

 

Հոդված 68. Հասարակական վայրերում, ինչպես նաև տրամվայում, տրոլեյբուսում, ավտոբուսում, մետրոյի վագոնում և մերձքաղաքային գնացքներում ազատ տեղերի բացակայության դեպքերում զինծառայողը պարտավոր է պետին (ավագին) զիջել իր տեղը:

Եթե պետին (ավագին) հանդիպելիս` հնարավոր չէ ազատ անցնել նեղ ճանապարհով, ապա ենթական (կրտսերը) պարտավոր է ճանապարհ տալ և ողջունելով թույլ տալ նրան անցնելու: Պետից (ավագից) առաջ անցնելու անհրաժեշտության դեպքում ստորադրյալը (ենթական) պետք է թույլտվություն խնդրի դրա համար:

Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց օգնություն ցույց տալ դժբախտ դեպքում, հրդեհների և տարերային աղետների ժամանակ:

 

Հոդված 69. Զինծառայողներին արգելվում է ձեռքերը պահել հագուստի գրպաններում, պետի (ավագի) ներկայությամբ նստել կամ ծխել առանց նրա թույլտվության, ինչպես նաև ծխել փողոցում քայլելիս կամ դրա համար չնախատեսված տեղերում:

 

Հոդված 70. Սթափ կենսաձևը պետք է լինի բոլոր զինծառայողների վարվեցողության ամենօրյա չափանիշ: Ոչ սթափ վիճակում ծառայության և հասարակական վայրերում հայտնվելը զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող կարգապահական կոպիտ զանցանք է:

 

Հոդված 71. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ: Զինվորական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով:

Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված կանոնների խիստ համապատասխանությամբ:

Զորամասի տարածքից դուրս հանգստի, արձակման կամ արձակուրդի մեջ եղած ժամանակ զինծառայողներին թույլատրվում է զինվորական համազգեստ չկրել:

 

Հոդված 72. Զինվորական բարեկրթության, վարքի և զինվորական ողջույնի կանոնները պարտադիր են նաև պաշտոնաթող և պահեստազորում գտնվող քաղաքացիների համար` նրանց զինվորական համազգեստ կրելու դեպքում նրանք պարտավոր են խստորեն պահպանել զինվորական համազգեստ կրելու սահմանված կանոնները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 73. Հրամանատարը միանձնյա ղեկավար է: Խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է.

Իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության համար, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության համար, տեխնիկական, նյութական, ընդգծված բժշկական, ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովման համար:

Հրամանատարը պարտավոր է կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը պաշտպանության բնագավառում, մշտապես կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները, հմտորեն աշխատանք տանել կադրերի հետ, ղեկավարել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքը:

 

Հոդված 74. Հրամանատարը (պետը) պարտավոր է`

- մշտապես պահպանել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մարտական և զորահավաքային պատրաստականությունը.

- միջոցառումներ պլանավորել մարտական և զորահավաքային մշտական պատրաստության ուղղությամբ և հասնել դրանց կատարմանը, պլաններում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշտումներ.

- հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը.

- բարձրացնել դաշտային պատրաստությունը, պարապմունքներ, վարժանքներ անցկացնել ստորաբաժանումները տարբեր աստիճանների մարտական պատրաստականության հասցնելու ուղղությամբ, հասնել անձնակազմի իր պարտականությունների իմացության և կատարման.

- բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի մասին, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին.

- միջոցներ ձեռնարկել ռազմական և պետական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար:

 

Հոդված 75. Հրամանատարը (պետը) պարտավոր է անմիջականորեն ղեկավարել ենթակաների մարտական պատրաստությունը`

- պլանավորել և ժամանակին միջոցներ մշակել նրա կազմակերպման ուղղությամբ.

- մշտապես կատարելագործել ենթակա հրամանատարների մասնագիտական գիտելիքները, մեթոդական վարպետությունը և մանկավարժական կուլտուրան.

- անձամբ անցկացնել զորավարժություններ և պարապմունքներ, կազմակերպել և հսկել բարձրակարգ մասնագետների պատրաստումը.

- հսկողություն իրականացնել և ենթականերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ մարտական պատրաստության ընթացքում, մարտական ուսուցման մեջ մտցնել մրցության ոգի, ամեն նորը, առաջավորը, որ նպաստում է ենթակաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը, միջոցներ ձեռնարկել մարտական իրականությանն առավելագույնս մոտ ուսուցման պայմաններ ստեղծելու համար, կատարելագործել ուսումնանյութական բազան.

- պարբերաբար ամփոփել մարտական պատրաստության արդյունքները:

 

Հոդված 76. Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին`

- նրանց մեջ ձևավորել և պահպանել հայրենիքի պաշտպանության համար բարոյական ու հոգեբանական պատրաստակամություն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանելու հպարտություն և պատասխանատվություն, զինծառայողների մեջ զարգացնել զինվորական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, զինվորական երդման սրբության և անխախտելիության գիտակցություն, խիզախություն, զսպվածություն, հնարամտություն, զգոնություն, զինվորական ընկերականություն, փոխօգնության զգացողություն, այդ նպատակով օգտագործել դաստիարակվածության անձնական օրինակը, ծառայության նկատմամբ հավասար վերաբերմունքը, ինչպես նաև զինվորական արարողությունները (հավելվածներ 1, 3, 5-9).

- կատարելագործել ազգամիջյան շփման կուլտուրան, հոգ տանել զինվորական կոլեկտիվի համախմբվածության և տարբեր ազգությունների զինվորների բարեկամության ամրապնդման համար, հաշվի առնել և հարգել նրանց ազգային զգացմունքները, ավանդույթները և սովորույթները.

- նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատմամբ, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն և կոպտություն, բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել զինծառայողների, զինծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների կենցաղային հարցերի լուծման, սոցիալական ու իրավական պաշտպանվածությունն ապահովելու համար, պայմաններ ստեղծել տեխնիկական և այլ բնույթի ստեղծագործության, կուլտուրայի բարձրացման և հանգստի զարգացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական աճի համար, անհրաժեշտության դեպքում նրանց համար միջնորդել ավագ հրամանատարներին:

 

Հոդված 77. Հրամանատարը (պետը) պարտավոր է մշտապես պահպանել զինվորական ամուր կարգապահություն և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակ` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Կարգապահական կանոնադրության դրույթներով:

Հետաքննության անցկացման ժամանակ, երբ հետաքննող մարմինը զորամասի հրամանատարն է, նա ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ:

 

Հոդված 78. Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (մարտական ծառայության) ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, ռազմերթերի, զորավարժությունների անցկացման, մարտական հրաձգության (հրթիռարձակման), թռիչքների, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման, պահակային և ներքին (հերթապահ) ծառայությունների ժամանակ անվտանգության այդ պահանջները վաղօրոք հասցնել ենթականերին և պահանջել դրանց խստագույն կատարումը:

Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումները սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ստորադրյալները յուրացրել են անվտանգության պահանջները և տիրապետում են դրանց իրականացման անհրաժեշտ գործնական հմտությունների:

Անձնակազմի զոհվելը և խեղվելը կանխելու ուղղությամբ հրամանատարի (պետի) ձեռնարկած միջոցները չպետք է հանգեցնեն մարտական առաջադրանքի կատարման ձախողման:

 

Հոդված 79. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա զորամասում (ստորաբաժանումում) ապահովել ներքին կայուն կարգուկանոն`

- շտաբի և ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունն ուղղել բոլոր զինծառայողների զինվորական կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման և կատարման կազմակերպմանը.

- կազմակերպել զինվորական ավանում` ստորաբաժանումների և շինություններում` զինծառայողների ճիշտ տեղաբաշխումը.

- նախատեսել ժամանակի նպատակահարմար բաշխում զորամասի ամենօրյա գործունեության ընթացքում.

- անձնակազմին բազմակողմանիորեն նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարման, հսկողություն կազմակերպել ներքին ծառայության կատարման նկատմամբ, անձամբ մասնակցել պահակակետերի ստուգման, ինչպես նաև հանձնարարականներ մշակել օրվա վերակարգի ծառայության բարելավման համար.

- սահմանել զինծառայողներին այցելության, զորամասից նրանց արձակման կանոններ, անցագրային կարգ և պահանջել դրանց կատարումը.

- կազմակերպել և պահպանել ներքին կարգուկանոնը հավաքակայանում, հրաձգարանում (պոլիգոնում) և այլ վայրերում, ուր ժամանակավորապես գտնվում են ստորաբաժանումները:

 

Հոդված 80. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել սպառազինությունը, ռազմական տեխնիկական և նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն.

- կազմակերպել զորամաս (ստորաբաժանում) մուտք գործած սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը դրանց ընդունմանը և շահագործմանը.

- պլանավորել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը.

- կազմակերպել և իրականացնել վերահսկողություն սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, միջոցառումներ անցկացնել վթարների և պատահարների կանխման ուղղությամբ.

- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը և հաշվառումը, դրանց ստացումը և ենթականերին հանձնումը, կանխել ռազմական ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության.

- ապահովել ամբողջ դրամական և բավարարման մյուս տեսակների հատկացումը, անձնակազմին հասնելը, խնայողաբար և նպատակային ծախսել նյութական ու դրամական միջոցները, պահպանել հաստիքային և ֆինանսական կարգապահությունը.

- միջոցներ ձեռնարկել զինծառայողների առողջության պահպանման և ամրապնդման, անձնակազմի բժշկական ապահովման կատարելագործման ուղղությամբ, հոգեկան խանգարում ունեցող զինծառայողներին ուղարկել հոգեբուժական զննման, իսկ անհրաժեշտության դեպքում, բժշկի եզրակացությամբ` բուժման.

- մշտապես հոգ տանել ենթակաների առևտրական-կենցաղային սպասարկման բարելավման մասին, այդ ընթացքում պահպանելով սոցիալական արդարության և հրապարակայնության սկզբունքները.

- կազմակերպել զորական տնտեսություն և ղեկավարել այն անձամբ, շտաբի միջոցով, իր տեղակալների, զորատեսակների և ծառայությունների պետերի միջոցով.

- միջոցներ ձեռք առնել զորամասի (ստորաբաժանման) գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության, ամրագրված հողահատվածների նպատակային և արդյունավետ օգտագործման համար:

 

Հոդված 81. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները`

- բարձրացնել իր ռազմական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան, դրանց մարտական գործադրման (շահագործման), նորոգման և էվակուացման կարգը.

- հիմնավորապես գիտենալ իր ծառայությանն առնչվող օրենքները, զինվորական կանոնադրությունների դրույթները, խստորեն գործել դրանց համաձայն և ենթականերից պահանջել դրանց կատարումը.

- իր և ենթակաների մեջ մշակել գործնականություն, առաջադրված խնդիրների լուծում գիտական մոտեցումով, քննադատական վերաբերմունք սեփական աշխատանքների արդյունքների նկատմամբ, աշխատանքի ընթացքում հաշվի առնել ենթակաների կարծիքը.

- ենթակաների միջև հմտորեն բաշխել աշխատանքն ու պարտականությունները, իրականացնել հրամանների կատարման գործնական հսկողություն, մշակել նպատակասլացություն, անձնական պատասխանատվություն, կանխազգացողություն, անխզելի կապ պահպանել անձնակազմի հետ.

- իրեն տրված իրավունքների սահմաններում գործել ինքնուրույնաբար, պետական իշխանության և կառավարման մարմինների, հասարակական միավորումների, ձեռնարկությունների կոլեկտիվների, պատերազմի և զինված ուժերի վետերանների հետ սերտ կապով` պահպանելով ու բազմապատկելով զորամասի (ստորաբաժանման) ավանդույթները: Այդ նպատակով անց են կացվում ժողովներ, զինվորական արարողություններ, մարզական տոներ և այլ միջոցառումներ` հրավիրելով աշխատավորությանը, հասարակության ներկայացուցիչներին և զինծառայողների ընտանիքների անդամներին.

- ամեն կերպ ամրապնդել միանձնյա ղեկավարությունը, հենվել սպայական ժողովի, զորամասի (ստորաբաժանման) հասարակական կազմակերպությունների վրա, նրանց հետ միասին անձնակազմի ջանքերն ուղղել առաջադրված խնդիրների ակտիվ ու ստեղծագործորեն լուծելուն.

- անձնակազմի և ենթակա ստորաբաժանումների միջև կազմակերպել մրցակցություն, ղեկավարել այն զորամասի (ստորաբաժանման) լուծելիք խնդիրների հաջող կատարման համար զինծառայողների մոբիլիզացման նպատակով.

- ենթակաների հետ հաճախակի ամփոփել մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը, ներքին կարգուկանոնի պահպանումը և միջոցներ նշել դրանք բարելավելու ուղղությամբ: Կյանքի ու կենցաղի այդ և այլ հարցեր պարբերաբար քննարկել զինծառայողների ընդհանուր ժողովներում, դրանցում մշակված առաջարկությունները հաշվի առնել զորամասում (ստորաբաժանումում) համապատասխան խնդիրների լուծման դեպքում:

 

Հոդված 82. Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ`

- բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ամեն օր զբաղվել նրանց դաստիարակությամբ.

- իրականացնել սպաների, ենթասպաների ընտրությունը, տեղաբաշխումը, ատեստավորումը` այդ գործում ներգրավելով իր տեղակալներին, զորատեսակների և ծառայությունների պետերին, հաշվի առնելով սպայական ժողովի և զորամասի (ստորաբաժանման) մյուս հասարակական կազմակերպությունների կարծիքը և մշտական գործող ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունները.

- ղեկավարվել պայմանագրով զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուների ընտրությունը.

- ապահովել զինծառայողների նախատեսվող տեղաշարժերի հրապարակայնությունը, ստեղծել կադրային ռեզերվ և պայմաններ ղեկավարման ժառանգորդության համար փորձառու և երիտասարդ մասնագետ կադրերի համատեղության ճանապարհով.

- անձամբ զրույցներ անցկացնել ենթակաների հետ.

- ենթականերին խրախուսել քաջագործությունների և ցուցաբերած խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար, խստորեն հանդիմանել անփույթներին:

Բացի դրանից, զորամասի հրամանատարը պարտավոր է ոչ պակաս, քան ամսական երկու անգամ ռեժիմով սահմանված ժամկետում անձնական հարցերով ընդունել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, իսկ ստորաբաժանման հրամանատարը` իր ենթականերին մարտական հերթապահությունից, օրվա վերակարգի պարտականությունների կատարումից և պարապմունքներից ազատ ժամերին:

 

Հոդված 83. Հրամանատարը (պետը) պարտավոր է ղեկավարել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքները`

- որոշել խնդիրները, կազմակերպել և հսկել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների պլանների կատարումը նյութատեխնիկական առումով.

- զինծառայողների ստեղծագործությունը ուղղել զորամասի (ստորաբաժանման) առջև դրված խնդիրների կատարման ժամանակ ծագող պրոբլեմների լուծմանը.

- անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, ուսումնասիրել, ընդհանրացնել և տարածել առաջավոր փորձը, կազմակերպել կոնֆերանսների, խորհրդակցությունների, ստուգատեսների և ցուցահանդեսների անցկացումը և մասնակցել դրանց աշխատանքներին.

- խրախուսել ստեղծագործական լավագույն արդյունքների հասած զինծառայողներին:

 

Հոդված 84. Հրամանատարը (պետը) քաղաքացիական անձնակազմի աշխատանքային գործունեության հետ կապված հարցեր լուծելիս պարտավոր է խստորեն ղեկավարվել գործող օրենսդրությամբ, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հրամաններով ու դիրեկտիվներով:

Նա պատասխանատու է քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ճիշտ կազմակերպման, աշխատանքի արտադրողականության աճի համար պայմանների ստեղծման, աշխատանքային և արտադրական կարգապահության ապահովման, աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման, աշխատանքի ու կենցաղի պայմանների բարելավման համար:

 

Հոդված 85. Ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին: Հաստիքային տեղակալի բացակայության դեպքում և եթե հրամանատարը չի նշել տեղակալի, հրամանատարությունն իր վրա է վերցնում պաշտոնով ավագ, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով բարձր անձը: Հրամանատարությունը վերցնողն այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին):

Զորամասի նոր նշանակված հրամանատարը հրամանատարությունն ստանձնում է ավագ հրամանատարի (պետի) կարգադրության կամ հրամանի հիման վրա: Հրամանատարությունը ստանձնելու մասին զորամասի հրամանատարն այդ մասին հայտարարում է հրամանում և զեկուցում ավագ հրամանատարին (պետին):

Զորամասի (ստորաբաժանման) նոր նշանակված հրամանատարը զորամասի (ստորաբաժանման) անձնակազմին ներկայացնում է ավագ հրամանատարը (պետը):

 

Հոդված 86. Զորամասի, ստորաբաժանումների նոր նշանակված հրամանատարները` սկսած վաշտի հրամանատարից և բարձր, պաշտոնը ստանձնելիս անցկացնում են զորամասի, ստորաբաժանման զինծառայողների հարցում` նրանց դիմում-բողոքները պարզելու և հետագայում լուծելու նպատակով (հավելված 8):

 

Հոդված 87. Գնդի և առանձին գումարտակի գործերի և հրամանատարների պաշտոնների հանձնման-ընդունման ժամկետ է նշանակվում 10 օրից ոչ ավելի, գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալներինը` ոչ ավելի 20 օրից, գումարտակի և վաշտի հրամանատարներին` ոչ ավելի 5 օրից, ծառայությունների պետերինը` ոչ ավելի 15 օրից: Այդ պաշտոնատար անձանց գործերի հանձնման և ընդունման ժամկետները որոշում է ավագ հրամանատարը (պետը):

Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ավարտ համարվում է այն պահը, երբ ավագ հրամանատարը (պետը) հաստատում է համապատասխան ակտը:

 

Հոդված 88. Զորամասի հրամանատարը գործերի և պաշտոնի հանձնումն ու ընդունումը կատարում է անձամբ` ավագ հրամանատարի (պետի) ներկայացուցչի ներկայությամբ:

Բացի դրանից, գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է զորամասի ընդհանուր վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի զինամթերքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև զորամասի զորական և ֆինանսական տնտեսությունը, և կազմում է ակտ:

Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ակտերում նշվում է` զորամասի ցուցակային և առկա անձնակազմը, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, ուսումնանյութական բազայի վիճակը անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և զինվորական կարգապահության վիճակը:

Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հանձնման (ընդունման) ակտում նշվում է` փաստաթղթերով հաշվված քանակը, փաստական առկայությունը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի որակական և տեխնիկական վիճակը, դրանց պահպանության պայմանները:

Զորական և ֆինանսական տնտեսության հանձնման և ընդունման ակտում նշվում է` բնակարանակենցաղային պայմանները, շենքերի, շինությունների, գույքի և սարքավորման առկայությունն ու վիճակը, ինչպես ընթացիկ բավարարման, այնպես էլ անձեռնմխելի պաշարների` վառելանյութի, սննդամթերքի, իրեղենի, տեխնիկական ունեցվածքի և այլ նյութական ու դրամական միջոցների առկայությունը, վիճակը, ծախսման օրինականությունը, հաշվառումը և պահպանության կարգը:

Ակտերը ստորագրում են ընդունող և հանձնող հրամանատարները, ինչպես նաև հանձնաժողովի անդամները և ներկայացվում են ավագ հրամանատարի (պետի) հաստատմանը:

 

Հոդված 89. Ստորաբաժանման հրամանատարը պաշտոնի և գործերի հանձնումը և ընդունումը կատարում է անձամբ, զորամասի հրամանի հիման վրա:

Գործերի և պաշտոնի հանձնման ու ընդունման մասին ստորաբաժանման հրամանատարը գրավոր զեկուցում է ըստ ենթակայության զորամասի հրամանատարին:

Պաշտոն ստանձնողը զեկույցի հետ միասին ներկայացնում է ակտ ստորաբաժանման ընդունման մասին, որի մեջ նշվում է` ստորաբաժանման ցուցակային և առկա անձնակազմը, մարտական պատրաստության, մարտական պատրաստականության վիճակը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, զինվորական կարգապահության վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, զինծառայողների բնակարանային և կենցաղային պայմանները:

Ակտը կազմում ու ստորագրում է պաշտոնն ընդունողը և հանձնողը:

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 90. Գնդի հրամանատարը, լինելով զինված ուժերի մարտական (տակտիկական) և վարչատնտեսական հիմնական միավորի հրամանատարը, խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ պատասխանատու է` գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության համար, գնդի մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և գնդի նյութական այլ միջոցների պահպանության և վիճակի համար, գնդի տեխնիկական, նյութական, բժշկական, ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության համար: Գնդի հրամանատարը գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 91. Գնդի հրամանատարը պարտավոր է`

- ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը.

- գումարտակների հետ զորավարժություններ անցկացնել, վարել գնդի շտաբի նախապատրաստությունը, գումարտակների մեջ չմտնող վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ.

- ղեկավարել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակումը և կատարումը.

- կազմակերպել և իրականացնել միջոցներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ` հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները.

- իմանալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման ավագի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման գծով, կազմակերպել սպայական ժողովի գործունեությունը և ուղղել սպաների կոլեկտիվի համախմբմանը, քննարկել նրա առաջարկություններն ու հանձնարարականները և դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ.

- զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն զինվորների միջև, ստորաբաժանումներում թերությունների, պասիվության և անտարբերության նկատմամբ ստեղծել անհանդուրժողական մթնոլորտ.

- ղեկավարել նոր ժամանած համալրման բաշխումն ըստ ստորաբաժանումների (անձնախմբերի, մարտական մասերի) և նրանց զինվորական երդման ներկայացնել թիվ 1 հավելվածում նշված կարգով.

- ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, քաղաքացիներին զինվորական ծառայության ընդունելու աշխատանքը, որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուներին, այդ աշխատանքում հաշվի առնել սպայական ժողովի և որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացությունները, առաջարկություններն ու հանձնարարականները.

- հաստատել զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը.

- սահմանել օրվա կարգուկանոնը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգուկանոնի պահպանում, որոշել անձնակազմի հագուստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով.

- կազմակերպել գնդի տեղաբաշխման վայրի պաշտպանություն, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը, ինչպես նաև կալանատանը ձերբակալվածների պահպանությունը.

- միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց կատարման դեպքում զեկուցել ավագ հրամանատարին (պետին), տեղյակ պահել զինվորական դատախազին, քրեական գործ հարուցել կամ նշանակել ծառայողական հետաքննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած աղետների և այլ պատահարների հետաքննությանը, ինչպես նաև այնպիսի խախտման դեպքերի հետաքննությանը, որ սահմանված են զինծառայողների փոխհարաբերությունների մասին զինվորական կանոնադրությունների կանոններով.

- վերլուծել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ ամփոփել արդյունքները և որոշել դրանց բարելավման միջոցներ.

- միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքները հրապարակել գնդի հրամանում.

- դիմավորել, զեկուցել և գնդի տարածքում ուղեկցել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալներին, գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարից բարձր ուղղակի պետերին և այն անձանց, որոնք նշանակված են տեսչական ստուգումը ղեկավարելու համար` սույն Կանոնագրքի 60 հոդվածում որոշված կարգով.

- հսկողություն իրականացնել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հետ աշխատելու, պարապմունքներ, հրաձգություն, զորավարժություններ անցկացնելու և աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.

- միջոցներ ձեռնարկել զինծառայողների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, քննարկել և հաստատել մթերքների շաբաթական բաշխումը, ամենօրյա հսկողություն կազմակերպել սննդի որակի և մատուցման ամբողջականության նկատմամբ, ամեն շաբաթ անձամբ ստուգել պատրաստված սննդի որակը.

- ղեկավարել գնդի ֆինանսական և տնտեսական գործունեությունը` ապահովելով նյութական և դրամական միջոցների օրինական ու խնայողական ծախսումը.

- հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում.

- անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, վարժությունների, մարտական պատրաստության և առօրյա գործունեության այլ միջոցառումների անցկացման ժամանակ գնդի տեղաբաշխման շրջանում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար.

- անձամբ և պաշտոնատար անձանց, ներքին ստուգող հանձնաժողովների ու հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ անցկացնել ըստ ծառայությունների ռազմական ունեցվածքի, դրամական միջոցների և արժեքների առկայության պլանային ու արտապլանային ստուգումներ, պետությանը հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքում նշանակել ծառայական հետաքննություն և ժամանակին որոշում կայացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին:

 

Հոդված 92. Գնդի հրամանատարը ուսուցման յուրաքանչյուր փուլի սկսվելուց առաջ հրաման է տալիս` որոշելով սույն Կանոնադրության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրության այն դրույթների կատարման կարգը, որոնց կարգավորման իրավունքն իրեն է տրված (Հավելված 11):

Բացի դրանից, գնդի հրամանատարն ամեն օր գրավոր հրաման է տալիս շարային մասի գծով, իսկ անհրաժեշտության դեպքում` մարտական պատրաստության և այլ հարցերի գծով: Հրամաններն ստորագրում են գնդի հրամանատարը և շտաբի պետը:

 

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 93. Գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ ժամանակ և պատերազմական պայմաններում պատասխանատու է`

մարտական պատրաստության համար, զինվորական կարգապահության և ներքին կարգի պահպանման համար, ուսումնանյութական բազայի ստեղծման, մշտական բարելավման և սարքին վիճակում պահելու համար, գնդում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, մարզական, գյուտարարական և նորարարական աշխատանքի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում վերջինս կատարում է նրա պարտականությունները:

Այն զորամասերում, որտեղ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոն նախատեսված չէ հաստիքով, նրա պարտականությունները կատարում է գնդի շտաբի պետը:

 

Հոդված 94. Գնդի հրամանատարի տեղակալը մարտական պատրաստության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`

- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կատարմանը.

 - պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ.

- գնդում ղեկավարել ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները.

- կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ գնդում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար.

- ստուգել գնդի ստորաբաժանումներում մարտական պատրաստության կազմակերպումն ու վիճակը, ստորաբաժանումների հրամանատարներին օգնել պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում նկատված թերությունների վերացման համար.

- ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման և մարտական ուսուցման գործում ներդրման աշխատանքը.

- գիտենալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման ավագի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության բարելավման ուղղությամբ.

- թեկնածուների ընտրություն կատարել զինվորական ծառայության և ռազմական ուսումնական հաստատություններ ընդունելու համար.

- ղեկավարել ուսումնանյութական բազայի օբյեկտների կահավորման և կատարելագործման աշխատանքները, հետևել գնդի ստորաբաժանումները ժամանակին մարտական պատրաստության համար նախատեսված նյութական միջոցներով, ուսումնական և ցուցադրական ձեռնարկներով ապահովելու, դրանց հաշվառման և պահպանության գործին.

- ստուգել անվտանգության պահանջների, պարապմունքների, հրաձգության և զորավարժությունների ժամանակ շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների կատարումը.

- ղեկավարել գիտական, մեթոդական աշխատանքը, ինչպես նաև գնդի գյուտարարական և նորարարական աշխատանքի գծով հանձնաժողովը.

- ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել օրվա վերակարգի նախապատրաստումը և նրա կողմից ծառայության կատարումը, ինչպես նաև գնդում և նրա ստորաբաժանումներում ներքին կարգուկանոնի պահպանումը:

 

ԳՆԴԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

 

Հոդված 95. Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, մարտական պատրաստության պլանավորման համար, շտաբի և գնդի կառավարումն ապահովող ստորաբաժանումների նախապատրաստման համար, գնդի ներսում պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, շտաբի և անմիջականորեն նրա ենթակա ստորաբաժանումների անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, նրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու համար, գնդի անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի հաշվառման վիճակի համար: Գնդի շտաբի պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը:

Գնդի հրամանատարի որոշումների կենսագործման ժամանակ շտաբի պետն իրավունք ունի գնդի հրամանատարի ենթականերին հրահանգներ տալ նրա անունից: Բոլոր առավել կարևոր հրահանգների մասին շտաբի պետը զեկուցում է գնդի հրամանատարին:

 

Հոդված 96. Գնդի շտաբի պետը պարտավոր է`

- կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը.

- մշտապես իմանալ գնդի ստորաբաժանումների իրական վիճակը և դրությունը, ինչպես նաև վերահսկել առաջադրված խնդիրների լուծման ընթացքը.

- պարապմունքներ անցկացնել գնդի շտաբի սպաների հետ, ղեկավարել գնդի կառավարումն ապահովող գումարտակների և ստորաբաժանումների շտաբների պատրաստությունը.

- մշակել և կենսագործել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության պլան և գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումներ, գնդում ղեկավարել զորահավաքային աշխատանքները.

- մշակել գնդի մարտական պատրաստության պլան, անմիջականորեն գնդի հրամանատարին ենթարկվող պաշտոնատար անձանց և շտաբի սպաների կողմից ստորաբաժանումների և ծառայությունների վիճակի ստուգման պլան, գնդի զինծառայողների արձակուրդների գրաֆիկ, վերահսկել դրանց կատարումը

 - գիտենալ յուրաքանչյուր սպայի և ենթասպայի, ինչպես նաև շտաբի և անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների բոլոր սերժանտների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել սպաների հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ.

- ըստ ստորաբաժանումների բաշխել գունդ ժամանած համալրումը.

- կազմակերպել կապը գնդում, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստականությունը, ներդնել ավտոմատ կառավարման միջոցներ և վերահսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ.

- կազմակերպել գնդի հրամանատարի և ավագ հրամանատարների (պետերի) բոլոր հրամանները ժամանակին և ճիշտ կերպով հասցնելու ստորաբաժանումներին ու ծառայություններին, ինչպես նաև դրանց կատարումը, անձամբ հաղորդել կարևորագույն հրամանները, ստուգել դրանց կատարումը.

- կազմակերպել գնդի մարտական դրոշի և շքանշանների, ինչպես նաև պատվավոր դրոշների, նշանների, վիմպելների և դրանց փաստաթղթերի ճիշտ պահպանությունը և խնամքը.

- կազմակերպել և ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել պահակային և ներքին ծառայությունների պատրաստությունը և կատարումը գնդում, ինչպես նաև մեկուսացվածների պահպանությունը կարգապահական մեկուսարանում.

- վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել գնդի հերթապահին, նրա օգնականին, ստուգիչ-անցակետի հերթապահին և գնդի շտաբի հերթապահին, ինչպես նաև ստորաբաժանումների հրամանատարներին (անձնախմբերի պետերին), գործուղման մեկնողներին և ստուգել այդ ստորաբաժանումների (անձնախմբերի) ապահովվածությունն անհրաժեշտ ամեն ինչով.

- մշտապես գիտենալ մարդկանց առկայությունը, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայությունը և վիճակը, ինչպես նաև ամենօրյա ղեկավարություն իրականացնել դրանց հաշվառման նկատմամբ.

- կատարել մարտական պատրաստության, ինչպես նաև հանցագործությունների, պատահարների և կարգապահական զանցանքների հաշվառում.

- վարել գնդի պատմական ծառայացուցակը (ֆորմուլյարը).

- կազմակերպել և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այդ միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև դրանց պահպանության կարգը իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումներում, հսկել պարապմունքների և աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը.

- ժամանակին վերադաս շտաբ ներկայացնել անհրաժեշտ զեկուցագրեր:

 

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

 

Հոդված 97. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և հասարակական-պետական պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական-իրավական պաշտպանության գծով աշխատանքի, արդյունավետության համար, տեղեկատվական, հոգեբանական և գնդում կուլտուրական ժամանցի ապահովման համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 98. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակման և դրանց կատարումն ապահովելու գործին.

- կազմակերպել և անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել, հաշվի առնելով յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը և վերաբերմունքը կրոնի հանդեպ, նրանց մեջ ձևավորել հավատարմություն Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ, զինվոր-քաղաքացու մարտական և բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ.

- կոնկրետ միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, անձնակազմի շրջանում իրավախախտումների կանխարգելման, զորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ստեղծման ուղղությամբ.

- գիտենալ գնդի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ավագի գործնական, բարոյահոգեբանական հատկանիշները.

- մասնակցել զինվորական կադրերի ուսումնասիրման, նրանց ռազմական-մասնագիտական որակավորման բարձրացման գծով տարվող աշխատանքին.

- ուսումնասիրել զինծառայողների տրամադրությունը, հասարակական կարծիքը և հոգեվիճակը, կազմել գնդի անձնակազմի ընդհանուր բարոյահոգեբանական բնութագիրը, միջոցառումներ իրականացնել զորական կոլեկտիվներում առողջ բարոյական մթնոլորտ պահպանելու ուղղությամբ.

- կազմակերպել և աշխատանք տանել զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի նկատմամբ սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ գիտենալ նրանց կարիքները և պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել հիմնավորված բողոքների և դիմումների ժամանակին կատարման, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման համար.

- զինծառայողներին, քաղաքացիական անձնակազմին տեղեկություն տալ աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների մասին, կազմակերպել անձնակազմի հասարակական-պետական պատրաստությունը, ստորաբաժանումների հրամանատարներին սովորեցնել դաստիարակչական աշխատանքի անցկացման մեթոդները.

- կազմակերպել ուսումնական գործի, մարտական հերթապահության, պահակային և ներքին ծառայությունների բարոյահոգեբանական ապահովվածությունը.

- կազմակերպել սպայական ժողովի, հասարակական խորհուրդների, գնդում գործող այլ մարմինների համագործակցությունը և գործնական օգնություն ցույց տալ նրանց.

- կապ պահպանել պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների, քաղաքացիների հասարակական միավորումների հետ սոցիալական խնդիրների լուծման, անձնակազմի դաստիարակության, զինվորական ծառայության պրոպագանդման և երիտասարդության զինվորական մասնագիտական կողմնորոշումը կազմակերպելու նպատակով.

- պայմաններ ստեղծել զինծառայողների հոգևոր և կուլտուրական զարգացման համար, կազմակերպել անձնակազմի հանգիստը,

- վերահսկել դաստիարակչական աշխատանքի ընթացքում տեխնիկական միջոցների և կուլտուրական հանգստի առարկաների ճիշտ օգտագործումը, պարբերական մամուլի և փոստային առաքումների ժամանակին տեղափոխումն ու անձնակազմին հասցնել.

- կազմակերպել գնդում կատարած հանցագործությունների, պատահարների ու կարգապահական զանցանքների հաշվառումը.

- գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:

 

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ` ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ԻՆԺԵՆԵՐԱԱՎԻԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԵՏԸ

 

Հոդված 99. Գնդի հրամանատարի` սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով տեղակալը-տեխնիկական մասի պետը, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի տեխնիկական ապահովության համար, ենթակա ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի, ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացիայի համար, զինամթերքի պահպանության և դրանցով ստորաբաժանումների (բացի ավիացիոն) ապահովման համար, պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար, ինչպես նաև տեխնիկական կետերի հատուկ տեխնիկական կառուցվածքների, ենթակա պահեստների, հավաքակայանների (ինքնաթիռների, ուղղաթիռների կայանատեղերի) վիճակի և նրանց ներքին ծառայության կազմակերպման համար, գնդի անձնակազմի տեխնիկական պատրաստվածության համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական և զորահավաքային պատրաստականության համար, նրանց անձնակազմերի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 100. Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է`

- մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով.

- ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական պատրաստությունը և գործունեությունը.

- իմանալ անմիջականորեն և իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների սպաների, ենթասպաների և սերժանտների բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել նրանց հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ.

- ղեկավարել գնդի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը, գնդի սպաների և ենթասպաների հետ պարապմունքներ անցկացնել մեքենա վարելու, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի ուսումնասիրման, տեխնիկական ապահովության կազմակերպման և իրականացման գծով, ինչպես նաև միջոցառումներ անցկացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման համար.

- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը, նորոգումը և էվակուացումը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

- մշտապես ստուգել անձնակազմի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման և էվակուացման կանոնները.

- հետևել ստորաբաժանումներում վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանը և խնայողական օգտագործմանը.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների տեխնիկական վիճակը և տարեկան երկու անգամ կազմակերպել հրազենի ստուգում, ի լրումն, դրա ընթացիկ բավարարման հրազենի համար անց է կացվում պլանավորված ստուգում, ստուգման արդյունքները արտացոլել ակտերում և գնդի հրամաններում.

- ղեկավարել տեխնիկական կետերում, հավաքակայաններում, ենթակա պահեստներում հատուկ կառույցների սարքավորման և դրանք բնապահպանական սարքերով ու պահպանության տեխնիկական միջոցներով ապահովելու աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների կատարումը.

- կազմակերպել և վերահսկել ներքին ծառայության կատարումը հավաքակայաններում, վերակարգի ստանձնումից առաջ հրահանգավորել հավաքակայանի հերթապահին.

- ժամանակին պահանջել պահեստամասեր, հավաքակայանին սարքավորում և այլ ռազմատեխնիկական ունեցվածք, կազմակերպել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը և ճիշտ օգտագործումը.

- մշակել և իրականացնել միջոցառումներ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծել դրանց պատճառները, միջոցառումներ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար.

- գիտենալ գնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը և շահագործման կանոնները, դրանց առկայությունը և տեխնիկական վիճակը, կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման և հաշվետվության վարումը.

- ղեկավարել տանկակայանի (տանկադրոմի) և ավտոկայանի (ավտոդրոմի) կահավորման և կատարելագործման, ուսումնամարզական միջոցների նորոգման և շահագործման, ինչպես նաև տեխնիկական պատրաստության, ուսումնանյութական բազայի կատարելագործման և պահպանության աշխատանքները:

Այն զորամասերում, ուր հաստիքով սպառազինության գծով գնդի հրամանատարի տեղակալ նախատեսված չէ, նրա պարտականությունները կատարում է ավտոծառայության պետը կամ զորամասի տեխնիկական ծառայություններից մեկի պետը: Նա ենթարկվում է զորամասի հրամանատարին և իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների անձնակազմի ուղղակի պետն է:

 

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ

 

Հոդված 101. Թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների նյութական և տեխնիկական ապահովվածության համար իրեն ենթակա ծառայությունների գծով բոլոր տեսակի նյութական միջոցների և ջրի տեղափոխման ու մատակարարման համար, ենթակա պահեստների վիճակի համար, գնդի անձնակազմի առևտրական և կենցաղային սպասարկման համար, զորանոցաբնակարանային ֆոնդի պահպանության համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական ու զորահավաքային պատրաստականության և հակահրդեհային պաշտպանության համար, դրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու համար, դրանց անձնակազմերի մարտական պատրաստականության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանման համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 102. Թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և դրանց կատարմանը իր մասնագիտության գծով.

- իմանալ անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների ու ծառայությունների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

- գնդի սպաների և ենթասպաների հետ պարապմունքներ անցկացնել թիկունքային ապահովվածության գծով, իսկ ստորաբաժանումների ավագների հետ` բանակային տնտեսության գծով.

- ըստ ենթակա ծառայությունների կազմակերպել նյութական միջոցների գնդի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը և անձնակազմի բարձրորակ սնունդը, վերահսկել նյութական միջոցների նախատեսված չափերը յուրաքանչյուր զինծառայողի հասցնելու գործը.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել գնդի պահեստներում և ստորաբաժանումներում նյութական միջոցների առկայությունը և վիճակը` ստուգման պարտադիր ակտավորումով, կազմակերպել ամբողջ ունեցվածքի և տեխնիկայի ամենամյա գույքագրումն ըստ ծառայությունների.

- հսկողություն իրականացնել վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների որակի, օգտագործման ճշտության և խնայողական ծախսման, դրանց հետ վարվելու անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև ամեն ամիս գնդի հրամանատարին զեկուցել ծախսերի լիմիտների օգտագործման արդյունքների մասին.

- գիտենալ իրեն ենթակա ստորաբաժանումներում և ծառայություններում ռազմական տեխնիկայի առկայությունն ու վիճակը, ապահովել դրա ճիշտ շահագործումը, ժամանակին սպասարկումը, նորոգումը և էվակուացումը.

- վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել ճաշարանի հերթապահին.

- կազմակերպել ստորաբաժանումների համար նախատեսված բոլոր տեսակի նյութական միջոցների տեղափոխումը, ջրամատակարարումը, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացումը, պլանավորել ավտոտրանսպորտի աշխատանքը և վերահսկողություն իրականացնել դրա աշխատանքի ճշտության և արդյունավետության նկատմամբ.

- կազմակերպել երկաթուղով, օդային տրանսպորտով տեղ հասած նյութական միջոցների ժամանակին բեռնաթափումը և տեղափոխումը.

- ղեկավարել գնդի թիկունքի ուսումնանյութական բազայի կահավորման և կատարելագործման աշխատանքները, ենթակա պահեստների սարքավորումը պահպանության տեխնիկական միջոցներով.

- կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, զորանոցային-բնակարանային ֆոնդի ժամանակին նախապատրաստումը ձմռանը, գնդի տեղաբաշխման տարածքի, մերձակա ավտոճանապարհների կարգին վիճակում պահելը, ինչպես նաև թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը (Հավելված 16), դրանք սարքավորել հրդեհային ազդանշանման միջոցներով, մշակել միջոցառումներ շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նպատակահարմար օգտագործման ուղղությամբ և վերահսկել այդ պլանների կատարումը.

- ղեկավարել գնդի օժանդակ տնտեսությունը.

- մշտական հոգատարություն ցուցաբերել գնդի անձնակազմի արտաքին տեսքի նկատմամբ, կազմակերպել համազգեստի ժամանակին հանձնումը, դրա նախապատրաստումը և նորոգումը.

- կազմակերպել գնդի ստորաբաժանումների բաղնիքալվացքային սպասարկումը.

- միջոցառումներ մշակել խնայողական աշխատանքի գծով և կազմակերպել դրանց իրականացումը.

- իրեն ենթակա ստորաբաժանումներում ապահովել անվտանգությունը նորոգման-շինարարական, տնտեսական աշխատանքների և տեխնիկայի շահագործման ժամանակ.

- կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման ու հաշվետվության վարման գործը:

 

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ` ՍՈՑԻԱԼ-ԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆ-ՍՊԱ

 

Հոդված 103. Գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պատասխանատու է` գնդում իրավական աշխատանքի կազմակերպման համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին:

 

 

Հոդված 104. Գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պարտավոր է`

- զորամասի մյուս ծառայությունների հետ համատեղ մշակել և իրականացնել զորամասում օրինականության պահպանման ապահովմանը ուղղված միջոցառումներ, միջոցներ ձեռնարկել ՀՀ գործող օրենսդրության և այլ գերատեսչական նորմատիվ ակտերի խախտումների կանխման համար.

- նշագրելու (վիզա դնելու) միջոցով հսկողություն իրականացնել, որպեսզի հրամանատարի ստորագրած հրամանների, հրահանգների և իրավական բնույթի մյուս նյութերի նախագծերը համապատասխանեն գործող օրենսդրությանը, մյուս ծառայությունների հետ համատեղ նախատեսել առաջարկություններ զորամասում հրամանների և այլ նորմատիվ ակտերի մեջ փոփոխություններ կատարելու համար.

- խորհրդատվություններ, եզրակացություններ, տեղեկանքներ տալ այն իրավական հարցերի վերաբերյալ, որոնք ծագում են զորամասի գործունեության ընթացքում.

- մյուս ծառայությունների մասնակցությամբ նախապատրաստել հափշտակումների, վատնումների, պակասորդների և այլ իրավախախտումների մասին նյութեր, դրանք համապատասխան մարմիններին, սպաների և ենթասպաների պատվի դատարաններին հանձնելու, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել զորամասին հասցրած վնասը հատուցելու համար.

- կազմակերպել զորամասում ստացվող և նրա հրապարակած նորմատիվ ակտերի համակարգված հաշվառումը և պահպանումը.

 - անձնակազմին տեղեկատվություն տալ գործող օրենսդրության մասին, զինծառայողներին ուսուցանել ծառայության իրավական հիմունքները.

- միջոցառումներ անցկացնել անձնակազմի մեջ իրավական կուլտուրայի ձևավորման, նրանց կողմից օրենքների, զինվորական երդման, զինվորական կանոնադրությունների և ծառայությունը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի պահպանման ուղղությամբ.

- մասնակցել զորամասի անձնակազմի իրավական դաստիարակման կազմակերպմանը.

- զորամասի հրամանատարի ցուցումով անցկացնել ծառայողական քննություն, ինչպես նաև հետաքննություն.

- հետաքննության անցկացման ընթացքում ղեկավարել հետաքննիչների աշխատանքը, նրան ցույց տալ համապատասխան օգնություն.

- համագործակցել զինվորական դատախազության, զինվորական ոստիկանության, զինվորական տրիբունալի, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների հետ.

- միջոցառումներ իրականացնել զորամասի ընդհանուր ժողովի կողմից հասարակական պաշտպաններ ընտրելու ուղղությամբ, որոնք կմասնակցեն իրենց զորամասի զինծառայողների մեղադրանքների գործերով դատաքննությանը.

- զորամասի սպաների և ենթասպաների պատվի դատարանների գործունեության ընթացքում ցույց տալ իրավական օգնություն.

- ստորաբաժանումներում ձևավորել իրավական ակտիվը, նրան սովորեցնել զինծառայողների հետ տարվող իրավական աշխատանքների ձևերն ու մեթոդները, ընդհանրացնել և տարածել այդ աշխատանքի փորձը.

- զորամասում ստեղծել և կատարելագործել իրավական աշխատանքի նյութական բազան.

- աշխատանք անցկացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրավական պրոպագանդման համար:

 

ԳՆԴԻ ՀՐԵՏԱՆՈՒ ՊԵՏԸ

 

Հոդված 105. Գնդի հրետանու պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է`

- գնդի բոլոր հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման համար, իր մասնագիտության գծով գնդի անձնակազմի պատրաստության համար, հրետանային ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության համար, նրանց անձնակազմերի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, գնդի հրետանային ստորաբաժանումները սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու, իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումներում դրանց ճիշտ օգտագործման, ինչպես նաև իր մասնագիտության գծով ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 106. Գնդի հրետանու պետը պարտավոր է`

- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով.

- ղեկավարել գնդի հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, ինչպես նաև գումարտակային հրետանային ստորաբաժանումները իր մասնագիտության գծով.

- վարել գնդի սպաների և ենթասպաների նախապատրաստումը հրետանու մարտական կիրառման գծով, ինչպես նաև զորավարժություններ և պարապմունքներ անցկացնել գնդի հրետանային ստորաբաժանումների հետ իր մասնագիտության գծով.

- գիտենալ գնդի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, ընդհուպ մինչև հրանոթի (անձնակազմի, ջոկի) հրամանատարը ներառյալ, մշտապես նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով.

- ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորումը իր մասնագիտության գծով.

- հսկողություն իրականացնել գնդի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և զինամթերքի պահպանության և սպասարկման ժամանակ հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ.

- գնդի հրետանային ստորաբաժանումներում ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմության, հաշվառման և պահպանության կարգը.

- ժամանակին ենթականերին հասցնել հրաձգության, զինավարժության պարապմունքների և տեխնիկայի, սարքերի և զինամթերքի հետ աշխատանքի անվտանգության կանոնները և պահանջել դրանց կատարումը:

 

ԳՆԴԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ԴԻՎԻԶԻՈՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

 

Հոդված 107. Գնդի հակաօդային պաշտպանության պետ-դիվիզիոնի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի հակաօդային պաշտպանության բոլոր միջոցների մարտական կիրառման համար, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու համար, գնդի անձնակազմը իր մասնագիտության գծով նախապատրաստելու և ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ուղղակի պետն է:

 

Հոդված 108. Գնդի հակաօդային պաշտպանության պետ-դիվիզիոնի հրամանատարը պարտավոր է`

- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով.

- ղեկավարել գնդի ստորաբաժանումների նախապատրաստումը իր մասնագիտության գծով.

- գնդի սպաներին և ենթասպաներին նախապատրաստել հակաօդային պաշտպանության հարցերով.

- ղեկավարել ուսումնանյութական բազայի կահավորումը իր մասնագիտության գծով:

Իրեն ենթակա դիվիզիոնի նկատմամբ նա կատարում է իր պարտականությունները սույն Կանոնադրության 129 և 130 հոդվածներին համապատասխան:

 

ԳՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 109. Գնդի ծառայության պետը (109 - 110 հոդվածների դրույթներով ղեկավարվում են գնդի բոլոր ծառայությունների պետերը` հետախուզության պետը, կապի պետը, ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը) խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի համապատասխան տիպի մարտական պատրաստության (տեխնիկական, թիկունքային) ապահովման համար, գնդի ստորաբաժանումներն իր մասնագիտությամբ նախապատրաստելու համար, գունդը իր ծառայության գծով սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական միջոցներով ապահովելու, դրանց ճիշտ օգտագործման, կարգին և սարքին վիճակում պահելու համար, մարտական և զորահավաքային պատրաստականության և ենթակա ստորաբաժանումների վիճակի համար, նրանց անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ենթակա ստորաբաժանման կողմից ծառայության օբյեկտներում շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանման և դրանց սանիտարական վիճակի համար, իր մասնագիտության գծով ուսումնանյութական բազայի վիճակի համար:

 

Հոդված 110. Գնդի ծառայության պետը պարտավոր է`

- մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումը իր մասնագիտության գծով.

- ղեկավարել ծառայության գործունեությունը և իրեն ենթակա ստորաբաժանման ու ծառայության մարտական պատրաստությանը, դրանցում պահպանել ներքին կարգուկանոն.

- գիտենալ անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանման և ծառայության յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով.

- գնդի սպաների, ենթասպաների և ստորաբաժանումների հետ պարապմունքներ անցկացնել իր մասնագիտության գծով, միջոցներ ձեռնարկել համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման համար.

- գիտենալ իր ծառայության գծով սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունը, վիճակը, ինչպես նաև կառուցվածքը և շահագործման (օգտագործման) կանոնները, ժամանակին միջոցառումներ անցկացնել իրեն ենթակա ստորաբաժանման և ծառայության սպառազինության, ռազմական տեխնիկայի, սարքավորման և ունեցվածքի չափաբանական ապահովման ուղղությամբ, վերահսկողություն իրականացնել և միջոցներ ձեռնարկել ստորաբաժանման կայանատեղում ենթակա պահեստի, սպառազինության ու տեխնիկայի սարքավորման վստահելի պահպանության ու կազմակերպման ուղղությամբ.

- հետևել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սարքին վիճակին ստորաբաժանումներում և գնդի պահեստում, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը (օգտագործումը) և ապահովել այդ ընթացքում անվտանգության պահանջների կատարումը.

- հսկողություն իրականացնել ծառայության սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա, վառելանյութի և քսանյութերի խնայողաբար օգտագործման և ճիշտ գործադրման նկատմամբ.

- վարել սահմանված հաշվառում և հաշվետվություն, պարբերաբար կատարել հաշվառման տվյալների փոխստուգում ստորաբաժանումների և գնդի պահեստի հետ, ժամանակին հայտեր ներկայացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ձեռքբերման համար, իրականացնել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը ստորաբաժանումներին և ժամանակին նորոգել (թարմացնել) անձեռնմխելի պաշարը.

- կազմակերպել գնդում իր ծառայության գծով սպառազինության և ռազմական տեխնիկայի (ունեցվածքի) նորոգման աշխատանքը, վերահսկել դրա անցկացման որակն ու ժամկետները, ժամանակին նորոգման հանձնել այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան (ունեցվածքը), որ հնարավոր չէ նորոգել սեփական ուժերով.

- հետազոտել գունդ ներմուծվող և գնդից դուրս բերվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան իր ծառայության գծով.

- միջոցառումներ անցկացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների հետ կապված պատահարների կանխման համար, պարզել դրանց պատճառները և միջոցներ ձեռնարկել վերացման համար, իրեն ենթակա ստորաբաժանումում և ծառայությունում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, ղեկավարել շրջակա միջավայրի պաշտպանության գծով անցկացվող միջոցառումներ.

- մասնակցել գյուտարարական և նորարարական աշխատանքներին, կազմակերպել դրանք ենթակա ծառայությունում և ստորաբաժանումում.

- ստուգել մարտական հերթապահության և օրվա վերակարգի ծառայության կատարումը գնդի հրամանատարի հաստատած կարգի համաձայն.

- ղեկավարել իր մասնագիտության գծով ուսումնանյութական բազայի կահավորման գործը:

 

Հոդված 111. Գնդի ծառայության պետը իր մասնագիտության գծով իրավունք ունի`

- ստորաբաժանումների հրամանատարներին ցուցումներ և հանձնարարականներ տալ անձնակազմի մարտական պատրաստության և սպառազինության, մարտական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) վերաբերյալ.

- անցկացնել զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի հանկարծակի ստուգումներ.

- դադարեցնել սպառազինության և տեխնիկայի շահագործում այնպիսի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրս գալուն, ինչպես նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:

Հայտնաբերված բոլոր թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին ծառայության պետը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական պետին:

 

ԳՆԴԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 112. Գնդի ինժեներական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ինժեներասակրային ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի նա պարտավոր է`

- մասնակցել գունդը հակառակորդի զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումների մշակմանը.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել գնդի ստորաբաժանումներում և պահեստում ինժեներական սպառազինության առկայությունն ու վիճակը, անցկացնել դրանց ամենամյա գույքագրում:

 

ԳՆԴԻ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ և ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հոդված 113. Գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի քիմիական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդում ռադիացիոն անվտանգության միջոցառումների կատարման համար և պարտավոր է`

- պատրաստել քիմիական հրահանգիչներ.

- մասնակցել գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումների մշակմանը, միջոցառումներ անցկացնել ռադիացիոն անվտանգության ապահովման ուղղությամբ, գիտենալ գնդի տեղաբաշխման և մարտական գործողությունների շրջանի երկրամերձ շերտում չափաբանական իրադրությունը.

- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել ստորաբաժանումներում և գնդի պահեստում քիմիական սպառազինության պաշտպանության միջոցների առկայությունը և տեխնիկական վիճակը:

 

ԳՆԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 114. Գնդի բժշկության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և բժշկական ծառայության անձնակազմի ուղղակի պետն է:

Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է`

- մասնակցել գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու, ինչպես նաև գնդի տեղաբաշխման շրջանում միջոցառումների մշակմանը.

- անցկացնել բուժական-կանխարգելիչ և բժշկական ծառայության վրա դրված հակահամաճարակային միջոցառումներ, ուսումնասիրել անձնակազմի ուսումնամարտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման վիճակը և հետևել դրա տեղավորման, սննդի, ջրամատակարարման, բաղնիք-լվացքատնային սպասարկման սահմանված նորմերի պահպանմանը, վերահսկել գնդի տեղաբաշխման շրջանի սանիտարական վիճակը.

- կազմակերպել անձնակազմի բժշկական քննությունը, մասնակցել ամբուլատոր ընդունելությանը, հետազոտել գնդի բուժկետում գտնվող և բուժական հիմնարկներ ուղարկվող հիվանդներին, գիտենալ գնդի բուժկետում տեղավորված հիվանդների վիճակը և վերահսկել նրանց բուժումը, գիտենալ այլ բուժհիմնարկում տեղավորված հիվանդների վիճակը, պարբերաբար այցելել նրանց.

- կազմակերպել գնդի անձնակազմի բժշկական ապահովությունը մարտական պատրաստության պարապմունքների, ինչպես նաև մարզական միջոցառումների անցկացման ժամանակ.

- իրականացնել բժշկական վերահսկողություն գնդի անձնակազմի ֆիզիկական պատրաստության նկատմամբ և ֆիզիկական պատրաստության ու սպորտի պետի հետ միասին միջոցառումներ մշակել անձնակազմի առողջության ամրապնդման և ֆիզիկական զարգացման ուղղությամբ.

- կազմակերպել անձնակազմի զինվորական բժշկական պատրաստությունը, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալի համագործակցությամբ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների շրջանում իրականացնել բժշկական գիտելիքների և առողջ կենցաղի քարոզչություն.

- մասնակցել սննդի ռեժիմի մշակմանը և մթերքների բաշխմանը, մշտական բժշկական հսկողություն սահմանել անձնակազմի սննդի և ջրի որակի նկատմամբ.

- մշտական բժշկական հսկողություն սահմանել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ, նրանց առողջության ամրապնդման վերաբերյալ հանձնարարականները հաղորդել ստորաբաժանումների հրամանատարներին և վերահսկել դրանց կատարումը, գնդի հրամանատարին բժշկական եզրակացություն ներկայացնել դիետիկ և լրացուցիչ սննդի կարիք ունեցող զինվորների և սերժանտների մասին.

- ստորաբաժանումների հրամանատարների և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրանց տեղակալների, գնդի զինվորական հոգեբանի հետ համատեղ ի հայտ բերել ֆիզիկական ու հոգևոր զարգացման շեղումներ և ալկոհոլամոլության, թունամոլության ու թմրամոլության հակում ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար.

- վերահսկել գնդի տեղաբաշխման շրջանի ճաշարանների, բնակելի շինությունների և տնտեսական ծառայությունների սանիտարական վիճակը, հսկողություն իրականացնել անձնակազմի լողանալու, անկողնային և ներքնազգեստային սպիտակեղենի, սրբիչների, գուլպաների և ոտնափաթաթանների ժամանակին փոխելու նկատմամբ.

- վերլուծել գնդի անձնակազմի հիվանդացումը, վերլուծության արդյունքները հիվանդությունների կանխարգելման և սանիտարական վիճակի բարելավման մասին առաջարկությունների հետ ամեն ամիս զեկուցել գնդի հրամանատարին, վարակիչ հիվանդությունների և գնդի համաճարակային վիճակի վրա անդրադարձող պատահարների ու վնասվածության հետևանքով զինծառայողների հոսպիտալացման յուրաքանչյուր դեպքի մասին անմիջապես զեկուցել գնդի հրամանատարին.

- կազմակերպել դեղամիջոցների և, առաջին հերթին, թունավոր ու թմրեցնող դեղամիջոցների ու պատրաստուկների հաշվառումն ու պահպանումը, բժշկական ունեցվածքն օգտագործել ըստ նշանակության:

 

ԳՆԴԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 115. Գնդի ֆինանսական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդի ֆինանսական ապահովման, նրա ֆիզիկական տնտեսության վիճակի համար և պարտավոր է`

- կազմակերպել և վարել գնդի ֆինանսական տնտեսությունը, ապահովել դրամական միջոցների պլանավորումը, պահանջը, ֆինանսական հաշվառման և հաշվետվության ճշտությունը, գնդի հրամանատարի տեղակալների և ծառայությունների պետերի հետ միասին կազմել և գնդի հրամանատարի հաստատմանը ներկայացնել առաջիկա ժամանակահատվածի դրամական միջոցների ծախսումների նախահաշիվը, ժամանակին ապահովել անձնակազմի դրամական բավարարումը.

- հսկողություն իրականացնել դրամական միջոցների ծախսման, գնդի պաշտոնատար անձանց կողմից ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ, կորուստների, պակասորդների, հափշտակումների, նյութական և դրամական միջոցների անօրինական ծախսումների հետևանքով պետությանը պատճառած վնասը ժամանակին և ամբողջությամբ փոխհատուցելու նկատմամբ, ստուգել գնդի հաշվետու անձանց.

- ապահովել դրամական փաստաթղթերի, վստահված դրամական միջոցների ու արժեքների անկորուստ պահպանությունը, ամեն օր համեմատել դրամական միջոցների և արժեքների առկայությունը հաշվառման տվյալների հետ:

 

ԳՆԴԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԸ

 

Հոդված 116. Գնդի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը ենթարկվում է գնդի հրամանատարի տեղակալին: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է ֆիզիկական պատրաստության և սպորտի կազմակերպման համար և պարտավոր է`

- ամենօրյա հսկողություն իրականացնել ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների նկատմամբ և հետևել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացմանը.

- գնդի ստորաբաժանումների հրամանատարներին օգնություն ցույց տալ ֆիզիկական պատրաստության և մարզական պարապմունքների կազմակերպման ու անցկացման մեթոդիկայի հարցում.

- պատրաստել ստորաբաժանումների արտահաստիքային մարզական կազմակերպիչներ, ղեկավարել և վերահսկել նրանց աշխատանքը.

- մշակել գնդի մարզական աշխատանքի պլանը, կազմակերպել և անցկացնել գնդի մարզական մրցումներ, մարզական տոներ և մարզական այլ միջոցառումներ, թեկնածուներ ընտրել գնդի մարզական թիմերի համար և ղեկավարել նրանց մարզումները.

- գնդի բժշկական ծառայության պետի հետ միասին միջոցառումներ մշակել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացման և առողջության վիճակի բարելավման, պարապմունքների ընթացքում վնասվածքի կանխարգելման ուղղությամբ և մասնակցել դրանց անցկացմանը.

- գնդի զինծառայողներին մարզական կոչումներ, կարգեր, դատավորական կարգեր շնորհելու և նրանց մարզական կրծքանշաններով պարգևատրելու համար ձևակերպել փաստաթղթեր, վարել գնդում ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքի արդյունքների հաշվառում:

 

ԳՆԴԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 117. Գնդի հետախուզության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և գնդի հետախուզական ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պարտավոր է`

- գիտենալ գնդի գործողությունների հնարավոր ուղղությամբ դիմակայող զինված ուժերի խմբավորումը, դրա մարտական և թվական կազմը, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, նրանց սպառազինությունն ու մարտական տեխնիկան, գործողության տակտիկան.

- հավաքել, վերլուծել և ընդհանրացնել տվյալներ հակառակորդի ու տեղանքի մասին և ժամանակին զեկուցել դրանք գնդի հրամանատարին.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ գնդի ստորաբաժանումներում և պահեստներում ստուգել հետախուզական սպառազինության և ռազմական տեխնիկայի առկայությունն ու վիճակը:

 

ԳՆԴԻ ԿԱՊԻ ՊԵՏԸ

 

Հոդված 118. Գնդի կապի պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և գնդի կապի ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդում կապը ժամանակին կազմակերպելու, ապահովելու, նրա անվտանգության պահանջների ապահովման համար և պարտավոր է`

- ապահովել գնդում անխափան կապի կազմակերպումը և պահպանումը.

- մշակել կապի վերաբերյալ փաստաթղթեր և միջոցառումներ նրա անվտանգության ապահովման համար, վերահսկել դրանց կատարումը գնդի անձնակազմի կողմից.

- իրականացնել փոստային առաքումների ուղարկումը գնդից և դրանց ստացումը գնդում և ստորաբաժանումներում.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել կապի միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգի առկայությունն ու տեխնիկական վիճակը գնդի ստորաբաժանումներում ու պահեստներում:

 

ԳՆԴԻ ՉԱՓԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 119. Գնդի չափաբանական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և վերահսկման-ստուգման կետի (չափիչ տեխնիկայի կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պարտավոր է`

- գնդի մյուս ծառայությունների պետերի հետ համատեղ կազմակերպել չափաբանական ապահովումը, անմիջականորեն ղեկավարել առավել բարդ և պատասխանատու չափագրումների անցկացումը.

- մասնակցել սպառազինությունը և ռազմական տեխնիկան ընդունող ու շահագործման հանձնող հանձնաժողովների աշխատանքին.

- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափագրման միջոցների գործադրման ու պահպանման ճշտությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի չափաբանական ապահովման ծավալն ու ամբողջականությունը.

- վերլուծել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափաբանական ապահովման վիճակը, կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման արդյունավետությունն իջեցնող պատճառների կանխարգելման միջոցառումներ:

 

ԳՆԴԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 120. Գնդի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և հրթիռահրետանային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդի պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար և պարտավոր է`

- կազմակերպել գնդի հրթիռահրետանային սպառազինության նորոգման և զինամթերքի տեխզննման գործը, կատարող անձանց ապահովել նյութերով, հատուկ սարքավորումներով և գործիքներով.

- ստորաբաժանումներում մշտապես ստուգել զենքի և զինամթերքի նախապատրաստումը հրաձգության համար և անհրաժեշտության դեպքում օգնել հրամանատարին, վարել հրաձգության ժամանակ ծախսումների և հրթիռների խափանումների, զինամթերքի հաշվառում և հրաձգությունից հետո կազմակերպել ստորաբաժանումներից կրակված պարկուճների, անսարք զինամթերքի ընդունումը, ինչպես նաև չպայթած հրթիռների, արկերի, ականների և նռնակների պայթեցումը.

- գնդի ստորաբաժանումներում թույլ չտալ չհաշվառված սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանություն, հայտնաբերել սպառազինության վթարների և փչանալու պատճառները, միջոցներ ձեռք առնել դրանց կանխման համար.

- կազմակերպել սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ճիշտ պահպանությունը գնդի հրետանային պահեստում, վերահսկողություն իրականացնել գնդի ստորաբաժանումներում դրանց առկայության և պահպանության նկատմամբ, տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը, կատարել հրազենի ստուգում, ընդ որում ընթացիկ օգտագործման հրազենի համար անցկացնել պլանային ստուգումներ, արդյունքները ձևակերպել ակտով.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և զինամթերքի օգտագործման ու նորոգման ժամանակ.

- ամեն ամիս գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին զեկուցել գնդի հրթիռահրետանային ամբողջ սպառազինության նորոգման ու տեխնիկական սպասարկման պլանների կատարման և զինամթերքի ծախսի լիմիտի մասին:

 

ԳՆԴԻ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 121. Գնդի զրահատանկային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի զրահատանկային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է`

- մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում զրահատանկային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դրանք դուրս բերելու համար.

- պլանավորել զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը.

- մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները.

- վարել գնդի զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքների հաշվառում.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:

 

ԳՆԴԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 122. Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի ավտոմոբիլային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է`

- մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում ավտոմոբիլային տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դուրս բերելու համար.

- միջոցներ ձեռնարկել մոտոռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու, ավտոմոբիլային տեխնիկայի ծառայության ժամկետները երկարացնելու համար, տարեկան առնվազն 2 անգամ ստուգել նրա տեխնիկական վիճակը.

- պլանավորել ավտոմոբիլային տեխնիկայի շահագործումը, դրա ամենօրյա օգտագործման համար վերակարգ սահմանել, իրականացնել մեքենաների` ժամանակին և սարքին վիճակում ուղերթ դուրս գալու և հավաքակայան վերադառնալու հսկողությունը.

- մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները.

- կատարել ավտոմոբիլային տեխնիկայի պատահարների վերլուծություն, բացահայտել դրանց ծագման պատճառները, միջոցառումներ մշակել և իրականացնել դրանց կանխարգելման համար.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման, սպասարկման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:

 

ԳՆԴԻ ՎԱՌԵԼԻՔԻ և ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 123. Գնդի վառելիքի և քսանյութերի ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի վառելիքի ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների խնայողական օգտագործման, ինչպես նաև դրանց հետ վարվելիս` անվտանգության պահանջների կատարման համար և պարտավոր է`

- վերահսկել վառելիքի և քսանյութերի ծախսը և միջոցառումներ անցկացնել գնդի ստորաբաժանումներում դրանց խնայողական օգտագործման համար.

- ամսական առնվազն մեկ անգամ գնդի պահեստում և ստորաբաժանումներում ստուգել վառելիքի, հատուկ հեղուկների առկայությունն ու որակը, ինչպես նաև ծառայության տեխնիկական միջոցների առկայությունն ու վիճակը.

- կազմակերպել ծառայության տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը, վառելիքի, քսանյութերի, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունման, պահպանման և ստորաբաժանումների բացթողման աշխատանքը, ինչպես նաև լցակայանների աշխատանքը` ապահովելով հակահրդեհային միջոցառումների և անվտանգության պահանջների կատարումը.

- կազմակերպել բանեցված յուղերի հավաքումն ու հանձնումը:

 

ԳՆԴԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 124. Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է անձնակազմի համար ժամանակին լավորակ սնունդ կազմակերպելու, ծառայության օբյեկտների սանիտարական վիճակի համար և պարտավոր է`

- ապահովել լավորակ սնունդ (այդ թվում` դիետիկ և բուժական), յուրաքանչյուր զինծառայողին հասցնել օրապարենի (մթերաբաժնի) սահմանված նորմերը, ամսական առնվազն մեկ անգամ խոհարարների հետ անցկացնել սննդի ստուգիչ-ցուցադրական պատրաստում.

- գնդի բժշկական ծառայության պետի, ճաշարանի պետի և հրահանգիչ-խոհարարի հետ կազմել մթերքների բաշխումը.

- գնդի ստորաբաժանումներում, պահեստում և այլ ծառայություններում ամսական առնվազն 1 անգամ ստուգել պարենամթերքի, ծառայության տեխնիկայի և գույքի առկայությունն ու որակական վիճակը.

- ղեկավարել ճաշարանի, մթերային պահեստի և օժանդակ տնտեսության աշխատանքը, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալի բացակայության ժամանակ հրահանգավորել ճաշարանի հերթապահին.

- իրականացնել կարտոֆիլի և բանջարեղենի սեզոնային մթերումներ, վերամշակել և տեղավորել պահելու համար, ինչպես նաև գնդի կարիքների համար սառույցի, խոտի և ծղոտի պաշար նախապատրաստել.

- ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը մթերքների մշակման և պահպանման, սննդի պատրաստման և ընդունման ժամանակ, մթերային պահեստի, ճաշարանի շինությունների և ճաշարանախոհանոցային ամանեղենի, ինչպես նաև տեխնոլոգիական, սառեցնող և ոչ մեխանիկական սարքավորումների պահպանման և սպասարկման ժամանակ, ապահովել անվտանգության պահանջների կատարումը, դրանց շահագործման ընթացքում.

- կազմակերպել սննդի մնացորդների հավաքման և օգտագործման համար կառույցների ստեղծման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել ճաշարանում մնացորդները ժամանակին հավաքելու և զորամասի օժանդակ տնտեսություն տանելու համար:

 

ԳՆԴԻ ԻՐԵՂԵՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

Հոդված 125. Գնդի իրեղենի ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրեղենի ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գունդն իրեղենով և սանիտարատնտեսական գույքով ըստ մատակարարման նորմերի ապահովելու, գնդի բաղնիքալվացքային սպասարկման, համազգեստի, կոշկեղենի անհատական հարմարեցման համար և պարտավոր է`

- ժամանակին պահանջել և կազմակերպել իրեղենի և սանիտարատնտեսական գույքի ստացումը, պահպանումն ու գնդի ստորաբաժանումներին բացթողումը, ինչպես նաև հաշվեցուցակային (տաբելային) մշակութաժամանցային գույքի պահպանումը և ստորաբաժանումներին դրա բացթողումը, ստորաբաժանումներում համազգեստն ու կոշկեղենը բաժանելիս կազմակերպել դրանց անհատական հարմարեցումը.

- առնվազն 2 ամիսը մեկ անգամ գնդի ստորաբաժանումներում և պահեստներում հաշվառման տվյալների համաձայն ստուգել իրեղենի և տնտեսական ունեցվածքի առկայությունն ու վիճակը, ինչպես նաև պահպանման ու խնայողության պայմանները.

- ստորաբաժանումների ավագների հետ պարապմունքներ անցկացնել իրեղեն ունեցվածքի պահպանման, խնայողության, նորոգման ու հաշվառման վերաբերյալ.

- ապահովել սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների համազգեստի ժամանակին բացթողումը (կարելը), վերահսկել համազգեստի կարի որակը.

- ստորաբաժանումների կենցաղային սպասարկման սենյակներն ապահովել անհրաժեշտ գույքով և մազերը կտրելու, համազգեստի, կոշկեղենի ընթացիկ նորոգումն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներով.

- ամեն շաբաթ կազմակերպել ստորաբաժանումների անձնակազմի` բաղնիքում լողանալը, այդ օրերին նրանց ապահովել լվացող միջոցներով, բաղնիքի սրբիչներով, ներքին և անկողնու սպիտակեղենի, սրբիչների, գուլպաների ու ոտքի փաթաթանների փոխնորդներով, հրահանգավորել բաղնիքի հերթապահին.

- ժամանակին կազմակերպել ներքին, անկողնու սպիտակեղենի և սրբիչների լվացումը.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը տեխնիկական միջոցների շահագործման ժամանակ և սանիտարական պահանջների կատարումը իրեղենի ծառայության օբյեկտներում:

 

ԳՆԴԻ ԱԿՈՒՄԲԻ ՊԵՏԸ

 

Հոդված 126. Գնդի ակումբի պետը պատասխանատու է` ակումբի ու գրադարանի աշխատանքը կազմակերպելու, քարոզչության տեխնիկական միջոցները, մշակութաժամանցային ունեցվածքն ու գրքային ֆոնդը ճիշտ օգտագործելու և խնայելու, ակումբի և գրադարանի սարքավորումները անվնաս պահելու, շահագործման կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները պահպանելու համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալին: Գնդի ակումբի պետը պարտավոր է`

- ակումբի և գրադարանի մշակութաժամանցային աշխատանքը կազմակերպել գնդի մարտական պատրաստության խնդիրներին համապատասխան.

- մասնակցել ստորաբաժանումներում մշակութաժամանցային աշխատանքների անցկացմանը և անձնակազմի ժամանցի կազմակերպմանը.

- անհրաժեշտ պայմաններ ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների գեղարվեստական ինքնագործունեության, նրանց մեջ գեղագիտական բարձր ճաշակի ձևավորման համար.

- ղեկավարել գրադարանի աշխատանքը, հետևել գրքային ֆոնդի ճիշտ համալրմանը և օգտագործմանը.

- իրացնել թերթերի և ամսագրերի կոլեկտիվ բաժանորդագրություն.

- մասնակցել գնդի տարածքում, ուսումնական բազայի` իրեն կցված օբյեկտներում, ինչպես նաև ստորաբաժանումներում տեսողական քարոզչության ձևավորմանը.

- եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգել ստորաբաժանումների համար առանձնացված քարոզչության տեխնիկական միջոցների և մշակութաժամանցային ունեցվածքի վիճակը, ապահովել դրանց ժամանակին նորոգումը.

- ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.

- ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.

 

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ

 

Հոդված 127. Առանձին գումարտակի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ կատարում է 90-92 հոդվածներից բխող իր պարտականությունները:

 

Հոդված 128. Առանձին գումարտակի հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը իրենց գործնական աշխատանքում ղեկավարվում են գնդի համապատասխան պաշտոնատար անձանց համար նախատեսված պարտականություններով:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 129. Գումարտակի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակում ներքին կանոնների պահպանման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և գումարտակի նյութական մյուս միջոցների վիճակի և անվթարության համար: Գումարտակի հրամանատարը ենթարկվում է գնդի հրամանատարին և գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 130. Գումարտակի հրամանատարը մարտական պատրաստության և գումարտակում զինվորական դաստիարակության հիմնական կազմակերպիչն է: Գումարտակի հրամանատարը պարտավոր է`

- ղեկավարել գումարտակի անձնակազմի մարտական պատրաստությունն ու դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գումարտակը.

- պարապմունքներ անցկացնել շտաբի և սպաների, ենթասպաների հետ, ինչպես նաև զորավարժություններ ու պարապմունքներ` գումարտակի ստորաբաժանումների հետ.

- ղեկավարել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.

- գիտենալ գումարտակի յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի (ավագի) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ.

- զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, զինծառայողների փոխադարձ վստահություն, ստորաբաժանումներում ստեղծել թերությունների, անտարբերության և պասիվության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ.

- իրականացնել զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը.

- ստուգել զինվորների, սերժանտների (ավագների) և ենթասպաների ընտրության ճշտությունը պաշտոնների նշանակելիս.

- պահպանել ներքին կարգուկանոնը, կազմակերպել գումարտակի տեղաբաշխման պահպանությունը և ստուգել գումարտակի անձնակազմի պահակային և ներքին ծառայությունների կատարումը.

- ամեն ամիս ամփոփել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին ու պահակային ծառայության վիճակը.

- գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ռազմամթերքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը.

- կանխել աղետները, վթարները, ռազմական տեխնիկայի վնասվածքները, միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հետ աշխատելիս պարապմունքների, հրաձգության զորավարժությունների և աշխատանքի անցկացման ժամանակ իրականացնել անվտանգության պահանջների կատարման հսկողությունը.

- հետևել գումարտակին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը, տարածքի` գումարտակին կցված հատվածը, այդ թվում նաև հավաքակայանի տարածքի համապատասխան հատվածը մաքուր վիճակում պահելուն.

- ղեկավարել գումարտակի տնտեսությունը:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 131. Գումարտակի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի մարտական պատրաստականության համար, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի, ուսումնանյութական բազան սարքին վիճակում պահելու, այն կատարելագործելու և ուսուցման ժամանակ ճիշտ գործադրելու, գումարտակում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, մարզական-զանգվածային աշխատանքների համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: Գումարտակի հրամանատարի բացակայության ժամանակ կատարում է նրա պարտականությունները:

 

Հոդված 132. Գումարտակի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակմանն ու կատարմանը.

- սպաների, ենթասպաների և սերժանտների հետ անցկացնել հրամանատարական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պարապմունքներ և զորավարժություններ անցկացնել գումարտակի ստորաբաժանումների հետ.

- ղեկավարել ֆիզպատրաստությունը և գումարտակում անցկացնել մարզական-զանգվածային միջոցառումներ.

- ստուգել գումարտակի ստորաբաժանումներում մարտական պատրաստության կազմակերպումն ու ընթացքը, վերացնել բացահայտված թերությունները և ստորաբաժանումներից հրամանատարներին օգնություն ցույց տալ պարապմունքների կազմակերպման և անցկացման ժամանակ.

- իմանալ գումարտակի յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

- կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ գումարտակում բարձրակարգ մասնագետների պատրաստման ուղղությամբ.

- սարքին վիճակում պահել գումարտակի ուսումնանյութական բազան և հետևել ուսուցման ժամանակ դրա ճիշտ օգտագործմանը.

- գումարտակի ստորաբաժանումներում վերահսկել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների պահպանմանն ու խնայողությանը, մասնակցել դրանց ստուգմանը.

- գումարտակի ստորաբաժանումներում պահպանել ներքին կարգուկանոնը, զինվորական կարգապահությունը, վերահսկել օրվա վերակարգի նախապատրաստությունն ու ծառայության կատարումը.

- ղեկավարել գյուտարարական և նորարարական աշխատանքները գումարտակում:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

 

Հոդված 133. Գումարտակի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի ստորաբաժանումների կառավարումը կազմակերպելու և պահելու, գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, մարտական պատրաստության պլանավորման և հաշվառման համար, իրեն անմիջականորեն ենթակա անձնակազմի նախապատրաստման, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հաշվառման վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին, նրա տեղակալը և գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

Գումարտակի հրամանատարի որոշումները կենսագործելիս` շտաբի պետն իրավունք ունի գումարտակի հրամանատարին ենթակա անձանց հրամաններ տալ նրա անունից: Տրված առավել կարևոր բոլոր հրամանների մասին շտաբի պետը զեկուցում է գումարտակի հրամանատարին:

 

Հոդված 134. Գումարտակի շտաբի պետը պարտավոր է`

- գնդի պլանի և գումարտակի հրամանատարի ցուցումների հիման վրա մշակել գումարտակի մարտական պատրաստության պլանը և վերահսկել նրա կատարումը.

- մշտապես գիտենալ գումարտակի ստորաբաժանումների դրությունն ու վիճակը, ինչպես նաև նրանց առջև դրված խնդիրների կատարման ընթացքը.

- պարապմունքներ անցկացնել գումարտակի անձնակազմի հետ և ղեկավարել իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների պատրաստությունը.

- գիտենալ գումարտակի սպաների, ենթասպաների և սերժանտների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

- ըստ ստորաբաժանումների բաշխել գումարտակ եկած համալրումը.

- գումարտակում կազմակերպել կապը, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստությունը, միջոցառումներ մշակել գաղտնի կառավարման համար և իրականացնել դրանց կատարման հսկողությունը.

- ապահովել գումարտակի հրամանատարի և ավագ պետերի հրամանները ժամանակին և ճիշտ տեղ հասցնելը և ստուգել դրանց կատարումը.

- կազմակերպել գումարտակում ներքին ծառայության կատարումը, ստուգել օրվա վերակարգ նշանակված անձանց պատրաստվածությունը և նրանց ծառայության կատարումը.

- անցկացնել մարտական պատրաստության ստուգումներ, իրականացնել իրավախախտումների հաշվառում.

- գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում մարդկանց առկայությունը.

- առնվազն երեք ամիսը մեկ անգամ ստորաբաժանումներում ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի հանդերձանքի, կանոնադրությունների, հանձնարարականների, ուսումնական ձեռնարկների և նյութական այլ միջոցների վիճակն ու հաշվառումը, իսկ անձնակազմի հաշվառումն անցկացնել ամեն ամիս: Վերահսկել անվտանգության պահանջների վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը և դրանց պահպանումը.

- ժամանակին նախապատրաստել և գնդի շտաբ ուղարկել անհրաժեշտ հաղորդումները:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ` ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

 

Հոդված 135. Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 136. Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլանների կատարման ապահովմանը.

- ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել և անցկացնել դաստիարակչական աշխատանք յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեկան հատկանիշների, կրթական մակարդակի, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաշվառումով, նրանց մեջ դաստիարակել Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ հավատարմություն, զինվոր-քաղաքացու բարձր մարտական և բարոյահոգեբանական հատկանիշներ.

- կազմակերպել և անցկացնել միջոցառումներ զինվորական կարգապահության ամրապնդման, իրավախախտումների կանխման, զինվորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.

- գիտենալ գումարտակի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի, սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, անձնակազմի տրամադրությունը, հասարակական կարծիքը, գործնական միջոցներ ձեռնարկել անձանց միջև հարաբերությունները կարգավորելու, ստորաբաժանումներում բացասական երևույթները կանխելու համար.

- կազմակերպել և անցկացնել անձնական օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվություն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների, բանակի և զինծառայողների կյանքի ու ուսումնամարտական գործունեության մասին, զինծառայողների հետ պարապմունքներ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պլանով.

- ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին սովորեցնել և մեթոդական օգնություն ցույց տալ ենթակաների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման հարցում.

- կազմակերպել հասարակական կազմակերպությունների հետ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխգործողությանը.

- ապահովել զինծառայողների նկատմամբ սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը, իմանալ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի կարիքներն ու պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել նրանց բողոքների ու դիմումների լուծման համար.

- հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա կուլտուրական ժամանցը, միջոցներ ձեռնարկել անձնակազմին պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը.

- գումարտակի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ) ԳԾՈՎ, (ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՏԵԽՆԻԿԸ)

 

Հոդված 137. Գումարտակի հրամանատարի սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, գումարտակի անձնակազմի տեխնիկական պատրաստության, իրեն ենթակա ստորաբաժանման մարտական պատրաստության, դաստիարակության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և հանդիսանում է գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետը:

Ավտոմոբիլային ծառայության պետը (գումարտակի տեխնիկը) իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 138. Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումն իր մասնագիտության գծով.

- ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանման պատրաստությունն ու գործունեությունը.

- գիտենալ անմիջականորեն ենթակա ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

- ղեկավարել գումարտակի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը.

- գումարտակի սպաների և ենթասպաների հետ անցկացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի վարման և ուսումնասիրման, տեխնիկական ապահովման կազմակերպման և իրականացման պարապմունքներ, ինչպես նաև տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցառումներ.

- կազմակերպել գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուսումնամարզական միջոցների ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը, ղեկավարել դրանց տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել տեխնիկական պատրաստության գծով ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղղությամբ.

- հետևել ստորաբաժանումներում վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործմանը.

- գիտենալ գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կարգն ու կանոնները, դրանց առկայությունը, տեխնիկական վիճակը և գտնվելու վայրը: Առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գումարտակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեխնիկական վիճակը և տարեկան առնվազն երկու անգամ ստորաբաժանումներում անցկացնել հրազենի պլանային ստուգում.

- աշխատանք կատարել հավաքակայանի տարածքի` գումարտակին կցված հատվածների և շինությունների բարեկարգման ու սարքավորման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել ներքին կարգուկանոնի պահպանումը.

- ղեկավարել սպառազինությունը և ռազմական տեխնիկան դաշտային պայմաններում օգտագործելու համար տարվող նախապատրաստական աշխատանքները, միջոցներ ձեռնարկել դրանք անցունակությունը բարձրացնող սարքերով ու միջոցներով ապահովելու համար.

- միջոցներ ձեռնարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված պատահարները կանխելու համար, վերլուծել դրանց պատճառները, դրանց և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել գումարտակի հրամանատարին.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման, սպասարկման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների իրականացումը հավաքակայանում.

- վարել սահմանված հաշվառումը և հաշվետվությունը:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ) ԳԾՈՎ

 

Հոդված 139. Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը խաղաղ ժամանակ պատասխանատու է թիկունքի ծառայությունների գծով գումարտակի նյութական և տեխնիկական մատակարարման, գումարտակին կցված զորանոցաբնակարանային ֆոնդի պահպանման, իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին, գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 140. Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտության գծով.

- ղեկավարել ենթակա ստորաբաժանումների գործունեությունն ու մարտական պատրաստությունը.

- գիտենալ իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

- գումարտակի թիկունքի ծառայությունների անձնակազմի հետ անցկացնել պարապմունքներ թիկունքային մատակարարման, վաշտերի հրամանատարների ու ավագների հետ վաշտային տնտեսության վարման վերաբերյալ.

- կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը նյութական միջոցներով, իսկ անձնակազմինը` լավորակ սննդով, վերահսկել նյութական միջոցների սահմանված չափաբաժինները յուրաքանչյուր զինծառայողի հասցնելը.

- առնվազն երեք ամիսը մեկ անգամ ստուգել ստորաբաժանումներում նյութական պաշարների առկայությունն ու վիճակը, մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների ունեցվածքի գույքագրմանը.

- վերահսկել վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործումը, անվտանգության պահանջների կատարումը դրանց օգտագործման ժամանակ.

- գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների տեխնիկայի առկայությունն ու վիճակը, ապահովել դրա ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը.

- մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում բոլոր տեսակի նյութական միջոցների, ջրի տեղափոխմանը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը, ինչպես նաև փոխադրումը իրականացնող ավտոմոբիլային փոխադրամիջոցների աշխատանքների պլանավորմանը.

- կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի ու շինությունների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ օգտագործումն ու ժամանակին նորոգումը, գումարտակին կցված տարածքում հետևել կարգապահության պահպանմանը, գումարտակի թիկունքի ծառայությունների օբյեկտներում ստուգել հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների կատարումը.

- մշտապես հոգ տանել գումարտակի անձնակազմի արտաքին տեսքի մասին, կազմակերպել հանդերձանքի ժամանակին ստացումը և դրա ճիշտ օգտագործումն ու նորոգումը.

- կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկումը.

- գումարտակի ստորաբաժանումներում տնտեսագիտական աշխատանքի գծով միջոցառումներ անցկացնել.

- նորոգման և տնտեսական աշխատանքների կատարման, ինչպես նաև թիկունքի տեխնիկայի սպասարկման և շահագործման ժամանակ ապահովել անվտանգության պահանջների կատարումը.

- գումարտակի ստորաբաժանումներում կազմակերպել և վերահսկել թիկունքի ծառայությունների գծով սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը:

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 141. Վաշտի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է վաշտի մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի վիճակի ու անվթարության, վաշտային տնտեսության վարման համար: Վաշտի հրամանատարը ենթարկվում է գումարտակի հրամանատարին և վաշտի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 142. Վաշտի հրամանատարը վաշտի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`

- վաշտում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել սպաների, ենթասպաների և սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ, մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը.

- ստուգել վաշտի զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների գիտելիքները և գործնական հմտությունները.

- գիտենալ վաշտի յուրաքանչյուր զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով.

- իրականացնել զինվորական ծառայության ընդունվելու կամ զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը.

- զինվորներին և սերժանտներին ներկայացնել հերթական զինվորական կոչմանը, արժանիներին առաջ քաշել զբաղեցնելու թափուր պաշտոնները.

- կազմակերպել անձնակազմի տեղավորումը, վաշտում պահպանել ներքին կարգուկանոնը և զինվորական կարգապահությունը, հետևել իրեն ենթակա զինծառայողների արտաքին տեսքին և կեցվածքին, զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.

- կազմակերպել վաշտից նշանակվող օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, վերահսկել նրանց ծառայության կատարումը.

- ամեն շաբաթ ամփոփել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը.

- պարբերաբար ներկա գտնվել վաշտի վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին).

- իմանալ վաշտի նյութական սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը և շահագործման կանոնները.

- կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ճիշտ շահագործումն ու նորոգումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) արդյունքները գրանցել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) գրքում (Հավելված 12).

- ամեն անգամ զորավարժությունների դուրս գալիս կամ պարապմունքներից առաջ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց առկայությունը զորավարժություններից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների և աշխատանքների անցկացման ժամանակ.

- վաշտի ժամկետային ծառայության զինծառայողներին ժամանակին ապահովել հասանելիք պարենավորումով, հոգ տանել ենթակաների կենցաղի մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել նրանց անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը.

- հետևել վաշտին հատկացված բոլոր շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, ինչպես նաև վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը.

- վարել վաշտի անձնակազմի հաշվառումը, միշտ ճշգրտորեն գիտենալ նրա քանակական կազմն ըստ ցուցակի, դեմքով և բացակայությամբ, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, ամիսը մեկ անգամ համեմատել վաշտի անձնակազմի և նյութական միջոցների հաշվառման տվյալները գնդի հաշվառման տվյալների հետ.

- ղեկավարել վաշտի տնտեսությունը:

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 143. Վաշտի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է վաշտի մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման, ուսումնանյութական բազայի, ուսումնական սարքերի ու սարքավորումների անվթար պահպանման, վաշտում բարձրակարգ մասնագետների պատրաստման, մարզազանգվածային աշխատանքի անցկացման համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և վաշտի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 144. Վաշտի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն և վարել վաշտի մարտական պատրաստության հաշվառումը.

- պարապմունքներ անցկացնել ենթասպաների, սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ.

- դասակների հրամանատարներին օգնել մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում և վերացնել բացահայտված թերությունները.

- անցկացնել մարզազանգվածային աշխատանք, կազմակերպել գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքը վաշտում.

- համակողմանիորեն ճանաչել վաշտի անձնակազմը, մշտապես անհատական աշխատանք անցկացնել ենթակաների զինվորական դաստիարակության ուղղությամբ.

- իմանալ վաշտի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան (նյութական մասը, շահագործման կանոնները) և անձամբ ստուգել դրանց առկայությունն ու մարտական պատրաստությունը.

- մասնակցել սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը, պարապմունքներին և զորավարժություններին, միջոցներ ձեռնարկել` կանխելու աղետները, վթարները և վնասվածքները.

- կազմակերպել և անձամբ միջոցառումներ անցկացնել վաշտում կարգային մասնագետների պատրաստման ուղղությամբ.

- կազմակերպել վաշտում եղած կամ նրան կցված ուսումնանյութական բազայի օբյեկտների ուսումնական ձեռնարկների, սարքերի, սարքավորումների ճիշտ օգտագործումն ու պահպանումը.

- վաշտում պահպանել զինվորական կարգապահությունը և ներքին կարգուկանոնը, մասնակցել օրվա վերակարգի նախապատրաստմանը և ստուգել նրա կողմից ծառայության կատարումը.

- հետևել վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.

- վաշտի անձնակազմից պահանջել զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանումը.

- պարբերաբար մասնակցել վաշտի վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին):

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

 

Հոդված 145. Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական և հասարակական-պետական պատրաստության վիճակի համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և վաշտի ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 146. Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել դաստիարակչական աշխատանք` յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունների, կրթական մակարդակի և կրոնի նկատմամբ վերաբերմունքի հաշվառումով, զինծառայողների մեջ ձևավորել հավատարմություն հայրենիքին, զինվորական պարտքին և զինվորական երդմանը, մարտական և բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ.

- միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.

- գիտենալ զինծառայողների առանձնահատկությունները, նրանց գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ անհատական աշխատանք տանել, միջոցներ ձեռնարկել զինվորական կոլեկտիվի համախմբման համար.

- իրականացնել անձնակազմի օպերատիվ տեղեկատվություն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների, ստորաբաժանման կյանքի ու մարտական գործունեության մասին, կազմակերպել և զինծառայողների հետ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պլաններով նախատեսված պարապմունքներ.

- իրականացնել ուսումնական գործընթացի, մարտական հերթապահության, պահակային և ներքին ծառայությունների բարոյահոգեբանական ապահովումը.

- գիտենալ անձնակազմի կարիքներն ու պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել զինծառայողների դիմումներն ու բողոքները լուծելու համար, կապ պահպանել նրա հարազատների ու մերձավորների հետ.

- հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա ժամանցը, վաշտի գեղարվեստական ինքնագործունեությունը, միջոցներ ձեռնարկել անձնակազմը պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, աշխատանք կազմակերպել հանգստի և տեղեկատվության սենյակում, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը.

- պարբերաբար ներկա լինել վաշտի վերկացին ու երեկոյան ստուգմանը.

- վաշտի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակի մասին:

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ) ԳԾՈՎ (ԱՎԱԳ ՏԵԽՆԻԿԸ, ՎԱՇՏԻ ՏԵԽՆԻԿԸ)

 

Հոդված 147. Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սարքինության, դրանց ճիշտ շահագործման և նորոգման, ինչպես նաև վաշտի անձնակազմի տեխնիկական պատրաստության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և վաշտի ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է: Վաշտի ավագ տեխնիկը (տեխնիկը) վաշտի սերժանտների և զինվորների ուղղակի պետն է:

 

Հոդված 148. Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է`

- մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն.

- կազմակերպել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկապես ճիշտ շահագործումը, միջոցներ ձեռնարկել դրանք կարգին և սարքին վիճակում պահելու համար.

- գիտենալ վաշտի մարտական և այլ մեքենաների մեխանիկ-վարորդների (վարորդների) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները և աշխատանք տանել նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ.

- վաշտի անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնել մեքենաների տեխնիկական նախապատրաստման, մեքենա վարելու հիմունքների և կանոնների մասին, իրականացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստում.

- իմանալ վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը, շահագործման և նորոգման կարգն ու կանոնները, նրանց առկայությունն ու տեխնիկական վիճակը, անձամբ ղեկավարել սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, որոնք կատարում են անձնակազմերի (վարորդների) ուժերով.

- ստուգել հավաքակայանից դուրս թողնվող մեքենաների վիճակը և շահագործման թույլտվություն տալ միայն տեխնիկապես սարքին մեքենաներին` այդ մասին հատուկ նշումներ անելով ուղեգրում.

- ամսական առնվազն մեկ անգամ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակը և անցկացնել հրազենի պլանաչափ ստուգում.

- մեքենաները նախապատրաստել վաշտի յուրաքանչյուր զինավարժության կամ պարապմունքի դուրս բերելու համար և վերադառնալուց հետո ստուգել դրանց վիճակը.

- միջոցներ ձեռնարկել պատահարները, սպառազինության, ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել վաշտի հրամանատարին, սպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիս անձնակազմին հասցնել անվտանգության պահանջները և հասնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, սպասարկման էվակուացման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը. 

- հետևել վառելանյութի, քսանյութերի, պահեստամասերի և տեխնիկական այլ գույքի խնայողական օգտագործմանը.

- ժամանակին ներկայացնել տեխնիկական անհրաժեշտ գույքի հայտերը, կազմակերպել այդ գույքի խնայողական օգտագործումը.

- ժամանակին ներկայացնել տեխնիկական անհրաժեշտ գույքի հայտերը, կազմակերպել այդ գույքի ճիշտ շահագործումը.

- վաշտի հավաքակայանում և մեքենաների վրա իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

- վարել սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը:

 

ԴԱՍԱԿԻ (ԽՄԲԻ) ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 149. Դասակի (խմբի) հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է դասակի (խմբի) մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, դասակում (խմբում) ներքին կարգուկանոնի պահպանման, դասակի (խմբի) սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի վիճակի ու անվթարության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և դասակի (խմբի) ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 150. Դասակի (խմբի) հրամանատարը անձամբ ուսուցանում և դաստիարակում է իր ենթականերին: Նա պարտավոր է`

- դասակի (խմբի) անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ և հետևել ջոկերի հրամանատարների (անձնախմբերի, ավագների) կողմից զինվորների ճիշտ ուսուցմանը, իսկ մարտական խնդիրների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել դասակը (խումբը).

- գիտենալ յուրաքանչյուր զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, զբաղմունքը մինչև զինվորական ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության գործում ունեցած հաջողություններն ու թերությունները, նրանց գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել զինվորական դաստիարակության ուղղությամբ, վարել դասակի (խմբի) անվանական ցուցակը.

- հոգ տանել ենթակաների կենցաղի մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, շաբաթական առնվազն մեկ անգամ դասակում (խմբում) ներկա լինել վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին).

- պահանջել և խստագույնս հետևել դասակի (խմբի) անձնակազմի զինվորական կարգապահությանը, նրա արտաքին տեսքին, զինվորական համազգեստ կրելու կանոնների կատարմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը և անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը.

- մշտապես կատարելագործել անձնակազմի ֆիզիկական մարզվածությունը, նրանց հետ կանոնավոր կերպով անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքներ.

- գիտենալ դասակում (խմբում) եղած սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց մարտական պատրաստությունը.

- հետևել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անգամ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը.

- ստուգել սպառազինության և ռազմական տեխնիկայի պատրաստ լինելը զորավարժության կամ պարապմունքին դուրս գալուն, ինչպես նաև դրանց առկայությունն ու վիճակը զորավարժություններից ու պարապմունքներից վերադառնալուց հետո.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ժամանակ և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում.

- ապահովել անվտանգության պահանջների կատարումը, պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ժամանակ և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում.

- կատարել դասակի (խմբի) մարտական պատրաստության հաշվառում և վաշտի հրամանատարին զեկուցել ենթակաների կարիքների, ինչպես նաև խրախուսանքների և նրանց տրված կարգապահական տույժերի մասին:

 

ՎԱՇՏԻ ԱՎԱԳԸ

 

Հոդված 151. Վաշտի ավագը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է զինվորների և սերժանտների ծառայության կատարման կանոնների պահպանման, վաշտում զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի, ինչպես նաև զինծառայողների` պահեստանոցում գտնվող անձնական իրերի անվնասության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին, վաշտի ներքին կարգուկանոնի անմիջական կազմակերպիչը և վաշտի սերժանտների ու զինվորների ուղղակի պետն է:

Վաշտի սպաների բացակայության ժամանակ վաշտի ավագը կատարում է վաշտի հրամանատարի պարտականությունները:

 

Հոդված 152. Վաշտի ավագը պարտավոր է`

- վաշտի մարտական պատրաստության պարապմունքներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև վաշտի հրամանատարի ցուցումով անցկացնել պարապմունքներ.

- իմանալ վաշտի զինվորների և սերժանտների ազգանունը, անունը, հայրանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը, անձնական հատկանիշները, ընտանեկան դրությունը և հոգ տանել նրանց մասին.

- հետևել վաշտի զինվորների և սերժանտների արտաքին տեսքին և կատարել նրանց համազգեստի և կոշկեղենի անհատական հարմարեցում.

- վաշտի զինվորներից և սերժանտներից պահանջել զինվորական կարգապահության, օրվա կանոնակարգի պահպանում, վաշտի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև կիրառված խրախուսանքների ու վաշտի զինվորների ու սերժանտների վրա դրված կարգապահական տույժերի մասին.

- դասակների միջև բաժանել ծառայության և աշխատանքի վերակարգերը, անձամբ վարել սերժանտների վերակարգերի հերթականությունը և ստուգել դասակներում դրանց կատարման ճշտությունը.

- ստուգել վաշտի օրվա վերակարգի հարմարեցումը, հերթափոխից առաջ զննել այն, հրահանգավորել և ժամանակին ուղարկել հերթափոխի, հետևել վաշտի հերթապահի և օրապահի կողմից իրենց պարտականությունների ճիշտ կատարմանը.

- վաշտի հրամանատարի թույլտվությամբ զինամթերք բաց թողնել պահակախմբերին և ատրճանակներ` զինվորներին ու սերժանտներին, իսկ հերթապահ ստորաբաժանմանը` գնդի հերթապահի հրամանով, հանձնումից հետո անձամբ ընդունել դրանք և ստուգել.

- ղեկավարել առավոտյան ստուգումը ու երեկոյան անվանականչը.

- վաշտը ճաշարան տանել կամ ուղարկել դասակների հրամանատարների տեղակալներից մեկի հրամանատարությամբ.

- ստուգել և ուղարկել վաշտի նշանակած յուրաքանչյուր անձնախումբը, վաշտը անձամբ տանել բաղնիք և բուժքննության.

- վաշտի հերթապահի միջոցով գնդի հերթապահին տեղեկություններ ներկայացնել երեկոյան անվանականչից բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայությունների դեպքում հայտնել բացակայողների ազգանունը, անունը և հայրանունը.

- գնդի տեղաբաշխման վայրից արձակելու դեպքում ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին տալ արձակման գրություններ և ստուգել` սահմանված ձևով են հագնված, արդյոք, և գիտե´ն հասարակական վայրերում վարվեցողության կանոններ.

- ժամանակին ստանալ և ստուգել վաշտ մտնող զենքն ու այլ նյութական միջոցները, խստագույնս հետևել դրանց առկայությանը, ճիշտ շահագործմանը և ժամանակին ուղարկել նորոգման, հոգ տանել վաշտի անձնակազմի իրային նորոգման համար անհրաժեշտ նյութերի առկայության մասին.

- կազմակերպել ստացող զինվորական կանոնադրությունների, հրահանգների և ուսումնական ձեռնարկների պահպանումն ու հաշվառումը, ինչպես նաև դրանց հանձնումը ժամանակավոր օգտագործման, վերահսկել դրանց պահպանումը դասակներում.

- կազմակերպել մաքրության ու կարգուկանոնի պահպանումը վաշտի բոլոր շինություններում, ինչպես նաև վաշտին կցված տարածքում ձեռնարկել դրանց ընդհանուր մաքրման աշխատանքները.

- հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, կրակմարիչ միջոցների ճիշտ պահպանմանը և վաշտի զինվորների ու սերժանտների կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.

- վաշտի հերթապահի միջոցով վերակարգում գտնվող կամ ծառայողական գործերով բացակայող անձանց համար սնունդ պահելու համար հայտ ներկայացնել ճաշարանի հերթապահին.

- նախքան կալանավորված զինվորներին ու սերժանտներին կալանատուն ուղարկելը վերգրությամբ (գույքացուցակով) ընդունել նրանց դրամն ու թանկարժեք իրերը և ընդունվածը ներկայացնել վաշտի հրամանատարին.

- վաշտի ռազմական գույքի հաշվառման գրքերը ամեն ամիս համեմատել գնդի ծառայությունների հաշվառման գրքերի հետ և իրականացնել սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը.

- վաշտի տեղաբաշխման վայրից բացակայելիս` իր փոխարեն թողնել դասակների հրամանատարների տեղակալներից մեկին:

 

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 153. Դասակի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է անձնակազմի ուսուցման, դաստիարակության և զինվորական կարգապահության, դասակում ներքին կարգուկանոնի պահպանման, անձնակազմի ծառայության կատարման, յուրաքանչյուր զինվորի ու սերժանտի արտաքին տեսքի համար: Նա ենթարկվում է դասակի հրամանատարին, իսկ ներքին կարգուկանոնի պահպանման հարցերով` նաև վաշտի ավագին և դասակի զինվորների ու սերժանտների ուղղակի պետն է:

 

Հոդված 154. Դասակի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- ուսուցանել, դաստիարակել դասակի զինվորներին ու սերժանտներին և դասակի հրամանատարի ցուցումով նրանց հետ անձամբ պարապմունքներ անցկացնել.

- գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև զինծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները.

- հետևել ջոկերի հրամանատարների և դասակի ողջ անձնակազմի զինվորական կարգապահության պահպանմանը և ծառայության կատարմանը.

- սարքին վիճակում պահել դասակի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները, հետևել դրանց առկայությանը.

- հոգ տանել շինության մաքրության մասին, ջոկերի միջև սահմանել մաքրման հաջորդականությունը, ենթականերից պահանջել անկողնու, սպիտակեղենի, համազգեստի և կոշկեղենի անվնաս ու կոկիկ պահպանում, հետևել դասակի անձնակազմի կողմից իրեղենի ընթացիկ նորոգման ժամանակին կատարմանը.

- անցկացնել դասակի անձնակազմի առավոտյան ստուգում.

- հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ.

- զինվորներին ծառայության և աշխատանքի վերակարգ նշանակել, վարել վաշտի վերակարգերի թերթիկները (Հավելված 12), կատարել վաշտի անձնակազմի, սպառազինության և նյութական այլ միջոցների հաշվառում.

- մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները.

- վաշտի հրամանատարին զեկուցել ենթակաների բոլոր խնդրանքների, խրախուսանքների, զանցանքների և կարգապահական տույժերի մասին.

- դասակի հրամանատարի կամ վաշտի ավագի փոխարեն մնալիս` կատարել նրանց պարտականությունները:

 

ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 155. Ջոկի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկի մարտական առաջադրանքների հաջող կատարման, ենթակաների ուսուցման, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, շարային կեցվածքի և արտաքին տեսքի, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի, սարքավորման, համազգեստի և կոշկեղենի ճիշտ օգտագործման ու խնայողության, դրանք կարգին և անվնաս, սարքին վիճակում պահելու համար: Նա ենթարկվում է դասակի հրամանատարին և նրա տեղակալին (խմբի ավագին) և ջոկի անձնակազմի անմիջական պետն է:

 

Հոդված 156. Ջոկի հրամանատարը պարտավոր է`

- ուսուցանել և դաստիարակել ջոկի զինվորներին, իսկ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը.

- գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները.

- հետևել օրվա կանոնակարգի կատարմանը, ջոկում մաքրության և ներքին կարգուկանոնի պահպանմանը, ենթականերից պահանջել զինվորական կարգապահության պահպանում.

- գիտենալ ջոկի նյութական մասը, զենքի, ռազմական տեխնիկայի և այլ գույքի շահագործման կանոնները, հետևել դրանց առկայությանը, ամեն օր ստուգել և սարքին վիճակում պահել դրանք.

- ծառայության նկատմամբ սեր, զենքի և ռազմական տեխնիկայի նկատմամբ հոգատար վերաբերմունք պատվաստել ջոկի զինվորի մեջ.

- ջոկի զինվորի մեջ շարային կեցվածք և զինվորական տոկունություն մշակել.

- հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել ենթակաների համազգեստի և կոշիկների սարքինությանն ու կոկիկությանը, հանդերձանքի ճիշտ հարմարեցմանը, նրանց անձնական հիգիենայի պահպանմանը և հագուստ կրելուն.

- ամեն օր հետևել կոշիկների, համազգեստի մաքրությանը, ոտքի փաթաթանների, գուլպաների չորացմանը, ինչպես նաև կոշիկների և համազգեստի ժամանակին նորոգմանը.

- հետևել, որպեսզի հրաձգությունից կամ պարապմունքներից հետո ենթակաները չունենան մարտական և ոչ մարտական փամփուշտներ, նռնակներ, բռնկիչներ և պայթուցիկ նյութեր.

- դասակի հրամանատարի տեղակալին (անձնախմբի ավագին) զեկուցել բոլոր հիվանդների, ենթակաների բողոքների ու դիմումների, նրանց զանցանքների և դրանց կանխման նպատակով ձեռնարկված միջոցների, խրախուսանքների և կարգապահական տույժերի, ինչպես նաև սպառազինության և այլ նյութական միջոցների կորստի կամ անսարքության դեպքերի մասին.

- մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները:

 

ԶԻՆՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 157. Զինվորը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման, ինչպես նաև իր զենքի, իրեն վստահված տեխնիկայի սարքին վիճակի և իրեն տրված գույքի պահպանման համար: Նա ենթարկվում է ջոկի հրամանատարին:

 

Հոդված 158. Զինվորը պարտավոր է`

- խորապես գիտակցել զինված ուժերի մարտիկի պարտքը, օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները, տիրապետել այն ամենին, ինչ ուսուցանում են հրամանատարները (պետերը).

- իմանալ իր անմիջական և ուղղակի պետերի պաշտոնները, զինվորական կոչումները և ազգանունները.

- հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել զինվորական քաղաքավարություն, վարքի և զինվորական ողջույնի կանոնները.

- ամեն օր կոփել իրեն, կատարելագործել իր ֆիզիկական պատրաստականությունը, պահպանել անձնական հիգիենայի կանոնները.

- մշտապես լինել համազգեստով և կոկիկ հագնված.

- կատարելապես տիրապետել և ունենալ մշտապես սարքին, մաքրված և մարտի պատրաստ զենք և ռազմական տեխնիկա.

- հոգատար կրել հագուստն ու կոշիկները, ժամանակին և խնամքով նորոգել դրանք, ամեն օր մաքրել ու պահել սահմանված տեղերում.

- զենքն օգտագործելիս, տեխնիկայի հետ աշխատելիս և այլ դեպքերում խստագույնս կատարել անվտանգության, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները.

- գնդի տեղաբաշխման սահմաններում իր դիրքից հեռանալու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստանալ ջոկի հրամանատարից, իսկ վերադառնալիս զեկուցել նրան ժամանելու մասին.

- գնդի տեղաբաշխման սահմաններից դուրս գտնվելու դեպքում իրեն պահել պատվով ու արժանապատվությամբ, թույլ չտալ հասարակական կարգի խախտում և անվայել արարքներ քաղաքացիական բնակչության հանդեպ:

 

Հոդված 159. Զինվորական ծառայության պարտականությունների օրինակելի կատարման, մարտական պատրաստության հաջողությունների, զինվորական օրինակելի կարգապահության համար զինվորին կարող է շնորհվել եֆրեյտորի զինվորական կոչում:

Եֆրեյտորը պարտավոր է ջոկի հրամանատարին օգնել զինվորների ուսուցման և դաստիարակության գործում:

 

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 160. Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խստիվ պահպանումն է: Ներքին կարգուկանոնի հասնում են`

- բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով.

- գիտակցված և ճշգրիտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնադրություններով.

- նպատակաուղղված դաստիարակչական աշխատանքով, հրամանատարների բարձր պահանջկոտության և ենթակաների ու նրանց առողջության պահպանման նկատմամբ մշտական հոգատարության զուգակցումով.

- մարտական պատրաստության հստակ կազմակերպումով.

- օրվա վերակարգի մարտական հերթապահության և ծառայության օրինակելի կատարումով.

- օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարումով.

- սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) կանոնների կատարումով, զինծառայողների տեղավորման վայրերում նրանց ամենօրյա գործունեության, կյանքի ու կենցաղի` զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծումով.

- հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանումով, ինչպես նաև զորամասի գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության միջոցների ձեռնարկումով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 161. Գնդի բոլոր շինություններն ու ամբողջ տարածքը ստորաբաժանումների միջև բաժանում է գնդի հրամանատարը: Զինվորական ավանում մի քանի զորամասերի տեղակայման ժամանակ շինություններն ու տարածքը նրանց միջև բաշխում է կայազորի պետը:

 

Հոդված 162. Ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում:

 

Հոդված 163. Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները.

ննջարան,

տեղեկատվության և ժամանցի սենյակ,

վաշտի գրասենյակ,

զենքի պահասենյակ,

զենքի մաքրման սենյակ (տեղ),

մարզական պարապմունքների սենյակ (տեղ),

կենցաղային սպասարկման սենյակ,

վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահասենյակ,

ծխելու և կոշիկները մաքրելու սենյակ (տեղ),

համազգեստի և կոշիկների չորանոց,

լվացվելու սենյակ,

ջրցողարան (ցնցուղարան),

զուգարան:

Յուրաքանչյուր գումարտակի տեղաբաշխման վայրում սենյակներ են առանձնացվում գումարտակի հրամանատարի, նրա տեղակալների, գումարտակի շտաբի, պարապմունքներին նախապատրաստվելու, սպաների խորհրդակցությունների ու հանգստի համար:

Պարապմունքների անցկացման համար գնդում կահավորվում են անհրաժեշտ դասարաններ:

Յուրաքանչյուր զորամասում կահավորվում է մարտական փառքի (պատմության) սենյակ և ստեղծվում զորամասի պատվո գիրք:

 

Հոդված 164. Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են. ընտանիքավորները` գնդից դուրս, իսկ ընտանիք չունեցողները կարող են տեղավորվել գնդի տարածքում գտնվող հանրակացարաններում կամ զորանոցի առանձին շինություններում (սենյակներում):

Ընդ որում, կին զինծառայողների համար կահավորվում են առանձին հանրակացարաններ (ննջարաններ), պարապմունքներին նախապատրաստվելու, խորհրդակցությունների և ժամանցի սենյակներ, ցնցուղարան և կանանց զուգարաններ, ինչպես նաև կենցաղ-սպասարկման և լվացվելու առանձին սենյակներ:

Վաշտի ավագի պաշտոն զբաղեցնող ենթասպաները (ընտանիքներով կամ առանց դրանց) տեղավորվում են գնդի տարածքում կամ դրա մերձակայքում:

Վաշտի ավագի կամ այլ պաշտոններ զբաղեցնող ժամկետային ծառայության սերժանտները, որոնք ենթակա են որպես սպաներ կամ ենթասպաներ համալրելու, կարող են տեղավորվել զորանոցի առանձին շինությունում:

 

Հոդված 165. Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու ունկնդիրները, որոնք սպայական կոչում չունեն, տեղավորվում են հանրակացարաններում, ընտանիքավորներին տրամադրվում են ընտանեկան հանրակացարաններ: Ընտանեկան հանրակացարանների բացակայության դեպքում ռազմական ուսումնական հաստատության պետը 3-րդ և բարձր կուրսերի ընտանիքավոր ուսանողներին և ունկնդիրներին, որոնք սպայական կոչում չունեն, կարող է տալ ռազմաուսումնական հաստատության տեղաբաշխման սահմաններից դուրս բնակվելու իրավունք: Ժամկետային ծառայության զինծառայողների թվից ուսանողները և ունկնդիրները ժամկետային ծառայության մեջ գտնվելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տեղավորվում են հանրակացարանում: Ենթասպաներից և մինչև ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելը ժամկետային ծառայությունն ավարտած ուսանողները ուսուցման առաջին տարվանից ազատվում են զորանոցներում տեղավորվելուց:

 

Հոդված 166. Արգելվում է որևիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական և պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում և անգարներում, ինչպես նաև զորանոցի ուսումնական և ծառայողական շինություններում:

 

Հոդված 167. Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ3 օդի հաշվարկով:

Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի ցուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես են տեղադրվում, որ յուրաքանչյուրի կողքին կամ իրար մոտեցված 2 մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամերձ պահարանիկի համար, իսկ մահճակալների շարքերի միջև մնա անձնակազմի շարքի համար անհրաժեշտ հեռավորություն, մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով: Մահճակալները պետք է միատեսակ (ստանդարտ) լինեն:

Ննջարաններում մահճակալների տեղադրումը կարող է կատարվել մեկ կամ երկու հարկաշարքով:

Կին զինծառայողները տեղավորվում են մեկ հարկաշարքով մահճակալների դասավորություն ունեցող ննջարաններում:

 

Հոդված 168. Սխրագործության համար վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվոր գրանցված զինծառայողների համար ննջարանի երևացող տեղում տեղավորվում է մահճակալ, որը մշտապես պահվում է օրինակելի վիճակում: Նրա սնարին շրջանակով կախում են հերոսի դիմանկարը և նրա գործած սխրանքի նկարագրությունը:

 

Հոդված 169. Մահճակալամերձ պահարանիկի մեջ պահվում են. վերին դարակում` արդուզարդի և սափրվելու պարագաները, թաշկինակները, ենթաօձիքները և անձնական օգտագործման այլ մանր առարկաներ, միջին բաժնում` գրքեր, կանոնադրություններ, լուսանկարչական ալբոմներ, տետրեր և այլ գրենական պիտույքներ, ստորինում` հագուստի և կոշիկների մաքրման պարագաներ:

 

Հոդված 170. Զորանոցներում տեղավորված զինծառայողների անկողինները պետք է բաղկացած լինեն ծածկոցներից, սավաններից, բարձի երեսներով բարձերից, ներքնակներից և սփռոցներից: Անկողինները պետք է միակերպ հարդարված լինեն: Արգելվում է համազգեստով (բացի վաշտի հերթապահից` հանգստի ժամանակ) և կոշիկներով պառկել կամ նստել անկողնուն:

 

Հոդված 171. Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պողպատյա սաղավարտները, անհատական պաշտպանության միջոցները, բացի հակագազերից` նաև դարակաշարերում, տոնական հագուստը, մարզական համազգեստը և աշխատանքային հագուստը` վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահման համար նախատեսված պահեստանոցի պահարաններում: Հատուկ հագուստը պահվում է ննջարաններից դուրս գտնվող պահարաններում: Համապատասխան պայմանների առկայության դեպքում զինվորական և մարզական համազգեստներն ու զինծառայողների անձնական իրերը կարող են պահվել անհատական պահարաններում (պահախորշերում):

Բոլոր տեսակի համազգեստները պահելու համար նախատեսված տեղերը կցվում են զինծառայողներին և դրանց վրա ամրացվում է ցուցակ` զինծառայողի զինվորական կոչման, ազգանվան և անվան ու հայրանվան սկզբնատառերի նշումով:

Ամենօրյա հագուստն ու կաշեգոտին քնից առաջ կոկիկ և միակերպ դասավորում են աթոռակի վրա, կոշիկները դրվում են մահճակալի մոտ, ոտքերի կողմում: Հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը անհրաժեշտության դեպքում չորացնում են չորանոցներում:

Լուսանկարչական ապարատների, ձայնագրիչների, ռադիոընդունիչների և կենցաղային ռադիոէլեկտրոնային այլ տեխնիկայի պահպանման համար և օգտագործման կարգը զինծառայողների համար սահմանում է գնդի հրամանատարը:

 

Հոդված 172. Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակարգի հսկողության տակ: Սենյակի դուռը պետք է սարքավորված լինի դեպի գնդի հերթապահի սենյակը դուրս բերվող էլեկտրոնաձայնային ազդանշանիչով, ունենա դիտապատուհան և բացվի դեպի շինության ներսը (դեպի կողք տեղաշարժվի): Թույլատրվում է դռան կամ շարժական պատի վրա մետաղյա ճաղացանցի տեղադրում:

Գնդացիրները, ավտոմատները, կարաբինները, հրացանները և ձեռքի նռնականետերը, ինչպես նաև գնդացիրների պահեստային փողերը, սվին-դանակները (սվինները) պետք է պահվեն զինադարակում, իսկ ատրճանակներն ու զինամթերքը` կողպեքով փակվող մետաղյա պահարաններում կամ դարակներում: Զինադարակներում են պահվում նաև հետևակային բահերը և հակագազերը:

Ուսումնական զենքը և ուսումնական զինամթերքը պետք է պահվի մարտականից անջատ: Առանձին զինադարակի բացակայության դեպքում թույլատրվում է ուսումնական զենքը պահել մարտականի հետ և այդ դեպքում նրա պահպանման տեղը նշվում է «Ուսումնական զենք» մակագրությամբ: Ուսումնական ատրճանակները պահվում են ստորաբաժանման զինվորների ու սերժանտների մարտական ատրճանակների հետ: Մարզական զենքը պահվում է մարտականի հետ: Դրա պահպանման տեղը նշվում է «Մարզական զենք» մակագրությամբ: Ուսումնական և մարզական զենքի և ուսումնական փամփուշտների բացթողումը կատարվում է նույն կերպ, ինչպես և մարտական զենքինն ու զինամթերքինը:

 

Հոդված 173. Զինադարակները, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինադարակներն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի ավագի կնիքով:

Պահասենյակի և զինադարակի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի ավագի մոտ:

Բանալիները ուրիշին տալն արգելվում է:

Պահեստային բանալիները պահվում են վաշտի հրամանատարի մոտ կնքված դարակում` կողպեքով փակվող մետաղյա պահարանում (արկղիկում):

Զենքի պահասենյակում փակցվում է գույքացուցակը, որի մեջ գրանցվում է այդ սենյակում պահվող զինադարակների, պահարանների, դարակների, վահանակների, պլակատների և այլ գույքի քանակը: Գույքացուցակում նշվում են պահարանների համարները, թե ինչ կնիքով են դրանք կնքված: Յուրաքանչյուր զինադարակի (պահարանի, դարակի) վրա ամրացվում են ցուցանակներ, որոնց վրա նշվում է ստորաբաժանումը, պատասխանատու անձի զինվորական կոչումը, ազգանունը, ինչպես նաև անվան ու հայրանվան սկզբնատառերը, զինադարակի (պահարանի, դարակի) համարը, կնիքի համարը:

Զինադարակում (պահարանում, դարակում) կախվում է գույքացուցակը, որի մեջ նշվում է պահվող զենքի և գույքի տեսակն ու քանակը: Զինադարակում (պահարանի) յուրաքանչյուր բնի վրա պետք է ամրացված լինի ցուցանակ, որի վրա նշվի զենքի տեսակն ու համարը, հակագազի համարը, ինչպես նաև այն անձի զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որին դրանք կցված են:

Զենքի պահասենյակներում և զինադարակներում, պահարաններում, արկղերում գտնվող բոլոր գույքացուցակները ստորագրում է վաշտի հրամանատարը:

Նույն պահասենյակում մի քանի ստորաբաժանումների զենքի ու զինամթերքի պահպանման դեպքում զենքի և զինամթերքի տեղավորման, պահպանման և անվնասության համար գնդի հրամանատարության հրամանով պատասխանատու անձ է նշանակվում, որը և ստորագրում է պահասենյակի գույքացուցակը:

 

Հոդված 174. Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վաշտերից մեկին (գնդի շտաբին) կից: Ընդ որում` փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա առանձին արկղում, որը կնքում է դրանց պահպանման համար պատասխանատու սպան (ենթասպան): Օրվա վերակարգում ծառայություններ անցկացնելու համար սպաներին ու ենթասպաներին տրվող փամփուշտները կարող են պահել արկղից դուրս: Պահարանը կնքվում է վաշտի ավագի (գնդի հերթապահի) կողմից: Սպաների ու ենթասպաների անձնական զենքի, փամփուշտների և ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափերի պահարանը, որը գտնվում է գնդի հերթապահի մոտ, դրանցից բացի պետք է ունենա պահակապետի մոտ ծածուկ դուրս բերվող էլեկտրաձայնային ազդանշանիչ:

Գումարտակի սպաների ու ենթասպաների անձնական զենքի պահարանները և փամփուշտների արկղերը պահվում են վաշտի ավագի մոտ, իսկ գնդի շտաբի և ծառայությունների սպաներինն ու ենթասպաներինը` գնդի հերթապահի մոտ:

Ատրճանակների և դրանց փամփուշտների բացթողման և ընդունման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

 

Հոդված 175. Պահակախմբերի ու հերթապահ ստորաբաժանումների փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա կնքված արկղերում, որոնց բանալիներն ու կնիքները պահվում են վաշտի ավագի մոտ: Յուրաքանչյուր արկղում պետք է լինի ռազմամթերքի առկայության ցուցակը: Փամփուշտների արկղերը տեղավորվում են զինադարակների մոտակայքում:

Այն զորամասերում, որտեղ պահակները նշանակվում են մի քանի ստորաբաժանումներից, նրանց փամփուշտները թույլատրվում է պահել զորամասի հերթապահի սենյակում:

Այն ստորաբաժանումները, որոնք ծառայությունը կատարում են արտահաստիքային զենքով, զինամթերքը պահեստից ստանում են զենքի հետ միաժամանակ:

 

Հոդված 176. Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան` հոսող ջրով, ինչպես նաև տեղ է սարքավորվում զինծառայողների կողմից իրենց համազգեստը լվանալու համար:

Արհեստանոցներին, հավաքակայաններին, հացի փռերին, հացի գործարաններին ու ճաշարաններին կից, դրանից բացի, պետք է սարքավորված լինի տաք ցնցուղարան, իսկ լվացարանների մոտ պետք է օճառ և սրբիչ լինի:

Ջրմուղի բացակայության դեպքում ջեռուցվող շինություններում տեղադրվում են լցովի ջրով լվացարաններ, դրանցում պետք է շուրջօրյա ջուր լինի:

Լվացարանների մեջ թարմ ջուր լցնելուց առաջ դրանցում մնացած ջուրը դատարկվում է, լվացարանները մաքրվում են, կեղտոտ ջուրը տարվում և դատարկվում դրա համար հատկացված տեղերը:

Համազգեստը և կոշկեղենը մաքրելու համար առանձնացվում են հատուկ սարքավորված շինություններ կամ տեղեր:

Ծխել թույլատրվում է հատուկ առանձնացված և սարքավորված սենյակներում կամ տեղերում (Հավելված 16):

 

Հոդված 177. Կենցաղային սպասարկման սենյակը կահավորվում է զինվորական համազգեստի արդուկման սեղաններով, համազգեստն ու հագուստը կրելու, զինծառայողների արտաքին տեսքի, ինչպես նաև հագուստի ու կոշկեղենի նորոգման կանոնները պատկերող պլակատներով, հայելիներով, աթոռներով (աթոռակներով), արդուկների անհրաժեշտ քանակով, ինչպես նաև մազերը կտրելու և համազգեստի ու կոշկեղենի ընթացիկ նորոգումը կատարելու համար անհրաժեշտ գործիքներով ու գույքով, օժանդակ և վերանորոգման նյութերով:

 

Հոդված 178. Համալրման եկած անձնակազմը 14 օրով տեղավորվում է առանձին շինությունում: Այդ ընթացքում կատարվում է խորացված բուժքննություն, պատվաստումներ են արվում, կատարվում է համազգեստի և կոշկեղենի` սահմանված չափերով բացթողում և հարմարեցում, համալրման անձնակազմի հետ պարապմունքներ են անցկացվում նրանց նախնական ռազմական պատրաստության կատարելագործման ուղղությամբ:

 

Հոդված 179. Համալրման եկած անձնակազմից գնդի հրամանով կազմավորվում է առանձին ստորաբաժանում, նշանակվում են ստորաբաժանման հրամանատար, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրա տեղակալ, որպես հրամանատարներ ու հրահանգիչներ առանձնացվում են անհրաժեշտ թվով սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ:

Եկած համալրման բաշխումն ըստ գնդի ստորաբաժանումների կատարվում է 6-րդ հավելվածում նշված կարգով:

 

Հոդված 180. Զորակոչվածների անձնական իրերը (սպիտակեղեն, կոշկեղեն, հագուստ) կարգի են բերվում, փաթեթավորվում և զինվորական անվճար ծանրոցներով զորամասի կողմից ուղարկվում են նշված հասցեներով:

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԵԼԸ

 

Հոդված 181. Գնդի բոլոր շենքերն ու շինությունները, ինչպես նաև տարածքը պետք է միշտ պահվեն մաքուր և կարգին վիճակում: Յուրաքանչյուր պետ պատասխանատու է շենքի և շինության ճիշտ օգտագործման, կահույքի, գույքի և սարքավորման անվնասության համար:

Շենքերի ճակատամասերը և բոլոր շինությունները պետք է ներկված լինեն սահմանված գույնի ներկերով:

 

Հոդված 182. Բոլոր սենյակները պետք է համարակալված լինեն: Յուրաքանչյուր սենյակի մուտքի դռան արտաքին կողմից կախվում է փոքրիկ ցուցատախտակ, որի վրա նշվում է սենյակի համարը և դրա նշանակումը (Հավելված 13), իսկ յուրաքանչյուր սենյակի ներսում` դրանում գտնվող գույքի (կահույք, գույք և սարքավորում) ցուցակը:

Շինության կահույքը, գույքն ու սարքավորումը համալրվում են հետևի կողմից և գրանցվում հաշվառման գրքում, որը պահվում է վաշտի գրասենյակում:

 

Հոդված 183. Կահույքը, գույքն ու սարքավորումը պատկանում են շինությանը և առանց գնդի հրամանատարի թույլտվության չեն կարող տեղափոխվել մի ստորաբաժանումից մյուսը: Արգելվում է կահույքը, գույքն ու սարքավորումը տեղափոխել զինվորական մի ավանից մյուսը:

 

Հոդված 184. Անձնակազմի ննջարաններում և այլ շինություններում` երևացող տեղերում, հատուկ վահանակների վրա պետք է փակցված լինեն օրվա կանոնակարգը, պարապմունքների դասացուցակը, վերակարգի թերթիկները, անձնակազմի տեղավորման սխեման, գույքացուցակը և անհրաժեշտ հրահանգները:

 

Հոդված 185. Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս զննական պիտույքները` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինություններում ունենալ ծաղիկներ, իսկ պատուհաններին կախել միագույն կոկիկ վարագույրներ:

Ներքին հարկերի` քաղաքի փողոցներին հարող պատուհանների ապակիները անհրաժեշտ բարձրությամբ պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով:

Անհրաժեշտության դեպքում զորանոցի մուտքի դռներին կարող են դիտանցքեր լինեն, դրանք կարող են սարքավորվել հուսալի ներքին փականքներով և ստորաբաժանման օրապահի մոտ դուրս եկող ձայնային ազդանշանիչներով: Այդ դեպքում ներքևի հարկերի պատուհաններին տեղադրվում են ճաղացանցեր:

 

Հոդված 186. Ջրմուղ ունեցող որոշ շինություններում սարքավորվում են ջուր խմելու ցայտաղբյուրներ, իսկ ջրմուղ չունեցող շինություններում տեղադրվում են խմելու ջրի` կողպեքով փակված ջուր պահելու ամաններ, որոնց վրա նույնպես դրվում են ծորակներ: Բաքերը վաշտի հերթապահի հսկողությամբ ամեն օր ողողվում և լցվում են խմելու թարմ ջրով, շաբաթը մեկ անգամ կատարվում է նրանց ախտահանումը: Բաքի բանալիները պահվում են վաշտի հերթապահի մոտ:

 

Հոդված 187. Բոլոր շինություններն ապահովվում են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով, իսկ ծխարանները` ջրով (վարակազերծիչ հեղուկներով) լցված աղբամաններով:

Շինության մուտքի դռների մոտ պետք է լինեն կոշիկները ցեխից մաքրելու հարմարանքներ և աղբամաններ:

 

Հոդված 188. Շինությունների ամենօրյա մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում:

Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոզանակով կամ խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարանների, արկղերի և այլ իրերի փոշին, դեռ երեկոյան ջուր լցնել լվացարանները, մաքրել աղբամանները, իսկ ծխարաններում, դրանից բացի, դրանց մեջ ջուր կամ վարակազերծիչ հեղուկ լցնել:

Պարապմունքների ժամանակ շինությունների մաքրության պահպանման պարտականությունը դրվում է օրապահների վրա:

 

Հոդված 189. Բացի ամենօրյա մաքրումից, շաբաթը մեկ անգամ կատարվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրում` վաշտի ավագի ղեկավարությամբ: Ընդհանուր մաքրման ժամանակ անկողնային պարագաները (ներքնակներ, բարձեր, վերմակներ) կարող են բակ դուրս բերվել` օդափոխման: Հատակին մոմածեփ (մաստիկա) քսելուց առաջ այն պետք է մաքրվի կեղտից և սրբվի խոնավ լաթով:

Եթե հատակին մոմածեփ չի քսվում, ապա հատակը լվացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ: Ջուր լցնելով` հատակը լվանալն արգելվում է:

 

Հոդված 190. Ճաշարաններում, հացաթխման փռերում ու հացի գործարաններում ամբողջ սարքավորումն ու գույքը դրոշմադրվում է (պիտակավորվում), պահվում է մաքուր և կարգին վիճակում, սնունդ ընդունելուց հետո ամանեղենը պետք է մաքրվի, լվացվի, եռման ջրով ողողվի, չորացվի և պահվի դարակաշարերի (ստելլաժների) վրա կամ հատուկ պահարաններում:

 

Հոդված 191. Ձմռանը շենքի ձեղնապատուհանները պետք է փակվեն, իսկ ամռանը բացվեն, բայց պահպանվեն հատուկ ճաղացանցերով:

Ձեղնահարկերում, ծխնելույզներից հեռու ընկած տեղերում կարող են պահվել միայն ձմեռային ապակեկալները:

Ձեղնահարկերը, չորանոցները, նկուղները կողպվում են, դրանց բանալիները պահվում են այն ստորաբաժանման հերթապահի մոտ, որի վրա դրված է այդ շինությունների պահպանության պատասխանատվությունը:

 

Հոդված 192. Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունենան լավ օդափոխություն և լուսավորություն: Դրանց մաքրման համար անհրաժեշտ գույքը պահվում է հատկացված հատուկ տեղում (պահարանում): Զուգարանների մաքրության հսկողությունը դրվում է ստորաբաժանումների ավագների, վաշտերի սանհրահանգիչների և հերթապահների վրա:

Դրսի զուգարանները սարքվում են բնակելի շինություններից, ճաշարաններից, հացի փռերից (հացի գործարաններից) 40-100 մ հեռավորության վրա` անջրանցիկ հորերով: Հյուսիսային շրջաններում այդ հեռավորությունն ավելի փոքր կարող է լինել: Դրսի զուգարան տանող արահետները գիշերային ժամերին լուսավորվում են: Անհրաժեշտության դեպքում (գիշերվա համար) տարվա ցուրտ եղանակներին հատուկ առանձնացված շինություններում սարքվում են միզարաններ:

Զուգարանների հորերը ժամանակին մաքրվում և ախտահանվում են:

 

Հոդված 193. Առանց բնակշահագործման և հրշեջ մարմինների թույլտվության արգելվում է շինությունների վերապլանավորումը, գոյություն ունեցող կառույցների քանդումն ու տեղափոխումը և նորերի կառուցումը, ներքին էլեկտրացանցերի, կապի գծերի, ազդանշանների, հեռուստատեսային անտենաների անցկացումը, ինչպես նաև նոր վառարանների կառուցումն ու ժամանակավոր տեղադրումը:

Էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կենտրոնական ջեռուցման ցանցերի և սարքավորման նորոգումը իրականացնում է բնակշահագործման ծառայության կամ հատուկ պատրաստություն և այդ աշխատանքների կատարման թույլտվություն ունեցող անձինք:

Զորանոցային շինություններում արգելվում է շարքով համաքայլ քայլել:

 

Հոդված 194. Գնդի տեղակայման շրջանը, զինվորական ավանի տարածքը և նրա հարակից փողոցները պետք է կանաչապատ լինեն և պահվեն մաքուր ու կարգին վիճակում, իսկ մութ ժամանակ` լուսավորվեն: Զինվորական ավանի տարածքը պարսպապատվում է:

Գնդի տեղակայման շրջանը մաքրելու համար այն հատվածներով բաժանվում է ստորաբաժանումների միջև: Աղբն ամեն օր հավաքվում է կափարիչներով փակվող աղբարկղերում (կոնտեյներում) և դուրս է բերվում: Աղբարկղերը տեղադրվում են կարծր ծածկով հարթակների վրա: Շաբաթական առնվազն մեկ անգամ աղբարկղերը մաքրվում և ախտահանվում են:

Զինվորական ավանի տարածքի մաքրումը կատարվում է օրվա վերակարգի և ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը գնդի տեղավորման շրջանը մաքրելու համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 195. Ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է կայազորի պետի հրամանով: Վառարանային ջեռուցման դեպքում ջեռուցման կարգն ու ժամկետը, վառելիքի ընդունման ու բացթողման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

Բոլոր կաթսայատները, կենտրոնական ջեռուցման համակարգերը, վառարաններն ու ծխնելույզները մինչև ջեռուցման շրջանի սկիզբը պետք է ստուգվեն, իսկ անսարքները` նորոգվեն: Ծխնելույզի մաքրումն իրականացվում է սահմանված ժամկետներում:

 

Հոդված 196. Ձմռանը բնակելի շինություններում պահվում են +18օ-ից, իսկ բժշկական հիմնարկներում` +20օ-ից ոչ ցածր ջերմաստիճան, մնացած շինություններում` ըստ սահմանված չափերի: Ջերմաչափերը շինություններում ամրացվում են ներսի պատերին, վառարաններից և տաքացնող սարքերից հեռու, հատակից 1,5 մ բարձրության վրա:

 

Հոդված 197. Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական և ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան և պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը:

 

Հոդված 198. Ջեռուցման շրջանում վառարանները վառելու համար զինվորների թվից գնդի հրամանով նշանակվում են հնոցապաններ, որոնց նախապես պետք է սովորեցնել վառարանները վառելու կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները: Հնոցապանները պարապմունքներից չեն ազատվում: Ջեռուցման շրջանում նրանք ազատվում են բոլոր վերակարգերից:

Ստորաբաժանումներում վառարանները վառելուն հետևելու պարտականությունը դրվում է վաշտի ավագի և վաշտի հերթապահի վրա, իսկ գնդի շտաբում` գնդի շտաբի հերթապահի վրա:

Օրվա վերակարգի անձանց հրահանգավորման ժամանակ նրանց ուշադրությունը հատկապես հրավիրվում է բնակելի և ծառայողական շինություններում վառարանները վառելու կանոնների պահպանումը վերահսկելու անհրաժեշտության վրա:

 

Հոդված 199. Արգելվում է օգտվել անսարք վառարաններից, վառելու համար օգտագործել հեղուկ վառելանյութեր, առանց հսկողության թողնել վառվող վառարանները, վառելիքը չորացնել վառարաններում կամ նրանց կողքին և այն պահել բնակելի շինություններում, ինչպես նաև փայտ կոտրել ու սղոցել շինություններում, միջանցքներում և սանդուղքների վրա:

 

Հոդված 200. Ջեռուցման շրջանի ավարտից հետո բոլոր վառարաններն ու ծխնելույզները պետք է մաքրված լինեն և գնդի բնակշահագործման ծառայության պետի հետ համատեղ ստուգված լինեն վաշտի ավագի կողմից, որից հետո վառարանների դռները կապարակնքվում (պլոմբվում) կամ կնքվում են:

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 201. Զորանոցներում շինությունների օդափոխությունը կատարում է օրապահը` վաշտի հերթապահի հսկողության տակ, ննջասենյակներում` քնից առաջ և հետո, դասարաններում` պարապմունքներից առաջ և ընդմիջումների ժամանակ:

 

Հոդված 202. Ցուրտ ժամանակ պատուհանների օդանցքերը (վերնափեղկերը), իսկ ամառ ժամանակ` պատուհանները բացվում են, երբ մարդիկ գտնվում են շինությունից դուրս: Եթե մարդիկ շինությունից դուրս չեն գալիս, օդանցքերը (վերնափեղկերը) կամ պատուհանները բացվում են շինության միայն մեկ կողմից: Բաց օդանցքերը և պատուհանների շրջանակներն ամրացվում են կեռիկներով:

Ամառ ժամանակ ճաշարանների, բուժկետերի, զուգարանների պատուհանները ծածկվում են մանրացանցերով` միջատներից պաշտպանվելու համար:

Գործող օդափոխիչ սարքերը պետք է գտնվեն սարքին վիճակում: Հոսքային-արտածծող օդափոխիչները գործածվում են գնդի հրամանատարի սահմանած ժամանակ:

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 203. Լուսավորության կարգը որոշում է գնդի հրամանատարը:

Զորանոցային լուսավորությունը լինում է լրիվ և հերթապահ (ոչ պայծառ, մուգ կապույտ գույնի):

Քնի ժամին ննջարաններում վառ է թողնվում հերթապահ լուսավորությունը: Նավթային լուսավորության դեպքում հերթապահ լամպերը վառվում են լրիվ լույսով: Զորանոցի մուտքի մոտ, զենքի պահասենյակներում, միջանցքներում, սանդուղքներին ու զուգարաններում մութն ընկնելուն պես մինչև լուսաբաց պահպանվում է լրիվ լուսավորություն: Լուսավորության ռեժիմի հսկողության պատասխանատվությունը դրվում է հերթապահների և օրապահների վրա:

 

Հոդված 204. Վթարի կամ այլ պատճառներով էլեկտրական լուսավորության ժամանակավոր անջատման դեպքերի համար վաշտի և այլ ստորաբաժանումների հերթապահների մոտ պետք է լինեն լուսավորության պահեստային աղբյուրներ, որոնց պահելու տեղերը որոշում է գնդի հրամանատարը:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԵԼԸ

 

Հոդված 205. Բնակավայրերում գնդի ստորաբաժանումների տեղաբաշխումն իրականացվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների ներկայացուցիչների համաձայնությամբ` վարչական շենքերում, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակության համար պիտանի տներում ու շինություններում:

Տեղավորվելուց հետո տնից տուն ինքնակամ տեղափոխվելն արգելվում է:

 

Հոդված 206. Ժամանակավոր տեղաբաշխման համար նախատեսված բնակավայրերը գնդի հրամանատարի հրամանով նախօրոք ստուգվում են սանիտարահամաճարակային առումով: Սանիտարահիգիենիկ առումով անբարենպաստ բնակավայրերում տեղաբաշխվումն արգելվում է:

 

Հոդված 207. Շինությունները, ծածկերն ու հրապարակները զբաղեցնելուց առաջ ստորաբաժանման հրամանատարը զննում է դրանք, որից հետո տեղավորում է անձնակազմը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

Դասակները տեղավորվում են հնարավորին չափ կենտրոնացված:

Սպաներն ու ենթասպաները տեղավորվում են առանձին շինություններում` իրենց ենթակա ստորաբաժանումների դիրքերի մոտակայքում:

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են ըստ ստորաբաժանումների, շինություններից դուրս, ծածկված (քողարկված) հրապարակներում կամ ծածկերի տակ:

 

Հոդված 208. Յուրաքանչյուր վաշտի համար նշվում է նրա տեղաբաշխման սահմանը, որի շրջանակներում էլ նրան հատկացվում են շինություններ, հողակտորներ պարապմունքների անցկացման համար, ինչպես նաև նշանակվում է տագնապով հավաքի վայրը:

 

Հոդված 209. Պահեստների տեղավորման համար առանձնացվում են հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող առանձին շինություններ:

Խոհանոցները, հացի փռերն ու բաղնիքները, եթե դրանց համար առանձին շինություններ չեն հատկացված, սարքավորվում են բնակելի շինություններից և այլ կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի բացառվի հրդեհի բռնկումը:

 

Հոդված 210. Ստորաբաժանումների բնակավայրերում ժամանակավորապես տեղավորվելիս անմիջապես սարքավորվում են զուգարաններ, դրանց ժամանակին կառուցման և կարգին վիճակում պահելու վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի:

 

Հոդված 211. Խմելու և կերակրի պատրաստման համար ջուրը վերցվում է ջրամատակարարման միայն հատուկ առանձնացված կետերից (աղբյուրներից), միջոցներ են ձեռնարկվում դրանց աղտոտումը կանխելու համար, դրանց մոտ կարգվում է շուրջօրյա պահակություն:

 

Հոդված 212. Յուրաքանչյուր շինությունում նշանակվում է ավագ, որը պատասխանատու է զինծառայողների վարքի, ներքին կարգուկանոնի և շինությունում գտնվող գույքի անվտանգության պահանջների պահպանման համար:

Բոլոր զինծառայողներին արգելվում է օգտվել շինությունների տերերի գույքից առանց նրանց թույլտվության:

 

Հոդված 213. Բնակավայրերում ժամանակավոր տեղավորման ժամանակ զենքն ու զինամթերքը պահվում են չոր, դռներից, վառարաններից, տաքացնող սարքերից հեռու տեղերում և մշտապես պահպանվում են վերակարգի կողմից, համազգեստներն ու հանդերձանքը պահվում են դրա համար հատուկ հարմարեցված տեղերում: Անձնական իրերը և սպիտակեղենը պահվում են իրապարկերում:

 

Հոդված 214. Բոլոր այլ դեպքերում, ինչ վերաբերում է ներքին կարգուկանոնին և գնդի տեղափոխման վայրից ժամկետային ծառայության զինծառայողներին արձակելուն, պետք է պահպանվեն զորանոցային տեղաբաշխման համար սահմանված կանոնները:

 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 215. Բոլոր զինծառայողները պարտավոր են իմանալ և կատարել հրդեհային անվտանգության պահանջները (Հավելված 16) և պետք է կարողանան ճիշտ վարվել հրշեջ միջոցների հետ:

Հրդեհի բռնկման դեպքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների զինվորական խումբ (հետագայում` հրշեջ խումբ) կամ արտահաստիքային հրշեջ խումբ կանչելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով հրդեհը մարելու, ինչպես նաև մարդկանց, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները փրկելու համար:

 

Հոդված 216. Գնդում մշակվում է հակահրդեհային պաշտպանության պլանը, որը հաստատում է գնդի հրամանատարը և հայտնում ողջ անձնակազմին:

Գնդում հրդեհային անվտանգության պահանջները, հրդեհի մարմանը ներգրավվող ուժերի և միջոցների հաշվարկը, ինչպես նաև անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման կարգի մասին քաղվածքները պետք է գտնվեն գնդի հերթապահի մոտ:

 

Հոդված 217. Հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար գնդում պատասխանատու է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը:

Նա պարտավոր է`

- կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.

- ապահովել բոլոր օբյեկտներում ջրի նորմատիվային պաշարների, շանթարգելների և հրշեջ միջոցների առկայությունը.

- առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և անցկացնել ուսումնական հրդեհային տագնապներ.

- ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը.

- հեռախոսային կապ հաստատել մոտակա քաղաքային (կայազորային) հրշեջ խմբի հետ:

 

Հոդված 218. Գնդի հրամանատարը և հրաձգարանի պետը պատասխանատու են գնդին ու հրաձգարանին կցված անտառներում, ինչպես նաև պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների ու մարտական պատրաստության այլ միջոցների անցկացման ժամանակ բոլոր անտառներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար:

 

Հոդված 219. Ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների, արհեստանոցների, ակումբների, լաբորատորիաների և այլ օբյեկտների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման և հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար:

 

Հոդված 220. Գնդում հակահրդեհային պաշտպանությունն անմիջականորեն ղեկավարում է հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը, իսկ այնտեղ, ուր նա հաստիքով նախատեսված չէ, նրա պարտականությունները համատեղության կարգով դրվում են սպաներից մեկի վրա:

 

Հոդված 221. Հաստիքային հրշեջ խումբ չունեցող գնդում ստեղծվում է 5 - 15 հոգուց բաղկացած արտահաստիքային հրշեջ խումբ:

Արտահաստիքային հրշեջ խմբի կազմում, որպես կանոն, նշանակվում են ստորաբաժանումներից մեկի զինվորներն ու սերժանտները:

Հրշեջ խմբից առանձնացվում է հրշեջ վերակարգը, որը շուրջօրյա կամ գնդի հրամանատարի հաստատած պահակակետերի ցուցակին համապատասխան որոշակի ժամանակահատվածում ծառայություն է կատարում հրշեջ պահակակետերում:

Հրշեջ խմբի անձնակազմը ազատվում է մյուս վերակարգերից:

 

Հոդված 222. Հակահրդեհային ծառայության և փրկարարական աշխատանքների պետը միաժամանակ հրշեջ խմբի պետն է և ենթարկվում է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալին: Նա պատասխանատու է հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու համար:

 

Հոդված 223. Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է`

- գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահրդեհային պաշտպանության պլանի և հրդեհային անվտանգության պահանջների մշակմանը.

- գնդի ստորաբաժանումների սպաների, ենթասպաների և ավագների հետ անձամբ պարապմունքներ անցկացնել հակահրդեհային պատրաստության, հրդեհամարիչ միջոցների շահագործման վերաբերյալ, անձնակազմի շրջանում բացատրական աշխատանք տանել հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ, ինչպես նաև անցկացնել հրշեջ խմբի հատուկ պատրաստություն և հրահանգավորել հրշեջ վերակարգը.

- անցկացնել բոլոր օբյեկտների հակահրդեհային վիճակի ստուգում և իրականացնել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության սահմանված պահանջների կատարման ու հրշեջ վերակարգի ամենօրյա վերահսկողություն.

- հետևել հրդեհամարիչ բոլոր միջոցների, հրդեհային ազդանշանների, հրշեջ ջրամատակարարման աղբյուրների սարքինությանն ու ճիշտ շահագործմանը և միջոցներ ձեռնարկել դրանք մշտական պատրաստության վիճակում պահելու համար.

- կատարել կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառում.

- արգելել ջեռուցման, լուսավորության և այլ անսարք ու հրդեհավտանգ սարքավորումներից և սարքերից օգտվելը.

- գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել օբյեկտների հակահրդեհային վիճակի թերությունների մասին, իսկ բռնկումների, հրդեհների բոլոր դեպքերի և ձեռնարկված միջոցների մասին զեկուցել անհապաղ.

- ղեկավարել հրդեհի մարումը:

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 224. Յուրաքանչյուր զինծառայող իր ամենօրյա գործունեության ընթացքում պարտավոր է պահպանել բնությունն ու նրա հարստությունները: Դրա համար նա պետք է գիտենա գնդում (ստորաբաժանումում) եղած աղտոտման հիմնական աղբյուրները և խստագույնս իրականացնի ջրային ռեսուրսների, մթնոլորտի, հողի աղտոտվածության կանխման, կենդանական և բուսական աշխարհի պահպանության կանոններով և հրահանգներով նախատեսված միջոցառումները:

Այն զինծառայողները, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, պատասխանատվության են ենթարկվում:

Շրջակա միջավայրի վրա զորքերի բացասական ազդեցությունը կանխելու համար գնդում ստեղծվում է մշտապես գործող հանձնաժողով և մշակվում է շրջակա միջավայրի պահպանության պլան, որը հասցվում է ողջ անձնակազմին:

 

Հոդված 225. Գնդի հրամանատարը պատասխանատու է շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման և նրա վիճակի համար: Նա պարտավոր է`

- կազմակերպել անձնակազմի գնդի տեղակայման շրջանում շրջակա միջավայրի պահպանության կանոնների ուսումնասիրումը և դրա պահպանության կազմակերպումը.

- ապահովել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների պլանի ժամանակին կատարումը:

Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների կատարումը գնդում անմիջականորեն ղեկավարում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը:

 

Հոդված 226. Գնդի հրամանատարը և հրաձգարանի պետը պատասխանատու են հրաձգարանում զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացման ժամանակ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելուն անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 227. Զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը և պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության և անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու և սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է` ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների և զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների և ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:

Սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների շաբաթական ծառայողական ժամանակի ընդհանուր տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տևողությունը:

Մարտական հերթապահությունը (մարտական ծառայությունը), զորավարժությունները և այլ միջոցառումներ, որոնց ցանկը որոշում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը), անցկացնում են առանց ծառայության ժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Զորամասի մարտական և զորահավաքային պատրաստության հետ անմիջականորեն կապված շտապ միջոցառումները կատարվում են զորամասի հրամանատարի հրամանով օրվա ցանկացած ժամին` զինծառայողներին հանգստի համար տրամադրելով առնվազն 4 ժամ:

Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

 

Հոդված 228. Զորամասում օրվա ընթացքում, իսկ որոշ կանոնակարգերով` նաև շաբաթվա ընթացքում ժամանակի բաշխումն իրականացվում է օրվա կանոնակարգով ծառայության ժամանակի բաշխման կարգով:

Զորամասի օրվա կանոնակարգը նախատեսում է զորամասի շտաբի և ստորաբաժանումների անձնակազմի առօրյա գործունեության, ուսման և կենցաղի հիմնական միջոցառումների կատարումն ըստ ժամերի:

Ծառայության ժամանակի բաշխման կարգը, ի լրումն օրվա կանոնակարգի, սահմանում է սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակը:

Օրվա կանոնակարգը և ծառայության ժամանակի բաշխման կարգը սահմանում է զորամասի կամ միավորման հրամանատարը` զինված ուժերի տեսակի և զորատեսակի, զորամասի առջև դրված խնդիրների, տարվա եղանակի, տեղային և կլիմայական պայմանների հաշվառումով: Նրանք մշակվում են ուսուցման շրջանի համար և զորամասի (զորամիավորման) հրամանատարի կողմից կարող են ճշտվել մարտական հրաձգության, դաշտ դուրս գալու, զորավարժությունների և զորաշարժերի անցկացման, մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա վերակարգում և պահակությունում ծառայության կատարման և այլ միջոցառումների անցկացման ժամանակ` նրանց կատարման առանձնահատկությունների հաշվառումով:

Զորամասի օրվա կանոնակարգը գտնվում է օրվա վերակարգի փաստաթղթերում, իսկ սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների ծառայական ժամանակի բաշխման կարգը` զորամասի շտաբում և ստորաբաժանումների գրասենյակներում:

 

Հոդված 229. Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու և հեռուստահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ), երեկոյան զբոսանքի, անվանականչի և 8 ժամ քնի համար:

Սնվելու ժամանակամիջոցը 7 ժամը չպետք է գերազանցի:

Ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն:

Ժողովները, նիստերը, ինչպես նաև բեմադրությունները, կինոդիտումները և այլ միջոցառումները պետք է ավարտվեն երեկոյան զբոսանքից առաջ:

 

Հոդված 230. Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի աշխատանքի գալու և աշխատանքից գնալու ժամանակը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը:

Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվում զինծառայողների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտությունը` օրվա կանոնակարգին համապատասխան, ինչպես նաև զորամասը (ստորաբաժանումը) մշտական մարտական պատրաստության վիճակում պահելու համար միջոցառումների անցկացումը:

Մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության ժամանակ ծառայողական ժամանակի չափը սահմանվում է զինվորական կանոնադրություններով և համապատասխան հրահանգներով:

Օրվա վերակարգի մեջ չմտնող սպաների, ենթասպաների շուրջօրյա հերթապահությունը զորամասում և ստորաբաժանումներում, ինչպես նաև սահմանված վերակարգում պատասխանատու անձանց նշանակումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով` ռազմաճակատների և զորախմբերի հրամանատարների կողմից:

 

Հոդված 231. Յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների և ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման և բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու և այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, և անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր` ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ և հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները և առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ և ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

 

Հոդված 232. Կիրակի և տոնական օրերը հանգստյան օրեր են ամբողջ անձնակազմի համար, բացառությամբ մարտական հերթապահության (մարտական ծառայության) և օրվա վերակարգում ծառայություն կատարողների: Այդ օրերին, ինչպես նաև պարապմունքներից ազատ ժամանակ անձնակազմի հետ անցկացվում են մշակութաժամանցային աշխատանք, մարզական մրցումներ և խաղեր:

Հանգստյան օրերին առավոտյան մարմնամարզություն չի անցկացվում:

 

ՎԵՐԿԱՑԸ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ և ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆՉԸ

 

Հոդված 233. Առավոտյան «Վերկաց» ազդանշանից 10 րոպե առաջ վաշտի հերթապահը իրականացնում է դասակների հրամանատարների տեղակալների և վաշտի ավագի վերկացը, իսկ սահմանված ժամին («Վերկաց» ազդանշանով)` վաշտի ամբողջական վերկացը:

 

Հոդված 234. Վերկացից հետո անցկացվում են առավոտյան մարմնամարզություն, շինությունների և տարածքի մաքրում, անկողինների հարդարում, առավոտյան արդուզարդ և առավոտյան ստուգում:

 

Հոդված 235. Առավոտյան ստուգման համար վաշտի հերթապահի «Վա~շտ առավոտյան ստուգման շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) նշանակված տեղում շարում են իրենց ստորաբաժանումները, գործուղվածները շարվում են ձախ թևում: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի ավագին զեկույց է տալիս առավոտյան ստուգմանը վաշտի պատրաստ լինելու մասին: Վաշտի ավագի հրամանով դասակների հրամանատարների տեղակալները և ջոկերի հրամանատարները կատարում են առավոտյան ստուգումը:

 

Հոդված 236. Առավոտյան ստուգումների ժամանակ ստուգվում է մարդկանց առկայությունը, նրանց արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

Բուժօգնության կարիք ունեցողներին վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում (Հավելված 12)` նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար:

Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները կարգադրում են վերացնել բացահայտված թերությունները, ստուգում են դրանց վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին, իսկ վերջիններս` վաշտի ավագին:

Ոտքերի, գուլպաների (ոտքի փաթաթանների) և ներքին սպիտակեղենի վիճակն ստուգվում է պարբերաբար, սովորաբար քնից առաջ:

 

Հոդված 237. Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի ավագի կամ դասակների հրամանատարների տեղակալներից մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի «Վա~շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, ավագին կամ նրան փոխարինող անձին զեկուցում է երեկոյան անվանականչին վաշտի պատրաստ լինելու մասին:

Վաշտի ավագը կամ նրան փոխարինողը սկսում է անվանականչը: Անվանականչի սկզբում նա կարդում է այն զինծառայողների ազգանունները, որոնք իրենց գործած սխրանքների համար գրանցվել են վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ: Նշված զինծառայողների ազգանուններն արտասանելիս` առաջին դասակի հրամանատարի տեղակալը զեկուցում է. «Այսինչը (զինվորական կոչումը և ազգանունը) քաջի մահով ընկել է Հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում» կամ «Վաշտի պատվավոր զինվոր (զինվորական կոչումը և ազգանունը) պահեստային է»:

Այսուհետև վաշտի ավագը անվանական ցուցակով ստուգում է անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է` «Ես եմ»: Բացակաների փոխարեն պատասխանում են ջոկերի հրամանատարները, օրինակ` «Պահակախմբում է», «Արձակուրդում է»:

Անվանականչի ավարտից հետո վաշտի ավագը հրապարակում է այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք պետք է հայտնի լինեն բոլոր զինծառայողներին, հաջորդ օրվա վերակարգը, ինչպես նաև ճշտում է տագնապի կամ հրդեհի դեպքում գործելու համար կազմված մարտական անձնակազմը: Սահմանված ժամին տրվում է «Քնել» ազդանշանը, միացվում է հերթապահ լուսավորությունը և հաստատվում է լիակատար անդորր:

 

Հոդված 238. Վաշտի հրամանատարի կամ վաշտի սպաներից մեկի` վաշտում գտնվելու դեպքում առավոտյան ստուգման և երեկոյան անվանականչի ժամանակ վաշտի հերթապահը զեկուցում է ստուգման (անվանականչի) արդյունքները:

Առավոտյան ստուգումից և երեկոյան անվանականչից հետո վաշտերի հերթապահները կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցում են ստուգման արդյունքների, այդ թվում և բացակայողների մասին: Ինքնակամ բացակայողների առկայության դեպքում վաշտի հերթապահները, դրանից բացի, գնդի հերթապահին տեղեկություններ են տալիս այդ զինծառայողների մասին` նշելով նրանց ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու ենթադրյալ վայրը:

 

Հոդված 239. Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի:

Ընդհանուր բրիգադային (գնդային) անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի (գնդի) բոլոր սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները:

Ամբողջ անձնակազմի անվանականչն ըստ անվանացուցակի կատարում են վաշտերի հրամանատարները և արդյունքների մասին զեկուցում են գումարտակի հրամանատարներին:

Ընդհանուր գնդային անվանականչի ժամանակ գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները անվանականչի արդյունքների մասին զեկուցում են գնդի հրամանատարին:

Ընդհանուր գումարտակային (գնդային) անվանականչի ավարտից հետո գումարտակի (գնդի) հրամանատարը տալիս է «Զգաստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք» շեփորել: Ընդհանուր գնդային երեկոյան անվանականչի անցկացման ժամանակ «Երեկոյահավաքի» ավարտից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Այնուհետև ստորաբաժանումներն անցնում են նվագախմբի ուղեկցությամբ: «Երեկոյահավաքի» կատարման սկզբից ստորաբաժանումների հրամանատարները` դասակի հրամանատարը և ավելի բարձր, ձեռքը հպում են գլխարկին և իջեցնում «Ազատ» հրամանով, որը տալիս է գումարտակի (գնդի) հրամանատարը «Երեկոյահավաքի» կամ պետական օրհներգի կատարումից հետո:

 

ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

 

Հոդված 240. Խաղաղ ժամանակ զինծառայողների ամենօրյա գործունեության հիմնական բովանդակությունը մարտական պատրաստություն է: Մարտական պատրաստության պլանով և պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումները կարող է հետաձգել միայն այդ փաստաթղթերը հաստատած հրամանատարը (պետը): Ժամանակակից մարտում կիրառվող գործողությունների եղանակները (ձևերը) զինծառայողներին սովորեցնելու նպատակով կազմակերպված պարապմունքներն ու զորավարժությունները պետք է անցկացվեն առանց զիջողության և պարզեցման:

Ուսումնական պարապմունքներին ու զորավարժություններին պարտավոր է մասնակցել գնդի ողջ անձնակազմը: Պարապմունքներից ազատվում են միայն օրվա վերակարգում և գնդի հրամանով նախատեսված աշխատանքների վերակարգում գտնվող անձինք, ինչպես նաև այն զինծառայողները, որոնց հանգստյան օր է հատկացված որպես փոխհատուցում տոնական կամ հանգստյան օրը կատարած ծառայության:

Հիվանդության պատճառով դաշտային պարապմունքներից ազատված զինծառայողների և սերժանտների հետ վաշտի հրամանատարի հրամանով պարապմունքներ են կազմակերպվում դասարանում:

Անձնակազմին մարտական պատրաստության պարապմունքներից կտրած հրամանատարները (պետերը) ենթարկվում են պատասխանատվության:

 

Հոդված 241. Պարապմունքները սկսվում և ավարտվում են ազդանշանով` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին:

Պարապմունքների գնալուց առաջ ջոկերի հրամանատարները և դասակի հրամանատարների տեղակալները ստուգում են ենթակաների ներկայությունը և զննում` սահմանված ձևո՞վ են, արդյոք, նրանք հագնված, ճի՞շտ են, արդյոք, կրում ռազմական հանդերձանքը և լիցքավորված չէ՞, արդյոք, զենքը:

Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո ստորաբաժանումների հրամանատարները պետք է անձամբ ստուգեն ողջ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնամարզական միջոցների առկայությունն ու լրակազմությունը, ինչպես նաև հրազենի և զինամթերքի առկայությունը: Զենքը և պահեստատուփերի պայուսակները ստուգում են ջոկերի հրամանատարները: Ստուգման արդյունքների մասին զեկույց է տրվում հրամանով: Չօգտագործված զինամթերքը և պարկուճները հանձնվում են սահմանված կարգով:

Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո իրականացվում է զենքի և սակրային գործիքի մաքրում, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև մաքրվում են պարապմունքների անցկացման վայրերը:

 

ՆԱԽԱՃԱՇԸ, ՃԱՇԸ և ԸՆԹՐԻՔԸ

 

Հոդված 242. Օրվա կանոնակարգով սահմանված ժամին կերակրի պատրաստումը պետք է ավարտված լինի:

Նախքան կերակուր բաժանելը բժիշկը (բուժակը) գնդի հերթապահի հետ միասին պետք է ստուգի կերակրի որակը, անցկացնի բաժնեչափերի ստուգիչ կշռում, ինչպես նաև ստուգի ճաշարանի շինությունների ճաշարանախոհանոցային ամանեղենի և գույքի սանիտարական վիճակը: Բժշկի (բուժակի) եզրակացությունից հետո կերակուրը պետք է համտեսի գնդի հրամանատարը կամ նրա ցուցումով` գնդի հրամանատարի տեղակալներից մեկը:

Ստուգման արդյունքները գրանցվում են կերակրի պատրաստման որակի ստուգման հաշվառման գրքում:

Սահմանված ժամին գնդի հրամանատարը կերակուրը բաժանելու թույլտվություն է տալիս:

 

Հոդված 243. Զինվորներն ու սերժանտները ճաշարան պետք է գան մաքուր հագուստով և կոշիկներով, շարքով, վաշտի ավագի կամ նրա ցուցումով` դասակների հրամանատարների տեղակալներից մեկի հրամանատարությամբ:

Ուտելու ժամանակ ճաշարանում պետք է կարգուկանոն պահպանվի:

Ուտելիս արգելվում է ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով (տաք բաճկոններով) և հատուկ (բանվորական) հագուստով:

 

Հոդված 244. Օրվա վերակարգում գտնվող անձինք կերակուրը ստանում են գնդի հրամանատարի սահմանած ժամին:

Գնդի բուժկետում գտնվող հիվանդների համար կերակուրը պատրաստվում է հոսպիտալային օրապարենի (մթերաբաժնի) չափերով և մատուցվում առանձին:

 

ԳՆԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՐՁԱԿՈՒՄԸ

 

Հոդված 245. Զինծառայողները (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ ժամկետային ծառայության զինծառայողները գնդի տեղաբաշխման վայրից արձակվում են միայն կայազորի սահմաններում:

Կայազորի սահմաններից զինծառայողի դուրս գալը կատարվում է զորամասի հրամանատարի թույլտվությամբ:

 

Հոդված 246. Ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը, շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի: Զինծառայողների արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:

Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո: Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը):

Գումարտակի հրամանատարի թույլտվությամբ վաշտի հրամանատարը ժամկետային ծառայության զինծառայողներին հարգելի պատճառով կարող է արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):

Արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը կարգավորում են դասակների հրամանատարների տեղակալները:

Հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:

Ժամկետային ծառայության զինվորների արձակումն իբրև խրախուսանք կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության պահանջներին համապատասխան:

 

Հոդված 247. Արձակման թույլտվություն ստանալու համար զինծառայողները դիմում են իրենց անմիջական պետին:

Օրինակ` «Պարոն սերժանտ, խնդրում եմ ինձ արձակել մինչև ժամը 20-ը»:

Ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման ցուցակները դասակների հրամանատարների տեղակալները ներկայացնում են վաշտի ավագին` վաշտի հրամանատարին զեկուցելու համար:

 

Հոդված 248. Վաշտի հերթապահը նշանակված ժամին շարում է արձակվածներին և զեկույց է տալիս վաշտի ավագին:

Վաշտի ավագը զննում է արձակվողներին, ստուգում նրանց սափրված լինելը, մազերի հարդարանքը, ինչպես նաև համազգեստի և կոշկեղենի վիճակն ու հարմարեցումը, զինվորական ողջույնի, փողոցում ու հասարակական վայրերում վարքի կանոնների նրանց իմացությունը: Այնուհետև ավագը արձակվողներին տալիս է վաշտի հրամանատարի ստորագրությամբ արձակման գրությունները (Հավելված 12): Վաշտի հերթապահը արձակվողներին գրանցում է գրքում (Հավելված 12), կազմում նրանց ցուցակը և այն ներկայացնում գնդի հերթապահին:

Գնդի տեղաբաշխման վայրից արձակվող ժամկետային ծառայության զինվորներն ու սերժանտները պետք է ունենան զինվորական գրքույկ:

Արձակման գրությունը ուժի մեջ է միայն իր կայազորի սահմաններում:

 

Հոդված 249. Արձակումից վերադառնալուն պես զինծառայողները ներկայանում են գնդի հերթապահին և զեկույց են տալիս իրենց վերադարձի մասին: Գնդի հերթապահը արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև նրանք գնում են ստորաբաժանում, ներկայանում վաշտի հերթապահին, նրան հանձնում արձակման գրությունները և զեկույց տալիս իրենց անմիջական պետին:

Օրինակ` «Պարոն սերժանտ, շարքային Պողոսյանը արձակումից վերադարձել է: Արձակման մեջ եղած ժամանակ նկատողություն եմ ստացել (կամ այսինչից ստացել եմ այս-այս նկատողությունը)»:

Եթե զինծառայողը ստորաբաժանում է գալիս քնի ազդարարումից հետո, ապա անմիջականորեն պետին զեկույց է տալիս հաջորդ օրը, առավոտյան ստուգումից առաջ:

Վաշտի հերթապահը արձակվողների գրքում նշում է արձակումից վերադարձածների ներկայանալու ժամը և արձակման գրությունները հանձնում վաշտի ավագին:

 

Հոդված 250. Ռազմական ուսումնական հաստատության տարածքից առաջին կուրսի ուսանողների արձակումը կատարվում է նույն կարգով, ինչ ժամկետային ծառայության զինվորներինն ու սերժանտներինը: Երկրորդ կուրսի ուսանողների արձակման կարգը սահմանվում է ռազմաուսումնական հաստատության պետի կողմից: Երրորդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև հանրակացարաններում բնակվելու իրավունք ունեցող ուսանողները կարող են զինվորական ուսումնական հաստատության տարածքից դուրս գտնվել օրվա կանոնակարգով սահմանված ուսումնական պարապմունքներից և ինքնուրույն աշխատանքի համար պարտադիր ժամերից հետո մինչև ժամը 24-ը, իսկ ընտանիքավոր ուսանողները` մինչև հաջորդ օրվա ուսումնական պարապմունքների սկիզբը:

 

Հոդված 251. Բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) և այլ դեպքերում, երբ նշված կարգով արձակումներն աննպատակահարմար են, զորամասի (առանձին ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգստյան օրերին կազմակերպվում են խմբային ուղևորություններ դեպի մերձակա խոշոր բնակավայրերը (քաղաքները):

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ (ԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ) ՄԵԿՆՈՒՄԸ և ՇԱՐԺԸ (ԸՆԹԱՑՔԸ)

 

Հոդված 252. Ծառայողական գործուղումների համար, որպես կանոն, առանձնացվում են ստորաբաժանումներ` իրենց հրամանատարների գլխավորությամբ: Տարբեր ստորաբաժանումներից գործուղման ուղարկվող զինվորներից ու սերժանտներից ստեղծվում է անձնախումբ և սերժանտներից, ենթասպաներից կամ սպաներից նշանակվում է անձնախմբի պետ: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին) գնդում տրվում են գործուղման վկայական և ստորաբաժանման (անձնախմբի) անձնակազմի ցուցակը, ուր նշվում է զենքի տեսակն ու հրամանը, զինամթերքի քանակը: Դրանք հաստատվում են գնդի շտաբի ստորագրությամբ և զորամասի` զինանշանով ու կնիքով: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), դրանից բացի, ցուցումներ են տրվում ընթանալու և ճանապարհներին սնվելու կարգի մասին, երբ, ուր և ում տնօրինությանը պետք է ներկայանա ստորաբաժանումը (անձնախումբը), անվտանգության պահանջների, զենքի պահպանման և կիրառման պահանջների մասին, ինչպես նաև ստորաբաժանման (անձնախմբի) կողմից ծառայության կատարման հետ կապված այլ ցուցումներ:

 

Հոդված 253. Ծառայողական գործուղման մեկնող ստորաբաժանման (անձնախմբի) նախապատրաստման աշխատանքները ղեկավարում է այն ստորաբաժանման հրամանատարը, որից այն առանձնացվում է:

Սահմանված ժամին ստորաբաժանումը (անձնախումբը) ստորաբաժանման նշանակված հրամանատարի (անձնախմբի պետի) ղեկավարությամբ ներկայանում է գնդի հերթապահին: Գնդի հերթապահն ստուգում է ստորաբաժանման (անձնախմբի) կազմն ու ապահովվածությունը և նրա պատրաստ լինելու մասին զեկուցում շտաբի պետին կամ գնդի հրամանատարին:

Շտաբի պետը կամ գնդի հրամանատարը զննում են ստորաբաժանումը (անձնախումբը), ստուգում նրա պատրաստությունը, հրահանգավորում ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ողջ անձնակազմին, ապահովում են ստորաբաժանման (անձնախմբի) ժամանակին մեկնումը` անհրաժեշտ դեպքում հատկացնելով փոխադրամիջոցներ:

 

Հոդված 254. Ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) պատասխանատու է անձնակազմի զինվորական կարգապահության և կարգուկանոնի պահպանման, առաջադրանքի ժամանակին կատարման համար, ինչպես նաև զենքի, զինամթերքի և զինվորական այլ ունեցվածքի անվնասության համար:

Նշանակված վայրը ներկայանալուն պես ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) զեկուցում է այն անձին, որին ի տնօրինություն ներկայացել է ստորաբաժանումը (անձնախումբը), իսկ վերադառնալուն պես` գնդի շտաբի պետին:

 

Հոդված 255. Մեքենաներով ուղևորվելիս` ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի պետերը) կատարում են շարասյան պետի (մեքենայի ավագի) պարտականությունները` շարադրված 378 հոդվածում:

Արգելվում է անձնակազմի փոխադրումը չսարքավորված, իսկ ձմեռ ժամանակ` բաց մեքենաներով:

Երկաթուղային, ծովային, գետային և օդային տրանսպորտով ուղևորվելիս ղեկավարվել նույն Կանոնագրքի 12-րդ գլխում շարադրված ցուցումներով:

 

Հոդված 256. Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից վաշտի հրամանատարի նշանակած ավագի գլխավորությամբ:

Սպաներից կամ ենթասպաներից նշանակված ավագը հավաքում է խմբի ողջ անձնակազմը, շարում և զննում է, կազմում է ցուցակը և անձնախմբի պատրաստ լինելու մասին զեկուցում վաշտի հրամանատարին կամ նրան փոխարինող անձին: Թույլտվություն ստանալով` նա անձնախումբը տանում է նշանակված վայրը:

Սերժանտներից նշանակված ավագը շարում է անձնախումբը և այն ներկայացնում վաշտի ավագի կամ նրան փոխարինող անձի զննմանը, նրանից ստանում իր արձակման գրությունը և խմբի ցուցակը` վաշտի հրամանատարի ստորագրությամբ: Ավագի հետ մեկնողների ընդհանուր թիվը նշվում է նաև նրա արձակման գրության մեջ: Այնուհետև ավագն անձնախումբը ներկայացնում է գնդի հերթապահին:

 

Հոդված 257. Ստորաբաժանումից երկու և ավելի զինծառայողների մեկնումի դեպքում նրանցից մեկը ավագ է նշանակվում: Երեք և ավելի մարդուց բաղկացած անձնախմբերը նշանակման վայր են ուղևորվում շարքով ավագի ղեկավարությամբ (բացի հանգստի համար հասարակական հիմնարկներ ուղևորվելու դեպքերից):

Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով հետիոտն զորաշարքով ընթանալիս` անձնախմբերը շարքի առջևում և վերջում գիշերը պետք է ունենան ազդանշանային լապտերներ, իսկ ցերեկը` ազդանշանային դրոշակներ:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼԸ

 

Հոդված 258. Ժամկետային զինծառայողներին այցելելու թույլտվությունը տալիս է վաշտի հրամանատարը օրվա կանոնակարգով սահմանված ժամին և այդ նպատակով գնդում առանձնացված այցելուների սենյակում (տեղում):

 

Հոդված 259. Գնդի հրամանատարի հրամանով` զինծառայողներին այցելելու համար սահմանված ժամերին սերժանտներից նշանակվում է այցելուների սենյակի հերթապահ: Նրա իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են գնդի հրամանատարի հաստատած հրահանգում:

Զինծառայողներին այցելելու ցանկություն ունեցող այցելուներին սենյակ մտնելու թույլտվություն է տալիս գնդի հերթապահը:

 

Հոդված 260. Զինծառայողների ընտանիքների անդամները և այլ անձինք գնդի հրամանատարի թույլտվությամբ կարող են այցելել զորանոց, ճաշարան, զորամասի մարտական փառքի (պատմության) սենյակ և այլ շինություններ` գնդի անձնակազմի կյանքին և կենցաղին ծանոթանալու:

Նրանց ուղեկցելու և անհրաժեշտ բացատրություններ տալու համար նշանակվում են այդ նպատակով նախատեսված զինծառայողներ:

 

Հոդված 261. Ոգելից խմիչք ունեցող կամ ոչ սթափ վիճակում գտնվող այցելուները զինծառայողների մոտ չեն թույլատրվում: Կողմնակի անձանց չի թույլատրվում գիշերել զորանոցներում և ուրիշ շինություններում (հոդված 166):

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 262. Օրվա վերակարգը նշանակվում է զորամասի (ստորաբաժանման) ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի պահպանման, ստորաբաժանումում գործերի վիճակի վերահսկման և իրավախախտումները կանխող միջոցների ժամանակին ձեռնարկման համար, ինչպես նաև ներքին ծառայության գծով այլ պարտականությունների կատարման համար:

 

Հոդված 263. Օրվա վերակարգի կազմը հայտնվում է գնդի հրամանատարի հրամանով` ուսուցման ողջ ընթացքի համար.

նախատեսվում է գնդի վերակարգի հետևյալ կազմը.

գնդի հերթապահ,

գնդի հերթապահի օգնական,

պահակախումբ,

հավաքակայանի հերթապահ և օրապահներ, ինչպես նաև հերթապահ քարշակների վարորդներ (վարորդներ),

հերթապահ բուժակ կամ սանհրահանգիչ և բուժկետի օրապահներ,

հսկիչ-անցագրային կետի հերթապահ և հերթապահի օգնականներ,

ճաշարանի հերթապահ և ճաշարանում աշխատողներ,

գնդի շտաբի հերթապահ,

հերթապահ փողհար-թմբկահար,

ցրիչներ (թղթատարներ),

հրշեջ վերակարգ:

Ամեն օր գնդի հրամանով նշանակվում են գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, պահակախմբի պետը, հավաքակայանի հերթապահը, հերթապահ ստորաբաժանումը, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որոնցից առանձնացվում են գնդի օրվա վերակարգը և աշխատանքի վերակարգը: Անհրաժեշտության դեպքում գնդի հրամանատարն իրավունք ունի կրճատել օրվա վերակարգի կազմը:

Կապի հանգույցներում, բուժկետերում և զինվորական ավտոտեսչությունում ծառայության նշանակված սպաները, ենթասպաները և պայմանագրով ծառայության անցած զինծառայողները ուրիշ վերակարգի կազմում չեն նշանակվում:

 

Հոդված 264. Խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բուժակ (սանհրահանգիչ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):

Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:

 

Հոդված 265. Վաշտի օրվա վերակարգում նշանակվում են.

վաշտի հերթապահ,

վաշտի օրապահներ:

Վաշտում օրապահների հերթափոխերի քանակը որոշում է գնդի հրամանատարը:

Կին զինծառայողների հանրակացարանի օրվա վերակարգի կազմը և նրա պարտականությունները որոշվում են` ելնելով վաշտի օրվա վերակարգից:

 

Հոդված 266. Որոշ գումարտակներում նրանց թվաքանակով և տեղակայման հանգամանքներով պայմանավորված` վաշտերի հերթապահների փոխարեն գնդի հրամանատարի որոշմամբ կարող է նշանակվել գումարտակի հերթապահ, իսկ գնդի մատակարարման ստորաբաժանումներում, նրանց համատեղ տեղակայման դեպքում` այդ ստորաբաժանումների հերթապահ:

Վերոհիշյալ դեպքերում օրապահների քանակը որոշվում է` ելնելով ստորաբաժանումների տեղակայման, պահպանության, մատակարարման և ներքին կարգուկանոնի պահպանման պայմաններից:

 

Հոդված 267. Բոլոր հերթապահները և նրանց օգնականները կրծքի ձախ կողմում (ձախ թևին) պետք է ունենան կրծքանշան (թևկապ)` համապատասխան մակագրությամբ (Հավելված 14): Նախկին հերթապահը կրծքանշանը (թևկապը) նոր հերթապահին է փոխանցում հերթապահության հանձնման և ընդունման զեկույցից հետո:

 

Հոդված 268. Սպաներից և ենթասպաներից նշանակված գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակներով:

Սերժանտներից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, ստորաբաժանումների հերթապահներն ու օրապահները, բացի հանրակացարանի օրվա վերակարգի կազմի մեջ մտնող կին զինծառայողներից, հավաքակայանի օրապահներն ու թղթատարները (ցրիչները) զինվում են սվին-դանակներով: Սվին-դանակը պետք է գտնվի կաշեգոտու ձախ կողմում` ճարմանդից ափաչափ հեռու:

Անհրաժեշտության դեպքում կայազորի պետի հրամանով որոշ զորամասերում հսկիչ-անցագրային կետի օրապահներն ու հերթապահները, վաշտի օրվա վերակարգը և հավաքակայանի օրապահները կարող են զինվել երկու լիցքավորված պահեստատուփ (պահունակով 30 փամփուշտ) ունեցող ավտոմատներով (կարաբիններով): Զենքի հետ վարվելու կարգը, ինչպես նաև նրա օգտագործումն իրականացվում է սույն Կանոնագրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության դրույթների պահանջներին համապատասխան:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՐԳԸ

 

Հոդված 269. Զինծառայողների աշխատանքի վերակարգի համար տրված հրամանում նշվում է, թե որ ստորաբաժանումներն են նշանակվում աշխատանքի, աշխատանքի տեսակը, նրա տևողությունը, ինչպես նաև երբ, ուր և ում տնօրինությանը պիտի ներկայանան ստորաբաժանումները: Աշխատանքի համար առանձնացված ստորաբաժանումները աշխատանքի են ներկայանում իրենց հրամանատարի կամ սպաներից, ենթասպաներից, սերժանտներից նշանակված հրամանատարի կամ ավագի գլխավորությամբ:

Չնախատեսված աշխատանքների կատարման համար վերակարգի նշանակումն իրականացնում է գնդի շտաբի պետը:

 

Հոդված 270. Աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման համար պատասխանատու է այն պետը, որին ի տնօրինություն ժամանել է ստորաբաժանումը: Ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի ավագը) պարտավոր է վերահսկել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների պահպանումը:

Արգելվում է կին զինծառայողներին նշանակել այնպիսի աշխատանքների, որոնք կապված են աշխատանքային օրենսդրությամբ նրանց համար սահմանված առավելագույն նորմերը գերազանցող ծանրությունների տեղափոխման և տեղաշարժման հետ:

 

ՀԵՐԹԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

 

Հոդված 271. Հերթապահ ստորաբաժանումը նշանակվում է պահակախմբերի ուժեղացման կամ հրդեհների, տարերային աղետների և այլ պատահարների ժամանակ շտապ կանչերի համար:

Արգելվում է հերթապահ ստորաբաժանումներն օգտագործել գնդի տեղակայման վայրից դուրս տնտեսական աշխատանքներ կատարելու համար:

Հերթապահ ստորաբաժանումը ենթարկվում է գնդի հերթապահին:

 

Հոդված 272. Տագնապ հայտարարվելու (կանչի) դեպքում հերթապահ ստորաբաժանումը շարվում է իրեն հատկացված տեղում և գործում է գնդի հերթապահի ցուցումով:

Հերթապահ ստորաբաժանմանը փամփուշտներ տրվում են միայն գնդի հերթապահի հրամանով:

 

Հոդված 273. Հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքներ անցկացվում են գնդի տեղակայման վայրի մերձակայքում: Հերթապահ ստորաբաժանման գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը պետք է հայտնի լինեն գնդի հերթապահին:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՎԵՐԱԿԱՐԳԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 274. Ստորաբաժանումները վերակարգ են նշանակվում իրենց հրամանատարների հետ միասին:

Ենթասպաների, սպաների և գնդի ստորաբաժանումների միջև վերակարգերի հերթականությունը սահմանում է գնդի շտաբի պետը:

Վաշտում դասակների միջև վերակարգի հերթականությունը սահմանում է վաշտի ավագը, իսկ դասակում` դասակի հրամանատարի տեղակալը:

Հերթական վերակարգերի թիվը զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների միջև պետք է բաշխվի հավասարաչափ և արդար:

Առանձին ժամանակահատվածներում տարբեր զինծառայողների ծառայողական խնդիրների ծավալի մեծ տարբերությունների դեպքում առավել զբաղված սպաների և ենթասպաների համար վերակարգերի թիվը այդ ժամանակահատվածում կարող է պակասեցվել գնդի հրամանատարի որոշմամբ:

 

Հոդված 275. Վերակարգերի թերթիկները լրացնում են ամեն ամսվա համար առանձին (Հավելված 12)`

զինծառայողների համար` դասակների հրամանատարների տեղակալները.

սերժանտների համար` վաշտի ավագը.

գնդի վարչության և առանձին ստորաբաժանումների ենթասպաների և սպաների, ինչպես նաև գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների համար` գնդի շտաբում, մյուս ենթասպաների և սպաների համար` գումարտակների շտաբներում:

Վերակարգերի թերթիկները պահվում են մեկ տարի, որից հետո ոչնչացվում են:

 

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 276. Զորամասի շտաբը նոր ամսվա սկզբից 5-6 օր առաջ ստորաբաժանումների հրամանատարներին հայտնում է օրվա վերակարգի կազմը և այն ստանձնելու օրը:

 

Հոդված 277. Այն ստորաբաժանումների հրամանատարները, որոնցից նշանակվում է օրվա վերակարգը, պատասխանատու են վերակարգի անձնակազմի ընտրության, ծառայությանը նրա նախապատրաստման, գնդի համապատասխան պաշտոնատար անձանց մոտ ժամանակին պարապմունքների (հրահանգավորման), հերթափոխման ներկայացնելու համար:

 

Հոդված 278. Վերակարգի նախընթաց գիշերը օրվա վերակարգ նշանակված անձինք պետք է ազատվեն բոլոր պարապմունքներից և աշխատանքներից: Արտահաստիքային հրշեջ խմբից նշանակված հրշեջ վերակարգը գնդի տարածքում անցկացվող պարապմունքներից ու աշխատանքներից չի ազատվում:

 

Հոդված 279. Վերակարգը ստանձնելու օրը կանոնակարգով սահմանված ժամերին անձնակազմին պետք է տրվի առնվազն 3 ժամ, իսկ մեկ օր անց պահակության անցնելու դեպքում` առնվազն 4 ժամ ծառայությանը նախապատրաստվելու, այդ թվում` գործնական պարապմունքների անցկացման համար, և առնվազն մեկ ժամ` հանգստի (քնի) համար:

 

Հոդված 280. Օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, բացի վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբից, իրականացնում է ստորաբաժանման ավագը կամ նշանակված այլ պաշտոնատար անձ: Գումարտակից (դիվիզիոնից) կամ զորամասից նշանակված օրվա վերակարգի նախապատրաստումը կազմակերպում են համապատասխան հրամանատարները և անցկացնում նրանց տեղակալները:

Պահակախմբի նախապատրաստումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային զինծառայողների կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 281. Օրվա վերակարգի` գնդի հրամանով որոշված անձինք, իրենց ծառայողական նշանակությանը (դերին) համապատասխան, սահմանված ժամին պարապմունքների (հրահանգավորման) են ներկայանում գնդի հրամանատարի տեղակալի կամ գնդի հրամանատարի այլ նպատակով նշանակած պաշտոնատար այլ անձանց:

Պարապմունքների (հրահանգավորման) ժամանակ ուսումնասիրվում են զինվորական կանոնադրությունների, հրահանգների և անվտանգության պահանջների դրույթները և ստուգվում է վերակարգի անձնակազմի` իր հատուկ պարտականությունների իմացությունը:

Գործնական պարապմունքներն անցկացվում են վերակարգը ստանձնելու օրը` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին, օրվա վերակարգի ծառայության կատարման համար կահավորված շինություններում (տեղերում), ստորաբաժանման տարածքում կամ ծառայության կատարման տեղում:

 

Հոդված 282. Օրվա վերակարգի որոշ անձանց ավտոմատներով (կարաբիններով) զինելիս` անհրաժեշտության դեպքում զենքի կիրառմամբ գործողությունների հետ կապված պարապմունքներ են անցկացվում:

 

Հոդված 283. Հերթափոխի անցնելուց 15 րոպե առաջ օրվա վերակարգը պետք է պատրաստ լինի ծառայությանը և իր հերթապահների ու գնդի պահակապետի կողմից ընդունված լինի նրանց ենթակայության տակ:

 

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 284. Օրվա վերակարգի հերթափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության պահանջներին համապատասխան:

Հերթափոխումը անցկացնում է գնդի նոր հերթապահը գնդի հրամանատարի սահմանած ժամանակ:

 

Հոդված 285. Հերթափոխումից 10 րոպե առաջ գնդի հերթապահի սպաների թվից նոր նշանակված օգնականը օրվա վերակարգի անձնակազմը, բացի հերթապահ ստորաբաժանումից, կին զինծառայողների հանրակացարանի վերակարգից, ճաշարանի և հրշեջ վերակարգերից, շարում է դրա համար սահմանված տեղում, ստուգում նրա առկայությունը և գնդի հերթապահի ներկայանալուն պես զեկուցում նրան:

Եթե գնդի հերթապահի օգնականը ենթասպա է, ապա օրվա վերակարգը շարում և գնդի հերթապահին զեկույց է տալիս օրվա վերակարգի անձնակազմի սպաներից մեկը:

 

Հոդված 286. Հերթափոխի համար օրվա վերակարգը շարվում է. աջ թևում` պահակախմբերը, այնուհետև աջից ձախ` հավաքակայանի հերթապահը, հերթապահ բուժակը (սանհրահանգիչը), հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, վաշտերի բոլոր հերթապահները` ստորաբաժանումների կարգով, թղթատարները (ցրիչները), ճաշարանի հերթապահը, հրշեջ վերակարգի պետը և հերթապահ փողհար-թմբկահարը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները) շարվում են իրենց հերթապահների թիկունքում. գնդի հերթապահի օգնականը կանգնում է պահակախմբերի աջ թևում:

 

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 287. Օրվա վերակարգի բոլոր անձինք պետք է գիտենան, ճիշտ և բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները` համառորեն ձգտելով կանոնակարգի կատարմանը և ներքին կարգուկանոնի այլ պայմանների պահպանմանը:

Օրվա վերակարգի անձինք իրավունք չունեն դադարեցնել կամ ուրիշին հանձնել իրենց պարտականությունների կատարումը առանց գնդի հերթապահի թույլտվության:

 

Հոդված 288. Երբ ստորաբաժանում են գալիս պետերը, սկսած գնդի հրամանատարներից և ավելի բարձր, ստորաբաժանումների հերթապահները պարտավոր են այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հերթապահին:

 

Հոդված 289. Գնդի հերթապահին և նրա օգնականին հերթով, ինչպես նաև վաշտի հերթապահին թույլատրվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ չորսական ժամ պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հագուստը և հանդերձանքը չհանած:

Օրապահների ազատ հերթափոխին թույլատրվում է հերթով պառկած հանգստանալ (քնել) միայն քնի ազդարարումից մինչև վերկացը` առանց հագուստի:

Հավաքակայանի, հսկիչ-անցագրային կետի և ճաշարանի հերթապահներին, հերթապահ բուժակին (սանհրահանգչին), գնդի շտաբի հերթապահին և փողհար-թմբկահարին թույլատրվում է գիշերը պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հանդերձանքով և հագուստով:

 

Հոդված 290. Օրվա վերակարգի հերթափոխը հանձնած զինծառայողները հերթը հանձնելու օրը ազատվում են պարապմունքներից և աշխատանքներից:

Հանգստյան և տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին և ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

 

ԳՆԴԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 291. Գնդի հերթապահը նշանակվում է գնդի վարչության և գումարտակների սպաներից, վաշտերի հրամանատարներից և նրանց համահավասար անձանցից: Նա պատասխանատու է գնդի ստորաբաժանումներին և վարչությանը տագնապի ազդարարման մասին ժամանակին ծանուցելու, գնդում ներքին կարգուկանոնի պահպանման և օրվա վերակարգի ծառայության կատարման համար, ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների սպաների և ենթասպաների ատրճանակների և զինամթերքի պահպանման համար: Գնդի հերթապահը ենթարկվում է գնդի հրամանատարին: Նրան է ենթարկվում գնդի ամբողջ օրվա վերակարգը:

Առանձին գումարտակներում և նրանց համահավասար զորամասերում թույլատրվում է զորամասի հերթապահ նշանակել դասակի հրամանատարներին, ինչպես նաև գումարտակի շտաբի և ծառայությունների ենթասպաներին:

Գնդի ներքին պահակախմբերի վերաբերմամբ գնդի հերթապահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության` պահախմբերի հերթապահի մասին դրույթներով:

 

Հոդված 292. Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում է օրվա վերակարգի թվակազմը, սպառազինությունը, օրվա վերակարգի համար սահմանված համազգեստը, իրենց պարտականությունների իմացությունը, ցուցումներ է տալիս բացահայտված թերությունները վերացնելու համար և ներկայացնում հաջորդ օրվա համազգեստը:

Հերթափոխումից հետո նոր հերթապահը նախկին հերթապահից ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների սպաների ու ենթասպաների զենքն ու զինամթերքը: Զենքն ընդունում է հատ-հատ` համարներով և լրակազմով: Այնուհետև գնդի նախկին հերթապահի հետ համատեղ նա ստուգում է ծանուցման և ռադիացիոն ու քիմիական հետախուզության սարքերը, պահպանող տեխնիկական միջոցների սարքինությունը, մեկուսացվածների գրքով ճշտում է մեկուսացվածների թիվը և կարգապահական մեկուսարանում նրանց պահելու ժամկետները:

 

Հոդված 293. Հերթապահության հանձնումից-ընդունումից և պահակախմբերի հերթափոխման մասին պահակակետերի զեկույցներից հետո նախկին և նոր հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի հրամանատարին:

Օրինակ` «Պարոն գնդապետ, ավագ լեյտենանտ Մելքոնյանը գնդի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն գնդապետ, կապիտան Սահակյանը գնդի հերթապահությունը ընդունել է»:

Այնուհետև գնդի նոր հերթապահը հայտնում է հերթապահության ընդունման ժամանակ բացահայտված բոլոր թերությունները, որոնք չէին կարող վերացվել փոխվող վերակարգի կողմից:

 

Հոդված 294. Գնդի հերթապահը պարտավոր է`

- տագնապի ազդանշանը ստանալուն պես անհապաղ տալ ստորաբաժանումների վերկացի ազդանշանը, զեկուցել գնդի հրամանատարին, ծանուցել նրա տեղակալներին և այլ պաշտոնատար անձանց մինչև նրանց ժամանումը.

- ղեկավարել ստորաբաժանումների ելքը դեպի հավաքակետերը.

- զորահավաքի ծանուցումը ստանալուն պես այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարին ու շտաբի պետին և գործել նրանց ցուցումներին ու հրահանգներին համապատասխան.

- գնդի վարչության սպաներին ու ենթասպաներին անձնական զենք և զինամթերք, ռադիոակտիվ ճառագայթման անհատական դոզաչափեր տալ ստորագրությամբ` դրված զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), իսկ տագնապի ժամանակ` քարտեզով վերահսկել նրանց ժամանակին հանձնումը, ստորաբաժանումներում զենքի պահասենյակների ազդանշանման համակարգի չհիմնավորված գործելու դեպքում պարզել պատճառները և վերահսկել պահպանության համար ազդանշանման համակարգի միացումը.

- թշնամու կողմից զանգվածային ոչնչացման կամ ատոմային և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններում տեղի ունեցած վթարների հետևանքով ռադիացիոն և քիմիական վտանգի առաջացման դեպքում գործել եղած հրահանգներին համապատասխան.

- հետևել ստորաբաժանումներում օրվա կանոնակարգի կատարմանը և ղեկավարել սահմանված ազդանշաններ տալը.

- օրական առնվազն երկու անգամ (մի անգամ` գիշերը) անձամբ ստուգել ստորաբաժանումներում օրվա վերակարգի ծառայության կատարումը և ներքին կարգուկանոնի պահպանումը, միջոցներ ձեռնարկել հանցագործությունները, պատահարները, զանցանքները կանխելու, անվտանգության պահանջների խախտումներ թույլ չտալու, ինչպես նաև բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

- մշտապես գիտենալ գնդի հրամանատարի գտնվելու վայրը, անհապաղ զեկուցել նրան գնդում տեղի ունեցած բոլոր պատահարների, ժամկետային ծառայության զինծառայողների ինքնակամ բացակայությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.

- գտնվել հերթապահի սենյակում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականին և նրան հայտնել` ուր և որքան ժամանակով է գնում.

- գիտենալ ուսումնական դաշտերի շրջանները, ինչպես նաև վաշտերը որտեղ են անցկացնում պարապմունքները.

- տեղեկություններ ունենալ գնդի անձնակազմի, ինչպես նաև մարտական և տրանսպորտային մեքենաների բաշխման մասին, հավաքակայանի հերթապահի միջոցով վերահսկել մեքենաների վերադարձը հավաքակայան, գնդի հրամանատարին զեկուցել ուղերթում նրանց ուշացումների դեպքերի մասին, միջոցներ ձեռնարկել մեքենաների որոնման և դրանք հավաքակայան վերադարձնելու համար.

- ստուգել և ժամանակին ուղարկել գնդի նշանակած ստորաբաժանումները (խմբերը) և այդ մասին զեկուցել գնդի շտաբի պետին կամ հրամանատարին.

- ստուգել գնդի տեղակայման վայրից արձակվող ժամկետային ծառայության զինծառայողների արտաքին տեսքը և նրանց վերադարձի ժամանակի մասին նշումներ կատարել արձակման գրություններում, թղթատարներին (ցրիչներին) թույլատրել տեղաբաշխման սահմաններից դուրս գալ զինանշանով կնիքով հաստատված ծանուցման քարտերով.

- մեկուսացվածներին ընդունել կարգապահական մեկուսարան և մեկուսացումից ժամանակին ազատել նրանց` համապատասխան նշումներ անելով մեկուսացման մասին գրության մեջ և մեկուսացվածների գրքում.

- գնդի տեղակայման տարածքում կամ նրա մերձակայքում հրդեհի բռնկման կամ տարերային աղետի դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել գնդի մարտական դրոշը, մարդկանց, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական միջոցները փրկելու համար, հրդեհի դեպքում հրշեջ խումբ կանչել և մինչև նրա ժամանումը կազմակերպել հրդեհի մարումը.

- նախքան կերակուրը բաժանելը բժշկի (բուժակի) հետ միասին ստուգել նրա որակը` համապատասխան գրանցումներ կատարելով պատրաստված կերակրի որակի վերահսկողության հաշվառման գրքում, թույլատրել նրա բաժանումը, կերակրի որակը կասկածի տակ առնելու դեպքում այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարին, ճաշարանում անձամբ ներկա գտնվել կերակրի բաժանմանն ու ընդունելուն և վերահսկել այն ամբողջությամբ անձնակազմին հասցնելը.

- հետևել զորանոցներում և գնդի տարածքում մաքրությանն ու կարգուկանոնին.

- հատուկ դեպքերում ստորաբաժանումների հերթապահներին հրաման տալ կողպելու զորանոցների մուտքի դռները.

- գնդի հրամանատարի ժամանման դեպքում դիմավորել նրան, տալ «Զգա´ստ» հրամանը և զեկուցել նրան:

Օրինակ` «Պարոն գնդապետ, իմ հերթապահության ընթացքում պատահարներ տեղի չեն ունեցել (կամ տեղի է ունեցել այս, այս): Գնդի հերթապահ կապիտան Սահակյան»:

Գնդի հրամանատարի տեղակալներին գնդի հերթապահը միայն ներկայանում է:

 

Հոդված 295. Երեկոյան ստուգումից (անվանականչից) և վերկացից հետո գնդի հերթապահը ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում և տեղեկություններ կազմում բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում` կազմում նրանց ցուցակը: Վերջինս մեկուսացվածների ցուցակի հետ միասին առավոտյան զեկույցից հետո ներկայանում է գնդի հրամանատարին:

Իր հերթապահության ընթացքում օրվա վերակարգի ծառայության մեջ բացահայտված բոլոր թերությունների և գնդում ներքին կարգուկանոնի այն խախտումների մասին, որոնք չեն կարող վերացվել մինչև հերթապահության հանձնումը, գնդի հերթապահը գրառումներ է կատարում հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12): Գնդի հերթապահը հերթապահության հանձնման-ընդունման գիրքը ամեն օր ներկայացնում է գնդի հրամանատարին:

 

Հոդված 296. Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարներից բարձր ուղղակի պետերին և տեսչական ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձանց:

Այդ անձանց դիմավորելիս` գնդի հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և զեկուցում նրանց:

Օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ, 2-րդ մոտոհրաձգային գունդը (այսինչ շրջանում) զբաղվում է մարտական պատրաստությամբ` պարապմունքների կարգացուցակին համապատասխան: Գնդի հերթապահ կապիտան Կարապետյան»:

Վերոհիշյալ անձանց ժամանման մասին գնդի հերթապահն անհապաղ զեկուցում է գնդի հրամանատարին կամ նրան փոխարինողին:

Այն դեպքում, երբ ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի հերթապահը միայն ներկայանում է:

Վերը նշված գեներալների, ինչպես նաև այլ զորամասերի ավագ սպաների ժամանման դեպքում գնդի հերթապահը ներկայանում է նրանց:

Օրինակ` «Պարոն գեներալ մայոր: Գնդի հերթապահ կապիտան Պետրոսյան»: Այնուհետև նա ուղեկցում է նրանց գնդի հրամանատարի կամ նրան փոխարինողի մոտ:

Այլ զորամասերի մյուս զինծառայողներին, նրանց անձը և ժամանման նպատակները պարզելուց հետո, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գունդ մտնել մեկանգամյա անցագրով:

 

ԳՆԴԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 

Հոդված 297. Գնդի հերթապահի օգնականը նշանակվում է կրտսեր սպաներից կամ ենթասպաներից և ենթարկվում է գնդի հերթապահին: Նա պարտավոր է գիտենալ գնդի հերթապահի հրահանգը, կարողանալ գործածել գնդի հերթապահի մոտ եղած ծանուցման միջոցները, պահպանության տեխնիկական միջոցներն ու կապի միջոցները, ռադիացիոն և քիմիական հետախուզության սարքերը, հերթապահի փոխարեն մնալիս կատարել նրա պարտականությունները:

 

Հոդված 298. Սպաներից նշանակված գնդի հերթապահի օգնականին ենթարկվում են օրվա վերակարգի բոլոր անձինք: Ներքին պահակախմբերի վերաբերմամբ նա ղեկավարվում է կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության` պահակախմբի հերթական օգնականի մասին դրույթներով:

Ենթասպաներից նշանակված գնդի հերթապահի օգնականին ենթարկվում են օրվա վերակարգի բոլոր անձինք, բացի սպաներից:

 

ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 299. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը նշանակվում է ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է գունդ ժամանող (գնդից հեռացող) անձանց ներս թողնելու (դուրս գալու), ինչպես նաև որևէ ունեցվածքի դուրսբերման (ներկրման) ճշտության համար: Հսկիչ-անցագրային հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին: Նրան են ենթարկվում հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հերթապահին:

 

Հոդված 300. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է`

- հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10).

- ստուգել գունդ ժամանողների անձը վկայող փաստաթղթերը, մեկանգամյա անցաթղթեր դուրս գրել այն անձանց թույլտվությամբ, որոնց ցուցակը հաստատված է գնդի հրամանատարի կողմից, ինչպես նաև գնդի հերթապահի ցուցումով.

- գնդի հերթապահին զեկուցել այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի ճշտությանը ինքը կասկածում է.

- ժամկետային ծառայության զինծառայողներին չթույլատրել գնդի տարածքից դուրս գալ առանց դրա իրավունքը տվող փաստաթղթի, սահմանված ձևով հագնված չլինելու դեպքում կամ թափթփված տեսքով, իսկ հետիոտն շարքով գնացող խմբերին գիշերային ժամերին` առանց շարքի սկզբում և վերջում ազդանշանային լապտերների, իսկ ցերեկային ժամերին` առանց ազդանշանային դրոշակների.

- գտնվել հսկիչ-անցագրային կետում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականներին.

- հսկել իր օգնականների ծառայության կատարման ճշտությունը.

- գնդի հրամանատարի կամ նրա օգնականների ժամանման դեպքում դիմավորել նրանց և ներկայանալ:

 

Հոդված 301. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը դիմավորում է այլ զորամասերի սպաներին և ներկայանում նրանց:

Օրինակ` «Պարոն գեներալ-մայոր: Հսկիչ-անցագրային կետի հերթապահ սերժանտ Հովհաննիսյան»:

Այնուհետև նա ժամանածների մասին անհապաղ զեկուցում է գնդի հերթապահին:

 

ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 

Հոդված 302. Հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը նշանակվում է սերժանտներից և զինվորներից: Նա ենթարկվում է հսկիչ-անցագրային կետի հերթապահին:

Հերթապահի հերթական օգնականը անբացակա գտնվում է հսկիչ-անցագրային կետում և պատասխանատու է գունդ ժամանող անձանց ներս թողնելու, ինչպես նաև որևէ ունեցվածքի դուրսբերման կամ ներկրման ճշտության համար:

 

Հոդված 303. Հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը պարտավոր է`

- իր գնդի սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին ներս թողնել անձնական վկայականներով, իսկ անձնապես (դեմքով) ճանաչելու դեպքում` առանց դրանց, ժամկետային ծառայության զինծառայողներին` արձակման գրություններով (արձակուրդային տոմսերով, գործուղման վկայականներով, կարգադրագրերով, ծանուցման քարտերով) այլ անձանց` անցագրերով.

- մշտական կամ մեկանգամյա անցագրերը ստուգելիս` դրանք համեմատել հսկիչ-անցագրային կետում եղած նշումների հետ, ստուգել լուսանկարի առկայությունը և համապատասխանությունը ներկայացնողին, հետևել, որպեսզի անցագրերը ժամկետանց չլինեն, իսկ մեկանգամյա անցագրերի վրա այցելուի դուրս գալու ժամանակ լինի անցագիրը տվող անձի նշումը.

- որևէ ունեցվածքի դուրսբերման կամ ներկրման ժամանակ նյութական բեռնագրով ստուգել` ինչ և ինչ քանակությամբ է թույլատրված անցկացնել, բաց թողնել միայն ուղեգրեր ունեցող մեքենաները.

- հսկիչ-անցագրային կետի հերթապահին զեկուցել ժամկետանց անցագիր ունեցող, ինչպես նաև այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի իսկությանն ինքը կասկածում է.

- հսկիչ-անցագրային կետի հերթապահին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարի, նրա տեղակալների, ինչպես նաև այլ զորամասերի սպաների ժամանման մասին:

 

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ (ԳՆԴԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ) ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 304. Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին:

Գումարտակի հերթապահը գումարտակում ներքին ծառայության կարգով ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ գնդի ապահովման ստորաբաժանումների հերթապահը` ստորաբաժանումներից մեկի հրամանատարին, որը գնդի հրամանով այդ ստորաբաժանումների ավագ է նշանակված:

Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահն իր պարտականությունները կատարում է վաշտի հերթապահի պարտականություններին համապատասխան: Ընդ որում, ապահովման բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի ուղղակի պետերի, գնդի հերթապահի, տեսչական ստուգումը անցկացնող անձանց, ինչպես նաև ներքին ծառայության կարգով իր վերադասի` գունդ ժամանելուն պես ապահովման ստորաբաժանումների հերթապահը պարտավոր է արձակել «Զգա´ստ» հրամանը և զեկույց տալ, եթե այդ ժամանակ գնդի տեղակայման սահմաններից բացակայում են ծառայողական դիրքով բարձր պետերը:

 

Հոդված 305. Գնդի մյուս ստորաբաժանումներից անջատ (առանձին) տեղակայված գումարտակում գումարտակի հերթապահը կարող է նշանակվել սպաներից և ենթասպաներից: Այդ դեպքում իր պարտականությունները նա կատարում է գնդի հերթապահի պարտականություններին համապատասխան:

 

ՎԱՇՏԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 306. Վաշտի հերթապահը նշանակվում է սերժանտներից և, որպես կանոն, առավել պատրաստված զինվորներից: Նա պատասխանատու է օրվա կարգուկանոնի ճշգրիտ կատարման և վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման համար, զենքի, զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի անվտանգության և օրապահների կողմից ծառայության ճիշտ կատարման համար: Վաշտի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտի ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և վաշտի ավագին: Նա վաշտի նույն կամ ավելի ցածր զինվորական կոչում ունեցող բոլոր զինծառայողների պետն է:

 

Հոդված 307. Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի ավագին: Վաշտի ավագի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման:

Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում և ըստ ցուցակի ընդունում է զենքը, զինամթերքի արկղերն ու նրանց վրայի կնիքները, ունեցվածքը, ստուգում է հրդեհամարիչ և ծանուցիչ միջոցների առկայությունն ու սարքինությունը, որից հետո հերթապահները ստորագրում են հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12):

Զենքն ընդունվում է հատ-հատ, ըստ համարների և լրակազմով:

Ընդ որում` ստուգվում է կողպեքների, պահպանման ազդանշանիչների, պահարանների կնիքների և այլ սարքավորումների սարքինությունը:

Ընդունելով հերթապահությունը` նոր հերթապահը հին հերթապահի հետ միասին հերթապահության հանձնման և ընդունման մասին զեկույցով ներկայանում են վաշտի հրամանատարին, նրա բացակայությամբ` վաշտի հրամանատարի տեղակալին, իսկ վերջինիս բացակայելու դեպքում` վաշտի ավագին:

Օրինակ` «Պարոն կապիտան, սերժանտ Ստեփանյանը վաշտի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն կապիտան, կրտսեր սերժանտ Կարապետյանը վաշտի հերթապահությունն ընդունել է»:

Այնուհետև վաշտի նոր հերթապահը հայտնում է հերթափոխման ժամանակ գնդի հերթապահի արած բոլոր դիտողություններն ու տված ցուցումները, ինչպես նաև հերթապահության ընդունման ժամանակ հայտնաբերված անսարքությունների կամ թերհանձնման մասին:

 

Հոդված 308. Վաշտի հերթապահը պարտավոր է`

- տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչև նրանց վաշտ ժամանելը կատարել գնդի հերթապահի ցուցումները.

- հետևել վաշտում օրվա կանոնակարգի ճիշտ կատարմանը, սահմանված ժամերին կատարել անձնակազմի ընդհանուր վերկացը.

- գիտենալ վաշտի գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը, վաշտում մարդկանց առկայությունը, վերակարգում գտնվողների, հիվանդների, կալանավորների, գնդի դիրքավորումից արձակվածների կամ խմբերի կազմում ուղարկվածների թիվը, ինչպես նաև զենքի առկայությունն ու ճշգրիտ ծախքը.

- զենքը, բացի ատրճանակներից, բաց թողնել միայն վաշտի հրամանատարի կամ ավագի հրամանով` այդ մասին գրառումներ կատարելով զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), զենքի ընդունման ժամանակ ստուգել համարներն ու լրակազմը, մշտապես իր մոտ ունենալ և ոչ ոքի չփոխանցել զենքի պահասենյակի բանալիները.

- վաշտում որևէ պատահարի և վաշտի զինվորների կամ սերժանտների միջև փոխհարաբերությունների կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես զեկուցել գնդի հերթապահին և վաշտի հրամանատարին կամ նրա տեղակալին, իսկ վերջիններիս բացակայությամբ` վաշտի ավագին.

- հետևել վաշտի հրդեհամարիչ միջոցների և զենքի պահասենյակների պահպանման ազդանշանիչների առկայությանն ու սարքին վիճակին, վաշտում հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (ծխելը թույլատրել միայն դրա համար հատկացված հատուկ տեղերում, համազգեստի չորացումը` միայն չորանոցներում, վառարանները վառելու և լամպերն օգտագործելու կանոնների կատարմանը).

- գնդի հերթապահի հրամանով փականքներով կողպել զորանոցի դռները, իսկ այցելուներին ներս թողնել ազդանշանիչի զանգով` նախապես ծանոթանալուց հետո.

- հրդեհի բռնկման դեպքում հրշեջ խումբ կանչել, միջոցներ ձեռնարկել այն մարելու համար և անհապաղ զեկուցել գնդի հերթապահին ու վաշտի հրամանատարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել վտանգի ենթակա մարդկանց զենքը և ունեցվածքը շինություններից դուրս բերելու ուղղությամբ.

- ժամանակին փոխել օրապահներին, աշխատանքի նշանակված ստորաբաժանումներն ու տարբեր խմբերը վաշտի ավագի հրամանով ուղարկել աշխատանքի, բոլոր հիվանդներին և բուժքննության ենթակա անձանց ուղարկել բուժկետ.

- նշանակված ժամին շարել գնդի տեղակայման տարածքից արձակվողներին, այդ մասին զեկուցել վաշտի ավագին և նրա հրամանով դրանց ներկայացնել գնդի հերթապահին.

- ծառայողական գործերով վաշտի շինությունից դուրս գալիս, ինչպես նաև իր հանգստի ժամանակ իր պարտականությունների կատարումը հանձնարարել ազատ հերթափոխի օրապահներից մեկին.

- երեկոյան ստուգումից (անվանականչից) հետո վաշտի ավագից տեղեկություններ ստանալ բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում ստանալ նրանց ազգանունները, անուններն ու հայրանունները և զեկուցել գնդի հերթապահին:

Օրինակ` «Պարոն կապիտան, առաջին տանկային վաշտում ստուգումն (անվանականչն) անցկացված է, բոլորը ներկա են, բացի արձակուրդում գտնվող երկու և վերակարգում գտնվող երեք հոգուց: Վաշտի հերթապահ սերժանտ Բաղդասարյան»:

- վերկացից հետո կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցել վաշտի անձնակազմի ներկայության (առկայության) և գիշերվա ընթացքում տեղի ունեցած պատահարների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել արձակումից ուշացածների և ինքնակամ բացակայողների ցուցակները.

- հետևել վաշտի շինությունների խնամքով մաքրմանն ու պահպանմանը, դրանցում օդի սահմանված ջերմաստիճանի պահպանմանը, շինությունների լուսավորման կարգի պահպանմանը, ջեռուցմանը, օդափոխմանը, բակերում խմելու ջրի և լվացարաններում ջրի առկայությանը, ինչպես նաև վաշտին կցված տարածքի մաքրմանը.

- վաշտի անձնակազմի սնվելու ժամանակ ճաշարանում կարգուկանոն պահպանել, վաշտի ավագի ցուցումով ժամանակին հայտեր ներկայացնել ճաշարանի հերթապահին` կերակուր պահելու այն անձանց համար, ովքեր վերակարգում են գտնվում կամ բացակայում են ծառայողական այլ գործերով.

- անմիջական պետերի` սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր, գնդի հերթապահի, ինչպես նաև տեսչական ստուգումներ անցկացնող անձանց` վաշտ ժամանելու դեպքում արձակել «Զգա´ստ» հրամանը, զեկույց տալ և ուղեկցել նրանց վաշտի տարածքում:

Օրինակ` «Պարոն մայոր, իմ հերթապահության ընթացքում պատահարներ չենք ունեցել (տեղի է ունեցել այս, այն): Վաշտը պարապում է հրաձգարանում: Վաշտի հերթապահ` սերժանտ Վարդանյան»:

Մյուս սպաներին, ենթասպաներին և վաշտի ավագին հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է:

Ուրիշ վաշտերի սպաների ժամանման դեպքում վաշտի հերթապահը ներկայանում է նրանց և ուղեկցում վաշտի հրամանատարի մոտ:

Եթե ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է վաշտի հրամանատարը և զեկուցում նրան, վաշտի ներկա գտնվող հերթապահը զեկույց չի տալիս, այն միայն ներկայանում է:

 

Հոդված 309. Բնակավայրերում տեղակայվելու դեպքում վաշտի հերթապահը, բացի այդ, հետևում է, որպեսզի զինվորներն ու սերժանտները դուրս չգան վաշտի տեղակայման շրջանից, չմտնեն արգելված վայրեր, փողոցում գտնվելիս հագնված լինեն սահմանված կարգով և պահպանեն հասարակական կարգը: Կարգի խախտումներ թույլ տվածներին վաշտի հերթապահը բռնում է և ուղարկում վաշտի ավագի մոտ:

 

ՎԱՇՏԻ ՕՐԱՊԱՀԸ

 

Հոդված 310. Վաշտի օրապահը նշանակվում է զինվորներից: Նա պատասխանատու է իր հսկողության տակ գտնվող զենքի, ատրճանակների պահարանների (արկղերի), զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի պահպանման համար: Վաշտի օրապահը ենթարկվում է վաշտի հերթապահին:

 

Հոդված 311. Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում:

Նա պարտավոր է`

- վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, մշտապես հսկել զենքի պահասենյակը.

- կողմնակի անձանց ներս չթողնել, ինչպես նաև թույլ չտալ առանց վաշտի հերթապահի թույլտվության զորանոցից դուրս բերել զենք, զինամթերք, ունեցվածք և այլ իրեր.

- վաշտի հերթապահին անհապաղ զեկուցել վաշտում տեղի ունեցած բոլոր պատահարների, վաշտի զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` կանոնադրություններով սահմանված կանոնների խախտումների, նկատված անսարքությունների և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների մասին, միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.

- ընդհանուր վերկացի ժամանակ արթնացնել անձնակազմը, ինչպես նաև գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում ժամանակին կարգադրություններ անել ըստ օրվա կանոնակարգի.

- շինություններում հետևել մաքրությանն ու կանոնակարգին, զինծառայողներից պահանջել դրանց պահպանումը.

- զինծառայողներին թույլ չտալ ցուրտ եղանակներին, հատկապես գիշերը, չհագնված դուրս գալ շինություններից.

- հետևել, որ զինծառայողները ծխեն, կոշիկներն ու հագուստը մաքրեն դրա համար հատկացված շինություններում կամ տեղերում.

- անմիջական պետերի` սկսած վաշտի հրամանատարներից և ավելի բարձր, և գնդի հերթապահի` վաշտ ժամանելու դեպքում տալ «Զգա´ստ» հրամանը.

- վաշտի մյուս սպաների, ինչպես նաև վաշտի ավագի և ուրիշ վաշտերի զինծառայողների` վաշտ ժամանելու դեպքում կանչել հերթապահին: Օրինակ` «Վաշտի հերթապահ, դուրս գալ»:

Հերթական օրապահին արգելվում է նստել, հանել հանդերձանքը և արձակել հագուստի կոճակները:

Ազատ հերթափոխի օրապահը պարտավոր է մաքրություն և կարգ պահպանել վաշտի շինություններում ու ոչ մի տեղ չգնալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, օգնել նրան կարգուկանոն հաստատելու զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում, վաշտի հերթապահին փոխարինելիս կատարել նրա պարտականությունները:

 

Հոդված 312. Բնակավայրերում վաշտը բնակարաններում տեղավորելու դեպքում օրապահներից մեկը պարտավոր է անբացակա կերպով գտնվել փողոցում` վաշտի հրամանատարի որոշած և վատ եղանակին պաշտպանվելու համար ծածկով սարքավորված տեղում:

Օրապահը պարտավոր է մշտապես գիտենալ վաշտի հերթապահի գտնվելու վայրը և հետևել զինծառայողների հասարակական կարգի և զինվորական համազգեստը կրելու կանոնների պահպանմանը: Նկատված բոլոր խախտումների մասին նա զեկուցում է վաշտի հերթապահին:

 

ՃԱՇԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 313. Ճաշարանի հերթապահը նշանակվում է ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է պահեստից մթերքի ստացման ճշտության, դրանք կաթսայի մեջ լրիվ դնելու, կերակուրը սահմանված չափաբաժիններով ժամանակին բաժանելու, խոհանոցային գույքի և ամանեղենի անվնասության, ինչպես նաև ճաշարանի սանիտարահիգիենիկ վիճակի և դրանում կարգուկանոնի պահպանման համար: Ճաշարանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության պետին: Նրան են ենթարկվում ճաշարանում աշխատելու համար նշանակված օրվա վերակարգը և խոհարարները:

 

Հոդված 314. Ճաշարանի նոր հերթապահը սահմանված ժամին հրահանգներ է ստանում գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալից իսկ նրա բացակայության դեպքում` պարենային ծառայության պետից:

Հերթափոխումից առաջ ճաշարանի նոր հերթապահը ստուգում է վերակարգի կազմը, լրացնում է ճաշարանի օրվա վերակարգի տեղեկագիրը և վերակարգը ներկայացնում բժշկական քննության: Հերթափոխումից հետո նա ցուցակով ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), խոհանոցային գույքը և ամանեղենը, ստուգում տեխնոլոգիական սարքավորման սարքինությունը, աշխատանքի բաժանում կատարում ճաշարանի վերակարգի անձնակազմերի զինվորների միջև, անցկացնում անվտանգության պահանջների վերաբերյալ նրանց հրահանգավորումը:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին ճաշարանի հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին կամ գնդի հերթապահին:

 

Հոդված 315. Ճաշարանի հերթապահը պարտավոր է`

- գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.

- վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին.

- հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները.

- ներկա գտնվել մթերքը կաթսայի մեջ դնելուն և հետևել, որ նախատեսված մթերքը կաթսայի մեջ դրվի ճիշտ քաշով.

- ներկա գտնվել միսն ու ձուկը չափաբաժինների բաժանելիս, ստուգել դրանց զանգվածը, ինչպես նաև պատրաստված կերակրի որակը վերահսկողության հաշվառման գրքում հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) գրանցումների ճշտությունը.

- բուժքննություն չանցած զինվորներին թույլ չտալ ճաշարանում աշխատելու, հետևել աշխատանքի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանմանը.

- ճաշարանում մաքրություն և կարգուկանոն պահպանել, անձնակազմին թույլ չտալ նստելիս ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով և հատուկ (աշխատանքային) հագուստով.

- հետևել սեղաններին ժամանակին սպասքադրմանն ու հավաքմանը, կազմակերպել ճաշարանախոհանոցային ամանեղենի որակով լվացումը, թույլ չտալ այն դուրս բերել ճաշարանից.

- չթույլատրել կերակրի բացթողումը առանց բժշկի (բուժակի) կողմից նրա որակի ստուգման և գնդի հերթապահի թույլտվության, հետևել կերակրի` ժամանակին և ճիշտ բաշխմանը և ստորաբաժանումներին նրա բացթողման հերթականության ճշգրիտ պահպանմանը.

- պահանջել, որ մթերքի պաշարները պահվեն մաքուր և կարգին, ապահովվի դրանց հուսալի պահպանումը.

- վաշտերի ավագների կամ վաշտերի (գումարտակների, ապահովման ստորաբաժանումների) հերթապահների հայտերով կերակուր բաց թողնել` չթույլատրելով այն սահմանված ժամկետներից երկար պահել.

- կազմակերպել մթերքի մշակումից հետո մնացորդները ժամանակին հավաքելը և հետևել ճաշարանին հարակից տարածքի մաքրությանը.

- կողմնակի անձանց ճաշարան չթողնել.

- ապահովել հրդեհային անվտանգության և տեխնոլոգիական սարքավորման շահագործման ժամանակ անվտանգության պահանջների կատարումը.

- բոլոր թերությունների մասին զեկուցել գնդի հերթապահին կամ նրա օգնականին.

- անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարի տեղակալներից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի և նրա օգնականի` ճաշարան այցելելու դեպքում ներկայանալ նրանց:

Օրինակ` «Պարոն գնդապետ: Ճաշարանի հերթապահ` ենթասպա Բարսեղյան»:

 

ԲՈՒԺԿԵՏԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺԱԿԸ, ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉԸ

 

Հոդված 316. Բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը) պատասխանատու է բուժկետում ներքին կարգուկանոնի համար, իսկ բժշկի բացակայության դեպքում` նախնական բուժօգնություն ցույց տալու համար: Նա ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի բուժկետի պետին: Նրան ենթարկվում են բուժկետի օրապահները:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են բուժկետի պետին:

 

Հոդված 317. Բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը) պարտավոր է`

- գտնվել բուժկետում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել բուժկետի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում.

- գիտենալ բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը, նրանց հիվանդության բնույթը, հիվանդներից յուրաքանչյուրին նշանակված բուժումը և սնունդը, կատարել բժշկի նշանակումները.

- ճաշարանի հերթապահի կանչով ճաշարան գնալ` որոշելու ճաշարանին տրվող մթերքի որակը (լավորակ լինելը).

- նախքան բուժական ընդունելությունն սկսելը առանձնացնել (ընտրել) ընդունելության համար գրանցված զինծառայողների բուժգրքույկները և չափել հիվանդների ջերմությունը.

- հանկարծակի հիվանդացած զինծառայողների` բուժկետ ընդունվելու դեպքում նախնական բժշկական օգնություն ցույց տալ նրանց և զեկուցել բուժկետի պետին.

- վաշտի հերթապահի կամ գնդի հերթապահի կանչով անհապաղ ներկայանալ հիվանդի (հիվանդացածի) մոտ` նրան օգնություն ցույց տալու, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդացածին անհապաղ ուղարկել բուժկետ և զեկուցել բժշկին.

- կատարել արձակուրդից, գործուղումից վերադարձողների, ճաշարանում վերակարգ նշանակվողների, ինչպես նաև ուղերթից առաջ` վարորդների բուժզննում.

- բուժկետի օրապահներից պահանջել մանրազնին հսկողություն և խնամք հիվանդների նկատմամբ.

- հետևել հիվանդների համար նախատեսված սննդի որակի և նրա ժամանակին բաշխմանը բուժկետի (շենքի) մաքրմանն ու ախտահանմանը, ջերմաստիճանին ու օդափոխմանը.

- հերթապահությունն ընդունելիս` ստացականով ընդունել թունավոր և թմրեցուցիչ դեղանյութերը և այն պահարանների բանալիները, որոնցում դրանք պահվում են.

- հերթապահությունն ընդունելուց հետո գնդի հերթապահին տեղեկություններ տալ բուժկետում բուժման մեջ գտնվող հիվանդների թվի մասին.

- բուժկետ այցելած անմիջական պետերին` սկսած բուժկետի պետից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահին ու նրա օգնականին ներկայանալ:

Օրինակ` «Պարոն մայոր, հերթապահ բուժակ` ենթասպա Հարությունյան»:

Ներկայանալուց հետո հերթապահ բուժակը եկողին զեկուցում է բուժկետում հիվանդների առկայության և նրանց վիճակի մասին:

Բուժկետի օրապահ:

 

Հոդված 318. Բուժկետի օրապահը նշանակվում է սանիտարներից և ենթարկվում է հերթապահ բուժակին (սանհրահանգչին): Եթե բուժծառայության հաստիքում չկա սանիտարի պաշտոն, բուժկետի օրապահը նշանակվում է առողջացող (ապաքինվող) զինվորներից:

Նա պարտավոր է`

- հերթապահ բուժակի (սանհրահանգչի) ցուցումով և նրա հսկողությամբ անցկացնել ընդունվող հիվանդների սանմշակումը.

- ընդունել և ախտահանման նախապատրաստել հիվանդների անձնական իրերը.

- սպասարկել հիվանդներին, նրանց մատուցել սնունդ և ջուր.

- մաքրել (կարգի բերել) բուժկետի շենքը.

- հետևել բուժկետում ներքին կարգուկանոնի պահպանմանը:

 

ԳՆԴԻ ՇՏԱԲԻ ՀԵՐԹԱՊԱՀ

 

Հոդված 319. Գնդի շտաբի հերթապահը նշանակվում է գնդի վարչության ենթասպաներից և սերժանտներից: Նա պատասխանատու է շտաբի ծառայողական սենյակների պահպանման, շտաբի շենքի մաքրության, ցրիչների (թղթատարների) ծառայության ճիշտ կատարման, թղթակցության և հեռախոսագրերի ժամանակին ընդունման համար: Գնդի շտաբի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի շտաբի պետին:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի շտաբի պետին և գնդի հերթապահին:

 

Հոդված 320. Գնդի շտաբի հերթապահը պարտավոր է`

- ընդունել թղթակցությունը ոչ աշխատանքային ժամերին.

- ընդունել և հաղորդել ծառայողական հեռախոսագրերը.

- ղեկավարել ցրիչներին (թղթատարներին).

- մշտապես ներկա լինել շտաբի շենքում, այնտեղ պահպանել մաքրություն ու կարգուկանոն, կողմնակի անձանց շտաբի շենք մտնելու թույլտվություն տալ գնդի հրամանատարի սահմանած կարգով.

- տագնապի ազդարարման դեպքում անմիջապես տեղեկացնել բոլոր սպաներին, ենթասպաներին, պայմանագրային ծառայության զինծառայողներին ու գնդի վարչության կին զինծառայողներին.

- պահպանության տակ առնել ծառայողական սենյակները և պահել դրանց բանալիները.

- հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, իսկ աշխատանքային օրվա վերջում անցկացնել գնդի շտաբի շենքի զննում հակահրդեհային առումով.

- հրդեհի առաջացման դեպքում կանչել հրշեջ խումբ, այն հանգցնելու և փաստաթղթերն ու շտաբի ունեցվածքը փրկելու միջոցներ ձեռնարկել, այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հերթապահին և գնդի շտաբի պետին.

- գնդի շտաբի պետի և գնդի հրամանատարի մյուս տեղակալների ու նրանցից բարձր պետերի, ինչպես նաև զորամասերի սպաների` գնդի շտաբ գալու դեպքում ներկայանալ նրանց.

Օրինակ` «Պարո´ն մայոր: Գնդի շտաբի հերթապահ` սերժանտ Պետրոսյան»:

 

ՀՐՇԵՋ ՎԵՐԱԿԱՐԳ

 

Հոդված 321. Հրշեջ վերակարգը նշանակվում է գնդի արտահաստիքային հրշեջ խմբից հետևյալ կազմով` վերակարգի պետ, վարորդներ և մարտական անձնակազմի մարտիկներ ըստ հաստատված հրշեջ մեքենաների կամ այլ ավտոմեքենաների (պոմպ) քանակի, պահակներ ըստ հրշեջ պահակակետերի քանակի: Հրշեջ վերակարգը ենթարկվում է գնդի հերթապահին և հրշեջ խմբի պետին:

 

Հոդված 322. Հրշեջ վերակարգը պարտավոր է`

- հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում.

- հրշեջ - պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի.

- հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը.

- օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատումը, այդ կանոնների պահպանման դեպքում նրանց հանձնել հրշեջ մետաղանիշեր (ժետոններ).

- պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում գնդի հերթապահին զեկուցել գնդում հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասին.

- հրդեհի դեպքում մասնակցել այն մարելուն:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին հրշեջ վերակարգի հին և նոր պետերը զեկուցում են գնդի արտահաստիքային հրշեջ խմբի պետին և գնդի հերթապահին:

Հրշեջ վերակարգն ապահովվում է հրդեհաշեջ անհրաժեշտ միջոցներով, իսկ հրշեջ ավտոմեքենաների (պոմպերի) մարտական անձնակազմերում ծառայող զինծառայողները` հատուկ անջրանցիկ գործվածքից բաճկոններով ու տաբատներով, գոտիներով և պողպատե սաղավարտներով:

 

ՀԵՐԹԱՊԱՀ ՓՈՂՀԱՐ-ԹՄԲԿԱՀԱՐԸ

 

Հոդված 323. Հերթապահ փողհար-թմբկահարը նշանակվում է ստորաբաժանումների պատրաստված զինվորներից և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Նա պարտավոր է գտնվել գնդի հերթապահի սենյակի մոտակայքում և ազդանշաններ տալ գնդի հերթապահի կամ նրա օգնականի հրամանով:

Փողհար-թմբկահարի բացակայության դեպքում ազդանշաններ տալու համար կարող են օգտագործվել ձայնագրության վերարտադրման տեխնիկական միջոցներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎԵՐԿԱՑ ՏԱԳՆԱՊՈՎ

 

Հոդված 324. Գնդի տագնապով վերկացը անցկացնում են այն հրամանատարները (պետերը), որոնց այդ իրավունքը տվել է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը):

Տագնապները լինում են մարտական և ուսումնական:

 

Հոդված 325. Մարտական տագնապով գնդի վերկացն անցկացվում է մարտական խնդիրների կատարման նախապատրաստման նպատակով: Ընդ որում, դուրս է բերվում գնդի ողջ անձնակազմը` իր ամբողջ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական միջոցներով:

 

Հոդված 326. Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և ավագ հրամանատարի հաստատած պլանով: Դրանում պետք է նախատեսված լինի`

ով իրավունք ունի մարտական տագնապ հայտարարել, ստորաբաժանումների ծանուցման, ինչպես նաև սպաների, ենթասպաների պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,

գնդի հերթապահի և օրվա վերակարգի այլ անձանց գործողությունները տագնապի ազդարարման ժամանակ,

գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,

գնդի կենտրոնացման շրջանները և նրանց ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելագիծը (մեկնակետը), երթուղիները և գնդի տեղաբաշխման կարգը,

գնդի համակողմանի ապահովման միջոցառումները,

գնդի` տագնապով վերկացի, տեղաշարժման ժամանակ և կենտրոնացման շրջանում ղեկավարման ու կապի կազմակերպումը,

մարտական դրոշի դուրսբերման կարգը,

զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների դուրսգրման, ինչպես նաև դրանց բեռնման և կենտրոնացման շրջաններ դուրս բերելու կարգը,

պարետային ծառայության կազմակերպումը հավաքի և կենտրոնացման շրջաններ դուրս գալիս:

 

Հոդված 327. Ուսումնական տագնապով գնդի վերկացն անցկացվում է մարտական տագնապով գործողություններին նախապատրաստելու նպատակով, գունդը (ստորաբաժանումը) զինավարժությունների դուրս բերելու ժամանակ, տարերային աղետի դեպքում, հրդեհի մարման և այլ խնդիրների լուծման համար: Ընդ որում գունդը (ստորաբաժանումը) գործում է ինչպես մարտական տագնապի դեպքում, նախատեսված սահմանափակումներով:

 

Հոդված 328. Բոլոր զինծառայողները պետք է հաստատապես իմանան տագնապի դեպքում գնդի (ստորաբաժանման) գործողությունների կարգի իրենց վերաբերող մասը:

Բոլոր դեպքերում տագնապի ազդարարման ժամանակ անձնակազմը պետք է գործի արագ և կազմակերպված` պահպանելով քողարկումը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 329. Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը իրենց զինվորական պարտքի կատարմանը նրանց նախապատրաստման կարևոր և անբաժան մասն է: Հրամանատարի (պետի) հոգածությունը ենթակաների առողջության նկատմամբ նրա հիմնական պարտականություններից մեկն է զորամասի (ստորաբաժանման) կայուն մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ նրա գործունեության մեջ:

 

Հոդված 330. Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը իրագործում են. հրամանատարները` (պետերը) ծառայության և կենցաղի պայմանների առողջացման միջոցառումների անցկացումով,

նրանց պարբերական կոփումով, ֆիզիկական պատրաստությամբ և մարզական կանոնավոր պարապմունքներով,

սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և ԿԵՆՑԱՂԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ

 

Հոդված 331. Զինծառայողների ամենօրյա գործունեությունը ցանկացած իրադրության մեջ պետք է իրագործվի զինվորական կանոնադրությունների ու նրանց ծառայության ու կենցաղի պայմանների առողջացման հրահանգների պահանջների պահպանումով: Ընդ որում, հաշվի են առնվում իրականացվող խնդիրների առանձնահատկությունները, զորամասի տեղաբաշխման շրջանի կլիմայական պայմանները, բնապահպանական իրավիճակը, նյութական ապահովման և զորանոցային-բնակարանային ֆոնդի վիճակը:

 

Հոդված 332. Զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների առողջացման ուղղությամբ հրամանատարների (պետերի) գործունեության հիմնական ուղղություններն են.

անվտանգության անհրաժեշտ պահանջների հաստատումը, զինծառայողներին ժամանակին հասցնելը, դրանց կատարման ապահովումը,

զինծառայողների տեղավորման, նրանց սննդի կազմակերպման, ջրամատակարարման և նյութական-կենցաղային ապահովման ձևերի մասին զինվորական կանոնադրության պահանջների ու սանիտարական նորմերի խիստ կատարումը,

օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարման կազմակերպումը,

բավարարման սահմանված նորմերը յուրաքանչյուր զինծառայողին ժամանակին և լրիվ հասցնելը,

զինծառայողների առողջության վրա վնասակար գործոնների ազդեցության վերացումը կամ նվազեցումը մինչև հաստատված սահմանը, զորամասերի (ստորաբաժանման) տեղակայման շրջանում բնապահպանական իրավիճակի առողջացման միջոցառումների անցկացումը:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՓՈՒՄԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՄԲ և ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ

 

Հոդված 333. Զինծառայողների կոփումը, ֆիզպատրաստությամբ և սպորտով զբաղվելը իրականացվում է շրջապատող միջավայրի ֆիզիկական գործոնների զանազան կտրուկ փոփոխությունների, զինծառայության առանձնահատկությունների և մարտական խնդիրների կատարման հետ կապված պայմանների նկատմամբ նրանց օրգանիզմի տոկունության բարձրացման նպատակով:

 

Հոդված 334. Զինծառայողների կոփման միջոցառումներն անցկացնում են նրանց հրամանատարները բուժծառայության պետի և ֆիզպատրաստության ու սպորտի պետի սիստեմատիկ հսկողությամբ:

Այդ միջոցառումների պլանավորման ժամանակ հաշվի են առնվում զինծառայողների առողջական վիճակը, տարիքը, տեղանքի կլիմայական պայմանները:

 

Հոդված 335. Զինծառայողների կոփումը պետք է անցկացվի սիստեմատիկաբար և անընդհատ` ջրային, արեգակնային և օդային գործոնների համալիր օգտագործման ճանապարհով, դրանք զուգակցելով ֆիզպատրաստության և մարզական պարապմունքների հետ:

Զինծառայողների կոփման հիմնական միջոցներն են.

ամենօրյա բացօթյա ֆիզիկական վարժությունները,

մինչև գոտկատեղ սառը ջրով լվացումը կամ կարճատև սառը ցնցուղի ընդունումը,

կոկորդի ողողումը սառը ջրով, ինչպես նաև քնելուց առաջ ոտքերը սառը ջրով լվանալը,

ձմռանը դահուկային մարզումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,

ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,

ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը թեթև հագուստով, արևի լոգանքի ընդունումը և լողը բաց ջրամբարներում` պարապմունքներից ու աշխատանքից ազատ ժամանակ և հանգստյան օրերին:

 

Հոդված 336. Սպորտի և ֆիզիկական պատրաստության պարապմունքները իրականացվում են առավոտյան մարզանքի, ուսումնական պարապմունքների, մարզական-զանգվածային աշխատանքների ժամանակ, զինծառայողների ուսումնամարզական գործունեության, ինչպես նաև ինքնուրույն մարզումների ընթացքում:

Պարապմունքների ժամանակ կատարվում են ֆիզիկական վարժություններ մարզումների զանազան ձևերի օգտագործումով և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ տարբեր չափաքանակով զինված ուժերի տիպին և զորատեսակին զինծառայողների պատկանելիության, նրանց տարիքի և առողջական վիճակի հաշվառումով:

Մարզական պարապմունքներն անցկացվում են մարզական սեկցիաներում և թիմերում օրվա կանոնակարգում և ծառայաժամանակի բաշխումով սահմանված ժամկետում:

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ և ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 337. Յուրաքանչյուր զինծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար, չթաքցնի հիվանդությունները, խիստ պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները, զերծ մնա վնասակար սովորություններից (ծխելուց, ալկոհոլի և թմրադեղերի օգտագործումից):

 

Հոդված 338. Անձնական հիգիենայի կանոնների կատարումը ներառում է.

առավոտյան լվացվելը, ատամների մաքրելը,

ուտելուց առաջ ձեռքերը լվանալը,

քնելուց առաջ լվացվելը, ատամները մաքրելը և ոտքերը լվանալը,

ժամանակին սափրվելը, մազերը և եղունգները կտրելը,

ամեն շաբաթ բաղնիքում լողանալը` ներքին և անկողնու սպիտակեղենը, ոտքի փաթաթանները և գուլպաները փոխելով,

հագուստը, կոշիկները և անկողինը մաքուր պահելը, ենթաօձիքը ժամանակին փոխելը:

Զինծառայողի սանրվածքը, բեղերը պետք է լինեն կոկիկ, համապատասխանեն հիգիենայի պահանջներին և չխանգարեն անհատական պաշտպանության միջոցների օգտագործմանն ու հանդերձանքը կրելուն: Մորուք կրելը թույլատրվում է միայն սպաներին ու ենթասպաներին:

Հասարակական հիգիենայի կանոնները ներառում են` մաքրության պահպանումը ննջասենյակներում, շենքերի կանոնավոր օդափոխումը, մաքրության պահպանումը հասարակական վայրերում, ինչպես նաև գնդի տեղաբաշխման ողջ տարածքում:

 

Հոդված 339. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ զինծառայողների անընկալունակությունն ապահովելու համար կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ: Պատվաստումները կարող են լինել պլանային և համաճարակային նախանշանների դեպքում:

Գնդի ողջ անձնակազմի պլանային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են պատվաստումների օրացույցի համաձայն, իսկ համաճարակային նախանշանների դեպքում` ավագ հրամանատարի (պետի) հրամանով:

Զինծառայողները պատվաստումներից ազատվում են միայն բժշկի եզրակացության հիման վրա:

Պատվաստումների մասին նշումներ են կատարվում բժշկական գրքույկների և զինվորական գրքույկների մեջ:

 

Հոդված 340. Զինծառայողը պարտավոր է հրամանատարությանը զեկուցել իր հետ նույն բնակարանում (հանրակացարանի սենյակում) բնակվող անձանց շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման մասին և իր ծառայողական պարտականությունները կատարել բուժծառայության պետի եզրակացության հիման վրա` գնդի հրամանատարի թույլտվությամբ:

 

Հոդված 341. Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբերում, մեկուսացում և հոսպիտալացում: Ստորաբաժանումներում կատարվում է ախտահանում, հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են հիվանդի հետ, ուժեղացվում է սանիտարահիգիենիկ հսկողությունը:

Անհրաժեշտության դեպքում գնդում մտցվում է դիտման (օբսերվացիայի) կամ շփարգելման (կարանտինի) ռեժիմ, դադարեցվում կամ կրճատվում է շփումը քաղաքացիական բնակչության հետ, գնդի ներսում արգելվում են անձնակազմի ժողովները կամ կուլտուր-զանգվածային միջոցառումները, ստեղծվում են լրացուցիչ մեկուսարաններ:

 

ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Հոդված 342. Բուժկանխարգելիչ հիմնական միջոցառումներն են զինծառայողների դիսպանսերացումը, ամբուլատորային, ստացիոնար և առողջարանային բուժումը:

Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության առաջարկած կանխարգելիչ միջոցառումները պարտադիր են բոլոր զինծառայողների համար:

 

Հոդված 343. Դիսպանսերացումը ներառում է անձնակազմի առողջական վիճակի բժշկական հսկողությունը, հիվանդությունների վաղաժամ ակտիվ բացահայտումը, զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների ուսումնասիրությունը, նրանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտումը, կանխարգելիչ և բուժառողջարարական միջոցառումների անցկացումը:

 

Հոդված 344. Զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողությունն իրականացվում է հետևյալ ուղիներով`

անձնակազմի ամենօրյա հսկողություն մարտական նախապատրաստության ընթացքում և կենցաղում,

զինծառայողների բուժզննում,

զինծառայողների խորացված և հսկիչ-բժշկական քննություն:

 

Հոդված 345. Բուժզննումների ենթարկվում են`

գնդի ամբողջ անձնակազմը` նախքան կանխարգելիչ պատվաստումներ կատարելը.

բոլոր սերժանտներն ու զինվորները` բաղնիքում լողանալուց առաջ.

հերթապահ ուժերի (հերթափոխների) անձնակազմը` նախքան մարտական հերթապահության (մարտական ծառայության) անցնելը.

այն զինծառայողները, որոնց աշխատանքը կապված է անբարենպաստ գործոնների հնարավոր ազդեցության հետ, ինչպես նաև անձինք, որոնք գտնվում են դիսպանսերային անընդհատ հսկողության տակ` նրանց համար սահմանված ժամկետներում.

ճաշարաններում, մթերային պահեստներում, ջրամատակարարման օբյեկտներում, հացի փռերում, բաղնիքներում, լվացքատներում մշտապես աշխատող անձինք և սանիտարները` շաբաթական մեկ անգամ.

ճաշարանում վերակարգի նշանակած անձնակազմը` մինչև օրվա վերակարգի հերթափոխը.

արձակուրդից, գործուղումներից, նոր ժամանած ժամկետային ծառայության բոլոր զինծառայողները, ինչպես նաև ապաքինումից հետո բուժական հիմնարկներից վերադարձած անձինք` գունդ ժամանելու օրը, մինչև ստորաբաժանումներ ուղարկվելը.

վարորդները` ուղերթ դուրս գալուց առաջ.

մարտական միջոցառումների մասնակիցները` մրցումներից առաջ.

կարգապահական կարգով կալանված անձինք` կալանատուն ուղարկվելուց առաջ:

Խորացված բժշկական քննության են ենթարկվում`

զինվորները և սերժանտները տարեկան երկու անգամ` ուսուցման ձմեռային և ամառային շրջաններից առաջ.

սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները` չորրորդ եռամսյակում (երկրորդ եռամսյակում անցկացվում է ստուգիչ բժշկական քննություն):

Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների խորացված բժշկական քննությանը ներգրավվում են բժիշկ-մասնագետներ զինբժշկական հիմնարկներից:

 

Հոդված 346. Գնդի ստորաբաժանումների անձնակազմի բժշկական քննության և բուժզննման ժամանակը, կարգը և տեղը հայտնվում են գնդի հրամանում: Արգելվում է ստորաբաժանումների բժշկական քննությունը և բուժզննությունը նշանակել հանգստյան օրերին:

 

Հոդված 347. Վաշտը բժշկական քննության է ներկայացնում վաշտի հրամանատարը, իսկ բուժզննման` վաշտի ավագը:

Վաշտի անձնակազմի բժշկական քննությանը պարտավոր են ներկա գտնվել վաշտի բոլոր սպաները և ենթասպաները: Նրանք բժշկին պետք է հայտնեն ենթակաների առողջական վիճակի իրենց դիտարկումները:

Վաշտի անձնակազմի բժշկական քննության և բուժզննման արդյունքները բժիշկը գրանցում է բժշկական գրքույկների մեջ: Առողջական վիճակի պատճառով դիսպանսերային դինամիկ հսկողության կարիք ունեցող զինծառայողները հաշվառման են վերցվում և ենթարկվում են պարբերական ստուգիչ բժշկական քննությունների:

Վաշտի հրամանատարը պատասխանատու է ամբողջ անձնակազմը բժշկական քննության ենթարկվելու համար:

 

Հոդված 348. Որևէ պատճառով բժշկական քննության չներկայացած զինծառայողներին, առաջին իսկ հնարավորության դեպքում` վաշտի հրամանատարը ուղարկում է բուժկետ:

 

Հոդված 349. Գնդի անձնակազմի բժշկական քննության արդյունքները, ինչպես նաև բուժառողջարարական անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկությունները գնդի բժշկական ծառայության պետը զեկուցում է գնդի հրամանատարին:

 

Հոդված 350. Զինծառայողը չպետք է թաքցնի իր հիվանդությունը: Հիվանդանալու դեպքում նա պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստանալու:

 

Հոդված 351. Ամբուլատոր ընդունելությունը գնդի բուժկետում կատարվում է օրվա կանոնակարգով սահմանված ժամերին: Հանկարծակի հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողները օրվա ցանկացած ժամին անհապաղ ուղարկվում են գնդի բուժկետ:

 

Հոդված 352. Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 12) վաշտի ավագի ստորագրությամբ ներկայացվում է գնդի բուժկետի հերթապահին ամբուլատոր ընդունելությունն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:

Բժիշկը հսկում է վաշտի հիվանդների գրքում գրանցված բոլոր զինծառայողների բուժկետ ներկայանալը:

Բժշկի (բուժակի) զինումից հետո հիվանդները բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում` պայմանավորված հիվանդության բնույթով:

Սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները, ըստ բժշկի եզրակացության, բուժումը կարող են ստանալ տանը:

Հիվանդների զննման արդյունքների, ցույց տրված օգնության բնույթի և նշանակումների մասին բժիշկը համապատասխան նշումներ է կատարում բժշկական գրքույկներում, իսկ եզրակացությունները գրանցում է հիվանդների գրանցման գրքում:

Բժշկական օգնություն ստանալուց հետո զինվորները և սերժանտները վերադառնում են վաշտի սանհրահանգչի կամ ավագի հրամանատարությամբ: Անձնախմբի ավագը հիվանդների գրանցման գիրքը հասցնում է վաշտի հրամանատարին: Վաշտի ավագը, ըստ հիվանդների գրանցման գրքում բժշկի գրանցած եզրակացության և վաշտի հրամանատարի համապատասխան որոշման, անհրաժեշտ ցուցումներ է տալիս:

 

Հոդված 353. Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Ծառայողական պարտականություններից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին բժշկի (բուժակի) հանձնարարականը պաշտոնական անձանց կողմից ենթակա է պարտադիր կատարման:

Ազատման ժամկետը լրանալուց հետո զինվորները և սերժանտները պետք է ուղարկվեն կրկնական բուժզննման, եթե ունեն դրա կարիքը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, կին զինծառայողներին ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է գնդի հրամանում:

Ամբուլատոր բուժման նշանակում ստացած հիվանդները դեղորայք ընդունելու և բուժական այլ պրոցեդուրաներ ստանալու համար, ինչպես նաև բուժմասնագետների կոնսուլտացիաների կարիք ունեցողները գնդի բուժկետ են ուղարկվում հիվանդների գրանցման գրքում բժշկի նշած օրերին և ժամերին:

 

Հոդված 354. Դիետիկ սննդի կարիք ունեցող զինվորների և սերժանտների գրանցումը կատարվում է գնդի հրամանով մինչև երեք ամիս ժամկետով` գնդի բուժծառայության պետի եզրակացության հիման վրա:

 

Հոդված 355. Գնդի բուժկետի լազարեթում անցկացվում է հիվանդների սանիտարական բուժում` մինչև 14 օր բուժման ժամկետով: Լազարեթ ընդունվելիս` հիվանդներն անցնում են սանմշակում:

 

Հոդված 356. Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին:

Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բուժակի (սանհրահանգչի) ուղեկցությամբ:

Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր, իսկ կայազորի սահմաններից դուրս բուժման մեկնելու դեպքում դրանից բացի` իրային և դրամական բավարարման ատեստատներ և ուղևորման փաստաթղթեր` մինչև բուժհիմնարկ և ետ:

 

Հոդված 357. Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները:

Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել է հիվանդը (հիվանդները), իսկ վարակիչ հիվանդության մասին` նաև մոտակա սանիտարահամաճարակային հիմնարկությանը:

Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները:

Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից գունդ են ուղարկվում համապատասխան փաստաթղթերով, որոնք ժամանելուն պես հանձնում են վաշտի ավագին:

 

ԲԱՂՆԻՔԱԼՎԱՑՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 358. Զինվորները և սերժանտները պետք է լողանան բաղնիքում շաբաթական 1 անգամից ոչ պակաս, իսկ խոհարարներն ու հացթուխները, դրանից բացի ամեն օր պետք է ցնցուղ ընդունեն: Մեխանիկ վարորդները (վարորդները) և մյուս զինվորներն ու սերժանտները, որոնք կապված են սպառազինության և զինվորական տեխնիկայի շահագործման ու սպասարկման հետ, ցնցուղ են ընդունում ըստ հարկի:

Բաղնիքում լողանալիս (ցնցուղ ընդունելիս)` ժամկետային ծառայության զինծառայողները ապահովվում են օճառով, սրբիչներով և ախտահանված ճիլոպներով:

Բաղնիքում լողանալու ժամանակը որոշվում է նախապես:

 

Հոդված 359. Վաշտը բաղնիք է գնում վաշտի ավագի հրամանատարությամբ: Ժամկետային ծառայության այն զինծառայողները, որոնք գտնվում են օրվա վերակարգում կամ աշխատանքի վերակարգում և կամ որևէ պատճառով բացակայում են, ինչպես նաև գործուղումներից և արձակուրդից վերադարձածները վաշտի ավագի կողմից բաղնիք են ուղարկվում մեկ այլ ժամանակ սերժանտներից նշանակված ավագի հրամանատարությամբ (ղեկավարությամբ):

Կալանվածները բաղնիք են ուղարկվում առանձին, իրենց համար հատուկ հատկացված ժամանակ:

Բաղնիքում կարգուկանոնին հետևելու համար սերժանտներից նշանակվում է բաղնիքի հերթապահ, իսկ անձնակազմի բուժզննումն անցկացնելու և լողանալու համար բուժօգնություն ցույց տալու համար նշանակվում է հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):

Լողացողների յուրաքանչյուր հերթից (հերթափոխից) հետո բաղնիքի շինությունները մաքրելու և ախտահանելու համար բաղնիքի հերթապահին ի տնօրինություն նշանակվում են անհրաժեշտ թվով զինվորներ:

 

Հոդված 360. Սպիտակեղենի լվացումը կատարվում է լվացքատներում: Լվացքի կարգը սահմանում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը:

Այնտեղ, ուր բամբակե գործվածքից համազգեստները հնարավոր չէ լվացքատներում լվանալ, ժամկետային ծառայության զինվորներին թույլատրվում է ինքնուրույն լվանալ դրանք այդ նպատակով առանձնացված և հատուկ կահավորված շինություններում: Համազգեստների չորացումը կատարվում է չորանոցներում կամ դրա համար հատկացված տեղերում:

Ներքին և անկողնու սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները պետք է փոխվեն շաբաթական մեկ անգամ, բաղնիքում լողանալու օրերին, խոհարարների և հացթուխների ներքին սպիտակեղենը փոխվում է շաբաթական առնվազն երկու անգամ: Զինծառայողները ներքին մաքուր սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները, գուլպաները ստանում և կեղտոտ սպիտակեղենը հանձնում են անմիջապես բաղնիքում:

Անհրաժեշտության դեպքում սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները կարող են ավելի հաճախ փոխվել:

 

Հոդված 361. Ներքին և անկողնու սպիտակեղենի հատուկ մշակումը կատարվում է գնդի հրամանատարի հատուկ հրամանով:

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 362. Մարտական հերթապահությունը մարտական առաջադրանքի կատարումն է: Այն իրականացնում են զինված ուժերի տարբեր տեսակների և զորատեսակների զորամասերի ու ստորաբաժանումների նշանակած հերթապահ ուժերը և միջոցները: Հերթապահ ուժերի և միջոցների շարքն են դասվում մարտական անձնակազմերը, կառավարման կետերի, մարտական ապահովման և սպասարկման ուժերի միջոցների հերթափոխերը:

 

Հոդված 363. Մարտական հերթապահությունը կազմակերպում են զորամասերի հրամանատարները: Նա պատասխանատու է հերթապահ ուժերի և միջոցների կողմից առաջադրված խնդիրների կատարման համար:

Զորամասերի հրամանատարների տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը պատասխանատու են հերթապահ ուժերի ու միջոցների մարտական պատրաստության ապահովման և նախապատրաստման համար` իրենց վերաբերող մասով:

 

Հոդված 364. Հերթապահ ուժերի ու միջոցների կազմը նրանց մարտական պատրաստության աստիճանը, մարտական հերթապահության տևողությունը, նրա անցկացման կարգը, անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի` մարտական հերթապահության (մարտական ծառայության) անցնելուն նախապատրաստվելու և նրանց փոխվելու կարգը սահմանվում են զորամասի հրամանատարի հրամանով` սույն Կանոնագրքի, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանների ու դիրեկտիվների պահանջներին համապատասխան:

 

Հոդված 365. Արգելվում է մարտական հերթապահության նշանակել զինվորական երդում չտված, համապատասխան նախապատրաստության ծրագիրը սահմանված ծավալով չյուրացրած, հետաքննության առարկա դարձած արարքներ կատարած և հիվանդ զինծառայողներին:

Մարտական հերթապահություն կատարելու կապակցությամբ չօգտագործված հանգստյան օրերի փոխարեն զինծառայողներին (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) հանգիստ է տրվում շաբաթվա ընթացքում:

 

Հոդված 366. Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա` ամեն անգամ հերթապահության անցնելուց առաջ:

Այն անցկացվում է զորամասի հրամանատարի կամ նրա հանձնարարությամբ` այլ անձանց կողմից` խնդիրների բնույթի ու ծավալի, զորամասի, ստորաբաժանման առանձնահատկությունների, մարտական հերթապահության կատարման տեղի ու ժամանակի հաշվառումով, մարտական հերթապահության նախապատրաստման դասարաններում կամ հատուկ նախապատրաստված տեղերում` ուսումնական (ուսումնամարզական) տեխնիկայի, ապարատուրայի, մանրակերտների և ուսումնական ձեռնարկների օգտագործումով:

Սպառազինությունը և ռազմական տեխնիկան պատրաստվում են նախօրոք:

Հերթապահ ուժերի և միջոցների նախապատրաստման բոլոր միջոցառումները ավարտվում են մարտական հերթապահություն կատարելու նրանց պատրաստության ստուգումով: Ստուգման արդյունքները արտացոլվում են մարտական հերթապահության նախապատրաստության հաշվառման մատյանում: Զորամասի հրամանատարը մարտական հրաման է արձակում մարտական հերթապահության անցնելու մասին:

 

Հոդված 367. Մարտական հերթապահության անցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով:

 

Հոդված 368. Մարտական հերթապահության անցնելու մասին հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարը (օպերատիվ հերթապահը, հերթափոխի անձնակազմի պետը, հրամանատարական կետի հերթապահը) զեկուցում է իր անմիջական պետին և կառավարման վերադաս կետին: Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարը (օպերատիվ հերթապահը, հերթափոխի անձնակազմի պետը, հրամանատարական կետի հերթապահը) պարտավոր են մանրամասն գիտենալ իրադրությունը, գործել համարձակ և վճռականորեն և ապահովել մարտական խնդրի կատարումը:

 

Հոդված 369. Մարտական հերթապահության ընթացքում հերթապահ հերթափոխի հետ անցկացվում են առանձին և համալիր մարզումներ (որոնց մի մասը ստուգողական) հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարների (օպերատիվ հերթապահների, հերթափոխների անձնակազմերի պետերի, հրամանատարական կետի հերթապահների), և ավագ պետերի ղեկավարությամբ:

Բացի այդ, մարտական հերթապահության խնդիրների անմիջական կատարումից ազատ հերթապահ հերթափոխերի անձնակազմերի հետ պարապմունքներ են անցկացվում ըստ զորամասի շտաբի պետի հաստատած կարգացուցակի:

 

Հոդված 370. Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամաններ, որոնք շեղում են նրան մարտական հերթապահության իր պարտականությունների կատարումից և կարող են հանգեցնել մարտական առաջադրանքի խափանման:

Մարտական հերթապահության ժամանակ հերթապահ հերթափոխի անձնակազմին արգելվում է`

որևէ մեկին, թեկուզ ժամանակավորապես, հանձնել մարտական հերթապահության պարտականությունների կատարումը առանց հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարի (օպերատիվ հերթապահի, հերթափոխի անձնակազմի պետի, հրամանատարական կետի հերթապահի) թույլտվության.

շեղվել, զբաղվել այնպիսի գործերով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ.

ինքնակամ լքել մարտական պահակակետը կամ մարտական հերթապահության այլ դիրքեր.

սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա նրանց սահմանված պատրաստությունն իջեցնող աշխատանք կատարել:

Այն զորամասերում (ստորաբաժանումում), որից առանձնացվում են հերթապահ ուժերն ու միջոցները, անձնակազմի արձակումը զորամասի տարածքից, պարապմունքները, մարզական և կուլտուր-զանգվածային միջոցառումները անցկացվում են այն հաշվով, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանված ժամկետներում ապահովվի հերթապահ հերթափոխերի ուժեղացումը:

 

Հոդված 371. Պաշտոնատար անձանց կողմից մարտական հերթապահության ստուգման պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Մարտական հերթապահության կատարման ստուգումն իրականացվում է զորամասի հրամանատարի, նրա անմիջական պետերի կամ նրանց հանձնարարությամբ` այլ անձանց կողմից և այդ նպատակով մշակվում է մարտական հերթապահության ստուգման պլան:

Մարտական հերթապահության հերթափոխից հետո կատարվում է անձնակազմի ծառայության վերլուծությունը, և նրա վիճակը նշվում է զորամասի հրամանատարի հրամանում:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 372. Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար:

Հավաքակայանները կարող են լինել մշտական և դաշտային:

Մշտական հավաքակայանները սարքավորվում են գնդի մշտական տեղակայման վայրերում և հրաձգարաններում (ճամբարներում): Ընդ որում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են փակվող պահեստարաններում կամ ծածկերի տակ, ինչպես նաև հուսալի պարիսպներով հրապարակներում: Հավաքակայաններում սարքավորվում են` հսկիչ-տեխնիկական կետ` հավաքակայանում հերթապահի, հսկիչ-տեխնիկական կետի պետի, երթևեկության անվտանգության դասարանի, վարորդների հրահանգավորման, մեքենաների ավագի և հավաքակայանի վերակարգի համար նախատեսված շինություններով լիցքավորման կետ, մաքրման և լվացման կետ, ամենօրյա տեխնիկական սպասարկման կետ, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղեր և մարտական օգտագործման համար նրանց պատրաստության ապահովման օբյեկտներ, տեխնիկայի սպասարկման համար այլ շինություններ (տեղեր) և անհրաժեշտ կենցաղային շինություններ:

Դաշտային հավաքակայանները կազմակերպվում են դաշտային պայմաններում զորամասի (ստորաբաժանման) ժամանակավոր դիրքավորմանը կից: Դրանք կազմակերպվում են սովորաբար յուրաքանչյուր գումարտակի (վաշտի) համար:

Հավաքակայանների կառուցվածքն ու սարքավորումը պետք է ապահովեն մեքենաների արագ և հարմար ելքը:

 

Հոդված 373. Հավաքակայանի տարածքը բաժանվում է հատվածների, որոնք կցվում են ստորաբաժանումներին: Այդ հատվածների սահմանները նշվում են ցուցանշաններով: Մշտական հավաքակայանի տարածքը պատրաստվում և սարքավորվում է պաշտպանության տեխնիկական միջոցներով, շրջապատող միջավայրի պաշտպանության կանոնների և նորմերի պահպանումն ապահովող սարքերով, կանաչապատվում է և լուսավորվում:

Հավաքակայանների բոլոր շենքերը, շենքերի և հավաքակայանի դարպասները համարակալվում են:

 

Հոդված 374. Պետք է կառուցվեն և շարժման համար մշտապես պիտանի պահվեն դեպի հավաքակայան և նրա ներսում տեղակայված շինություններն ու կառույցները տանող ճանապարհներ և հարմար մատույցներ:

Ամռանը չոր եղանակին ճանապարհները ջրվում են, իսկ ձմռանը` մաքրվում ձյունից:

Հավաքակայանի տարածքում ճանապարհներից դուրս քայլելն ու երթևեկելն արգելվում է:

Հավաքակայանի բոլոր ճանապարհներին տեղակայվում են մեքենաների շարժման ուղղության և արագության ցուցանշաններ և ճանապարհային ուրիշ նշաններ:

 

Հոդված 375. Հավաքակայանում ներքին ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, հատուկ շինությունների, պահեստների ճիշտ պահպանման, մաքրության պահպանման, հակահրդեհային և բնապահպանական միջոցառումների անցկացման համար պատասխանատու է գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետը կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետը:

Ստորաբաժանումներին կցված սպառազինության, ռազմական տեխնիկայի շինությունների և հավաքակայանների տարածքների պահպանման համար պատասխանատու են ստորաբաժանումների հրամանատարները:

 

Հոդված 376. Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կատարվում է նաև մեքենաների սեզոնային տեխնիկական սպասարկում:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի զննումն ու սպասարկումը, ինչպես նաև հավաքակայանների լրասարքավորումն ու բարեկարգումը կատարվում են հավաքակայանային, տնտեսական օրերին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի խնամքին հատկացված ժամանակ:

Սպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կանգնեցվում է կայանատեղերում: Տարվա ցուրտ եղանակին չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում շարժիչների հովացման համակարգից դատարկվում է ջուրը, սպառազինության և ռազմական տեխնիկայի վրայից հանվում են ակումուլյատորային մարտկոցները: Այդ դեպքում կախվում են ցուցանակներ` «Ջուրը դատարկված է» և «Ակումուլյատորային մարտկոցները հանված են» մակագրությամբ:

Արգելվում է կայանատեղերում կանգնեցնել չսպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

Չի թույլատրվում մեքենաները պահել հավաքակայանից դուրս, բացառությամբ այն մեքենաների, որոնք բեռնված են ռազմամթերքով և այլ նյութական միջոցներով և գտնվում են պահեստների տարածքում պահակախմբի հսկողության տակ:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատեսի անցկացման ժամանակ գնդի հրամանատարն անցկացնում է նաև հավաքակայանների վիճակի ստուգում:

 

Հոդված 377. Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախօրյակին հաստատված վերակարգի, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներով, որոնք ունեն վարորդի անձը վկայող փաստաթուղթ և մեքենա վարելու իրավունք, անցել են նախուղերթային բժշկական ստուգում և ունեն ուղերթի ելնելու թույլտվություն, ձևակերպված ուղեգրեր, որոնք ստորագրված են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի (սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձի) կողմից և ունեն հսկիչ-տեխնիկական պետի նշումը մեքենայի սարքին վիճակի մասին, ինչպես նաև հավաքակայանի հերթապահի նշումը արագաչափի ցուցումների և մեքենան հավաքակայանից դուրս թողնելու ժամանակի մասին:

Մեքենաների օգտագործումը պլանավորվում է մեքենաների սպասարկման, դրանք ուղերթին նախապատրաստելու և հանգստի համար վարորդներին ժամանակ հատկացնելու հաշվառումով:

Վերակարգով չնախատեսված մեքենաների բացթողումն իրականացվում է բացառիկ դեպքերում և միայն գնդի հրամանատարի թույլտվությամբ:

Հանգստյան և տոնական օրերին հավաքակայանից մեքենաների բացթողումը հասցվում է մինիմումի:

 

Հոդված 378. Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ:

Թե´ շարասյան կազմում և թե´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթունավտանգ բեռների տեղափոխման դեպքում յուրաքանչյուր մեքենայի համար նշանակվում է մեքենայի ավագ: Այլ դեպքերում մեքենաների ավագները նշանակվում են ըստ անհրաժեշտության` գնդի հրամանատարի որոշմամբ:

Շարասյան պետը (մեքենայի ավագը) նշանակվում է ճանապարհային երթևեկության կանոններն իմացող սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է առաջադրված խնդրի լուծման և մեքենայի (մեքենաների) ճիշտ շահագործման, մեքենայում (մեքենաներում) գտնվող անձնակազմի կարգապահության, նրա կողմից անվտանգության պահպանման համար:

Շարասյան պետը (մեքենայի ավագը) պարտավոր է`

- նախքան մեքենայի (մեքենաների) շարժվելը ստուգել մարդկանց նստեցման և բեռի բեռնման կանոնների պահպանումը, վերահսկել կարգուկանոնը նստեցման (բեռնման), իջեցման (բեռնաթափման) և մեքենաներում (մեքենայում) անձնակազմի տեղավորման ժամանակ.

- մեքենայի (մեքենաների) ընթացքի ժամանակ հետևել երթուղու, ինչպես նաև շարժման սահմանված արագության պահպանման, վարորդի (վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարմանը, իսկ մեքենաներում գտնվող անձնակազմի կողմից զինվորական կարգապահության անվտանգության պահանջների կատարմանը:

Շարասյան պետին (մեքենայի ավագին) արգելվում է վարել մեքենան կամ ստիպել վարորդին` ղեկը ուրիշին հանձնել, արձակել այնպիսի հրամաններ, որոնք հարկադրում են վարորդին խախտել ճանապարհային երթևեկության կանոնները կամ գերազանցել սահմանված արագությունը:

Շարասյուների պետերը (մեքենաների ավագները) տվյալ փոխադրումը կազմակերպող անձինք կամ իրենց անմիջական պետերը հրահանգավորում են առաջադրանքների կատարման նպատակների, կարգի և ժամկետների մասին, ինչպես նաև երթևեկության անվտանգության պահանջների կատարման վերաբերյալ: Բացի այդ, ստորաբաժանումների հրամանատարները մեքենաների վարորդներին հրահանգավորում են մեքենաների շահագործման կանոնների պահպանման, ճանապարհային երթևեկության կանոնների և ուղերթում նրանց վարքագծի մասին:

Վարորդներին կտրականապես արգելվում է մեքենայի ղեկը հանձնել որևէ մեկին:

 

Հոդված 379. Մեքենաների նախապատրաստումը ուղերթ դուրս գալուն իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարների կամ սպառազինության գծով նրանց տեղակալների (տեխնիկական մասի պետերի, ավտոմոբիլային ծառայության պետերի, ավագ տեխնիկների կամ վաշտերի տեխնիկների) ղեկավարությամբ:

Հավաքակայանից դուրս եկող և հավաքակայան վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնում է հսկիչ-տեխնիկական կետի պետը:

 

Հոդված 380. Հավաքակայանի ներքին կարգուկանոնը և աշխատանքի կարգուկանոնը հայտնվում են գնդի հրամանում (Հավելված 11): Հրամանով չնախատեսված ժամերին հավաքակայան մտնելու և այնտեղ աշխատելու իրավունքը տալիս է միայն գնդի հրամանատարը:

 

Հոդված 381. Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ:

Աշխատանքի համար սահմանված ժամերին տվյալ գնդի սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների մուտքը հավաքակայան թույլատրվում է անձնական վկայականներով: Ծառայողական կարիքներով հավաքակայան միայնակ եկած սերժանտների և զինվորների մուտքը հավաքակայան թույլատրվում է զինվորական գրքույկներով` գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի թույլտվությամբ, ինչի մասին վերջինս տեղեկացնում է հավաքակայանի հերթապահին:

Մեքենաները դուրս բերելու եկած անձնակազմի (վարորդների) մուտքը հավաքակայան թույլատրվում է ներկայացվող ուղեգրերով:

Գնդի կազմի մեջ չմտնող անձինք հավաքակայան կարող են մտնել միայն գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի ստորագրած միանգամյա անցաթղթերով և հատուկ նշանակված զինծառայողի ուղեկցությամբ:

Հավաքակայանում գտնվող մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու իրավունք ունեն միայն նրանց կցված զինծառայողները` պահեստարանները և հավաքակայանի շինությունները բացելու իրավունք ունեցող անձանց թույլտվությամբ:

Տագնապի դեպքում մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը և շարադրվում համապատասխան հրահանգներում:

 

Հոդված 382. Մեքենաների վառոցքների, մեքենաների լյուկերի, հավաքակայանների շինությունների և հավաքակայանի դարպասների բանալիների պահպանման կարգը պետք է ապահովի հավաքակայանից մեքենաների ժամանակին դուրս գալը, ինչպես նաև բացառի անձնակազմի կողմից դրանց ինքնակամ օգտագործման դեպքերը:

Բանալիները պահվում են.

մեքենաների վառոցքի, փականներինը և լյուկերինը` մի լրակազմը հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` վաշտի (գումարտակի, ապահովման ստորաբաժանումների) հերթափոխի մոտ` կնքված արկղում, ուղեգրերի հետ միասին, տագնապի ազդարարման դեպքերի համար.

հավաքակայանի շինություններինը և մուտքի դարպասներինը, մի լրակազմը` հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` գնդի հերթապահի մոտ` կնքված արկղում:

 

Հոդված 383. Հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման համար նշանակվում են հավաքակայանի հերթապահ, օրապահներ և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդներ (վարորդներ):

Հավաքակայանի հերթապահը օրապահներին կանգնեցնում է հավաքակայանի մուտքերի մոտ, իսկ աշխատանքների կատարման ընթացքում` նաև հավաքակայանի տարածքում:

Մշտական և դաշտային հավաքակայանները շուրջօրյա հսկվում են պահակության կողմից` ժամապահներ դնելով: Պահակության հուսալիորեն գործող տեխնիկական միջոցներով հավաքակայանները սարքավորելու դեպքում դրանք կարող է հսկել պահակություն` առանց ժամապահներ դնելու:

 

Հոդված 384. Սպառազինության և ռազմական տեխնիկայի բոլոր պահեստարանների և հրապարակների կնքման (կապարակնքման) կարգը, ինչպես նաև պահպանության հսկողությունը հանձնելուց հետո հավաքակայան եկած սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

 

ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 385. Գնդի հավաքակայանի հերթապահը նշանակվում է սպաներից, ենթասպաներից, իսկ առանձին գումարտակում կարող է նշանակվել ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման և վերակարգի ծառայության համար: Հավաքակայանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, հավաքակայանում ներքին ծառայության կարգով` գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետին կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետին:

Նրան են ենթարկվում հավաքակայանի օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները):

 

Հոդված 386. Հավաքակայանի նոր հերթապահը նշանակված ժամին հրահանգավորման համար ներկայանում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին:

Հերթափոխումից հետո հավաքակայանի նոր հերթապահը հին հերթապահից ընդունում է փաստաթղթերը և ունեցվածքը (Հավելված 10), նրա հետ շրջում հավաքակայանի տարածքում, նրա բոլոր շինություններում և ընդունում հավաքակայանի կնքված շինությունները, պահեստները, ինչպես նաև բաց հրապարակներում և ծածկերի տակ գտնվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու սարքավորումը:

Հերթապահության հանձնման-ընդունման գրքում նա գրանցում է այն թերությունները, որոնք չեն կարող վերացվել` հերթապահությունն ընդունելիս:

Հերթապահության հանձնման-ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի հերթապահին:

 

Հոդված 387. Հավաքակայանի հերթապահը պարտավոր է`

- գտնվել իրեն հատկացված շինությունում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով որևէ տեղ գնալիս իր փոխարեն թողնել ազատ հերթապահի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում.

- մանրակրկիտ ստուգել հավաքակայան եկած անձանց անցաթղթերն ու անձը վկայող (հաստատող) փաստաթղթերը, միանգամյա անցաթղթերի վրա նշումներ կատարել հավաքակայան գալու և այնտեղից գնալու ժամի մասին, հերթափոխը հանձնելուց հետո անցաթղթերը հանձնել գնդի տեխնիկական մաս.

- հավաքակայանի շինությունների և պահեստների բացումը թույլատրել գնդի հրամանով նշանակված անձանց` այդ մասին գրանցումներ կատարելով համապատասխան գրքերում, ներկա գտնվել դրանք բացելու ժամանակ.

- անձամբ թույլատրել հավաքակայանից մեքենաների դուրս գալն ու նրանց երթևեկությունը հավաքակայանի ներսում.

- սահմանված կարգով վարել մեքենաների ելքի և վերադարձի մատյանը.

- հետևել, որպեսզի մեքենաները ուղերթերից ժամանակին վերադառնան, ուշանալու դեպքում զեկուցել գնդի հերթապահին.

- վերահսկել հավաքակայանի գույքի դուրսբերումը կամ ներսբերումը հավաքակայան` ուղեգրում կատարված նշումներին համապատասխան, ինչպես նաև հետևել, որպեսզի չթույլատրվի կողմնակի անձանց մուտքը հավաքակայանի տարածք.

- հսկել հավաքակայանում օրվա կանոնակարգի կատարումը և հետևել, թե որ ստորաբաժանումները ինչ աշխատանք են կատարում այնտեղ, թույլ չտալ մեքենաների, այլ տեխնիկայի կամ սարքավորումների նորոգման և սպասարկման հետ կապ չունեցող աշխատանքների կատարումը հավաքակայանում.

- մշտապես գիտենալ սարքին և անսարք մեքենաների, այլ տեխնիկայի և սպառազինության առկայությունը, ծախսը, քանակը.

- հետևել մաքրությանն ու կարգուկանոնին հավաքակայանի շինություններում և տարածքում, ինչպես նաև հետևել շրջակա միջավայրի պահպանության կանոնների կատարմանը.

- տարվա ցուրտ եղանակներին հետևել հավաքակայանի շինություններում և ջրայուղատաքացուցիչում վառարանները ժամանակին և ճիշտ վառելուն և բոլոր շինություններում սահմանված ջերմաստիճանը պահելուն, չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում ստուգել` դատարկվա՞ծ է արդյոք ջուրը շարժիչների հովացման համակարգերից, իսկ ուժեղ ցրտերին, դրանից բացի, մեքենաներից հանվա՞ծ են, արդյոք ակումուլյատորային մարտկոցները և կախվա՞ծ են, արդյոք, համապատասխան ցուցանակներ.

- հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (Հավելված 16) և ստուգել հրդեհամարման և հրդեհային ազդանշանման միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև հերթապահ քարշակների պատրաստ լինելը հրդեհի դեպքում.

- միջոցներ ձեռնարկել հավաքակայան վերադարձած մեքենաների և այլ տեխնիկայի ժամանակին տեխսպասարկման համար.

- թույլ չտալ կայանատեղերում կանգնեցնելու չլիցքավորված մեքենաներ.

- հետևել, որպեսզի երեկոյան բոլոր աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի շինություններում հանգցվի լույսը և թողնվի միայն հերթապահ լուսավորումը, իսկ հավաքակայանի դրսի լուսավորումն անջատվի.

- ստուգել տեխնիկական թունավոր հեղուկների պահպանման համար նախատեսված շինությունների (ցանկապատված հարթակների) դռների կողպեքների և կապարակնիքների (պլոմբների) առկայությունն ու սարքինությունը.

- անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի` հավաքակայան գալու դեպքում դիմավորել նրանց և զեկուցել:

Օրինակ` «Պարո´ն մայոր, իմ հերթապահության ժամանակ պատահարներ չեն եղել (կամ եղել է այս, այն...): Հավաքակայանի հերթապահ` լեյտենանտ Հարությունյան»:

Զեկույցն ավարտելուց հետո հերթապահը հավաքակայանի տարածքում ուղեկցում է եկած հրամանատարին (պետին):

Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը կամ սպառազինության գծով նրա տեղակալը և զեկուցում է նրան, հավաքակայանի հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է:

 

Հոդված 388. Հավաքակայանի հերթապահը մեքենաները հավաքակայանից դուրս է թողնում 375 հոդվածում նշված կարգով:

Մեքենայի հավաքակայան վերադառնալուց և հսկիչ տեխնիկական կետի պետի կողմից ստուգվելուց հետո հավաքակայանի հերթապահը ուղեգրում և մեքենաների ելքի ու վերադարձի մատյանում գրանցում է կատարում վերադարձի ժամանակի, արագաչափի ցուցմունքների մասին և երբ մեքենան ամբողջապես սպասարկվում ու լիցքավորվում է, այն ուղարկում է կայանատեղ կամ կազմակերպում դրա պահպանումը սահմանված կարգով, որից հետո մեքենայի անձնակազմին (վարորդին) թույլ է տալիս հեռանալ հավաքակայանից:

 

Հոդված 389. Հավաքակայանում հրդեհ բռնկվելու դեպքում հավաքակայանի հերթապահն անմիջապես հրշեջ խումբ է կանչում, միջոցներ է ձեռնարկում հրդեհը մարելու, մեքենաները դուրս բերելու և սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու նյութական այն միջոցները փրկելու համար և կատարվածի մասին զեկուցում գնդի հերթապահին, գնդի հրամանատարին և սպառազինության գծով նրա տեղակալին:

 

Հոդված 390. Հավաքակայանում աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի հերթապահն ստուգում է, որպեսզի բոլոր շինություններում և հավաքակայանի տարածքում կատարվեն հրդեհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները, կարգուկանոն հաստատվի, ստորաբաժանումների հրամանատարներից ընդունում է հավաքակայանի շինությունները, պահեստները, հարթակները, դրանք կնքելու թույլտվություն է տալիս և ինքը լրացուցիչ կնքում է դրանք կնիքով: Հրշեջ վերակարգի անձանց հետ համատեղ հավաքակայանն ստուգելուց և հրդեհային մետաղանիշ (ժետոն) ստանալուց հետո նա հավաքակայանը հանձնում է զինված պահակախմբի պահպանմանը:

 

ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՕՐԱՊԱՀԸ

 

Հոդված 391. Հավաքակայանի օրապահը նշանակվում է զինվորների կամ սերժանտների կազմից: Նա պատասխանատու է հավաքակայանում սահմանված կարգուկանոնի պահպանման, մեքենաները հավաքակայանից դուրս թողնելու և դրանք ներս ընդունելու ճշտության համար: Հավաքակայանի օրապահը ենթարկվում է հավաքակայանի հերթապահին:

 

Հոդված 392. Հավաքակայանի օրապահը պարտավոր է`

- զինծառայողներին, մեքենաները և այլ տեխնիկան հավաքակայանից դուրս թողնել և ներս ընդունել միայն հավաքակայանի հերթապահի թույլտվությամբ.

- հավաքակայանում հետևել մաքրությանն ու կարգուկանոնին.

- հավաքակայանի շինություններում և տարածքում թույլ չտալ ծխել և կրակ վառել, բացառությամբ դրա համար հատուկ հատկացված և սարքավորված տեղերի.

- հետևել, որպեսզի մեքենաները կայանատեղերից դուրս բերվեն (կայանատեղերում կանգնեցվեն) միայն գնդի հերթապահի թույլտվությամբ.

- հրդեհ բռնկվելու դեպքում անմիջապես զեկուցել հավաքակայանի հերթապահին և այն հանգցնելու միջոցներ ձեռնարկել.

- հավաքակայանում կարգուկանոնի խախտման դեպքերի մասին անմիջապես զեկուցել հավաքակայանի հերթապահին:

 

Հոդված 393. Հերթական օրապահը կանգնեցվում է հավաքակայանի մուտքի մոտ, իսկ ազատ հերթափոխի օրապահը հավաքակայանում աշխատանքի ժամերին գտնվում է նրա տարածքում և հետևում ներքին կարգուկանոնին, հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը և ոչ մի տեղ չի գնում առանց հավաքակայանի հերթապահի թույլտվության:

 

ՀԵՐԹԱՊԱՀ ՔԱՐՇԱԿԻ ՄԵԽԱՆԻԿ-ՎԱՐՈՐԴԸ (ՎԱՐՈՐԴԸ)

 

Հոդված 394. Հերթապահ քարշակի մեխանիկ-վարորդը (վարորդը) նշանակվում է ստորաբաժանումների մեխանիկ-վարորդներից (վարորդներից) և պատասխանատու է սպառազինության ու ռազմական տեխնիկայի էվակուացմանը հերթական քարշակի մշտական պատրաստության համար: Նա ենթարկվում է հավաքակայանի հերթապահին:

 

Հոդված 395. Հերթապահ քարշակի մեխանիկ-վարորդը (վարորդը) պարտավոր է`

- մշտապես գտնվել հավաքակայանի օրվա վերակարգի անձանց համար նախատեսված շինությունում.

- գիտենալ հավաքակայանի շինություններից սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման համար հերթապահ քարշակի օգտագործման կանոններն ու կարգը.

- հետևել քարշակի վրա կցաքարշի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի էվակուացման միջոցների առկայությանն ու սարքին վիճակին.

- պահպանել հերթապահ քարշակի շարժիչի սահմանված ջրային ռեժիմը, որն ապահովի քարշակի արագ և անխափան գործարկումը ցածր ջերմաստիճանների պայմաններում.

- հավաքակայանում հրդեհի բռնկման դեպքում գործի գցել հերթապահ քարշակը և հավաքակայանում հերթապահի ցուցումով ձեռնամուխ լինել սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական ուրիշ միջոցների էվակուացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 396. Զորքերը հրաձգարաններ (ճամբարներ) են դուրս գալիս, որպեսզի մարտական իրադրությանն առավելագույն մոտեցված պայմաններում բարձրացվի անձնակազմի դաշտային վարժաուսուցման մակարդակը, ամրապնդվեն նրա բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստությունը, զինվորական պարտքի կատարումը:

Զորքերի հրաձգարան դուրս գալու կարգը սահմանվում է մարտական պատրաստության պլանով կամ ավագ հրամանատարի (պետի) հրամանով.

 

Հոդված 397. Հրաձգարանում (ճամբարում) գտնվելու ժամանակ ներքին ծառայությունը գնդում և նրա ստորաբաժանումներում կազմակերպվում է ըստ Կանոնագրքի երկրորդ մասի և սույն գլխի դրույթների:

Գնդի հրամանատարը, սահմանելով օրվա կանոնակարգը, զինծառայողների ծառայողական ժամանակի ռեգլամենտը, հրաձգարանից (ճամբարից) ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման կարգը և ներքին կարգուկանոնի ուրիշ դրույթներ, պետք է հաշվի առնի ստորաբաժանումների խնդիրները վարժաուսուցման բարձրացման ուղղությամբ, նրանց դիրքավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ հրամանատարի (պետի) հրաձգարանում (ճամբարում) սահմանած ընդհանուր կանոնները:

 

Հոդված 398. Հրաձգարանում (ճամբարում) տարբեր զորամիավորումների, զորամասերի (ստորաբաժանումների) հավաքների անցկացման ժամանակ ներքին ծառայությունը ղեկավարելու համար ավագ հրամանատարը (պետը) նշանակում է ճամբարային հավաքի պետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պաշտոնատար այլ անձինք:

Ճամբարային հավաքի պետը պատասխանատու է մարտական պատրաստության կազմակերպման և ընթացքի, անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ինչպես նաև հավաքում ներգրավված զորամասերում ներքին կարգուկանոնի ու նրանց կողմից շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարման համար: Նա հավաքի բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) անմիջական պետն է: Ճամբարային հավաքի պետն իր պարտականությունները կատարում է ինչպես գնդի հրամանատարը` սույն գլխի առնչությամբ:

 

Հոդված 399. Ճամբարային հավաքի պետի հրամանով օրվա վերակարգ է նշանակվում ճամբարային հավաքի հերթապահը, որն իր պարտականությունները կատարում է գնդի հերթապահի պարտականություններին համապատասխան:

 

Հոդված 400. Հրաձգարանում գունդը (ստորաբաժանումը) տեղավորվում է շինություններում կամ ճամբարի ձևով (վրաններում): Մի քանի զորամասերի կամ տարբեր զորամիավորումների (զորամասերի) ստորաբաժանումների միաժամանակյա տեղավորման դեպքում տարածքը և շինությունները նրանց միջև բաժանում են ավագ հրամանատարը (պետը) կամ ճամբարային հավաքի պետը:

Շտաբները, բուժկետերը, արհեստանոցները, պահեստները, թիկունքի ծառայությունները (օբյեկտները) տեղավորվում են առավելապես շինություններում: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են դաշտային հավաքակայանների պահեստարաններում և ծածկերի տակ, իսկ դրանց բացակայության դեպքում ծածկվում են ծածկոցներով կամ բրեզենտով:

 

Հոդված 401. Հրաձգարանի (ճամբարի) սահմանները, որոնցից այն կողմ անձնակազմին արգելվում է դուրս գալ, հայտարարվում են գնդի հրամանում:

Կողմնակի անձանց մուտքը հրաձգարան (ճամբար) կատարում է գնդի հրամանատարը սահմանած կանոններին համապատասխան` ըստ 258-261 հոդվածների պահանջների:

 

Հոդված 402. Հրաձգարաններում (ճամբարներում) բաց ջրամբարներում անձնակազմի լողանալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը (ճամբարային հավաքի պետը):

Լողանում են այդ նպատակի համար հատուկ հատկացված և համապատասխան ձևով սարքավորված տեղերում:

Զինվորներն ու սերժանտները լողանալու են գնում շարքով` ավագի հրամանատարությամբ:

Լողանալու ժամանակ կարգուկանոնին հետևելու, ջրում դժբախտ պատահարները կանխելու և բուժօգնություն ցույց տալու նպատակով նշանակվում են հերթապահ` սպաներից կամ ենթասպաներից, լողորդների հերթապահ խումբ և հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):

Ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի ավագները) պարտավոր են լողանալու ժամանակ ափից հսկել լողացողներին:

 

Հոդված 403. Հրաձգարանի (ճամբարի) տարածքը պետք է մաքուր պահվի` հրդեհային անվտանգության (Հավելված 16) և շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումով: Աղբը հավաքվում և ամեն օր դուրս է բերվում սանվերահսկողության մարմինների հետ համաձայնեցված վայրեր, որոնք հրաձգարանում (ճամբարում) գնդի տեղավորման սահմաններից առնվազն 3 կմ հեռու են և որոշված են գերիշխող քամիների ուղղության հաշվառումով:

Հրաձգարանի (ճամբարի) տարածքում ճանապարհների վրա տեղադրվում են երթևեկության ուղղությունների ցուցանիշներ, ինչպես նաև ճանապարհային ազդանշաններ և ուղենիշներ, որոնք ցույց են տալիս մարտական և այլ մեքենաների շարժման թույլատրելի արագությունը: Թրթուրավոր տեխնիկայի համար սահմանվում են անվավոր տեխնիկայի շարժման երթուղիներից տարբեր երթուղիներ:

 

ԳՆԴԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ՃԱՄԲԱՐԻ ձևՈՎ (ՎՐԱՆՆԵՐՈՒՄ)

 

Հոդված 404. Ճամբարի ձևով (վրաններում) գնդի տեղավորման ժամանակ ճամբար դնելը կատարվում է Հավելված 15-ում շարադրված ցուցումներին համապատասխան: Գնդում ներքին ծառայությունն իրականացնելու համար նշանակվում է վերակարգ` 263-266 հոդվածներին համապատասխան: Օրվա վերակարգի հերթափոխումը կատարվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ, առջևի տողանի (բաժնեգծի, ճամբարագծի) առաջ, դեմքով դեպի դաշտը, գնդի ճամբարի կենտրոնի դիմաց:

 

Հոդված 405. Վաշտում նշանակվում է օրապահների երեք հերթափոխ, հերթական հերթափոխը գտնվում է առջևի բաժնեգծում, պահակակետի սնկի (սնկային ծածկի) մոտ, երկրորդ հերթափոխը պահակություն է անում վաշտի տեղաբաշխման շրջանում, իսկ երրորդը հանգստանում է: Վաշտի օրապահները իրենց պարտականությունները կատարում են 308, 309 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, օրապահները պարտավոր են հրամանները (կարգադրությունները) բարձրաձայն հաղորդել վրաններում գտնվող զինծառայողներին և մոտակայքում տեղակայված վաշտերի օրապահներին, հետևել, որպեսզի բնական պահանջները բավարարելու համար զինծառայողները գնան դրա համար հատկացված տեղերը:

 

Հոդված 406. Առավոտյան ստուգման և երեկոյան անվանականչի համար վաշտերը շարվում են իրենց առջևի կամ կողմնային տողանների վրա: Վատ եղանակին գնդի հերթապահի կարգադրությամբ երեկոյան ստուգումը (անվանականչը) թույլատրվում է անցկացնել ըստ վրանների:

 

Հոդված 407. Երեկոյան ստուգումն (անվանականչը) անցկացվում է գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի «Սկսել անվանականչը» հրամանով:

Երեկոյան անվանականչի համար հերթապահները և օրապահները գիծ են դուրս գալիս և շարվում 412 հոդվածի համաձայն, իսկ ստորաբաժանումները շարվելիս` վաշտերի ավագները կանգնում են դրանց առջևի և կողմնային գծերի վրա:

 

Հոդված 408. Գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք շեփորել»: Նվագախումբը (փողհար-թմբկահարը) «Երեկոյահավաք» է շեփորում: Ընդհանուր ճամբարային երեկոյան անվանականչ անցկացնելիս` «Երեկոյահավաք» շեփորելուց հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Ազա´տ, դեպի վրանները» հրամանը: Նվագախումբը քայլերգ է նվագում:

Սահմանված ժամին տրվում է «Ավարտ» ազդանշանը:

Անվանականչից հետո վաշտերի հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի (ճամբարային հավաքի) հերթապահին:

 

Հոդված 409. Լավ եղանակին ցերեկը և տաք գիշերներին գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի կարգադրությամբ օրապահները բարձրացնում են վրանների վարագույրները: Չոր եղանակին ճամբարի գծերը, ճանապարհները և վրանների միջև եղած ուղիները ջրվում են:

 

ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻՆ ԳԻԾ ԿԱՆՉԵԼԸ

 

Հոդված 410. Հերթապահները գիծ են կանչվում, երբ ճամբար են գալիս.

Հայաստանի Հանրապետության Նախագահը և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը), գեներալ-գնդապետները, բոլոր ուղղակի պետերը` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ու հրահանգավորման (ստուգման) անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձինք:

 

Հոդված 411. Հերթապահները գիծ են կանչվում նաև «ծանուցում» ազդանշանով և գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի հրամանով:

Հերթապահները գիծ են կանչվում գծի օրապահների միջոցով, որոնք հաղորդում են «Հերթապահնե´ր, գիծ» կամ «1-ին վաշտի հերթապա´հ, գիծ» հրամանը:

«Ավարտ» ազդանշանից մինչև «Վերկաց» ազդանշանը հերթապահներին գիծ կանչելու հրաման չի տրվում:

 

Հոդված 412. Հերթապահները, գիծ կանչվելիս, զբաղեցնում են իրենց տեղերը` կանգնելով դեմքով դեպի դաշտը.

վաշտի հերթապահները (բացի ձախթևայիններից)` իրենց վաշտերի աջ թևում, հերթական օրապահից մեկ քայլ առաջ, գումարտակի ձախաթևյան վաշտի հերթապահը` ձախ թևում.

գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը` դրոշի հենարանի դիմաց նրանից երեք քայլ առաջ, նրա օգնականը` հերթապահի հետևը, մեկ քայլ հեռավորության վրա.

հերթապահ փողհար-թմբկահարը` գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի օգնականի հետևը` վաշտերի հերթապահների գծի վրա:

 

Հոդված 413. Ճամբար եկող անձանց (նշված 410 հոդվածում) դիմավորելու համար գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը դուրս է գալիս գնդի այն թևը, որտեղից սպասվում են եկողները, նշված անձանց տեղ հասնելուն պես նա զեկույց է տալիս նրանց և ուղեկցում:

Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը միայն ներկայանում է:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 414. Զորամասերը, ստորաբաժանումները և մեծ թվաքանակով անձնախմբերը երկաթուղային, ջրային տրանսպորտով փոխադրելու համար կազմավորվում են զինվորական էշելոններ:

Օդային տրանսպորտով տեղափոխվելիս` յուրաքանչյուր օդանավի համար կազմավորվում են զինվորական անձնախմբեր:

Յուրաքանչյուր զինվորական էշելոնի (անձնախմբի) տրվում է համար:

 

Հոդված 415. Զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմը պետք է գիտենա և պահպանի վարքի սահմանված կանոնները և անվտանգության պահանջները զորքերի տեղափոխման ժամանակ:

 

Հոդված 416. Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ):

Զինվորական անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ:

Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ զինվորական էշելոնի պետը, իսկ օդանավերի սրահների օրապահները` զինվորական անձնախմբի պետը:

Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը, զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը հայտարարվում են ամբողջ անձնակազմին:

 

Հոդված 417. Ներքին և պահակային ծառայության համար զինվորական էշելոնում նշանակվում են`

զինվորական էշելոնի հերթապահ և նրա օգնական,

վաշտերի (նրանց համապատասխան ստորաբաժանումների) հերթապահներ,

վագոնների (նավերի մարդատար շինությունների, օդանավի սրահի) հերթապահներ և օրապահներ,

պահակախումբ,

հերթապահ ստորաբաժանում,

հերթապահ փողհար-թմբկահար:

 

Հոդված 418. Զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմին արգելվում է`

խառնվել ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքին.

կանգառի համար նախատեսված ժամանակից ավել կանգնեցնել գնացքը (նավը, օդանավը).

կանգնել կամ իջնել (օդանավում լքել տեղերը) մինչև սահմանված հրամանը կամ ազդանշան տալը, թռչել վագոններ (նավի տախտակամած) կամ ցած թռչել վագոններից (տախտակամածից) ընթացքի ժամանակ.

«կանգ» բռնակով կանգնեցնել գնացքը, բացի այն դեպքերից, երբ վտանգ է սպառնում գնացքի հսկողության անվտանգությանը կամ մարդկանց կյանքին.

վագոնների (նավերի) վրա մակագրություններ անել, պլակատներ, կարգախոսներ և դրոշակներ փակցնել ու կախել.

նամակներում ու հեռագրերում նշել զորամասի անվանումը, հիշատակել փոխադրման մասին, ինչպես նաև այդ մասին զրուցել կողմնակի անձանց հետ, բեռնման, բեռնաթափման վայրերում վագոններում (նավի շինություններում, օդանավերում) նամակներ, թերթեր, թղթեր և այլն թողնել,

գտնվել վագոնների տանիքների, կառամատույցների վրա, արգելակման հարթակներում, մեքենաների խցիկներում և թափքերում, տանկերի աշտարակներին, բացի այդ, դիպչել կոնտակտային ցանցի մետաղական հենարաններին և հողակցող սարքերին, 2 մ-ից ավել մոտենալ կոնտակտային հաղորդալարերին.

գտնվել նավի ծառայողական շինություններում, նավի անձնակազմի աշխատանքի տեղերում, փրկամակույկներում, ելնել շլյուզների (նավանցումների ջրարգելակների) պատերին.

նստել կամ կանգնել վագոնների դռնախորշերում, հենվել վագոնների դռնափականքներին (նավերի եզրագերաններին).

վագոններում (նավերում) օգտագործել լուսավորության և ջեռուցման չսահմանված տեսակներ.

բեռնումից հետո կատարել տեխնիկայի լցավորում (լրալցավորում).

առանց անհրաժեշտության քայլել երկաթուղային ուղեգծերով (նավահանգստի, օդակայանի տարածքով), կեղտոտել տարածքը, խարույկներ վառել կայարանների (նավահանգիստների, օդակայանների) տարածքում, առանց թույլտվության վերցնել էշելոնին (անձնախմբին) չպատկանող գույքը.

կանգառներում և ընթացքի ժամանակ վագոններից (նավերից) դուրս նետել աղբը, սննդի մնացորդներ և այլն:

 

Հոդված 419. Արգելվում է զինվորական էշելոնի հետ փոխադրել կողմնակի անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնի հետ կապ չունեցող բեռներ: Զինվորական էշելոնի հետ տրանսպորտի պաշտոնատար անձանց, ինչպես նաև համընթաց զինվորական խմբերի երթևեկությունը թույլ է տալիս հաղորդակցության ճանապարհի պարետը:

Վտանգավոր բեռները փոխադրվում են էշելոնի պաշտոնատար անձանց, ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների մշտական հսկողության տակ, տրանսպորտի տարբեր տեսակներում գործող նորմատիվ փաստաթղթերին խիստ համապատասխան:

 

Հոդված 420. Զինվորական էշելոնից (անձնախմբից) հետ ընկած զինծառայողը պարտավոր է ներկայանալ հաղորդակցության ճանապարհների զինվորական պարետին, իսկ նրա բացակայության դեպքում` կայարանի, նավահանգստի, օդակայանի պետին, զեկուցել (հայտնել) հետ մնալու պատճառը, նշել զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը և գործել ըստ ռազմական պարետի` կամ կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի ցուցումների:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ (ԱՆՁՆԱԽՄԲԻ) ՊԵՏԸ

 

Հոդված 421. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է. զինվորական էշելոնի (անձնախմբի) մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղադրման ու ամրացման ճշտության, զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմի կողմից զինվորական փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, փոխադրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների, շարժակազմի ու նրա սարքավորման անվթարության համար, էշելոնի սանիտարահիգիենիկ վիճակի համար:

Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը ենթարկվում է զորամասի հրամանատարին կամ զինվորական էշելոնը (անձնախումբը) կազմավորած անձին ու հաղորդակցության ճանապարհների պարետներին: Նա զինվորական էշելոնի (անձնախմբի) ողջ անձնակազմի անմիջական պետն է:

 

Հոդված 422. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է`

- զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման և հաղորդակցության ճանապարհներով, հատկապես էլեկտրիֆիկացված երթուղային տեղամասերով ընթանալու ժամանակ անվտանգության պահանջների, հրդեհի առաջացման դեպքում գործողությունների և հրդեհային անվտանգության պահանջների վերաբերյալ, ստուգել հակահրդեհային միջոցառումների կատարումը վագոններում (նավերի մարդատար շինություններում), խոհանոցների, վառարանների (ջեռուցող, օդափոխիչ սարքերի) և հրդեհավտանգ այլ սարքավորումների տեղադրման ժամանակ.

- կազմակերպել կապը էշելոնում և նշանակել բեռնման-բեռնաթափման և այլ անձնախմբերի պետերին.

- սահմանված ժամկետներում և կազմակերպված անցկացնել զինվորական էշելոնի (անձնախմբի) բեռնումը, փոխաբեռնումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրման և ամրացման ճշտությունը, ինչպես նաև անհրաժեշտ կարգուկանոնը բեռնման-բեռնաթափման վայրերում.

- հետևել վագոնների (նավերի մարդատար շինությունների) ավագների կողմից հանովի զինվորական սարքավորումների ընդունմանը, բեռնաթափման վայրում դրանց հանձնմանը և ապահովել նրա անվթարությունը ընթացուղիում.

- ապահովել անձնակազմի կողմից փոխադրումների կանոնների պահպանումը և անվտանգության պահանջների կատարումը, ինչպես նաև կարգուկանոնի պահպանումը գնացքի (նավի) կանգառների ժամանակ.

- զինվորական էշելոնում կազմակերպել համակողմանի ներքին և պահակային ծառայությունների, հակահրդեհային պաշտպանության ապահովումը, ինչպես նաև վերահսկել սպառազինության և ռազմական տեխնիկայի դրությունը, նրանց ամրացման վիճակը, ժամապահների և դիտորդների համար արգելափակոցների հուսալիությունը.

- ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) պատրաստությունը հանկարծակի բեռնաթափմանը և նշված շրջան ռազմերթով ընթանալու կամ մարտական առաջադրանքների կատարմանը.

- ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) տրանսպորտային փաստաթղթերի ժամանակին ձևակերպումը.

- սահմանել օրվա վերակարգի հերթափոխի ժամանակը, ինչպես նաև որոշել անձնակազմի սնման կարգը և հաստատել մթերքների բաշխումը.

- ընթացուղում հաղորդակցության ուղիների զինվորական պարետներին զեկուցել զինվորական էշելոնի (անձնախմբի) վիճակի մասին և նրանց ներկայացնել երթուղային թերթիկը.

- ապահովել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը էշելոնում.

- հետ մնացած զինծառայողների մասին հայտնել հաղորդակցության ուղիների պարետին, իսկ այնտեղ, ուր նա չկա` այն կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետին, որտեղ նրանք հետ են մնացել.

- հակառակորդի գործողությունների, հրդեհների, ձնահոսքերի, ողողուտների պատճառով հարկադրական կանգառների, ինչպես նաև վթարների և այլ պատահարների ժամանակ տրանսպորտային մարմիններին օգնություն ցույց տալ երթևեկությունը վերականգնելու գործում.

- հիվանդներին (վիրավորներին) տեղավորել զինվորական էշելոնի վագոն (կուպե, նավախցիկ) մեկուսարանում, իսկ նրանց, ովքեր չեն կարող շարունակել ճանապարհը, տեղավորել մոտակա զինվորական կամ քաղաքացիական բուժհիմնարկում, զինվորական էշելոնի (անձնախմբի) կազմից որևէ մեկի մահվան դեպքում մահացածի դիակը նրա իրերով, փաստաթղթերով, նամակներով և փողերով հանձնել մոտակա զինվորական հոսպիտալ կամ հիվանդանոց, իսկ ծովային երկարատև չվանցի դեպքում մահացածի դիակը թաղում են ըստ ծովային սովորույթի:

Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը իրավունք ունի անվճար օգտվել տրանսպորտի կապի միջոցներից (հեռագիր, հեռախոս, ռադիո)` զինվորական էշելոնի (անձնախմբի) տեղափոխման և ապահովման հարցերով բանակցություններ վարելու համար:

 

Հոդված 423. Փոխադրման հետ կապված հարցերը զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը լուծում է հաղորդակցության ուղիների զինվորական պետի հետ, իսկ այնտեղ, ուր նա չկա` կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի հետ:

 

Հոդված 424. Նույն գնացքով (նավով, օդանավով) մի քանի զինվորական էշելոնների (անձնախմբի) ուղևորության դեպքում զինվորական էշելոններից (անձնախմբերից) մեկի պետը զորամասի պետի կամ հաղորդակցության ուղիների զինվորական պետի կողմից ավագ է նշանակվում մյուս զինվորական էշելոնների (անձնախմբի) պետերի նկատմամբ, ինչի մասին համապատասխան գրառումներ են կատարվում երթուղային թերթիկներում:

 

Հոդված 425. Տեխնիկական անսարքության պատճառով զինվորական էշելոնից վագոնները անջատելու դեպքում զինվորական էշելոնի պետը պահանջում է դրանց փոխարինում: Երբ դրանց փոխարինումը անհնար է, անձնակազմը ժամանակավորապես տեղավորվում է գնացքի մյուս վագոններում: Սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով վագոնների անջատման դեպքում նրանց հետ մնում են անձնակազմերը (վարորդները), իսկ ռազմական մյուս գույքի հետ` պահակախումբը: Միջոցներ են ձեռնարկում նշանակված վայրը դրանք արագ հասցնելու համար:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՊԵՏԻ` ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 426. Զինվորական էշելոնի պետը` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը, պատասխանատու է էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է էշելոնի պետին և ողջ անձնակազմի անմիջական պետն է, բացառությամբ էշելոնի պետին անմիջականորեն ենթակա անձանցից:

 

Հոդված 427. Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառումով, զգոնության և փոխադրման մասին տեղեկությունների գաղտնիությունը պահելու, սպառազինության, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ոգով.

- միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.

- իրականացնել անձնակազմի օբյեկտիվ և օպերատիվ տեղեկացումը, կազմակերպել և անձամբ անցկացնել հասարակական-մարդասիրական պատրաստության պարապմունքները.

- իրագործել էշելոնի օրվա վերակարգի սոցիալ-հոգեբանական ապահովումը, հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման մասին, կազմակերպել նրա ժամանցը, ճանապարհի ընթացքում անձնակազմին ապահովել պարբերական հրատարակություններով, ճիշտ և հոգատար օգտագործել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու գույքը.

- զինվորական էշելոնի անձնակազմը մոբիլիզացնել տարերային աղետների և այլ արտակարգ հանգամանքների հետևանքով խախտված երկաթուղային երթևեկության վերականգնման աշխատանքների համար.

- ժամանակին զեկուցել զինվորական էշելոնի պետին էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՊԵՏԻ` ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԸ

 

Հոդված 428. Զինվորական էշելոնի պետի` մարտական ապահովման գծով օգնականը պատասխանատու է զինվորական էշելոնի պահպանման և պաշտպանության վիճակի համար: Նա ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և զինվորական էշելոնի մարտական ապահովման համար առանձնացված ստորաբաժանումների անձնակազմի պետն է:

 

Հոդված 429. Զինվորական էշելոնի պետի մարտական ապահովման գծով օգնականը պարտավոր է`

- մշակել և զինվորական էշելոնի պետին զեկուցել փոխադրման ընթացքում մարտական ապահովման միջոցառումների մասին և ապահովել դրանց կատարումը.

- նշել անձնակազմի պատսպարանների, ինչպես նաև սպասման ու հավաքի շրջաններում և բեռնման-բեռնաթափման կայաններում (վայրերում) սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքավորման և օգտագործման կարգը.

- կազմակերպել ռադիացիոն, քիմիական և ոչ հատուկ մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետախուզություն, իսկ անհրաժեշտության դեպքում` սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի զբաղեցված վագոնների կամ նավի շինությունների ապաակտիվացում և գազազերծում.

- հետևել զինվորական էշելոնի անձնակազմն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելուն.

- կազմակերպել երթևեկության կանոնավորումը և սպառազինության, ռազմական տեխնիկայի քողարկումը բեռնման և բեռնաթափման շրջաններում.

- կազմակերպել և վերահսկել պահակային ծառայությունը զինվորական էշելոնում և հակաօդային պաշտպանության միջոցների մարտական հերթապահությունը.

- ապահովել հակահրդեհային միջոցների կատարումը.

- ռազմերթի անցնելու դեպքերի համար նախատեսել մարտական ապահովման միջոցառումներ:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՊԵՏԻ` ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԸ

 

Հոդված 430. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պատասխանատու է թիկունքի ծառայությունների գծով զինվորական էշելոնի ժամանակին և լրիվ ապահովման, ճանապարհին ջրամատակարարման, սննդի և բաղնիքալվացքային սպասարկման կազմակերպման համար: Նա ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և իրեն անմիջական ենթակա անձնակազմի պետն է:

 

Հոդված 431. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է`

- զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.

- ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը էշելոնով, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սնունդ և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր զինծառայողին, էշելոնում խոհանոցների բացակայության դեպքում կազմակերպել տաք սննդի ստացումը զինվորական պարենային կետերից.

- խոհանոցները և մարդատար վագոնները ապահովել վառելիքով, ջրով, գույքով, ամանեղենով և հրդեհամարիչ միջոցներով.

- էշելոնի բժշկի հետ համատեղ կատարել էշելոնի խոհանոցներում տաք սննդի պատրաստման համար անհրաժեշտ մթերքների բաշխումը և այն հաստատման ներկայացնել էշելոնի պետին.

- կազմակերպել մարդատար վագոնների սարքավորումների ճիշտ օգտագործումը, հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) հրդեհամարիչ միջոցների և ջեռուցիչ սարքերի սարքինությանը.

- կազմակերպել էշելոնի անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկում:

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Հոդված 432. Վաշտի հրամանատարը ենթարկվում է իր անմիջական պետերին և զինվորական էշելոնի (անձնախմբի) պետին:

Սույն Կանոնագրքի համապատասխան հոդվածներում շարադրված իր ուղղակի պարտականությունների կատարումից բացի, վաշտի հրամանատարը պարտավոր է`

- փոխադրման նախապատրաստել անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան, գույքը, ունեցվածքը և բեռնման պլանին համապատասխան բաշխել դրանք շարժակազմում (նավի շինություններում).

- անձնակազմին հրահանգավորել փոխադրման կանոնների և անվտանգության պահանջների մասին, հայտնել զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը, զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը.

- էշելոնի պետի ցուցումով անձնակազմը բաժանել օրվա վերակարգի և բեռնման-բեռնաթափման ու այլ խմբերի, հնոցապաններ նշանակել.

- անձամբ ղեկավարել ստորաբաժանման բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրումը, ամրացումն ու քողարկումը, վերահսկել դրանց վիճակը ճանապարհին.

- ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել պարապմունքները.

- հետևել անձնակազմի կողմից զինվորական կարգապահության և փոխադրման սահմանված կանոնների պահպանմանը, ինչպես նաև վագոնների (նավերի, մարդատար շինությունների) սարքավորումների անվթարությանը:

 

ՎԱԳՈՆԻ (ՆԱՎԻ ՄԱՐԴԱՏԱՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ) ԱՎԱԳԸ

 

Հոդված 433. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը ենթարկվում է իր ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին: Նա վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 434. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է`

- ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների քանակը և մեկնումից առաջ ստուգել դրանց առկայությունը.

- մինչև բեռնումը ստուգել և ընդունել վագոնի (նավի մարդատար շինության) սարքավորումը, իսկ բեռնաթափումից հետո հանձնել այն անվնաս և սարքին վիճակում.

- ղեկավարել անձնակազմի նստեցումը, տեղավորումը և իջեցումը.

- նշանակել վագոնի (նավի մարդատար շինության) օրապահներ, հետևել նրանց ծառայության կատարմանը, ինչպես նաև զինծառայողներ առանձնացնել սնունդ, ջուր, վառելիք ստանալու և տարբեր աշխատանքներ կատարելու համար.

- հետևել ռազմական գաղտնիքի պահպանմանը, անձնակազմի կարգապահության, ներքին կարգուկանոնի, զինվորական համազգեստ կրելու կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը.

- անձնակազմին թույլ չտալ առանց էշելոնի պետի թույլտվության կամ մինչև հրաման (ազդանշան) տալը վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս գալ, դուրս բերել զենք, զինամթերք և այլ նյութական միջոցներ.

- արգելել երթևեկության թույլտվություն չունեցող անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնին չպատկանող բեռների փոխադրումը վագոններով (նավի մարդատար շինություններում).

- հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) կանոնավոր ջերմաստիճանի պահպանմանը և հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, վագոնում հրդեհի բռնկման դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները այն հանգցնելու համար և գնացքը կանգնեցնելու ազդանշաններ տալ, իսկ նավի վրա հրդեհի մարմանը զուգընթաց զեկուցել զինվորական էշելոնի հերթապահին.

- բեռնաթափմանը նախապատրաստվելու մասին ցուցումներ ստանալուց հետո հրամայել անձնակազմին հագնվել, վերցնել զենքը և անձնական իրերը, դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.

- բեռնաթափումից հետո ստուգել` ամբո՞ղջ գույքն (ունեցվածքն) է հանված, և հանգցվա՞ծ են, արդյոք, վառարանները.

- ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին զեկուցել հիվանդացած, հետ մնացած (ուշացած) զինծառայողների մասին, ինչպես նաև զենքի, զինվորական գույքի, վագոնի (նավի մարդատար շինությունների) սարքավորման վնասվելու կամ կորուստի և այլ պատահարների մասին:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 435. Զինվորական էշելոնի հերթապահը նշանակվում է սպաներից և ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և տեղափոխվող զորամասի հրամանատարին: Նրան են ենթարկվում օրվա վերակարգը և վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագները:

 

Հոդված 436. Զինվորական էշելոնի հերթապահը ծառայության ժամանակ ղեկավարվում է 291-296 հոդվածներով: Բացի այդ նա պարտավոր է`

- հետևել սպառազինությանը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները ստորաբաժանումների հրամանատարների կողմից պահակության պահպանությանը հանձնելուն, ինչպես նաև առաջին հերթափոխի ժամապահների կանգնեցմանը, պահպանությունը փոխելուն և հանձնելուն.

- ստուգել անձնակազմի առկայությունը, օրվա վերակարգի ծառայության կատարումը, հերթապահ ստորաբաժանման պատրաստությունը, ինչպես նաև հետևել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.

- էշելոնում հետևել զինվորական կարգուկանոնին և կարգապահությանը, զինվորական փոխադրումների կանոնների և նյութական միջոցների պահպանմանը.

- զինվորական էշելոնի պետի ցուցումով ստորաբաժանումներին, վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներին, պահակապետին հայտնել այն կանգառները, որտեղ անձնակազմին թույլատրված է դուրս գալ.

- ճանապարհին ապահովել տաք սննդի, ջրի, վառելիքի և լուսավորության միջոցների կազմակերպված ստուգումը և բաշխումը.

- թույլ չտալ կողմնակի անձանց, բացի տրանսպորտի աշխատողներից, որոնք կապված են գնացքների (նավերի) սպասարկման հետ, մոտենալ զինվորական էշելոններին:

 

ՎԱՇՏԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

Հոդված 437. Վաշտի հերթապահը ենթարկվում է զինվորական էշելոնի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտում ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և ավագին: Նրան են ենթարկվում այն վագոնների (նավերի մարդատար շինությունների) օրապահները, որոնցում գտնվում է վաշտի անձնակազմը:

 

Հոդված 438. Վաշտի հերթապահը կատարում է 306 - 309 հոդվածներով նախատեսված պարտականությունները: Բացի այդ, վաշտի հրամանատարի ցուցումներով և զինվորական էշելոնի հերթապահի թույլտվությամբ վաշտի հերթապահը կանգառներում պետք է ստուգի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ամրացման և քողարկման վիճակը, վերացնի անսարքությունները և այդ մասին զեկուցի հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին:

 

ՎԱԳՈՆԻ (ՆԱՎԻ ՄԱՐԴԱՏԱՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ՕԴԱՆԱՎԻ ՍՐԱՀԻ) ՕՐԱՊԱՀԸ

 

Հոդված 439. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը ենթարկվում է վաշտի հերթապահին, վագոնի (նավի մարդատար շինության) ավագին, իսկ այնտեղ, ուր նրանք չկան` զինվորական անձնախմբի պետին:

 

Հոդված 440. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը պարտականությունները կատարում է 310, 311 հոդվածներին համապատասխան:

Բացի այդ, նա պարտավոր է`

- անձնակազմը վագոն նստեցնելիս կամ վագոնից իջեցնելիս` տեղադրել ձեռնասանդուղք (հանովի շարժական սանդուղք) և հանել դռան փականքը, իսկ նստեցումն ու իջեցումը ավարտելուց հետո հավաքել ձեռնասանդուղքը (հանովի շարժական սանդուղքը) և տեղադրել դռան փականքը.

- նստեցումից հետո ստուգել մարդկանց առկայությունը և զեկուցել վագոնի (նավի մարդատար շինության) ավագին կամ զինվորական անձնախմբի պետին.

- անձնակազմին թույլ չտալ վագոնից (նավի մարդատար շինությունից) դուրս գալ սահմանված համապատասխան հրամանը կամ ազդանշանը տրվելուց առաջ և ըստ սահմանված ձևի հագնված չլինելու դեպքում.

- հետևել վառարանները վառելուն և հրդեհային անվտանգության պահանջների պահպանմանը, ինչպես նաև բաքերում և դույլերում ջրի առկայությանը, բեռնաթափումից առաջ դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.

- մաքրել վագոնը (նավի մարդատար շինությունը, օդանավի սրահը).

- հետևել սարքավորման և գույքի անվթարությանը (անվնասությանը).

- հետևել զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի և զինվորական էշելոնի հերթապահի ազդանշաններին և հրամաններին.

- թույլ չտալ վագոններից դուրս կախվել, հենվել դռան փականքներին և դրսի կողմից գտնվել դռնախորշում, նստել կամ կանգնել վագոնի դռնախորշում.

- հետևել, որպեսզի վագոնում բացվեն այն դռները, որոնք մատնանշված են զինվորական էշելոնի պետի կողմից.

- թույլ չտալ վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս նետել աղբ, կերակրի մնացորդներ և այլն:

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Հավելված 1

 

Հոդվ. 5, 76 և 91

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Յուրաքանչյուր զինծառայող զինվորական երդում է տալիս անհատապես և հաստատում է այն սեփական ստորագրությամբ:

2. Զինվորական երդում են տալիս.

համալրման եկած զինվորները` համապատասխան ծրագրերն անցնելուց և զինվորի հիմնական պարտականությունները, զինվորական երդման, զորամասի մարտական դրոշի նշանակությունը և զինվորական կարգապահությունը յուրացնելուց հետո, բայց զորամաս գալու օրից 1,5 ամսից ոչ ուշ, ռազմաուսումնական հաստատությունների (դպրոցների)` նախկինում երդում չտված ուսանողները և ունկնդիրները` նույն ժամկետը լրանալուց հետո.

Նախկինում երդում չտված զինապարտները և կին ծառայողները` զորակոչվելուց հետո:

3. Նախկինում երդում չտված զինվորները, որոնք եկել են համալրման, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ուսումնական հաստատությունների (դպրոցների) կուրսանտները և ունկնդիրները երդում են տալիս զորամասի հրամանատարի, զինվորական ուսումնական հաստատության պետի ղեկավարությամբ:

4. Զինվորական երդման ժամանակը հայտնվում է զորամասի հրամանատարի հրամանում: Մինչ այդ երդում տվողների հետ ստորաբաժանումներում բացատրական աշխատանք է տարվում զինվորական երդման նշանակության և հայրենիքի պաշտպանության հարցերով օրենսդրության պահանջների վերաբերյալ:

5. Նշանակված ժամին զորամասը մարտական դրոշով և նվագախմբի ուղեկցությամբ հետիոտն շարքով շարվում է տոնական, իսկ պատերազմական ժամանակ` դաշտային համազգեստով և զենքով: Գունդը սովորաբար շարվում է վաշտային կամ դասակային շարասյուների գծով: Երդում տվող զինծառայողները գտնվում են առաջին տողաններում: Զորամասի հրամանատարը կարճ ճառով հիշեցնում է նրանց զինվորական երդման նշանակությունը և այն պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է Հայրենիքին հավատարիմ լինելու երդում տված զինծառայողների վրա:

Բացատրական ճառից հետո զորամասի հրամանատարը տալիս է «Ազատ» հրամանը և ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրում է սկսել զինվորական երդման արարողությունը:

Վաշտերի և այլ ստորաբաժանումների հրամանատարները հերթով շարքից դուրս են կանչում զինվորական երդում տվողներին: Զինվորական երդում տվող յուրաքանչյուր զինծառայող ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է զինվորական երդման տեքստը, որից հետո սեփական ստորագրությունն է դնում հատուկ ցուցակում իր ազգանվան դիմաց, գրավում իր տեղը շարքում:

Զինվորական երդում տվող անձանց ցուցակների բլանկները նախապես պատրաստվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաստատած նշումին համապատասխան, նրանց առաջին էջում տպագրված է զինվորական երդման տեքստը:

Զինվորական երդման արարողության ավարտից հետո երդում տված անձանց ցուցակները` նրանց ստորագրություններով, ստորաբաժանումների հրամանատարները հանձնում են զորամասի հրամանատարին:

Զորամասի հրամանատարը շնորհավորում է զինվորներին (սովորողներին, ունկնդիրներին, զինապարտներին) զինվորական երդում տալու կապակցությամբ, իսկ ամբողջ զորամասին` նոր համալրման կապակցությամբ, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:

Պետական օրհներգի կատարումից հետո զորամասը հանդիսավոր երթով անցնում է այն կարգով, որը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության մեջ նշված է շարային ստուգատեսի համար:

Ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի դեպքում զինվորական երդման արարողությունը կարող է անցկացվել շինությունում: Ստորաբաժանումները իրենց շինությունները կարող են գնալ զորամասի հրամանատարի ելույթից հետո: Զինվորական երդման արարողությունից հետո ստորաբաժանումները հրամանով կրկին շարվում են նշված տեղում` հանդիսավոր երթով անցնելու համար:

Նշանակված օրը որևէ պատճառով զինվորական երդում չտված բոլոր զինծառայողները երդում են տալիս հաջորդ օրերին առանձին, զորամասի շտաբում` զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:

6. Զինվորական երդման արարողությունը կարող է անցկացվել պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, ինչպես նաև Հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների եղբայրական գերեզմանների մոտ: Այդ դեպքում երդման արարողության վայր են բերվում միայն երդում տրվող զինծառայողները:

7. Երդման արարողության օրը զորամասի համար համարվում է ոչ աշխատանքային և անցկացվում է որպես տոնական օր:

8. Զինվորական երդում տված զինծառայողների ցուցակները պահվում են զորամասի շտաբում, համարակալված և զմուռսով կնքված հատուկ թղթապանակներում: Սահմանված ժամկետը լրանալուց հետո ցուցակները հանձնվում են արխիվ:

Զինծառայողի զինգրքույկում և հաշվառման-ծառայողական քարտում կատարվում է զորամասի շտաբի պետի նշումը «Զինվորական երդում է տվել (ամսաթիվ, ամիս, տարի)»:

9. Զորամասերին կցված և նախկինում զինվորական երդում չտված զինծառայողները երդում են տալիս զորամաս ներկայանալուց հետո` հինգ օրից ոչ ուշ, ուսումնական հավաքների ժամանակ:

Խաղաղ ժամանակ զինվորական երդում չտված զինծառայողները ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարվելու դեպքում երդում են տալիս զորամաս ներկայանալուն պես:

10. Զինվորական ծառայության ընդունված կին զինծառայողները զինվորական երդում են տալիս զորամասի շտաբում, զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:

11. Սույն Կանոնադրության ժամանակին և ճիշտ կատարման, զինվորական երդում տված զինծառայողների հաշվառման, ինչպես նաև նրանց ցուցակների պահպանման համար պատասխանատու է զորամասի հրամանատարը:

 

 

Հավելված 2

 

Հոդվ. 76

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշը զինվորական պատվի, արիության ու փառքի խորհրդանիշն է: Նա յուրաքանչյուր զինծառայողի` Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն արիաբար և հմտորեն պաշտպանելու, արյունն ու կյանքը չխնայելով` հայրենի հողի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցումն է:

2. Մարտական դրոշը զորամասերին են հանձնում նրանց կազմավորումից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

3. Մարտական դրոշը զորամասում պահվում է նրա գոյության ողջ ընթացքում` անկախ զորամասի անվան և համարի փոփոխությունից:

Զորամասի անվան և համարի փոփոխությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագրում, որը տրվում է մարտական դրոշի հանձնման ժամանակ:

4. Մարտական դրոշը մշտապես գտնվում է իր զորամասի հետ, իսկ մարտի դաշտում` զորամասի մարտական գործողությունների շրջանում:

5. Զորամասի ողջ անձնակազմը պարտավոր է մարտի ժամանակ անձնվիրաբար և արիաբար պաշտպանել մարտական դրոշը և թույլ չտալ նրա զավթումը թշնամու կողմից:

Մարտական դրոշի կորստի դեպքում զորամասի հրամանատարը և այդ խայտառակության անմիջական մեղավոր զինծառայողները ենթակա են ռազմական տրիբունալի դատին, իսկ զորամասը` կազմացրման:

 

 

Հավելված 3

 

Հոդվ. 76

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ և ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մարտական դրոշը հանձնվում է բրիգադներին, գնդերին, առանձին գումարտակներին, դիվիզիոններին, ավիաէսկադրիլիաներին, ուսումնական զորամասերին, ռազմական ուսումնական հաստատություններին:

Տեխնիկական, թիկունքի ապահովման, պահպանության և սպասարկման, կարգապահական, ռազմաշինարարական միավորումներին ու զորամասերին և համանման այլ զորամասերի մարտական դրոշ չի հանձնվում, բացառությամբ այն զորամիավորումների և զորամասերի, որոնք պարգևատրված են շքանշաններով:

Առանձին դեպքերում, երբ զորամասի տեղաբաշխման, օպերատիվ օգտագործման պայմանների և այլ պատճառներով չեն կարող ապահովել մարտական դրոշի պահումն ու պահպանումը, զինված ուժերի զորատեսակի գլխավոր շտաբի պետի որոշմամբ նման զորամասի համար մարտական դրոշ կարող է չպատվիրվել և նրան չհանձնվել:

2. Հուշադրոշները զորամասում որպես մասունք պահվում են զորամասի մարտական դրոշի մոտի պահակակետերում և դրա հետ միասին դուրս են բերվում տոներին և հանդիսավոր իրադարձություններին նվիրված հանդիսավոր նիստերի ժամանակ: Զինված ուժերի զորատեսակի գլխավոր շտաբի պետի թույլտվությամբ և զորամասի կազմացրման ժամանակ հատուկ դեպքերում այդ դրոշները, ինչպես նաև իշխանության և կառավարման տեղական պետական մարմինների, հասարակական այլ կազմակերպությունների կողմից հանձնված դրոշները պատմական համառոտ տեղեկանքով հանձնվում են զինված ուժերի թանգարան` պահպանման:

 

ԶՈՐԱՄԱՍԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Մարտական դրոշը զորամասին հանձնում է նրա կազմավորման ժամանակ զորքերի հրամանատարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարությամբ: Մարտական դրոշը զորամասին հանձնելու ժամանակ տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը:

4. Մարտական դրոշի հանձնման համար զորամասը զենքով շարվում է շարային ստուգատեսի համար` ՀՀ զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով:

Մարտական պայմաններում մարտական դրոշի հանձնման ժամանակ զորամասի շարվածքի կարգը սահմանվում է մարտական իրադրության հաշվառումով:

5. Մարտական դրոշը զորաշարվածքի տեղը դուրս բերելու համար մարտական դրոշը հանձնելու եկած պետին ի տնօրինություն զորամասի հրամանատարը նշանակում է դրոշակակիր և երկու օգնական` սերժանտներից, ենթասպաներից կամ սպաներից, գերազանցապես շքանշաններով և մեդալներով պարգևատրվածների, մարտական պատրաստության գերազանցիկների թվից, և դրոշակակիր դասակ:

6. Սահմանված ժամին դրոշակակիրը դուրս է բերում ծածկոցով մարտական դրոշը և մարտական դրոշը հանձնող պետից երեք քայլ հեռավորության վրա շարժվում է դեպի զորաշարվածքի տեղը: Այդ ընթացքում դրոշակակիրը մարտական դրոշը պահում է ձախ ուսին այն դիրքով, որը նշված է Հայաստանի Հանրապետության շարային կանոնադրության մեջ, դրոշակակրի աջ և ձախ կողքերից քայլում են օգնականները:

Երբ մարտական դրոշը հանձնելու եկած անձը 40-50 քայլ հեռավորությամբ մոտենում է զորաշարքին, զորամասի հրամանատարը հրաման է տալիս:

Օրինակ` «Գունդ, դրոշի ներքո, զգաստ: Աջ հավսար (ձախ, կենտրոն)». Եթե գունդը զինված է կարաբիններով, ապա տրվում է հետևյալ հրամանը. «Գու´նդ, դրոշի ներքո զգա´ստ: Աջից (ձախից, ճակատից) դիմավորելու համար զենքով ողջունի´ր»:

Նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»:

7. Զորամասի հրամանատարը հրամանը տալուց հետո ձեռքը դնում է գլխարկին, մոտենում մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությանը, կանգ առնում նրա դիմաց 2-3 քայլ հեռավորության վրա և զեկույց տալիս:

Օրինակ` «Պարոն գեներալ-մայոր: 105-րդ մոտոհրաձգային գունդը մարտական դրոշի հանձնման առիթով շարված է: Գնդի հրամանատար` գնդապետ Աղաջանյան»:

Մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությանը զեկույց տալու համար գնդի հրամանատարի կանգ առնելու պահին նվագախումբը դադարեցնում է նվագը: Դրոշակակիրը մարտական դրոշը ուղղահայաց կանգնեցնում է աջ ոտքի մոտ` պահելով այն ազատ իջեցված աջ ձեռքով` համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության պահանջների:

8. Մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությունը, ընդունելով զեկույցը, կանգնում է զորաշարքի կենտրոնի առջև, ողջույն տալիս զորամասին և մոտենում դրոշակակրին: Մարտական դրոշը հանձնելու եկած անձի մոտենալուն պես դրոշակակիրը ներքև է թեքում մարտական դրոշը և երկու ձեռքով պահում հորիզոնական դիրքով: Մարտական դրոշը հանձնողը հանում է ծածկոցը և բացում մարտական դրոշը: Այնուհետև դրոշակակիրը, մարտական դրոշը ուղղահայաց դնելով և աջ ձեռքով պահելով, կանգնում է դեմքով դեպի զորաշարքը:

Մարտական դրոշը հանձնողը կարդում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը, որից հետո մարտական դրոշը և պահպանագիրը հանձնում է զորամասի հրամանատարին: Նվագախումբը կատարում է պետական օրհներգը:

9. Զորամասի հրամանատարը, ընդունելով մարտական դրոշը և պահպանագիրը, նվագախմբի պետական օրհներգի կատարման ավարտից հետո մարտական դրոշը հանձնում է դրոշակակրին և հրաման տալիս «Դրոշակակի´ր, իմ հետևից, քայլով-մա´րշ»: Դրոշակակիրը «քայլով» հրամանով մարտական դրոշը դնում է ձախ ուսին:

10. Զորամասի հրամանատարը, նրա հետևից 3 քայլ հեռավորությամբ` դրոշակակիրը մարտական դրոշով, և օգնականները գնում են դեպի շարքի ձախ թևը, որից հետո շարքի ճակատի երկայնքով (շարքից 10-15 քայլ հեռավորության վրա) անցնում են դեպի աջ թևը: Գալով զորաշարքի աջ թևը` զորամասի հրամանատարը դրոշակակրին և օգնականներին հրամայում է զբաղեցնել շարքում իրենց հատկացված տեղը: Երթն սկսվելուց մինչև դրոշակակրի շարք կանգնելը նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»: Զորամասը ողջունում է մարտական դրոշը և երկարաձիգ «Ուռա»-յով:

Երբ դրոշակակիրը կանգնում է իր տեղը, զորամասի հրամանատարը նվագախմբի նվագը դադարեցնելու նշան է տալիս, դուրս է գալիս շարքի կենտրոն, կանգնում մարտական դրոշը հանձնողի կողքին, որից հետո նրա ցուցումով տալիս «Ազատ» հրամանը, իսկ եթե գունդը պատվի առած դիրքով կարաբիններ ուներ, ապա տրվում է «Գունդ, ոտքի» հրամանը:

11. Մարտական դրոշը հանձնողը շնորհավորում է զորամասին մարտական դրոշ ստանալու կապակցությամբ, զորամասն այդ շնորհավորանքին պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա»-յով: Դրանից հետո զորամասի հրամանատարը հանդես է գալիս պատասխան խոսքով:

12. Վերջում զորամասը հանդիսավոր երթով անցնում է մարտական դրոշը հանձնողի առջևով: Հանդիսավոր երթով անցնելուց հետո զորամասը կրկին շարվում է և մարտական դրոշը տարվում է նրա պահատեղը:

13. Մարտական դրոշ ստանալու մասին տրվում է գնդի հրաման, որով սահմանվում է մարտական դրոշի պահատեղը և նշանակվում են դրոշակակիր ու օգնականներ:

14. Մարտական դրոշի դիրքը զորաշարքում, նրա դուրսբերման և տանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ, իսկ պահպանման կարգը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրությամբ:

 

ԶՈՐԱՄԱՍԻՆ ՇՔԱՆՇԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Շքանշանը զորամասին հանձնում են սույն Կանոնադրության 3-4-ում նշված հրամանատարները (պետերը):

16. Շքանշանը հանձնելու համար զորամասը զենքով շարվում է շարային ստուգատեսի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով:

17. Շքանշանը հանձնող անձը, ընդունելով զորամասի հրամանատարի զեկույցը և անձնակազմին ողջույն տալով, կանգնում է զորաշարքի կենտրոնի դիմաց:

Զորամասի հրամանատարը տալիս է «Դրոշակակիր, դեպի ինձ քայլով-մարշ» հրամանը: Այդ հրամանով շտաբի օգնականը (տեղակալը), կանգնելով մարտական դրոշի առջև 2 քայլ հեռավորության վրա, տալիս է «Իմ հետևից քայլով-մարշ» հրամանը և, մոտենալով շքանշանը հանձնողին, դրոշակակրին և օգնականին կանգնեցնում է դեմքով դեպի զորաշարքը, իսկ ինքը կանգնում է նրանցից աջ: Դրանից հետո շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև կարդում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ու զորամասը շքանշանով պարգևատրելու մասին պահպանագիրը, որից հետո զորամասի հրամանատարին է հանձնում պահպանագիրը, իսկ շքանշանն ամրացնում է զորամասի մարտական դրոշին: Նվագախումբը կատարում է պետական օրհներգը: Նվագախմբի նվագից հետո շքանշանը հանձնած անձը զորամասին շնորհավորում է պետական պարգևի առթիվ: Զորամասը շնորհավորանքին պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա»-յով: Զորամասի հրամանատարը հանդես է գալիս պատասխան խոսքով:

18. Պատասխան խոսքով հանդես գալուց հետո զորամասի հրամանատարը տալիս է «Դրոշակակիր, իմ հետևից քայլով-մարշ» հրամանը:

Հրամանը տալուց հետո զորամասի հրամանատարը, նրա հետևից 3 քայլ հեռավորությամբ` շտաբի պետի օգնականը (տեղակալը), այնուհետև, նրանից երկու քայլ հետո դրոշակակիրը մարտական դրոշով և օգնականները ուղղվում են դեպի զորամասի ձախ թևը, որից հետո շարքի ճակատի երկայնքով (շարքից 10-15 քայլ հեռավորության վրա) անցնում են զորամասի աջ թևը, որտեղ շտաբի օգնականը (տեղակալը) և դրոշակակիրն ու օգնականները կանգնում են շարքում իրենց հատկացված տեղը:

Երթն սկսվելուց մինչև շարքում դրոշակակրի կանգնելը նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»: Զորամասը ողջունում է մարտական դրոշը երկարաձիգ «Ուռա»-յով: Վերջում զորամասը հանդիսավոր երթով անցնում է շքանշանը հանձնած անձի առջևով:

19. Եթե զորամասը, որին շքանշան է հանձնվում, մարտական դրոշ չունի, ապա կատարվում է մարտական դրոշի և շքանշանի միաժամանակյա հանձնում սույն Կանոնադրության 3-12 կետերում նշված կարգով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության Նախագահի` մարտական դրոշի պահպանագրի ընթերցումից հետո կարդացվում է Նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին:

20. Շքանշանները, որոնցով պարգևատրված է զորամասը, մարտական դրոշին են ամրացվում պաստառի երեսի կողմից («Հանուն մեր հայրենիքի» մակագրությամբ)` դրանց ավագության կարգով:

Առաջին շքանշանն ամրացվում է պաստառի վերին եզրից 15 և փայտաձողից 10 սմ հեռավորության վրա, մնացածները ամրացվում են փայտաձողի երկայնքով վերևից ներքև` միմյանցից 5-10 սմ հեռավորության վրա:

Անհրաժեշտության դեպքում շքանշանները մարտական դրոշին ամրացնելու համար պաստառի վրա անցքեր են արվում, որոնք եզրակարվում են մետաքսաթելով:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԻ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ և ՊԱՏՎԱՆՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

21. Մարտական դրոշը պատկանում է զորամասին նրա գոյության ողջ ընթացքում, անկախ նրա համարի և անվանման փոփոխությունից:

Զորամասի վերակազմավորման հետևանքով նրա անվանման և համարակալման փոփոխությունները վերադաս հրամանատարը (պետը) գրանցում է պահպանագրում և հաստատվում զինանշան կնիքով:

22. Զորամասերի մարտական ավանդույթների և նրանց մարտական ծառայությունների ու հիշատակի պահպանման համար մարտական դրոշները, շքանշանները և պատվանունները կարող են փոխանցվել ուրիշ զորամասերի:

Ընդ որում, մարտական դրոշի, շքանշանների և պատվանունների փոխանցումը կատարվում է միայն զորամասերի միջև ուղղակի ժառանգորդության առկայության դեպքում, այն է` մեկ կամ մի քանի զորամասեր նոր զորամասի (զորամասերի) վերակազմավորելու ժամանակ:

Մի զորամասը մյուսի վերակազմավորելու դեպքում վերակազմավորող զորամասի մարտական դրոշը, նրա պահպանագիրը, շքանշանները և պատվանունները ամբողջությամբ անցնում են նոր զորամասին:

Մի զորամասը երկու կամ ավելի զորամասերի վերակազմավորելու դեպքում վերակազմավորվող զորամասի մարտական դրոշը, նրա պահպանագիրը, շքանշանները և պատվանունները ամբողջությամբ անցնում են նոր զորամասերից մեկին:

Երկու կամ ավելի զորամասերը մեկ զորամասի վերակազմավորվելու ժամանակ վերակազմավորվող զորամասերից մեկի մարտական դրոշը և նրա պահպանագիրը, շքանշանները, պատվանունները ամբողջությամբ անցնում են այդ նոր զորամասին, մյուս զորամասերի մարտական դրոշները, նրանց պահպանագիրը, շքանշանները, պատվանունները հանձնվում են սահմանված կարգով:

23. Իրենց սխրանքների համար պաշտպանության նախարարի հրամաններով զորամասերի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ գրանցված զինծառայողների հիշատակը պահելու նպատակով զորամասի կազմացրման դեպքում նրանց անունները կարող են գրանցվել այլ զորամասերի ցուցակներում ըստ ժառանգորդության, շքանշանների և պատվանունների փոխանցման մասին 21-րդ կետում շարադրված կարգով: Այդ դեպքում զինծառայողների անունների գրանցումը զորամասերի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորների կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՊԱՀԵԼՈՒ և ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

24. Զորամասի մարտական դրոշը պետք է գտնվի.

զորամասի զորանոցային տեղակայման վայրում և բնակավայրերում նրա տեղավորման դեպքում` զորամասի շտաբի շինություններում,

մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում` զորամասի հրամանատարական կետում,

հրաձգարանում և զորամասի ճամբարային (վրաններով) տեղադրման դեպքում վրանների առաջին շարքի գծում` զորամասի կենտրոնում հատուկ ծածկի տակ,

վարժուսուցման ժամանակ, զորամասի հրամանատարի նշած տեղում, զորամիավորման մարտական դրոշը զորամիավորման հրամանատարի ցուցումով սովորաբար պահվում է լավագույն զորամասում, այդ զորամասի մարտական դրոշի հետ:

Թույլատրվում է համատեղ պահել զորամիավորման` նույն զինվորական ավանում տեղաբաշխված մի քանի փոքրաթիվ զորամասերի մարտական դրոշները:

25. Մարտական դրոշը մշտապես պետք է գտնվի պահակության պահպանության ներքո, իսկ զորամաս դուրս բերելու դեպքում դրոշակակիր դասակի պահպանության ներքո:

26. Մարտական դրոշը պահակակետում պահվում է շքանշանների և շքանշանային ժապավենների հետ, փաթաթված վիճակում և ծածկոցով` կնքված զորամասի զինանշան զմուռսե կնիքով: Այն պետք է ուղղահայաց դիրքով տեղադրված լինի դրոշակի հենակի (ձողափայտի ամրացնելու համար կտրվածքներով կանգնակի) մեջ:

Զորամասի զորանոցային տեղակայման դեպքում մարտական դրոշը թույլատրվում է բաց վիճակում պահել կնքված ապակեպատ պահարանում:

27. Զորամասը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով տեղափոխելու ժամանակ մարտական դրոշի համար հատկացվում է առանձին ավտոմեքենա, վագոն, նավախուց և ինքնաթիռ (սրահ): Մարտական դրոշի հետ գնում են դրոշակակիրը, օգնականները և պահակախումբը, ինչպես նաև կարող են տեղափոխվել դրամի և գաղտնի փաստաթղթերի արկղերը:

28. Մարտական դրոշը ճիշտ պահելու և պահպանելու համար անմիջականորեն պատասխանատու է զորամասի շտաբի պետը:

Նա պարտավոր է.

անձամբ կամ իր տեղակալի և օգնականների միջոցով մշտապես ստուգել ժամապահների ծառայությունը մարտական դրոշի մոտի պահակակետում.

ամսական մեկ անգամից ոչ պակաս անցկացնել մարտական դրոշի դիտազննում` 29-րդ կետում նշված կարգով.

միջոցներ ձեռնարկել մարտական դրոշի դիտազննման ժամանակ բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ` այդ մասին զեկուցելով զորամասի հրամանատարին.

հատուկ մատյան վարել դրա մեջ գրանցելով դիտազննման ժամանակը, մարտական դրոշի դիտազննման ժամանակ բացահայտված թերությունները` այդ մասին զեկուցելով զորամասի հրամանատարին:

29. Մարտական դրոշի դիտազննում իրականացնում է շտաբի պետը դրոշակակրի, օգնականների և պահակապետի ներկայությամբ: Դիտազննման համար շտաբի պետը հրամայում է բացել մարտական դրոշը: Այդ հրամանով` դրոշակակիրը մարտական դրոշն իջեցնում է հորիզոնական դիրքի, օգնականներից մեկը հանում է ծածկոցը: Երբ ծածկոցն արդեն հանված է, դրոշակակիրը, ձողափայտը դանդաղ պահելով, բացում է մարտական դրոշը: Օգնականները օգնում են դրոշակակրին և հետևում, որպեսզի չխճճվեն առաստաղները, ծոպերը և որպեսզի պաստառը չքսվի գետնին (հատակին): Այդ ընթացքում ստուգվում են շքանշանների քանակը և վիճակը, շքանշանային ժապավենների և պաստառի վիճակը, ծածկոցի, առասանների, ծոպերի, ձողափայտի և ծայրակալի անվթարությունը: Շտաբի պետի` մարտական դրոշը հավաքելու հրամանով դրոշակակիրը մարտական դրոշն իջեցնում է հորիզոնական դիրքի` հետևելով, որպեսզի պաստառը գետնին (հատակին) չքսվի, իսկ օգնականը բռնում է պաստառի անկյուններից և թեթևակիորեն ձգում է այն: Դրոշակակիրն ու մյուս օգնականը, դանդաղ պտտելով ձողափայտը, փաթաթում են պաստառը` երեսի կողմով դեպի ներս, այդ ընթացքում հետևելով որպեսզի ծալվածքներ չառաջանան և շքանշանային ժապավենները, առասաններն ու ծոպերը չխճճվեն: Ծոպերը դրվում են փաթաթված պաստառի երկայնքով, ձգված առասաններով:

Երբ պաստառը հավաքված է լինում, օգնականները մարտական դրոշի վրա հագցնում են ծածկոցը, շտաբի պետը կնքում է այն զինանշանավոր կնիքով և դրանից հետո մարտական դրոշը հանձնում պահակության պահպանմանը:

30. Մարտական դրոշը, զորամասի մոտ դուրս բերելիս և այն պահակության պահպանմանը հանձնելիս, դրա բացումն ու փաթաթումը իրականացնում են դրոշակակիրն ու օգնականները` շտաբի պետի կամ նրա օգնականի (տեղակալի) անմիջական հսկողության տակ, ինչպես նշված է սույն Կանոնադրության 29-րդ կետում:

31. Մարտական դրոշի պաստառի չորացումն իրականացվում է շինությունից դուրս` ստվերում կամ շինության ներսում: Չորացման ընթացքում մարտական դրոշը պահպանում են դրոշակակիրը և օգնականը:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ և ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

32. Զորամասի կազմացրման դեպքում մարտական դրոշը և նրա պահպանագիրը պատմական համառոտ տեղեկանքի հետ սուրհանդակային-փոստային կապի ծառայության կողմից շտաբի միջոցով գաղտնի ուղարկվում է զինված ուժերի թանգարան:

Կազմակերպական փոփոխությունների հետ կապված այլ պատճառներով զորամասի մարտական դրոշը կարող է թանգարան հանձնվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշումով:

33. Զգալի վնասվածքներ ստացած կամ ժամանակի ընթացքում հնացած մարտական դրոշները, որոնց նորոգումն ու վերանորոգումն անհնար է, ենթակա են փոխարինման:

34. Մարտական դրոշը փոխելու կամ նորոգման մասին որոշում ընդունելու համար մարտական դրոշի դիտազննում է անցկացնում հատուկ նշանակված հանձնաժողովը` կազմված շտաբի, պաշտպանության նախարարության իրային ծառայության ներկայացուցիչներից` զորամասի շտաբի պետի մասնակցությամբ: Դիտազննման ակտում նշվում են մարտական դրոշի վրա եղած բոլոր թերությունները, դրանց գոյացման հանգամանքները, ինչպես նաև մարտական դրոշը փոխելու կամ նրա նորոգումը տեղում կատարելու մասին հանձնաժողովի եզրակացությունը: Մարտական դրոշի դիտազննման ակտը հաստատում է գլխավոր շտաբի պետը և որոշում ընդունում մարտական դրոշը փոխելու կամ այն նորոգելու մասին:

Մարտական դրոշը փոխելու որոշմանը համապատասխան` գլխավոր շտաբը նոր մարտական դրոշ պատրաստելու հայտ է ներկայացնում, որը հաստատված ակտի հետ միասին ուղարկվում է պաշտպանության նախարարության թիկունք:

Պատրաստված նոր մարտական դրոշը պաշտպանության նախարարության թիկունքը սահմանված կարգով ուղարկում է զորամասի շտաբ: Նոր մարտական դրոշի ստացումից հետո հին մարտական դրոշը պատմական համառոտ տեղեկանքի հետ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թանգարան:

35. Արգելվում է մարտական դրոշի պաստառի նորոգումը իրականացնել զորամասի ուժերով և միջոցներով: Թույլատրվում է միայն ձողափայտի, ծայրակալի և առասանների ծայրահեղ անհրաժեշտ նորոգումը:

Մարտական դրոշի պաստառի նորոգումը իրականացնելու անհրաժեշտության դեպքում զորամասի հրամանատարը պարտավոր է մարտական դրոշի պաստառը հատուկ արհեստանոց ուղարկելու խնդրագիր ներկայացնել: Թույլտվություն ստանալու դեպքում մարտական դրոշի պաստառը սուրհանդակային-փոստային կապի ծառայության միջոցով ուղարկվում է արհեստանոց:

Մարտական դրոշի պաստառի հանձնումը նորոգման ձևակերպվում է ակտով:

 

Հավելված 4

 

Հոդվ. 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 


ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ

Զինվորներ շարքային
եֆրեյտոր

Սերժանտներ և ավագներ կրտսեր սերժանտ
սերժանտ
ավագ սերժանտ
ավագ

Ենթասպաներ

ենթասպա
ավագ ենթասպա


Կրտսեր սպայական կազմ կրտսեր լեյտենանտ
լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան

Ավագ սպայական կազմ մայոր
փոխգնդապետ
գնդապետ

Բարձրագույն սպայական կազմ գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ
գեներալ-գնդապետ

 

1. Քիմիական, երկաթուղային, ավտոմոբիլային և ճանապարհային, տեղագրական ծառայության, նյութական և նյութատեխնիկական ապահովման ու ֆինանսական ծառայությունների սպայական կազմի համար բարձրագույն զինվորական կոչումը գնդապետն է:

2. Ռազմանասնաբուժական ծառայության սպայական կազմին շնորհվում են բժշկական ծառայության զինվորական կոչումներ:

3. Ավիացիայի ինժեներական կազմին, որն ունի ինժեներաավիացիոն պատրաստություն, շնորհվում են ավիացիայի սպայական կազմի համար սահմանված զինվորական կոչումներ:

4. Պահեստազորի սպայական կազմի անձանց զինվորական կոչմանն ավելացվում է «պահեստազորի» բառը (պահեստազորի կապիտան, բժշկական ծառայության պահեստազորի կապիտան և այլն), իսկ սպայական կազմի պաշտոնաթող անձանց զինվորական կոչումներին ավելացվում է «պաշտոնաթող» բառը (պաշտոնաթող մայոր, բուժծառայության պաշտոնաթող մայոր և այլն):

 

Հավելված 5

 

Հոդվ. 76

 

ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈՆԸ

 

1. Զորամասի տարեկան տոնն անցկացվում է Հայրենիքին նվիրվածության, զինվորական պարտքին ու մարտական ավանդույթներին հավատարմության ու զորական ընկերության ամրապնդման ոգով զինծառայողներին դաստիարակելու նպատակով: Նրա անցկացման ամսաթիվը որոշվում է զինված ուժերի տեսակի գլխավոր հրամանատարի (զորատեսակի և հատուկ զորքերի պետի) կողմից` ի նշանավորումն զորամասի պատմության հիշարժան օրերից մեկի.

կազմավորման օրվա,

շքանշանով պարգևատրվելու օրվա,

Հայրենիքի թշնամու դեմ մղված մարտում տարած նշանակալից հաղթանակի օրվա,

մարտական հերթապահության անցնելու օրվա:

Տոնակատարության ամսաթվի որոշման մասին համապատասխան գրանցում է կատարվում զորամասի պատմական տեղեկամատյանում (ֆորմուլայում):

2. Զորամասի տարեկան տոնը նշվում է սահմանված ամսաթվին մոտ հանգստյան օրը: Այդ օրը զորամասը շարվում է մարտական դրոշով և նվագախմբով: Նրա զորաշարքի առջև զորամասի հրամանատարը, այլ զինծառայողներ և վետերանները համառոտ ելույթներում պատմում են զորամասի մարտական պատմության, խաղաղ ժամանակներում ձեռք բերած նվաճումների մասին: Այնուհետև զորամասն անցնում է հանդիսավոր երթով: Թույլատրվում է զորամասը շարելու փոխարեն տարեկան տոնի նախօրյակին անցկացնել հանդիսավոր ժողով:

Տարեկան տոնի օրը անցկացնում են նաև մշակութային և մարզազանգվածային հանդիսավոր միջոցառումներ:

Տոնին կարող են ներկա լինեն այլ զորամասերի և հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ և զորամասի վետերաններ:

 

Հավելված 6

 

Հոդվ. 76, 179

 

ԵԿԱԾ ՀԱՄԱԼՐՈՒՄՆ ԸՍՏ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Եկած համալրումն ըստ ստորաբաժանումների տեղաբաշխվում է յուրաքանչյուր զինծառայողի գործնական հատկանիշները ուսումնասիրելուց հետո և նրա առողջական վիճակի, ժամկետային ծառայության զորակոչվելուց առաջ մասնագիտության, բնութագրի և մասնագիտական պիտանիության մասին զինկոմիսարիատում (ուսումնական կենտրոնում) տրված եզրակացության հաշվառումով:

2. Նշված ժամին զորամասը նվագախմբով շարվում է հետիոտն շարքով:

Նոր եկած համալրումը ստորաբաժանումների ավագների հետ երկտողան շարքով շարվում է դեմքով դեպի զորաշարքը, նրա կենտրոնի առջև` 20-40 մ հեռավորության վրա:

Զորաշարվածքը և զորամասի հրամանատարի դիմավորումը անցկացվում են այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության «Գնդի ստուգատես» բաժնում:

3. Պատասխան ողջույնից հետո զորամասի հրամանատարը համառոտ ճառում պատմում է զորամասի մարտական ուղու, նրա հերոսների ու պարգևների մասին, մարտական պատրաստության գործում ստորաբաժանումների հաջողությունների և պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է զինծառայողների վրա:

Այնուհետև խոսքը տրվում է ժամկետային ծառայությունն ավարտող 1-2 զինծառայողների և նոր եկած զինծառայողներից 1-2-ին:

4. Զորամասի շտաբի պետը հրապարակում է եկած համալրումը ստորաբաժանումների հաստիքակազմում ընդունելու մասին որոշումը:

Զորամասի հրամանատարը անձնակազմին շնորհավորում է նոր համալրման կապակցությամբ, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:

5. Զորամասի հրամանատարի «Շարք կանգնել» հրամանով ստորաբաժանումների ավագները նոր եկած համալրման հետ միասին կանգնում են իրենց ստորաբաժանումների շարքում:

6. Եկած համալրումն ըստ ստորաբաժանումների բաշխելու արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:

 

Հավելված 7

 

Հոդ. 76

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ և ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Մինչև սպառազինությունը և ռազմական տեխնիկան անձնակազմին հանձնելը, պարապմունքներ են անցկացվում դրանց մարտական (տեխնիկական) հնարավորությունների և ժամանակակից մարտում դրանց նշանակության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության օգտագործման դեպքում անվտանգության պահանջների ուսուցման ուղղությամբ:

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգում են հանձնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինությունն ու հանձնմանը դրանց պատրաստ լինելու մասին հրամանով զեկույց են տալիս:

Զորամասի հրամանատարը հրաման է տալիս սպառազինությունը և ռազմական տեխնիկան անձնակազմերի անդամներին, վարորդներին (մեխանիկ վարորդներին) և այլ անձանց կցելու մասին և սահմանում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան անձնակազմին հանդիսավոր կերպով հանձնելու կազմն ու ժամանակը: Հրամանի համարը և այն անձանց ազգանունները, ում կցվում են սպառազինությունն ու տեխնիկան, գրանցվում են տեղեկամատյաններում (անձնագրերում): Հրազենի անվանումը, նրա սերիան և հանձնման ամսաթիվը գրանցվում են անձը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաև զենքը անձնակազմին կցելու տեղեկագրում:

2. Նշանակված ժամին զորամասը հետիոտն շարքով և զենքով շարժվում է մարտական դրոշի ներքո և նվագախմբով:

Հանձնման ենթակա հրազենը և անձնական օգտագործման այլ միջոցներ դուրս են բերվում և դասավորվում զորաշարքից 10 մ հեռավորության վրա դրված սեղաններին: Մյուս սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնվում են դրանց պահատեղերում:

3. Զորամասի հրամանատարը համառոտ ճառում զինծառայողներին հիշեցնում է զինվորական երդման և զինվորական կանոնադրությունների պահանջները իրենց վստահված սպառազինությանը և ռազմական տեխնիկային վարպետորեն տիրապետելու, դրանք Հայրենիքի պաշտպանության նպատակով կիրառելու համար մշտապես պատրաստ պահելու մասին: Այնուհետև հրապարակվում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կցելու մասին հրամանը:

Հրամանի հրապարակումից հետո զորամասի հրամանատարը տալիս է «Ազատ» հրամանը, ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրում է սկսել հրազենի հանձնումը:

Վաշտերի (մարտկոցների) և այլ ստորաբաժանումների հրամանատարները շարքից հերթով կանչում են զինծառայողներին և նրանց հանձնում զենքը:

4. Հրազենը հանձնելուց հետո ստորաբաժանումների հրամանատարները զորամասի հրամանատարի հրամանով անձնակազմը տանում են սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղերը:

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ստանալու համար զինծառայողները շարվում են ըստ անձնակազմերի և ստորաբաժանման հրամանատարի հրամանով ստուգում դրանց վիճակն ու լրակազմությունը:

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան երկար ժամանակով պահելու դեպքում, այդ թվում նաև մասնաշենքերի (օբյեկտների) հերմետիկացմամբ, թույլատրվում է մասնակիորեն գործի գցել դրանք և ապահերմետիկացնել:

Զորամասի հրամանատարն ընդունում է անձնակազմերի (հրամանատարների) վարորդների (մեխանիկ վարորդների) կամ այլ անձանց (որոնց կցված են սպառազինություն և ռազմական տեխնիկա) զեկույցներ և նրանց է հանձնում տեղեկամատյանները (անձնագրերը), որոնցում անձնակազմը ստորագրում է և այդ պահից սկսած` պատասխան տալիս իրեն կցված սպառազինության և ռազմական տեխնիկայի համար:

Համապատասխան պահանջների առկայության դեպքում սպառազինության և ռազմական տեխնիկայի կցումից հետո կարող են գործնականում ցույց տրվել նրանց մարտական (տեխնիկական) հնարավորությունները և նրանց վարպետորեն տիրապետելու օրինակներ:

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելուց հետո դրանց պահարկման (կոնսերվացման) և հերմետիկացման վերականգնման աշխատանքները պետք է կատարվեն նույն օրը:

5. Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելուց հետո ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմը շարում են զորամասի հրամանատարի նշած տեղում և զեկուցում են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ենթակա անձնակազմին հանձնելու մասին հրամանատարի նշված տեղում:

Զորամասի հրամանատարը անձնակազմին շնորհավորում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելու կապակցությամբ:

6. Սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնման արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:

 

Հավելված 8

 

Հոդվ. 64, 76, 86

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հարցում անցկացնելու համար շարվելու կարգը, տեղը և ժամանակը, համազգեստը որոշում են զորամասի հրամանատարը կամ հարցումից 1-2 օր առաջ տեսչական ստուգման անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձը:

Հարցում անցկացնող անձինք պարտավոր են այն սկսելուց առաջ ծանոթանալ առաջարկությունների, դիմումների և բողոքների զորամասային գրքին և դրանց առնչությամբ ընդունված որոշումներին:

2. Հարցումն անցկացնող պետի դիմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության պահանջներին համապատասխան:

3. Հարցումն անցկացվում է զինծառայողների կարգերով` զինվորներինը, սերժանտներինը (ավագներինը), ենթասպաներինը, սպաներինը, կին զինծառայողներինը առանձին-առանձին:

Սպաների հարցումն իրականացվում է ըստ զբաղեցրած պաշտոնի` դասակների, վաշտերի, գումարտակների և նրանց հավասար հրամանատարներին առանձին-առանձին:

Վաշտերի և գումարտակների հրամանատարների տեղակալները հարցման են ենթարկվում իրենց հրամանատարներից առանձին, իսկ գնդի վարչության սպաները` ստորաբաժանումների սպաներից առանձին:

4. Զինվորների հարցումն անցկացվում է ըստ վաշտերի: Սպաները, ենթասպաները և սերժանտները (ավագները) դուրս են գալիս իրենց ստորաբաժանումների շարքի առաջ իրենց համար նշված հեռավորության վրա և հրամանով խտանում են դեպի կենտրոն: Այնուհետև սպաները հրամանով զբաղեցնում են իրենց տեղերը` հաստիքային պաշտոններին համապատասխան:

Հարցումը կարող է անցկացվել նաև շինությունում:

5. Հարցում անցկացնելու ժամանակ զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը կամ տեսչական ստուգումն անցկացնողը հարցնում է, թե զինծառայողներից ով դիմում կամ բողոք ունի:

Դիմում կամ բողոք ունեցող զինծառայողը նշում է իր պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, դուրս է գալիս շարքի առաջ և բանավոր շարադրում իր դիմումը կամ բողոքը կամ ներկայացնում է այն գրավոր:

6. Զորամասի հրամանատարի անցկացրած հարցման ժամանակ տրված դիմումներն ու բողոքները գրանցվում են զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների գրքում, իսկ ստորաբաժանման հրամանատարի անցկացրած հարցման ժամանակ` միայն նրանք, որոնց առնչությամբ պետք է որոշում ընդունի պետը` սկսած զորամասի հրամանատարից և ավելի բարձր:

7. Տեսչական ստուգման ժամանակ անցկացրած հարցման ընթացքում բացահայտված բողոքները առաջարկությունների, դիմումների և բողոքների գրքում չեն գրանցվում:

 

Հավելված 9

 

Հոդվ. 76

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐ ՓՈԽԱԴՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԵՂԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած զինծառայողներին ճանապարհ դնելը, բացի զինծառայողի կոչումը վարկաբեկող զանցանքների համար հեռացվածներից, անցնում է հանդիսավոր պայմաններում, և այդ հանդիսություններին կարող են հրավիրվել զորամասի վետերանները, այլ զորամասերի (ստորաբաժանումների) զինծառայողները, հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ:

Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող զինծառայողներին ճանապարհելու արարողությունն անցկացվում է.

զորամասերի հրամանատարներինը` զորամասի շարքի առջև, մարտական դրոշի ներքո, ստորաբաժանումների հրամանատարներինը, սպաներինը, ենթասպաներինը` ստորաբաժանման շարքի առջև կամ սպաների, ենթասպաների ժողովում,

պայմանագրով ծառայության անցած սպաներինը, ենթասպաներինը, զինծառայողներինը և ստորաբաժանման վարչությունում և շտաբներում ծառայող կին զինծառայողներինը` շարքի առջև կամ այդ վարչությունների, շտաբների անձնակազմի ժողովում,

ժամկետային ծառայության զինծառայողներինը` զորամասի կամ ստորաբաժանման շարքի առջև` կախված միաժամանակ պահեստազոր փոխադրվածների թվից:

Զորամասի հրամանատարին ճանապարհելու արարողության կազմակերպման պարտականությունը դրվում է նրա անմիջական պետի վրա, իսկ մյուս զինծառայողներինը` այն զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի (շտաբի, վարչության պետի), որտեղ ծառայել է այդ զինծառայողը:

2. Զորամասի պաշտոնաթող եղած կամ պահեստազոր փոխադրված հրամանատարին ճանապարհելու համար զորամասը տոնական կամ ամենօրյա համազգեստով առանց զենքի շարվում է հետիոտն շարքով` շարային զորատեսակի համար` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով: Զորամասի զորաշարվածքը ղեկավարում է նրա նոր հրամանատարը, իսկ զորամասի պաշտոնաթող եղած կամ պահեստազոր փոխադրված հրամանատարը գտնվում է այդ արարողությունը կազմակերպող հրամանատարի (պետի) կողքին:

Ճանապարհելու արարողությունը կազմակերպող հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը և ողջույն տալով անձնակազմին, հրապարակում է զորամասի հրամանատարին պահեստազոր փոխադրելու կամ պաշտոնաթող անելու հրամանը, համառոտ ճառ է ասում, նշում է նրա վաստակը, ինչպես նաև հայտարարում է խրախուսանքների մասին և զորացրման կապակցությամբ պատվոգրով պարգևատրելու դեպքում` հանձնում է պատվոգիրը:

Անձնակազմի շարքի առջև կարող են ելույթ ունենալ նաև այլ զինծառայողներ, զորամասի վետերաններ, զինծառայողների ընտանիքների անդամներ, այնուհետև զորացրված հրամանատարին նրա խնդրանքով տրվում է պատասխան խոսք:

Ելույթից հետո պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող հրամանատարը հրաժեշտ է տալիս մարտական դրոշին: Այդ նպատակով զորամասի նոր հրամանատարը կանգնում է զորաշարքի առջև, նրա կենտրոնում և տալիս «Դրոշակակիր, դեպի ինձ քայլով-մարշ» հրամանը: Այդ հրամանով շտաբի պետի օգնականը (տեղակալը), մարտական, դրոշի առջև 2 քայլ հեռավորության վրա կանգնելով, տալիս է «Իմ հետևից քայլով-մարշ» հրամանը և, մոտենալով զորամասի հրամանատարին` դեմքով դեպի նա կանգնեցնում է դրոշակակրին ու օգնականին, իսկ ինքը կանգնում է նրանցից աջ: Պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող հրամանատարը մոտենում է զորամասի մարտական դրոշին, հանում գլխարկը, իջնում է մի ծնկին և համբուրում պաստառի ծայրը:

Մարտական դրոշին հրաժեշտ տալուց հետո զորամասի զորացրված հրամանատարը վերադառնում է իր տեղը, իսկ դրոշը տարվում է զորամասի շարքում իրեն հատկացված տեղը:

Մարտական դրոշով շարժվելու ժամանակ նվագախումբը կատարում է «Դիմավորման» քայլերգը:

Ճանապարհելու արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:

3. Ստորաբաժանումների` պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած հրամանատարներին` սպաներին, ենթասպաներին և վարչություններում ու շտաբներում իրենց ծառայությունն անցկացրած սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին զորամասի (ստորաբաժանման, շտաբի, վարչության) զորաշարքի առջև հրաժեշտ տալն իրականացվում է 2-րդ կետում նշված կարգով: Ընդ որում, անձնակազմը շարվում է ամենօրյա համազգեստով, մարտական դրոշը դուրս չի բերվում:

Վերոհիշյալ զինծառայողներին պահեստազոր փոխադրելիս կամ պաշտոնաթող անելիս` զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ժողովում հրապարակում է նրանց զորացրման հրամանը, ճառ արտասանում, ուր նշում է նրանց վաստակը, ինչպես նաև զորացրման կապակցությամբ նրանց հանձնում պատվոգրեր և թանկարժեք նվերներ, եթե նրանք խրախուսման կարգով պարգևատրված են դրանցով: Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած զինծառայողների հետագա մեծարումը կատարվում է գնդի հրամանատարի սահմանած կարգով:

4. Ժամկետային ծառայության զինծառայողներին պահեստազոր փոխադրելիս` զորամասը շարվում է հետիոտն զորաշարքով, ամենօրյա համազգեստով: Մարտական դրոշը զորամասի զորաշարքի շարվելու ժամանակ դուրս է բերվում նրա հրամանատարի որոշմամբ: Այդ զինծառայողներին ստորաբաժանման շարքի առջև ճանապարհելիս մարտական դրոշը դուրս չի բերվում:

Շարվելուց, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարներին դիմավորելուց և մարտական դրոշը դուրս բերելուց հետո պահեստազոր փոխադրված զինծառայողները հրամանատարի հրամանով շարքից դուրս են գալիս և ըստ ստորաբաժանումների շարվում են զորաշարքից 20-40 մ առաջ, իսկ հետո հրամանով խտանում են դեպի կենտրոն:

Զորամասի շտաբի պետը (ստորաբաժանման հրամանատարը) հրապարակում է այդ զինծառայողների զորացրման և առավել աչքի ընկածների խրախուսման հրամանը: Պարգևատրումը կատարում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը: Դրանից հետո խոսքը տրվում է զորացրված մի քանի զինծառայողների և ուրիշ զինծառայողների:

Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը զորացրված զինծառայողներին շնորհակալություն է հայտնում ծառայության համար, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:

Հրաժեշտի արարողությունն ավարտվում է զորացրված զինծառայողների շարքի առջևով զորամասի (ստորաբաժանման) հանդիսավոր երթով:

 

Հավելված 10

 

Հոդվ. 292, 300, 314, 386

 

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԵՂԵՐԻ) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Գնդի հավաքակայանի, ստուգիչ-անցագրային կետի, ճաշարանի, շտաբի հերթապահների ծառայության համար հատկացված շինությունները, ինչպես նաև վաշտի հերթապահի օրապահի տեղերը սարքավորվում են այնպես, որ ապահովվեն օրվա վերակարգի այդ անձանց համար իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ հարմարություններ:

Ծառայության անցկացման շինություններում պետք է լինեն`

ազդանշանների ընդունման և ստորաբաժանումների տեղեկացման տեխնիկական միջոցներ.

կապի միջոցներ (հեռախոս, սելեկտոր).

ժամացույց.

վթարային լուսավորություն.

օրվա վերակարգի փաստաթղթերով ցուցատախտակ:

Բացի այդ, հերթապահների ծառայության շինություններում (տեղերում) պետք է լինեն`

գնդի հերթապահի մոտ.

կառավարման վահանակ` գնդի հերթապահի և նրա օգնականի աշխատանքային տեղերով, որոնք սարքավորված են ազդանշաններն ընդունելու և ստորաբաժանումներին տեղեկացնելու նրանց հավաքակետեր դուրս գալը, ինչպես նաև սպաների և ենթասպաների` տագնապով ներկայանալու և ստորաբաժանումներում զենքի պահման սենյակները բացելը հսկելու և կառավարելու համար անհրաժեշտ սարքավորումներով,

չհրկիզվող պահարան (մետաղյա արկղ) փաստաթղթեր պահելու համար,

մետաղյա պահարան (արկղ) գնդի վարչության սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները և ռադիոակտիվ ճառագայթման չափաբաժինների չափիչները պահելու համար,

ռադիացիոն և քիմիական հետախուզության սարքեր,

տեղեկացման համակարգի վթարային սնուցում,

հավաքակայանի մուտքի դարպասների և շինությունների բանալիների լրակազմ,

դրսի ջերմաչափ.

հավաքակայանի հերթապահի մոտ.

կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,

մեքենաների գտնվելու վայրի և տեխնիկական վիճակի մասին տեղեկատվություն արտացոլող սարք,

մարտական մեքենաների և հավաքակայանի շինությունների ու դարպասների բանալիների լրակազմով պահարան (արկղ),

դրսի ջերմաչափ,

հսկիչ-անցագրային կետի հերթապահի մոտ.

կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,

դրսի ջերմաչափ,

շտաբի հերթապահի մոտ.

կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,

պահարան (չհրկիզվող պահարաններ) շրջիկ թղթակցությունը և շտաբի շինությունների բանալիները պահելու համար:

2. Գնդի հերթապահի, նրա օգնականի, հավաքակայանի, հսկիչ-անցագրային կետի, ճաշարանի հերթապահների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև գնդի օրվա վերակարգի, այլ անձանց հանգստի համար սարքավորվում են առանձին շինություններ կամ հերթապահների սենյակներում առանձին տեղեր:

Այդ շինություններում (տեղերում) պետք է գտնվեն`

սեղան և աթոռներ,

կիսափափուկ թախտ,

ջրաման և բաժակներ,

բժշկական դեղարկղիկ,

հագուստի խնամքի և կոշիկներ մաքրելու պիտույքներ:

3. Օրվա վերակարգը պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`

հրահանգ հերթապահին և նրա օգնականին (օրապահին), այդ թվում` հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման սպառնալիքի դեպքերի համար,

օրվա կանոնակարգը,

հեռախոսային կայանների և պաշտոնատար անձանց կանչերի աղյուսակ,

հրդեհային անվտանգության պահանջների հրահանգ,

փաստաթղթերի և գույքի ցուցակը,

հերթապահության ընդունման և հանձնման գիրք,

համազորային կանոնադրությունների լրակազմ:

Բացի այդ, հերթապահների մոտ գտնվում են.

գնդի հերթապահի մոտ.

հրահանգների ծրարներ` մարտական տագնապների ազդարարման դեպքերի համար, ինչպես նաև նշանաբառով ծրար` պահակախմբի համար, զինվորական ավանից դուրս գտնվող ստորաբաժանումների հաշվառումն անցկացնելու համար ուսումնանյութական բազայի օբյեկտների դիրքավորման սխեման (քարտեզը),

գնդի ստորաբաժանումների պարապմունքների համահավաք դասացուցակը մեկ շաբաթվա համար,

առավոտյան մարմնամարզության անցկացման պլանը և համազգեստի տարբերակները,

մաքրման համար ստորաբաժանումներին կցման տարածքների սխեմաները,

հրդեհային անվտանգության հրահանգը` համապատասխան փաստաթղթերով (հոդվ. 216),

զենքի և զինամթերքի բացթողման գիրքը,

ռադիացիոն և քիմիական դիտարկումների մատյանը,

պահակությունը ստուգելու իրավունք տվող միանգամյա վկայականների նմուշները.

ցրիչների ծանուցման քարտեր,

մեկուսարանում գտնվող մեկուսացվածների գիրքը,

աշխատանքային տետր.

հավաքակայանի հերթապահի մոտ.

հավաքակայանի սխեման,

տագնապի դեպքում սպառազինության և ռազմական տեխնիկայի դուրսբերման պլանը,

հավաքակայանում աշխատանքի կանոնակարգը,

մաքրման համար ստորաբաժանումների հավաքակայանի տարածքը կցելու սխեման,

հավաքակայանի անցաթղթերի, ուղեգրերի և կապարակնիքների (կնիքների, ծեփապատճենների) նմուշները.

հավաքակայանի շինությունների, մարտական և շարային մեքենաների բացման, մարտական մեքենաների վառոցքի փակերի և լյուկերի, հավաքակայանի շինությունների և դարպասների բանալիների տրման գիրքը,

մեքենաների ելքի և վերադարձի մատյանը,

մեքենաների շարժիչների հովացման համակարգից ջրի դատարկման վերահսկման մատյան,

աշխատանքային տետր.

հսկիչ-անցագրային կետի հերթապահի մոտ.

այն անձանց ցուցակը, որոնք իրավունք ունեն թույլատրելու մուտքը գնդի տարածք և այնտեղից գույքի դուրսբերումը,

արձակուրդային տոմսի, գործուղման վկայականի (գրավոր հրամանի), ցրիչների ծանուցման քարտերի, արձակման վկայականների, անցաթղթերի, ուղեգրերի նմուշներ,

միանգամյա անցաթղթերի հաշվառման գիրք,

միանգամյա անցաթղթերի բլանկներ,

այցելուների հաշվառման մատյան (գրանցվում է, թե ով ում մոտ է եկել, այցելության նպատակը).

գնդի շտաբի հերթապահի մոտ.

գնդի սահմաններից դուրս բնակվող գնդի վարչության զինծառայողների ցուցակը` նրանց հասցեների, հեռախոսների և կանչելու միջոցների նշումով,

սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և կին զինծառայողների աշխատակարգը, ծառայական ժամանակի ռեգլամենտը,

մուտք գործող թղթակցության, ստացվող և տրվող հեռախոսագրերի հաշվառման գիրքը.

ճաշարանի հերթապահի մոտ.

ստորաբաժանումների, օրվա վերակարգի և կալանվածների կողմից սննդի ընդունման հաջորդականության գրաֆիկը,

պատրաստի սննդի ելքի և մթերքների մշակման ժամանակ առաջացող թափոնների նորման,

մթերքների եփման տևողության աղյուսակ,

հացի, կարագի և շաքարի բացթողման նորմաները,

սննդի պատրաստման որակի, հսկողության հաշվառման գիրքը,

ճաշարանում օրվա վերակարգի տեղեկագիրը,

տեխնոլոգիական սարքավորումների վրա աշխատելիս անվտանգության տեխնիկայի և պահանջների հրահանգը.

վաշտի հերթապահի (օրապահի) մոտ.

հերթապահի (օրապահի) տված տիպային հրամանների և ազդանշանների ցանկը,

զորանոցներից դուրս բնակվող զինծառայողների ցուցակը հասցեներով, հեռախոսներով, նրանց կանչելու միջոցների նշումով,

առավոտյան մարմնամարզության համար համազգեստի նմուշները,

մաքրման համար վաշտին կցված տարածքի սխեման,

զենքի և զինամթերքի բացթողման, հիվանդների, արձակվողների գրանցման գիրքը,

մարտական մեքենաների վառոցքի փակերի և լյուկերի բանալիների լրակազմը տագնապի դեպքերի համար կնքված ուղեգրերի հետ միասին` կնքված արկղերում:

 

Հավելված 11

 

Հոդվ. 92, 380

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ` ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՇԱՐԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Ուսուցման շրջանում մարտական պատրաստության կազմակերպումը:

2. Գնդի օրվա կանոնակարգը և նրա ճշգրտումը ստորաբաժանման` հրաձգարան (ճամբար) դուրս գալու շրջանում, ինչպես նաև սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների աշխատակարգը:

3. Ստորաբաժանումների սննդի ընդունման հաջորդականությունը:

4. Ստորաբաժանումների համար կինոնկարների ցուցադրման ժամանակը և հաջորդականությունը:

5. Դաստիարակչական, կուլտուրժամանցային աշխատանքների կատարման կարգը, ընդհանուր գնդային և ընդհանուր գումարտակային երեկոյան ստուգումների անցկացման ժամանակը և տեղը:

6. Օրվա վերակարգի կազմը, նրա նախապատրաստման և հանգստի կարգը:

7. Հերթապահ ստորաբաժանման կազմը, գործողությունների և հանգստի կարգը:

8. Գնդի մարտական դրոշի տեղավորման և պահպանման կարգը:

9. Գնդի պատվոգրքի պահպանման կարգը:

10. Զենքի և զինամթերքի պահպանման, բացթողման և ընդունման կարգը:

11. Սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի ստուգման կարգը:

12. Ներքին կարգուկանոնը և աշխատանքի կանոնակարգը հավաքակայանում:

13. Գնդի պահեստների աշխատանքի կարգը:

14. Տարածքի, ուսումնանյութական բազայի օբյեկտների և շինությունների բաշխումը գնդի ստորաբաժանումների միջև:

15. Ծառայողական շինությունների լուսավորման և ջեռուցման, օդամուղ և օդահան սարքերի աշխատանքի, ինչպես նաև զինվորական ավանի լուսավորության կարգը:

16. Հակահրդեհային պաշտպանության կազմակերպումը գնդում:

17. Գնդի հրամանատարության կողմից զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, զինված ուժերի բանվորներին և ծառայողներին անձնական հարցերով ընդունելու կարգը:

18. Զինծառայողներին այցելելու կարգը:

19. Անձնակազմի լողացման և նրանց իրեղենի հատուկ մշակման կարգը:

20. Գնդի անձնակազմի բժշկական քննության կարգը:

21. Մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի արդյունքների անցկացման կարգը:

22. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնելու կարգը:

Հրամանին կցվում են.

օրվա վերակարգում ծառայության նշանակված սպաների և ենթասպաների ցուցակը,

առավել կարևոր պահակակետերում (գնդի մարտական դրոշի պահպանման) կառավարման կետերում, մեկնարկային, կրակային դիրքերում, զենքի և զինամթերքի պահեստներում ծառայության կատարման համար նշանակված անձնակազմի ցուցակը,

պահեստարանները (պահեստները, հավաքակայանները) բացելու և կայանատեղերում գտնվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան պահակախմբից ընդունելու իրավունք ունեցող զինծառայողների ցուցակը,

հետաքննիչների ցուցակը,

ուսուցման ընթացքում գնդի ծառայությունների գծով ներստուգիչ հանձնաժողովների ցուցակը,

մաքրման համար զինվորական ավանի տարածքը ստորաբաժանումներին կցելու սխեման,

հրդեհային անվտանգության, շենքերի և կառույցների համար պատասխանատու անձանց ցուցակը,

ֆիզպատրաստության համազգեստի նմուշները:

 

Հավելված 12

 

Հոդվ. 295, 307

 

ՎԱՇՏՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁևԵՐԸ

 

_________________________________ զորամասում (վաշտում)

 

Հերթապահության հանձնման և ընդունման գիրք

 

Ամիս, ամսաթիվ

Գրառումներ հերթապահության հանձնման-ընդունման,
 ընդունված զենքի և զինամթերքով արկղերի քանակի մասին

Հրամանատարի
որոշումը

 

Ծանոթություն. 1. Վաշտում հերթապահության հանձնման-ընդունման գրքում նշվում է միայն այն, ինչ ենթակա է ընդունման և հանձնման, իսկ բացահայտված թերությունների մասին զեկուցվում է բանավոր (հոդվ. 307):

2. Հերթապահության հանձնման-ընդունման գրքի առաջին էջում զետեղվում է գրառման նմուշը:

 

Հոդվ. 236, 352

 

____________________________ վաշտի հիվանդների գրանցման գիրք

 

Ամիս, ամսաթիվ Զինվորական կոչումը,
ազգանունը, անվան և
հայրանվան
սկզբնատառերը
Բժշկի
եզրակացությունը
Հրամանատարի
որոշումը

 

Վաշտի ավագ _________________________________________

                               (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Հոդվ. 246, 248

 

ԱՐՁԱԿՎԱԾՆԵՐԻ ԳԻՐՔ

 

_________________________ վաշտի

 

Ամիս, ամսաթիվ Զինվորական կոչումը,
ազգանունը, անվան և
հայրանվան
սկզբնատառերը
Մինչև ժամը
քանիսն է
արձակված
Երբ է
վերադարձել

 

Վաշտի հերթապահ ______________________________________

                                        (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

Հոդվ. 248

 

ԱՐՁԱԿՄԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ

 

______________________________
(կայազորի անվանումը)

_________________________________________________________________ 
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 ______________________________ զորամասի ________________________ վաշտ

____________________________ արձակված է մինչև ժամը ____________________


199 թ.
______________________ 

Նրա հետ գնում են _______________________մարդ
______ վաշտի հրամանատար _____________________________________________

(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)


Զորամասի կնիքի տեղը


199 թ.

 

___________________________

 

 

Ծանոթություն. 1. Եթե արձակվածի հետ գնում են ժամկետային ծառայության այլ ծառայողներ, ապա արձակման գրության «Նրա հետ գնում են _______ մարդ» տողում տառերով նշվում է այդ մարդկանց թիվը:

2. Արձակման գրությունների բլանկները 10,8 սմ չափով պատրաստվում են տպարաններում:

 

Հոդվ. 294, 308

 

________________________ վաշտի զենքի և զինամթերքի բացթողման գիրք

 

Տրված է

Վերադարձվել է

Հ/հ Ամսաթիվ Զենքի
(զինամթերքի)
անվանումը
Քանակը Այն անձի
զինվորական
կոչումը և
ազգանունը,
որին տրված
է զենքը
(զինամթերքը)
Ստորա-
գրու-
թյունը
Ամսաթիվը Քանակը Ստ.

 

Ծանոթություն. 1. Անձնակազմի զենքը, ատրճանակներից բացի, տրվում է վաշտի հրամանատարի կամ ավագի հրամանով, իսկ ատրճանակները զինվորներին և սերժանտներին` վաշտի ավագի կողմից վաշտի հրամանատարի թույլտվությամբ: Ստորաբաժանումները տագնապով զորավարժությունների կամ պարապմունքների դուրս գալու ժամանակ, ինչպես նաև մաքրման համար տրված զենքն ու զինամթերքը ստանալիս, գրքում ստորագրում է վաշտի հրամանատարը կամ նրա տեղակալը, իսկ պահակությունն ընդունելիս` պահակապետը: Անհատ զինծառայողներին զենքը տրվում է նրանց անձնական ստորագրությամբ:

2. Պահակախմբի համար զինամթերքը տրվում է վաշտի հրամանատարի թույլտվությամբ, իսկ հերթապահ ստորաբաժանմանը` գնդի հերթապահի հրամանով, անձամբ վաշտի ավագի կողմից, ինքն էլ ընդունում է այդ զինամթերքը և ստորագրում գրքում:

3. Զենքի և զինամթերքի բացթողումը տագնապի ժամանակ արագացնելու նպատակով գրքում նախօրոք գրառումներ են կատարվում, որոնք անհրաժեշտության դեպքում ճշգրտված են:

 

Հոդվ. 144

 

____________________________  

վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի
և զինամթերքի զննման (ստուգման) գիրք

 

Հ/հ Ամսաթիվը Ստուգողի
պաշտոնը,
զինվորական
կոչումը,
ազգանունը
Ինչ է
ստուգվել
Զննման
(ստուգման)
արդյունքները
Ստուգող
անձի
ցուցումները
և դրանց
կատարման
ժամկետները

Նշումներ
թերությունների
վերացման մասին,
ամսաթիվը և
ստորաբաժանման
հրամանատարի
ստորագրությունը


1.

10.05.
1995 թ.

Գնդի զրա-
հատանկային
ծառայության
պետ` մայոր
Ա.Ա.
Սահակյան

S-80-2
միավոր
և 358

հ. 359-էլիտի
խտությունը
նորմայից
ցածր է


Ստուգել ԱՄ
վիճակը,
նշված
թերությունները
վերացնել
մինչև
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը)


Թերությունները
վերացված են:
Վաշտի
հրամանատար
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը)

2.

15.06.
1995 թ.

Գումարտակի
հրամանատարի`
սպառազինության
գծով
տեղակալ`
մայոր Վ.Ա.
Պետրոսյան


ԿՁԳ-3
հատ
AT 1952
2Ն-7-3
հատ
ԱԳ 593


նորոգման
կարիք ունեն
ԿՁԳ-1 հատ
AT 1952
2Ն-7-1
հատ
ԱԳ 593

Անսարք
զենքը
նորոգման
վաշտ
հանձնել
մինչև
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը)

Թերությունները
վերացված են:
Վաշտի
հրամանատար
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը
)

 

Ծանոթություն. 1. Գիրքը պահվում է վաշտի հրամանատարի մոտ` գրասենյակում:

2. Զննման (ստուգման) արդյունքների գրանցումները կատարում են հրամանատարները (պետերը) սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր:

 

Հոդվ. 154, 275

 

____________________ վաշտի _______________________ դասակի

 

վերակարգերի թերթիկ __________________

ամսաթիվ

 

 
Զինվորական
կոչումը,
ազգանունը,
անվան և
հայրանվան
սկզբնատառերը

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՐԳ

Ընդամենը

տեղա-
փոխ.

վաշտում

վաշտից դուրս

օրվա

ցերե-
կային
գիշե-
րային
ընդա-
մենը
օրվա ցերե-
կային
գիշե-
րային
 
                                       

Շարքային
Հովհաննիսյան
Ա.Գ.

1 3                 1 3 1 9   16     27     4

Եֆրեյտոր
Միրզոյան
Ա.Ա.

2 16           2     2 2 3                 1

 

Դասակի հրամանատարի տեղակալ 

_________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը,
ազգանունը)

 

Ծանոթություն. 1. Բոլոր թվերը, բացի «տեղափոխ.» և «ընդամենը» սյունակներում նշում են ամսաթվերը:

2. «տեղափոխ.» սյունակում թվերը նշում են վերակարգերի քանակը անցած ամսվա ընթացքում, բացառությամբ արտահերթ վերակարգերի:

 

Հավելված 13

 

Հոդվ. 182

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԻ ՎՐԱ, ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ և ԴՐԱՆՑ ՁևԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Շինությունների դռների մակագրությունների օրինակելի ցանկ

ա) գումարտակում`

գումարտակի հրամանատար,

գումարտակի հրամանատարի տեղակալ (օգնական),

գումարտակի շտաբ,

գումարտակի սպաների սենյակ,

 

բ) վաշտում`

ննջարան

տեղեկատվության և ժամանցի սենյակ,

գրասենյակ,

զենքի պահասենյակ,

զենքի մաքրման սենյակ (տեղ),

կենցաղային սպասարկման սենյակ,

պահեստանոց,

մարզական պարապմունքների սենյակ (տեղ),

ծխարան և կոշիկների մաքրման սենյակ (տեղ),

չորանոց, ցնցուղարան,

լվացվելու սենյակ,

զուգարան:

 

Շինության անվանումից առաջ անհրաժեշտության դեպքում կարող է նշվել նաև վաշտի համարը: Օրինակ` 1-ին ԱՀՎ պահեստանոց:

Շտաբներում (սկսած գնդից և ավելի բարձր), վարչություններում, հիմնարկներում և զինուսումնական հաստատություններում աղյուսակի վրա նշվում են պաշտոնատար անձի (մի քանի անձանց) զինվորական կոչումը, ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:

Օրինակ` գնդապետ Ս. Ա. Բադալյան, գնդապետ Ա. Գ. Հակոբյան: Սենյակների համարները նշվում են առանձին:

Վաշտում սենյակների համարները նշվում են «Բ» կետում սահմանված հաջորդականությամբ անկախ սենյակների փոխադարձ դասավորությունից և նույն հարկում միատեսակ նշանակում ունեցող սենյակների քանակից:

Միևնույն հարկում «ա» և «բ» կետերում նշված սենյակների համատեղ տեղաբաշխման դեպքում համարակալումն սկսված է վաշտի շինություններից:

2. Ցուցատախտակների օրինակելի ձևը և շինությունների դռների մակագրությունները.

1 ննջարան 321

2 Տեղեկատվության ժամանցի սենյակ

Փոխգնդապետ Վ. Ա. Բադալյան

1-ին ՄՀՎ գրասենյակ

Ցուցատախտակները փակցվում են հատակից 170 սմ բարձրության վրա` մինչև նրանց ստորին եզրը: Շտաբների, վարչությունների հաստատությունների և զինուսումնական հաստատությունների սենյակների համարները տեղադրվում են ցուցատախտակից բարձր` դռան կենտրոնում:

Մակագրությունը ցուցատախտակի վրա կատարվում է առանց թեքության, ուղիղ տպատառերով, կարմիր ֆոնի վրա բրոնզե (դեղին) ներկով:

3. Ցուցատախտակների չափսերը, լայնությունը` 25 սմ, բարձրությունը` 10 սմ, թվերի բարձրությունը` 6 սմ, հիմնական մակագրություն` տառերի բարձրությունը` մինչև 3 սմ, այլ մակագրություններինը` մինչև 1 սմ: Սենյակների համարներով ցուցատախտակների չափսերը, լայնությունը` 10 սմ, բարձրությունը` 7 սմ:

4. Շենքերի մուտքերի մոտ օրինակելի մակագրությունների ցանկ

 

________________________ զորամասի շտաբ,

 

հ. __________________ զորանոց,

 

ստուգիչ-անցագրային կետ,

ստուգիչ տեխնիկական կետ*,

ճաշարան,

թեյարան,

գնդի բուժկետ,

մարզադահլիճ,

բաղնիք,

ուսումնական մասնաշենք,

պահակատուն,

սպայական հանրակացարան,

կանանց հանրակացարան,

զորամասի ակումբ,

մթերային պահեստ**:

 

Անհրաժեշտության դեպքում շենքի անվանումից հետո (առաջ) կարող է նշվել նրա համարը:

Օրինակ` Հ.1 ուսումնական մասնաշենք, սպայական հանրակացարան հ. 2 և այլն:

5. Շենքերի մուտքերի մոտ ցուցանակների օրինակելի ձևավորումը.

 

00000 զորամասի շտաբ
Հ.1 ուսումնական մասնաշենք

Ստուգիչ-անցագրային կետ
պահակատուն

 

Ցուցանակները տեղավորվում են շենքերի պատերին, գլխավոր մուտքի մոտ, երևացող տեղում: Ցուցանակների վրա մակագրությունը կատարվում է առանց թեքության, ուղիղ տառատեսակով, կարմիր կամ կապույտ ֆոնի վրա բրոնզե (դեղին) ներկով:

Ցուցանակի չափսերն են. երկարությունը` 60 սմ, բարձրությունը` 40 սմ:

Հիմնական մակագրության տառերի և թվերի բարձրությունը` մինչև 10 սմ, իսկ մյուս մակագրություններինը` մինչև 5 սմ:

 

Հավելված 14

 

Հոդվ. 267

 

ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ (ԹևԿԱՊՆԵՐԻ) ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կրծքանշան առաջարկությունը ներկայացնել ՀՀ ԶՈՒ ԳՇ:2. Թևկապ թևկապները պատրաստվում են 30-40 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ կիսակոշտ կարմիր կտորից: Թևկապի եզրերին կարվում է տրեզ (տեսմա) թևին կապելու համար: Թևկապին համապատասխան մակագրություն է արվում` սպիտակ ներկով կամ սպիտակ կտոր կարելով:

գնդի հերթապահ

վաշտի հերթապահ

 

 _________________

* Անհրաժեշտության դեպքում կարող են նշվել տեխսպասարկման և նորոգման կետը, լցավորման կետը, մաքրման և լվացման կետը, լիցքավորման կայանը և այլն:** Համապատասխան մակագրություններ ունեն և ուրիշ պահեստներ:

 

Հավելված 15

 

Հոդվ. 404

 

ԳՆԴԻ (ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ) ՃԱՄԲԱՐ ԽՓԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Ճամբարի տեղը որոշում է ավագ պետը և համաձայնեցնում պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների հետ: Հնարավորության սահմաններում այն պետք է գտնվի ուսումնական օբյեկտների (դաշտերի) մոտակայքում:

2. Ճամբարի ճակատային կողմը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել գերիշխող քամիների ուղղությունը:

Ճամբարի ճակատային կողմի հատումը ընդհանուր օգտագործման տարանցիկ ճանապարհներով չի թույլատրվում: Ճամբարի թևերը պետք է գտնվեն տարանցիկ ճանապարհներից առնվազն 50 մ հեռավորության վրա:

3. Ճամբարն ուղղանկյուն թաղամասերի է բաժանվում լայնակի և երկայնակի տողաններով, որոնք միաժամանակ ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ:

4. Ճամբարը խորքով շերտերի է բաժանվում ճամբարի ճակատային կողմին զուգահեռ 3 տողաններով` առջևի, միջին և հետին: Խորքային տողանների հեռավորությունը որոշվում է վրանների, անհրաժեշտ կառույցների և սարքավորումների տեղակայման համակարգով:

Ճամբարի երկայնքով տեխնիկայի շարժումն ապահովելու նպատակով ճամբարի թիկունքում անվավոր և թրթուրավոր մեքենաների համար ստեղծվում են առանձին ճանապարհներ:

5. Ճամբարը բաժանվում է ճակատային կողմին ուղղահայաց լայնակի տողաններով:

Լայնակի տողանները գցվում են գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների միջև: Լայնակի տողանների միջև ընկած ճամբարի հատվածը` առաջին տողանից մինչև տեխնիկայի համար գցված ճանապարհը, ստանում է այն գումարտակի (ստորաբաժանման) անունը, որը տեղավորված է այդ հատվածի առաջին գոտում:

6. Առաջին գծում (առջևի և միջին տողանների միջև) վրաններում տեղավորվում են ստորաբաժանումներն` ըստ համարակալման կարգի:

Երկրորդ գծում (միջին և հետևի տողանների միջև) տեղավորվում են զորամասի շտաբը, բուժկետը, ճաշարանները, ջրի մառանիկները և լվացարանները:

Երրորդ գծում (հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև) տեղավորվում են զուգարանները, պահեստները, արհեստանոցները և տնտեսական այլ կառույցներ:

Զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստները տեղավորվում են ճամբարի սահմաններից դուրս:

7. Վրանային բները տեղավորվում են վաշտի ճակատային մասի երկայնքով` երեք կամ երկու բնով: Վրանային բնի չափսերն են 5 x 5 մ: Հատակից բների կողային հիմքերի միջև տարածությունը երկայնքով 2,5 մ է, իսկ խորությամբ` 5 մ:

Ժամկետային ծառայության սերժանտները տեղավորվում են իրենց ստորաբաժանումների հետ: Վաշտի ավագի համար առանձնացվում է առանձին վրան, ուր տեղավորվում է նաև վաշտի գրասենյակը:

Պայմանագրային ծառայության ենթասպաների և զինծառայողների համար առանձնացվում են առանձին վրաններ` 3 հոգուն մեկ վրան հաշվով:

8. Տեղեկատվության և ժամանցի վրանները տեղադրվում են վաշտի վրանների շարքի հետևի գծում: Նրանց կողքին ստեղծվում են հարթակներ (դասարաններ) վաշտի ընդհանուր ժողովների անցկացման համար:

9. Զորամասի դիրքավորման կենտրոնում վրանների առաջին շարքի գծում տեղադրվում է դրոշի հենակը: Դրոշի հենակի հետևում, վրանների շարքի երկրորդ գծում տեղադրվում է գնդի հերթապահի և նրա օգնականի վրանը: Պահակախմբի վրանները տեղադրվում են երկրորդ գծում:

10. Վաշտերի ճամբարային տեղավորմանը հաջորդող գծում տեղադրվում են զենքի պահպանման շինությունները (վրանները), որոնց մերձակայքում ստեղծվում են զենքի մաքրման տեղեր, իսկ սրանց հետևում` ջրի մառանիկներ և լվացարաններ:

11. Օրապահների սնկիկները (սնկաձև ծածկերը) տեղադրվում են առաջին տողանի վրա, յուրաքանչյուր գումարտակի աջ և ձախ թևերում` մեկական:

12. Հավաքակայանները սարքավորվում են հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև, ճամբարի թևերում կամ նրա երեսակողմում: Հավաքակայանին հատկացվող հողակտորները որոշում է միավորման կամ զորամասի հրամանատարը:

13. Մարզահրապարակները (մարզական թաղամասերը) և մարզական խաղերի համար նախատեսված հրապարակները, որպես կանոն, տեղակայվում են առջևի տողանից առաջ:

14. Գնդի ակումբը տեղակայվում է տեղամասի այն հատվածում, որը հնարավորություն է տալիս առավել հարմար տեղավորել բացօթյա բեմը, հանդիսատեսի տեղերը և ակումբի տաղավարները:

15. Տեղական պայմաններից ելնելով` ճամբար խփելիս կարող են թույլ տրվել հետևյալ շեղումները.

ճամբարի ճակատային կողմը կարող է խփվել ոչ թե ուղիղ գծով, այլ տեղանքի առարկաների դիրքավորման համապատասխան,

ստորաբաժանումների միջև տարածությունը կարող է մեծացվել կամ փոքրացվել,

հավաքակայանները կարող են տեղակայվել ճամբարի սահմաններից դուրս,

ճամբարի տարածքը սարքավորվում է շանթարգել սարքերով, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանումն ապահովող սարքերով:

 

Հավելված 16

 

Հոդվ. 102, 176, 215, 387, 403

 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ և ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

 

1. Զորամասի տարածքը մշտապես պետք է մաքրվի աղբից և չոր խոտից:

Բոլոր պահեստարանները, ծածկերը, զինամթերքի հարթակները, հիմնական և օժանդակ արտադրության արտադրամասերը, լաբորատորիաները, բարձր լարման հաղորդալարերը, էլեկտրակայաններն ու տրանսֆորմատորային ենթակայանները, կաթսայատների խողովակները, ջրմուղ աշտարակները, վառելիքի և քսանյութերի ու այլ նյութական միջոցների պահեստները գործող նորմաների պահանջներին համապատասխան պետք է սարքավորված լինեն շանթարգել սարքերով և հրդեհային ու պայթունային անվտանգություն ապահովող ինժեներական այլ համակարգերով:

Հրդեհային ջրամատակարարման աղբյուրների, շենքերի մատույցները և տարածքի բոլոր ուղղանցումները (անցատեղերը) միշտ պետք է ազատ լինեն հրշեջ մեքենաների երթևեկության համար:

Հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է`

շինություններից, ունեցվածքի և ռազմական տեխնիկայի հարթակներից 40 մետրից ավելի մոտ հեռավորության վրա կրակ վառել, ինչպես նաև ծխել և բաց կրակով սարքեր գործածել հավաքակայաններում, պահեստարաններում, անգարներում և նմանօրինակ շինություններում.

օգտվել անսարք վառարաններից, վառարանները վառելու համար օգտագործել դյուրավառ հեղուկներ, այրվող նյութերը և ունեցվածքը թողնել վառարանների մոտակայքում, իսկ վառվող վառարանները` առանց հսկողության, հագուստը չորացնել վառարանների, ծխնելույզների վրա, ինչպես նաև հնոցների (կրակարանների) առջև, վառարանները վառել անձնակազմի հանգստի (քնի) ժամերին: Վառարանները վառվելու դեպքում ծխնելույզները պետք է մաքրվեն առնվազն երկու ամիսը մեկ անգամ.

սառած ջրմուղ և այլ խողովակները շենքերում տաքացնել բաց կրակով (ջահեր, զոդալամպեր), շենքերի խողովակների և կառուցվածքների տաքացումը կատարել միայն գոլորշով, տաք ջրով և այլ անվտանգ միջոցներով.

շենքերի նկուղային հարկերում ստեղծել դյուրավառ հեղուկների և այրվող նյութերի մշակման կամ պահպանման համար նախատեսված արհեստանոցներ և պահեստներ.

խոչընդոտել հրդեհամարման միջոցներին, էլեկտրավահանակներին և էլեկտրական բռնակավոր անջատիչներին մոտենալը ձեղնահարկերում, սանդղահարթակներում և միջանցքներում պահել դյուրավառ նյութեր և գույք (ունեցվածք), միջնապատեր դնել, օժանդակ արհեստանոցներ ու լաբորատորիաներ տեղավորել, ինչպես նաև այդ տեղերում կահավորել բնակարաններ (կացարաններ).

հրդեհամարիչ միջոցներն օգտագործել ոչ ըստ նշանակության.

օգտվել անսարք էլեկտրալարերից և սարքավորումներից, կենցաղային էլեկտրատաքացուցիչ սարքեր օգտագործել առանց հրակայուն տակդիրների, ինչպես նաև բաշխիչ վահանակների վրա այրված ապահովիչները (էլեկտրախցանները) փոխարինել լարերով և այլ առարկաներով:

Էլեկտրալամպերը փաթաթել թղթով և գործվածքով, հաղորդալարերը ծածկել կամ նրանց վրա կպցնել պաստառներ, պլակատներ և այլն, լուսավորման էլեկտրացանցի ստեղծման համար օգտագործել հեռախոսալարեր.

հակահրդեհային առումով չստուգված շինությունները (պահեստարաններ) պահակությանը հանձնել:

2. Համազգեստի ախտահանումն ու չորացումը կատարվում է ախտահանման տիպային խցերում (չորանոցներում) մշտական հսկողության ներքո: Խցերը մտցվելուց առաջ համազգեստի գրպանները պետք է շրջված լինեն:

Համազգեստի ախտահանման և չորացման ժամանակ արգելվում է`

սահմանված նորմերից բարձր ջերմաստիճան ստեղծել խցերի ներսում.

խցերն ու չորանոցները ծանրաբեռնել համազգեստով.

խցերի մեջ մտցնել յուղերով և դյուրավառ հեղուկներով ներծծված համազգեստ.

համազգեստը տեղավորել խցերի պահպանական ցանցերի վրա:

3. Շտաբներում, զորանոցներում, ակումբներում և արտադրական շինություններում ծխել թույլատրվում է միայն դրա համար հատկացված, հակահրդեհային առումով անվտանգ և արտածծող օդափոխիչներով սարքավորված տեղերում:

4. Միջանցքները, անցատեղերը, հիմնական և պահեստային ելքերը, սանդղահարթակները մշտապես պետք է ազատ լինեն և չծանրաբեռնվեն: Շտաբների, զորանոցների, արհեստանոցների, ակումբների և այլ շինությունների մուտքերի դռները պետք է բացվեն դեպի դուրս: Արգելվում է մեխել պահեստային ելքերը, դյուրավառ նյութերով երեսապատել սանդղահարթակների և միջանցքների պատերն ու առաստաղները:

5. Հրդեհամարման միջոցները, ջրամբարները, հրդեհային ջրածորանները և ծորակները պետք է սարքին լինեն, իսկ նրանց գտնվելու տեղը պետք է նշված լինի ստանդարտ ցուցանակներով:

Շենքերում և օբյեկտներում հրդեհամարման միջոցների քանակը որոշվում է հատուկ նորմերով: Պահեստների, հավաքակայանների տարածքում, անգարներում և արտադրական շինություններում հրդեհամարման միջոցները պետք է պահվեն վահանակների վրա:

6. Հեռախոսային ապարատների մոտ պետք է լինի ցուցակներ` մոտակա հրշեջ խմբի հեռախոսահամարով, իսկ զորամասի տարածքում պետք է լինեն հրդեհի տագնապ ազդարարող ձայնային ազդանշանման միջոցներ:

7. Ամեն օր, գնդի հրամանատարի սահմանած ժամին, բոլոր արհեստանոցները, պահեստարանները, պահեստները, հավաքակայանները, անգարները և հրդեհավտանգ մյուս արտադրական շինությունները փակվելուց առաջ ստուգվում են պահեստների, պահեստարանների, արտադրամասերի պետերի, հավաքակայանի հերթապահի և գնդի հրշեջ վերակարգի անձանց կողմից: Նկատված բոլոր թերությունները վերացվում են շինությունների (պահեստարանների) փակումից առաջ, իսկ էլեկտրացանցերն անջատվում են դրսի բռնակավոր անջատիչների օգնությամբ:

Նման դեպքերում հրդեհային անվտանգության պահանջների կատարման հաստատումը հրշեջ ժետոնն է, որը հրշեջ վերակարգը տալիս է օբյեկտը փակող անձին: Պահեստարանների, պահեստների պետերը և հավաքակայանի հերթապահը, օբյեկտների պահակությանը հանձնելիս ժետոնը փոխանցում են պահակապետին: Գնդի հրամանատարի կողմից սահմանված ժամին հրշեջ վերակարգի պետը պահակապետից ստանում է հրշեջ ժետոնները:

8. Լրացուցիչ հակահրդեհային միջոցառումները զորամասերում իրականացվում են հատուկ դրույթներին, ուղեցույցներին և հրահանգներին համապատասխան:

 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ԱՆԳԱՐՆԵՐՈՒՄ և ՕԴԱՆԱՎԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐՈՒՄ

 

9. Ռազմական տեխնիկան տեղակայվում է այնպես, որ նրանց միջև անհրաժեշտ անցուղիներ մնան հրդեհի բռնկման ժամանակ դրանք արագ դուրս բերելու համար:

10. Հավաքակայաններում և անգարներում հրդեհի բռնկումները կանխելու նպատակով խստիվ արգելվում է`

վառելիքով լցավորել կայանատեղերում գտնվող մեքենաները և պահել վառելիքը բաց թողնող բաքերով կամ խողովակներով մեքենաներ,

մեքենաների կայանատեղերում պահել վառելիք, քսանյութեր և դատարկ տարաներ,

նավթով, բենզինով և այլ դյուրավառ հեղուկներով լվանալ ու մաքրել ծածկոցները, կապարները և հագուստը,

մեքենաներում պահել կողմնակի իրեր, հատկապես յուղով ներծծված (յուղոտված) լաթեր, ծածկոցներ, հատուկ հագուստ,

հավաքակայաններում և անգարներում պահել վառելիքի ցիստեռններ.

օգտագործել հրդեհավտանգ տաքացուցիչներ.

բաց կրակ կամ «չղջիկ» լապտերներ օգտագործել կանգնատեղերում մեքենաների լցավորման ժամանակ.

եռակցման աշխատանքներ կատարել մեքենաների կայանման համար հատկացված շինություններում.

լցավորել չհողակցված օդանավերը.

օդակայան թողնել հրդեհամարման միջոցներ չունեցող տեխնիկա.

օդանավերը պահել հենասարքերը (շասսիները) հանած.

ծանրաբեռնել մեքենաների կանգնեցման և պահպանման համար հատկացված շինությունների դարպասները, այդ շինություններում սարքավորել փոքրիկ պահեստներ, արհեստանոցներ և բնակարաններ (կացարաններ).

մեքենաների (օդանավերի) կայանման և պահպանման համար հատկացված շինությունների դռները կողպել ներքին փականքներով:

11. Հրդեհի բռնկման դեպքում մեքենաների (օդանավերի) անհապաղ դուրսբերումն ապահովելու համար ամեն օր պետք է առանձնացվեն հատուկ ճոպաններով հերթապահ քարշակներ և մարդկանց վերակարգ:

 

ՎԱՌԵԼԻՔԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

 

12. Վառելիքի լցավորման կետերում հրդեհի բռնկումը կանխելու նպատակով խստիվ արգելվում է`

գերազանցել մեքենաների շարժման 5 կմ/ժ արագությունը.

լցավորվող մեքենաները կանգնեցնել լցավորող աշտարակներից 2 մետրից ավելի մոտ հեռավորության վրա.

ռազմական տեխնիկան լցավորել շարժիչների աշխատանքի պայմաններում և թափքում անձնակազմի առկայության դեպքում.

կարգավորման աշխատանքներ կատարել, վերանորոգել մեքենաները, ձայնային և լուսային ազդանշաններ տալ.

ծխել, բաց կրակ, լապտերներ և ջահեր (կանթեղներ) գործածել պայթյունաանպաշտպան կատարմամբ.

վառելիքը ամբարները (ռեզերվուարներ) լցնել ազատ թափվող շիթով.

վառելիքը թափել ավտոցիստեռններից, ռեզերվուարները, լցավորող աշտարակներն ու խողովակաշարերը շահագործել առանց հողակցման.

շահագործել շանթարգելով չսարքավորված լցավորման կետը.

մեքենայի շարժիչը գործի գցել նախքան թափված վառելիքը նրա մակերեսից մաքրելը.

լցավորման կետում պահել յուղով ներծծված (յուղոտված) հնոտիք:

 

ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐՈՒՄ

 

13. Այն շինությունները, որտեղ աշխատանքներ են կատարվում դյուրավառ հեղուկների (նավթի, բենզինի, ացետոնի, նիտրոլաքի) կիրառմամբ և իրականացվում է ակումուլյատորային մարտկոցների լիցքավորում, սարքավորվում են հատուկ օդափոխիչներով: Էլեկտրաշարժիչները, ջահերը (կանթեղները) և էլեկտրաբաշխիչ սարքերը տեղակայվում են պայթունապաշտպան կատարմամբ: Լիցքավորման ագրեգատներն ու գազաեռակցման ապարատների գեներատորները տեղակայվում են առանձին շինություններում: Այդ շինություններում արգելվում է վառարանների տեղադրումը:

14. Դյուրավառ հեղուկները պետք է գտնվեն մետաղյա լավ փակվող ամաններում, մեկօրյա պահանջները չգերազանցող քանակությամբ, և աշխատանքների ավարտից հետո տարվեն հատուկ սարքավորված պահեստային շինություն:

Հեղուկ վառելիքով աշխատող արտադրական վառարանների և ագրեգատների` 1 մ3 տարողությամբ բաքերը պետք է տեղադրվեն մեկուսացված շինություններում, իսկ մինչև 1 մ3  տարողությամբ բաքերը` չհրկիզվող պատերի մեջ` ագրեգատներից առնվազն 5 մ հեռավորության վրա:

15. Մաքրման նյութերը, յուղով ներծծված (յուղոտված) լաթերը և հնոտիքը դուրս բերելու համար բոլոր արտադրական շինություններում տեղադրվում են կափարիչներով մետաղյա արկղեր, որոնք պարտադիր դատարկվում են աշխատանքների ավարտից հետո:

Յուղոտված հատուկ հագուստը պետք է պահվի արտադրական շինություններից (արտադրամասերից) դուրս, հատուկ պահարաններում խառը վիճակում:

Արգելվում է հատուկ հագուստի գրպաններում թողնել մաքրման յուղոտված նյութեր:

16. Վառարանների վառելը դադարեցվում է արհեստանոցների փակումից 2 ժամ առաջ: Աշխատանքների ավարտից հետո օրվա ընթացքում կուտակված արտադրական թափոններն ու աղբը պետք է դուրս բերվեն արհեստանոցների շինություններից:

Պահեստներում (պահեստարաններում):

17. Արգելվում է պահեստների (պահեստարանների) տեխնիկական տարածք մտնել լուցկիներով կամ այրիչ այլ պարագաներով:

Խոտը պահեստների (պահեստարանների) տարածքում ժամանակին պետք է հնձվի և հավաքվի: Պահեստների (պահեստարանների) տարածքում խոտի չորացումն ու չոր խոտի այրում չի թույլատրվում:

18. Պահեստներում (պահեստարաններում) թույլատրվում է պահել միայն ունեցվածքի այն տեսակները, որոնց համար դրանք նախատեսված են:

Պահեստներում (պահեստարաններում) արգելվում է ծանրաբեռնել անցատեղերն (անցուղիներն) ու ելքերը, ներքին փականքներով փակել դռները, դարակաշարերը (ստելլաժները) պաստառապատել և պատուհանները մթնեցնել հրակայուն խառնուրդով չմշակված թղթով, ստվարաթղթով, պոլիմերային նյութերից թաղանթով և գործվածքներով:

19. Ունեցվածքի դասավորումը կատարվում է այնպես, որ ազատ անցատեղեր և ելքեր մնան: Արգելվում է ունեցվածքը դասավորել վառարաններին, ջեռուցման մարտկոցներին (սարքերին), էլեկտրահաղորդման լարերին և լամպերին մոտ, ինչպես նաև ունեցվածքի տեղափոխման ու դասավորման հետ կապ չունեցող աշխատանքներ կատարել պահեստարաններում:

20. Արգելվում է պահեստների (պահեստարանների) մոտակայքում դասավորել շինանյութ, պահել վառելիքի պաշարներ կամ այլ ունեցվածք, դատարկ տարաներ և փաթաթանյութեր, ինչպես նաև ընդհանուր պահեստարաններում պահել դյուրավառ հեղուկներ:

21. Վառարանների հնոցներն (կրակարաններն) ու կափույրային բացվածքները տեղակայվում են պահեստներից (պահեստարաններից) դուրս, իսկ խողովակները սարքավորվում են կայծորսիչներով: Պահեստները փակվելուց 2 ժամ առաջ վառարանների վառելը լրիվ դադարեցվում է, բոլոր վառարանները ստուգվում և փակվում են:

22. Էլեկտրալուսավորման անցկացման ժամանակ բոլոր պահեստները (պահեստարանները) սարքավորվում են դրսի բռնակավոր անջատիչներով: Դրսի բռնակավոր անջատիչներն ու ապահովիչներով խմբային վահանակները պետք է տեղավորված լինեն մետաղյա արկղերի մեջ: Պահեստների (պահեստարանների) ջահերը պետք է լինեն փակ տեսակի (ապակե ծածկերով) և տեղադրված լինեն հիմնական և դիտանցուղիների երկայնքով: Արգելվում է պահեստարանների ներսում էլեկտրական վարդակներ տեղադրելը և ծառայողական շինություններ ստեղծելը:

23. Զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստարաններում և դրանց հետ տարվող աշխատավայրերում պատուհանների ապակիները պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով:

Պայթուցիկ նյութերն ու զինամթերքը անգամ շատ կարճ ժամանակով չպետք է մնան արևի ճառագայթների անմիջական ազդեցության տակ:

24. Արգելվում է հրավտանգ (պայթյունավտանգ) պահեստարաններ մտնել հրազենով և սառը զենքով, այրիչ պարագաներով և լուսավորման սարքերով, բացի ակումուլյատորային լապտերներից, ինչպես նաև համապատասխան հրահանգներով չսահմանված կոշիկներով:

25. Դյուրավառ հեղուկներով պահեստներում (պահեստարաններում), էլեկտրական լուսավորումը թույլատրվում է միայն պայթյունապաշտպան կատարմամբ:

26. Պահեստարանի տարածքում թափված վառելիքը անմիջապես ծածկվում է ավազով:

27. Արգելվում է տարայի խցանները բացել հատիչով կամ մուրճով, որոնք կայծ կարող են տալ: Խցանները բացելու համար պետք է օգտվել հատուկ բանալիներից:

28. Աշխատանքի ավարտից հետո պահեստարանների ողջ էլեկտրացանցը, բացի պահպանության տեխնիկական միջոցներից, պետք է անջատվի դրսի բռնակավոր անջատիչով: