ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 58-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-402-03.02.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 23 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-402-03.02.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել սուտ տեղեկություններ տարածելու հանցակազմով:
Անդրադառնալով Նախագծով առաջարկվող հանցակազմի նպատակահարմարությանը՝ հարկ է նշել հետևյալը.
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Առաջարկվող քրեականացման նախագիծը պայմանավորված է այդ արարքների հանրորեն մեծ վտանգավորությամբ: (…)
Սուտ տեղեկությունների ներազդումն անմիջականորեն ուղղված է մարդկանց մտածողության մոդելների ձևափոխմանը՝ ի շահ ներազդող կողմին անհրաժեշտ ուղղվածության, որը հանգեցնում է ներազդման ենթակա հանրույթի ապակայունացմանը, նրա ամբողջության, բարոյական դրվածքների, վստահության խախտմանը, մասնատմանը, նրա ներսում բաժանման, պառակտման, փոխադարձ օտարացվածության ներմուծմանը, թշնամության հրահրմանը: (…)»:
Հարկ է նշել, որ առաջարկվող հանցակազմի առավել վտանգավոր դրսևորումների համար ներկայումս անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, օրինակ՝ Օրենսգրքի 226-րդ կամ 397.1-ին հոդվածներով:
Բացի այդ, Օրենսգրքի 344-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելու համար՝ պայմանավորված այդ արարքի հանրային բարձր վտանգավորությամբ:
Պետք է փաստել, որ Նախագծով նկարագրված արարքները կատարելու դեպքում անձանց արարքներում կարող են առկա լինել նաև այլ հանցակազմեր:
Օրինակ, եթե անձը սուտ տեղեկություններ տարածելու նպատակով նյութապես շահագրգռի առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, վերջինս էլ գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածի, ապա առկա կլինեն առևտրային կաշառք տալու և ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հանցակազմերը: Եթե նույն արարքը կատարի պաշտոնատար անձը, ապա արարքը կարող է որակվել որպես կաշառք տալ և ստանալ, պաշտոնեական լիազորություններն անցնել:
Ինչ վերաբերում է Նախագծում նկարագրված արարքների հանրային առավել ցածր վտանգավորություն ունեցող դրսևորումներին, ապա հարկ է նշել, որ նման դեպքերում կարող է խոսք գնալ պատասխանատվության այլ տեսակների մասին: Օրինակ՝ անձինք զրպարտության համար կարող են ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության:
Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ (զրպարտությունը) և 136-րդ (վիրավորանքը) հոդվածներով սահմանված արարքներն ապաքրեականացվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-98-Ն ՀՀ օրենքով:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «(…) Կեղծ լուրեր տարածելը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս և կարող է լուրջ ազդեցություն գործել նաև ընտրական գործընթացների վրա: (…)»:
Այս առումով հարկ է ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարքը (ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը) ապաքրեականացվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-57-Ն ՀՀ օրենքով:
Վերոգրյալի հիման վրա` ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Նախագծի ընդունումից:
Այդուհանդերձ հարկ է նշել, որ Նախագծում առկա են մի շարք թերություններ:
Այսպես, Նախագծի հիմնավորման մեջ առկա չէ տվյալ այն մասին, թե որն է հանդիսանում քննարկվող հանցակազմի հիմնական օբյեկտը:
Նույնիսկ նման պայմաններում, հաշվի առնելով քննարկվող հանցակազմի բնույթը, գտնում ենք, որ այն Օրենսգրքի 30-րդ գլխում (կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ) ընդգրկելու հանգամանքը խնդրահարույց է:
Նախագծով առաջարկվող Օրենսգրքի 325.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում որպես պատժատեսակ նախատեսված է ազատազրկում՝ երկու տարի ժամկետով:
Հարկ է նշել, որ պատժատեսակի համար կոնկրետ պատժաչափ (բացարձակ որոշակի սանկցիա) նախատեսելը խնդրահարույց է պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից և զրկում է դատարաններին, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու հնարավորությունից:
Նախագծով առաջարկվող Օրենսգրքի 325.1-ին հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար:
Մինչդեռ, Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ մասով նախատեսվող հանցագործությունը ավարտված է համարվում լրատվամիջոցով, համացանցով կամ հասարակական վայրերում որևէ այլ միջոցով կեղծ տեղեկություններ տարածելու պահից:
Նախագծով առաջարկվող Օրենսգրքի 325.1-ին հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «սուտ տեղեկություններ» ձևակերպումը, մինչդեռ 2-րդ մասում օգտագործվում է «կեղծ տեղեկություններ» ձևակերպումը:
Նախագծով առաջարկվող Օրենսգրքի 325.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում 2-րդ մասով նախատեսված հանցագործության դրդիչի համար:
Կարծում ենք, նման կարգավորում նախատեսելու նպատակը հանդիսացել է դրդիչի նկատմամբ խրախուսական նորմի կիրառումը բացառելը:
Նման պայմաններում, ստացվում է, որ խրախուսական նորմը կիրառելի չէ դրդիչի նկատմամբ, սակայն կիրառելի է հանցագործության կազմակերպչի նկատմամբ, որն ընդունելի չէ: