Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2020-18.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 05.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2019 թվականի N 661-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  11-Ի N 701-Լ, N 703-Լ ԵՎ N 705-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 701-Լ, «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 703-Լ և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 705-Լ որոշումները:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունիսի 1

Երևան

     

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 1-ի N 661-Լ

որոշման

    

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

    

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

2) ռուսերեն` Министерство образования, науки, культуры и спорта.

3) անգլերեն` Ministry of Education, Science, Culture and Sport.

4) ֆրանսերեն՝ Ministere de l'education, sciences, Cultureet des de Sport:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ 0010, քաղ. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2 և 0010, Երևան, Աբովյան 9:

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  

9. Նախարարության նպատակներն են`

1) հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումը և զարգացումը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովումը.

2) համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

3) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, մրցունակության ապահովման, հասարակական առաջընթացի և երկրի անվտանգության բացառիկ կարևոր գործոն.

4) մշակույթի զարգացմանը նպաստելը.

5) մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, օգտագործմանը, հանրահռչակմանը նպաստելը.

6) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրումը.

7) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծումը.

8) մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովումը.

9) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.

10) բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված ժամանակակից համակարգի ստեղծումը և զարգացումը.

11) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործին, ինչպես նաև ֆիզիկապես կոփված, կրթված և հայրենասեր սերնդի ձևավորմանն աջակցումը.

12) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը.

13) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանն աջակցումը.

14) երիտասարդական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

15) երիտասարդության ներուժի իրացման և զարգացման, երիտասարդների լիարժեք ինքնադրսևորման, կայացման, երիտասարդական մասնակցության խթանման համար պայմանների ստեղծումը.

16) հասարակական, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը։

10. Նախարարության խնդիրներն են՝

1) յուրաքանչյուր անձի` իր ընդունակություններին և հակումներին համապատասխան առավել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը.

2) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.

3) ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.

4) կրթական և գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.

5) հանրապետությունից դուրս բնակվող հայերի հայեցի կրթության, նրանց շրջանում հայոց լեզվի պահպանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման ապահովումը.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը.

8) մշակութային կյանքին անհատի և հասարակության լիարժեք մասնակցության հնարավորության ապահովումը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլորի համար.

9) կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների մշակութային գործունեությունը խթանելը.

10) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տարածքային համաչափ զարգացմանը նպաստելը.

11) հասարակության համար մշակութային ծառայությունների արդիականացմանը, բազմազանությանն ու հասանելիությանը նպաստելը.

12) մշակույթին պարբերաբար հաղորդակցվելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի ազատ և երջանիկ լինելու ձգտմանը նպաստելը.

13) մշակույթի դերակատարությունն անհատի և հասարակության կյանքում բարձրացնելը, որը կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը.

14) մշակույթի բնագավառում միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ազգային մշակութային արժեքների հանրահռչակմանը նպաստելը.

15) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի գործնականում ներդնելը, հաշմանդամություն ունեցող անձանց` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

16) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցելը, ինչպես նաև նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

17) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովումը, երիտասարդական ոլորտում՝ մեթոդական աշխատանքների և ուսումնասիրությունների իրականացման ապահովումը.

18) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը.

19) երիտասարդական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակման աշխատանքներին նպաստումը և դրանց իրականացմանն օժանդակումը.

20) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.

21) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջմարզային և միջհամայնքային հորիզոնական համագործակցության զարգացմանն աջակցումը.

22) երիտասարդների զբաղվածության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցումը:

  

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

2) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը` նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր ու զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, ինչպես նաև իրականացնում է դրանց դիտանցում (մոնիթորինգ).

3) պետական կրթական չափորոշիչների (այդ թվում՝ մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում) մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

4) հանրակրթության պետական չափորոշչի մշակում, հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մշակում և հաստատում.

5) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակում ու հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

6) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարության մշակում, ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերի հաստատում.

7) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.

8) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

9) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

10) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

11) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ցույց տրվելիք օգնության, սփյուռքում հայապահպան կրթական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանը սփյուռքի մասնակցության ծրագրերի մշակում և մոնիթորինգի իրականացում.

12) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում պետական ծրագրային բյուջետավորման և գնումների գործընթացի կազմակերպում.

13) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

14) լրացուցիչ կրթության զարգացման ծրագրերի մշակում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

15) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում և ըստ ուսումնական հաստատությունների բաշխում.

16) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում.

17) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.

18) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում՝ դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

19) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

20) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների իրականացում, բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրում, լրացում, հաշվառում և պահպանում.

21) կրթական և գիտական աստիճանների պետական նմուշի ավարտական և գիտական կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակում.

22) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման ներկայացման և գերատեսչական պարգևների, մարզական կոչումների և կարգերի, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, սպորտի նվիրյալներին և կազմակերպություններին մեդալների, մրցանակների ու դիպլոմների շնորհման աշխատանքների իրականացում.

23) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

24) գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումներ շնորհելու կարգի մշակում.

25) ուսումնական հաստատություններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը և ուսումնադիտողական պարագաները գործածության երաշխավորելու կարգի հաստատում.

26) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

27) մշակում և կիրարկում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման ու համալրման սկզբունքները, կանոնները, չափանիշները (նորմատիվներ) և չափորոշիչները.

28) հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

29) վարում է հուշարձանների պետական կադաստրը.

30) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում, Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

31) մշակում և կիրարկում է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, կենսունակության ապահովման և հանրահռչակման կանոնակարգերը.

32) իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանմանն ու ապօրինի ներմուծմանը, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցմանը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

33) սահմանում և կիրարկում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների հաշվառման, պահպանության, վերականգնման, համալրման, ուսումնասիրման, ներկայացման և հանրահռչակման կանոնակարգերը.

34) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, պետության անունից պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների գնման նախապատվության իրավունքը.

35) սահմանում է իր ենթակայության գրադարաններում և թանգարաններում համապատասխանաբար թանգարանային առարկաներին ու հավաքածուներին հաղորդակցվելու, գրադարանային հավաքածուներից օգտվելու պայմանակարգը (ռեժիմ).

36) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնող գրականության հրատարակումն ու հանրահռչակումը, նպաստում է ընթերցանության շարունակական խթանմանը.

37) իրականացնում է մշակութային ժառանգության թվայնացում.

38) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի, մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրեր.

39) կազմակերպում է մշակույթի բնագավառում կրթության ոլորտի մասնագետների պատրաստում, վերապատրաստում, վերաորակավորում.

40) նպաստում է զբոսաշրջության զարգացման նպատակով իր ենթակայության մշակութային կազմակերպությունների առավել հասանելիությանը և մատչելիությանը.

41) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

42) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի և սպորտի բնագավառներում վարում պետական վարչական վիճակագրությունը.

43) մշակում է զանգվածային տեղեկատվության միջոցներով մշակութային և սպորտային քաղաքականությունների քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում (մոնիթորինգ).

44) մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.

45) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական մշակութային տարածքային քաղաքականությունը.

46) պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստանում է համապատասխան տեղեկատվություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տեղեկություններից.

47) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.

48) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.

49) մշակում և կիրառում է արդյունավետ մեխանիզմներ՝ երիտասարդների ներուժի իրացման և զարգացման համար.

50) իրականացնում է երիտասարդների մասնակցային գործընթացների խթանմանը, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ.

51) ապահովում է երիտասարդական ոլորտում ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացումը.

52) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

53) աջակցում է ազգային սպորտային խաղերի և ազգային մարզաձևերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

54) ապահովում է սպորտի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.

55) միջազգային սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբերի, անհատ երիտասարդների և մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.

56) համագործակցում և մասնակցում է միջազգային սպորտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

57) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ.

58) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մարզական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը.

59) վերլուծում է ծառայությունների շուկան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.

60) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.

61) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մարզական, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

62) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում.

63) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

  

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

   

13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ) և նախարարը:

14. Վարչապետը՝

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին:

17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալները:

19. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

20. Նախարարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` նախարարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

21. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է նրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

22. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

26. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ օգնական: Գլխավոր քարտուղարն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի օգնականն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:

27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

28. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

29. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալներ, որոնցից մեկը նախարարի հրամանով փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:

30. Նախարարի խորհրդականը՝

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի օգնականը՝

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

2) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

3) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

4) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

5) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

32. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

33. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

2) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

  

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

    

34. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն.

2) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն.

3) հանրակրթության վարչություն.

4) մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն.

5) զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն.

6) լրացուցիչ և շարունակական կրթության բաժին.

7) արտաքին կապերի և սփյուռքի վարչություն.

8) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.19 N 1957-Լ)

9) լիցենզավորման գործակալություն.

10) մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն.

11) ժամանակակից արվեստի վարչություն.

12) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.

13) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.

14) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.

15) երիտասարդական քաղաքականության վարչություն:

(34-րդ կետը փոփ. 25.12.19 N 1957-Լ)

35. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) անձնակազմի կառավարման վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն.

4) ֆինանսաբյուջետային վարչություն.

5) գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.

6) կազմակերպատնտեսական վարչություն.

7) պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին.

8) առաջին բաժին.

9) զորահավաքային նախապատրաստության բաժին.

10) ընդհանուր բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  

36. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) գիտության կոմիտեն.

2) բարձրագույն որակավորման կոմիտեն.

3) լեզվի կոմիտեն:

  

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

  

37. Նախարարության գրասենյակներն են՝

1) մշակութային արժեքների պահպանության գործակալություն.

2) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն:

  

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

  

38. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

39. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

40. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

41. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

42. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    

43. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

44. Նախարարության կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

45. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

46. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

47. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը փոփ. 25.12.19 N 1957-Լ)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան