Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 25.01.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

23 հունվարի 2020 թվականի N 59-Լ

  

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. հունվարի 23

Երևան

       

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ՝ Հաշտարար) ինստիտուտի հետագա զարգացումն ապահովելու, ինչպես նաև գործնականում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում կատարել մի շարք փոփոխություններ:

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ ընդունելի համարելով՝ ստորև ներկայացնում ենք դրանց վերաբերյալ որոշակի նկատառումներ և առաջարկություններ.

1. Նախագծի 1-ին հոդվածում «որին մասնակցում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «որին պարտադիր մասնակցում են» բառերով՝ համակարգի մասնակիցների մասնակցության սկզբունքները հստակեցնելու և տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու նպատակով:

2. Նախագծով առաջարկվում է ընդլայնել Հաշտարարին պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող հաճախորդների շրջանակը՝ դրանում ֆիզիկական անձանցից բացի ներառելով նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Առաջարկվող փոփոխությունն արդիական է և բխում է ներկայումս միջազգային պրակտիկայում կիրառվող փորձից՝ ֆինանսական օմբուդսմենների իրավասությունը տարածել նաև փոքր և միջին ձեռնարկատիրություն իրականացնող անձանց նկատմամբ, սակայն այս փուլում առաջարկում ենք ավելացնել միայն գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ հղում կատարելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ պահպանելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն այդ սուբյեկտներին ևս «սպառողներ» դիտարկելու կարգավորումները։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Նախագծով անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը բնորոշվում է որպես Հաշտարարին դիմելու պահին ՀՀ տարածքում գրանցված կամ հաշվառված և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկման հատուկ համակարգերից որևէ մեկով հարկվող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ կամ օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված մասնաճյուղ, բացառությամբ օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների:

Հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց Գրասենյակի ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու առաջարկությունը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝

1) եթե նախատեսվում է Գրասենյակի ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռել փոքր տնտեսավարող սուբյեկտներին, ապա գործնականում հնարավոր են դեպքեր, երբ, օրինակ՝ 10 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտը գործունեություն չիրականացնի հարկման հատուկ համակարգերում, հետևաբար նաև իրավունք չունենա օգտվելու Գրասենյակի ծառայություններից.

2) անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հարկման համակարգը յուրաքանչյուր պահի կարող է փոփոխվել (մասնավորապես, ԱԱՀ-ի շեմը գերազանցելու հիմքով)։ Այս առումով, օրինակ, անհրաժեշտություն է առաջանալու կարգավորել պահանջի քննության ընթացքում անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հարկման համակարգը փոփոխվելու դեպքերում նշված սուբյեկտների կողմից Գրասենյակի ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները.

3) Նախագծով կարգավորված չեն անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հարկման համակարգի վերաբերյալ Գրասենյակի կողմից տեղեկանալու հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք քննարկել Գրասենյակի ծառայություններից օգտվողների շրջանակը հարկման այս կամ այն համակարգում գործելու հանգամանքով չպայմանավորվելու և նշյալ շրջանակն այլ չափանիշներով սահմանելու նպատակահարմարության հարցը։

Ուստի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ Հաշտարարին դիմելու պահին ՀՀ տարածքում գրանցված կամ հաշվառված և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների».

 3. Նախագծով առաջարկվող՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս Օրենքի իմաստով հաճախորդ համարելու կարգավորմամբ պայմանավորված՝ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխության փոխարեն առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) իրավասու դատարան՝

ա. Հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը ֆիզիկական անձ է․

բ․ Հաճախորդի պետական հաշվառման վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը անհատ ձեռնարկատեր է․

գ․ Հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը իրավաբանական անձ է, իսկ Հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան».

 Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

7.1) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ հայտարարություն այն մասին, որ հաճախորդը հանդիսանում է սույն օրենքով նախատեսված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ ներկայացնելով գերփոքր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու վերաբերյալ համապատասխան հավաստում».

«ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով՝

9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.»:

5. Հաշտարարի կողմից գործի քննության ընթացքում Հաճախորդների կողմից հաճախ ներկայացվում է նույն Կազմակերպության դեմ միևնույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ, ուստի երկրորդ անգամ նույն պահանջի քննությունը մերժելու՝ Հաշտարարի հնարավորությունն ամրագրելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ»:

6. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրությունը փաստում է, որ միջազգային պրակտիկայում Հաշտարարի կողմից քննվող գործերի ժամկետը սահմանված է 90 օր, և նկատի ունենալով այն, որ Նախագծով առաջարկվում է պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող Հաճախորդների շրջանակի մեջ ներառել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչը ևս վերջիններիս կողմից ներկայացված պահանջների բնույթով պայմանավորված՝ առաջացնում է լրացուցիչ ժամկետ սահմանելու անհրաժեշտություն, ուստի, որպես լավագույն տարբերակ, առաջարկում ենք Հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետի վերաբերյալ Նախագծի 7-րդ հոդվածում սահմանել հետևյալ կարգավորումը՝

 «Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրությունները ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո քսանչորս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետը իր որոշմամբ երկարաձգել ևս տասնչորս աշխատանքային օրով:»:

Միևնույն ժամանակ, մեր կողմից առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված՝ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող պահանջի քննության ժամկետի կասեցման վերաբերյալ կարգավորումը, ըստ էության, դառնում է ոչ արդիական, ուստի առաջարկում ենք վերջինս հանել Նախագծից:

7. Հարկ է նշել, որ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում պահանջի քննության արդյունքներով Հաշտարարի կողմից կայացված որոշումը Հաճախորդներին նույն օրը ծանուցելու հետ կապված, ուստի նշված խնդիրը լուծելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «փոստով առաքում որոշման մեկական օրինակ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ վերջիններիս կողմից ընտրված համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը» բառերով.»:

8. Նախագծի 10-րդ հոդվածով լրացվող 14.1-ին հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի» բառերը, քանի որ Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը տեղի է ունենում ոչ թե Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, այլ Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ:

9. Նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ Գրասենյակի կողմից օրենքով նախատեսված անձանց մատուցվող ծառայություններն անհատույց են և ազատված ավելացված արժեքի հարկից: Գրասենյակն ազատված է գրասենյակի օգտին Կազմակերպությունների կողմից մասնակցության վճարների մասով շահութահարկից:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ հետևյալը.

 ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:

Միաժամանակ, Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով:

Այս առումով, հայտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) չեն կարող կարգավորվել հարկային հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծից հանել 19-րդ հոդվածը:

Միևնույն ժամանակ, կարևորելով Գրասենյակի գործունեության համար նպաստավոր և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը՝ առաջարկում ենք քննարկվող օրենսդրական նախագծին կից մշակել և քննարկման առարկա դարձնել նաև Հարկային օրենսգրքում համապատասխան լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ, որով Գրասենյակի կողմից օրենքով նախատեսված ծառայությունների անհատույց մատուցման գործարքները կազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ Գրասենյակը կազատվի Կազմակերպությունների կողմից Գրասենյակի օգտին կատարվող մասնակցության վճարներից ձևավորվող շահութահարկից:

10. Նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ.

1) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում բացակայում է վերաֆինանսավորվող վարկային կազմակերպությունների հասկացությունը և վերջինս սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. 2-րդ կետը «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների» բառերով.»,

2) Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է սահմանել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր կնքած Կազմակերպությունների նկատմամբ Խորհրդի կողմից սահմանված պայմաններով Օրենքով սահմանված մասնակցության վճարներից ցածր վճարներ կիրառելու հնարավորություն:

Այս կապակցությամբ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող զեղչային համակարգի կիրառման մեխանիզմը միջազգային պրակտիկայում ընդունված չէ և հակասում է միջազգային լավագույն փորձին, ուստի առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող 6-րդ մասի կարգավորումը հանել Նախագծից,

3) 1-ին մասի «բ» կետի 2․1-ին ենթակետն առաջարկում ենք հանել։

ՎՎԿ-ների կողմից մասնակցության վճար կատարելու վերաբերյալ դրույթն առաջարկվում է հանել, քանի որ այդ սուբյեկտները սպասարկում են միայն ֆինանսական կազմակերպություններին, որոնք Օրենքի համաձայն չեն կարող լինել Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններից օգտվող սուբյեկտներ։ Նույնը վերաբերում է նաև այն ապահովագրական բրոքերներին, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, և դրանց ևս վճար կատարող սուբյեկտների մեջ ներառելը չի բխում օրենքի կարգավորման տրամաբանությունից։ Ուստի, առաջարկում ենք Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «բրոքերներ» բառից հետո լրացնել «բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին» բառերով։

Վերը նշվածի հիմքով առաջարկում ենք բացառություն նախատեսել այդ սուբյեկտների (ՎՎԿ-ների և նշված ապահովագրական բրոքերների) և հաճախորդների միջև վեճերի քննումը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից (Օրենքի 2-րդ հոդված),

 4) 1-ին մասի «բ» կետի 2․3-րդ ենթակետն առաջարկում ենք հանել Նախագծից, քանի որ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթավորման ֆոնդի կառավարումն իրականացնում են ներդրումային ֆոնդի կառավարիչները (ֆոնդի հետ կապված իրավահարաբերությունների սուբյեկտ հանդիսանում է կառավարիչը), որոնք Օրենքի համաձայն համարվում են մասնակցության վճար վճարող,

5) Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետն առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել, քանի որ ՀՀ կառավարությունը մշակել և ՀՀ ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով ուժը կորցրած է ճանաչվում արտարժույթի դիլերային բրոքերային գործունեությունը որպես լիցենզավորման առանձին տեսակ։

11. Միևնույն ժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ քննարկման առարկա դարձնել անհրաժեշտ ռեսուրսների առկայության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրասենյակին դիմող հաճախորդների շրջանակի ընդլայնումը կհանգեցնի դիմումների ծավալի ավելացման, որի արդյունքում կառաջանա լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներգրավվման անհրաժեշտություն: