Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-71
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.1996-04.01.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) Հոդ.158, ՀՀ 10.07.96/134
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«12» հունիսի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի «ա» կետում «պատգամավորների տեղական խորհուրդների» բառերը փոխարինել «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների, նախկին շրջանային խորհուրդների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից:

Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմիններն իրականացնում են պատգամավորների քաղաքային խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, պատգամավորների քաղաքային խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը: Մարզպետներն իրականացնում են համապատասխան մարզի տարածքում գտնվող պատգամավորների գյուղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի և գյուղական խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը` գյուղական խորհրդի նախագահի ներկայացմամբ: Երևան քաղաքի նախկին տեղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` քաղաքապետարանի տարածքային բաժինների ներկայացմամբ»:

Հոդված 3. Օրենքի 12 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում»:

 

Հոդված 4. Օրենքի 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար գանձվող վարձը փոխանցվում է համապատասխանաբար քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` Երևան քաղաքի բյուջե»:

Հոդված 5. Օրենքի 19 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները կարող են բնակարանը քաղաքացուց գնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հոդված 6. Օրենքի 29 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված պետական բնակարանները հանձնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը»:

Հոդված 7. Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո քաղաքային և գյուղական խորհուրդների ու դրանց գործադիր մարմինների` սույն օրենքով նախատեսված իրավասությունն անցնում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

8 հուլիսի 1996 թ.

ՀՕ-71