Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.29/6(1561) Հոդ.6.41
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0105/01/17

ԵԷԴ/0105/01/17

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

Դատավորներ՝

Տ. Սահակյան

Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Խաչատուր Դերենիկի Մուրադյանի պաշտպան  Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում 2017 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 12194017 քրեական գործը։

2017 թվականի հուլիսի 21-ին Խաչատուր Դերենիկի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Խ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել են կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին Խ.Մուրադյանի և նրա պաշտպան Խ.Մկրտչյանի միջնորդությունները:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վերոնշյալ որոշումը մասնակիորեն բեկանվել է, և Խ.Մուրադյանին գրավով կալանքից ազատելը ճանաչվել է թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը:

2017 թվականի նոյեմբերի 3-ին Խ.Մուրադյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Խ.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է Խ.Մուրադյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 9 (ինը) ամիս 8 (ութ) օր ժամկետով։ Նույն դատավճռով Խ.Մուրադյանի նկատմամբ կանաբինոդային թմրամիջոցներից կախվածության դեմ նշանակվել է հարկադիր բուժում։

3. Ամբաստանյալ Խ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Խ.Մուրադյանի պաշտպան Խ.Մկրտչյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Խ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, քննությամբ չպարզված օրը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հարակից տարածքից արմատախիլ անելով հավաքել է կանեփ տեսակի խոտաբույսեր, տեղափոխել իր՝ Երևան քաղաքի Աճեմյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 48 տուն, որտեղ չորացնելու և մանրացնելու եղանակով՝ առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի պատրաստել է խոշոր չափերի՝ 4.82 գրամ հաստատուն քաշով «Հաշիշ» և 6.58 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Դրանից հետո, Խաչատուր Մուրադյանը խոշոր չափի «Հաշիշ» տեսակի թմրամիջոցը ապօրինի պահել է իր տաբատի գրպանում, իսկ խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ իր կողմից վարվող «Վոլկսվագեն տրանսպորտեր» մակնիշի 34 CZ 680 պ/հ-ի ավտոմեքենայի սրահում գտնվող բաճկոնի գրպանում։ 2017թ. հուլիսի 19-ին Խաչատուր Մուրադյանն ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայի զննությամբ վերոնշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

6. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանը ամբաստանյալի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների խախտումներ` այդ կերպ կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումը և ամբաստանյալ Խ.Մուրադյանի կողմից նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը հաշվել որպես պատիժ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Սակայն, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները2` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։

8.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը հանգեցնում է ամբաստանյալ Խ.Մուրադյանի արարքի իրավական որակման փոփոխության:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կամ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(…)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 1.0 գրամից մինչև 100.0 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «հաշիշ» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 1.0 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 25.0 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Խ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի` 4.82 գրամ քաշով «հաշիշ» և խոշոր չափի` 6.58 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստելու և պահելու համար4:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հանգեցնում են Խ.Մուրադյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության։

Մասնավորապես, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 4.82 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է:

Միևնույն ժամանակ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 6.58 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է:

Ուստի` ամբաստանյալ Խ.Մուրադյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

14. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը հանգեցնում է ամբաստանյալ Խ.Մուրադյանի արարքի իրավական փոփոխության:

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Խ.Մուրադյանի կողմից կատարված արարքի վրա:

15. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանելու և փոփոխելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 4որոշումը, Խ.Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Խ.Մուրադյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Նշանակված պատժին հաշվակցել նախաքննության ընթացքում Խ.Մուրադյանի կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս 8 (ութ) օր ժամկետով:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Խ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը արդյո՞ք պետք է պայմանականորեն չկիրառել:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին։

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»։

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6։ 

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Խաչատուր Մուրադյանը նախկինում դատապարտված չի եղել, գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղքն ամբողջությամբ ընդունել է, կատարած հանցանքի համար զղջացել է, խոստովանական ցուցմունքներ տալով` աջակցել հանցագործության բացահայտմանը: Բացի այդ, նրա խնամքին են գտնվում կինը և 3-րդ կարգի հաշմանդամ, թոշակառու մայրը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով բացակայում են Խ.Մուրադյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Խաչատուր Դերենիկի Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Խաչատուր Դերենիկի Մուրադյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Խաչատուր Դերենիկի Մուրադյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցել նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օրը և Խաչատուր Դերենիկի Մուրադյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս 8 (ութ) օր ժամկետով:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Խաչատուր Դերենիկի Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Խաչատուր Դերենիկի Մուրադյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության համապատասխան  ստորաբաժանման վրա։

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 73-75:

2 Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան