Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.29/6(1561) Հոդ.6.2
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՔՐԴ/0396/01/08

ԵԿԴ/0052/11/08

ԵԿԴ/0123/06/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ' դատավորներ

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
 
մասնակցությամբ` դատախազներ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻ
  Դ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի և Մուշեղ Ագունի Սաղաթելյանի պաշտպաններ Ս.Սաֆարյանի ու Վ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նույն օրը Մուշեղ Ագունի Սաղաթելյանը ձերբակալվել է:

1.1 Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:

2008 թվականի մարտի 3-ին Մ.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 301-րդ հոդվածով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 318-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0123/06/08) Մ.Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի որոշմամբ վերադարձվել է:

2.1 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Մ.Սաղաթելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով: Նշված որոշման դեմ պաշտպան Ս.Սաֆարյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը 2008 թվականի մայիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

2.2 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0123/06/08) Մ.Սաղաթելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով:

Մ.Սաղաթելյանի և պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վերադարձվել է:

3. 2008 թվականի հունիսի 13-ին դիմող Մ.Սաղաթելյանը և ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել Մ.Սաղաթելյանի իրավունքների և ազատությունների խախտումը, ապօրինի և չհիմնավորված ճանաչել ՀՀ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի հրահանգը, դրա հիման վրա կատարված գործողություններն ու քրեական գործի հարուցման որոշումը, և պարտավորեցնել նախաքննական մարմնին դադարեցնելու Մ.Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կարճելու գործի վարույթը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0052/11/08) դիմող Մ.Սաղաթելյանի և ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժել է` գտնելով, որ ՀՀ ոստիկանության պետի հրահանգը չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետաքննության մարմնի աշխատակցի գործողություն կամ որոշում, իսկ քրեական գործ հարուցելու և Մ.Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների դեմ բողոքը դատարան է ներկայացվել առանց դատախազին բողոքարկելու։

Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Նախաքննության մարմնի` 2008 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

2008 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Մ.Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը:

2008 թվականի օգոստոսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

5. Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով (գործ թիվ ԵՔՐԴ/0396/01/08) Մ.Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ, պատիժները լրիվ գումարելու միջոցով, Մ.Սաղաթելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով և տուգանք` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2008 թվականի մարտի 1-ից:

6. Մ.Սաղաթելյանի և պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Վերոնշյալ որոշման դեմ Մ.Սաղաթելյանի և պաշտպան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերադարձվել է։

8. Մ.Սաղաթելյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 23086/08) գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Մ.Սաղաթելյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը։

9. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ Մ.Սաղաթելյանի պաշտպաններ Վ.Գրիգորյանն ու Ս.Սաֆարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը համապատասխանաբար` 2018 թվականի դեկտեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։ 

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

10. Մուշեղ Ագունի Սաղաթելյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, պարբերաբար մասնակցելով 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` ժամը 07-ի սահմաններում, գտնվել է «Ազատության» հրապարակում, որտեղ` իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների մոտ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ առարկաների առկայության ու ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, որից հետո մասնակիցների մի մասը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` ինքնաշեն մահակներով, ձողերով և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաներով հարվածել վերջիններիս: Երբ ոստիկանության ծառայողները մոտեցել են «Ազատության» հրապարակին` օպերատիվ-քննչական գործողություններին խոչընդոտելու հանգամանքները բացառելու և հասարակական անվտանգությունը ապահովելու նպատակով, Հովհաննես Թումանյանի արձանի դիմացի հատվածում Մուշեղ Սաղաթելյանը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ` փայտով երկու անգամ հարվածելով Արսեն Արշակյանի գլխին, պատճառելով առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ու թաքնվել ամբոխի մեջ:

Ամբոխի մեջ խառնվելու պատճառով դեպքին ականատես, նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկան Արմեն Առուշանյանին չի հաջողվել բերման ենթարկել Մուշեղ Սաղաթելյանին:

Այնուհետև Արմեն Առուշանյանը, շարունակելով ծառայությունը Արշակունյաց պողոտայում գտնվող «Տիգրան Մեծ» հրատարակչության հարակից տարածքում, կրկին նկատելով Մուշեղ Սաղաթելյանին, փորձել է նրան բերման ենթարկել, սակայն վերջինս, չենթարկվելով Արմեն Առուշանյանի` ոստիկանության բաժին ներկայանալու պահանջին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ և փախուստի փորձ կատարել` նստելով պատահական տաքսի ավտոմեքենան: Նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի ոստիկաններ Ա.Ապերյանը, Է.Ռշտունին և Հ.Սարգսյանը, նկատելով այդ, Մուշեղ Սաղաթելյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է նաև, որ Մուշեղ Սաղաթելյանը ապօրինի կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ, որը հայտնաբերվել է անձնական այլ իրերի հետ` բերման ենթարկելիս:

Այսինքն` Մուշեղ Սաղաթելյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով (…)»1:

11. Երևանի քրեական դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով արձանագրել է. «(…) Վերլուծելով ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը, նրա ցուցմունքը և գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, սառը զենք կրելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)»2։

12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Երևանի քրեական դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ փաստել է. «(…) [Վ]երաքննիչ դատարանը վերլուծելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, գտնում է, որ ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից գրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա թույլ չեն տրվել (…)»3:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, փաստել է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված արդար դատաքննության իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ այն հնարավոր է վերացնել մրցակցության սկզբունքի հիման վրա պատշաճ իրավական ընթացակարգով, արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան նոր քննության արդյունքում։

13.1. Հետևաբար, բողոք բերած անձը խնդրել է վերանայել թիվ ԵՔՐԴ/0396/01/08 գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 10-ի որոշումը, բեկանել Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

14. Բողոքաբերներ` Մ.Սաղաթելյանի պաշտպաններ Ս.Սաֆարյանը և Վ.Գրիգորյանը փաստել են, որ Եվրոպական դատարանի` Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել են Մ.Սաղաթելյանի իրավունքների խախտումներ, որոնք առնչվում են նրա վերաբերյալ կայացված դատական ակտերով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքների կոպիտ և էական սխալներին։

14.1. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած պաշտպանները խնդրել են.

- հարուցել թիվ ԵՔՐԴ/0396/01/08 գործով Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել այն և առաջնորդվելով արդա­րա­դատության արդյունավե­տության շահով, ճանաչել և հռչակել Մ.Սաղաթելյանի անմեղությունը` հանցադեպի բացակայության հիմքով,

- հարուցել թիվ ԵԿԴ/0123/06/08 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի և հուլիսի 15-ի որոշումների նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել դրանք և, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, վերացնել դրանցով անփոփոխ թողնված կալանավորման մասին որոշումները,

- հարուցել թիվ ԵԿԴ/0052/11/08 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել այն և, առաջնորդվելով արդարա­դա­տու­թյան արդյու­նա­վետության շահով, վերացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` բողոքը մերժելու մասին 2008 թվականի հուլիսի 8-ի որոշումը՝ բավարարելով դիմողի ներկայացուցչի բողոքը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումների արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի, 2008 թվականի օգոստոսի 28-ի, 2009 թվականի մարտի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումները վերանայելու հիմք է։

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

 (…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

17. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը4։

Եվրոպական դատարանի` Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի ուժի մեջ մտած վճռով արձանագրվել են.

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտումներ.

18. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները5, փաստել է. «(…) Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ և չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունից տեղափոխելուց հետո արձանագրված՝ դիմումատուի վնասվածքների համար: Մյուս կողմից դիմումատուն հետևողականորեն և բազմիցս բարձրացրել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները տարբեր ներպետական մարմիններում (…): Հաշվի առնելով այն փաստը, որ այդ պարզաբանումը բացակայում է և՛ ներպետական մակարդակում քննության փուլում, և՛ Դատարանում, Դատարանը եզրակացնում է, որ ոստիկանությունը դիմումատուի նկատմամբ ցուցաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունք (…)»6:

18.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ Մ.Սաղաթելյանի վնասվածքների բնույթը և ծանրությունը, ինչպես նաև դատարանի տրամադրության տակ եղած նյութերի ամբողջությունը, այդ թվում՝ Մ.Սաղաթելյանի` իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին նկարագրությունը, թույլ են տալիս եզրակացնել, որ վերջինիս նկատմամբ ցուցաբերվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք7:

18.2 Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում8:

19. Անդրադառնալով դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանը, վկայակոչելով իր նախադեպային իրավունքը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտոնական արդյունավետ քննություն իրականացնելու պահանջների վերաբերյալ9, փաստել է. «(…) [Դ]իմումատուն վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները պարբերաբար ներկայացրել է տեղական իշխանություններին, առաջին նման հայտարարությունն արվել է իր ձերբակալման երկրորդ օրը (…): Այնուամենայնիվ, ի հակադրություն Կառավարության պնդմանը, ո՛չ դիմումատուն, ո՛չ ոստիկանության որևէ ծառայող կամ այլ վկաներ կամ կասկածյալներ երբևէ չեն հարցաքննվել այս հայտարարությունների առնչությամբ՝ լինի դա թիվ 62202608 քրեական գործի, թե այլ գործի շրջանակներում: Ավելին, այդ քրեական գործի փաստական հիմքերն ուղղված են եղել բացառապես ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների, այդ թվում՝ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների վրա՝ ի հակադրություն ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված որևէ անօրինական վարքի: Ձեռնարկված միակ քննչական միջոցառումը, որը կարելի է համարել վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարություններին առնչվող, եղել է 2008 թվականի մարտի 10-ին կատարված դատաբժշկական փորձաքննությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այն կարգադրվել էր կատարել 2008 թվականի մարտի 2-ին, նույնիսկ այդ միջոցառումը չի իրականացվել բավարար հրատապությամբ և կարող էր հանգեցնել ապացույցի կորստի կամ ոչ ճշգրիտ եզրակացության (…): Բոլոր դեպքերում, ըստ երևույթին, վարույթի ոչ մի փուլում չի իրականացվել այդ զննման եզրակացությունների գնահատում: Բացի այդ, մեղադրական եզրակացության մեջ արված հայտարարությունը, համաձայն որի՝ դիմումատուի վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, ի հակադրություն այլ հանգամանքներում ստացված վնասվածքների, այդ թվում՝ հնարավոր վատ վերաբերմունքը չունեն որևէ փաստական հիմք, և ըստ երևույթին, չեն արվել ապացույցների ուսումնասիրության և գնահատման կամ փաստերի քննության արդյունքում (…):

Հետագայում պարզ է դառնում, որ դատարանները ևս չեն ուսումնասիրել դիմումատուի հայտարարությունները վատ վերաբերմունքի մասին և չեն գնահատել դրանք: Երևանի քրեական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին, իսկ Վերաքննիչ դատարանը կարծես ընդունել է նույն՝ մեղադրական եզրակացության մեջ առկա դիրքորոշումը՝ անուղղակիորեն համարելով, որ դիմումատուի նշված վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, և ոչ թե որևէ տեսակի վատ վերաբերմունքի արդյունքում, և այդ պատճառով չեն ուսումնասիրվել դիմումատուի քրեական գործի շրջանակներում (…): Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ո՛չ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ո՛չ դատարանները չեն տրամադրել որևիցե պարզաբանում այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքներն արժանահավատ, իսկ դիմումատուի ցուցմունքները` ոչ վստահելի: Իրադարձությունների՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված տարբերակը, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին տեղեկությունները պատրաստակամորեն ընդունվել են, և նրանք երբևէ լրջորեն չեն հարցաքննվել իշխանությունների, այդ թվում՝ դատարանների կողմից, մինչդեռ դիմումատուի պահանջը՝ կանչելու վկաներին, ովքեր ենթադրաբար կարող էին հաստատել իր կողմից տրված ցուցմունքները, մերժվել է (…)»10:

19.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական քննություն չի իրականացվել11։

19.2 Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում12:

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումներ.

20. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկելու օրինականության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները13, ընդգծել է. «(…) [Դ]իմումատուն տարվել է ոստիկանություն ուժի գործադրմամբ, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նա ցանկացած պահի կարող էր հեռանալ։ Ավելին, ըստ երևույթին, այդ ամբողջ կամ հիմնական ժամանակահատվածում նա փակված է եղել խցում։ Կառավարությունը նաև չի հերքել այն, որ այդ ժամանակահատվածում դիմումատուն զրկված է եղել ազատությունից։ Հետևաբար Դատարանը պատճառներ չունի կասկածելու, որ դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ին՝ 6։30-ի և 22։30-ի միջև ընկած ժամանակահատվածում, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկված է եղել։ Ավելին, հիմնվելով իր տրամադրության տակ եղած նյութերի ամբողջականության վրա, Դատարանն ընդունում է, որ այս դեպքում ազատությունից զրկելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի նպատակով:

(…) Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուն, de facto (փաստացի), զրկվել է ազատությունից և տարվել է ոստիկանություն 2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես 6։30-ին, նրա ձերբակալման արձանագրությունը նույն օրը՝ մինչև 22։30-ը, պաշտոնապես չի կազմվել։ Այդ ամբողջ ժամանակահատվածում դիմումատուին պաշտոնապես չեն վերաբերվել որպես ձերբակալված անձի, ինչպես նաև նրա նկատմամբ չեն կիրառվել ձերբակալված անձանց մասով կիրառելի ներպետական դրույթները։ Նա հարցաքննվել է որպես վկա, և նրան տվել է կարգավիճակ, և նա համարվել է «ձերբակալված» ու հետևաբար «կասկածյալ»՝ ոստիկանություն հարկադրաբար ներկայանալուց միայն 16 ժամ հետո։ Դա ոչ միայն խախտում է ՔԴՕ-ի 131.1 հոդվածով սահմանված այն մասով պահանջները, որ կասկածյալի ձերբակալման արձանագրությունը պետք է կազմվի համապատասխան մարմիններ նրան բերելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում (…), սակայն այն նաև դիմումատուին թողել է առանց որոշակիության զգացումի, ինչ վերաբերում է նրա անձնական ազատությանը և անվտանգությանը, ինչպես նաև զրկել է նրան ՔԴՕ-ով՝ ձերբակալված կասկածյալի համար սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբան ունենալու և իր ընտանիքին անմիջապես տեղեկացնելու իրավունքից (…)։ Ավելին, դիմումատուի ձերբակալման արձանագրությունը կազմելիս 22։30-ը նշվել է որպես նրան ձերբակալելու պահ՝ ի տարբերություն այն ժամի, երբ դիմումատուն փաստացի զրկվել է ազատությունից՝ այդպիսով, ըստ էության, դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական տասնվեց ժամը թողնելով պաշտոնապես չհաստատված։ (…)

Դատարանն այնուհետև նշում է, որ (…) [ս]ույն գործում դիմումատուն ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի իմաստով արգելանքի է վերցվել 2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես 6։30-ին, մինչդեռ նրա կալանավորման հարցով դատական նիստը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին՝ 19։00-ին (…)։ Համապատասխանաբար, նախքան դատավորի մոտ բերվելը դիմումատուն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում մնացել է նվազագույնը 84 ժամ, դա մոտավորապես տասներկու ու կես ժամ ավելի է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն ժամանակահատվածից։ Առանց դատարանի որոշման այդպիսի երկարատև ձերբակալությունը, որը գերազանցում էր ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 72-ժամյա ժամկետը, անհամատեղելի էր ներպետական օրենսդրության հետ և հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական էր (…)»14:

20.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Մ.Սաղաթելյանի ձերբակալման օրինականության մասով15:

21. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հայաստանի դեմ քննված մի շարք գործերին, որոնց դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` գտել է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով որևէ պատճառ չունի այլ եզրահանգման գալու և համարում է, որ ներպետական դատարանները դիմումատուին կալանավորելու համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել16:

21.1 Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում17։

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

22. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումները18, ընդգծել է. «(…) Չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին (…)։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին։

(…) Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ (…): Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները (…)։ Դատարանը նաև գտել է, որ պաշտպանության օգտին բոլոր ապացույցներն առանց հիմնավորման մերժելով՝ ներպետական դատարանները դիմումատուի վրա ծայրահեղ և անհասանելի ապացուցման բեռ են դրել, որը հակասում է այն հիմնական պահանջին, որ մեղադրանքի կողմը պետք է ապացուցի գործով իր կողմից առաջ քաշված վարկածը, ինչպես նաև քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ կասկածանքները հօգուտ մեղադրյալի մեկնաբանումը (in dubio pro reo) (…)։

Ըստ երևույթին, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ Դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները, այդ թվում՝ Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների հետ կապված հանգամանքները և ոստիկանության երկու ծառայողների վրա ենթադրյալ հարձակումը վիճարկվել են կողմերի կողմից։ Այնուամենայնիվ, ներպետական դատարանները, ներկայացնելով իրադարձությունների երկու հակասական տարբերակներ, չեն ստուգել ոստիկանության ծառայողների կողմից արված փաստական պնդումները և որոշել են վճիռների հիմքում դնել բացառապես նրանց կողմից ներկայացված տարբերակը՝ պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունելով նրանց ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չտալով հակառակ ապացույցներ բերելու։ Դիմումատուի՝ մի շարք վկաներ դատարան կանչելու և քննելու պահանջները, որոնք բավականաչափ հիմնավորված են եղել և ուղղակիորեն վերաբերել են իրեն առաջադրված մեղադրանքներին, նույնպես մերժվել են՝ առանց որևէ հիմնավորման կամ համառոտ և ոչ համոզիչ հիմնավորմամբ։ Դատարանը գտնում է, որ սա հատկապես խնդրահարույց է՝ հաշվի առնելով քրեական գործի նյութերում, այդ թվում՝ վկաների ցուցմունքներում մի շարք էական անհստակությունների, անհամապատասխանությունների և հակասությունների առկայությունն այնպիսի կարևոր հարցերի առնչությամբ, ինչպիսիք են ոստիկանության գործողությունների ժամը, նպատակը և իրականացումը և դիմումատուին ձերբակալելու ժամն ու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ հարձակման մասով մեղադրանքների համար մեծապես հիմք ծառայող ապացույցներն ի հայտ են եկել տվյալ երկու ոստիկանության ծառայողների կողմից դիմումատուի ինքնությունը հաստատելու արդյունքում՝ ենթադրյալ պատահարներից ավելի քան հինգ ամիս հետո, ինչը զգալիորեն նվազեցրել է այդ ապացույցների արժանահավատությունը։ Դեռ ավելին կարելի է ասել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վիճարկվող պատահարները՝ առնվազն Ազատության հրապարակում տեղի ունեցածը, ըստ երևույթին, տեղի են ունեցել այդ օրը բավականին վաղ, երբ ամբողջովին լույս չէր, և քաոսային հանգամանքներում, որում ներգրավված էին հարյուրավոր ցուցարարներ և ոստիկանության ծառայողներ։ Նույնիսկ եթե այն մարդիկ, որոնց դիմումատուն ցանկանում էր որպես վկա կանչել, կարող էին առաջին հերթին լույս սփռել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վրա, Դատարանը համարում է, որ, այնուամենայնիվ, այդպիսի ապացույցները դիմումատուին թույլ են տվել վիճարկել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հաշվի առնելով իրեն վերագրվող տարբեր արարքների միջև և՛ ժամանակային, և՛ հետևանքային կապը։

(…) Ներպետական դատարաններն այդպես էլ գրեթե չեն անդրադարձել դիմումատուի փաստարկներին ու պնդումներին՝ անկախ դրանց ծանրակշռությունից կամ վերաբերելիությունից, ներառյալ՝ քրեական գործի նյութերում առկա՝ վերը նշված անհամապատասխանությունները մատնանշող և որոշակի ապացույցների մասով կասկած հարուցող փաստարկներն ու պնդումները։ Սա ներառում է դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ի, Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի մինչդատական ցուցմունքների վերաբերյալ ներկայացված բավականին ծանրակշիռ և հիմնավորված փաստարկը, համաձայն որի՝ դրանք բառացիորեն նույնն են եղել, ինչպես նաև հակասել են դատարանում այդ վկաների կողմից արված հայտարարություններին։ Ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ փաստարկին և հաշվի չեն առել այն, երբ հիմնվել են վկաների այդ ցուցմունքների վրա՝ որպես դիմումատուին դատապարտելու համար հիմք, թեև այդ վկաների հուսալիությունը, վստահելիությունը և անձնական բարեվարքությունը խիստ կասկածի տեղիք են տվել։ Եթե դիմումատուի փաստարկը համոզիչ լիներ, ապա այն կարող էր ազդել անաչառ տրիբունալի այն ամբողջական գնահատականի վրա՝ արդյոք բավականաչափ ծանրակշիռ ապացույցներ եղել են դիմումատուի մեղքը հաստատելու համար (…)։ Հատկանշական է, որ տվյալ ոստիկանության ծառայողների ցուցմունքներն այն միակ ապացույցներն են եղել, որոնց հիման վրա դիմումատուն ապօրինի սառը զենք կրելու համար դատապարտվել է, ինչպես նաև դրանք կազմել են այն ապացույցների որոշիչ մասը, որոնց վրա հիմնված է եղել ոստիկանության ծառայող Ա.Առ.-ի վրա Արշակունյաց փողոցում հարձակվելու համար դիմումատուի դատապարտումը։ Դատարանը նախկինում կայացրել է վճիռ, որ տարբեր ժամանակահատվածներում տրված՝ վկայի սեփական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները, ինչպես նաև քրեական հետապնդման ժամանակ ձեռք բերված տարբեր տեսակի ապացույցների միջև խիստ անհամապատասխանությունները լուրջ հիմքեր են ստեղծում վկայի վստահելիությունը և նրա ցուցմունքի ապացուցողական նշանակությունը վիճարկելու համար. որպես այդպիսին, այսպիսի վիճարկումն այնպիսի անառարկելի փաստ է համարվում, որ կարող է ազդել գործի փաստական հանգամանքների՝ այդ ապացույցի վրա հիմնված գնահատականի և վերջապես դատավարության ելքի վրա (…)»19։

22.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Բացի այդ, նշված իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, Եվրոպական դատարանի համոզմամբ հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին և բավարար է եզրակացնելու համար, որ դիմումատուի դեմ քրեական վարույթը, ընդհանուր առմամբ, իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ20։

 

Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

23. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները21, փաստել է. «(…) Կառավարությունը սույն գործով պնդել է, որ առաջինը ցուցարարներն են հարձակվել ոստիկանության վրա, ինչը հաստատում է այն փաստը, որ նրանք բռնի մտադրություններ են ունեցել։ (…) Դատարանը նշում է, որ Կառավարության պնդումը, ըստ երևույթին, հիմնված է եղել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի՝ (…) գրության մեջ ներկայացված իրադարձությունների պաշտոնական նկարագրության վրա (…)։ Այնուամենայնիվ, նրանք, ըստ երևույթին, այդ եզրահանգումներին չեն եկել անկողմնակալ և անկախ քննության արդյունքում, և դրանք, կարծես թե, լիովին հիմնված են եղել այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվ դեր են ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում, այդ թվում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներում, և ավելին, ենթադրաբար չափից ավելի ուժ են օգտագործել ցուցարարների նկատմամբ։ Տվյալ եզրահանգումները հիմնավորված չեն որևէ օբյեկտիվ ապացույցով և, ավելին, ինչպես երևում է, դրանք հակասում են քրեական գործի մի շարք այլ նյութերի, այդ թվում՝ թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշմանը և մի քանի այլ փաստաթղթերի, որոնցից երևում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը կարող է իսկապես լինել ոստիկանության կողմից ձեռնարկված՝ որոշ չպարզված միջոցառումների հետևանք, որի նպատակը եղել է ցույցը հարկադրաբար դադարեցնելը՝ ի հակադրություն ցուցարարների կողմից նախազգուշական հարձակման, ինչպես պնդել է Կառավարությունը (…)։ Հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը քննող դատարանները որևէ ձևով չեն անդրադարձել բախման հանգամանքներին, այդ թվում՝ այն հարցին, թե ով է հրահրել այն՝ իրենց վճիռներում չներառելով համապատասխան մանրամասները։ Նույնիսկ դիմումատուի կողմից վիճարկվող՝ ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա հարձակումն է ներկայացվել որպես սպորադիկ բնույթ ունեցող գործողություն, առանց գնահատելու, թե արդյոք բռնությունը դիտավորությամբ է տեղի ունեցել, թե չպլանավորված զարգացումներ են եղել (…)։ Ճիշտ է, որ պարզվել է նաև, որ դիմումատուի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, որից կարելի է ենթադրել, որ նա բռնի մտադրություններ է ունեցել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն եղանակը, որի միջոցով այդ եզրահանգմանն են եկել, և այն ապացույցները, որոնց վրա հիմնվել են (…), ինչպես նաև այն մասին որևէ ապացույցի կամ տեղեկությունների բացակայությունը, որ դիմումատուն երբևէ փորձել է օգտագործել ենթադրյալ դանակը, Դատարանը գործի հատուկ հանգամանքներում այն չի համարում Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից նրան զրկելու բավարար և հուսալի տարր։ (…)»22:

23.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնելու, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները` այդ թվում՝ նաև դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ այդ հավաքը խաղաղ բնույթ չի կրել23։

24. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ հետագայում կիրառված պատժամիջոցները ներառել են դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ենթադրաբար գործած մի շարք արարքների, այդ թվում՝ իշխանությունը բռնությամբ զավթելուն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ոստիկանության ծառայողների` հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու համար, ընդ որում վերջինը միակ մեղադրանքն է եղել, որը հանգեցրել է դիմումատուի դատապարտմանը։ Եվրոպական դատարանը փաստել է նաև, որ դժվարանում է սույն գործի շրջանակներում ընդհանուր առմամբ տարանջատել իրադարձությունները դիմումատուի գործի հետ կապված մյուս իրադարձություններից՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ` ենթադրելով, որ այն փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, վիճելի հիմքով կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք24։

24.1 Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով25:

25. Անդրադառնալով Մ.Սաղաթելյանի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության հիմնավորվածությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Դատարանն արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, և ոչինչ չի վկայում այն մասին, որ այդպես չէր շարունակվելու (…)։ Իսկապես, պարզ է դառնում, որ իշխանությունները թույլ են տվել հավաք կազմակերպել, այդ թվում՝ ցուցարարներին թույլ են տվել ճամբար կառուցել ու շարունակել այդ կերպ և ինն օր շարունակ այն քանդելու փորձեր չեն կատարել, մինչև հավաքը չի դադարեցվել 2008 թվականի [մարտի 1-ի] վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների արդյունքում։ (…) Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է իր այն եզրահանգմամբ, որ Կառավարությունը չի ներկայացրել իրադարձությունների վերաբերյալ իրենց այն տարբերակը հիմնավորող ապացույցներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներին ռազմամթերք է մատակարարվել։ Ավելին, Կառավարությունը տվյալ [ոստիկանական] գործողության պլանավորման, կազմակերպման և հրամանի վերաբերյալ որևէ ապացույց կամ մանրամասներ չի տրամադրել, այդ թվում՝ թե ով է կարգադրել կամ վերահսկել այն, ներգրավված ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները և ձեռնարկված հատուկ միջոցառումները։ Միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ սա լայնածավալ գործողություն է եղել, որում ներգրավված են եղել մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում՝ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդպիսի ծավալի գործողություններ պլանավորելու և կազմակերպելու համար անկասկած որոշակի ժամանակ է պահանջվել, և պարզ չէ, թե ինչպես է սա կատարվել 24 ժամից պակաս ժամանակահատվածում, եթե ենթադրվում է, որ հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարի 29-ին։ Վերջապես, ինչպես արդեն վերևում նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթերից, այդ թվում՝ ոստիկանական գործողություններին ենթադրաբար մասնակցած՝ ոստիկանության ծառայողների ցուցմունքներից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել (…)։ Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, և զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ (…)։ Ոչ իշխանությունների և ոչ էլ Կառավարության կողմից այդպիսի ակնհայտ հակասությունների մասով որևէ բացատրություն չի տրամադրվել։ Դատարանը, այնուամենայնիվ, դժվարանում է հավատալ, որ սա կարող է ուղղակի բացթողում լինել, և իրականում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանական գործողությունների՝ եթե ոչ միակ, ապա հիմնական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձ է կատարվել։ Այսպիսով, Դատարանը չի գտնում, որ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների նպատակի վերաբերյալ պաշտոնական բացատրությունը բավականաչափ արժանահավատ է, և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը՝ պատճառ չունի կասկածելու, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակն Ազատության հրապարակում առկա ճամբարը և ներկա գտնվողներին ցրելն ու հետագայում հավաքների անցկացումը կանխելն է եղել։

(…) [Հավաքը] ոչ թե այլոց կողմից գործունեության օրինական իրականացումը խաթարելու, այլ բանավիճելու և քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ ստեղծելու նպատակ է ունեցել, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար։ Հետևաբար առավել բարձր աստիճանի հանդուրժողականություն էր պետք ցուցաբերել սույն գործով, քան իշխանություններն են ցուցաբերել։

(…) Դատարանը նաև չի կարող չնկատել հավաքը ցրելու եղանակը։ Այն մատնանշում է մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ անհիմն և չափից ավելի ուժ է օգտագործել: (…)։ Հատկանշական է, որ ոստիկանության գործողությունները, ըստ երեւույթին, երբևէ անկախ և անաչառ քննության չեն ենթարկվել։ Վերջապես, Դատարանը նշում է ոստիկանական գործողություններին առնչվող բոլոր հակասությունների և թափանցիկության բացակայության մասին, այդ թվում՝ այդ գործողությունների նպատակի հաճախակի փոփոխվող տարբերակը»26։

25.1 Արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաեւ չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները27։

26. Անդրադառնալով Մ.Սաղաթելյանին մեղսագրվող արարքներին` Եվրոպական դատարանը նշել է. «(…) [Դ]իմումատուն մեղադրվել և կալանավորվել է [ՀՀ քրեական օրենսգրքի] (…) 225.1 հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 301-րդ հոդվածի և 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որոնցով պատժամիջոցներ են սահմանվում իշխանությունը զավթելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր անելու համար (…)։ Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ հավաքի կամ այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների մասով այս մեղադրանքների կապակցությամբ չի տրամադրվել որևէ կոնկրետ ապացույց կամ փաստական հիմք։ (…)։ Չի նշվել, թե արդյոք դիմումատուն ինքն արել է կոչեր կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, և եթե արել է, ապա այդպիսի կոչերի կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչերի բնույթը։ Ոչ էլ նշվել է ենթադրյալ հարձակումներ կատարելու բնույթը և ձևը, ինչպես նաև այդպիսի հարձակումների ենթադրյալ զոհերի ինքնությունը։ Նույնը վերաբերում է անհնազանդության ենթադրյալ հրահրմանը։ (…): Հետևաբար պարզ է դառնում, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և նա կալանավորվել է ուղղակի Ազատության հրապարակի հավաքին ակտիվորեն մասնակցելու և այն կազմակերպելու և ոչ թե դրա ընթացքում կատարած հատուկ դատապարտելի արարքի համար։ Ավելին, (…) դիմումատուի ձերբակալման հանգամանքներից պարզ է դառնում, որ նա հնարավոր է իշխանություններին հայտնի է եղել որպես ակտիվ ցուցարար։ Նույնը պարզ է դառնում Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի զեկուցագրից, որում նշվել է, որ դիմումատուն արգելանքի է վերցվել Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի «ակտիվիստ» լինելու համար (…)։ Դատարանը համարում է, որ խաղաղ հավաքը ցրելը և այնուհետև դադարեցնելը, ինչպես նաև դրա ակտիվիստներին կամ այլ խաղաղ մասնակիցներին կալանավորելն առանց որևէ ապացույցի առ այն, որ նրանք անձամբ գործել են որևէ դատապարտելի արարք, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, չեն կարող համարվել «ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ» միջոց։

(…) Չնայած վերը նշվածը լուրջ մտահոգության առարկա է, Դատարանը, այնուամենայնիվ, այն կարգավիճակում չէ, ոչ էլ իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը։ Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ որոշման համար հիմնավորում ներկայացնելը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված էական դատավարական երաշխիք է, քանի որ դրանով կողմերին ցույց է տրվում, որ իրենց փաստարկները լսվել են, նրանց հնարավորություն է ընձեռում որոշման մասով առարկություններ ներկայացնելու կամ այն բողոքարկելու, ինչպես նաև հիմք է ծառայում հանրության շրջանում դատական որոշման պատճառաբանությունները հիմնավորելու համար։ Ավելին, այս ընդհանուր կանոնն ապահովվում է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններով՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ ներկայացնել։ Այս պարտավորությամբ անհատներին հնարավորություն է տրվում, ի թիվս այլնի, ծանոթանալ դատարանի՝ իրենց արտահայտվելու ազատությունը կամ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հիմքում ընկած հիմնավորումներին և վիճարկել դրանք, և հետևաբար այն կարևոր դատավարական երաշխիք Է՝ ընդդեմ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով պաշտպանված իրավունքներին կամայական միջամտության (…)։

Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները սույն գործով պատշաճ կերպով չեն կատարել նշված պարտավորությունը՝ դիմումատուին որոշ բռնության արարքներ կատարելու և ապօրինի զենք կրելու համար դատապարտելիս։ (…)։ Այն նշում է, որ միայն արդյունքում կայացված վճիռներով է ամփոփվել դիմումատուի դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որն իր հերթին լիովին հիմնված է եղել գործի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա։ Ավելին, ինչպես և ներպետական դատարաններն են հաստատել, փաստերում բացակայել են մանրամասներ, և դրանք լի են եղել անհստակություններով։ Այնպիսի կարևոր փաստեր, ինչպիսիք Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հանգամանքներն են, լիովին անտեսվել են և նույնիսկ չեն նշվել՝ չնայած նրան, որ այդ հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների գնահատումն ուղղակիորեն առնչվել են դիմումատուին առաջադրված մեղադրանքներին։ Որոշ կարևոր հակասությունների այդպես էլ անդրադարձ չի կատարվել, և դրանք մնացել են չբացատրված, այդ թվում՝ այն փաստը, թե դիմումատուն ինչպես կարող էր կատարել տվյալ մեղսագրվող արարքներն այն ժամանակ, երբ նա, համապատասխան զեկույցի համաձայն, արդեն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում էր։ Ներպետական դատարանները, հետևաբար, չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում և ընդհանուր համատեքստը հաշվի առնելով, պահանջվում էր նրանցից՝ 11-րդ հոդվածով երաշխավորված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Այսպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված՝ միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես «համապատասխան և բավարար» են եղել, ինչի հետևանքով դիմումատուն զրկվել է պաշտպանության այն դատավարական երաշխիքից, որը նա ունեցել է 11-րդ հոդվածով սահմանված իրավունքի ուժով (…)։ Ոչ էլ կարելի է ասել, որ դատարաններն իրենց որոշումները հիմնել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատականի վրա»28։

26.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ ցույցի ցրումը և դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը համապատասխանել են ներպետական օրենսդրությանն ու հետապնդել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված իրավաչափ նպատակներից որևէ մեկը, ենթադրաբար՝ անկարգությունները և հանցագործությունները կանխելու նպատակը, տվյալ միջոցներն անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում29։

26.2 Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատու Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում30։

27. Հաշվի առնելով սույն որոշման 18-26.1-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումների արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի, 2008 թվականի օգոստոսի 28-ի, 2009 թվականի մարտի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումները վերանայելու հիմք է։

 

II. Ներպետական դատական ակտերի բեկանումը.

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո±ք Եվրոպական դատարանի՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (ցույցի ցրման և դիմումատուի կալանավորման մասով) խախտումները հիմք են`

ա) Մ.Սաղաթելյանի կալանավորման և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 26-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանելու համար,

բ) Մ.Սաղաթելյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու, ՀՀ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի հրահանգը, դրա հիման վրա կատարված գործողություններն ու քրեական գործի հարուցման որոշումն ապօրինի և չհիմնավորված ճանաչելու, նախաքննական մարմնին հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելուն ու գործի վարույթը կարճելուն պարտավորեցնելու վերաբերյալ բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հուլիսի 8-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումը բեկանելու համար:

29.  Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

29.1 Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»31։

30. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

30.1 Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii)  խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների  կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ32:

31. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

31.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»33:

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Սաղաթելյանին ազատությունից զրկելու վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են նրա նախնական կալանքին և դրա ժամկետի երկարացմանը։ Այդ որոշումների կայացումից հետո` 2008 թվականի օգոստոսի 13-ին Մ.Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան, որի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկման ու 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքի: Միևնույն ժամանակ, նույն դատավճռով Մ.Սաղաթելյանի` ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը հաշվվել է 2008 թվականի մարտի 1-ից, այսինքն` սույն բողոքների քննության պահի դրությամբ Մ.Սաղաթելյանն արդեն իսկ կրել է իր նկատմամբ նշանակված պատիժը:

33. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 29-31.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումների բացասական հետևանքները սույն բողոքների քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Մ.Սաղաթելյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ բացակայում է ուղիղ պատճառահետևանքային կապը` հայտնաբերված խախտումների և Մ.Սաղաթելյանի կողմից կրվող շարունակական բացասական հետևանքների միջև։ Բացի այդ, այն իրավական առումով նաև անիրագործելի է, քանի որ գործի մինչդատական վարույթում Մ.Սաղաթելյանի նախնական կալանքի և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

34. Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է փաստել, որ համանման պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում նոր հանգամանքի հիմքով Արարատ Մուրադխանյանի նախնական կալանքի վերաբերյալ որոշումների բեկանման պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքը34։ Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևով քննարկել է Հայաստանի վերաբերյալ կայացված ընդհանուր թվով յոթ վճիռների, այդ թվում` Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման ընթացքը և արձանագրել, որ նշված գործերով անհատական միջոցառումներն իրականացված են, արդարացի փոխհատուցումները վճարված են և մեղադրյալներից ոչ մեկը չի գտնվում մինչդատական կալանքի տակ, նրանք դատապարտվել կամ ազատ են արձակվել։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված35։

35. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (դիմումատուի կալանավորման մասով) խախտումները հիմք չեն Մ.Սաղաթելյանի նախնական կալանքի և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 26-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանելու համար։

36. Անդրադառնալով ՀՀ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի հրահանգը և դրա հիման վրա կատարված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի առնչությամբ կայացված դատական ակտերի բեկանման վերաբերյալ բողոքաբերների պահանջին36` Վճռաբեկ դատարանը, առանց անդրադառնալու մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության դատավարական կարգի առանձնահատկություններին, փաստում է, որ հետագա դատական վերահսկողության շրջանակում նշված հարցին դատարանների կողմից տրված գնահատականների կրկին քննարկումը ներկայումս կորցրել է իր իրավական նշանակությունը, նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արդեն իսկ մանրամասն վերլուծության է ենթարկել 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության կատարած գործողություններն ու դրանց տվել համապատասխան իրավական գնահատական։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումը (ցույցի ցրման մասով), հիմք չէ բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հուլիսի 8-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումը բեկանելու համար:

37. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո±ք Եվրոպական դատարանի՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (Մ.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդման և նրան դատապարտելու մասով) խախտումները հիմք են Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

38. Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Վ]ճիռը, որով [Եվրոպական դատարանը] խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար [Եվրոպական դատարանի] արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են [Եվրոպական դատարանի] վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող»37:

38.1. Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է. «Կոնվենցիայի խախտում արձանագրած [Եվրոպական դատարանի] վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»38:

39. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum» ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա39:

40. Հաշվի առնելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 18-19.2-րդ և 22-26.2-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետի վերլուծության լույսի ներքո գնահատելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (Մ.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդման և նրան դատապարտելու մասով) խախտումները հիմք են Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Այլ կերպ, նշված խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

41. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի մարտի 10-ի որոշման վերանայման արդյունքում Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի  Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (Մ.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդման և նրան դատապարտելու մասով)  խախտումներն ու արդյունքում հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ,  419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 7-ի, 2008 թվականի օգոստոսի 28-ի, 2009 թվականի մարտի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումները վերանայել:

2. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը բավարարել մասնակիորեն:

3. Վերանայման արդյունքում Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 246-254:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 189:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 273-274:

4 Տե'ս mutatis mutandis, ՀՀ վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

5 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 140-142-րդ կետերը:

6 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 146-րդ կետը:

7 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 147-րդ կետը:

8 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 148-րդ կետը:

9 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 151-152-րդ կետերը:

10 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 153-154-րդ կետերը:

11 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 155-րդ կետը:

12 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 156-րդ կետը:

13 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 164-165-րդ կետերը:

14 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 168-րդ և 174-րդ կետերը:

15 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 179-րդ կետը:

16 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 191-րդ կետը:

17 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 192-րդ կետը:

18 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 202-205-րդ կետերը:

19 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 206-210-րդ կետերը:

20 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 210-211-րդ կետերը:

21 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 226-228-րդ, 230-232-րդ, 234-րդ կետերը:

22 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 232-րդ կետը:

23 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 233-րդ կետը:

24 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 234-րդ կետը:

25 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 235-րդ կետը:

26 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 236-րդ, 244-247-րդ կետերը:

27 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 248-րդ կետը:

28 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 250-րդ, 252-253-րդ կետերը:

29 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 254-րդ կետը:

30 Տե'ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 255-րդ կետը:

31 Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

32 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights.

33 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

34 Տե'ս Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-01/13 որոշումը:

35 Տե՛ս բանաձևը հետևյալ հղմամբ`

https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016808a08a7

36 Տե՛ս սույն որոշման 14.1-րդ կետը:

37 Տե'ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250:

38 Տե'ս Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի` 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125:

39 Տե'ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը:

 

Նախագահող

Լ. Թադևոսյան

Դատավորներ

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան