Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.29/6(1561) Հոդ.6.30
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0008/01/16

ԱՐԱԴ/0008/01/16

.

Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան  

Դատավորներ՝

Ս. Չիչոյան

 

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

մասնակցությամբ` դատախազ

Ա.ՆԱՂԴԱԼՅԱՆԻ

 

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

                         

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արթուր Միշայի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի մարտի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 54100815 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2015 թվականի մարտի 14-ին Արթուր Միշայի Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով Ա.Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Անտոնյանի՝ կալանքի տակ գտնվելու 26 (քսանվեց) օրը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 4 (չորս) օր ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը:

Նշված որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վերադարձվել է, որից հետո կրկին վճռաբեկ բողոք չի բերվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

5. Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը 2017 թվականի հուլիսի 28-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք` խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 15որոշմամբ  Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

6. Նշված որոշման դեմ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 21-ի որոշմամբ մերժվել է:

7. 2018 թվականի հունիսի 27-ին Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:

8.  Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 24 որոշմամբ պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 9. Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «(…) 2015 թվականի մարտի 11-ին ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում իր ազգական, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Արկադի Հարությունի Հարությունյանի միջոցով ծանոթացել է վերջինիս համագյուղացիներ Միշա Վալոդյայի Համբարձումյանի ու Հրաչիկ Նորիկի Ասատրյանի հետ, որոնց նախկինում չի ճանաչել և նրանց հետ որևէ հարաբերություններում չի գտնվել, և միասին որոշել են գնալ թռչնի որսի: Այդ նպատակով Արթուր Անտոնյանը, իր հետ վերցնելով իրեն պատկանող «ԻԺ-54» մոդելի Ա-2554 համարի որսորդական ողորկափող երկփողանի հրազենը, Արկադի Հարությունյանի, Միշա Համբարձումյանի ու Հրաչիկ Ասատրյանի հետ Արկադի Հարությունյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 35 LP 893 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով նույն օրը գնացել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք: Ժամը 17.30-ի սահմաններում, գտնվելով Ներքին Բազմաբերդ գյուղից մոտ 200մ հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան ճանապարհին, և նստած լինելով վերոհիշյալ ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին, խախտել է ՀՀ «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» 2002 թվականի մարտի 15-ի թիվ 101 հրամանի թիվ 46 հավելվածով սահմանված ինքնապաշտպանական հրազենի հետ վարվելու անվտանգության կանոնների արգելող դրույթների թիվ 1 կետի պահանջը, այն է` «արգելվում է զենքը պահել մարդու վրա, նույնիսկ եթե այն լիցքավորված չէ» թռչնի որս կատարելու նպատակով, իր վերոհիշյալ որսորդական ողորկափող հրազենը լիցքավորելու ընթացքում անզգուշությամբ` հանցավոր անփութությամբ, հրազենի փողն ուղղել է նույն ավտոմեքենայի հետևի նստատեղի աջ կողմում նստած Միշա Համբարձումյանի վրա, ապա, բացելով փամփշտանոցը, լիցքավորել է այն որսորդական փամփուշտներով, սակայն չի ապահովել անվտանգ լիցքավորում, ինչի հետևանքով փամփշտանոցը փակելու ընթացքում Միշա Համբարձումյանի ուղղությամբ տեղի է ունեցել կրակոց, փամփշտային մանրագնդակները դիպել են Միշա Համբարձումյանի աջ ականջի ստորին հատվածին և ստացած մարմնական վնասվածքից Միշա Համբարձումյանը տեղում մահացել է»1։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործի նախորդ դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը վերլուծել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նորմերը և եզրահանգել, որ 2017 թվականի մարտի 11-ին լրացել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից Ա.Անտոնյանին ազատելու վաղեմության ժամկետը, հետևաբար, Վերաքննիչ դատարանը, նրան չազատելով քրեական պատասխանատվությունից,  թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում:

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը և Ա.Անտոնյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անզգուշությամբ մահ պատճառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

  ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1)                երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2)               (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում՝ վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երեք տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

(…)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

16.1 Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում2: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է3:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի մարտի 11-ին4: ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ա.Անտոնյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2017 թվականի մայիսի 18-ին5: Վերոշարադրյալից բխում է, որ Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2017 թվականի մարտի 11-ի դրությամբ՝ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.1-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից 2017 թվականի մայիսի 18-ին որոշում կայացնելու օրվա դրությամբ Ա.Անտոնյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցած է եղել: Ընդ որում, բողոքաբերն էլ խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը և Ա.Անտոնյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով6:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

19. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար՝ դադարեցնելով Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Արթուր Միշայի Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 76-77։

2 Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

3 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

4 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:

6 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

    

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան