Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.04.01/12(680) Հոդ.348.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0606/01/18

ԵԴ/0606/01/18

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

  Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ՝

 

  պաշտպան Լ. ԱՍԼԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի ապրիլի 11-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (երկու դրվագ) և 112-րդ հոդվածի 1-ին մասով միացվել է թիվ ԵԴ/0367/01/18 քրեական գործին՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նշանակվել դատական քննության: Նույն որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը քննարկելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին:

2. 2018 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում պաշտպան Լ.Ասլանյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին,  կամ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել:

4. Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (…):

(…) Սույն գործի նյութերից երևում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ դատաքննության ընթացքում կայացված` ամբաստանյալ Վաչագան Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք է բերվել այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ և սխալ է պատճառաբանված:

7.1 Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է Վ.Ավդալյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթները: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության: Նման պայմաններում բողոքաբերը հանգել է հետևության, որ առկա է Վ.Ավդալյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

8. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով Վ.Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ նրան ազատելով արգելանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

10. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»2:

11. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները3՝ Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով4: 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում կայացված ամբաստանյալ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում5:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը: 

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկել համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 57-58:

2 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան