Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.19/45(1320) Հոդ.719
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 772-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 772-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ավելացված արժեքի հարկից ազատվող Գիտահետազոտական աշխատանքների

 

1. Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններն ու մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե դրանք ուղղված են ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը (կիրառմանը) և (կամ) նոր գիտելիքների ստացմանը (կիրառմանը):

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտությունները, փորձարարական մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե`

1) հիմնարար հետազոտություններն իրականացվում են փորձարարական կամ տեսական աշխատանքների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը` նպատակ չունենալով դրանք անմիջական կիրառել կամ օգտագործել.

2) կիրառական հետազոտություններն իրականացվում են ինքնօրինակ հետազոտությունների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար.

3) փորձարարական մշակումներն իրականացվում են հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքների միջոցով, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը.

4) պետական իշխանության մարմինների կողմից մշակվող հանրային քաղաքականություններին փաստական տվյալներով աջակցող կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքն անհատույց տրամադրվում է պետական կառավարման համակարգի մարմիններին:

(2-րդ կետը լրաց. 26.12.19 N 1924-Ն)

(հավելվածը լրաց. 26.12.19 N 1924-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան