Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2020.02.26/1(117) Հոդ.28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2020 թվականի N 52-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650–Լ որոշման N 1 հավելվածի 136-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում`

ա. հինգերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

բ. վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«հանքավայրերն ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում՝ ստորերկրյա հանքային ջրերի) դասակարգումը՝ մարզի ներուժի հետագա աճի կամ սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ՝ լիազոր մարմնի ղեկավարին.

ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ վերլուծության իրականացումը՝ ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում՝ ստորերկրյա հանքային ջրերի) և դրանց փոփոխությունն ըստ տարիների՝ լիազոր մարմնի ղեկավարին պաշարների հետագա օգտագործման տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ.

օգտակար հանածոների պաշարների քանակական շարժի՝ ըստ մարզերի, տարիների, օգտակար հանածոների տեսակների վերլուծումը՝ նոր օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրման կամ արդեն իսկ հաստատված պաշարների շահագործման նպատակահարմարության վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարին առաջարկությունների ներկայացմամբ՝ կապված օգտակար հանածոների պաշարների քանակական ծավալների փոփոխության հետ.».

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում՝

ա. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ (համաձայն հավելվածի) կամ մասնակի (ըստ պահանջի` հավելվածով սահմանված կետերի) տեղեկատվության տրամադրում:»,

բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.

«ե) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա հանքային ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:»,

գ. երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերով.

3) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 52-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր տեղեկություններ հանքային շրջանի մասին

2. Հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքը

3. Հանքային շրջանի հիդրոերկրաբանական պայմանները

4. Աշխատանքների մեթոդիկան և ծավալները

5. Տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պայմանները

6. Հետազոտական աշխատանքների հիմնական արդյունքները

7. Հանքավայրի որակական բնութագիրը

8. Շահագործական պաշարների հաշվարկը

9. Աղյուսակային նյութեր

10. Գծագրական նյութեր

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան