Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2020 թվականի N 166-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝

1. Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի և միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշումը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. փետրվարի 10

Երևան

 

               

 

 Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2020 թվականի

  փետրվարի 10-ի N 166-Ա որոշման

       

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

    

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

     

Լ. Շուշանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Ա. Թումանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Շ. Քերոբյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Ք. Բաղդասարյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Դ. Մեջլումյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ

Խ. Գասպարյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ

Ռ. Ավետիսյան

- Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

Ա. Նազարյան

- Տավուշի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության վարիչ

Է. Հախվերդյան

- Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության պետի պաշտոնակատար

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

   

 

 Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2020 թվականի

  փետրվարի 10-ի N 166-Ա որոշման

      

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

     

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

     

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Սույն աշխատակարգով սահմանվում են ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ՝ ԱԽ) նպատակները, խնդիրները և գործունեության կարգը:

2. ԱԽ-ի հիմնական նպատակն է՝ ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը:

3. ԱԽ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. ԱԽ-ն իր աշխատանքների իրականացման նպատակով կարող է ներգրավել փորձագետի և (կամ) խորհրդատուի: Փորձագետի ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման համար անհրաժեշտ քննարկումներին ԱԽ-ն, ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներին կարող է ներգրավել համապատասխան մասնագետների՝ տեղական ինքնակառավարման մարմիններից։

       

2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

       

6. ԱԽ-ի խնդիրներն են՝

1) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի առաջացման պատճառների բացահայտումը.

2) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման համար քննարկումների կազմակերպումը, միջազգային փորձի ուսումնասիրությունը.

3) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի լուծման ուղիների բացահայտումը՝ այդ թվում դիտարկելով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մաս կազմելու հնարավորությունները և դրանց լուծման համար առաջարկությունների ներկայացումը.

4) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը:

7. ԱԽ-ն իր գործառույթներն իրականացնում է՝ համագործակցելով պետական կառավարման համակարգի մարմինների հետ:

       

3. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

        

8. ԱԽ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը երկու անգամ՝ ԱԽ-ի ղեկավարի մոտ, եթե նա նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի կայացնում, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել ԱԽ-ի ղեկավարի նախաձեռնությամբ կամ ԱԽ-ի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. ԱԽ-ի նիստերն արձանագրվում են ԱԽ-ի քարտուղարի կողմից:

10. ԱԽ-ն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա է ԱԽ-ի անդամների կեսից ավելին:

11. ԱԽ-ի նիստը վարում է ԱԽ-ի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ԱԽ-ի ղեկավարի հանձնարարությամբ՝ խմբի անդամներից մեկը:

12. ԱԽ-ի որոշումներն ընդունվում են ԱԽ-ի նիստին ներկա՝ ԱԽ-ի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Ձայների հավասարության դեպքում ԱԽ-ի ղեկավարի ձայնը որոշիչ է:

14. ԱԽ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ԱԽ-ի քարտուղարը՝ ըստ ԱԽ-ի անդամների ներկայացրած առաջարկությունների:

15. ԱԽ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է ԱԽ-ի ղեկավարը:

16. Նիստի օրակարգը հաստատվում է ԱԽ-ի կողմից՝ ԱԽ-ի ղեկավարի ներկայացմամբ:

17. ԱԽ-ի նիստի օրակարգի նախագիծը՝ կից փաստաթղթերի փաթեթով հանդերձ, ԱԽ-ի քարտուղարը նիստից 3 օր առաջ ներկայացնում է խմբի անդամներին և անհրաժեշտության դեպքում՝ նիստին հրավիրված անձանց: ԱԽ-ի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:

18. Օրակարգային հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է ԱԽ-ի հաջորդ նիստ:

19. ԱԽ-ի յուրաքանչյուր նիստը սկսվում է նիստի օրակարգի նախագծի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

20. ԱԽ-ի արձանագրությունը (համապատասխան որոշման նախագծի հետ) նախապես տրամադրվում է ԱԽ-ի անդամներին՝ կարծիքների և առաջարկությունների: Երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն և (կամ) կարծիք չհայտնելու դեպքում նիստի արձանագրությունը (որոշման նախագիծը) համարվում է ընդունված:

21. Եթե ԱԽ-ի անդամը համաձայն չէ արձանագրության հետ, կարող է ներկայացնել գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

22. ԱԽ-ի արձանագրությունները ստորագրում է ԱԽ-ի ղեկավարը:

       

4. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

        

23. ԱԽ-ի ղեկավարը՝

1) վարում է ԱԽ-ի նիստերը.

2) ստորագրում է ԱԽ-ի նիստերի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել ԱԽ-ի նիստերը.

4) ԱԽ-ի հաստատմանն է ներկայացնում ԱԽ-ի նիստի օրակարգը.

5) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի՝ ԱԽ-ի կողմից մշակված նախագծերը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

        

5. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

       

24. ԱԽ-ի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խմբին անդամակցելու իր իրավունքը:

25. ԱԽ-ի նիստին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում ԱԽ-ի նիստին մասնակցում է տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը:

 26. ԱԽ-ի անդամը պարտավոր է մասնակցել ԱԽ-ի նիստերին և քվեարկել:

 27. ԱԽ-ի անդամը պարտավոր է պատրաստել ԱԽ-ի հիմնախնդիրների առնչությամբ իր ուսումնասիրությունը, միջազգային փորձը և առաջարկվող լուծումները՝ առաջիկա նիստի օրակարգում որպես զեկուցող հանդես գալու նպատակով:

 28. ԱԽ-ի անդամն իրավունք ունի՝

1) ծանոթանալու Ախ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.

2) առաջարկելու ԱԽ-ի ղեկավարին՝ պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու ԱԽ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.

3) ներկայացնելու նիստի ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ հատուկ կարծիք:

       

6. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

      

29. ԱԽ-ի քարտուղարը՝

1) ապահովում է ԱԽ-ի անդամների իրազեկումը հերթական նիստի կայացման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման աշխատանքները.

2) կազմում է արձանագրություններ.

3) նախապատրաստում է ԱԽ-ի նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի պատշաճ տրամադրումը ԱԽ-ի անդամներին.

4) հետևում է ԱԽ-ի որոշումների կատարմանը և նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

5) գրանցում է ԱԽ-ի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) վարում է ԱԽ-ի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

30. ԱԽ-ի քարտուղարի աշխատանքները ղեկավարում է ԱԽ-ի ղեկավարը:

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան