ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1995 թվականի նոյեմբերի 20-ին
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և հայեցակարգի ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հիմնական հասկացությունները |
1. Նախատեսվող գործունեություն - նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեություն (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում):
2. Հայեցակարգ - հայեցակարգեր, ծրագրեր, համալիր սխեմաներ և գլխավոր հատակագծեր:
3. Լիազորված մարմին - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և հայեցակարգի ազդեցության փորձաքննությունն իրականացնող լիազորված պետական մարմին:
4. Ներկայացնող - հայեցակարգ մշակող և ներկայացնող:
5. Սահմանային չափ - նախատեսվող գործունեության հզորությունը բնորոշող սահմանային չափ (արտադրողականություն, հզորություն, մակերես, ծավալ, քանակություն և այլն):
6. Ձեռնարկող - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որոնք մտադիր են իրականացնել որևէ նախատեսվող գործունեություն:
7. Փաստաթղթեր - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման համար ձեռնարկողի կողմից ներկայացվող փաստաթղթեր:
8. Լիազորված անձինք - կազմակերպություններ, խմբեր, գիտնականներ, առանձին բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք մասնագիտական եզրակացություն մշակելու համար լիազորված մարմնի կողմից ստացել են մասնագիտական իրավասության հավաստագիր:
9. Ազդակիր համայնք - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչություն:
10. Հասարակական լսումներ - նախատեսվող գործունեության և հայեցակարգի ներկայացում լրատվական միջոցներով, քննարկում ժողովներում և հասարակական կարծիքի հավաքում:
11. Մասնագիտական եզրակացություն - լիազորված անձանց կողմից փաստաթղթերի վերաբերյալ մշակված և լիազորված մարմին ներկայացված եզրակացություն:
12. Փորձաքննական եզրակացություն - լիազորված մարմնի կողմից նախատեսվող գործունեության և հայեցակարգի վերաբերյալ ձեռնարկողին և ներկայացնողին տրված դրական կամ բացասական եզրակացություն:
Հոդված 2. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակը և սկզբունքները |
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգի և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է`
- առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից.
- բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից.
- էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և բնության մեջ գոյություն ունեցող բույսերի և կենդանիների բոլոր տեսակների պահպանման անհրաժեշտությունից` նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնվում է`
- գիտական հիմնավորվածության,
- օրինականության,
- որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա:
Հոդված 3. | Փորձաքննության խնդիրները |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրներն են`
- վերլուծել նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավորությունը և նպատակահարմարությունը` հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները.
- գնահատել նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վտանգավորության աստիճանը.
- ստուգել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ.
- ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործումը.
- արգելել շրջակա միջավայրի վրա անդառնալի վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած նախատեսվող գործունեություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված.
- ապահովել հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում:
ԳԼՈՒԽ 2
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. | Փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունները |
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են հետևյալ նախատեսվող գործունեությունները.
ա) էներգետիկայի ոլորտում`
- ատոմակայաններ և ատոմային ռեակտորով այլ կառույցներ,
- ջերմային էլեկտրակայաններ, գոլորշու և տաք ջրի արտադրության կայանքներ,
- հիդրոէլեկտրակայաններ, այլընտրանքային էներգետիկայի կայաններ,
- երկրաջերմային կայաններ,
- միջուկային վառելիքի արտադրության և հարստացման վերափոխիչ կայանքներ,
- միջուկային վառելիքի միջանկյալ պահպանման կառույցներ,
- բարձր ռադիոակտիվության թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներ,
- գործող և փակված ատոմակայանների և ռադիոնուկլոիդներ օգտագործող կայանքների ռադիոակտիվ թափոնների վերամշակում և թաղում.
բ) լեռնահանքային արդյունաբերության ոլորտում`
- հանքանյութերի արդյունահանում և վերամշակում,
- ածխի, նավթի և բնական գազի հանույթ և վերամշակում,
- ուրանի հանքաքարի հանույթ և վերամշակում, կոշտ և հեղուկ թափոնների վնասազերծում և հանքավայրի վերականգնում.
գ) քիմիական արդյունաբերության ոլորտում`
- կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի և այլ օրգանական նյութերի արտադրություն և վերամշակում,
- նավթավերամշակման արտադրություն,
- անօրգանական թթուների, ալկալիների և այլ նյութերի արտադրություն,
- սահմանային չափը գերազանցող լվացող, մաքրող և կենցաղային քիմիայի այլ նյութերի արտադրություն,
- թունավոր և դեղագործական նյութերի արտադրություն,
- թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի արտադրություն.
դ) շինանյութերի արդյունաբերության ոլորտում`
- ցեմենտի, կրաքարի, գաջի արտադրություն,
- սալիկների, շինարարական քարերի, երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական այլ ապրանքների արտադրություն.
ե) մետալուրգիայի ոլորտում`
- երկաթի, պողպատի և գունավոր մետաղների արտադրություն և մշակում,
- սահմանային չափը գերազանցող մետաղների մակերեսային մշակում.
զ) էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող նախատեսվող գործունեություններ.
է) փայտի և թղթի արդյունաբերության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող նախատեսվող գործունեություններ.
ը) թեթև արդյունաբերության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող մանածագործական, գործվածքային, կոշիկի և այլ արտադրություն.
թ) սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող նախատեսվող գործունեություններ.
ժ) քաղաքաշինության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ.
ժա) քաղաքային տնտեսության ոլորտում`
- կեղտաջրերի մաքրման կայաններ.
ժբ) թափոնների օգտագործման ոլորտում`
- վտանգավոր և այլ թափոնների հեռացում կամ այդ նպատակով մշակում,
- թափոնների հեռացման օբյեկտներ.
ժգ) բնության պահպանության ոլորտում`
- մարդու ազդեցությամբ խախտված բնական էկոհամակարգերի բարելավում և վերականգնում,
- կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծում.
ժդ) գյուղատնտեսության ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող տարածքի բարելավում (այդ թվում` աղակալած հողերի բարելավում, ոռոգման և չորացման ցանցերի կառուցում, ճահիճների չորացում, բերրի հողի պահպանում էրոզիայից, աղակալումից և որակի փոփոխությունից).
ժե) անտառային տնտեսության ոլորտում`
- անտառվերականգնում,
- անտառի որակական կազմի բարելավում.
ժզ) ջրային տնտեսության ոլորտում`
- ջրամբարներ ու պատվարներ, ամբարտակներ, խոշոր ջրանցքներ, մղիչ կայաններ և այլ ջրատնտեսական կառույցներ,
- ստորերկրյա ջրերի արդյունահանում.
ժէ) ենթակառույցների ոլորտում`
- մայրուղիների, թունելների, կամուրջների, մետրոպոլիտենի, երկաթուղիների, օդանավակայանների և սահմանային չափը գերազանցող ճանապարհների կառուցում,
- սահմանային չափը գերազանցող գազի, նավթի, գոլորշու և ջրատար խողովակաշարեր, ներառյալ դրանց զուգակցող սարքավորումները (մղիչներ, փոխարկման և կոմպրեսորային կայաններ),
- սահմանային չափը գերազանցող էլեկտրահաղորդման գծեր,
- սահմանային չափը գերազանցող վառելանյութերի (այդ թվում` բնական և այլ գազերի) և քիմիկատների վերգետնյա և ստորգետնյա պահեստարաններ,
- ինժեներական պաշտպանիչ կառույցներ,
- գերհզոր կապի միջոցներ.
ժը) սպասարկման ոլորտում`
- սահմանային չափը գերազանցող առևտրի կենտրոններ և տոնավաճառներ,
- սահմանային չափը գերազանցող հյուրանոցային և զբոսաշրջիկային համալիրներ,
- բենզակայաններ,
- սահմանային չափը գերազանցող հասարակական սննդի օբյեկտներ (ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ և այլն),
- ավտոկայաններ, երկաթուղու կայարաններ,
- դիակիզարաններ և գերեզմանոցներ:
2. Նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 1-ին կետում թվարկված այն նախատեսվող գործունեությունները, որոնց ցուցանիշները չեն հասնում սահմանային չափերին, բայց իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Լիազորված մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 1-ին կետում թվարկված սահմանային չափերը չգերազանցող նախատեսվող գործունեությունները`
- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը.
- նախարարությունների և պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ.
- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը.
- հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի նախաձեռնությամբ.
- լիազորված մարմնի սեփական նախաձեռնությամբ:
Հոդված 5. | Փորձաքննության շրջանակները |
1. Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի`
ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում`
- կլիմայական պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային և ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի,
- բնակչության առողջության և բարեկեցության,
- բնակավայրերի շրջակա միջավայրի,
- բնական պաշարների օգտագործման,
- պատմամշակութային հուշարձանների նկատմամբ.
բ) այլընտրանքային լուծումներ, այդ թվում` զրոյական գործողության այլընտրանք (նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն և առավել ընդունելի տարբերակի ընտրություն.
գ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության վերացման կամ նվազեցման միջոցառումներ.
դ) նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական և սոցիալական զարգացման և շրջակա միջավայրի վրա հետևանքների մանրակրկիտ գնահատում:
2. Նախատեսվող գործունեության փորձաքննության ընթացքում գնահատվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը` կառուցման, շահագործման, լուծարման ընթացքում և լուծարումից հետո, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:
3. Նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և պատմամշակութային առանձնահատկությունները:
Հոդված 6. | Նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգը |
1. Ձեռնարկողը, որը մտադիր է իրականացնել սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետում թվարկված որևէ նախատեսվող գործունեություն, պարտավոր է այդ մասին ծանուցել լիազորված մարմնին:
2. Ծանուցումը պարունակում է`
ա) նախատեսվող գործունեության մասին հիմնական տվյալներ, մասնավորապես` անվանումը, տեղադրման վայրը, նախատեսվող գործունեության նպատակը, բնութագիրը (առանձնահատկությունները), ծավալը, սկսելու և ավարտելու ժամկետները.
բ) նախատեսվող գործունեության համար անհրաժեշտ հողատարածքի չափը, էներգիայի, ջրի և հումքի վերաբերյալ պահանջները.
գ) տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների համառոտ նկարագիրը.
դ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության հիմնական տվյալները, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանը.
ե) ազդակիր համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին.
զ) ազդակիր համայնքի որոշումը հողահատկացման մասին.
է) համապատասխան պետական մարմնի կարծիքը, իսկ անհրաժեշտության դեպքում` արտոնագիրը:
3. Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին:
4. Ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ (որի արարողակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին:
5. Եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական:
6. Սույն օրենքի 4 հոդվածի 4-րդ կետից բխող նախաձեռնության դրսևորումից հետո 30-օրյա ժամկետում լիազորված մարմինը որոշում է կայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կամ չիրականացման մասին և իրազեկ է պահում փորձաքննության նախաձեռնություն դրսևորողներին և ձեռնարկողին:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման անհրաժեշտության դեպքում ձեռնարկողը լիազորված մարմին է ներկայացնում 7 հոդվածից բխող փաստաթղթերը:
Հոդված 7. | Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Ձեռնարկողը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնում է լիազորված մարմին:
2. Փաստաթղթերի և դրանցում պարունակվող տվյալների ցանկն ու ծավալը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի առաջարկով:
Հոդված 8. | Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի հրապարակումը և քննարկումը |
1. Փաստաթղթերը ստանալուց հետո լիազորված մարմինը դրանց օրինակներն անմիջապես տրամադրում է մարզի կամ համայնքի ղեկավարներին, համապատասխան պետական մարմնին և ազդակիր համայնքին:
Ազդակիր համայնքի ղեկավարները 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով տեղեկացնում են, թե որտեղ և երբ է հնարավոր ծանոթանալ և տվյալներ ստանալ (գրավոր կամ բանավոր) փաստաթղթերի մասին:
2. Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին:
Եթե ազդակիր համայնքի թիվը մեկից ավելի է, հասարակական լսումների վայրը որոշում է լիազորված մարմինը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետից բխող ժամկետը լրանալուց հետո 10-օրյա ժամկետում ազդակիր համայնքների ղեկավարները հասարակայնության կարծիքը և իրենց կարծիքները ներկայացնում են լիազորված մարմին:
4. Համայնքի ազդակիր լինելու կամ չլինելու հարցը վերջնականապես որոշում է լիազորված մարմինը:
5. Համապատասխան պետական մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ուղարկում են իրենց կարծիքը լիազորված մարմին:
6. Եթե սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի համաձայն ոչ մի կարծիք սահմանված ժամկետում չի ներկայացվել լիազորված մարմին, ապա համարվում է, որ փաստաթղթերի վերաբերյալ բացասական կարծիք չկա:
7. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրառումը սահմանափակվում է` կապված պետական, արտադրական և առևտրական գաղտնիքների հետ և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 9. | Փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ապահովումը |
1. Մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն լիազորված անձինք, որոնք ստացել են լիազորված մարմնի կողմից տրված մասնագիտական իրավասության հավաստագրեր:
2. Մասնագիտական իրավասության հավաստագիրը տրվում է ինչպես լիազորված անձանց, այնպես էլ կազմակերպություններին:
Մասնագիտական իրավասության հավաստագրի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Լիազորված մարմինը ապահովում է հասարակայնության մասնակցությունը լիազորված անձանց ընտրման բոլոր փուլերում:
4. Լիազորված մարմինը ստեղծում և պարբերաբար վերանայում է լիազորված անձանց վերաբերյալ տվյալների բանկը:
5. Փաստաթղթերը ստանալուց հետո 70-օրյա ժամկետում լիազորված մարմինը լիազորված անձանց միջոցով ապահովում է փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության մշակումը: Մասնագիտական եզրակացության մշակման ընթացքում հաշվի են առնվում հասարակական, ազդակիր համայնքի և համապատասխան պետական մարմինների կարծիքները: Հիմնավորելու դեպքում լիազորված մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնել, բայց ոչ ավել, քան 180 օր:
6. Մասնագիտական եզրակացության մշակման աշխատանքներում արգելվում է ներգրավել այն լիազորված անձանց, որոնք մասնակցել են փաստաթղթերի մշակմանը:
7. Մասնագիտական եզրակացությունը մշակելիս փորձաքննության են ենթարկվում`
ա) փաստաթղթերի լիարժեքությունը.
բ) հասարակության, ազդակիր համայնքի և պետական շահագրգիռ մարմինների կարծիքները.
գ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության բոլոր դրական և բացասական ազդեցությունների առկայության ամբողջականությունը, ինչպես նաև դրանց փոխներգործությունը.
դ) կիրառված գնահատման մեթոդները և տեղեկատվության ամբողջականությունը.
ե) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության վերացման կամ նվազեցման նպատակով առաջարկված տեխնիկական լուծումների համապատասխանությունը ժամանակակից գիտական և տեխնիկական մակարդակին.
զ) նախատեսված գործունեության այլընտրանքային լուծումները.
է) շրջակա միջավայրի վրա նախատեսված գործունեության վնասակար ազդեցության բացառման կամ նվազեցման, ինչպես նաև նախատեսված գործունեության կիրառման և շահագործման միջոցառումների և անհրաժեշտ պայմանների վերաբերյալ առաջարկությունները:
8. Մասնագիտական եզրակացությունը պարունակում է առաջարկություն դրական կամ բացասական փորձաքննական եզրակացության վերաբերյալ:
Հոդված 10. | Փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումների կարգը |
1. Մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում լիազորված մարմինն ապահովում է մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի ազդակիր համայնքի ղեկավարների, ազդակիր համայնքների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
2. Լիազորված մարմինն առնվազն 7 օր առաջ գրավոր իրազեկ է պահում ձեռնարկողին, մարզի կամ համայնքի ղեկավարներին, ազդակիր համայնքներին, համապատասխան պետական մարմիններին և լիազորված անձանց հասարակական լսումների ժամկետի և անցկացման տեղի մասին:
Հասարակական լսումներին կարող են հրավիրվել այլ փորձագետներ և մասնագետներ:
3. Լիազորված մարմինը հասարակայնությանը տեղեկացման հաղորդագրի մեջ նշում է հասարակական լսումների ձևը և արարողակարգը:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մասնակիցները լիազորված մարմնի կողմից ստանում են հասարակական լսումների արդյունքների արձանագրությունը:
Հոդված 11. | Նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը |
1. Լիազորված մարմնի կողմից հասարակական լսումներից հետո 20-օրյա ժամկետում կայացվում է որոշում` մասնագիտական եզրակացության և հասարակական քննարկումների արդյունքների արձանագրությունների հիման վրա փորձաքննական եզրակացություն տալու մասին:
2. Փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերը ստանալուց առնվազն 120-օրյա ժամկետում, եթե 9 և 14 հոդվածների համաձայն այլ ժամկետ չի նախատեսվում: Սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
3. Փորձաքննական եզրակացությունն ուժի մեջ է տրման պահից:
4. Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն:
5. Լիազորված մարմինը կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե`
- ընդունվել է նոր բնապահպան օրենսդրություն.
- փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:
Փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը:
7. Եթե նախատեսվող գործունեությունը վերաբերում է պետության պաշտպանությանը, լիազորված մարմինը պարտավոր է փորձաքննական եզրակացություն տալ համապատասխան պետական մարմինների հետ քննարկումից հետո` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության վրա:
8. Փորձաքննական եզրակացությունը 7-օրյա ժամկետում հրապարակվում է և գրավոր տեղյակ է պահվում շահագրգիռ կողմերին:
Հոդված 12. | Փորձաքննական եզրակացության պարտադիր լինելը |
Արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության:
Հոդված 13. | Փորձաքննության անցկացման հետ կապված վճարումները |
1. Փաստաթղթերի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը ձեռնարկողը վճարում է փաստաթղթեր մշակողին:
2. Փորձաքննական եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը վճարում է ձեռնարկողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 14. | Շրջակա միջավայրի վրա միջսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության փորձաքննությունը |
Եթե շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս, ապա լիազորված մարմինը փորձաքննական եզրակացությունը կայացնելիս ելնում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներից: Նման դեպքերում փորձաքննական եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. | Փորձաքննության ենթակա հայեցակարգերը |
1. Փորձաքննության ենթակա են հայեցակարգերը, որոնք վերաբերում են`
- սոցիալ-տնտեսական,
- էներգետիկայի,
- քաղաքաշինության,
- տրանսպորտի,
- կապի,
- գյուղատնտեսության,
- ձկնային տնտեսության,
- լեռնահանքային արդյունահանության,
- արդյունաբերական ճյուղերի,
- առողջապահության,
- սոցիալական,
- բնապահպանության,
- հանգստավայրերի, զբոսաշրջիկության և սպասարկման ոլորտի զարգացման բնագավառներին:
Տարածքային պլանավորման փաստաթղթերը և պաշարների համալիր օգտագործման սխեմաները նույնպես համարվում են հայեցակարգեր:
2. Ներկայացնողը պարտավոր է հայեցակարգի մշակման ընթացքում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար հետազոտությունների համապատասխան ծավալը:
3. Ներկայացնողը պարտավոր է, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, հաստատված կարգով ապահովել հայեցակարգի և շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության գնահատման հրապարակումը` հասարակական լսումներից առնվազն 30 օր առաջ:
4. Ներկայացնողը պարտավոր է կազմակերպել հայեցակարգի հասարակական լսումներ և հաշվի առնել հասարակական կարծիքը:
5. Ներկայացնողը հայեցակարգը ներկայացնում է լիազորված մարմին, որը կազմակերպում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և կայացնում համապատասխան որոշում հայեցակարգը ստանալուց հետո 90-օրյա ժամկետում:
6. Հայեցակարգը հաստատող մարմինն իրավունք չունի ընդունել հայեցակարգն առանց լիազորված մարմնի կողմից տրված դրական փորձաքննական եզրակացության:
ԳԼՈՒԽ 4
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. | Փորձաքննություն իրականացնող մարմինը և նրա իրավասությունը |
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի կարգավիճակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Լիազորված մարմինն իրավասու է`
ա) իրականացնել սույն օրենքի 4 հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների և 15 հոդվածում թվարկված հայեցակարգերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և տալ փորձաքննական եզրակացություն.
բ) կատարել 7 և 8 հոդվածներից բխող պահանջները.
գ) հրավիրել փորձագետների.
դ) ստեղծել և վարել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նյութերի և տվյալների բանկ.
ե) հսկողություն իրականացնել փորձաքննական եզրակացության պահանջների կատարման նկատմամբ.
զ) մշակել մեթոդական փաստաթղթեր` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար:
3. Լիազորված մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում իրականացնել գործող օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար:
Հոդված 17. | Լիազորված մարմնի պատասխանատվությունը |
1. Լիազորված մարմինը պատասխանատու է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության`
- եզրակացության հիմնավորվածության,
- սկզբունքների, կանոնակարգերի, նորմերի և ժամկետների պահպանման,
- անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի ապահովման,
- աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման,
- հրապարակայնության համար:
2. Լիազորված մարմինը պատասխանատու է 4 հոդվածի 4-րդ կետից բխող որոշման համար:
Հոդված 18. | Լիազորված անձանց պատասխանատվությունը |
Լիազորված անձինք մասնագիտական եզրակացությունը մշակելիս պատասխանատու են`
- եզրակացության, եզրահանգման, առաջարկությունների և դիտողությունների հիմնավորվածության,
- փաստաթղթերի անկողմնակալ գնահատման,
- մասնագիտական եզրակացությունը լիազորված մարմին սահմանված ժամկետում ներկայացնելու համար:
Հոդված 19. | Ձեռնարկողի, ներկայացնողի և փաստաթղթեր մշակողի պատասխանատվությունը |
Ձեռնարկողը, ներկայացնողը և փաստաթղթեր մշակողը պատասխանատու են`
- նախագծային բոլոր փուլերում բնապահպանական պահանջների պահպանման և այդ նպատակով անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների ֆինանսավորման,
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ներկայացված նյութերի համակողմանիության, գիտական հիմնավորվածության, որակի և ստույգության,
- նախագծային լուծումների էկոլոգիական հետևանքների,
- փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի ներկայացման,
- փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,
- նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար:
Հոդված 20. | Պատասխանատվությունը օրենքի պահանջների խախտման դեպքում |
Սույն օրենքի պահանջները խախտողները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. | Գանգատարկումը |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացքում առաջացած բոլոր վիճելի հարցերը գանգատարկվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հոդված 22. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.06.2014, ՀՕ-110-Ն | 09.08.2014, ՀՕ-21 | |
13.05.1997, ՀՕ-114 | 01.07.1997, ՀՕ-21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|