Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.11/10(1565).1 Հոդ.6.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ1/0016/01/16

ՍԴ1/0016/01/16

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան

Դատավորներ՝

Ն. Հովակիմյան

Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` դատախազ Վ. ԱՂԱՍՅԱՆԻ

2019 թվականի փետրվարի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Սերգեյ Արթուրի Ավանեսյանի պաշտպան Ռ.Ավանեսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90971015 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 16-ի որոշմամբ Սերգեյ Արթուրի Ավանեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով։

2016 թվականի փետրվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Ավանեսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Ս.Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական պատասխանատվությունից ազատել` վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։

Վերոհիշյալ դատական ակտի կապակցությամբ հատուկ կարծիք է ներկայացրել դատավոր Ն.Հովակիմյանը՝ նշելով, որ համակարծիք է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտում արտահայտված այն իրավական դիրքորոշման հետ, որ  5000 (հինգ հազար) ՀՀ դրամի հափշտակությունը զգալի չափի գողություն չէ և հետևապես քրեորեն պատժելի չէ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Ավանեսյանի պաշտպան Ռ.Ավանեսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա հանդիսանալով ՊԲ 36534 զորամասի ԱԿՀԿ տեխնիկ-օպերատոր, կոչումով ենթասպա, 2015 թվականի օգոստոսի 17-ին 19:30-ի սահմաններում, ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղակայված ԱՁ «Ստեփանյան Հրաչիկ» մթերային խանութում, օգտվելով խանութի գործակատար Սենորիկ Սերգեյի Սարգսյանի սրահից բացակայելու հանգամանքից, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շարժառիթով, խանութի դրամարկղից գաղտնի հափշտակել է 5000 ՀՀ դրամ կանխիկ գումար և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժանորդների բջջային հեռախոսակապի լիցքավորման 5 հատ քարտ` 5000 ՀՀ դրամ արժողությամբ` ընդհանուր առմամբ «Ստեփանյան Հրաչիկ» ԱՁ-ին պատճառելով զգալի չափի հասնող` 10.000 ՀՀ դրամ նյութական վնաս (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ս.Ավանեսյանին արդարացնելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Առաջին ատյանի] դատարանը, (…) ապացույցները գնահատելով իրենց վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից, գտնում է, որ (…) Սերգեյ Ավանեսյանի կողմից 2015 թվականի օգոստոսի 17-ին` 19:30-ի սահմաններում ԱՁ «Ստեփանյան Հրաչիկ» մթերային խանութից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժանորդների բջջային հեռախոսակապի լիցքավորման 5 հատ քարտ` 5000 ՀՀ դրամ արժողությամբ, վերցնելու մասով նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա, չի ապացուցվում թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ և այդ մասով նրա անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: 

Հաստատված համարելով Սերգեյ Ավանեսյան[ի] կողմից 2015 թվականի օգոստոսի 17-ին` 19:30-ի սահմաններում ԱՁ «Ստեփանյան Հրաչիկ» մթերային խանութից 5000 ՀՀ դրամ կանխիկ գումար վերցնելու հանգամանքը՝  (…) [Առաջին ատյանի] դատարանը հանգում է այն եզրահանգման, որ հինգ հազար ՀՀ դրամը քրեաիրավական առումով զգալի չափ չի հանդիսանում և հինգ հազար ՀՀ դրամի հափշտակությունը չի առաջացնում քրեական պատասխանատվություն: Հինգ հազար ՀՀ դրամի հափշտակությունը իրենից ներկայացնում է մանր չափերի գողություն, կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածով, հանդիսանում է զանցանք և առաջացնում է վարչական պատասխանատվություն: 

[Առաջին ատյանի] դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է, ոչ միայն նրանով որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում է համարվում հինգ հազար ՀՀ դրամը չգերազանցող գումարի գողությունը, այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությամբ (…)»2:

7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է, որ. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «հնգապատիկից» բառը պետք է մեկնաբանել դրանում օգտագործված «ից» վերջածանցի ուղղակի իմաստը հաշվի առնելով, ինչը կոնկրետ դեպքում նշանակում է ոչ թե հնգապատիկը (5000 ՀՀ դրամը) գերազանցող, այլ հնգապատիկից (5000 ՀՀ դրամից) սկսած գումարը (արժեքը)։ 

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող «նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև 5000 ՀՀ դրամի չափով գումարը (արժեքը)։ Այլ կերպ՝ գողության դեպքում զգալի չափի հաշվարկը սկսվում է 5000 ՀՀ դրամ գումարից (արժեքից)։

(…)

Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարի չափով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության համար վարչական պատասխանատվություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ տվյալ իրավախախտումը քրեական պատասխանատվություն չի առաջացնում։ Այլ կերպ, եթե կատարված իրավախախտման համար միաժամանակ նախատեսված է և՛ վարչական և՛ քրեական պատասխանատվություն, ապա անձն ենթակա է քրեական պատասխանատվության։

(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում ձեռք է բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս ապացուցված համարելու, որ Սերգեյ Ավանեսյանը «Ստեփանյան Հրաչիկ» ԱՁ մթերային խանութի դրամարկղից գաղտնի հափշտակել է 5000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ 

(…)

Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ապացուցված չի համարում Սերգեյ Ավանեսյանի կողմից «Ստեփանյան Հրաչիկ» ԱՁ մթերային խանութի դրամարկղից 5000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսակապի լիցքավորման հինգ քարտ վերցնելու հանգամանքը, ուստի արձանագրում է, որ այդ մասով ամբաստանյալ Սերգեյ Ավանեսյանին առաջադրված մեղադրանքով նրա նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու որևէ իրավաչափ հիմք չկա: Հետևաբար` անհիմն են վերաքննիչ բողոքում՝ այդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ բերված փաստարկները։

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Սերգեյ Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն ավարտվել է 2017 թվականի օգոստոսի 17-ին (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, դատարանի կողմից գործը քննվել ու դատական ակտը կայացվել է քրեական դատավարության սկզբունքների և նորմերի կոպիտ խախտումներով, սխալ են մեկնաբանվել ու կիրառվել նյութական իրավունքի նորմերը, ուստի Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման: Բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, քանի որ կիրառվել է ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմը, որը տվյալ գործով կիրառման ենթակա չէ:

Բողոքաբերը փաստել է, որ հիմնավոր են Առաջին ատյանի դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներն այն մասին, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի հափշտակությունը զգալի չափի գողություն չէ և հետևապես քրեորեն պատժելի չէ:

Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ եթե անձի կողմից կատարած իրավախախտման համար միաժամանակ նախատեսված է թե́ վարչական և թե́ քրեական պատասխանատվություն, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի դատավճռին:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հասարակ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի` հափշտակության զգալի չափի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումար հափշտակելու մասով ամբաստանյալ Ս.Ավանեսյանին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ձևակերպված է հետևյալ կերպ. «Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): (…)»:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (…) իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը»:

11.1 ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գողության եղանակով հափշտակության համար քրեական պատասխանատվություն առաջանում է՝ սկսած զգալի չափից, իսկ գողության համար օրենսդիրը նման չափ է սահմանել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից (հինգ հազար ՀՀ դրամից) հինգհարյուրապատիկը (հինգ հարյուր հազար ՀՀ դրամը) չգերազանցող գումարը (արժեքը)4:

12. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մանր չափերով հափշտակությունը՝ գողության, (…) միջոցով՝ առաջացնում է տուգանքի նշանակում (…)։

(…)

3. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում`

1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը) (…)»։

12.1 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոշարադրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսված մանր գողության, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկը (հինգ հազար ՀՀ դրամը) չգերազանցող գումարի (արժեքի) չափով կատարված հափշտակության համար։

13. Գողության եղանակով հափշտակության համար քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող վերը նշված նորմերի և դրանց համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն առանձնացրել է գողությունը՝ որպես վարչական իրավախախտում և որպես քրեական հանցանք՝ տարանջատման չափանիշ ընդունելով հափշտակության չափը, որը պետք է հաշվի առնվի պատասխանատվության կոնկրետ տեսակն ընտրելիս։ Իսկ հափշտակության չափերի օրենսդրական տարբերակումն արտահայտվում է նրանում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, գողության զանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ նախատեսելով մանր չափը, իբրև այդպիսին  սահմանել է գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), ինչը ենթադրում է, որ վարչական պատասխանատվություն սահմանված է մինչև 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարը (արժեքը) ներառյալ կատարված հափշտակության համար։ Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքն իբրև գողության եղանակով հափշտակության զգալի չափ ամրագրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։  Այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը վրա է հասնում 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը գերազանցող գումարի (արժեքի) չափով հափշտակություն կատարելու դեպքում։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գողության հասարակ հանցակազմի համար հափշտակության չափի վերին սահմանը մինչև 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը ներառյալ գումարն է (արժեքը)։ Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի   1-ին մասով որակելու համար, անհրաժեշտ է, որպեսզի հափշտակված գումարը (արժեքը) գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, հաստատվում է նաև հափշտակության  խոշոր չափի վերաբերյալ օրենսդրական կարգավորմամբ, համաձայն որի՝ նման չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։ Հաշվի առնելով, որ մինչև 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը ներառյալ գումարը (արժեքը) ներառված է հափշտակության զգալի չափի մեջ, հետևաբար օգտագործելով «հինգհարյուրապատիկից» եզրույթը՝ օրենսդիրն ի նկատի է ունեցել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը)։ Ըստ այդմ, գողության եղանակով հափշտակության զգալի չափի օրենսդրական բնորոշման մեջ օգտագործվող «հնգապատիկից» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը գերազանցող գումար (արժեք)։

Ուստի, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը) չի կարող դիտվել որպես գողության զգալի չափ և առաջացնել քրեական պատասխանատվություն:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինն Ս.Ավանեսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա «Ստեփանյան Հրաչիկ» ԱՁ մթերային խանութի դրամարկղից գաղտնի հափշտակել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ կանխիկ գումար և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժանորդների բջջային հեռախոսակապի լիցքավորման հինգ քարտ` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ արժողությամբ` ընդհանուր առմամբ «Ստեփանյան Հրաչիկ» ԱՁ-ին պատճառելով զգալի չափի հասնող` 10.000 (տաս հազար) ՀՀ դրամի նյութական վնաս5:

14.1 Առաջին ատյանի դատարանը, հաստատված չհամարելով Ս.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, արդյունքում նրա նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժանորդների բջջային հեռախոսակապի լիցքավորման` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ արժողությամբ հինգ քարտ հափշտակելու մասով Ս.Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա, չի ապացուցվում թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ և այդ մասով նրա անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ, իսկ հափշտակված 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ կանխիկ գումարը քրեաիրավական առումով զգալի չափ չէ և չի առաջացնում քրեական պատասխանատվություն: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի հափշտակությունն իրենից ներկայացնում է մանր չափերի գողություն, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածով6:

14.2 Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող «նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով գումարը (արժեքը)։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարի (արժեքի) չափով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության դեպքում անձը ենթակա է ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվության։ Վերաքննիչ դատարանն իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ եթե կատարված իրավախախտման համար միաժամանակ նախատեսված է և՛ վարչական և՛ քրեական պատասխանատվություն, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության։ Վերաքննիչ դատարանը ևս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ապացուցված չի համարել Ս.Ավանեսյանի կողմից 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսակապի լիցքավորման հինգ քարտ հափշտակելու հանգամանքը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը Ս.Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, սակայն վերջինիս ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով7:

15. Սույն որոշման 14-14.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և կատարված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Ավանեսյանի կողմից գողության եղանակով հափշտակված 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ կանխիկ գումարը չի հատում գողության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ զգալի չափի սահմանը, իսկ գողության օբյեկտիվ կողմի բացակայությունը վկայում է Ս.Ավանեսյանին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության մասին։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի այն կարգավորմանը՝ համաձայն որի՝ նույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումներն իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան, ապա այս նորմը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված գողության մանր չափի վերին շեմը չի նույնանում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գողության զգալի չափի նվազագույն շեմի հետ։

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումար հափշտակելու մասով ամբաստանյալ Ս.Ավանեսյանին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հիմնավոր չէ:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ս.Ավանեսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, եկել է հիմնավոր եզրահանգման ամբաստանյալի անմեղության մասին։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 17-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Արթուրի Ավանեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՜ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 115-119։

2 Տե՜ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 140-143։

3 Տե՜ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 131-139։

4 Տե՜ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Շահեն Հովսեփյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0025/01/15 որոշումը։

5 Տե՜ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը:

6 Տե՜ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը:

7 Տե՜ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան