Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1995-15.11.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/3-4
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» հունվարի 1995 թ. Հ.Ն-1131-I

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Գույքահարկը սույն օրենքով սահմանվող սուբյեկտներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանող նյութական օբյեկտ հանդիսացող գույքի համար պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է:

Հողի հարկի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Գլուխ 2. Գույքահարկ վճարողները ԵՎ հարկման օբյեկտները

 

Հոդված 2. Գույքահարկ վճարողներ են «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սեփականության իրավունքի սուբյեկտները, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանում է սույն օրենքով որոշվող նյութական օբյեկտ հանդիսացող գույք (հարկման օբյեկտ):

 

Հոդված 3. Հարկման օբյեկտներ են`

ա) «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական իրավական տեսակի բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (այսուհետ` ձեռնարկություններ) հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը` բացառությամբ այն գույքի, որի կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սեփականության իրավունքով պատկանող բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարաններն ու շինությունները, այլ կառույցները (այսուհետ` շինություններ), դրանց ընդհանուր արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 850 անգամ գերազանցող մասով, բայց ոչ պակաս ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 300-ապատիկը գերազանցող մասից, անասունները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաները գերազանցող մասով, անվավոր և թրթուրավոր մեքենաները, այլ ինքնագնաց մեքենաներն ու մեխանիզմները:

Քաղաքացիների կողմից շինությունները ձեռնարկություններին օգտագործման հանձնելու դեպքում հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց լրիվ արժեքը:

Հայաստանի Հանրապետությունում հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ:

 

Գլուխ 3. գույքահարկի դրույքաչափերը

 

Հոդված 4. Գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

ա) ձեռնարկությունների համար` հարկման օբյեկտ հանդիսացող գույքի միջին տարեկան արժեքի 0,2 %-0,8 %: Հարկի կոնկրետ դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ.

բ) քաղաքացիների համար`

- շինությունների գնահատված արժեքի չհարկվող մասը գերազանցող գումարի 0,2 %-ի չափով.

- օդային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 3 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 4,08 %-ի չափով.

- ջրային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 2,04 %-ի չափով.

- անվավոր և թրթուրավոր մեքենաների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,0 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 1,36 %-ի չափով.

- սույն օրենքի 3 հոդվածի «բ» կետով նախատեսված կարգով սահմանված նորմաները գերազանցող անասնագլխաքանակի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 25 %-ի չափով:

 

Գլուխ 4. Գույքահարկի հաշվարկման կարգը ԵՎ վճարման ժամկետները

 

Հոդված 5. Ձեռնարկությունները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար և հաշվարկները ներկայացնում հարկային մարմիններին` եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) հետ միասին: Հարկի գումարը ենթակա է վճարման բյուջե` եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա, իսկ տարեկանի համար` տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 6. Քաղաքացիները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար` հիմք ընդունելով տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ համապատասխան մարմիններում հաշվառված գույքը, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագիրը: Հարկի գումարը վճարվում է հավասար մասերով` մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

Սույն օրենքի համաձայն հարկային արտոնության իրավունք ունեցող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:

Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը հաշվարկվում է բաժնեմասերին համապատասխան:

Քաղաքացիների ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը վճարվում է նրանց կողմից առանձին կամ մասնակիցների որոշմամբ` նրանցից մեկի կողմից:

Գույքահարկը հաշվարկվում է գույքի սեփականության իրավունքի ծագման պահին հաջորդող ամսից: Գույքի օտարվելու դեպքում, նախկին սեփականատիրոջ կողմից հարկը վճարվում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև օտարման ամիսը ներառյալ:

 

Հոդված 7. Ժառանգական գույքի համար հարկը հաշվարկվում և վճարվում է ժառանգության ընդունման ամսին հաջորդող ամսից:

 

Հոդված 8. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող համապատասխան պետական մարմինները պարտավոր են գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ հաղորդել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին:

 

Գլուխ 5. Գույքահարկի արտոնությունները

 

Հոդված 9. Գույքահարկից ազատվում են`

- բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գույքը.

- բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, վերամշակման և պահպանման, ձկների բուծման, որսի ու վերամշակման համար օգտագործվող գույքը.

- պրոթեզաօրթոպեդիկ նշանակության գույքը.

- նոր ստեղծված ձեռնարկությունների գույքը` դրանց պետական գրանցումից հետո մեկ տարի ժամկետով, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնց նկատմամբ չի տարածվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով սահմանված արտոնությունը.

- գիտության (գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական և այլն) կարիքների համար օգտագործվող գույքը.

- բացառապես կրթության, մշակույթի և սպորտի կարիքների համար օգտագործվող գույքը (բացի պրոֆեսիոնալ սպորտի և վճարովի կրթական համակարգի գույքից).

- բնակարանային-կոմունալ (բացի հյուրանոցներից) ծառայություններ մատուցող ձեռնարկությունների գույքը.

- ձեռնարկությունների հաշվեկշիռներում արտացոլված բնակարանային-կոմունալ և սոցիալ-մշակութային նշանակության գույքը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն` պետական պաշարներ ստեղծելու համար օգտագործվող գույքը.

- բնապահպանական և հակահրդեհային անվտանգության նշանակության գույքը.

- հաղորդակցության ճանապարհները (ներառյալ ավտոճանապարհները), կապի և էներգահաղորդման գծերը, ինչպես նաև դրանց անմիջական շահագործումն ապահովելու նպատակով օգտագործվող գույքը:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչև 1000-ապատիկը կազմող մասով` շինությունների համար գանձվող գույքահարկից ազատվում են հետևյալ քաղաքացիները`

- առաջին և երկրորդ խմբի բոլոր հաշմանդամները.

- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամները, այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, ռազմաճակատում ձեռք բերած հիվանդության հետևանքով.

- հաշմանդամ դարձած նախկին պարտիզանները, Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս զոհվածի ընտանիքի անդամները.

- ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաները և ենթասպաները.

- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների, Հայաստանի Հանրապետության կամ նախկին ԽՍՀՄ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցները, նախկին ԽՍՀՄ հերոսի կոչումով, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք և նրանց ընտանիքների անդամները.

- երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է երեխաների 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը:

 

Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 11. Վճարողների և հարկային մարմինների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև սույն օրենքի խախտման պատասխանատվության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 12. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել գույքահարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման այլ կարգ և արտոնություններ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 3 փետրվարի 1995 թ.
ՀՕ-129

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.1997, ՀՕ-187 31.01.1998, ՀՕ-129
25.10.1995, ՀՕ-11 15.11.1995, ՀՕ-129
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան