Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.11/10(1565).1 Հոդ.6.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0060/15/17

ԵԷԴ/0060/15/17

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` պաշտպան Տ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

2019 թվականի փետրվարի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ դատապարտյալ Կարեն Ռուբիկի Խաչատրյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճռով Կարեն Ռուբիկի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետով, 162-րդ հոդվածի 3-րդ մասով և 162-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման համար: ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կարեն Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի ժամկետով:

2. Կոստրոմա քաղաքի Սվերդլովսկի շրջանային դատարանի՝ 2012 թվականի մարտի 16-ի որոշմամբ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը փոփոխվել է և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել  ազատազրկում` 12 (տասներկու) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

3. ՌԴ Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադի քաղաքային դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման հիման վրա դատապարտյալ Կ.Խաչատրյանը հետագա պատիժը կրելու համար հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

4. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի՝ 2017 թվականի սեպտեմբերի 11-ի միջնորդության քննության արդյունքում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, և ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը ճանաչվել և դրանով հաստատված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքին:

5. Դատապարտյալ Կարեն Խաչատրյանի պաշտպաններ Տ.Ղազարյանի և Ա.Թումասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մայիսի 29-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Կ.Խաչատրյանի պաշտպան Տ.Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն. «(...) Դատավճռի կատարումը շարունակելու համար դատապարտյալ Կարեն Ռուբիկի Խաչատրյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի 11.06.2008 թվականին կայացրած դատավճիռը ճանաչել և համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին: (...)

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ Կարեն Ռուբիկի Խաչատրյանի նկատմամբ (...) նշանակված 12 (տասներկու) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման ձևով վերջնական պատիժը թողնել անփոփոխ: (...)»1:

8. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննարկելով պաշտպաններ Տ.Ղազարյանի և Ա.Թումասյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) [Առաջին ատյանի դատարանի] որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը միջնորդությունը քննության առնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի: Ուստի բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ (...)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածի խախտումներ, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Բողոքաբերը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետին, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածին, «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-16/11 և ԵՇԴ/0049/01/12 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, գտել է, որ օտարերկրյա պետության դատավճիռը ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է, ուստի սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննության է առնվել միանձնյա:

10. Բացի այդ, բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.8-րդ հոդվածի 4-րդ մասը և 499.11-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման դրույթները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր դատական ակտի ճանաչման հետ միաժամանակ կիրառել նաև նշված որոշման 8-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ համապատասխանաբար կրճատելով Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և Կ.Խաչատրյանի նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման դրույթները՝ կրճատելով վերջինիս չկրած պատժի տևողությունը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

11.1 Ի լրումն իր վճռաբեկ բողոքի` բողոքաբերը, նշելով, որ ՌԴ քրեական օրենսգրքում 2018 թվականի հունիսի 27-ին կատարվել են փոփոխություններ, և խափանման միջոց ընտրված կալանքի մեկ օրը հավասարվել է ազատազրկման ձևով պատժի երկու օրվան, խնդրել է Կ.Խաչատրյանի կրած նախնական կալանքի 1 (մեկ) օրը հաշվակցել պատժի 2 (երկու) օրվա ժամկետի հետ և նվազեցնել նրա նկատմամբ նշանակված պատժաչափը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք դատապարտյալ Կ.Խաչատրյանի նկատմամբ կայացված Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը ճանաչելու և դրանով հաստատված արարքները ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելը։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` «[Գ]ործն ըստ էության լուծող դատական ակտեր [են] առաջին ատյանի դատարանի դատավճիռ[ը], քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում[ը], բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում[ը], ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր[ը], ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(…) 4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով (…)»:

13.1 Վերը նշյալ իրավանորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի այն որոշումը, որտեղ քննարկվում և իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպես օրինակ` արարքի քրեաիրավական որակումը, պատժատեսակի և պատժաչափի որոշումը, ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է և ենթակա է բողոքարկման այն նույն դատավարական ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս: Այսինքն` նման դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննելիս ենթակա են կիրառման, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված դատավարական պահանջները3:

14. Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ կայացված օտարերկրյա պետության դատավճիռը ճանաչելու և դրանով հաստատված արարքները ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու հարցի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է: Նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված որոշմամբ դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածով նախատեսված այնպիսի իրավական հարցերի (արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում), որոնք օրենքի ուժով (ex lege) վերապահված են գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը։ Հետևաբար անձի նկատմամբ կայացված օտարերկրյա պետության դատավճիռը ճանաչելու և դրանով հաստատված արարքները ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու հարցը լուծելիս կայացվող դատական ակտը պետք է բողոքարկվի և բողոքը քննության առնվի այն նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար: Այլ կերպ` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ և 387-րդ հոդվածներով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկմանը ներկայացվող պահանջները4:  

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը ճանաչել և համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքին5:

Վերաքննիչ դատարանը վերը նշյալ դատական ակտի դեմ պաշտպանների կողմից ներկայացրած բողոքը միանձնյա կարգով քննության առնելով մերժել է այն6:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը` որպես գործն ըստ էության լուծող, պետք է բողոքարկվեր և քննության առնվեր, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ, այն է` վերաքննիչ բողոքը պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով` այդ կերպ ապահովելով օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայության պահանջը7:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Կ.Խաչատրյանի նկատմամբ կայացված Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը ճանաչելու և ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելն իրավաչափ չէ։

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է կոլեգիալ կազմով ըստ էության քննության առնի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Կարեն Ռուբիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մայիսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 68-70:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 125-133:

3 Տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը, Գարեգին Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱՐԱԴ/0017/13/12 որոշման 11.1-րդ կետը, Արթուր Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ/0125/13/17 որոշման 13-րդ կետը:

4 Տե՛ս mutatis mutandis Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

7 Մանրամասն տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան