ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0005/01/17 |
ԵԱԴԴ/0005/01/17 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Ա. Ազարյան |
Ս. Համբարձումյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
մասնակցությամբ դատախազներ`
Դ. Մելքոնյանի
Հ. Ենոքյանի
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Արարատ Արմենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ Գ.Միրզոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58210114 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Արարատ Արմենի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 215-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով:
2017 թվականի փետրվարի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով` նրա կողմից այդ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժին՝ 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակի գումարվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով նշանակված պատժից՝ 4 (չորս) տարի 14 (տասնչորս) օր ժամկետից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ:
Նշանակված պատժին հաշվակցվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը` 4 (չորս) ամիս 10 (տասը) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ: Ա.Սարգսյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ից:
3. Մեղադրող Հ.Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա (...) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 6-ի դատավճռով նշանակված 9 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կրելու ընթացքում կապ է հաստատել Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ծանոթ, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված «Չխկո» մականունով անձի հետ և ապօրինի իրացման նպատակով թմրամիջոց ձեռք բերելու համար համաձայնության եկել վերջինի կողմից ընդհանուր՝ 1.008 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 126 հատ դեղահաբ փոստային առաքման միջոցով, մաքսային հսկողությունից թաքցնելով, իր մոր՝ Անահիտ Գալստյանի անվամբ Հայաստանի Հանրապետություն ուղարկելու շուրջ: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անահիտ Գալստյանին կարգադրել է փոստային առաքման համապատասխան գրասենյակից ստանալ առաքված ծանրոցը, այն պահել իր մոտ և սպասել հետագա ցուցումների:
Այնուհետև, «Չխկո» մականունով նշված անձը, մաքսային հսկողության ընթացքում իր կողմից ուղարկվելիք թմրամիջոցների հայտնաբերումը դժվարացնելու նպատակով, 126 հատ դեղահաբերում պարունակվող առանձնապես խոշոր չափերով՝ 1.008 գրամ քաշով, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը տեղավորել և քողարկել է նույն ծանրոցով առաքվող հագուստների մեջ և դրանք տեղադրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք առաքելու համար նախատեսված ծանրոցում:
«Չխկո» մականունով նշված անձը 2014 թվականի հունիսի 30-ին, ուղեկցող փաստաթղթերում խաբեությամբ նշելով, որ ծանրոցում իբրև թե առկա է միայն 3.132 կգ քաշով հագուստ ծանրոցը «Համլետ Գալստյան» անձի տվյալներով Անահիտ Գալստյան անվամբ առաքել է Հայաստանի Հանրապետություն, այդպիսով թմրամիջոցը մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով ապօրինի անցկացնելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով:
Անահիտ Գալստյանն, առանց նյութական շահագրգռվածության, նախապես տեղյակ չլինելով դրանում թմրամիջոցի առկայության մասին, Արարատ Սարգսյանի կարգադրության համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 15-ին գնացել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 17 հասցեում գտնվող թիվ 0054 փոստային բաժանմունք, ստացել ծանրոցը, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ գտնվող ծանրոցի միջից հայտնաբերվել է վերը նշված քանակությամբ թմրամիջոցը (...)»1:
5.1. Ա.Սարգսյանի և այլ անձանց միջև կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրառումներով լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն` Ա.Սարգսյանը, ի թիվս այլնի, 2014 թվականի հուլիսի 5-ին` ժամը 18:54-ին, իր օգտագործած 094-35-53-43 հեոախոսահամարից 093-94-06-07 հեոախոսահամարի բաժանորդի հետ ունեցել է հետևյալ բովանդակությամբ հեռախոսազրույց (հատվածներ հեռախոսազրույցից).
«Անահիտ: - (...) [Խ]ոսացի՞ր Ֆրանսիա:
[Արարատ]: - Հա:
Անահիտ: - Պադերժկա կանի, չէ՞ քեզ:
[Արարատ]: - Հա դե պիտի անի էլի, ես շատ գիտեմ:
Անահիտ: - Հա էլի, գոնե թող անի էլի օֆ:
(...)
Անահիտ: - Դե չգիտի՞ ինքը ինչ վիճակա մոտդ, չե՞ս ասել:
[Արարատ]: - Գիտի, ոնց չգիտի:
Անահիտ: - Դե ես ոնց հասկանում եմ` ընենց չի, ինքը որ պադեռժկա ա անում, ինքն էլ ա ըտեղ օգտվում, չէ՞:
[Արարատ]: - Հա:
Անահիտ: - Հա, բա էլ ինչ կա, էդքան առանք եվրոները ուղարկեցիր իրան, ճի՞շտ ա:
[Արարատ]: - Հա դե լավ, մի խոսա ըտենց բաներ:
Անահիտ: - Լավ (...)»2:
Ա.Սարգսյանը 2014 թվականի հուլիսի 16-ին` ժամը 00:39-ին, իր օգտագործած 098-93-33-84 հեռախոսահամարից 093-22-24-96 հեոախոսահամարի բաժանորդի հետ ունեցել է հետևյալ բովանդակությամբ հեռախոսազրույց (հատվածներ հեռախոսազրույցից).
«(...) [Արարատ]։ - Չէ, հեր ջան, ցավդ տանեմ, ինքը չի իմացել՝ ինչ ա, ոնց ա։
Տ։ - Ախպեր, հա ինքը չգիտի, բայց դուք իրան պաստավկա եք անում չէ՞, տղա ջան։
Արարատ։ - Հա, ըտենց ա դուրս գալիս։
Տ։ - Ըտենցա դուս գալիս, որն ա, տղա ջան, բա որ դու գիտես, դու քո մորդ պաստավկա ես անու՞մ, արա։
Արարատ։ - Ես հո էդ մտքով չեմ բան արել, այ ցավդ տանեմ։
Տ։ - Ախպեր, հասկացանք, որ դու էդ մտքով չես արել, բայց ստեղ մի հատ բայց գոյություն ունի, հիմի քո ընկերն ա, եսիմ ով ա, ասել ես՝ ախպեր ձեռ բռնի, սենց արա, ընենց արա, էն էլ ասել ա ձեռ բռնելու միակ ձեևը երևի սա ա, ախպեր գիտես քեզ ինչքան փողեր կբռնես, էսի ղրկեմ՝ դու ծախի, սենց արա, նենց արա, բա դու չգիտե՞ս՝ ոչ բառիկին եմ սիրում, ոչ դեղ անողին եմ սիրում (...)»3։
Ա.Սարգսյանը 2014 թվականի հուլիսի 16-ին` ժամը 08:53-ին, իր օգտագործած 077-18-13-27 հեոախոսահամարից 098-70-17-44 հեոախոսահամարի բաժանորդի հետ ունեցել է հետևյալ բովանդակությամբ հեռախոսազրույց (հատվածներ հեռախոսազրույցից).
«[Արարատ]։ - Արա (...) էս ինչ թարսություն եղավ, ախպեր։
Տ։ - Արա, սուս արա, (...), ոչ մեկին հաստատ չես խոսացե՞լ էդի։
[Արարատ]։– Չէ, արա հորս արև։
Տ։ - Որովհետև 99 տոկոս էդի մեջտեղը բ... պիտի լինի, ախպեր։ Ջոկում ե՞ս։
[Արարատ]։– Հա։
(...)
[Արարատ]: - Ինչ մտածենք: Բան չենք կարա մտածենք չէ՞, արա մի հատ էլ 500 մանեթ ստե եմ կրված, արա տվող եմ:
Տ: - Դոլա՞ր, թե հազար:
[Արարատ]: - Հազար, ախպեր:
Տ: - Էն փողը, հա՞:
[Արարատ]: - Չէ, էսի թավան տված ա:
Տ: -Թավանի փող ա՞ ընգեր ջան:
[Արարատ]: - Հա, արա մորս արև:
Տ: - Արա, (...), դե լավ էլի ախպեր, խի ես խաղում արա էս նեղ մաջալին:
[Արարատ]: - Արա, ես շատ գիտեմ արա, Եղո ջան, էշի նման, ես էլ ասի յանի էսի սաղ ճիշտ կլնի, կրուտիտ կլնեմ էլի մի ձև կասեմ կտան ախպեր փող, ջոկում ես, ընենց էր, որ 16 հատիկն էլ մերն էր ջոկիր։
Տ։ Հա։
[Արարատ]։ - Տալու էին ինձ էդի, 16 հատիկի խաթր ասի բանով ղրկեն ախպեր, (...)։
Տ։ - Հա, ախպեր, (...)»4:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Ս]ույն քրեական գործում առկա են ապացույցներ, որոնք հիմնավորում են ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով հանրորեն վտանգավոր արարք կատարած լինելու հանգամանքը:
(...) Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արարատ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանը (...) գալիս է հետևության, որ նախաքննական մարմնի կողմից ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կարող էր հիմնավորել Արարատ Սարգսյանի կողմից ապօրինի իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու հանգամանքը: Ավելին՝ սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննված վկաները որևէ տեղեկություն չեն հայտնել Արարատ Սարգսյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դեպքի վերաբերյալ, ավելին՝ ամբաստանյալ Արարատ Սարգսյանը նույնպես հերքել է այդ հանգամանքը: Տվյալ պարագայում հատկանշական է նաև սույն քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանգամանքը, ինչի արդյունքում գաղտնալսվել է ամբաստանյալ Արարատ Սարգսյանի հեռախոսային խոսակցությունները և կատարվել է այդ գաղտնալսման արդյունքում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննություն, ինչի արդյունքում նույնպես որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու հանգամանքի վերաբերյալ: Ավելին՝ ամբաստանյալ Արարատ Սարգսյանը 2014 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 08:53-ին, իր օգտագործած 077-18-13-27 հեոախոսահամարից հեռախոսազրույց է ունեցել 098-70-17-44 հեոախոսահամարի բաժանորդի հետ հետևյալ բովանդակությամբ (հատվածներ հեռախոսազրույցից). «Արարատ։ - Արա, «հայհոյում է», էս ինչ թարսություն եղավ, ախպեր, Տ-ն պատասխանում է՝ «Արա, սուս արա, «հայհոյում է», ախպեր, ոչ մեկին հաստատ չես խոստացե՞լ էդի, Արարատ։– «Չէ, արա հորս արև»», սույն հանգամանքն իր հերթին հիմք է տալիս դատարանին, ներքին համոզմամբ գալու հետևության, որ ամբաստանյալ Արարատ Սարգսյանը նշված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն ապօրինի ձեռք է բերել, սակայն ոչ իրացման նպատակով, (...) դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից, հետագայում նաև դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որի հիման վրա հնարավոր կլինի գալու հիմնավոր հետևության ամբաստանյալ Արարատ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցում: Բացի այդ, նախաքննական մարմնի կողմից հնարավոր չի եղել պարզելու ոմն «Չխկոյի», ինչպես նաև այդ թմրամիջոցն ամբաստանյալ Արարատ Սարգսյանից հետագայում ձեռք բերող անձի ինքնությունները, որով կարող էր նախաքննական մարմինը հիմնավորել ամբաստանյալ Արարատ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը:
(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արարատ Սարգսյանի գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն նրա գործողությունները փաստացի իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ինչն ըստ էության դրսևորվել է ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից ապօրինի կերպով առանց իրացնելու նպատակի թմրամիջոց՝ այն է «բուպրենորֆին» տեսակի դեղահաբեր Ֆրանսիայի Հանրապետությունից ձեռք բերելով (...)»5:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Ա]նդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Արարատ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը նույն օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելու իրավաչափությանը, փաստում է, որ (...) որևէ ապացույցով չի հիմնավորվում ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից ապօրինի իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու հանգամանքը: Ուշագրավ է նաև, որ սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննված վկաները որևէ տեղեկություն չեն հայտնել Արարատ Սարգսյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դեպքի վերաբերյալ, ավելին՝ ամբաստանյալ Արարատ Սարգսյանը նույնպես հերքել է այդ հանգամանքը: Բացի այդ, սույն քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքում գաղտնալսվել է ամբաստանյալ Արարատ Սարգսյանի հեռախոսային խոսակցությունները և կատարվել է այդ գաղտնալսման արդյունքում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննություն, ինչի արդյունքում նույնպես որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու հանգամանքի վերաբերյալ (...):
(...) [Թ]վով 126 հատ «բուպրենորֆին» տեսակի դեղահաբերը դեռևս չեն կարող անհերքելիորեն վկայել, որ դրանք ամբաստանյալ Արարատ Սարգսյանի կողմից ձեռք են բերվել ապօրինի իրացնելու համար: Բանն այն է, որ ապօրինի իրացման փաստը կարող է հաստատվել գործով առկա փաստական տվյալների բավարար համակցությամբ, իսկ ինքնին թմրամիջոցի չափը (քանակը) գործով առկա մյուս փաստական հանգամանքներից անջատ չի կարող որևէ դերակատարում ունենալ նշված հանգամանքի ապացուցման հարցում:
(...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը նույն օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և հիմնավոր (...)»6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելով, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:
8.1. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել Ա.Սարգսյանի կողմից օգտագործված հեռախոսահամարների խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, որոնք պարունակում են Ա.Սարգսյանի կողմից թմրամիջոցները հատկապես իրացնելու նպատակով ձեռք բերելու մասին տեղեկություններ:
Ա.Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները որևէ վերլուծություն չեն կատարել, և դատական ակտերից անհասկանալի է, թե ինչու դրանք հաշվի չեն առնվել թմրամիջոցները ձեռք բերելու նպատակի վերաբերյալ դիրքորոշման ձևավորման համար:
8.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ դատարանների այն պատճառաբանությունները, որ քրեական գործով ձեռք չեն բերվել Ա.Սարգսյանի կողմից թմրամիջոցն իրացնելու նպատակով ձեռք բերելու փորձ կատարելու վերաբերյալ ապացույցներ, անհիմն են, քանի որ հեռախոսային խոսակցություններից բխող փաստական տվյալներով և դրանց ներկայացված վերլուծությամբ հաստատվում է իրացման նպատակը:
Արդյունքում բողոքաբերը փաստական տվյալների, դրանց վերլուծության և դատավճռում բերված դատողությունների ու պատճառաբանությունների համադրմամբ փաստել է, որ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելու մասով դատական ակտը պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը բառացիորեն վերահաստատել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, իսկ կայացված դատական ակտում չի վերլուծել մեղադրանքի կողմի ներկայացված փաստարկները:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է մասնակի՝ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելու առումով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
⚖Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով7:
⚖11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին8:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, կապ է հաստատել Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ծանոթի հետ և ապօրինի իրացման նպատակով թմրամիջոց ձեռք բերելու համար համաձայնության է եկել վերջինիս հետ ընդհանուր՝ 1.008 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 126 հատ դեղահաբ փոստային առաքման միջոցով Հայաստանի Հանրապետություն ուղարկելու շուրջ9:
Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ`
1. նախաքննական մարմնի կողմից ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կարող էր հիմնավորել Ա.Սարգսյանի կողմից ապօրինի իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու հանգամանքը,
2. սույն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննության արդյունքում նույնպես որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` ամբաստանյալ Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու հանգամանքի վերաբերյալ,
3. ամբաստանյալ Ա.Սարգսյանի գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն փաստացի իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ10:
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը նույն օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և հիմնավոր11:
13. Վճռաբեկ դատարանը, նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 10-11-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը: Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացվել ամբաստանյալ Ա.Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, դրանք վերլուծվել են հատվածաբար, չեն գնահատվել գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ:
Այսպես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել առ այն, որ թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնին դրանք իրացնելու նպատակի անվիճելի ապացույց չէ, և որ իրացման նպատակը պետք է գնահատվի միայն դրա մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ12: Սույն գործով Ա.Սարգսյանը փորձել է իր մոր` Անահիտ Գալստյանի միջոցով ձեռք բերել փոստային առաքմամբ ուղարկված մեծ քանակությամբ` 1.008 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 126 հատ դեղահաբ: Թեև թմրամիջոց պարունակող դեղահաբերի վերոնշյալ մեծ քանակը դեռևս հիմք չէ միանշանակ արձանագրելու, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանն այն ցանկացել է ձեռք բերել իրացնելու նպատակով, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն փաստական տվյալն անհրաժեշտ էր գնահատել գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ:
Մասնավորապես, գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ա.Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում նյութական խնդիրներ է ունեցել, ինչը հաստատվում է ոչ միայն վերջինիս մոր` Ա.Գալստյանի, այլև 098-70-17-44 հեոախոսահամարի բաժանորդի հետ 2014 թվականի հուլիսի 16-ին` ժամը 08:53-ին տեղի ունեցած հեռախոսազրույցով, որտեղ խոսք է գնում Ա.Սարգսյանի` 500.000 ՀՀ դրամ պարտք ունենալու, վերջինիս կողմից ինչ-որ ձևով փող ստանալու, ինչպես նաև 16 հատն իրեն պահելու մտադրության մասին13։ Վերոնշյալ փաստական տվյալները ստորադաս դատարանները չեն վերլուծել և որևէ գնահատականի չեն արժանացրել, փոխարենը փաստել են, որ սույն քրեական գործի շրջանակներում իրականացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել` ամբաստանյալ Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը նույնիսկ չի բխում վերջինիս առաջադրված մեղադրանքի էությունից և բովանդակությունից, քանի որ Ա.Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձի համար14:
13.1. Ա.Սարգսյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրության արդյունքների պատշաճ վերլուծությունը և դրանց գնահատումը գործում առկա այլ ապացույցների, այդ թվում` ձեռք բերվելիք թմրամիջոցի չափերի համատեքստում, կարևոր նշանակություն կարող էր ունենալ ամբաստանյալի մոտ իրացման նպատակի առկայությունը պարզելու հարցում: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումը, ընդգծում է, որ ապացույցի առանձին տեսակներ, պայմանավորված ապացուցողական տեղեկատվության ձեռք բերման միջոցներով և դրանց արդյունքների` տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելու հանգամանքով (օրինակ՝ տեսանկարահանումների, լուսանկարահանումների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները և այլն), օժտված են բարձր արժանահավատություն ունեցող ապացույց համարվելու համար անհրաժեշտ չափանիշներով և կարող են այս կամ այն փաստական հանգամանքի հաստատման կամ հերքման առումով անփոխարինելի նշանակություն ունենալ, ուստի դրանցով հաստատվող փաստական տվյալները կարող են հերքվել ոչ այլ կերպ, քան այդ ապացույցներին արժանահավատությամբ չզիջող ապացույցով կամ ապացույցների համակցությամբ15:
14. Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը վերլուծության է ենթարկել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների միայն մեկ հատված և «խոսացել» բառը նշել է որպես «խոստացել»` դրանով իսկ գալով կատեգորիկ հետևության առ այն, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանը նշված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն ապօրինի ձեռք է բերել, սակայն ոչ իրացման նպատակով16: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները ոչ միայն հատվածաբար է գնահատման ենթարկել, և դրանք չի դիտարկել ամբողջության մեջ, այլև իր դատական ակտերում նշել է «խոստացել» բայը, մինչդեռ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրառումներով լազերային սկավառակի զննության արձանագրության մեջ նշված է «խոսացել» բառը17, որպիսի պայմաններում խոսակցության բովանդակությունը կարող է էականորեն փոխվել:
Վերաքննիչ դատարանն իր հերթին որևէ անդրադարձ չի կատարել վերոնշյալ անհստակությանը, չի փորձել պարզաբանել այն, փոխարենը նույնությամբ շարադրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում ներկայացված փաստարկները:
15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում վերլուծված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննության արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել ամբաստանյալ Ա.Սարգսյանի կողմից ապօրինի իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու հանգամանքի վերաբերյալ, բավարար չափով պատճառաբանված չեն, դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել վերոնշյալ ապացույցը, չեն գնահատել այն գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ, ինչի արդյունքում կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր:
Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, արարքի քրեաիրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արարատ Արմենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 89-90:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 17:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 25:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 28, 30:
5 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 179-201:
6 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 59-86:
7 Տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումները:
9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անդրանիկ Ասլանյանի վերաբերյալ գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0125/01/09 որոշումը:
13 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
14 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշումը:
16 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|