Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.07/10(1565) Հոդ.6
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2019 թ.

թիվ 200-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների՝ ռիսկի կշիռ ստանալու համար հիմք հանդիսացող միջազգային վարկանիշների ընտրության կարգը, երկարաժամկետ ստորադաս փոխառությունների մասով բանկերի կողմից փոխառություն/բաժնետոմսեր ցուցանիշի հաշվարկման կարգը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Կանոնակարգի Հավելված 3-ը 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ և 43-րդ կետերով.

«42. Սույն Հավելվածի 6.21.3-6.21.6-րդ կետերը կիրառելիս՝ Հայաստանի Հանրապետությանը վարկանիշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշը որոշվում է՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.

1) Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշի և սույն Հավելվածի 43-րդ կետի հիման վրա որոշված վարկանիշի արժույթները (տեղական արժույթ կամ արտարժույթ) պետք է համապատասխանեն: Այն դեպքում, երբ սույն Հավելվածի 43-րդ կետի հիման վրա որոշված վարկանիշը տարանջատված չէ ըստ արժույթների, ապա համեմատության համար հիմք է ընդունվում տեղական արժույթով Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշը:

2) Եթե Հայաստանի Հանրապետությանը տրվել է երկարաժամկետ վարկանիշ միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից, ապա հիմք է ընդունվում այդ վարկանիշը:

3) Եթե Հայաստանի Հանրապետությանը տրվել է երկու տարբեր երկարաժամկետ վարկանիշներ երկու տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենաբարձր վարկանիշը:

4) Եթե Հայաստանի Հանրապետությանը տրվել է երեք տարբեր երկարաժամկետ վարկանիշներ երեք տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:

43. Սույն Հավելվածի 6.21.3-6.21.6-րդ կետերը կիրառելիս՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպություններին վարկանիշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշը որոշվում է՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպության նկատմամբ երկարաժամկետ պահանջի դեպքում՝ հիմք է ընդունվում տվյալ պահանջի գծով առկա երկարաժամկետ վարկանիշը (issue rating) (իշյու ռեյթինգ), իսկ այդ վարկանիշ(ներ)ի բացակայության դեպքում՝ տվյալ կազմակերպությանը տրված երկարաժամկետ թողարկողի վարկանիշը (issuer rating (corporate family rating))(իշյուեր ռեյթինգ (քոռփոռեյթ ֆեմիլի ռեյթինգ)) կամ թողարկողի անվճարունակության վարկանիշը (Issuer Default Rating) (իշյուեր դեֆոլտ ռեյթինգ)` համաձայն սույն Հավելվածի 32-րդ կետով սահմանված սկզբունքների:

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպության նկատմամբ կարճաժամկետ պահանջի դեպքում՝ հիմք է ընդունվում տվյալ կազմակերպությանը տրված երկարաժամկետ թողարկողի վարկանիշը (issuer rating (corporate family rating)) (իշյուեր ռեյթինգ (քոռփոռեյթ ֆեմիլի ռեյթինգ)) կամ թողարկողի անվճարունակության վարկանիշը (Issuer Default Rating) (իշյուեր դեֆոլտ ռեյթինգ)` համաձայն սույն Հավելվածի 32-րդ կետով սահմանված սկզբունքների:

3) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպության նկատմամբ բանկի պահանջի ու տվյալ կազմակերպությանը տրված վարկանիշի արժույթները (տեղական արժույթ կամ արտարժույթ) պետք է համապատասխանեն, եթե տվյալ տեսակի վարկանիշը տարանջատվում է ըստ արժույթների: Այն դեպքում, երբ կազմակերպությունը չի ստացել պահանջի արժույթին համապատասխան արժույթով (տեղական արժույթ կամ արտարժույթ) վարկանիշ, ապա հիմք է ընդունվում առկա արժույթով վարկանիշը:»:

2) Կանոնակարգի Հավելված 10-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անկախ սույն Հավելվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով սահմանված փոխարկման կարգի՝ նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն (փոխկապակցված անձինք) պետք է ստանա (ստանան) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի  համաձայն բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը (բացառությամբ սույն Հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքի), եթե փոխառության ներգրավման արդյունքում հետևյալ ցուցանիշը (Ց) գերազանցում է 10, 20, 50 կամ 75 տոկոսը՝

 

ՍՓ + ԲԱՓՈԽ

  Ց = ------------------- * 100%

ԲԱ + ՍՓ

 

որտեղ

ՍՓ - փոխատուի (փոխկապակցված անձանց) կողմից բանկին տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառության (փոխառությունների) գումարն է,

ԲԱփոխ - փոխատուի (փոխկապակցված անձանց)՝ բանկի կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության (առկայության դեպքում) անվանական արժեքն է,

ԲԱ - բանկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի անվանական արժեքն է: Ընդ որում, սույն կետով սահմանված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հաշվարկում չեն ընդգրկվում այն արտոնյալ բաժնետոմսերը, որոնք ձայնի իրավունք են տալիս միայն օրենքով սահմանված որոշ դեպքերում:»:

2) Կանոնակարգի Հավելված 10-ը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Այն դեպքում, երբ ստորադաս փոխառության ներգրավման արդյունքում սույն Հավելվածի 3-րդ կետով հաշվարկվող ցուցանիշը գերազանցում է տվյալ կետով սահմանված որոշակի սահմանաչափը, բայց ստորադաս փոխառության պայմանագրով հստակ սահմանվել է, որ փոխատուն ձեռք չի բերելու տվյալ սահմանաչափը գերազանցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր, ապա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. դեկտեմբերի 25

ք. Երևան