Գլխավոր տեղեկություն
Համար
N 405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2020-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.7
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.03.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

16 մարտի 2012 թ.

N 405-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

 Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2012 թվականի մարտի 16-ի
N 405-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները (այսուհետ` լրացուցիչ պայմաններ):

2. Լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

3. Լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ):

4. Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:

5. Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների կատարման նկատմամբ հսկողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ու վարչական շրջանների ղեկավարները:

(5-րդ կետը լրաց. 26.11.19 N 159-Ն)

6. Լրացուցիչ պայմաններն են`

1) ճարտարապետաշինարարական նախագծում կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման ձևի ու պայմանների ներառումը,

2) շինարարական աշխատանքներն սկսելուց ոչ ավելի վաղ, քան մեկ ամիս առաջ կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,

3) կառուցապատվող օբյեկտին հարող տարածքում կամ դրան կից ճանապարհային երթևեկության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ իրազեկումն ու պայմանների ապահովումը,

4) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակից դուրս ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտման ու աղբի կուտակումների բացառումը:

(6-րդ կետը խմբ., փոփ. 25.12.19 N 177-Ն)

7. Լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով.

1) շինարարության թույլտվության «Հատուկ պայմաններ» մասում Կառուցապատողն իրազեկվում է սույն Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների մասին,

2) կառուցապատվող օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծում պետք է նախատեսված լինեն տվյալ օբյեկտը շրջակայքից սահմանազատող շինարարական հրապարակի կազմակերպման ձևն ու պայմանները,

3) շինարարական հրապարակը կազմակերպվում է հաստատված նախագծի (կամ հատակագծի) հիման վրա, որը Կառուցապատողին է տրամադրվում նախապես,

4) շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես հաստատված նախագծով նախատեսված ձևով և նույն նախագծով նախատեսված շինարարական նյութերով,

5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա. կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր.

բ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.

գ. համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.

դ. շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.

ե. շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).

զ. կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.

է. Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.

ը. կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.

թ. կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.

ժ. կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները,

6) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է ապահովի հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրի ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ՝ այն նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ,

7) կառուցապատման օբյեկտի շինարարական հրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը Կառուցապատողը պետք է մշտապես պահպանի մաքուր վիճակում, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս ցանկացած շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը,

8) Կառուցապատողը պետք է կազմակերպի շինարարական աղբի կանոնավոր տեղափոխման աշխատանքները և մինչև աղբի տեղափոխումը այն պահի Կառուցապատվող օբյեկտում, իսկ շինարարական հրապարակի առկայության դեպքում՝ դրա համար շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների (կոնտեյներներ, պարկեր և այլն) մեջ,

9) շինարարական հրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար Կառուցապատողը պետք է կազմակերպի դրանց լվացումը,

10) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում կառուցապատվող հողամասին հարող և շինարարական հրապարակի սահմաններում ներառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մասին պայմանագիրը ենթակա է Երևանի քաղաքապետի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման, և Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում իր հաշվին վերացնել հետիոտնի շարժման համար կազմակերպված ժամանակավոր հարմարությունները և վերականգնել մայթը, ընդ որում Կառուցապատողը պարտավոր է վերականգնված մայթը սահմանազատել կառուցապատվող տարածքից՝ շինարարական հրապարակի ցանկապատման համար օգտագործված շինարարական նյութերին համանման նյութերով։ Երևանի քաղաքապետը մայթի վերականգնման պահանջը ներկայացնում է՝ բնականոն երթևեկության վերականգնման և տարածքի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով, քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից տրված՝ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացության հիման վրա, որի ստացման ծախսը ենթակա է փոխհատուցման Կառուցապատողի կողմից։ Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում մայթը Կառուցապատողի կողմից չվերականգնվելու դեպքում, այն ենթակա է վերականգնման և սահմանազատման Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Կառուցապատողի հաշվին։

(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 25.12.19 N 177-Ն)

(հավելվածը լրաց. 26.11.19 N 159-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.12.19 N 177-Ն)