ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1947-Լ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) սահմանվում են՝
1) կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները և սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաև կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման շուրջ իրավահարաբերությունները.
2) վարչական կամ քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված պահանջների խախտման համար.
3) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում:
Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումներն ու առաջարկությունները.
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) խիստ խնդրահարույց է դրանում առկա կարգավորումների հիմնավորվածության, նախատեսվող արգելքների և կիրառվող պատասխանատվության համաչափության, ինչպես նաև հասկացությունների սահմանման տեսանկյունից:
Այսպես՝ նախագծի մի շարք կարգավորումների գործնական կիրառումն անիրագործելի է: Օրինակ՝ նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կենդանի պահողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ կենդանիների՝ բարձրություններից ընկնելը կանխելու համար:
Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ արգելվում է անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում և պայքար: Ընդ որում՝ նշված պահանջը չպահպանելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է կենդանուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում:
Նախագիծը համարում ենք հատկապես խնդրահարույց 10-րդ հոդվածի իմաստով: Մասնավորապես, նախագծի 10-րդ հոդվածի խախտումները քրեականացված են: Ընդ որում՝ որևէ տարբերակում դրված չէ կատարվող արարքների միջև, մինչդեռ բոլոր արարքները չեն կարող ունենալ հանրային վտանգավորության նույն աստիճանը:
Այսպես՝ նախագծի 10-րդ հոդվածով արգելվող գործողությունների թվին են դասվում ինչպես տարբեր եղանակներով կենդանուն կյանքից զրկելը, այնպես էլ կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը, կենդանուն լքելը, կենդանուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում, կենդանիների բուծումը կացարաններում, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը և այլն: Հարկ ենք համարում նշել, որ նշված արարքները չունեն հանրային վտանգավորության նույն աստիճանը:
Նախագծով նախատեսված մի շարք հոդվածների իրավակարգավորումները «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա են, ինչպես նաև հակասում են նշված օրենքի մի շարք դրույթներին։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթները կարգավորվում են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի դրույթները՝ 21-րդ և 34-րդ հոդվածներով, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ 36-րդ, 37-րդ և 33-րդ հոդվածներով:
Նախագծում առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կարգավորումների անորոշության և օրենսդրական տեխնիկայի պահպանման տեսանկյունից:
I. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի.
1) 1-ին կետի համաձայն՝ կենդանիներ են համարվում «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված կենդանիները:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ կենդանիներ են համարվում կաթնասունները, թռչունները, երկկենցաղները, սողունները, ձկները, կակղամորթները, խեցգետնակերպեր, խխունջները, միջատները, այլ ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատևում են:
Այս առումով հարկ է նշել, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Տվյալ դեպքում, նախագծով նախատեսված հասկացությունում հղում կատարելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված կենդանիների հասկացությանը, հակասություն է առաջանում նախագծի կարգավորման առարկայի և գործողության շրջանակի հետ: Հետևաբար առաջարկում ենք նախագծի հիմնական հասկացություններում հստակ սահմանել այն կենդանիների շրջանակը, որոնց վրա տարածվելու է տվյալ օրենքի գործողությունը:
2) 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի վայրի և ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահվում են տնային պայմաններում, որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տարածքով և որոնց կենսաապահովումն իրականացնում է պահողը:
Այս առումով նախևառաջ հարկ է նշել, որ հիշյալ կարգավորումը նույնպես խնդրահարույց է օրենքի կարգավորման առարկայի տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա: Հետևաբար այս մասով հիշյալ հասկացության դրույթներն անհրաժեշտ է վերանայել՝ նախագծի ներքին հակասությունները վերացնելու նպատակով:
Բացի դրանից, պարզ չէ «որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տարածքով» եզրույթի կիրառությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում անհնար է պատկերացնել ընտանի կենդանիների միայն որոշակի տարածքում տեղաշարժվելու սահմանափակման հնարավորությունը:
3) 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված տնային կենդանիները:
Հիշյալ օրենքի 19-րդ կետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում այն կենդանիները, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին:
Տվյալ դեպքում խնդրահարույց է տնային կենդանիների դեպքում նախագծով նախատեսված հասկացությունների միաժամանակյա առկայությունը, ուստի հնարավոր տարընկալումներից և երկիմաստ ձևակերպումներից խուսափելու համար առաջարկում ենք հստակ սահմանել տնային կենդանիների շրջանակը, որոնց վրա տարածվելու է տվյալ օրենքի գործողությունը:
4) 3-րդ կետի համաձայն՝ թափառող կենդանիներ են համարվում` կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք չունեն պահող:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ խնդրահարույց է պահող չունենալու հանգամանքով պայմանավորված թափառող կենդանի համարելու կարգավորումը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատվածում թափառող կարող են համարվել նաև կորած տնային կենդանիները:
5) 4-րդ կետի համաձայն՝ ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի վայրի և ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահվում են կենդանաբանական այգիներում, օգտագործվում են կրկեսներում, սպորտային և ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու և նկարահանումների համար:
Այս առումով նախևառաջ հարկ է նշել, որ հիշյալ կարգավորումը խնդրահարույց է օրենքի կարգավորման առարկայի տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը սահմանված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:
Հետևաբար այս մասով հիշյալ հասկացության դրույթներն անհրաժեշտ է վերանայել՝ նախագծի ներքին հակասությունները վերացնելու նպատակով:
6) 5-րդ կետի համաձայն՝ ծառայողական նշանակության կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք օգտագործվում են նպատակային նշանակության գործողությունների և ծառայողական նպատակների համար:
Տվյալ դեպքում իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են այն նպատակային գործողությունները, որոնց ժամանակ օգտագործվում են ծառայողական նշանակության կենդանիները և արդյոք հիշյալ գործողությունները նույնական չեն ծառայողական նպատակների հետ:
7) 6-րդ կետի համաձայն՝ գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք օգտագործվում են գիտաուսումնական և գիտահետազոտական փորձարկումներ իրականացնելու նպատակով:
Նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Այս առումով պարզ չէ, թե որ կենդանիների վրա են տարածվելու գիտաուսումնական փորձարկումների հետ կապված իրավահարաբերությունները և արդյոք հիշյալ կարգավորումները չեն տարածվելու սույն օրենքի իմաստով «կենդանիներ» հասկացության մեջ ներառված բոլոր կենդանիների, օրինակ՝ գյուղատնտեսական կենդանիների վրա:
Այս առումով հարկ է անդրադառնալ նաև նախագծերի փաթեթում ներկայացված «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին վերաբերող հոդվածները: Այս առումով պարզ չէ վերոհիշյալ օրենքից տվյալ կարգավորման ուժը կորցրած ճանաչելու նպատակը:
Վերոգրյալի կապակցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվում և համապատասխան դրույթներ են սահմանվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ և համալիր կարգավորումներ ունենալու նպատակով»:
Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները նախագծի կարգավորման առարկա հանդես գալ չեն կարող՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի նախաբանի համաձայն՝ «Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ... կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների վրա»:
Վերոհիշյալ փոփոխությունների պարագայում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի իմաստով կենդանիների, այդ թվում՝ գյուղատնտեսական կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին վերաբերող հարաբերությունները կմնան չկարգավորված:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել սույն նախագծով նախատեսված կենդանիների նկատմամբ գիտահետազոտական և գիտաուսումնական փորձեր կատարելու և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակից նույն կարգավորումները հանելու նպատակահարմարությունն ու իրավաչափությունը:
8) 7-րդ կետը նույնպես հստակեցման կարիք ունի: Մասնավորապես՝ առաջարկում ենք նշված կետը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10712–րդ հոդվածի պահանջներին, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ օրենսգրքի նշված հոդվածով հստակ սահմանվում է, որ` այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանի պահող են համարվում նաև դրա իրավունքն ունեցող կամ խնամք իրականացնող անձանց միջև կնքված պայմանագրով նախատեսված անձինք:
9) 8-րդ կետի համաձայն՝ կենդանիների կացարան է համարվում կենդանիների պահման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածքը և (կամ) կառույցը՝ նախատեսված թափառող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար:
Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կարգով է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվելու կենդանիների պահման համար հատուկ հարմարեցված տարածքի և (կամ) կառույցի կողմից թույլտվությունը և ինչ չափանիշների հիման վրա են ընտրվելու տվյալ տարածքները: Բացի այդ՝ պարզ չէ կենդանիների կացարանի իրավական կարգավիճակը՝ պետական, համայնքային, թե մասնավոր:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթներին:
10) 10-րդ կետով սահմանվում է «նույնականացման անձնագիր» հասկացությունը, որն արդեն իսկ սահմանված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝ «21) կենդանիների համարակալում` գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին.», բացի այդ՝ պարզ չէ, թե «պետք է ներառի կենդանի պահողի և կենդանու մասին տեղեկատվություն», կենդանի պահողի մասին ինչ տեղեկատվություն պետք է ներառվի, քանի որ նախագծով սահմանված դրույթներում այն չի կիրառվում։
11) Առաջարկում ենք մասը լրացնել՝ սահմանելով.
ա. «պետական լիազոր մարմին» հասկացությունը, հաշվի առնելով նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, ինչպես նաև սահմանել, թե որ դեպքերում են նշված մարմինները իրականացնում նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները.
բ. «անկած կենդանի» հասկացությունը:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն անհրաժեշտ է խմբագրել համապատասխան ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթին.
3. Նախագծի 3-րդ հոդվածը խմբագրման կարիք ունի, քանի որ հակասում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին:
4. Նախագծի 4-րդ հոդվածի`
1) առաջին մասն առաջարկում ենք շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Կառավարությունը`» և, ըստ այդմ, խմբագրելով մնացած կետերը:
Նույն առաջարկը վերաբերում է նաև 5-րդ հոդվածին.
2) 5-րդ մասի համաձայն՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր:
Տվյալ կարգավորումից պարզ է դառնում, որ կառավարությանը տրվում են մի շարք ոլորտներում իրավական ակտեր ընդունելու ընդհանրական լիազորություններ, մինչդեռ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Հետևաբար նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ հստակ նախատեսելով որոշակի ակտ ընդունելու կառավարության լիազորությունները:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներին:
3) 6-րդ մասի համաձայն՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Այս առումով գտնում ենք, որ «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, համաձայն որոնց՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներին:
5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են տեղական ինքնակառավարման մարմինները:
6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Երևան քաղաքում՝ նաև վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
7. Նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է հանրային վերահսկողություն: Հարկ է նկատի ունենալ, որ նշված հոդվածով նախատեսված կարգավորումները դուրս են սույն օրենքի նախագծի կարգավորման առարկայից: Փոխարենը նախագծով նախատեսված չէ պետական վերահսկողության վերաբերյալ դրույթներ։
8. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագրում խոսք է գնում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքների մասին, մինչդեռ նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում որպես սկզբունք նախատեսված են կենդանիների բուծման, պահելու, վերջիններիս նկատմամբ կատարվող գործողություններին ներկայացվող պահանջները: Այս առումով գտնում ենք, որ հիշյալ պահանջները սկզբունք չեն կարող հանդիսանալ:
9. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝
1) «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ կենդանի պահողը պարտավոր է յուրաքանչյուր կենդանու համար՝ կախված տեսակից, տարիքից և ցեղատեսակից, ապահովել՝ տեղակայման և տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք և պայմաններ, կերի և ջրի բավարար քանակություն, սնվելու և խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն, սնվելու և խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը և նվազեցնելու կենդանիների միջև մրցակցությունը, կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա:
Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափանիշների վրա է որոշվելու յուրաքանչյուր կենդանու համար վերոհիշյալ պահանջների և պայմանների համապատասխանությունը,
2) «զ» ենթակետում առաջարկում ենք «բուժօգնություն» բառը փոխարինել «բժշկական օգնություն և սպասարկում» բառերով,
3) 4-րդ կետի համաձայն՝ կենդանի պահողը պարտավոր է չխոչնդոտել իրավասու պետական լիազոր մարմիններին վերահսկողություն իրականացնելիս և անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:
Այս առումով հարկ է նշել, որ նախագծում խոսք է գնում միայն հանրային վերահսկողության մասին և նախատեսված չեն կարգավորումներ իրավասու պետական լիազոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության վերաբերյալ, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել, թե տվյալ դեպքում ինչ վերահսկողության մասին է խոսքը:
Առաջարկում ենք 4-րդ կետը «պետական լիազոր» բառերից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերով:
10. 10-րդ հոդվածի 2-րդ՝
1) մասի 9-րդ կետն առաջարկում ենք հանել, քանի որ նշված կարգավորումն արդեն իսկ նախատեսված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով:
2) Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը, իսկ նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է կենդանուն լքելը:
Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ բնույթի գործողություն է իրենից ենթադրում կենդանուն լքելը և արդյոք այն նույնական չէ կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելու կարգավորման հետ,
3) մասը լրացնել 16-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«16) նույնականացման նպատակով կենդանիների վրա առկա չիպերի, միկրոչիպերի, դաջվածքների և համարակալված տարբերանշանների վնասումն ու հեռացումը, որի հետևանքով կենդանին կարող է դուրս մնալ հաշվառումից:»:
11. Նախագծի 11-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝
ա. տնային կենդանի պահողը պարտավոր է ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող միջոցառումներ:
Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը և ինչ իրավական ակտով են դրանք սահմանված,
բ. տնային կենդանի պահողը պարտավոր է ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:
Այս առումով անհասկանալի է անասնաբուժական պահանջները հիշյալ օրենքի կարգավորման շրջանակում դիտարկելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ պահանջների կիրառումը գտնվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի և գործողության ոլորտի շրջանակում:
2) 2-րդ մասի`
ա. 2-րդ կետի համաձայն՝ տնային շներ պահողը պարտավոր է նաև 4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման և շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները և անհատական համարը:
Այս առումով հարկ է նշել, որ նախագծերին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ հասկանալ, թե ինչով է պայմանավորված նման կարգավորման նախատեսումը, ինչը հնարավորություն չի տալիս գնահատել տվյալ կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը և իրավաչափությունն, հատկապես այն պարագայում, երբ խոսք է գնում տնային շների մասին՝ առավել ևս հաշվի առնելով, որ այն լրացուցիչ դրամական բեռ է դնում կենդանի պահողների վրա:
բ. 8-րդ կետի համաձայն՝ տնային շներ պահողը պարտավոր է նաև շների ազատ զբոսանքը կազմակերպել միայն թույլատրելի հանրային վայրերում՝ կենդանիների և մարդկանց անվտանգության ապահովման պայմանով կարճ կապի առկայությամբ:
Այս առումով գտնում ենք, որ ներկայացված չեն համապատասխան տվյալներ, որոնք կվկայեին Հայաստանի Հանրապետության տարածքում բավարար քանակի թույլատրելի վայրերի առկայության մասին, որի պարագայում նման կարգավորման նախատեսումը դառնում է ոչ իրատեսական՝ սահմանափակելով տնային շներ պահողների կողմից՝ շների զբոսանքի կազմակերպման հնարավորությունը:
գ. 9-րդ կետը խմբագրման կարիք ունի, մասնավորապես` հասկանալի չէ «առանց ցեղատեսակի շուն» ձևակերպումը:
12. Նախագծի 12-րդ հոդվածի՝
1) վերնագրում խոսք է գնում թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջների մասին, մինչդեռ հոդվածում նախատեսված են նաև թափառող կենդանիների բռնումը կազմակերպելու պահանջներին, նպատակին և միջոցների վերաբերող դրույթներ:
Այս առումով նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել նախագծի բովանդակությանը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները,
2) 1-ին մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) լիազորված պետական մարմինների կողմից: Առաջարկում ենք «լիազորված պետական մարմինների» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմինների» բառերով:
Անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե ինչ կարգով է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) լիազորված պետական մարմինների կողմից թափառող կենդանիների բռնումը,
3) 2-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան մասնագետներ և փոխադրամիջոցներ կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:
Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը և ինչ կարգով են դրանք ընտրվում: Պարզ չէ նաև, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն հիշյալ կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների մասնագետները և կազմակերպության փոխադրամիջոցները և այլն:
4) 3-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացվում է կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը և վտանգը մարդու առողջության համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ երկու կետերում խոսք է գնում թափառող կենդանիների բռնման նպատակների մասին, ուստի առաջարկում ենք հիշյալ մասերը միավորել:
Բացի այդ՝ հիշյալ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե թափառող կենդանիներին ստերջացնելուց հետո ինչ միջոցառումներ կամ գործողություններ են իրականացվում, մասնավորապես՝ արդյոք այդ կենդանիները կրկին բաց են թողնվում, թե պահվում են կացարաններում:
5) 6-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ մեթոդների մասին է խոսքը:
13. Նախագծի 13-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի համաձայն՝ ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությանը: Այս առումով նույնպես անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ մեթոդների մասին է խոսքը,
2) 5-րդ մասի համաձայն՝ կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի՝ ապահովելով անվտանգության համապատասխան նորմեր մարդկանց և այլ կենդանիների համար: Այս առումով պարզ չէ, թե ինչ իրավական ակտով են հաստատված անվտանգության համապատասխան նորմերը:
14. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տնային կենդանիների բուծումը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարանում:
Այս առումով պարզ չէ, արդյոք տնային կենդանիների բուծումն իրականացվելու է միայն համապատասխան թույլտվություն ստացած բուծարաններում, թե՝ ոչ: Եթե այո, ապա ինչ կարգով և ինչ հիմունքներով է իրականացվելու կենդանիների բուծումը: Արդյոք խոսքը գնում է վճարովի ծառայությունների մասին, թե՝ ոչ: Եթե ծառայություններն իրականացվելու են վճարովի հիմունքներով, ապա հարց է առաջանում, արդյոք դա հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնի, օրինակ՝ ֆիզիկական անձանց համար, որոնք ցանկանում են տնային կենդանիներ պահել:
15. Նախագծի 16-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի համաձայն՝ «Կենդանիների վաճառք իրականացնող կառույցների պատասխանատուները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի և ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք և պայմաններ»: Մինչդեռ կենդանիների համար, որպես ընդհանուր կանոն, պատասխանատվություն են կրում պահողները և հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ է «վաճառք իրականացնող կառույցների պատասխանատուների» համար սահմանվում նման պարտավորություն:
2) 2-րդ մասի համաձայն` «Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում և կենդանիների շուկաներում` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության առկայությամբ և կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ»: Մինչդեռ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է` «5) կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների տեղափոխումը և իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.»: Ուստի առաջարկում ենք նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել:
Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, արդյոք համապատասխան թույլտվության առկայությունը վերաբերում է կենդանի վաճառողին, թե մասնագիտացված խանութներին և կենդանիների շուկաներին:
Ընդ որում՝ նշված կարգավորումը խնդրահարույց է նաև քաղաքացիական շրջանառությունը սահմանափակելու տեսանկյունից, քանի որ փաստորեն կենդանու սեփականատերը զրկվում է իր հայեցողությամբ ազատորեն կենդանին օտարելու հնարավորությունից, ինչը գործնականում կարող է հանգեցնել նրան, որ կենդանիների սեփականատերերը պարզապես ձեռնարկեն միջոցներ՝ օրենքը շրջանցելու համար:
16. Նախագծի 17-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասով նախատեսվում է, որ` կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են անհրաժեշտության դեպքում սահմանել կարանտին: Մինչդեռ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ` անասնաբուժության ոլորտում տարածքային կառավարման մարմնի պարտականությունն է նաև «լիազոր մարմնի ներկայացմամբ համապատասխան տարածքում` համայնքում, բնակավայրում կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում կարանտին սահմանելը և չեղյալ հայտարարելը:»: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք վերոնշված մասը խմբագրել,
2) 5-րդ մասի համաձայն՝ կորած կենդանին կացարանում հայտնվելով ենթարկվում է պարտադիր ստերջացման, եթե 7 աշխատանքային օրվա ընթացքում տիրապետողը չի գտնվում:
Այս առումով գտնում ենք, որ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված «7 աշխատանքային օրվա» նախատեսումը, ուստի անհրաժեշտ է սահմանել այնպիսի ողջամիտ ժամկետ, որը բավարար կլինի կենդանու տիրապետողին գտնելու համար:
Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է պարզվելու կենդանին թափառող է, թե տնային:
Ընդ որում՝ նշված կարգավորումը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 183-184-րդ հոդվածների առումով, որոնցով առկա կարգավորումների համաձայն՝ սեփականատիրոջ հայտնաբերման ժամանակահատվածը վեց ամիսն է:
17. Նախագծի 18-րդ և 19-րդ հոդվածները կենսանվտանգության ապահովման հիմնարար խնդիր ունեն, մասնավորապես`
1) 18-րդ հոդվածի 1-ին մասում հստակ չէ լաբորատոր փորձարարական կենդանիների հարցը, որոնց հետ աշխատում են առողջապահական, կենսաբանական լաբորատորիաները՝ մկներ, ճագարներ, գորտեր և այլն: Այս կենդանիների հետ աշխատանքներ են տարվում նաև որպես մարդկային հարուցիչների պահոցների: Ուստի, հարց է առաջանում, թե վերջիններիս հետ տարվող աշխատանքներն ինչպե՞ս են կարգավորվելու:
Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ հարկ է նշել, որ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական փորձարկումներ կատարող կազմակերպությունները պետք է նախ գրանցվեն կենսանվտանգության ապահովման ոլորտի լիազոր մարմնում (Ազգային անվտանգության խորհուրդ), և սահմանվեն այդ կազմակերպություններին ներկայացվող պահանջները, քանի որ գործընթացը կենսանվտանգության ենթակայության հարց է.
2) 19-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետում «կազմակերպական-իրավական ձևը,» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ կազմակերպության անվանումն արդեն իսկ իր մեջ ներառում է կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ դրույթներ: Հիշյալ առաջարկությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից.
3) 19-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք նշել, թե որ օրենքով է տվյալ հարցը կարգավորվելու:
18. Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ գյուղատնտեսական կենդանիների հետ կապված հարաբերությունները ներկայացված օրենքի կարգավորման առարկա չեն:
19. Նախագծի 22-րդ հոդվածում հստակեցված է, թե որ դեպքում է առաջանում քրեական, որ դեպքում՝ վարչական պատասխանատվություն: Հարկ է նկատի ունենալ, որ նման տարանջատման անհրաժեշտությունը բացակայում է: Բավարար է նշել, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
20. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, առաջարկում ենք օրենքի նախագծի 7-րդ գլխի վերնագրում «եզրափակիչ» բառից հետո լրացնել «և անցումային դրույթներ» բառերը, ինչպես նաև՝ նույն գլխի 23-րդ հոդվածը «տասներորդ օրը» բառից հետո լրացնել «բացառությամբ 11-րդ հոդվածի 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համապատասխան կարգի ուժի մեջ մտնելու պահից» բառերով:
21. Նախագծի հավելվածով հաստատվում է պոտենցիալ վտանգավոր շների ցանկը:
Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափանիշների հիման վրա է մշակվել հիշյալ ցանկը: Մասնավորապես՝ պարզ չէ, օրինակ՝ գերմանական հովվաշանը, որպես պոտենցիալ վտանգավոր շուն, հիշյալ ցանկում ներառելու հանգամանքը, կամ Յագտերյեր տեսակի շանը, որը հանդիսանում է որսորդական շուն:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման և լուրջ լրամշակման կարիք:
II. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 145-րդ հոդվածում, որի համաձայն՝ իրավունքներն իրացնելիս կենդանիների նկատմամբ արգելվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին հակասող վերաբերմունքը:
Այս առումով գտնում ենք, որ հիշյալ կարգավորման նախատեսումն առարկայազուրկ է, քանի որ Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված է, որ կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
Վերոգրյալից հետևում է, Օրենսգիրքն արդեն իսկ կարգավորել է ընդհանուր կանոններից տարբերվող կանոնների կիրառման հետ կապված հարաբերությունները, հետևաբար հիշյալ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի չափով:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Այս առումով հարկ է նկատել, որ նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում խնդրահարույց է դառնում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը` կատարված իրավախախտման բնույթի հետ անհամաչափության տեսանկյունից, հատկապես այն պարագայում, երբ հիշյալ հոդվածի 2-րդ մասի դրույթները նախատեսում են նույն արարքների կատարում` ծանրացնող հանգամանքներում:
Բացի այդ՝ նախագծի 1-ին հոդվածում «113-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «վերնագիրը և» բառերը՝ նկատի ունենալով օրենսգրքի 113-րդ հոդվածի վերնագրում կատարվող փոփոխությունը:
Միաժամանակ առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծում «Նախազգուշացում»-ը որպես տուգանքի միջոցի կիրառում։
IV. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծով նախատեսվում է օրենսգրքի «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» վերտառությամբ 258.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենդանիների նկատմամբ արգելված գործողություններից որևէ մեկը կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հիշյալ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիշյալ հոդվածի հանցակազմը նախատեսում է «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենդանիների նկատմամբ արգելված գործողություններից որևէ մեկի կատարում, մինչդեռ հիշյալ օրենքում նախատեսված գործողությունները խնդրահարույց են՝ իրավական որոշակիության, օգտագործվող ձևակերպումների անհստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջների տեսանկյունից: Հետևաբար նախքան հիշյալ գործողությունների համար քրեական պատասխանատվության նախատեսումը, անհրաժեշտ է վերանայել «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի կարգավորումները՝ հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների համատեքստում:
Բացի այդ, հաշվի առնելով արարքների տարբեր հանրային վտանգավորության աստիճանը՝ անհրաժեշտ է նաև տարբերակում մտցնել սանկցիաների միջև:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծին անհրաժեշտ է անդրադառնալ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքում առաջարկությամբ բարձրացված խնդիրներ համատեքստում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
V. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 32-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածները, 35-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերը, 16-րդ կետի «բ» ենթակետը, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերը:
Մասնավորապես՝ հիշյալ հոդվածները վերաբերում են կենդանիների բարեկեցությանը, տնային կենդանիների պահման պահանջներին, կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին, ինչպես նաև կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի հիշյալ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվում և համապատասխան դրույթներ են սահմանվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ և համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:
Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը տարածվում է անասնաբուժության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:
Ավելին, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված է կենդանիների հասկացությունը, որի համաձայն՝ կենդանիներ են կաթնասունները, թռչունները, երկկենցաղները, սողունները, ձկները, կակղամորթները, խեցգետնակերպերը, խխունջները, միջատները, այլ ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիները, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատևում են:
Այս առումով հարկ է նշել, որ կենդանիների բարեկեցության և այն պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին վերաբերող հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու պարագայում բաց են մնում օրենքով նախատեսված այն կենդանիների բարեկեցությանը կամ այն պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին վերաբերող դրույթների հետ կապված հարաբերությունները, որոնք ներառված չեն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման շրջանակներում:
Ինչ վերաբերում է կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին վերաբերող հոդվածներն ուժը կորցրած ճանաչելուն, հայտնում ենք, որ հիշյալ դրույթներն անհրաժեշտ է վերանայել՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ տրված առաջարկության 1-ին կետի 7-րդ ենթակետի դրույթների համատեքստում:
2. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի «ա» ենթակետում նախատեսվող փոփոխությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Քանի որ փոփոխությամբ պայմանավորված, բացառվում է կենդանիներից միայն շների պոչերի անդամատման վիրաբուժական մանիպուլյացիաների իրականացումն առանց ցավազրկման, ուստի գտնում ենք, որ նախատեսվող կարգավորումը ևս հստակեցման կարիք ունի:
VI. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«39) հաստատում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից բխող թույլտվության տրամադրման և այլ կարգեր»:
2. Հաշվի առնելով նախորդ առաջարկությունը նախագծի 1-ին հոդվածը խմբագրել, միաժամանակ լրացվող 58.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով,
2) 2-րդ մասը և դրա 1-ին կետը հանել, քանի որ այն կարգավորված է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,
3) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «և ստուգումներ» բառերը,
4) 2-րդ մասի մնացած կետերը շարադրել, որպես 1-ին մասի հերթական կետեր:
Ներկայացված առաջարկությունները վերաբերում են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
3. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված թույլտվությունների տրամադրման համար սահմանել տեղական տուրքեր՝ համապատասխան լրացումներ կատարելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև առանց համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թույլտվության իրականացվող գործունեության համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ համապատասխան լրացում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
VII. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 50.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունը (համայնքի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ իրավախախտումը կանխելու համար) վերանայման կարիք ունի, քանի որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերության 2-րդ կետից բխում է, որ հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը և կանխումը ոստիկանության խնդիրներն են:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լուրջ լրամշակման կարիք ունի և իր պատրաստակամություն է հայտնում շահագրգռված գերատեսչությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ մասնակցելու նախագծերի փաթեթի լրամշակման աշխատանքներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|