Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-142
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.1995-17.11.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1996/12 Հոդ. 143, ՀՀ 11.07.95/170
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «18» մայիսի 1995 թ. Հ.Ն.-1168-1

 

ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Գրավի հասկացությունը

 

Գրավը պարտավորությունների կատարումը ապահովող միջոց է, որի համաձայն գրավով ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու դեպքում պարտատերը այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունք ունի բավարարում ստանալու գրավ դրված գույքի արժեքից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 2.

Գրավի մասին օրենսդրությունը

 

Գրավի մասին հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) «գրավատու»` անձ, ում գույքը կամ գույքի մի մասը գրավ է դրված.

2) «գրավառու»` անձ, ում շահերը հիմնական պարտավորությանը համապատասխան ապահովված են գրավով.

3) «գրավի մասին պայմանագիր»` գրավ սահմանելու մասին կողմերի գրավոր համաձայնությունը.

4) «անշարժ գույք»` գույք, որն անբաժան է և ամրացված է հողին, այն է` շենքեր, շինություններ, բնակարաններ, գույքային համալիրներ (ձեռնարկություններ), բազմամյա տնկիներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույք.

5) «անշարժ գույքի գրավ (հիփոթեք)»` գրավի տեսակ, որի դեպքում գրավ դրված անշարժ գույքը կամ դրա մի մասը թողնվում է գրավատուի կամ երրորդ անձի տիրապետմանը և օգտագործմանը.

6) «շարժական գույք»` գույք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված չէ որպես անշարժ գույք.

7) «գույքը գրավառուին հանձնելով գրավ»` շարժական գույքի գրավը, որի դեպքում գրավականը հանձնվում է գրավառուի տիրապետմանը.

8) «շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ»` հումքի, կիսաֆաբրիկատների, համալրող արտադրանքի, անշարժ գույք չհանդիսացող պատրաստի արտադրանքի գրավ.

9) «իրավունքների գրավ»` գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի տիրապետման, օգտագործման, այդ թվում` վարձակալական իրավունքները, քաղաքացիաիրավական պարտավորություններից բխող պահանջի և գույքային այլ իրավունքների գրավը:

 

Հոդված 4.

Գրավի ծագման հիմքերը և պահը

 

Գրավը ծագում է գրավի մասին պայմանագրով կամ օրենքով: Իրավունքների գրավը ծագում է պայմանագրով:

Գրավը ծագում է գրավի մասին պայմանագիր կնքելու պահից, իսկ պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի մասին պայմանագրի գրանցման պահից:

 

Հոդված 5.

Գրավի կիրառման ոլորտները

 

Գրավով կարող է ապահովվել միայն իրական պահանջը, այդ թվում` այն պահանջները, որոնք ծագում են փոխառության (բանկային վարկի), առուծախի, գույքային փոխառության, բեռների փոխադրման և այլ պայմանագրերից: Եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա գրավն ապահովում է պահանջն այն չափով, որն առկա է բավարարման պահին, այդ թվում` տոկոսներ, պատճառված վնասի հատուցում, տուգանք (տույժ), ինչպես նաև բռնագանձման հետ կապված ծախսերի հատուցում: Գրավով կարող է ապահովվել քաղաքացիաիրավական ցանկացած գույքային պարտավորության կատարումը, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Գրավով կարող են ապահովվել նաև այն պարտավորությունները, որոնք ծագելու են ապագայում, եթե կողմերը պայմանավորվել են գրավով ապահովված պահանջի չափի մասին:

Գրավն ածանցյալ է դրանով ապահովված պարտավորությունից: Գրավով ապահովված պարտավորության լրիվ կատարումը առաջ է բերում գրավի իրավունքի դադարում:

 

Հոդված 6.

Գրավի առարկան (գրավականը)

 

Գրավի առարկա (գրավական) կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:

Իրերի գրավն ընդգրկում է պատկանելիքները և անբաժանելի պտուղները, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Գրավի մասին պայմանագրով կարող է նախատեսվել գրավի տարածում այն իրերի վրա, մասնավորապես` պատրաստի արտադրանքի պտուղների և եկամուտների, որոնք կարող են ապագայում գրավառուի սեփականությունը դառնալ, այսինքն` անցնել նրա լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո:

Ընդհանուր, համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է գրավի առարկա լինել միայն բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում սեփականատիրոջ կողմից իր բաժինը գրավ դնելը չի պահանջում մյուս սեփականատերերի համաձայնությունը:

Անբաժանելի իրը, ինչպես նաև բաժանելի իրի միևնույն միավորը (մասը, չափաքանակը) չեն կարող միաժամանակ մի քանի գրավի առարկա լինել: Գրավի առարկայի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն գրավառուի համաձայնությամբ:

 

Հոդված 7.

Գրավի առարկայի (գրավականի) ապահովագրումը

 

Պայմանագրով կամ օրենքով գրավառուի վրա կարող է պարտավորություն դրվել ապահովագրելու իր տիրապետմանը հանձնված գրավի առարկան (գրավականը): Գրավառուն պարտավոր է գրավատուի հաշվին ապահովագրել գրավականը դրա այն արժեքով, որով կողմերը համաձայնվել են գույքը դնել որպես գրավ:

Պայմանագիրը կամ օրենքը կարող է գրավատու իրավաբանական անձին պարտավորեցնել ապահովագրելու գրավականը` պետական համապատասխան մարմնի կողմից նրա գործունեությունը դադարեցնելու, սահմանափակելու կամ այլ գործողությունների (բռնագրավում, ռեկվիզիցիա, պայմանագրային պարտավորությունների կատարման արգելում կամ սահմանափակում և այլն) վերաբերյալ որոշումներ ընդունելու, ինչպես նաև պարտապանին սնանկ (անվճարունակ) ճանաչելու դեպքերում:

Սույն հոդվածով նախատեսված ապահովագրական պատահարը տեղի ունենալիս, գրավառուն նախապատվության իրավունք ունի հատուցում ստանալու ապահովագնից:

Պայմանագիրը կամ օրենքը կարող է գրավատու քաղաքացուն պարտավորեցնել ապահովագրել գրավառուի կյանքը և առողջությունը` պարտքի ամբողջ ծավալի չափով:

 

Հոդված 8.

Գրավի մասին պայմանագրի ձևը և բովանդակությունը

 

Գրավի մասին պայմանագրում պետք է նշված լինի կողմերի անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) վայրը, պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը, գրավի տեսակը, գրավի առարկան (գրավականը), դրա կազմը, գինը, գտնվելու վայրը, գրավի առարկայի նկատմամբ գրավատուի իրավունքի տեսակը, տեղեկություն գրավի առարկան այլ գրավի առարկա լինելու մասին, ինչպես նաև ցանկացած այլ պայման, որը կառաջարկեն կողմերը և այդ մասին գրավի պայմանագրով ձեռք կբերվի համաձայնություն:

Գրավի մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Սույն օրենքով նախատեսված դեպքերում, գրավի մասին պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի և գրանցվի:

Պարտադիր գրանցման ենթակա են անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույքի գրավի մասին պայմանագիրը:

Կողմերի համաձայնությամբ գրավի մասին պայմանագրի գրանցում կարող է նախատեսվել նաև այն դեպքերում, երբ այդպիսի գրանցում օրենքով չի նախատեսված:

Գրավի մասին պայմանագրի պարտադիր և ոչ պարտադիր գրանցումները առաջ են բերում իրավական նույն հետևանքները և իրականացվում են սույն օրենքով նախատեսված կարգով:

Քաղաքացիներին տրվող վարկը գրավով ապահովելու վերաբերյալ գործարքի նոտարական վավերացումն իրականացվում է վարկ հատկացնելու մասին բանկից կամ այլ վարկատուից ստացված ծանուցագրի վրա նոտարի կողմից վավերացման մակագրություն կատարելու միջոցով:

Գրավի մասին այն պայմանները, որոնցից ծագում են գրավով ապահովված պարտավորությունները, կարող են մտցվել պայմանագրի մեջ: Նման պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի:

 

Հոդված 9.

Գրավի մասին պայմանագրի ձևը չպահպանելու հետևանքները

 

Առանց սույն օրենքով սահմանված ձևի պահպանման կնքված գրավի մասին պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հետևանքներով անվավեր է ճանաչվում:

 

Հոդված 10.

Գրավի մասին գրանցված և չգրանցված պայմանագրերը

 

Գրավի մասին գրանցված պայմանագիրը նախապատվություն ունի գրավի մասին չգրանցված պայմանագրի նկատմամբ:

Այն դեպքերում, երբ գրավի մասին երկու կամ ավելի պայմանագրեր գրանցված են եղել նույն գրավի առարկայի նկատմամբ, նախապատվություն ունի այն պահանջը, որը բխում է ավելի վաղ գրանցված պայմանագրից:

Այն դեպքերում, երբ գրավի մասին երկու կամ ավելի չգրանցված պայմանագրեր կնքված են եղել նույն գրավի առարկայի նկատմամբ, նախապատվություն ունի այն պահանջը, որը բխում է ավելի վաղ ստորագրված պայմանագրից:

 

Հոդված 11.

Գրավատուն

 

Գրավատու կարող է լինել պարտապանը կամ երրորդ անձը:

Գրավատու կարող է լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետության ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Իրերի գրավի դեպքում գրավատու կարող է լինել միայն գրավ դրվող իրերի սեփականատերը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրերը գտնվում են իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ քաղաքացու լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո:

Լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո գտնվող իրերը կարող են գրավ դրվել այդ իրերի սեփականատիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ:

Իրավունքների գրավի դեպքում գրավատու կարող է լինել միայն այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ քաղաքացին, որին պատկանում են այդ իրավունքները: Մի քանի իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ քաղաքացիներին պատկանող իրավունքը կարող է գրավ դրվել միայն այդ իրավունքն ունեցող բոլոր իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ քաղաքացիների համաձայնությամբ:

Վարձակալն իրավունք ունի առանց վարձատուի համաձայնության գրավ դնել իր վարձակալական իրավունքն այն դեպքում, երբ դա նախատեսված է վարձակալության պայմանագրով:

Գրավատուն պահպանում է գրավ դրված գույքի տնօրինման իր իրավունքը, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 12.

Գրավառուն

 

Գրավառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 13.

Գրավ դրված գույքի տիրապետումը

 

Կողմերի համաձայնությամբ գրավի առարկան կարող է թողնվել գրավատուի, գրավառուի կամ երրորդ անձի տիրապետմանը:

Իրերը գրավ կարող են դրվել նաև դրանք տնօրինելու փաստաթղթերը գրավառուին հանձնելու միջոցով:

 

Հոդված 14.

Գրավի իրավունքի պահպանումը

 

Եթե գրավի առարկա հանդիսացող գույքը փոխանցվում է այլ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ քաղաքացու` որպես սեփականություն (լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո), ապա գրավի մասին պայմանագիրը պահպանում է իր ուժը:

Գրավի մասին պայմանագիրը պահպանում է իր ուժը նաև գրավի առարկա հանդիսացող իրավունքների փոխանցման դեպքում:

Պարտապանի կողմից գրավականով ապահովված պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում գրավը պահպանվում է սկզբնական ծավալով:

 

Հոդված 15.

Գրավի առարկան (գրավականը) ստուգելու գրավատուի իրավունքը

 

Գրավատուն իրավունք ունի ստուգելու գրավառուի տիրապետմանը հանձնված գրավականի առկայությունը, պահպանման վիճակը և պայմանները, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: Ստուգումը կարող է իրականացվել փաստաթղթերով կամ բնաիրային ձևով:

Գրավի առարկան պատշաճ ձևով չպահպանելու, գրավի առարկայի կորստի կամ վնասվելու, գրավառուի կողմից այն փոխարինելուց խուսափելու դեպքերում գրավատուն իրավունք ունի գրավառուից պահանջել գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում:

Գրավառուն պարտավոր է գրավատուի պահանջով, երկշաբաթյա ժամկետում անվճար տեղեկություն հաղորդել հիփոթեքով ապահովված պարտավորությունների կատարման հետ կապված իր հաշվարկների մասին:

 

Հոդված 16.

Գրավի առարկայի հաջորդական գրավները և նախորդ գրավառուի իրավունքները

 

Գրավի առարկայի երկու կամ ավելի հաջորդական գրավները թույլատրվում են միայն այն դեպքերում, եթե չեն հակասում սույն օրենքին կամ պայմանագրին: Եթե գրավականը հանդիսանում է նաև այլ պարտավորության ապահովման միջոց, ապա նախորդ գրավառուները պահպանում են իրենց իրավունքները:

Այն գրավառուների պահանջները, որոնց գրավի իրավունքները ծագել են ավելի ուշ, բավարարվում են նախորդ գրավառուի պահանջների բավարարումից հետո:

Գրավատուն պարտավոր է յուրաքանչյուր նոր գրավառուի հայտնել գրավի առարկայի վերաբերյալ կնքված նախորդ բոլոր պայմանագրերի, ինչպես նաև այդ գրավով ապահովված պարտավորությունների ծավալի մասին, այլապես նա պարտավոր է հատուցել գրավառուների կրած վնասները:

 

Հոդված 17.

Պահանջի ապահովման ծավալը գրավի դեպքում

 

Գրավը ապահովում է փաստացի բավարարման պահին որոշված լրիվ ծավալով պահանջը` ներառյալ տոկոսները, իսկ եթե գրավի վերաբերյալ պայմանագրով նախատեսված է նաև պարտավորության կատարումը ուշացնելու հետևանքով վնասների փոխհատուցում (անհրաժեշտության դեպքում նաև տույժ, տուգանք), նաև` գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու (կատարումը ուշացնելու) հետ կապված ծախսերը:

 

ԳԼՈՒԽ II

 

ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՏՈՒԻ ՄՈՏ ԹՈՂՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ

 

Հոդված 18.

Գույքը գրավատուի մոտ թողնելով գրավի առարկան

 

Գույքը գրավատուի մոտ թողնելով գրավի առարկա կարող են լինել շենքերը, շինությունները, բնակարանները, գույքային համալիրները (ձեռնարկությունները), տրանսպորտային միջոցները և շրջանառությունից չհանված այլ գույք:

Նշված դեպքում բաժանելի իրերը կարող են գրավի առարկա լինել, եթե բաժանման արդյունքում չեն դառնում երրորդ անձի իրավունքի օբյեկտ:

 

Հոդված 19.

Գրավառուի իրավունքները գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում

 

Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա մինչև պարտավորության կատարման ժամկետի լրանալը գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում գրավառուն իրավունք ունի գրավոր պահանջել`

1) գրավի առարկայի ոչնչացման կամ փչացման նպատակով կատարվող ցանկացած գործողության դադարեցում.

2) գրավի առարկայի պահպանման համար միջոցների ձեռնարկում.

3) գրավի առարկայի փչացման դեպքում, եթե այն իր մեղքով չի կատարվել, գույքի վերանորոգում, փոխարինում նույնարժեք (նույնատիպ) այլ գույքով կամ պարտավորության համապատասխան մասի վաղաժամկետ կատարում:

 

Հոդված 20.

Գրավատուի իրավունքները գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում

 

Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում գրավատուն իրավունք ունի`

1) տիրապետել և օգտագործել գրավի առարկան` դրա նպատակային նշանակությանը համապատասխան.

2) սույն օրենքով սահմանված դեպքում` ժամկետից շուտ կատարել իր պարտավորությունը.

3) գրավի առարկայի օտարման դեպքում գրավառուի համաձայնությամբ գրավով ապահովված պարտավորությունը փոխանցել այդ գույքը ձեռք բերողին.

4) գրավառուի համաձայնությամբ գրավի առարկան վարձակալության տալ:

 

Հոդված 21.

Գրավատուի պարտականությունները գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում

 

Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում գրավատուն պարտավոր է`

1) ձեռնարկել բոլոր միջոցները գրավի առարկայի պահպանման` ներառյալ ընթացիկ և հիմնական վերանորոգման համար.

2) ապահովագրել գրավի առարկան ամբողջ ծավալով.

3) գրավի առարկայի կորստի բոլոր դեպքերում, բացի այն դեպքերից, երբ մեղավորը գրավառուն է, վերականգնել այդ գույքը, փոխարինել համարժեք այլ գույքով կամ պահանջել գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում.

4) գրավառուին տեղյակ պահել գրավի առարկան վարձակալության տալու մասին:

Գրավատուի կողմից սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթների խախտման դեպքերում գրավառուի պահանջով գրավի առարկան ենթակա է վաղաժամկետ բռնագանձման` սույն օրենքի 46 հոդվածով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ III

 

ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՌՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ

 

Հոդված 22.

Գույքը գրավառուին հանձնելով գրավի առարկան

 

Գույքը գրավառուին հանձնելով գրավի առարկա կարող է լինել շրջանառությունից չհանված շարժական գույքը:

Գրավատուի և գրավառուի համաձայնությամբ գրավի առարկան կարող է թողնվել գրավատուի մոտ` գրավառուի կողմից փակված և կնքված վիճակում:

Անհատապես որոշվող իրը գրավատուի տիրապետմանը կարող է թողնվել դրա վրա գրավը հաստատող նշաններ կատարելով (կոշտ գրավ):

 

Հոդված 23.

Գրավառուի իրավունքները գույքը գրավառուին հանձնելով գրավի դեպքում

 

Գրավառուն իրավունք ունի օգտագործել իրեն հանձնված գրավի առարկան, եթե դա նախատեսված է պայմանագրով կամ օրենքով: Ստացված եկամուտները ծախսվում են գրավ դրված գույքի պահպանման նպատակով կամ հաշվակցվում են պարտավորության կատարման կամ տոկոսների մարման հաշվին:

Եթե ոչ գրավառուի մեղքով վտանգ է առաջանում կորստի, փչացման կամ դրա արժեքի նվազման համար, գրավառուն իրավունք ունի պահանջել գրավատուից փոխարինել այդ գույքը նույնարժեք (նույնատիպ) այլ գույքով:

 

Հոդված 24.

Գրավառուի պարտականություններն իրեն հանձնված գույքն օգտագործելիս

 

Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավի առարկան իր մոտ գտնվելու ընթացքում, գրավառուն պարտավոր է`

1) պատշաճ կերպով պահպանել իրեն հանձնված գույքը, իսկ պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքում` գույքի օգտագործումից ստացված եկամուտները հաշվակցել գրավատուի օգտին.

2) գրավատուին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել գրավի առարկան օգտագործելու վերաբերյալ.

3) պարտապանի կամ երրորդ անձի կողմից պարտավորության կատարումից հետո անմիջապես վերադարձնել գրավի առարկան.

4) գրավի առարկայի օգտագործումից ստացված եկամուտների հաշվին վճարել գույքն օգտագործելու հետ կապված հարկերը և տուրքերը, ինչպես նաև կատարել պարտադիր այլ վճարումներ:

 

Հոդված 25.

Գրավառուի պատասխանատվությունը իրեն հանձնված գույքն օգտագործելիս

 

Իրեն հանձնված գույքի կորստի դեպքում գրավառուն պատասխանատվություն է կրում դրա լրիվ արժեքի չափով, իսկ վնասվելու դեպքում` այն գումարի չափով, որքանով նվազել է գրավ դրված գույքի արժեքը:

Այն դեպքերում, եթե գույքը գրավառուին հանձնելիս կատարվել է դրա գնահատում, ապա գրավառուի պատասխանատվությունը չպետք է գերազանցի գնահատված արժեքը, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Գրավառուի մեղքով գրավականը վնասվելու դեպքում գրավառուն պարտավոր է փոխհատուցել գրավատուին պատճառած վնասները, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Գրավառուն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ գույքի կորստից կամ վնասվելուց ծագած հետևանքներն առաջացել են ոչ իր մեղքով:

 

ԳԼՈՒԽ IV

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎ (ՀԻՓՈԹԵՔ)

 

Հոդված 26.

Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկան

 

Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկա կարող են լինել հողին ամրացված գույքը` շենքեր, շինություններ, բնակարաններ, գույքային համալիրներ (ձեռնարկություն), հողը, բազմամյա տնկիներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույք:

Անշարժ գույքի օգտագործման արդյունքները` արտադրանքը, պտուղները, եկամուտները կարող են հանդիսանալ գրավի ինքնուրույն առարկա, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 27.

Հիփոթեքի մասին պայմանագրի ձևը

 

Հիփոթեքի մասին պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի և գրանցվի:

Նոտարական գրասենյակը վավերացման հետ միաժամանակ արգելք է դնում հիփոթեքի առարկայի օտարման վրա, եթե դա նախատեսված է պայմանագրով:

Անշարժ գույքի առանձին տեսակների գրավի մասին պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հիփոթեքով ապահովված պարտավորության բովանդակության փոփոխման, ինչպես նաև գրավ դրված անշարժ գույքի սեփականատիրոջ (լրիվ տնտեսավարողի կամ կառավարողի) փոփոխման դեպքերում, կատարվում է հիփոթեքի մասին պայմանագրի լրացուցիչ վերագրանցում: Նշված խախտման դեպքում գրավի առարկայի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը դատարանի կողմից անվավեր են ճանաչվում:

Հիփոթեքով ապահովված պարտավորությունը կատարելու դեպքում գրավառուն պարտավոր է գրավատուի պահանջով հիփոթեքի մասին պայմանագրի գրանցումն իրականացնող պետական մարմնին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր` գրանցման մատյանում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված պարտականությունը գրավառուի կողմից խախտվելու դեպքում գրավատուն իրավունք ունի նրանից պահանջել պատճառված վնասի փոխհատուցում:

 

Հոդված 28.

Հիփոթեքի մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները գրավատուի կողմից խախտելը

 

Գրավատուի օգտագործմանը թողնված հիփոթեքի առարկան ոչ պատշաճ կերպով պահպանելու, գրավի առարկայի ոչնչացման, փչացման կամ կորստի դեպքերում գրավի առարկան այլ գույքով փոխարինելու պարտավորությունները գրավատուի կողմից խախտելու դեպքում գրավառուն իրավունք ունի մինչև գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետի ավարտը պահանջել վնասի փոխհատուցում:

Գրավատուի կողմից հիփոթեքի առարկան ապահովագրելու պարտավորությունը խախտելու դեպքում գրավառուն իրավունք ունի մինչև հիփոթեքով ապահովված պարտավորության ժամկետի լրանալը ապահովագրել հիփոթեքի առարկան` ապահովագրման ծախսերը դատական կարգով գրավատուից բռնագանձելով:

 

ԳԼՈՒԽ V

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՎԸ

 

Հոդված 29.

Շրջանառության մեջ գտնվող ապրանքները որպես գրավի առարկա

 

Շրջանառության մեջ գտնվող ապրանքները գրավատուի կողմից իրացվելու (վաճառվելու) պահից դադարում են գրավական լինելուց: Գրավատուի կողմից գնված (ձեռք բերված) այն ապրանքները, որոնք իրենց արժեքով համապատասխանում են գրավառուի հանդեպ գրավատուի ստանձնած պարտավորություններին, վաճառողից (մատակարարից) դրանց սեփականության (լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման) իրավունքը գրավատուին անցնելու պահից դառնում են գրավական:

Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում գրավատուն պահպանում է գրավի առարկայի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:

 

Հոդված 30.

Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի մասին պայմանագրի բովանդակությունը

 

Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի մասին պայմանագրում պետք է նշվեն ապրանքի տեսակը, տեղեկություններ դրա ծագման մասին, ընդհանուր արժեքը, ապրանքի գտնվելու վայրը, ինչպես նաև այն ապրանքատեսակները, որոնցով կարող է փոխարինվել գրավի առարկան:

 

Հոդված 31.

Գրավատուի պարտականությունները շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում

 

Գրավի առարկայի կազմից շրջանառության մեջ գտնվող ապրանքներ օտարվելու դեպքում գրավատուն պարտավոր է դրանք փոխարինել նույնարժեք (նույնատիպ) կամ ավելի մեծ արժեք ունեցող այլ ապրանքներով: Փոխարինված ապրանքների արժեքի նվազեցում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա կատարվում է պարտքի նախնական ծավալի մարվող մասին համաչափ:

 

Հոդված 32.

Արժեթղթերի գրավի մասին պայմանագրի ձևը

 

Մուրհակը կամ այլ արժեթղթերը գրավ կարող են դրվել փոխանցագրելու և փոխանցագրված արժեթուղթը գրավառուին հանձնելու միջոցով, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Փոխանցագրով չփոխանցվող արժեթղթի գրավը կատարվում է գրավառուի և այն իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ քաղաքացու համաձայնությամբ, որի անունով տրված է արժեթուղթը:

 

ԳԼՈՒԽ VI

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԸ

 

Հոդված 33.

Իրավունքների գրավի առանձնահատկությունները

 

Իրավունքների գրավի մասին պայմանագրի առարկա կարող են լինել գրավատուին պատկանող գույքի տիրապետման, օգտագործման, այդ թվում` վարձակալական իրավունքները, քաղաքացիաիրավական որևէ պարտավորությունից բխող պահանջը և գույքային այլ իրավունքներ:

Իրավունքների գրավի առարկա կարող են լինել նաև այն իրավունքները, որոնց կրողը ապագայում կարող է դառնալ գրավատուն:

Ժամկետային իրավունքը կարող է գրավի առարկա դառնալ մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:

 

Հոդված 34.

Իրավունքների գրավի մասին պայմանագրի բովանդակությունը և ձևը

 

Սույն օրենքով սահմանված պահանջներից բացի, իրավունքի գրավի մասին պայմանագրում պետք է նշվի այն իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ քաղաքացին, որը գրավատուի նկատմամբ հանդես է գալիս որպես պարտապան: Իրավունքի գրավի մասին պայմանագրում դրամական գնահատում չունեցող գրավի առարկայի արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

Շենքերի, շինությունների, բնակարանների, գույքային համալիրների (ձեռնարկությունների), հողի և անշարժ այլ գույքի նկատմամբ իրավունքների գրավի մասին պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի և գրանցվի սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 35.

Գրավատուի պարտականությունները իրավունքների գրավի դեպքում

 

Իրավունքների գրավի դեպքում, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, գրավատուն պարտավոր է`

1) կատարել բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են գրավ դրված իրավունքի վավերականությունը ապահովելու համար.

2) երրորդ անձի չզիջել գրավ դրված իրավունքը.

3) չկատարել գրավ դրված իրավունքի դադարեցմանը կամ դրա գնահատված արժեքի նվազեցմանը հանգեցնող գործողություններ.

4) ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են գրավ դրված իրավունքը երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար.

5) գրավ դրված իրավունքի բովանդակության փոփոխությունների և երրորդ անձանց կողմից այդ իրավունքի նկատմամբ ունեցած պահանջների վերաբերյալ անհապաղ հայտնել գրավառուին:

Սույն հոդվածի առաջին կետով նախատեսված պարտականությունը փոխանցվում է նաև գրավատուի իրավահաջորդին:

 

ԳԼՈՒԽ VII

 

ԳՐԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 36.

Գրավի գրանցումն իրականացնող մարմինները

 

Անշարժ գույքի գրավի գրանցումն իրականացնում է այդ գույքի գտնվելու վայրի պետական այն մարմինը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրված է անշարժ գույքի գրավի գրանցման պարտականություն: Անշարժ գույքի գրավը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Գույքային իրավունքների գրանցումն իրականացնում է գրավատուի բնակվելու (գտնվելու) վայրի պետական այն մարմինը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրված է գույքային իրավունքների գրանցման պարտականություն: Գույքային իրավունքների գրավը պետք է վավերացվի նոտարական կարգով:

 

Հոդված 37.

Գրավառուի կողմից գրավի գրանցման մատյանի վարումը

 

Գրավառուի իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ քաղաքացին պարտավոր են`

1) վարել գրավների գրանցման մատյան.

2) գրավը ծագելու պահից 10 օրվա ընթացքում գրանցման մատյանում գրառում կատարել գրավի տեսակի և առարկայի, ինչպես նաև գրավով ապահովված պարտավորության ծավալի մասին.

3) գրավի գրանցման մատյանը տրամադրել ցանկացած շահագրգիռ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ քաղաքացու:

Գրավառու իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ քաղաքացին պարտավոր է փոխհատուցել գրանցման մատյանում գրավի վերաբերյալ սահմանված ժամկետում գրառում չկատարելու կամ մասնակիորեն կատարելու, ինչպես նաև գրանցման մատյանը սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված սուբյեկտներին չտրամադրելու հետևանքով պատճառված վնասները:

 

Հոդված 38.

Գրավառուի պարտականությունները գրավի գրանցման դեպքում

 

Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավառուն պարտավոր է գրավի մասին պայմանագրի գրանցման համար դիմել գրավի գրանցումն իրականացնող պետական մարմնին` գրավի վերաբերյալ պայմանագիրը կնքելուց հետո` 20 օրվա ընթացքում:

Գրավառուի պահանջով պետական մարմինը պարտավոր է գրավի մասին գրառում կատարել գրանցման մատյանում անկախ այն բանից` գրավի գրանցումը պարտադիր է, թե ոչ:

 

Հոդված 39.

Գրավի գրանցման մասին գրառման բովանդակությունը

 

Գրավի գրանցման մասին գրառումը պետք է բովանդակի`

գրավատուի (գրավատուների) և գրավառուի (գրավառուների) անունները (անվանումները) և հասցեները (գտնվելու վայրերը).

գրավի վերաբերյալ պայմանագիր կնքելու, այն ուժի մեջ մտնելու կամ օրենքից բխող գրավը ծագելու ամսաթիվը.

գրավով ապահովված պարտավորության ծավալը.

գրավի առարկայի համառոտ նկարագիրը (բնութագիրը).

գրավի առարկայի նկատմամբ գրավատուի իրավունքների բովանդակությունը:

Եթե գրավի առարկան գրավատուի կողմից պետք է ձեռք բերվի ապագայում, նշվում է նաև ձեռքբերման ժամկետը:

Գրավի գրանցումն իրականացնող պետական մարմնին պետք է ներկայացվի սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկությունները բովանդակող դիմում` գրավը գրանցելու մասին կամ գրավի մասին պայմանագրի պատճենը:

 

Հոդված 40.

Գրավը գրանցելու մասին վկայականը

 

Դիմողի պահանջով գրավի գրանցումն իրականացնող պետական մարմինը պարտավոր է տալ գրավով ապահովված պարտավորության ծավալը, գրանցման ամսաթիվը և գրանցման հերթական համարը հաստատող վկայական:

Վկայականը պետք է ստորագրված լինի գրավի գրանցումն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից և հաստատվի տվյալ պետական մարմնի կնիքով:

 

Հոդված 41.

Գրավի գրանցման գործողության ժամկետը

 

Գրավի գրանցումն ուժի մեջ է մինչև գրավով ապահովված պարտավորության ժամկետի ավարտը:

 

Հոդված 42.

Պատասխանատվություն անստույգ տեղեկությունների համար

 

Պետական այն մարմինը, որն իրականացնում է գրավ դրված գույքի գրանցում, պարտավոր է գրավառուին լրիվ չափով փոխհատուցել գրավ դրված գույքի մասին իրականությանը չհամապատասխանող կամ ոչ լրիվ տեղեկությունների հաղորդմամբ պատճառված վնասը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված պատասխանատվությունը պետական մարմինը կրում է նաև գրավ դրված գույքի վերաբերյալ շահագրգիռ անձանց հարցումին` իր մոտ եղած տեղեկությունները մեկ ամսվա ընթացքում հաղորդելուց խուսափելու համար:

 

ԳԼՈՒԽ VIII

 

ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 43.

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը ծագելու պահը

 

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը գրավառուն ձեռք է բերում գրավով ապահովված պարտավորության ժամկետը լրանալու պահից` բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրով սահմանված է ավելի ուշ ժամկետ:

Եթե գրավի առարկան կազմված է երկու կամ ավելի մասերից` բռնագանձում կարող է տարածվել դրանցից յուրաքանչյուրի վրա: Ընտրության իրավունքը պատկանում է գրավառուին: Միաժամանակ գրավառուն պահպանում է գրավի առարկան կազմող մյուս մասերի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը:

 

Հոդված 44.

Գրավով ապահովված պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու հետևանքները

 

Գրավով ապահովված պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարվելու դեպքում այդ անձին է անցնում նաև բավարարված պահանջն ապահովող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը:

Եթե գրավի վերաբերյալ պայմանագիրը գրանցված է եղել, ապա գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը երրորդ անձի մոտ ծագում է գրանցման մատյանում համապատասխան փոփոխություն կատարելու պահից:

 

Հոդված 45.

Գրավատու իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գործունեության դադարման (քաղաքացու մահվան) հետևանքները

 

Գրավատու իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գործունեության դադարման (քաղաքացու մահվան) դեպքերում գրավատուն ձեռք է բերում գրավ դրված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջի իրավունք` գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց անկախ:

 

Հոդված 46.

Գրավականի վրա բռնագանձում տարածելու կարգը

 

Գրավականի վրա բռնագանձումն իրականացվում է դատարանի, պետական արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռով (որոշմամբ), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` անվիճելիության կարգով, նոտարի կատարողական մակագրության հիման վրա, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Գրավականի բռնագանձման ձևով իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կատարում, բյուջեի պարտքերի մարում, սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության գծով վճարումների կատարում, գրավառուների պահանջների բավարարում` ըստ պայմանագրով որոշված հերթականության:

Գրավ դրված առարկայի իրացման դեպքում վարձակալի գույքային պահանջները բավարարվում են այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը կնքելու պահին գրավառուն գիտեր կամ պարտավոր էր իմանալ գրավի առարկայի վարձակալության պայմանագրի գոյության մասին:

 

Հոդված 47.

Չկայացած մրցութային վաճառքի (աճուրդի) հետևանքները

 

Եթե մրցութային վաճառքը (աճուրդը) հայտարարվում է չկայացած, գրավառուն իրավունք ունի գրավ դրված գույքը սկզբնական գնահատականով պահել իր մոտ:

Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքում գրավառուն իրավունք ունի բավարարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր առաջնային պահանջները:

 

Հոդված 48.

Տարադրամ հանդիսացող գրավականի իրացումը

 

Տարադրամ հանդիսացող գրավականի իրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` արտարժույթի ներքին շուկայում:

 

Հոդված 49.

Բանկի կողմից գրավականը իրացնելու առանձնահատկությունները

 

Գրավականի իրացումից ստացված միջոցների հաշվին բանկի պահանջի բավարարումն իրականացվում է առանց դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռի (որոշման), եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Եթե պայմանագրի համաձայն վարկը պետք է վերադարձվի մաս-մաս, ապա բանկը կարող է սույն հոդվածի առաջին մասում նախատեսված իր իրավունքն իրականացնել վարկի ցանկացած մասի վճարման ժամկետանցման դեպքում:

 

Հոդված 50.

Գրավառուի պատասխանատվությունը գրավի առարկան ցածր գնով իրացնելու դեպքում

 

Եթե գրավառուի մեղքով գրավի առարկան իրացվել է պայմանագրային գնից ցածր գնով, ապա գրավատուն իրավունք ունի գրավառուից պահանջելու գրավի առարկայի պայմանագրային գնի և իրացման գնի տարբերությունը:

Եթե գրավի առարկան մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով վաճառքի արդյունքում ցածր գնով է իրացվել, ապա գրավառուն պատասխանատվություն չի կրում:

 

Հոդված 51.

Գրավականի իրացումից ստացված գումարը պարտքի գումարի նկատմամբ գերազանցելու հետևանքները

 

Եթե գրավականի իրացումից ստացված գումարը (ձեռք բերված գույքի արժեքը) գերազանցում է պարտատիրոջ պահանջի չափը, գրավառուն պարտավոր է գրավատուին վերադարձնել տարբերությունը:

 

Հոդված 52.

Գրավատուի իրավունքների երաշխիքները

 

Գրավատուն մինչև գրավականի իրացման պահը իրավունք ունի ցանկացած ժամանակ կատարել գրավով ապահովված իր պարտավորությունը, ընդ որում, եթե նախատեսվում է գրավով ապահովված պարտավորության մաս-մաս կատարում, ապա գրավատուն իրավունք ունի կատարել պարտավորության ժամկետանց մասը:

Անվավեր է գրավառուի և գրավատուի միջև սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նախատեսված կարգի խախտումով կայացած համաձայնությունը:

 

Հոդված 53.

Գրավի իրավունքի դադարման հիմքերը և հետևանքները

 

Գրավի իրավունքը դադարում է`

1) գրավով ապահովված պարտավորության կատարման դեպքում.

2) գրավառուի (պարտատիրոջ) պահանջները գրավականի իրացման արդյունքում բավարարելու դեպքում.

3) գրավառուի տիրապետման տակ գտնվող գրավականի կորստի դեպքում.

4) օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետի խախտման հետևանքով պարտատիրոջ պահանջները բավարարելու անհնարինության դեպքում.

5) գրավի առարկա կազմող իրավունքի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

6) գրավի առարկա կազմող իրավունքը գրավառուին անցնելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Եթե գրավի իրավունքը դադարում է դրանով ապահովված պարտավորության կատարման (դադարման) հետևանքով, ապա գրավառուի մոտ գտնվող գրավի առարկան պետք է վերադարձվի գրավատուին:

 

ԳԼՈՒԽ IX

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 54.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցումը սույն օրենքին

 

«Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից գրավի վերաբերյալ նախկինում ընդունված օրենսդրական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 28 հունիսի 1995 թ.
ՀՕ-142