ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1789-Լ
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-377-18.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 13 Երևան |
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-377-18.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալ դիտարկումները:
Նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանադրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:
Հատկանշական է, որ պետության կողմից օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության ընձեռումը կրում է խրախուսական բնույթ:
Օրենքի առկայությունը և նշված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառումը պետության կողմից ցուցաբերված խրախուսանքի դրսևորում է, որը կոնկրետ ժամանակահատվածում ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հիմնավորվածություն:
Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերին, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի առկայության հետ:
Նախագիծը հիմնավորվում է սոսկ նրանով, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից: Մինչդեռ նախագծի հեղինակների կողմից անդրադարձ չի կատարվել նախագծի ընդունման հիմնավորվածությանն ու նպատակահարմարությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|