Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1184.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.10.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2612/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2612/02/16
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Գ. Խանդանյան

 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

մ. դՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հոկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ժիրայր Սէֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժիրայր Սէֆիլյանի ընդդեմ «Արմենիա Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն), Վահե Ղազարյանի և Նելլի Հարությունյանի` վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ժիրայր Սէֆիլյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել և «Սուր անկյուն» հաղորդաշարի առաջիկայում հեռարձակվելիք առաջին իսկ թողարկման մեջ հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հրապարակել դրանց վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատասխանը՝ 12.06.2016 թվականի 197-րդ թողարկման` նրան վերաբերող հատվածներին հավասար ժամանակամիջոցում և ձևաչափով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 11.08.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 25.01.2018 թվականի որոշմամբ Ժիրայր Սէֆիլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.08.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժիրայր Սէֆիլյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ և 10-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087.1-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավունքի բուն էությունը՝ անտեսելով, որ հրապարակայնորեն արված արտահայտությունները կատարվել են Ժիրայր Սէֆիլյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով՝ փորձելով նսեմացնել վերջինիս հեղինակությունն ու նվաստացնել նրան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի կատարել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ անտեսելով, որ գործի քննության ընթացքում հարցաքննվել են վկաներ Անդրանիկ Ներսիսյանը և Վահան Գեղամյանը, որոնք երկուսն էլ պնդել են, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ լրագրողական հետաքննության ընթացքում ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չեն ձեռնարկվել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, ավելին՝ Ժիրայր Սէֆիլյանը լսված չի եղել և նրանից չեն ճշտել իրականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և հայցը բավարարել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 12.06.2016 թվականին Ընկերության կողմից հեռարձակվել է «Սուր անկյուն» հաղորդաշարի 197-րդ թողարկումը, որի մի մասում՝ «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հաղորդմամբ՝ հետաքննությանը վերաբերող 26:25-37:10 ժամանակահատվածում և դրա մասին անոնսներում, հնչել են Ժիրայր Սէֆիլյանին վերաբերող տեղեկություններ: Մասնավորապես՝ հաղորդավար Վահե Ղազարյանը, խոսելով Կարո Քահքեջյանի և Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների մասին, այնուհետև նշում է հետևյալը. «Ցավոք այս պատմությունների կողքին կան տխուր այլ դեպքեր, որոնք մեզ, այսպես ասեմ, պարզապես սազական չեն: Օրերս լսեցի 92-ի ամռանը տեղի ունեցած դեպքի մասին, երբ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած 168 հոգանոց ջոկատը հրաման էր ստացել խլելու թշնամու տեխնիկան, որով պետք է հրետակոծվեին Մարտակերտի հյուսիսային բնակավայրերը: (...) Նռնակի պայթյունից զինվորներից մեկը զոհվում է, մեկ ուրիշը ծանր վիրավորվում, սակայն բոլորը կարծում են, թե նա նույնպես զոհվել է: Ունենալով ընդամենը երկու ձի, երկար-բարակ մտածում են, թե ում տեղափոխեն, վերջում որոշում է կայացվում, որ մեկով պետք է տեղափոխվի զոհվածը, մյուսով՝ Սէֆիլյանը: Մինչդեռ արնաշաղախ զինվորը մոտ երեք օր սողալով մի կերպ հասել է Մատաղիս: Իրոք որ, հրամանատար էլ կա, հրամանատար էլ»:

Այնուհետև լրագրող Նելլի Հարությունյանը ռեպորտաժը սկսում է Կարո Քահքեջյանի հրամանատարական սխրանքների մասին խոսելով, որից հետո նշում է հետևյալը. «Բայց եղել են նաև վերապրելու անհավանական պատմություններ: Դրանցից առնվազն մեկը, որքան էլ որ փրկվելու, ապրելու պատմություն է, կարող էր և չլինել, կարող էին չլինել նաև այն տանջանքները, որոնց միջով էր զինվորը հասնելու դեպի երկրորդ կյանք, եթե բոլոր հրամանատարները ըստ արժանվույն գիտակցեին իրենց դերը, պատասխանատվությունը և առաջին հերթին հոգային իրենց զինվորների մասին(...)»: Լրագրողը տեսանյութի ընթացքում նաև նշում է. «...Ջոկատի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը որոշել էր երկրորդ ձիու վրա ինքը բարձրանալ: Ըստ էության սա երկու իրողության մասին է վկայում. առաջին՝ որ հրամանատարի խոսքը բավականաչափ կշիռ չի ունեցել, որպեսզի երկրորդ ձիու վրա էլ թեկուզ զոհված համարվող զինվորին տեղափոխեն, կամ պարզապես նախընտրել է հոգալ սեփական կյանքի մասին: (...) Միայն իրական հրամանատարին է բնորոշ հասկանալ զինվորի արժեքը, քանի որ նա գիտի՝ ով է հող ու սահման պահողը և ում զորակցությամբ կարելի է հաղթանակի հասնել: Մենք արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ՝ թողնել ու կորցնել թեկուզ մեկ զինվոր: Մարտական ընկերներին օգնելը թե պատերազմի, թե խաղաղության գրված ու չգրված օրենք է, յուրաքանչյուր զինվորականի պարտքը՝ և՛ մարտական, և՛ բարոյական, բայց գործնականում պարտքի գիտակցումն ու բարոյականության դրսևորումները ոչ բոլորին են հատուկ՝ շարքային, թե հրամանատար»: Ռեպորտաժի վերջնամասում լրագրողը սկսում է խոսել Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների մասին:

Նշված արտահայտությունները Վահե Ղազարյանն ու Նելլի Հարությունյանը օգտագործել են 29.06.1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանում Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած հատուկ գործողության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս՝ ներկայացված փաստերը համադրելով Կարո Քահքեջյանի և Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների հետ (հատոր 1-ին,  գ.թ. 21):

2) Ժիրայր Սէֆիլյանը հերքման մասին դիմում է ներկայացրել Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 113-114), սակայն հերքում չի տրվել:

3) Վկա Անդրանիկ Ներսիսյանը նշել է, որ վերոնշյալ իրադարձության օրն իրենց ուղեկցորդները տեղեկացրել են, որ առջևում ական չկա: Խումբն առաջ է շարժվել գիշերով: Լսվել է պայթյուն, այնուհետև երկրորդը, որից հետո առջևից իրենց մոտ են բերել մոտավորապես տասը վիրավորի և մեկ զոհի: Վիրավորներից մեկը եղել է Ժիրայր Սէֆիլյանը, ով ազդրից է վիրավոր եղել, իսկ վերքը շատ խորն է եղել, անգամ մտածել են, որ վնասվել է աորտան: Արարատ Սարգսյանի [(ռեպորտաժում նշվող արնաշաղախ զինվորը)] համագյուղացի զինվորները հայտնել են, որ Արարատ Սարգսյանը զոհվել է, նրան ծածկել են թփերով, որպեսզի հետո վերադառնան և հուղարկավորեն, քանի որ իրենց գյուղն է, ծանոթ են տեղանքին: Վկան հայտնել է, որ ունեցել են երկու ձի, որոնցից մեկով տեղափոխել են զինամթերքը, իսկ մյուսով՝ զոհվածին: Ժիրայր Սէֆիլյանին սկզբում փորձել են դնել ձիու վրա, սակայն հասկացել են, որ ձիու վրա դնել հնարավոր չէ, քանի որ վերքը թույլ չէր տալիս: Իրենք ինքնաձիգներով պատգարակ են պատրաստել և տեղափոխել վիրավորներին: Երրորդ օրը, հասնելով հայկական դիրքերին, տեղեկացել են, որ Արարատ Սարգսյանը ոչ թե զոհվել էր, այլ՝ վիրավորվել, և վիրավորվելուց հետո առավոտյան արթնացել է ու տեղանքին ծանոթ լինելով, իրենցից ավելի շուտ հասել հայկական դիրքերին: Վկան միաժամանակ հայտնել է, որ Ժիրայր Սէֆիլյանի վերքն այնպիսին էր, որ վերջինս ի վիճակի չէր որոշում կայացնել:

Վկա Վահան Գեղամյանը հայտնել է, որ Ժիրայր Սէֆիլյանը ո՛չ ձի է նստել ու փախել, ո՛չ որոշել Արարատ Սարգսյանին թողնել: Ժիրայր Սէֆիլյանը ծանր վիրավորված է եղել, անգամ չի իմացել, որ Արարատ Սարգսյանն էլ է վիրավոր: Արարատ Սարգսյանին իր համագյուղացիներն են թփերով ծածկել՝ մտածելով, որ զոհված է: Վկան նաև հայտնել է, որ ականի պայթյունի ժամանակ ինքը եղել է Ժիրայր Սէֆիլյանի կողքին, ով վիրավորվելուց հետո փորձել է անգամ ինքնասպան լինել, որպեսզի բեռ չլինի իրենց համար, սակայն իրենք թույլ չեն տվել: Վկան հայտնել է, որ սկզբից փորձել են վիրավորներին ու զոհվածին տեղափոխել ձիերով, սակայն հասկացել են, որ ձիու շարժման ժամանակ վիրավորների համար ավելի դժվար է: Ուստի վիրավորներին տեղափոխել են պատգարակներով (հատոր 2-րդ, գ.թ. 37-40, դատական նիստի արձանագրություն): 

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի և Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման առանձնահատկություններին այն դեպքում, երբ հանրային անձի (մասնավորապես՝ քաղաքական գործչի) վերաբերյալ արատավորող տեղեկությունները տարածվում են լրագրողի կողմից:

 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով «հետապնդում է իրավաչափ նպատակ» պայմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ`

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա(տե´ս, Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե´ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Անդրադառնալով փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը զրպարտություն չհամարելու պայմաններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը «պայմանավորված են գերակա հանրային շահով» պայմանի կապակցությամբ հայտնել է հետևյալը.

Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ ևս մեկ իրավական խնդրի` քաղաքական խոսքին կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճին և պաշտոնատար անձանց քննադատությանը:

Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի  10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե´ս, Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58): Բացի այդ, թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի կողմից (տե´ս, Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54): Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, հետևաբար, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե´ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):

Վերոնշյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման, հետևաբար և կարծիքի ազատ արտահայտման և տեղեկություններ տարածելու իրավունքի միջամտության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն, որ քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Այդուհանդերձ նման քննադատությունն ընդունելի կարող է համարվել, եթե այն արտահայտվել է վերջիններիս գործունեության առնչությամբ և չի գերազանցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատված վերոնշյալ սահմանափակումները: Հակառակ դեպքում քաղաքական գործչի` որպես մասնավոր անձի վերաբերյալ քննադատության նկատմամբ ամբողջ ծավալով կիրառելի են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանափակումները, և հնչեցրած կարծիքը կամ տարածած տեղեկությունը որպես զրպարտություն գնահատելիս չպետք է հաշվի առնել անձի` պաշտոնատար անձ լինելու հանգամանքը:

Հետագա որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը զարգացրել է վերոգրյալ որոշմամբ իր հայտնած իրավական դիրքորոշումները: Մասնավորապես՝ Անիկ Դավթյանն ընդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը և 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 27-րդ [(2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ)] և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի արժանապատվության գործնականում ապահովման իրավական երաշխիք է:

Ամփոփելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը.

Անձի արժանապատվությունը և կարծիքի տարածման ազատությունը պետք է գտնվեն արդարացի հավասարակշռության մեջ: Բացառությամբ օրենքով սահմանված սահմանափակ դեպքերի՝ անթույլատրելի է անձի արժանապատվության ոտնահարումը՝ կարծիքի տարածման ազատության շղարշի ներքո:

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորում է այս հարցում լրագրողների գործունեությունը, ովքեր լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ ըստ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանության՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում:

Նշված դիրքորոշումը համադրելով Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալը.

Հրապարակելով որևէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Անգամ եթե լրագրողի դատողությունը հիմնվում է որևէ անձի հայտնած փաստերի վրա, ապա որպես իրավահարաբերության արհեստավարժ մասնակից՝ լրագրողը պարտավոր է առնվազն փորձել լսել տեղեկատվության հասցեատիրոջ կարծիքը, որից հետո միայն հրապարակել իր գնահատողական դատողությունը: Ընդ որում, անգամ գնահատողական դատողությունը պետք է հիմնվի բավարար փաստական կազմի վրա՝ պայմանավորված բարեխղճության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ: Հակառակ պարագայում արված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք (եթե իհարկե բավարարում է անհրաժեշտ մնացած պայմաններին):

Ինչ վերաբերում է զրպարտությանը, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ լրագրողի գործունեությունը չի կարող հետապնդել քողարկված կերպով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ նմանատիպ դեպքերում կարևորվում է օբյեկտիվ ընկալումը, այսինքն՝ այն հանգամանքը, թե արդյոք հասարակության սովորական անդամն էլ կզգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն հայցվորին, կամ էլ որ հենց նա է հանդիսացել քննադատության թիրախ:

Փաստացի տվյալներ հրապարակող լրագրողը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ թեև քաղաքական գործիչների մասով քննադատության սահմաններն ավելի լայն են, սակայն հանդուրժողականությունը վերաբերում է վերջիններիս քաղաքական գործունեության առնչությամբ տարածված տեղեկատվությանը, ընդ որում՝ ոչ բացարձակ ծավալներով: Այսինքն՝ անգամ քաղաքական գործունեության քննադատության արդյունքում հրապարակված տեղեկատվության կապակցությամբ քաղաքական գործիչներն օգտվում են պատվի և արժանապատվության պաշտպանությունից: Իսկ եթե քաղաքական գործիչը հանդես է գալիս որպես մասնավոր անձ, ապա վերջինիս վերաբերյալ քննադատության նկատմամբ ամբողջ ծավալով կիրառելի են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանափակումները, և հնչեցրած կարծիքը կամ տարածած տեղեկությունը որպես զրպարտություն գնահատելիս չպետք է հաշվի առնել անձի` պաշտոնատար անձ լինելու հանգամանքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.06.2016 թվականին Ընկերության կողմից հեռարձակվել է «Սուր անկյուն» հաղորդաշարի 197-րդ թողարկումը, որի մի մասում՝ «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հաղորդմամբ՝ հետաքննությանը վերաբերվող 26:25-37:10 հատվածում և դրա մասին անոնսներում, հնչել են Ժիրայր Սէֆիլյանին վերաբերող տեղեկություններ: Մասնավորապես՝ հաղորդավար Վահե Ղազարյանը և լրագրող Նելլի Հարությունյանը, խոսելով Կարո Քահքեջյանի և Վարդան Ստեփանյանի հերոսական արարքների մասին, հնչեցրել են հետևյալ արտահայտությունները. «Իրոք որ, հրամանատար էլ կա, հրամանատար էլ», «Միայն իրական հրամանատարին է բնորոշ հասկանալ զինվորի արժեքը», «(...) գործնականում պարտքի գիտակցումն ու բարոյականության դրսևորումները ոչ բոլորին են հատուկ՝ շարքային, թե հրամանատար»:

Գործով որպես վկա հարցաքննված Անդրանիկ Ներսիսյանը և Վահան Գեղամյանը հայտնել են, որ Ժիրայր Սէֆիլյանը չի որոշել Արարատ Սարգսյանին թողնել վիրավոր (ենթադրաբար՝ զոհված) վիճակում: Բացի այդ, հայտնել են, որ Ժիրայր Սէֆիլյանի ստացած վերքն այնպիսին էր, որ վերջինիս հնարավոր չէր նստեցնել ձիու վրա, ուստի ձիերով տեղափոխել են զինամթերքը և զոհված զինվորին:

Դատարանը հայցը մերժել է՝ մասնավորապես պատճառաբանելով, որ Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական գործիչ է և իր գործողություններին վերաբերող քննադատության նկատմամբ պետք է դրսևորի առավել հանդուրժողականություն: Բացի այդ, ներկայացված փաստացի տվյալները հիմնված են եղել այդ գործողություններին մասնակցած անձանց հայտարարությունների վրա, որոնք ևս ներկայացվել են այդ հաղորդման ընթացքում, վերաբերում են հանրային կարևորություն ունեցող հարցի, ինչպիսին տվյալ դեպքում Արցախյան գոյամարտին վերաբերող իրադարձությունն է, որն առավել կարևորվում է 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո, և դա նույնպես նշվել է հաղորդման սկզբում, իսկ լրատվության ազատության պաշտպանության ներքո է գտնվում նաև որոշակի աստիճանի չափազանցված կամ հրահրող խոսքը: Տվյալ դեպքում թողարկման ժամանակ ներկայացված փաստացի տվյալները չեն կարող համարվել զրպարտություն, իսկ դատողությունները գնահատող դատողություններ են, դրանք որևէ փաստացի տվյալ չեն պարունակում: Քննարկվող արտահայտությունները չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ դրանք ակնհայտորեն չեն գերազանցում իրավաչափության սահմանները:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի 12.06.2016 թվականի թիվ 197 թողարկման ընթացքում հայտնած տվյալները հիմնված են եղել հաղորդմանը հրավիրված և այդ գործողություններին մասնակցած և վերոնշյալ իրադարձություններին ականատես դարձած անձանց հարցազրույցների վրա, իսկ տվյալ փաստական տվյալների վերաբերյալ կատարված արտահայտությունները գնահատողական են, կրում են ընդհանրական բնույթ և վերաբերում են նման երևույթներին ընդհանրապես, իսկ գնահատողական դատողությունը կարող է ունենալ որոշակի աստիճանի չափազանցվածություն, ինչը գտնվում է լրատվության ազատության պաշտպանության ներքո:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատարանները չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված պատշաճ քննություն, մասնավորապես` հիշատակված հաղորդման ժամանակ հնչեցված՝ Ժիրայր Սէֆիլյանին վերաբերող տեղեկությունները չեն գնահատել վկաների ցուցմունքների համակցության մեջ: Դատարանը, մերժելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերաքննիչ բողոքը, ըստ էության հիմնական պատճառաբանությունը կառուցել են Ժիրայր Սէֆիլյանի՝ քաղաքական գործիչ հանդիսանալով պայմանավորված հանդուրժողականության ավելի լայն սահմանների, ինչպես նաև ռեպորտաժում հնչեցված արտահայտություններն այլ անձանց կողմից հայտնած լինելու հանգամանքի վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ դատարանները պարտավոր էին սույն գործով վիրավորանքի և զրպարտության առկայության համար անհրաժեշտ պայմանները և ըստ այդմ Ժիրայր Սէֆիլյանի պատվի և արժանապատվության պաշտպանության սահմանները գնահատել սույն որոշմամբ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ այդ թվում բացահայտելով լրագրողների վարքագծի բարեխղճությունը սույն գործով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքները գնահատելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատական ծախսերը» վերտառությամբ 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան