Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.16/91(1544) Հոդ.1184.10
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3891/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3891/02/17 
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

 Գ. Խանդանյան
   Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հոկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Միխաիլ Բաղդասարովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի ընդդեմ Միխաիլ Բաղդասարովի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը պահանջել է Միխաիլ Բաղդասարովից բռնագանձել 6.666.310,96 ԱՄՆ դոլար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 27.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Հ. Ենոքյան) 14.11.2018 թվականի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումը վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2018 թվականի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաիլ Բաղդասարովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 381-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» և 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բողոքին կից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացված միջնորդությանը և բողոքին կից ներկայացված՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2016 թվականի կատարողական թերթ տրամադրելու մասին թիվ Մ-1365 որոշմանը, ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 21.03.2016 թվականի վճռին, թիվ ԵԿԴ/0598/17/16 քաղաքացիական գործով կատարողական թերթ տրամադրելու մասին որոշմանը: Մինչդեռ նշված ապացույցներով հիմնավորվում է Միխաիլ Բաղդասարովից ընդհանուր 9.528.469,48 ԱՄՆ դոլար բռնագանձելու, վերջինիս գույքի և դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու փաստը, որը շարունակվում է մինչ օրս:

Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել անձի՝ դատարան դիմելու իրավունքի մատչելիության սահմանափակման իրավաչափությունը, չի բացահայտել ողջամիտ և հավասարակշռված կապը գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև, պատշաճ քննության առարկա չի դարձրել բողոք բերած անձի գույքային դրությունն արտացոլող ապացույցները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

2.1. Բանկի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ բողոք բերած անձի կողմից Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել հիմնավոր ապացույցներ, որոնց միջոցով Վերաքննիչ դատարանը կարող էր բավարարել վերջինիս միջնորդությունը:

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձը, վերաքննիչ բողոքի ներկայացման պահին չի ներկայացրել իր գույքային դրությունը հիմնավորող բավարար և համոզիչ փաստարկներ և դրան վերաբերող ապացույցներ, որպիսի պայմաններում միայն Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդության մերժման դեպքում կարող էր առաջանալ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված՝ դատարան դիմելու իրավունքի խախտման էական վտանգ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի, 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ  հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն`վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը 26.10.2018 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 27.09.2018 թվականի վճռի դեմ (հատոր 3-րդ, գ.թ. 5-14):  

Վերաքննիչ դատարանի 14.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, ինչպես նաև դրանում չի ներառվել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ որոշումն ստանալուց հետո վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումը վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 17):

04.12.2018 թվականին փոստային ծառայության միջոցով Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կցել  է «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 52-56, 81):

Միաժամանակ միջնորդությամբ պատճառաբանվել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2016 թվականի կատարողական թերթ տրամադրելու մասին թիվ Մ-1365 որոշմամբ տրվել է կատարողական թերթ, որով, որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել, ի թիվս այլնի, Միխաիլ Բաղդասարովին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, իսկ հետագայում՝ 22.03.2016 թվականին, հարուցվել է թիվ 01781194 կատարողական վարույթը:

Վերը նշվածի հիման վրա բողոք բերած անձը նշել է, որ չունի բավարար նյութական միջոցներ պետական տուրքը վճարելու համար և ի հիմնավորում նշվածի՝ վերաքննիչ բողոքին կցել է հետևյալ փաստաթղթերը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2016 թվականի կատարողական թերթ տրամադրելու մասին թիվ Մ-1365 որոշումը (հատոր 3-րդ, գ.թ. 57):

2. ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 22.03.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշումը (հատոր 3-րդ, գ.թ. 61):

3. ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 21.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0598/17/16 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և դրա հիման վրա տրված կատարողական թերթը(հատոր 3-րդ, գ.թ. 65-80):

Վերաքննիչ դատարանը, 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցչի միջնորդությունը, պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող բավարար և պատշաճ ապացույցներ այն մասին, որ բողոքը ներկայացվելու պահի դրությամբ իր գույքային դրությունը` պետական տուրքի վճարման գծով արտոնություններ կիրառելու հիմքեր է առաջացնում, մինչդեռ նման արտոնություններ դատարանը կարող է կիրառել միայն անձի գույքային դրության հաշվառմամբ»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքին կից ներկայացված կատարողական վարույթ հարուցելու և բողոք բերող անձի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումներին, արձանագրել է, որ «(…) դրանք գնահատում է որպես բողոք բերող անձի ներկայիս գույքային դրության վերաբերյալ ոչ բավարար ապացույցներ, նկատի ունենալով, որ դրանք կայացվել են 2016 թվականին և չեն արտացոլում (ներկայիս իրավիճակի մասին տվյալները բացակայում են) բողոքը ներկայացնելու պահի դրությամբ բողոք բերող անձի գույքային դրությունը» (հատոր 3-րդ, գ.թ. 82): 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես, սույն գործում առկա՝ Դատարանի 25.01.2016 թվականի կատարողական թերթ տրամադրելու մասին թիվ Մ-1365 որոշմամբ որոշվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել և հայցագնի՝ 9.528.468,48 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 8.300.000,0 ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Միկա Լիմիթեդ» ընկերությանը, «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ին, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին և Միխաիլ Բաղդասարովին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա՝ բացառությամբ գրավադրված գույքի: Վերոգրյալի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ և ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 22.03.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշմամբ որոշվել է հայցագնի չափով արգելանք դնել միայն «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պատկանող գույքի և դրամական միջոցների վրա՝ բացառությամբ գրավադրված գույքի:

Վերը նշված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանի որոշմամբ որոշվել էր արգելանք դնել նաև վերաքննիչ բողոք բերած անձի գույքի և դրամական միջոցների վրա, այնուամենայնիվ կատարողական վարույթում որպես հայցի ապահովում՝ արգելանքը փաստացի դրվել էր միայն «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, մինչդեռ սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձը Միխաիլ Բաղդասարովն է, որի գույքի և դրամական միջոցների վրա սույն գործում առկա կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու որոշմամբ որևէ արգելանք չի կիրառվել:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոք բերած անձի կողմից որպես իր գույքային դրության անբավարար լինելու փաստը հավաստող՝ ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 21.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0598/17/16 քաղաքացիական գործով կայացրած վճռին և դրա հիման վրա տրված կատարողական թերթի առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ վճռով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Միկա Լիմիթեդ» ընկերության, «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի և Միխաիլ Բաղդասարովի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, և վճռվել է համապատասխան գումարի պարտավորության կատարման համար բռնագանձումը տարածել, ի թիվս այլնի, նաև 3.19-րդ կետով նշված՝ Միխաիլ Բաղդասարովին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վերը նշված վճիռը փաստացի կատարվել է, և բավարարված գումարի մասով համապատասխան չափով բռնագանձում է տարածվել նաև Միխաիլ Բաղդասարովի գույքի և դրամական միջոցների վրա (գույքային դրության անբավարար լինելու փաստը հիմնավորելու համար կարևոր է ոչ միայն այդ փաստը հավաստող ապացույցի առկայությունը, այլև վերաքննիչ բողոք բերած անձի գույքի և դրամական միջոցների չափը, 3.19-րդ կետի հիման վրա կիրառվող բռնագանձման հստակ չափը):

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի, 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետով սահմանված արտոնությունը դատարանից հայցելու համար միայն վերը նշված վճռի և դրա հիման վրա տրված կատարողական թերթի առկայությունը բավարար չէ հաստատված համարելու, որ Միխաիլ Բաղդասարովը բողոքը ներկայացնելու պահի դրությամբ չուներ բավարար դրամական միջոցներ պետական տուրքը վճարելու համար:

Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից սույն գործում առկա պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը կայացվել են 2016 թվականի դրությամբ, մինչդեռ վերաքննիչ բողոքը կրկին բերվել է 04.12.2018 թվականին, որպիսի պայմաններում այդ փաստաթղթերը, հիմք ընդունելով նաև վերը նշված հիմնավորումները, չեն կարող գնահատվել որպես պետական տուրքի գծով համապատասխան արտոնությունը հիմնավորող ապացույցներ:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» Միխաիլ Բաղդասարովի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է հիմնավոր դատական ակտ, քանի որ ըստ էության վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի վերացվել նույն դատարանի 14.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված խախտումը, իսկ ներկայացված միջնորդությանը կցված փաստաթղթերով չի հիմնավորվել վերաքննիչ բողոքի ներկայացման պահին Միխաիլ Բաղդասարովի նյութական միջոցների ոչ բավարար լինելը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնությունը կիրառելու համար:

 

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում  են վերը նշված պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան