Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1494
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540).1 Հոդ.1157.5
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 դեկտեմբերի 2019 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում:

Վարկային համաձայնագիրն ունի երկու առդիր և հավելված:

 

2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով տրամադրում է քառասունհինգ միլիոն ութ հարյուր հազար (45,800,000) եվրո գումարի չափով վարկ (Վարկ), որը ժամանակ առ ժամանակ կարող է փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով:

Բանկը վերոհիշյալ ֆինանսավորումը տրամադրում է, ի թիվս այլնի, հետևյալ հիմքերով՝

- գործողություններ, որոնք Վարկառուն արդեն իսկ ձեռնարկել է Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում, որոնք նկարագրված են Վարկային համաձայնագրի 1-ին առդիրի 1-ին բաժնի Ա կետում,

- Վարկառուի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան շրջանակի հաստատումը:

Ըստ սույն գործում առկա նյութերի՝ Վարկի միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել սկզբնավճար, որը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25 տոկոս),

բ) վճարել պարտավճար, որը հավասար է Վարկի չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25 տոկոս),

գ) Վարկի մայր գումարի վճարները կատարել Վարկային համաձայնագրի 2-րդ առդիրով սահմանված ժամկետներում և հերթական մարման մասնաբաժիններով,

դ) Բանկի պահանջով Վարկային համաձայնագրով սահմանված կարգով ապահովել աուդիտ իրականացնելը և ներկայացնել հաշվետվություն:

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ և դրա հետ կապված Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1494

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան