ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» մարտի 1994թ. Հ.Ն-1017-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատը (այսուհետ` «Վերահսկիչ պալատ») Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանրապետական մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավարությամբ և հաշվետու է նրան:
Հոդված 2. Վերահսկիչ պալատն իր գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից և կառավարությունից անկախ մարմին է:
Հոդված 3. Վերահսկիչ պալատն իր աշխատանքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով, ինչպես նաև` իր կանոնադրությամբ:
Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը: Վերահսկիչ պալատն իրավաբանական անձ է, որն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերմամբ կլոր կնիք:
Գ Լ Ո Ւ Խ 2
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ
Հոդված 4. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում`
1) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված պետական բյուջեի կատարման, մասնավորապես` պետական բյուջեի եկամուտների ժամանակին և լրիվ մուտքի, բյուջեի միջոցների, պետական արտաբյուջետային ֆոնդերի նպատակային և արդյունավետ օգտագործման, պետական իշխանության և կառավարման մարմինների պահպանման ծախսերի նկատմամբ.
2) վերահսկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և դրանց մարմինների կողմից պետական բյուջեի կատարման ընթացքը.
3) վերահսկում է պետական բյուջեի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների կողմից իրականացվող ինվեստիցիոն գործունեությունը.
4) ստուգում է պետական ծրագրերի և պետական պատվերների կատարման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և արդյունավետությունը.
5) վերահսկում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների կողմից պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը.
6) ֆինանսական վերահսկողություն է իրականացնում պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններում, նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում բյուջետային հատկացումների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ, այդ նպատակով ստուգում է դրանց դրամական փաստաթղթերը, հաշվապահական գրքերը, հաշվետվությունները, պլանները, նախահաշիվները և ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ մյուս փաստաթղթերը, դրամական գումարների, արժեթղթերի, նյութական արժեքների առկայությունը և դրանց ծախսման ճշտությունը.
7) վերահսկողություն է իրականացնում դրամական էմիսիայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից վարկային և արժութային միջոցների օգտագործման նկատմամբ.
8) վերլուծում է պետական բյուջեի հոդվածների, պետական ծրագրերի հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ֆինանսատնտեսական հիմնավորվածությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին տալիս համապատասխան եզրակացություն.
9) ստուգում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պետական բյուջեի վճարահաշվարկային կատարման վիճակը, դրամավարկային հարաբերությունների և էմիսիայի կարգավորման հարցերը, վերահսկում է վճարային հաշվեկշիռը.
10) իր կողմից կատարված ստուգումների, վերաստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ընդունում է որոշումներ` առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին, Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, դատաքննչական մարմիններին, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից), որոնք քննության են առնվում օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) ստուգումներ և վերստուգումներ անցկացնելիս դրամական միջոցների և նյութական արժեքների հափշտակման փաստեր, այլ չարաշահումներ հայտնաբերելու դեպքերում դրանց վերաբերյալ նյութերը հանձնում է իրավապահ մարմիններին.
12) իր իրավասության սահմաններում քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները:
Հոդված 5. Ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելիս պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատի աշխատակիցների պահանջով, վերջիններիս իրավասության սահմաններում, պարտավոր են` հաշվետվություններ ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, բացատրություններ տալ քննարկվող հարցերի կապակցությամբ, ինչպես նաև աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:
Հիշյալ պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք կեղծ տեղեկություններ հաղորդելու, Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերում` պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 6. Վերահսկիչ պալատն իր գործունեության ապահովման համար, իր իրավասության սահմաններում, անհրաժեշտ տեղեկություններ է ստանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, պետական իշխանության և կառավարման մյուս մարմիններից:
Նշված մարմինների պաշտոնատար անձինք փաստաթղթեր թաքցնելու, Վերահսկիչ պալատին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. Վերահսկիչ պալատը ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներն ամփոփում է իր նիստերում և ընդունում համապատասխան որոշումներ:
Հոդված 8. Վերահսկիչ պալատի իրավասությանը ենթակա հարցերի քննարկմանը պալատի նախագահի հրավերով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:
Հոդված 9. Վերահսկիչ պալատը տարեկան առնվազն մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` իր նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ, տեղեկություններ է հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը:
Հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 10. Վերահսկիչ պալատի աշխատանքը ղեկավարում է Վերահսկիչ պալատի նախագահը, նրա առաջին տեղակալը և տեղակալը:
Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով պալատում ստեղծվում են համապատասխան բաժիններ:
Հոդված 11. Վերահսկիչ պալատի կառուցվածքը, աշխատողների սահմանային թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ:
Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ծախսերի նախահաշվով:
Հոդված 12. Վերահսկիչ պալատի նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացմամբ` փակ, գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով: Թեկնածուն համարվում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրված, եթե նրա օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան նրանց ընդհանուր թվի մեկ երրորդը:
Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:
Հոդված 13. Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ունենա տնտեսագիտական կամ իրավաբանական բարձրագույն կրթություն և պետական մարմինների տնտեսական կառուցվածքներում ղեկավար աշխատանքի ոչ պակաս, քան 5 տարվա փորձ:
Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել պատգամավորների որևէ խորհրդի պատգամավոր:
Հոդված 14. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ինչպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախաձեռնությամբ, այնպես էլ Վերահսկիչ պալատի նախագահի խնդրանքով` նրա հիվանդության դեպքում, ինչպես նաև այնպիսի հանգամանքների բերումով, որոնք անհնար են դարձնում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան նրանց ընդհանուր թվի մեկ երրորդը:
Հոդված 15. Վերահսկիչ պալատի նախագահը`
1) ղեկավարում է պալատի գործունեությունը և կազմակերպում նրա աշխատանքը.
2) ապահովում է օրինականության պահպանումը վերահսկողություն իրականացնելիս.
3) պալատը ներկայացնում է պետական մարմիններում.
4) հրավիրում է խորհրդակցություններ և պալատի նիստեր.
5) եզրակացություն է ներկայացնում ընթացիկ բյուջետային տարում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության առթիվ.
6) հաստատում է կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ.
7) հսկողություն է կազմակերպում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությունների կատարման նկատմամբ.
8) հաստատում է Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու մեթոդական հրահանգները.
9) հրամաններ և կարգադրություններ է արձակում պալատի աշխատանքների կազմակերպման, պալատի աշխատողների նշանակման և ազատման վերաբերյալ.
10) պատասխանատվություն է կրում պալատի գործունեության համար:
Հոդված 16. Վերահսկիչ պալատի նախագահը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:
Հոդված 17. Վերահսկիչ պալատի նախագահի բացակայության կամ վերջինիս կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում, նրա պարտականությունները կատարում է պալատի նախագահի առաջին տեղակալը կամ տեղակալը:
Հոդված 18. Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը իրենց պաշտոններում նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ` Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ, իսկ պալատի մյուս աշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատակազմի ստորաբաժանումները Վերահսկիչ պալատի գործունեությանը ցույց են տալիս կազմակերպական, տեխնիկական և այլ աջակցություն:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 2Օ. Աշխատանքի պլանավորման և կազմակերպման, վերահսկողության գործունեության մեթոդաբանական հարցերի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացվող հաշվետվությունների և հաղորդումների քննարկման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է:
Հոդված 21. Վերահսկիչ պալատի խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են Վերահսկիչ պալատի նախագահը, նրա առաջին տեղակալը, տեղակալը և բաժինների վարիչները:
Հոդված 22. Վերահսկիչ պալատի խորհրդի գործունեությունը կարգավորվում է Վերահսկիչ պալատի կանոնադրությամբ:
Հոդված 23. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Նիստերին նախագահում է պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի առաջին տեղակալը կամ տեղակալը:
Խորհրդի աշխատանքին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 24. Վերահսկիչ պալատը ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելիս համագործակցում է պետական իշխանության և կառավարման համապատասխան մարմինների հետ:
Այդ աշխատանքները կոորդինացնելու նպատակով ներգրավվում են վերահսկողական այլ մարմինների ներկայացուցիչներ` Վերահսկիչ պալատում կազմակերպելով ստուգման արդյունքների հետագա համատեղ քննարկում:
Հոդված 25. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում համագործակցում է իրավապահ մարմինների հետ:
Հոդված 26. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում անհրաժեշտության դեպքում, կարող է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, այլ ֆինանսավարկային կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և պետական այլ մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից պահանջել փաստաթղթեր` վերջիններիս կողմից բյուջետային միջոցների օգտագործման ուղղությամբ ավելի վաղ կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահերը: Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում պալատի կողմից կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները խեղաթյուրելու, ստուգվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների առևտրային, ինչպես նաև պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակելու համար:
Ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարման ընթացքում, մինչև Վերահսկիչ պալատի կողմից համապատասխան որոշման ընդունումը, պալատի աշխատողներին, պաշտոնատար այլ անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ հրապարակել:
Հայաստանի Հանրապետության |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.1996, ՀՕ-65 | 30.06.1996, ՀՕ-94 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|