ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/2308/02/15 Դատավորներ՝
Քաղաքացիական գործ
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ա. Խառատյան
Ս. Թորոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. հակոբյան ս. Միքայելյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
2019 թվականի սեպտեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի հայցի ընդդեմ Ընկերության՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի` համաձայնագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` Ընկերությունից բռնագանձել 3.510.000 ՀՀ դրամ` որպես ավել վճարված վարձավճարի գումար, ինչպես նաև 3.672.000 ՀՀ դրամ՝ որպես Ընկերության փոխարեն իր կողմից վճարված կոմունալ վճարների գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վավեր ճանաչել իր և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 24.08.2009 թվականի տարածքի մասի վարձակալության պայմանագրում վարձավճարի փոփոխման վերաբերյալ իր և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 2012 թվականի հունիսին կնքված համաձայնագիրը։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2018 թվականի որոշմամբ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 31.10.2017 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի բռնագանձվել է 3.510.000 ՀՀ դրամ` որպես ավել վճարված վարձավճարի գումար, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ, 303-րդ, 304-րդ և 426-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 53-րդ, 220-րդ և 220.1-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, որ հակընդդեմ հայցով հայցվորը չի ապացուցել այն հանգամանքը, որ Ընկերությունը` որպես վարձատու, ձեռնարկել է վարձավճարի ավելացման համաձայնության գրավոր ձևակերպմանը և նոտարական վավերացմանն ուղղված, ողջամտորեն իրենից կախված միջոցները, իսկ մյուս կողմը խուսափել է խնդրո առարկա գործարքի նոտարական վավերացումից: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանն ինչպես Դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում երբևէ չի վիճարկել իր կողմից գործարքի նոտարական վավերացումից խուսափելու հանգամանքը, հաշվի չի առել այն, որ Ընկերությունն իր հաշվետվություններում ամբողջությամբ ներառել է վարձավճարի գումարները և վճարել է դրանցից գոյացող բոլոր հարկերը, ինչպես նաև այն, որ հակընդդեմ հայցով հայցվորը շարունակել է տիրապետել վարձակալության հանձնված գույքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ որպես գործարքի անվավերության հետևանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի և Ընկերության միջև առաջացել է գործարքով ստացվածը դրամով վերադարձնելու միատեսակ հանդիպակաց պարտավորություն, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածի հիմքով պարտավորությունն ամբողջությամբ պետք է համարվեր դադարած։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.02.2018 թվականի որոշումը` «Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 30.10.2017 թվականի վճիռը, Ընկերության հակընդդեմ հայցը բավարարել` վավեր ճանաչել 24.08.2009 թվականի տարածքի մասի վարձակալության պայմանագրի վարձավճարի փոփոխման վերաբերյալ Ընկերության և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 2012 թվականի հունիս ամսին կնքված համաձայնագիրը»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի 142-րդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը (հատոր 7-րդ, գ.թ. 117, 118).
2) Ընկերության և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 24.08.2009 թվականին կնքվել է Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի 142-րդ հասցեում գտնվող տարածքի մասը վարձակալության տալու մասին պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 7-10).
3) Պայմանագրի 3.1 կետի համաձայն` վարձավճարի չափը կազմում է ամսական 1.250.000 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը: Պայմանագրով սահմանված վարձավճարի չափը կարող է փոփոխվել, եթե 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը 370 ՀՀ դրամից նվազի կամ ավելանա 30 ՀՀ դրամով, որի վերաբերյալ կողմերը պետք է կնքեն լրացուցիչ համաձայնագիր (հատոր 1-ին, գ.թ. 7-10).
4) Ընկերության և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 31.08.2009 թվականին կնքվել է Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր, որի համաձայն՝ Պայմանագրի 2.2.4 կետը սահմանվել է հետևյալ կերպ Վարձակալը պարտավոր է վճարել միայն հեռախոսի վճարումները: Վարձատուն պարտավոր է վճարել կոմունալ բոլոր վճարումները, այդ թվում՝ հոսանքի, ջրի, գազի և հեռախոսի վճարները և գույքահարկը (բացի հեռախոսավճարից) (հատոր 1-ին, գ.թ. 11).
5) Պայմանագրի 6.1 կետով նախատեսվել է, որ այն կնքվում է հինգ տարի ժամկետով` մինչև 24.08.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 7-10).
6) Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո` 06.09.2014 թվականին Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը` ներկայությամբ Գագիկ Սիմոնյանի, Արա և Արտակ Հակոբյանների, կազմել է արձանագրություն այն մասին, որ Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի 142-րդ տարածքում Ընկերության տնօրեն Սմբատ Հարությունյանին է հանձնել նույն տարածքի բանալիները և տարածքը, սակայն վերջինս հրաժարվել է այն ընդունել, և արագ հեռանալով ասել է, որ «(…) տարածքը, բանալիներն էլ ձեզ լինի» (հատոր 1-ին, գ.թ. 12).
7) 01.04.2013, 01.05.2013, 01.06.2013, 01.07.2013, 01.08.2013, 01.09.2013, 01.10.2013, 01.11.2013, 01.12.2013, 01.01.2014, 08.01.2014, 01.02.2014, 01.04.2014, 01.05.2014, 01.06.2014, 02.06.2014 և 01.07.2014 թվականների վճարային փաստաթղթերի համաձայն` Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը Ընկերությանը վճարել է 1.380.000 ՀՀ դրամ` որպես վարձավճար (հատոր 1-ին, գ.թ. 48-67).
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի և Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) գործարքը վավեր ճանաչելու առանձնահատկություններին,
2) վարձակալության պայմանագրի պայմանի փոփոխության վերաբերյալ համաձայնության անվավերության դեպքում գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը վերադարձնելու առանձնահատկություններին:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:
ՀՀ սահմանադրական դատարանը, 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշմամբ անդրադառնալով գրավոր գործարքները նոտարական վավերացման ենթարկելու օրենսդրության պահանջին, արձանագրել է, որ գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝
ա) գրավոր ձևով գործարքի կնքումը և դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը,
բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը և ազատ կամաարտահայտությունը,
գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև կողմերի իրական մտադրությանը:
Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ, յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.
- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,
- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,
- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,
- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը): Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն:
Ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված՝ գործարքը վավեր ճանաչելու մասին կարելի է խոսել միայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում, որոնք միասին անհրաժեշտ են և բավարար, որպեսզի անգամ օրենսդրական պահանջի խախտման, այսինքն՝ նոտարական վավերացման բացակայության պայմաններում գործարքը դատական կարգով ճանաչվի վավեր:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք): Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:
Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գործարքն անվավեր է դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք), այդպիսի գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսել է ընդհանուր կանոն գործարքի անվավերության հետևանքների վերաբերյալ, այն է` կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է բացառություն այն դեպքերի համար, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է: Նման դեպքերում կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Որպես բացառություն` օրենսդիրն ինքնին նախատեսել է գույքից օգտվելը, այսինքն` կողմը, որն անվավերությանը նախորդող ժամանակահատվածում օգտվել է գույքից, որպես գույքից օգտվելը բնեղենով վերադարձնելու անհնարինություն՝ պարտավոր է հատուցել գույքից օգտվելու արժեքը: Փաստորեն, գույքի օգտագործման պայմանագրերի դեպքում «գործարքով ստացածը» հասկացությունը ենթակա է ավելի լայն մեկնաբանման: Նման մեկնաբանության պայմաններում «գործարքով ստացածը» նշանակում է ոչ միայն գործարքով ստացված գույքը բնեղենով, այլ նաև գույքի օգտագործման ողջ գործընթացը ներառյալ, հակառակ դեպքում՝ նշված հասկացությանը տրված ոչ համապատասխան մեկնաբանումը կարող է խեղաթյուրել իրավական նորմի բուն էությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք: Վարձակալության պայմանագրի դեպքում վարձակալի ստացածը դրսևորվում է վարձակալության պայմանագրով վարձատուի կողմից տրամադրված գույքից օգտվելով, որի վերադարձը ևս չի կարող արտահայտվել բնեղենով: Հետևաբար վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում գույքն օգտագործողի կողմից գործարքով ստացածը վերադարձնելն անհնար է, քանի որ վարձակալության դեպքում գույքը հանձնվում է օգտագործման, ուստի գործարքով ստացածը դրսևորվում է գույքից օգտվելով: Այսինքն՝ վարձակալության դեպքում վարձակալը փաստացի օգտվում է պայմանագրի առարկա հանդիսացող գույքից, և անվավերության հետևանքներ կիրառելիս վերջինս պարտավոր է սեփականատիրոջը հատուցել այդ գույքի օգտագործման արժեքը:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարձակալության պայմանագրի անվավերության հետևանքների կիրառումն ունի հետևյալ առանձնահատկությունները`
1. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը դրսևորվում է գույքի օգտագործմամբ, հետևաբար՝ այն բնեղենով վերադարձնելն անհնար է,
2. վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձակալը պարտավոր է սեփականատիրոջը հատուցել գույքից օգտվելու արժեքը,
3. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը՝ գույքից օգտվելու արժեքը, որոշվում է տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով (տե՛ս, «Ալմաքար» ՍՊԸ-ն ընդդեմ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2917/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստորեն այն դեպքում, երբ հաստատվում է վարձակալության պայմանագրի անվավերությունը, կիրառման են ենթակա գործարքի անվավերության հետևանքները՝ հաշվի առնելով վարձակալության պայմանագրով ստացվածը վերադարձնելու առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նմանատիպ դիրքորոշումը կիրառելի է նաև վարձակալության պայմանագրի պայմանի փոփոխության վերաբերյալ համաձայնության, մասնավորապես՝ վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխության նկատմամբ: Այսինքն` այն դեպքում, երբ վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի փոփոխության վերաբերյալ կողմերը կայացրել են համաձայնություն, սակայն այդ համաձայնությունն անվավեր է ճանաչվել (վիճահարույց գործարք) կամ անկախ ճանաչումից եղել է այդպիսին (առոչինչ), ապա վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ որպես այդ համաձայնության անվավերության իրավական հետևանք կողմերից յուրաքանչյուրը պետք է վերադարձնի այդ համաձայնությամբ իր ամբողջ ստացածը բնեղենով: Ընդ որում, այն դեպքում, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է, կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Այսպիսով՝ հաշվի առնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարձակալության պայմանագրի պայմանի փոփոխության վերաբերյալ համաձայնության անվավերության նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառումը պետք է իրականացվի վերը վկայակոչված իրավական դիրքորոշումներին համահունչ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի միջև 24.08.2009 թվականին կնքվել է Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի 142-րդ հասցեում գտնվող տարածքի մասը վարձակալության տալու մասին պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի համաձայն` Ընկերությունն ամսական 1.250.000 ՀՀ դրամի դիմաց Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել վերոնշյալ տարածքը: Ըստ կողմերի՝ իրենց միջև բանավոր համաձայնություն է կայացվել վարձավճարի չափի ավելացման վերաբերյալ: Համաձայն 01.04.2013, 01.05.2013, 01.06.2013, 01.07.2013, 01.08.2013, 01.09.2013, 01.10.2013, 01.11.2013, 01.12.2013, 01.01.2014, 08.01.2014, 01.02.2014, 01.04.2014, 01.05.2014, 01.06.2014, 02.06.2014 և 01.07.2014 թվականների վճարային փաստաթղթերի` Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը Ընկերությանը վճարել է 1.380.000 ՀՀ դրամ` որպես վարձավճար:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, գտել է, որ գործարքն առոչինչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը չեն պահպանել վարձավճարի փոփոխության նոտարական ձևը։ Միաժամանակ Դատարանը գտել է, որ սույն գործով կիրառելի չեն անհիմն հարստացման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսդրության նորմերը, քանի որ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը տեղյակ է եղել Ընկերությանը վարձակալության պայմանագրով սահմանված չափը գերազանցող մասով վարձավճարի վճարման պարտավորության բացակայության մասին: Հակընդդեմ հայցը մերժելով՝ Դատարանը գտել է, որ վարձատուի կողմից վարձավճարի ավելացման համաձայնության կատարման որևէ գործողության առկայություն չի հիմնավորվել, ուստի հակընդդեմ հայցը ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը, Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարելով և Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելով, գտել է, որ Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը թույլ տար հաստատված համարել այն փաստերը, որ մի կողմից Ընկերությունը վարձավճարի պայմանագրային չափը փոփոխելու վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանը և նոտարական վավերացմանն ուղղված կամահայտնություն է դրսևորել ու Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի մասնակցությամբ այդ վավերացումն ապահովելու համար ձեռնարկել է ողջամտորեն իրենից կախված միջոցները, մյուս կողմից` Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը խուսափել է խնդրո առարկա գործարքի նոտարական վավերացումից։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման համար պահանջվող բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը սույն գործով չի ապացուցվել, ինչը բացառում էր նշված նորմի կիրառմամբ հակընդդեմ հայցը բավարարելու իրավաչափ հնարավորությունը, ուստի Դատարանն իրավամբ մերժել է Ընկերության բողոքը` տվյալ մասով ճիշտ լուծելով գործը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանն առանց որևէ պատճառաբանության ձեռնպահ է մնացել առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ հայցվորի պահանջը բավարարելուց և այդ մասով հայցը մերժել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի սխալ կիրառմամբ` անտեսելով, որ հայցի իրավական հիմքում դրվել են նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառմանը վերաբերող նորմերը: Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման շրջանակներում պատասխանողից 3.510.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին հայցվորի պահանջը Դատարանի կողմից ոչ իրավաչափորեն է մերժվել:
Համադրելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքն առոչինչ համարելու դեպքում կիրառման են ենթակա անվավերության հետևանքները, իսկ անվավերության հետևանքների կիրառումը ենթադրում է ոչ այլ ինչ, քան կողմերից յուրաքանչյուրի կողմից գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու պարտավորություն: Ուստի, դատարանի կողմից գործարքի անվավերության հետևանք կիրառելու դեպքում պետք է քննարկման առարկա դարձվի վիճարկվող գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը մյուս կողմին վերադարձնելու հարցը, և համապատասխանաբար կողմերը պետք է բնեղենով վերադարձնեն այն ամենը, ինչ ստացել են գործարքով, իսկ այն դեպքում, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է, կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը հաստատել է գործարքի առոչինչ լինելու հանգամանքը՝ չանդրադառնալով անվավերության հետևանքներին, իսկ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ գործարքն առոչինչ է, որպես անվավերության հետևանք` անդրադարձել է Ընկերության կողմից Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանին վերադարձման ենթակա գույքին՝ չքննարկելով գործարքի մյուս կողմի՝ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի կողմից գործարքով ստացածը Ընկերությանը վերադարձնելու հարցը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, կիրառելով գործարքի անվավերության հետևանքները, գնահատման չի ենթարկել գործարքով մյուս կողմի, այն է՝ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի կողմից գործարքով ստացածը Ընկերությանը վերադարձնելու հարցը, ուստի եկել է սխալ եզրահանգման:
Ինչ վերաբերում է գործարքը վավեր ճանաչելուն, ապա Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերը շարադրված իրավական վերլուծությունների վրա, գտնում է, որ սույն գործով գործարքը վավեր ճանաչելն անհնարին է հետևյալ պատճառաբանությամբ. ևս մեկ անգամ ընդգծելով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների կարևորությունը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործի փաստերով չի հիմնավորվում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պայմանի՝ վարձավճարի փոփոխության վերաբերյալ գործարքի գրավոր ձևի պահպանման փաստը, քանի որ գործով չի ներկայացվել որևէ ապացույց, որը թույլ տար հաստատված համարելու Ընկերության կողմից վարձավճարի պայմանագրային չափը փոփոխելու վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանն ուղղված գործողությունների կատարումը: Անդրադառնալով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն չեն հիմնավորվել այն հանգամանքները, որ մի կողմից՝ Ընկերությունը կամահայտնություն է դրսևորել և ձեռնարկել է գործողություններ գործարքի նոտարական վավերացումն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանը գործողությամբ կամ անգործությամբ խուսափել է գործարքի նոտարական վավերացումից:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է այն վավեր ճանաչելու իրավական հնարավորությունը: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով միաժամանակ բացակայում են գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մի քանի պայմաններ, մասնավորապես՝ գործարքի գրավոր ձևի պահպանվածություն, գործարքի նոտարական վավերացմանն ուղղված գործողությունների կատարում, մյուս՝ մեղավոր կողմի խուսափելը գործարքի նոտարական վավերացումից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Ընկերությունը չէր կարող հավակնել գործարքը վավեր ճանաչելուն, որպիսի հիմնավոր եզրահանգման էլ եկել են ստորադաս դատարանները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի կողմից՝ Դատարանը, հակընդդեմ հայցը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, հակընդդեմ հայցի մերժումը հիմնավոր համարելով, հանգել են իրավաչափ եզրահանգման: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները լրիվ և բազմակողմանի քննություն չեն իրականացրել սկզբնական հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ, հետևաբար առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ վարձակալության պայմանագրի պայմանի փոփոխության վերաբերյալ համաձայնության անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրի «գործարքով ստացվածը» և դրա արժեքը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո բացահայտելու և գնահատելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ հայցի մասով, նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործը՝ հայցի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում հայցի մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մասով դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հակընդդեմ հայցի մասով բողոքաբերը վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքը նախապես վճարել է, իսկ հակընդդեմ հայցի մասով վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման,Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի մասով դատական ծախսերի հարցը անհրաժեշտ է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2018 թվականի որոշման՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և Ընկերությունից հօգուտ Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի 3.510.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին հայցը մասնակի բավարարելու մասը, և գործն ըստ հայցի Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանի ընդդեմ «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի՝ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` սահմանված ծավալով նոր քննության:
Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Հայցի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ հակընդդեմ հայցի մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Ն. Տավարացյան